Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-43
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.05.1999-10.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) հոդ.83, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«5» մարտի 1996 թ.

 

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածին համապատասխան, երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնց աշխատանքային գործունեությունը մինչև տարիքային կենսաթոշակի համար պահանջվող տարիքի լրանալը հանգեցրել է մասնագիտական աշխատունակության մասնակի կորստի:

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի համար պահանջվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, մասնագիտական աշխատանքային ստաժի տևողությունը, տարիքը:

Սույն օրենքով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակելիս և վճարելիս կիրառվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 11, 15, 38-40, 42 և 44-54 հոդվածները:

 

Հոդված 1.

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության բնագավառները

 

Սույն օրենքը սահմանում է կրթության, մշակույթի, քաղաքացիական ավիացիայի, սպորտի բնագավառներում առանձին մասնագիտություններով աշխատող անձանց երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակների նշանակման պայմանները:

 

Հոդված 2.

Կրթության, մշակույթի բնագավառների առանձին աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները

 

Կրթության, մշակույթի բնագավառների աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են` 50 տարին լրացած և 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն կանանց, 55 տարին լրացած և 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն տղամարդկանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

ա) միջնակարգ հանրակրթական դպրոցների, գիմնազիաների, բոլոր անվանումների գիշերօթիկ դպրոցների և դպրոց-գիշերօթիկների, խուլ-համրերի, կույրերի, նյարդային և այլ հիվանդ երեխաների համար նախատեսված բոլոր տիպի դպրոցների, առողջարանային դպրոցների, մանկական առողջարաններին կից դպրոցների և ուսումնական խմբերի, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների, երաժշտական դպրոց-յոթնամյակների, երաժիշտ սաների դպրոցների, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոցների և ուսումնարանների տնօրենները, ուսուցիչները, ուսուցիչ-լոգոպեդները, դասատուները, խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ), կույրերի մանկավարժները (տիֆլոմանկավարժներ), մանկավարժ-դաստիարակները, դաստիարակ-ղեկավարները (դաստիարակներ), ավագ ջոկատավարները, ջոկատավարները, լսողական կաբինետների վարիչները և հրահանգիչները, վարիչները և ուսումնադաստիարակչական, ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալները, ուսումնական և ուսումնադաստիարակչական մասի վարիչները, հանրակրթության համակարգի մեթոդիստները, բնակշահագործման գրասենյակների մանկավարժ-կազմակերպիչները.

 բ) մանկատների, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութների, մանկական ընդունարանների և մանկական ընդունման կետերի, մանկական ընդունող բաշխիչների, լոգոպեդիկ կետերի և ստացիոնարների, դպրոց-կլինիկաների, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոցների տնօրենները, վարիչները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով (մասով) տնօրենների տեղակալները, ուսուցիչները, մանկավարժ-դաստիարակները, դաստիարակ-ղեկավարները (դաստիարակներ), խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ).

գ) տեխնիկումների և միջնակարգ մասնագիտական ուսումնական այլ հաստատությունների (մանկավարժական, բժշկական, գյուղատնտեսական և այլն), քոլեջների, աշխատանքային ռեզերվների համակարգի ուսումնական հաստատությունների, այլ տիպի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոցների և ուսումնարանների (բացի բարձրագույն ուսումնական հաստատություններից) դասատուները, մանկավարժները, տնօրենները, տնօրենների տեղակալները, գրադարանավարները, խմբագիրները և մեթոդիստները.

դ) մանկապարտեզների և միացյալ մսուր-մանկապարտեզների վարիչները, ղեկավար-դաստիարակները, դաստիարակները, մեթոդիստ-դաստիարակները, մանկապարտեզների (մանկական օջախներ և մանկական հրապարակներ) և միացյալ մսուր-մանկապարտեզների մանկավարժ-դաստիարակները, մանկավարժները, մանկավարժ-ղեկավարները, ղեկավարները, երաժշտական ղեկավարները (դաստիարակներ, երաժշտական աշխատողներ), բուժքույր-դաստիարակները.

ե) մանկական կլինիկաների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների, առողջարանների և դիսպանսերների, մսուրների, երեխայի տների, հիվանդանոցներում, առողջարաններում և գաղութներում մանկական բաժանմունքների ուսուցիչները, մանկավարժ-դաստիարակները, լոգոպեդները և խուլհամրերի մանկավարժները (սուրդոմանկավարժներ).

զ) գրադարանների, Մատենադարանի տնօրենները, փոխտնօրենները, գիտական քարտուղարները, բաժինների վարիչները, ենթաբաժինների վարիչները, մասնաճյուղերի վարիչները, գլխավոր գրադարանավարները, գլխավոր մասնագետները, առաջատար գրադարանավարները, առաջատար մասնագետները, ավագ խմբագիրները, ավագ մեթոդիստները, առաջին և երկրորդ կարգի գրադարանավարները, առաջին և երկրորդ կարգի խմբագիրները.

է) թանգարանների, Մատենադարանի էքսկուրսավարները, կրտսեր, ավագ, առաջատար, գիտաշխատողները, ֆոնդերի և ցուցանմուշների պահպանորդները, վերականգնող նկարիչները, թանգարանային հիմնական գործունեության մասնագետները, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետները, թատրոնների մանկավարժ-դաստիարակները.

ը) ֆոնդապահները` ֆոնդապահ, ավագ ֆոնդապահ, գլխավոր ֆոնդապահ, պահպանող, ավագ պահպանող.

արխիվագետները` արխիվագետ, առաջին և երկրորդ կարգի արխիվագետներ, ավագ արխիվագետ, առաջատար արխիվագետ, գլխավոր արխիվագետ, մասնագետ, առաջին և երկրորդ կարգի մասնագետներ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, դիվանապահ (արխիվարիուս), մեթոդիստ, փորձագետ-մեթոդիստ, առաջին և երկրորդ կարգի մեթոդիստներ, ավագ մեթոդիստ, առաջատար մեթոդիստ, գլխավոր մեթոդիստ, առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ, տեսուչ, ավագ տեսուչ.

հնագիրները (պալեոգրաֆ)` հնագիր, առաջին և երկրորդ կարգի հնագիրներ, ավագ հնագիր, առաջատար հնագիր, գլխավոր հնագիր, թարգմանիչ, գրադարանավար, ավագ գրադարանավար, մատենագետ (բիբլիոգրաֆ), ավագ մատենագետ.

հնագրագետները (արխեոգրաֆ)` հնագրագետ, առաջին և երկրորդ կարգի հնագրագետներ, ավագ հնագրագետ, առաջատար հնագրագետ, գլխավոր հնագրագետ, գլխավոր հնագրագետ, սրբագրիչ, առաջին և երկրորդ կարգի սրբագրիչներ, խմբագիր, առաջին և երկրորդ կարգի խմբագիրներ, ավագ խմբագիր, տեխնիկական խմբագիր.

ապարատավարները` ապարատավար, ավագ ապարատավար, համակարգչի ապարատավար, ինժեներ, ավագ ինժեներ, օպերատոր, հսկող, հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, ստուգող, տեխնիկ, վարպետ տեխնիկ, հերթապահ տեխնիկ, ավագ հերթապահ տեխնիկ, լաբորանտ, ավագ լաբորանտ, մոնտաժող, հայտածող.

երևակողները` երևակող, վարպետ երևակող, ավագ վարպետ երևակող, լաբորանտ, ավագ լաբորանտ, լուսանկարիչ.

վերականգնողները` վերականգնող, վարպետ վերականգնող, ավագ վարպետ վերականգնող, ախտահանող, լաբորանտ.

կազմարարները` կազմարար, վարպետ-կազմարար, ավագ վարպետ-կազմարար, լաբորանտ.

արխիվային վարչության, պետական արխիվի, գերատեսչական արխիվի, պետական արխիվի մասնաճյուղի, բաժինների, գրադարանների, լաբորատորիաների, արխիվային ծառայությունների կենտրոնի, արխիվ կարգավորող գրասենյակի, ընթերցասրահի, արխիվադարանի պետերը և տեղակալները, տնօրենները և փոխտնօրենները, վարիչները և տեղակալները.

թ) մանկապատանեկան դպրոցների և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների մարզիչ-մանկավարժները:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ. 05.11.96 ՀՕ-84, լրաց. 14.04.99 ՀՕ-296)

 

Հոդված 3.

Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակելու պայմանները

 

Քաղաքացիական ավիացիայի առանձին կատեգորիայի աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակներ նշանակվում են`

1. Թռիչքային և թռիչքահրահանգչական անձնակազմի անդամներին` 40 տարին լրացած և առնվազն 20 տարի ծառայած այն կանանց, 45 տարին լրացած և առնվազն 25 տարի ծառայած այն տղամարդկանց, ովքեր զբաղեցրել են հետևյալ պաշտոնները կամ զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

- օդային նավատորմի և թռչող այլ ապարատների անձնակազմի անդամները.

- թռիչքահրահանգչական անձնակազմի անդամները.

- թռիչքահրամանատարական անձնակազմի անդամները` գերատեսչությունների, վարչությունների, միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և նրանց կառուցվածքային ստորաբաժանումների թռիչքային ծառայության (թռիչքային աշխատանքի) ղեկավարները, նրանց տեղակալները, տեսուչները և այն մասնագետները, ովքեր ունեն թռիչքային գործող վկայականներ և մասնակցում են թռիչքներին` օդանավի կամ թռչող այլ ապարատի անձնակազմում.

- բոլոր անվանումների պարաշյուտիստները, փրկարարները:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն նաև վերը նշված պաշտոնները զբաղեցրած այն աշխատողները, ովքեր թռիչքային աշխատանքներից ազատվել են առողջական վիճակի պատճառով և ծառայել են` կանայք` առնվազն 15 տարի և տղամարդիկ` առնվազն 20 տարի:

2. Օդային երթևեկության կառավարումն իրականացնող ծառայությունների անձնակազմի անդամներին` 45 տարին լրացած և առնվազն 12 տարի ծառայած այն կանանց, 50 տարին լրացած և առնվազն 15 տարի ծառայած այն տղամարդկանց, ովքեր զբաղեցրել են հետևյալ պաշտոնները կամ զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

- դիսպետչերները.

- ավագ դիսպետչերները.

- դիսպետչեր-հրահանգիչները.

- դիսպետչերական կետերի պետերը.

- թռիչքների ղեկավարները.

- օդային երթևեկության կառավարման ծառայության պետերը.

- օդանավակայանների պետերը.

- օդային երթևեկության կառավարման գծով տեղակալները:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեն նաև վերը նշված պաշտոնները զբաղեցրած այն աշխատողները, ովքեր օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքներից ազատվել են առողջական վիճակի պատճառով և ծառայել են` կանայք` առնվազն 7 տարի և տղամարդիկ` առնվազն 10 տարի:

Թռիչքային և թռիչքահրահանգչային անձնակազմում ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվառվում է նաև օդային երթևեկության կառավարման աշխատանքը:

3. Ինժեներատեխնիկական անձնակազմի անդամներին` 50 տարին լրացած և առնվազն 15 տարի ծառայած այն կանանց, 55 տարին լրացած և առնվազն 20 տարի ծառայած այն տղամարդկանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

- բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկները (մեխանիկներ, մոտորիստներ և այլն).

- բոլոր անվանումների ինժեներները.

- օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետերը.

- բորտ-օպերատորները և բորտ-ուղեկցորդները:

Ինժեներատեխնիկական անձնակազմի ծառայության ժամանակաշրջանի մեջ հաշվառվում է նաև թռիչքային, թռիչքահրահանգչական և օդային երթևեկության կառավարման աշխատանքների ժամանակաշրջանը:

4. Ավիացիայի թռիչքային, ինժեներատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողների երկարամյա ծառայության ժամկետները հաշվարկվում են`

ա) մխոցային օդանավերի վրա (բացի սույն կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված թռիչքներից և աշխատանքներից) յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ծառայություն.

բ) ռեակտիվ օդանավերի, ուղղաթիռների վրա, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքները, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքային անձնակազմի պաշտոններում, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական անձնակազմի, այդ թվում` ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ծառայություն.

գ) վթարային-փրկարար (որոնող-փրկարար) ստորաբաժանումներում օդանավերի թռչող անձնակազմի մեկ տարվա աշխատանքը` որպես մեկ և կես տարվա ծառայություն.

դ) նախկին ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես`

- մեկ և կես տարվա ծառայություն, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը.

- երկու տարվա ծառայություն, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.

ե) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես`

- մեկ և կես տարվա ծառայություն, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աէրոստատներից թռչելու, 10 մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող (բարձրացնող) հարմարանքներից վայրէջքի (վերելքի) տարեկան նորման.

- երկու տարվա ծառայություն, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռիչքի տարեկան նորման:

Սույն կետի «դ» և «ե» ենթակետերին համապատասխան ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանների չկատարման դեպքում մեկ տարվա աշխատանքը հաշվարկվում է որպես մեկ տարվա ծառայություն:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ծառայության ժամկետները հաշվարկվում են թռիչքային անձնակազմի պաշտոններում աշխատանքի ամբողջ ժամանակամիջոցի փաստացի թռիչքային ժամերը համապատասխանաբար 20-ի և 12-ի վրա բաժանելու միջոցով: Ծառայության տարեկան հաշվարկը կատարվում է ծառայության լրիվ ամիսների թիվը 12-ի վրա բաժանելու միջոցով:

Տարվա ընթացքում սույն կետում նշված տարբեր աշխատանքների կատարման դեպքում երկարամյա ծառայության ժամկետը հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատանքում թռիչքային ժամերի (զբաղվածության) համամասնական չափերով:

Թռիչքային անձնակազմի երկարամյա ծառայության ժամկետների մեջ հաշվի են առնվում`

- զինված ուժերի թռիչքային անձնակազմի պաշտոններում ծառայելու և թռիչքափորձարկման անձնակազմի պաշտոններում աշխատելու ժամանակը.

- այլ պետությունների քաղաքացիական ավիացիայի թռիչքային անձնակազմի պաշտոններում աշխատած ժամանակը` համապատասխան տեսակի թռիչքային աշխատանքների համար սույն կետով սահմանված կարգով, պայմանով, որ կատարվել են ապահովագրական վճարումները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ.

- երեխաների խնամքի համար կանանց տրվող վճարովի արձակուրդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:

Ինժեներատեխնիկական անձնակազմի և օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողների երկարամյա ծառայության ստաժի մեջ հաշվարկվում է ավիացիայի թռիչքային անձնակազմում կատարած աշխատանքը` սույն կետով նախատեսված կարգով, ըստ համապատասխան աշխատանքի տեսակի:

 

Հոդված 4.

Թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների (ձեռնարկությունների) առանձին կատեգորիայի դերասաններին (արտիստներին) երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները

 

Թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների (ձեռնարկությունների) առանձին կատեգորիայի դերասաններին (արտիստներին) երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են`

ա) 45 տարին լրացած և 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն անձանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

բալետի պարողները, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասանները, արվեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասանները, կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկները, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկները, մոտոհեծանվաֆիգուրիստները, ակրոբատները, էկվիլիբրիստները, ըմբիշները, ուժային աճպարարները, հեծյալ ակրոբատները, լարախաղացները, վայրի գազաններ վարժեցնողները, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասանները, կրկեսային համարներ կատարող ծաղրածուները, կասկադյորները.

բ) 50 տարին լրացած և 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն անձանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական-դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասանները, համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստները, ինչպես նաև երաժշտական թատրոնների նվագախմբերում, սիմֆոնիկ նվագախմբերում փողային գործիքներ նվագողները, տիկնիկային թատրոնների տիկնիկներ խաղացնող դերասանները.

գ) 55 տարին լրացած և 25 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող այն անձանց, ովքեր զբաղվել են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակներով`

համերգային կազմակերպությունների, երաժշտական էստրադային նվագախմբերի փողային գործիքներ նվագող դերասանները, երգչախմբային կոլեկտիվների բարձր կատեգորիա ունեցող մենակատար դերասանները, ծաղրածուները:

 

Հոդված 5.

Առանձին կատեգորիայի մարզիկների երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանները
 

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակվում են 45 տարին լրացած այն մարզիկներին, ովքեր 5 տարի եղել են օլիմպիական մարզաձևերի Հայաստանի Հանրապետության մեծահասակների հավաքական թիմերի անդամներ և ունեն սպորտի վարպետի կոչում կամ եղել են օլիմպիական խաղերի, շախմատի աշխարհի օլիմպիադայի մասնակիցներ կամ աշխարհի, Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ-ի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների մեծահասակների մրցանակակիրներ, գավաթակիրներ:

 

Հոդված 6.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և կիրառվում է 1996 թվականի հունվարի 1-ից:

2. Օրենքի կիրառման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշմամբ հաստատված թիվ 2-7 հավելվածները:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

4 ապրիլի 1996 թ.

ՀՕ-43

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2002, ՀՕ-519-Ն 10.04.2003, ՀՕ-43
14.04.1999, ՀՕ-296 06.05.1999, ՀՕ-43
05.11.1996, ՀՕ-84 05.11.1996, ՀՕ-43
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան