Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-56
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.10.1997-06.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/10(1110) հոդ. 121, 31 մայիսի 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի առարկություններով
և առաջարկություններով
«13» մայիսի 1996 թ.

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի խնդիրները
 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների կառավարման, տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, դրանց շինարարությունը, պահպանումը, զարգացումը և օգտագործումը:

Օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների:

Բնակավայրերի փողոցների (բացառությամբ սույն օրենքի համաձայն ընդհանուր օգտագործման ճանապարհների անվանացուցակի մեջ մտցված փողոցների) կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, նորոգման, պահպանման ու ֆինանսավորման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ավտոմոբիլային ճանապարհ-համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոմոբիլային երթևեկության համար և ապահովում է նորմատիվ բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանված արագություններով ու եզրաչափերով: Ավտոմոբիլային ճանապարհի հիմնական մասերն են` օտարման շերտը, հողային պաստառը, երթևեկամասը և կողնակները:

Արհեստական կառույցներ-ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը: Դրանք են` կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և այլն:

Ճանապարհային ինժեներական շինություններ-ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և նրանցից օգտվելու պահանջները: Դրանք են` կանգառները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, մայթերը, հեծանվային ուղիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապը, լուսավորությունը և այլն:

Ճանապարհային կահավորանք-ավտոմոբիլային ճանապարհի մասերի համակարգ, որն ապահովում է երթևեկության անվտանգությունը: Դրանք են` ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ նշագծումները և այլն:

Ճանապարհային ծառայության շինություններ-ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանն ու պահպանմանը: Դրանք են` արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն:

Օտարման շերտ-երկրի մակերևույթի, ընդերքի և օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը:

Հողային պաստառ-օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկամասը` ներառյալ մայթերը, հարակից հեծանվային ուղիները և կողնակները:

Ճանապարհի պաշտպանական գոտի-ճանապարհի երկու կողմում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ:

Պատվարների և ամբարտակների վրայով անցնող հատվածներում ճանապարհի կազմի մեջ մտնում են հողային պաստառը և շահագործման ու երթևեկության ապահովման անհրաժեշտ կառույցները:

 

Հոդված 3. Ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը

 

Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են`

- ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

- ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

- ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականություն են, օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն իրենց հերթին ըստ նշանակության դասակարգվում են`

- միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհների ցանցն այլ պետությունների ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային կապերը.

- հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են մարզերի վարչական կենտրոնները և հանրապետության այլ քաղաքները հանրապետության մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ճանապարհների հետ.

- տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, մարզերի վարչական կենտրոնների, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ:

 

Հոդված 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի (այսուհետև` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը մշակում և իրականացնում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը և դրանց անվանացանկի հաշվառումը:

 

Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման և շահագործման թույլտվությունը

 

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման և շահագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը: Թույլտվության մեջ պետք է նշվեն ճանապարհի տեխնիկական ցուցանիշները, շահագործման և օգտվելու պայմանները:

 

Հոդված 6. Ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

 

Ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է` անվանում, պայմանանիշ և հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:

Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի և վերջնակետի, առանձին դեպքերում նաև` միջանկյալ կետերի անվանումներից:

Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշների` հաջորդական համարներով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը և շինարարությունը

 

Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերը մշակվում են ըստ գործող շինարարական նորմերի և հաստատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարությունը կարող է իրականացվել միայն համապատասխան նախագծերի առկայության դեպքում:

 

Հոդված 8. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ֆինանսավորման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման ֆինանսական նորմերը»:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների շինարարությունը, նորոգումը և պահպանումը ֆինանսավորվում է դրանց սեփականատերերի միջոցների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հոդված 9. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը

 

Ընդհանուր օգտագործման պետական և ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանվում է սույն օրենքով, ճանապարհային երթևեկության կանոններով և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների շահագործման և պահպանման կանոններով:

Պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանվում է պետական ճանապարհային մարմնի և համապատասխան գերատեսչության միջև կնքվող պայմանագրով, ճանապարհային երթևեկության կանոններով և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների շահագործման և պահպանման կանոններով:

Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանում են դրանց սեփականատերերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ավտոտեսչության մարմինների հետ համաձայնեցնելուց հետո:

 

Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը

 

Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`

- տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ և մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.

- հետիոտների համար` մայթերով և կողնակներով.

- հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային ուղիներով:

Ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:

Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում է`

- թրթուրավոր կամ այլ մետաղական օղեգոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը.

- երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ ու մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն թողնելը կամ թափելը.

- ոռոգման նպատակով կողային առուների օգտագործելը.

- չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.

- կողնակների վրա ապրանքներ վաճառելը:

Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:

 

Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է: Այլընտրանքների առկայության դեպքում առանձին ավտոմոբիլային ճանապարհներ կամ նրանց հատվածներ օրենքով սահմանված կարգով կարող են լինել վճարովի: Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների քաշային ու եզրաչափային ցուցանիշները գերազանցում են տվյալ ճանապարհի համար սահմանված նորմերը, դրանց երթևեկությունը կարող է լինել վճարովի: Վճարման չափը և գանձման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար օրենքով կարող է սահմանվել վճար:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներով և ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկության վարձաչափը և գանձման կարգը որոշում է նրա սեփականատերը:

(11-րդ հոդվածը լրաց. 24.09.97 ՀՕ-145)

 

Հոդված 12. Հաղորդակցումների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում

 

Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցումներով, ավտոմոբիլային ճանապարհներով ու երկաթուղագծերով, դրանց տեղադրումը և վերատեղադրումը օտարման շերտում և պաշտպանական գոտում կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պետական ճանապարհային մարմնի կամ ճանապարհի սեփականատիրոջ համաձայնությամբ: Եթե հաղորդակցումների և այլ կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է ճանապարհի վերակառուցման կամ նորոգման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունն իրականացնողի հաշվին:

Հաղորդակցումների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործման և անվտանգ երթևեկության պահանջներին:

Օտարման շերտում գտնվող հաղորդակցումները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից կատարվում են պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված պայմաններով:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից աշխատանքները կատարվում են դրանց սեփականատերերի հետ համաձայնեցված պայմաններով:

 

Հոդված 13. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական գոտիները

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաև պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի հորիզոնական չափերը որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ օդային տարածքի և ընդերքի չափերը` ելնելով տրանսպորտի երթևեկության և ճանապարհի մասերի օգտագործման ու պահպանության պահանջներից:

Պաշտպանական գոտիների չափերը և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուցվածքների նորմալ գործունեության և հիդրոլոգիական ռեժիմի ապահովմանը:

Օտարման շերտի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ պաշտպանական գոտիներինը` դրանց սեփականատերերի տնօրինության տակ:

 

Հոդված 14. Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով

 

Տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կահավորվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններով, ավտոկայաններով, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներով, ինչպես նաև գովազդի միջոցներով:

 

Հոդված 15. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար պետական ճանապարհային մարմինը հատկացված միջոցների սահմաններում իրականացնում է`

- ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքները.

- ճանապարհների կահավորումը ճանապարհային նշաններով.

- ճանապարհների նշագծումը և պարսպումը.

- ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրումը և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը:

Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և երթևեկության անվտանգությունն ապահովում են դրանց սեփականատերերը:

 

Հոդված 16. Հողերի հատկացումը ճանապարհների շինարարության, շահագործման և պահպանման նպատակով

 

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, շահագործման և պահպանման նպատակով հողերի հատկացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 17. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտողները կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 18. Ավտոմոբիլային ճանապարհներին պատճառված վնասների հատուցումը

 

Ավտոմոբիլային ճանապարհներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում իրենց կողմից պատճառված վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին հասցված վնասի փոխհատուցումը

 

Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով նրանցից օգտվողներին հասցված վնասը հատուցվում է ճանապարհների սեփականատերերի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 20. Ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված վեճերի լուծման կարգը

 

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 

Հոդված 21. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

27 մայիսի 1996 թ.

ՀՕ-56

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.12.2006, ՀՕ-240-Ն 06.01.2007, ՀՕ-56
24.09.1997, ՀՕ-145 24.10.1997, ՀՕ-56
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան