Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 209-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.05.2022-05.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.03/23(406) Հոդ.364
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.08.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011421

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2011 թ.

թիվ 209-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն)

 

Հաշվի առնելով ավտոմատ ինքնասպասարկող սարքերով մատուցվող ծառայությունների ոլորտի ընդլայնման դրական միտումը, այդ սարքերից օգտվող՝ օրեցօր ավելացող սպառողների թիվը և այդ տեսանկյունից սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ դրանցում մշտապես կանխիկ դրամի առկայության հանգամանքներում առավել կարևորվում են այդ սարքերի անվտանգությանն ու հուսալիությանն ուղղված պահանջների սահմանումը,

նպատակ ունենալով կանոնակարգել ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով իրականացվող ֆինանսական գործառնությունները և սահմանել այդ սարքերի տեղադրման և սպասարկման համար այլ անհրաժեշտ պահանջները,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, ինչպես նաև 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

(1-ին կետը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի ««Ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման նվազագույն պայմանները» հաստատելու մասին» թիվ 321-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված ավտոմատ գանձման սարքերի (բանկոմատների) շահագործման անվտանգության պայմանները ապահովելու վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի մասին» թիվ 11 արձանագրային որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 209-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն)

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման և շահագործման կարգը, դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման և հաճախորդների շահերի պաշտպանությանն ուղղված պահանջները, ինչպես նաև ավտոմատ ինքնասպասարկող սարքերի անվտանգության ու հուսալիության հետ կապված կանոնները:

2. Սույն կարգով սահմանված պահանջները չեն տարածվում այն ավտոմատ ինքնասպասարկող սարքերի վրա, որոնց միջոցով հնարավոր չէ իրականացնել սույն կարգի Հավելված 1-ով սահմանված ֆինանսական գործառնությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ՝ ՖԳԻԱՍ)՝ գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումը առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի միջամտության, բացառությամբ էլեկտրոնային գանձապահի, որը շահագործվում է միայն ֆինանսական կազմակերպության գանձապահի կողմից,

2) հաճախորդ՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտվում է կամ կարող է օգտվել ֆինանսական կազմակերպության կողմից ՖԳԻԱՍ-ների միջոցով մատուցվող ծառայություններից,

3) հաճախորդի հաշիվ` օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական կազմակերպության և հաճախորդի միջև համաձայնեցված պայմանների համաձայն բացված բանկային և (կամ) հաշվառման հաշիվ,

4) վճարում` ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ վճարողի (ՖԳԻԱՍ-ի միջոցով մատուցվող ծառայության համար փոխանցումը նախաձեռնող անձի) կողմից շահառուին (փոխանցվող գումարի վերջնական հասցեատիրոջը) ուղղված վճարում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք կամ մատուցվում է ծառայություն կամ կատարվում է աշխատանք, կամ վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե (այդ թվում նաև՝ վճարում էլեկտրոնային փողով),

5) փոխանցում՝ դրամական միջոցների փոխանցում, որի դիմաց փոխանցողին չի տրամադրվում գույք կամ գույքային իրավունք, չի կատարվում աշխատանք, չի մատուցվում ծառայություն (այդ թվում նաև՝ էլեկտրոնային փողի փոխանցում, էլեկտրոնային փողի մարում բանկային հաշվին փոխանցելու միջոցով),

6) ֆինանսական գործառնություն՝ սույն կարգի Հավելված 1-ով սահմանված գործառնություններ,

7) բանկի գլխամասի (մասնաճյուղի) աշխատանքային ժամեր՝ բանկի գլխամասի և (կամ) մասնաճյուղի գործունեության այն ժամանակահատվածը, երբ վերջինիս տարածքում բանկի աշխատակիցն իրականացնում է հաճախորդների սպասարկում` համաձայն բանկի ներքին ընթացակարգերի,

8) ինկասացիա՝ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինկասացիոն գործունեություն,

9) ինկասացիոն կազմակերպություն՝ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպություն,

10) լիցքավորում և (կամ) լիցքաթափում՝ ՖԳԻԱՍ դրամական միջոցների մուտքագրումը և (կամ) դրամական միջոցների ելքագրումը,

11) վճարային գործիք՝ ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության,

12) ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպություն՝ ֆինանսական կազմակերպություն, որը սեփականության կամ վարձակալության իրավունքով շահագործում է տվյալ ՖԳԻԱՍ-ը՝ հաճախորդների համար ֆինանսական ծառայությունների մատուցման նպատակով,

13) Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ՝ ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության,

14) Վերաշրջանառության մոդուլ (cash recycling module)՝ տեխնիկածրագրային միջոց, որը կանխիկի ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ներին թույլ է տալիս վերադարձնել ընդունված կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամը՝ սույն կարգով սահմանված պահանջների ապահովման դեպքում,

15) Պահատուփերի անվտանգության համակարգ՝ ՖԳԻԱՍ-ի բնականոն գործունեությանը չարտոնված միջամտումը կանխելու և անվտանգությունը ապահովելու նպատակով սարքավորման մեջ տեղադրված կանխիկ դրամի պահպանման, պահատուփերում հատուկ ներկերի կիրառման միջոց,

16) Ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից բանկային կամ վճարահաշվարկային գործունեության լիցենզիա ստացած անձինք,

17) Տեսանկարահանման համակարգի ինքնաշխատ (off-line) ռեժիմ՝ տեսանկարահանման ռեժիմ, որը գործարկվում է ՖԳԻԱՍ-ին մոտենալու և (կամ) գործարք իրականացնելու պահից,

18) Տեսանկարահանման համակարգի անընդմեջ (on-line) ռեժիմ՝ առանց ընդհատումների տեսանկարահանման ռեժիմ:

 

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. ՖԳԻԱՍ-ները, ըստ տեսակի դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) էլեկտրոնային գանձապահ (automated teller safe)՝ ավտոմատացված մեքենա, որը նախատեսված է ֆինանսական կազմակերպության տարածքում դրա գանձապահի կողմից շահագործման՝ կանխիկի մուտքագրման ավտոմատացման, իսկ վերաշրջանառության մոդուլի առկայության դեպքում նաև ընդունված դրամի ավտոմատ տրամադրման համար,

2) արժույթի փոխանակման մեքենա (currency exchange machine)՝ ավտոմատացված մեքենա, որն ապահովում է կանխիկ արժույթի փոխարկումը կանխիկ այլ արժույթով կամ խոշոր անվանական արժեքով թղթադրամի փոխանակումը նույն արժույթի ավելի մանր անվանական արժեք ունեցող թղթադրամներով և (կամ) մետաղադրամներով,

3) վճարումների ընդունման տերմինալ (payment terminal)՝ ավտոմատացված մեքենա, որն ապահովում է որոշակի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը և (կամ) հաճախորդների հաշիվների համալրումը կանխիկ դրամով,

4) ավտոմատ գանձման մեքենա (automated teller machine-ATM)՝ ավտոմատացված մեքենա (այսուհետ՝ բանկոմատ), որը կարող է իրականացնել ֆինանսական գործառնություններ՝ օգտագործելով վճարային գործիքներ և (կամ) նույնականացնող այլ միջոցներ: Այս խմբին են դասվում նաև ստացականով կանխիկի տրամադրման սարքերը (scrip cash dispenser), ինչպես նաև կանխիկի տրամադրման սարքերը (cash dispenser), որոնք տրամադրում են կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամ` վճարային քարտերի կիրառմամբ,

5) բանկային ավտոմատացված մեքենա (automated banking kiosk)՝ ավտոմատացված մեքենա, բացառապես բանկի տարածքում (բանկի գլխամաս (մասնաճյուղ)) տեղադրված բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարք, որը կարող է շուրջօրյա իրականացնել կանխիկ և (կամ) անկանխիկ ֆինանսական գործառնություններ, օգտագործելով վճարային գործիքներ և (կամ) նույնականացնող այլ միջոցներ՝ փոխարինելով բանկի դրամարկղային հանգույցը:

5. Բանկի գլխամասի կամ մասնաճյուղի տարածքից դուրս (այդ թվում՝ միջպատային) տեղադրված բանկային ավտոմատացված մեքենան դասակարգվում է որպես բանկոմատ և կարող է իրականացնել միայն բանկոմատի կողմից իրականացվող գործառնությունները: Բանկի գլխամասի կամ մասնաճյուղի տարածքում տեղադրված բանկոմատները չեն կարող դասակարգվել որպես բանկային ավտոմատացված մեքենա և իրականացնել այդ սարքավորման համար սահմանված թույլատրելի գործառնություններ:

6. ՖԳԻԱՍ-ի տեխնիկական սպասարկումը կարող է իրականացվել ֆինանսական կազմակերպության կողմից՝ ինքնուրույն կամ տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպության աշխատակցի կողմից՝ կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Տեխնիկական սպասարկման իրականացման ընթացակարգը պետք է սահմանված լինի ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով:

7. ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով պետք է սահմանված լինեն ՖԳԻԱՍ-ի ամբողջականության, այդ թվում՝ զեղծարարությունների նպատակով տեղադրված սարքավորումների և այլ իրերի հայտնաբերման և տեխնիկական ստուգման ընթացակարգերը։ Ֆինանսական կազմակերպությունը պետք է իրականացնի ՖԳԻԱՍ-ի ամբողջականության և տեխնիկական ստուգում՝ առնվազն երկու ամիսը մեկ անգամ, եթե այդ ժամանակահատվածում ՖԳԻԱՍ-ի լիցքավորման (լիցքաթափման) գործընթաց չի իրականացվել:

8. ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գործառնությունների մասով կիրառվող սահմանափակումները, այդ թվում՝ ՖԳԻԱՍ-ի տեղադրման, սպասարկման, շահագործման և (կամ) անվտանգության պահանջները սահմանվում են սույն կարգի Հավելված 2-ով և Հավելված 3-ով:

9. Լրացուցիչ ծրագրատեխնիկական մոդուլների տեղադրման արդյունքում ՖԳԻԱՍ-ների միջոցով մատուցվող ծառայությունները կարող են ընդլայնվել կամ արդիականացվել (օրինակ՝ վերաշրջանառության (Cash recycling module) մոդուլ)՝ պահպանելով սույն կարգի պահանջները:

10. ՖԳԻԱՍ-ի միջոցով սույն կարգի Հավելված 1-ում և Հավելված 3-ում չնկարագրված նոր Ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար, ֆինանսական կազմակերպությունը պետք է դիմի Կենտրոնական բանկ՝ գործառնությունը իրականացնելու համաձայնություն ստանալու նպատակով: Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է դիմումը և որոշում կայացնում համաձայնություն տրամադրելու կամ համաձայնություն տրամադրելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ նշված ժամկետը կասեցնելու մասին ֆինանսական կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում նոր գործառնություններ իրականացնելու համաձայնությունը համարվում է ստացված:

11. Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել ՖԳԻԱՍ-ների և դրանց միջոցով մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև կարող է սահմանափակել ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող գործառնությունները, եթե.

1) չեն ապահովվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները՝ ՖԳԻԱՍ-ների միջոցով կատարված գործարքների նույնականացումը իրականացնելու համար,

2) չեն պահպանվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործարքների նկատմամբ սահմանված պահանջները:

Սույն կարգի Հավելված 3-ով սահմանված ֆինանսական գործառնությունների սահմանաչափերի հետ մեկտեղ, ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպությունը ռիսկային գործառնությունների գծով լրացուցիչ սահմանաչափեր կիրառելու դեպքում, պետք է իր ներքին իրավական ակտերով սահմանի այդ գործառնությունների սահմանաչափերի վերաբերյալ տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

12. Անվտանգության և հուսալիության կանոնները ուղղված են ՖԳԻԱՍ-ների անխափան աշխատանքին և հնարավոր կորուստների և (կամ) զեղծարարությունների սահմանափակմանը և կանխմանը, գործարքի կատարման ժամանակ հաճախորդների ֆիզիկական անվտանգության, հաճախորդի անձնական տվյալների և ֆինանսական հաղորդագրությունների գաղտնիության և ամբողջականության ապահովմանը, ինչպես նաև սարքավորումը վնասվելուց և կանխիկ դրամական միջոցները հափշտակելուց պաշտպանությանը:

13. Սույն կարգի 14-րդ կետի 1-5-րդ ենթակետերով, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով սահմանված անվտանգության և հուսալիության կանոնները և Հավելված 2-ի պահանջները տարածվում են նաև «էլեկտրոնային գանձապահ» սարքավորման վրա, եթե վերջինս հագեցած է վերաշրջանառության մոդուլով:

14. Ֆինանսական կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ի անվտանգությունը և հուսալիությունը ապահովելու համար՝

1) ձեռնարկում է համապատասխան միջոցներ կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման և դրանցով կատարվող գործարքների կասեցման ուղղությամբ,

2) սահմանում է ՖԳԻԱՍ-ների միջոցով կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման հետ կապված ընթացակարգեր, միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 9) սահմանված կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների ընդունման բացառման, ինչպես նաև հնամաշ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման և ՖԳԻԱՍ-ի միջոցով վերջիններիս տրամադրման բացառման ուղղությամբ: Վճարունակ, սակայն հնամաշ ճանաչված թղթադրամները և մետաղադրամները կարող են ընդունվել ՖԳԻԱՍ-ների կողմից, սակայն չեն կարող օգտագործվել վերաշրջանառության (cash recycling) մոդուլի կողմից, այսինքն՝ ՖԳԻԱՍ-ը պետք է օժտված լինի հատուկ դրամատուփով, որտեղ պետք է առանձնացվեն հնամաշ թղթադրամները և մետաղադրամները, որով կբացառվի վերջինիս տրամադրումը հաճախորդներին: ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված և հնամաշ դասակարգված թղթադրամները և մետաղադրամները ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության կողմից պետք է առանձնացվեն և ներկայացվեն Կենտրոնական բանկ՝ համաձայն Կանոնակարգ 9-ի,

3) կանխիկ արտարժույթի ընդունման դեպքում ՖԳԻԱՍ-ը ապահովում է թողարկողի կողմից սահմանված տվյալ արժույթի թղթադրամների և մետաղադրամների վճարունակության և հնամաշության հատկանիշների ստուգումը,

4) ապահովում է իր կողմից շահագործվող ՖԳԻԱՍ-ների միջոցով նոր թղթադրամների (մետաղադրամների) և (կամ) նոր անվանական արժեքներով թղթադրամների (մետաղադրամների) ընդունումը: ՖԳԻԱՍ-ի վրա կամ վերջինիս էկրանին պետք է փակցվի (ներկայացվի) տեղեկատվություն՝ ՖԳԻԱՍ-ի միջոցով սպասարկվող դրամանիշերի անվանական արժեքների վերաբերյալ,

5) ապահովում է անխափան էլեկտրասնուցում, առնվազն ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարքն ավարտին հասցնելու նպատակով՝ համաձայն սույն կարգի Հավելված 2-ի պահանջների,

6) ապահովում է ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարքի կատարման անընդհատությունը՝ պահպանելով սույն կարգի Հավելված 2-ի պահանջները,

7) ապահովում է Պահատուփերի անվտանգության համակարգի առկայությունը իր կողմից տեղադրված ՖԳԻԱՍ-ի համար՝ համաձայն սույն կարգի Հավելված 2-ի պահանջների,

8) արդիականացնում է շահագործման մեջ գտնվող ՖԳԻԱՍ-ի ապարատածրագրային համակարգերը՝ համապատասխանեցնելով դրանք ոլորտում առկա անվտանգության և տեխնիկածրագրային նորագույն պահանջներին,

9) իրական ժամանակում ապահովում է իր կողմից տեղադրված ՖԳԻԱՍ-ի մոնիթորինգի իրականացում՝ ուղղված առկա տեխնիկական խնդիրների (օրինակ՝ էլեկտրասնուցման խափանում, ծրագրային և այլ տեխնիկական թերություններ) բացահայտմանը և հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց վերացմանը,

10) նոր բանկոմատ տեղադրելու որոշում կայացնելու վերաբերյալ նախապես տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

15. ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված կանխիկ դրամը չի կարող կիրառվել այլ կամ տվյալ ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ դրամի տրամադրման գործարքներում, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկի կողմից տվյալ թղթադրամի վճարունակության հատկանիշների համապատասխանության ստուգում անցնելը (կեղծ, անվճարունակ, հնամաշ թղթադրամները և մետաղադրամները հայտնաբերելու նպատակով), բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով սահմանված դեպքի:

16. Կանխիկի ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության թղթադրամները և մետաղադրամները կարող են վերաշրջանառվել՝ ՖԳԻԱՍ-ում վերաշրջանառության մոդուլի և հետևյալ ստուգումների ապահովման պարագայում՝

1) թղթադրամների վճարունակության հետևյալ նվազագույն պահանջների ստուգում՝

ա. թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,

բ. ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,

գ. ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,

դ. մագնիսականություն,

2) մետաղադրամների վճարունակության հետևյալ նվազագույն պահանջների ստուգում`

ա. մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,

բ. համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն):

17. Կանխիկ դրամի ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ները պետք է ապահովեն շրջանառության մեջ գտնվող համապատասխան արժույթների թղթադրամների (մետաղադրամների) մասով վճարունակության նվազագույն պահանջների ստուգման մեխանիզմների առկայություն՝ առնվազն սույն կարգի 16-րդ կետի համաձայն:

18. ՖԳԻԱՍ-ի ծրագրային ապահովման նոր տարբերակը և (կամ) ցանկացած թարմացումները պետք է ներդրվեն միայն դրանց հաջող փորձարկումներից հետո: Ծրագրային ապահովման նոր տարբերակը և (կամ) կամայական թարմացումները պետք է փորձարկվեն (թեստավորվեն) Կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 5-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգի» համաձայն:

19. ՖԳԻԱՍ-ի միջոցով վճարային քարտերի սպասարկումը կարող է իրականացվել միայն տվյալ վճարային քարտերի համակարգի կանոններով ՖԳԻԱՍ-ի համար սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում: ՖԳԻԱՍ-ի համար սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում տվյալ քարտային համակարգի պատկերանշանը փակցվում է ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում` հաճախորդի համար տեսանելի մասում, որից հետո միայն կարող է կատարվել տվյալ համակարգի քարտերի սպասարկում:

20. Այն դեպքում, երբ հաճախորդը ՖԳԻԱՍ-ով կարող է սպասարկվել նոր տեխնոլոգիաների (առանց շփման տեխնոլոգիա (NFC technology), QR կոդերի ընթերցում, բիոմետրիկ նույնականացում և այլն) կիրառմամբ, ապա ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում` հաճախորդի համար տեսանելի մասում, պետք է փակցված լինի համապատասխան տեխնոլոգիայի տարբերանշանը:

21. ՖԳԻԱՍ-ը, բացառությամբ սույն կարգի Հավելված 2-ով սահմանված դեպքերի, պետք է ապահովված լինի ինքնաշխատ կամ անընդմեջ ռեժիմներում աշխատող տեսանկարահանման համակարգով: Տեսախցիկը պետք է տեղադրված լինի այնպես, որ առնվազն տեսանկարահանվի ՖԳԻԱՍ-ին մոտեցած ցանկացած անձը՝ նրա դեմքը և գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաև՝ ՖԳԻԱՍ-ից գումարը վերցնելու և ՖԳԻԱՍ գումար մուտքագրելու պահը` ապահովելով Հավելված 2-ով սահմանված՝ տեսանկարահանված նյութերի պատշաճ որակ: Տեսախցիկը կարող է տեղադրվել ՖԳԻԱՍ-ի մեջ կամ ՖԳԻԱՍ-ի հարակից պատին, կամ նրանից որոշակի հեռավորության վրա (օրինակ՝ շինության պատի կամ առաստաղի վրա):

22. Տեսանկարահանման համակարգի պահանջը համարվում է ապահովված նաև, եթե ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ը տեղադրել է այլ անձին պատկանող կամ վերջինիս կողմից հատկացված տարածքում (այսուհետ՝ Այլ անձի տարածք) և ունի տվյալ անձի հետ կնքված գործող պայմանագիր, համաձայն որի՝ վերջինս պարտավորվել է ապահովել տեսանկարահանումը և ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության առաջին իսկ պահանջի դեպքում վերջինիս տրամադրել այդ տեսանկարահանումները՝ բավարարելով սույն կարգի 21-րդ կետով սահմանված տեսանկարահանման անհրաժեշտ պահանջները: Տեսանկարահանված նյութերի որակի, պահպանման և հասանելիության համար պատասխանատվությունը կրում է ֆինանսական կազմակերպությունը:

23. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված տեսանկարահանումը պետք է իրականացվի այնպես, որ տեսանկարահանված նյութերից հնարավոր չլինի բացահայտել հաճախորդի կողմից մուտքագրվող գաղտնաբառը (ՊԻՆ կոդը):

24. ՖԳԻԱՍ-ի միջոցով բոլոր տեսանկարահանված նյութերի, այդ թվում նաև՝ տեսանկարահանված տեսակադրերի վրա պետք է նշվեն հետևյալ տվյալները.

1) ամսաթիվը (օր, ամիս, տարի),

2) ժամանակը (ժամ, րոպե, ընդ որում, ՖԳԻԱՍ-ի և տեղային ժամանակների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 5 րոպեն),

3) ՖԳԻԱՍ-ի տեղադրման վայրը (հասցեն),

4) ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպության անվանումը կամ ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչ համարը (ոչ պարտադիր Այլ անձի տարածքում կատարված տեսանկարահանումների համար):

25. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվում է վճարային քարտերի և քարտի վրա հիմնված էլեկտրոնային փողերի սպասարկում, ապա խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելման նպատակով ՖԳԻԱՍ-ը պետք է հագեցած լինի`

1) գաղտնաբառի (Պին կոդի) մուտքագրման ստեղնաշարի պաշտպանիչ ծածկույթով (pin pad cover),

2) գործող հակասքիմմինգային սարքավորմամբ (anti skimming device) կամ հակասքիմմինգային ծրագրով:

Տեղադրված սարքավորումները չպետք է խոչընդոտեն հաճախորդի կողմից իրականացվող գործարքին:

26. ՖԳԻԱՍ-ները պետք է ապահովված լինեն շուրջօրյա գործող անվտանգության ահազանգման համակարգով, որը պետք է միացված լինի ոստիկանությանը կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Շուրջօրյա գործող անվտանգության ահազանգման համակարգը համարվում է ապահովված, եթե ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ը տեղադրել է Այլ անձի տարածքում և վերջինիս հետ կնքված գործող պայմանագրի համաձայն տվյալ անձը պարտավորվել է ապահովել ՖԳԻԱՍ-ի շուրջօրյա անվտանգությունը: Պայմանագրով պետք է սահմանվի, որ ՖԳԻԱՍ-ը Այլ անձի տարածքում տեղադրելու դեպքում, տվյալ տարածքի սեփականատեր հանդիսացող կամ այլ օրինական հիմքով տիրապետող անձի անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանությանը կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված անվտանգության ահազանգման համակարգի առկայության պահանջը չի տարածվում այն ՖԳԻԱՍ-ների վրա, որոնք ապահովագրված են Բանկերս Բլանկետ Բոնդ (Bankers-Blanket-Bond (այսուհետ՝ BBB)) ապահովագրության պայմանագրով, կամ, որը տեղադրված է այնպիսի վայրում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացվում է պետական պահպանություն, որը համարժեք է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության ահազանգման համակարգի պահանջներին: Ապահովագրությունը պետք է ընդգրկի ֆինանսական կազմակերպության տարածքում և վերջինիս տարածքից դուրս գտնվող ՖԳԻԱՍ-ում առկա գումարի ապահովագրությունն ամբողջությամբ՝ առնվազն հետևյալ ռիսկերի գծով.

1) ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության, այդ թվում՝ կեղծ դրամանիշեր (թղթադրամներ և մետաղադրամներ) և վճարային գործիքներով իրացնելու կամ կեղծ պայմանագրեր ներկայացնելու հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) ֆինանսական կազմակերպության գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպության տարածքում կամ վերջինիս տարածքից դուրս գտնվող կամ փոխադրվող կանխիկ դրամի, արժեթղթերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

Ընդ որում, «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

 - Ստանդարտ և Փուրզ՝ «A-» կամ

 - Մուդիզ՝ «A3» կամ

 - Ա. Մ. Բեստ՝ «A-» կամ

 - Ֆիտչ՝ «A-»-ից:

28. Սույն կարգով սահմանված Պահատուփերի անվտանգության համակարգի առկայության պահանջը բավարարելու նպատակով ՖԳԻԱՍ-ը շահագործող Ֆինանսական կազմակերպությունը, Պահատուփերի անվտանգության համակարգի շահագործումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ Կենտրոնական բանկ է ներկայացնում Պահատուփերի անվտանգության համակարգում կիրառվող հատուկ ներկերի մակնիշների, հատուկ պահատուփերի և հատուկ ներկերի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև կիրառվող հատուկ ներկերի նմուշները:

 

ԳԼՈՒԽ 5. ՖԳԻԱՍ-Ի ԻՆԿԱՍԱՑԻԱ, ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

 

29. ՖԳԻԱՍ-ի լիցքավորումը և (կամ) լիցքաթափումը, այդ թվում՝ վճարային գործիքների դուրսբերումը, կարող է իրականացվել ֆինանսական կազմակերպության և (կամ) ինկասացիոն կազմակերպության աշխատակիցների (այսուհետ՝ Պատասխանատու աշխատակից) կողմից՝ կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ ՖԳԻԱՍ-ի լիցքավորումը և (կամ) լիցքաթափման, այդ թվում՝ վճարային գործիքների դուրսբերման ընթացակարգը պետք է սահմանված լինի ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով: Ֆինանսական կազմակերպության կողմից շահագործվող ՖԳԻԱՍ-ի լիցքավորումը և (կամ) լիցքաթափումը, այդ թվում՝ վճարային գործիքների դուրսբերումը, կարող է կատարվել միայն ինկասացիոն կազմակերպության Պատասխանատու աշխատակցի կողմից, եթե շահագործվող ՖԳԻԱՍ-ը ապահովագրված է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով։

30. Յուրաքանչյուր լիցքավորման և (կամ) լիցքաթափման գործընթացի ժամանակ Պատասխանատու աշխատակիցների կողմից իրականացվում է ՖԳԻԱՍ-ի ամբողջականության ստուգում՝ կազմելով համապատասխան ստուգման ակտ, այդ թվում՝ զեղծարարությունների նպատակով տեղադրված օտար սարքավորումների և այլ իրերի հայտնաբերման ու դրանց հեռացման նպատակով:

31. Սույն կարգի 29-րդ կետում նշված Պատասխանատու աշխատակիցները պատասխանատվություն են կրում ֆինանսական կազմակերպության կողմից իրենց տրամադրված ՖԳԻԱՍ-ի դռան և վերջինիս դրամապահոցի բացման բանալիների համար: Միևնույն Պատասխանատու աշխատակիցը չի կարող տիրապետել երկու բանալիներին միաժամանակ, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ՖԳԻԱՍ-ների: Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի տեխնիկական սպասարկումը իրականացվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպության աշխատակցի կողմից, ապա ՖԳԻԱՍ-ի դռան բանալիի համար պատասխանատվությունը կրում է տեխնիկական սպասարկումը իրականացնող մասնագիտացված կազմակերպության աշխատակիցը:

32. ՖԳԻԱՍ-ի դրամապահոցի թվային բանալին պետք է պահվի փակ և կնքված ծրարով ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության դրամապահոցում և (կամ) չհրկիզվող պահարանում: Թվային բանալին ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության կողմից պետք է փոփոխվի առնվազն 18 ամիսը մեկ, ինչպես նաև Պատասխանատու աշխատակցի իրավասությունների դադարեցման դեպքում: Թվային բանալին փոփոխելուց հետո այն տրամադրվում է Պատասխանատու աշխատակցին՝ ընդունման-հանձնման ակտ կազմելու միջոցով:

33. ՖԳԻԱՍ-ի լիցքավորման և (կամ) լիցքաթափման համար նախատեսված դրամական միջոցների ինկասացիան պետք է իրականացվի Կանոնակարգ 9-ի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» Կանոնակարգ 17/09-ի պահանջների համաձայն:

34. Ֆինանսական կազմակերպությունը բանկոմատների և (կամ) բանկային ավտոմատացված մեքենաների վերալիցքավորման համար պետք է սահմանի նվազագույն մնացորդի և վերալիցքավորման առավելագույն ժամանակահատվածի հաշվարկի կարգ՝ ապահովելով Հավելված 2-ով սահմանված պահանջը: Նվազագույն մնացորդի և վերալիցքավորման առավելագույն ժամանակահատվածի հաշվարկման կարգը պետք է սահմանված լինի ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով:

35. Սույն կարգի 34-րդ կետով սահմանված նվազագույն մնացորդի և վերալիցքավորման առավելագույն ժամանակահատվածի հաշվարկման կարգը սահմանելիս հարկավոր է նաև հաշվի առնել բանկոմատների, բանկային ավտոմատացված մեքենաների միջոցով գումարի կանխիկացման ծավալների վրա ազդող այնպիսի գործոնների առկայությունը, ինչպիսիք են աշխատավարձերի վճարման օրերը, նախատոնական օրերը և այլն: Ֆինանսական կազմակերպության ոչ աշխատանքային օրերին (ժամերին) բանկոմատների և (կամ) բանկային ավտոմատացված մեքենաների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ֆինանսական կազմակերպությունը պետք է իրականացնի բանկոմատների, բանկային ավտոմատացված մեքենաների մնացորդների մոնիտորինգ՝ ապահովելով բանկոմատների, բանկային ավտոմատացված մեքենաների համար հաշվարկված առավելագույն գումարի չափով լիցքավորումը:

36. Ֆինանսական կազմակերպությունն առնվազն կիսամյակային կտրվածքով պետք է իրականացնի սույն կարգի 34-րդ և 35-րդ կետերում նշված սահմանաչափերի վերանայում և անհրաժեշտության դեպքում իրականացնի դրանց փոփոխում:

37. Ֆինանսական կազմակերպությունը պետք է նախատեսի բանկոմատներից և (կամ) բանկային ավտոմատացված մեքենաներից՝ առկա մնացորդի սահմաններում ցանկացած հազարապատիկ գումարների ելքագրման հնարավորություն՝ ապահովելով անհրաժեշտ տեսակի դրամանիշերի առկայությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

38. Հաճախորդների շահերի պաշտպանությանն ուղղված պահանջները նպաստում են ՖԳԻԱՍ-ների միջոցով ծառայությունների մատուցման թափանցիկության և մատուցվող ծառայության վերաբերյալ իրավաբանական անձ և (կամ) անհատ ձեռնարկատեր հաճախորդների տեղեկացվածության ապահովմանը:

39. Ֆինանսական կազմակերպությունն առանց վճարային գործիքի կիրառման գործարքներում մինչև ՖԳԻԱՍ-ի միջոցով ծառայությունների մատուցումը հաճախորդին ծանոթացնում է ծառայության հիմնական պայմանների, գանձվող միջնորդավճարների, կիրառվող փոխարժեքների, կիրառվող ժամկետների և տվյալ գործարքի իրականացման համար այլ էական պայմանների հետ:

40. Ֆինանսական կազմակերպության կողմից ծառայությունը մատուցվում է միայն հաճախորդի հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալուց հետո (ՖԳԻԱՍ-ի էկրանի վրա ծառայությունը մատուցելու համաձայնության հարցմանը դրական պատասխան պարունակող ստեղնը սեղմելուց հետո):

41. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի ապարատածրագրային հնարավորությունները թույլ չեն տալիս կանխիկով վերադարձնել վճարման ենթակա գումարից ավելի մուտքագրված գումարը, ապա ՖԳԻԱՍ-ի վրա, տեսանելի հատվածում, կամ ՖԳԻԱՍ-ի էկրանին ընթեռնելի տառաչափով պետք է փակցված լինի (ներկայացվի) համապատասխան հայտարարություն: ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպությունը պետք է ունենա հաճախորդին մանրի վերադարձման նվազագույնը երկու եղանակ (օրինակ՝ մանրի վերադարձման հնարավոր եղանակներ կարող են հանդիսանալ՝ մատուցված ծառայության համար հավելավճարի ընդունումը, բջջային հեռախոսահամարի լիցքավորումը, բանկային (քարտային) հաշիվների և էլեկտրոնային փողերի հաշիվների համալրումը և այլ եղանակներ):

42. ՖԳԻԱՍ-ների վրա փակցվում է շահագործող ֆինանսական կազմակերպության անվանումը և հաճախորդների սպասարկման հեռախոսահամարը (առկայության դեպքում շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարը), որի միջոցով հաճախորդը կարող է կապվել ֆինանսական կազմակերպության համապատասխան բաժնի, ծառայության հետ՝ օգնություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով:

43. ՖԳԻԱՍ-ի միջոցով յուրաքանչյուր գործարք կատարելուց հետո հաճախորդին տրամադրվում է գործարքի կատարումը հավաստող անդորրագիր: Անդորրագիրը կարող է չտրամադրվել միայն հաճախորդի՝ անդորրագիր չստանալու վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու դեպքում: Երբ ՖԳԻԱՍ-ի միջոցով հնարավոր չէ տրամադրել անդորրագիր, նախքան ծառայությունների մատուցումը հաճախորդին պետք է տեղեկացնել անդորրագիր տրամադրելու անհնարինության մասին և վերջինիս՝ անդորրագիր չստանալու (չպահանջելու) վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու պարագայում միայն շարունակել ծառայության մատուցումը:

44. ՖԳԻԱՍ-ի միջոցով տրամադրվող անդորրագրերն առնվազն պետք է պարունակեն Կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններով» սահմանված վավերապայմանները և ՖԳԻԱՍ-ը նույնականացնող տվյալները (ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը և (կամ) տեղադրման հասցեն):

45. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ով իրականացված գործարքը հավաստող անդորրագրի վավերապայմանները սահմանված չեն Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ապա գործարքի ընթացքում ձևավորված անդորրագիրը առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները՝

1) հավաստագրումը հավաստող կոդ (առկայության դեպքում),

2) անդորրագրի կազմման ամսաթիվ, ժամ,

3) ՖԳԻԱՍ-ը նույնականացնող տվյալներ (ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը և (կամ) տեղադրման հասցեն),

4) գործարքի գումար, այդ թվում՝ արտարժույթի առուվաճառքի գործառնությունների դեպքում հաճախորդից ընդունված և հաճախորդին տրամադրված գումար,

5) գործարքի արժույթ, այդ թվում՝ արտարժույթի առուվաճառքի գործառնությունների դեպքում հաճախորդից ընդունված և հաճախորդին տրամադրված գումարի արժույթներ,

6) գործարքի տեսակ,

7) հաշվի վրա դրամական միջոցների մուտքագրման գործարքի դեպքում՝ հաշվի համար կամ վճարային քարտի համար (անվտանգության կանոններով թույլատրելի չափով):

46. Գործարքը հավաստող անդորրագիրը պետք է լինի հայատառ հայերեն, եթե հաճախորդը ցանկություն չի հայտնել անդորրագիրը ստանալ այլ լեզվով և (կամ) հաճախորդը գործարքը կատարելու համար սույն կարգի 47-րդ կետի համաձայն չի ընտրել այլ լեզու:

47. ՖԳԻԱՍ-ը պետք է ունենա առնվազն հայերեն և անգլերեն լեզուներով մենյուներ (երկու լեզուները կարող են ներկայացվել համատեղ կամ նախօրոք ընտրելով դրանցից որևէ մեկը): Այլ լեզուների ընտրության հնարավորության առկայության դեպքում՝ այդ լեզուների ընտրության առաջարկը պետք է լինի տվյալ լեզուներով և ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարք իրականացնելու ամբողջ ընթացքում ընտրված լեզուն չպետք է փոփոխվի:

48. ՖԳԻԱՍ-ների միջոցով սպասարկման հասանելիությունը տարեկան պետք է կազմի 97 տոկոս: Այն ՖԳԻԱՍ-ների համար, որոնք տեղադրված են ոչ շուրջօրյա ռեժիմով հասանելի վայրերում, 97 տոկոս հասանելիության հաշվարկը իրականացվում է հաշվի առնելով տվյալ վայրի աշխատանքային ժամանակը:

49. ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպությունը վճարային գործիքի կիրառմամբ գործարք իրականացնելուց առաջ ՖԳԻԱՍ-ի էկրանին կամ ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում՝ հաճախորդի համար տեսանելի մասում, պետք է ներկայացնի ՖԳԻԱՍ-ով գործարքի իրականացման համար իր կողմից կիրառվող միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում):

 

Հավելված 1
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի
 2011 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 209-Ն որոշման Հավելվածի

 

ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող ֆինանսական գործառնություններ

 

 

Արժույթի փոխանակման մեքենա

Վճարումների ընդունման տերմինալ

Ավտոմատ գանձման մեքենա (ԱԳՄ)

Բանկային ավտոմատացված մեքենա

1. Ֆինանսական միջնորդի միջոցով ապրանքների և(կամ) ծառայությունների դիմաց վճարումների ընդունում Հայաստանի Հանրապետության դրամով

-

+

+

+

2. Համայնքային և պետական բյուջե ուղղված վճարումների ընդունում Հայաստանի Հանրապետության դրամով

-

+

+

+

3. Բանկային (ավանդային և ընթացիկ հաշիվներ) և հաշվառման հաշիվների համալրում Հայաստանի Հանրապետության դրամով

-

+

+

+

3.1 Հայաստանյան և արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկողների հաշվառման հաշիվների համալրում և հաշիվներից ելքագրում Հայաստանի Հանրապետության դրամով և(կամ) արտարժույթով կանխիկ միջոցներով

-

-

-

-

4. Բանկային (ավանդային և ընթացիկ) հաշիվների համալրում արտարժույթով

-

-

-

-

5. Բանկային հաշվից կանխիկացում Հայաստանի Հանրապետության դրամով

-

-

+

+

6. Բանկային հաշվից կանխիկացում արտարժույթով

-

-

-

-

7. Առանց հաշիվների վարկերի մարում Հայաստանի Հանրապետության դրամով

-

+

+

+

8. Առանց հաշիվների վարկերի մարում արտարժույթով

-

-

-

-

9. Վարկի տոկոսագումարի մարում միայն Հայաստանի Հանրապետության դրամով

-

+

+

+

10. Հայաստանի Հանրապետության դրամի մուտքագրմամբ իրականացվող դրամական փոխանցումներ, այդ թվում՝ առանց հաշիվների բացման1

-

+

+

+

10.1 Դրամական միջոցների փոխանցումների հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգերով փոխանցման նախաձեռնում էլեկտրոնային փողի հաշվից, որն ենթակա է ստացման կանխիկ միջոցներով` Հայաստանում և (կամ) արտասահմանում

-

-

-

-

10.2 Դրամական միջոցների փոխանցումների հայաստանյան և (կամ) արտասահմանյան համակարգերով փոխանցման նախաձեռնում կանխիկ միջոցներով, որն ենթակա է ստացման Հայաստանյան և(կամ) արտասահմանյան էլեկտրոնային փող թողարկողների էլեկտրոնային փողի հաշիվներով:

-

-

-

-

11. Արտարժույթի մուտքագրմամբ իրականացվող դրամական փոխանցումներ, այդ թվում՝ առանց հաշիվների բացման

-

-

-

-

12. Կանխիկ արտարժույթի փոխարկում կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամի

+

-

-

+

13. Կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկում կանխիկ արտարժույթի

-

-

-

-

14. Կենտրոնական բանկի կողմից թույլատրված նոր ֆինանսական գործառնություններ

Ըստ համաձայնության

Ըստ համաձայնության

Ըստ համաձայնության

Ըստ համաձայնության

__________________________

1 Սույն Ծառայությունը կարող է մատուցվել այն դեպքում, երբ համապատասխան պրոցեսինգային ընկերությունը (համակարգի օպերատորը) թույլատրում է իրականացնել նմանատիպ գործառնություն:

(հավելվածը խմբ. 22.03.22 թիվ 49-Ն)

 Հավելված 2 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 209-Ն որոշման Հավելվածի

ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող գործարքների նկատմամբ պահանջները

 

                                   

Արժույթի փոխանակման մեքենա

Վճարումների ընդունման տերմինալ

Ավտոմատ գանձման մեքենա (բանկոմատ)

Բանկային ավտոմատացված մեքենա

Վերաշրջանառության մոդուլով հագեցված Էլեկտրոնային գանձապահ

 

 I

 II

 III

 IV

 V

 VI

 VII

1.

ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվող գործարքների վերաբերյալ պահանջներ

 

1)

Յուրաքանչյուր գործարքի համար համապատասխան անդորրագրի տրամադրման ապահովում, բացառությամբ անդորրագիրը տրամադրելու առաջարկը Հաճախորդի կողմից մերժելու դեպքի

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

Ոչ պարտադիր

2)

Գործառնությունների շուրջօրյա սպասարկման ապահովում 24/7 ռեժիմով՝ պահպանելով ՖԳԻԱՍ-ի միջոցով տարեկան ոչ պակաս, քան 97 տոկոս սպասարկման հասանելիության ապահովման պահանջը։ Միևնույն ֆինանսական կազմակերպության կողմից նույն վայրում տեղադրված երկու և ավելի ՖԳԻԱՍ-ի դեպքում՝ առնվազն մեկի կողմից շուրջօրյա սպասարկման ապահովում 24/7 ռեժիմով

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

ոչ պարտադիր

2.

Անվտանգությունը

 

1)

ՖԳԻԱՍ-ի դռան, այդ թվում նաև դրամապահոցի դռան բացման տվիչի առկայության ապահովում, բացառությամբ, երբ ապահովված են սույն կարգի 27-րդ կետով սահմանված պահանջները

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

Ոչ պարտադիր

2)

ՖԳԻԱՍ-ի շահագործման համար նախատեսված ուղեկցող սարքավորումների (ցանցային, էլեկտրասնուցման և այլ սարքերի) տեղադրում ՖԳԻԱՍ-ի ներսում կամ այլ` կողմնակի անձանցից պաշտպանված հատվածում

պարտադիր

ոչ պարտադիր

պարտադիր

պարտադիր

կիրառելի չէ

3)

ՖԳԻԱՍ-ի էկրանին արտապատկերվող՝ սպառողին նույնականացնող տվյալների (վճարային գործիքի) մուտքագրման, գաղտնիության և անտեսանելիության ապահովում կողմնակի անձանցից

ոչ պարտադիր

ոչ պարտադիր

պարտադիր

պարտադիր

կիրառելի չէ

4)

Տեսանկարահանման այնպիսի համակարգի առկայության ապահովում, որի միջոցով կնկարահանվի ՖԳԻԱՍ-ին մոտեցած, ինչպես նաև ՖԳԻԱՍ-ի օգնությամբ գործարք իրականացնող անձի դեմքը, կանխիկի մուտքագրման և (կամ) ստացման գործարքը

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

կիրառելի չէ

5)

Տեղադրված և նոր տեղադրվող ՖԳԻԱՍ-ում սույն կարգով սահմանված պահատուփերի անվտանգության համակարգի առկայության ապահովում

ոչ պարտադիր

ոչ պարտադիր

պարտադիր

ոչ պարտադիր

կիրառելի չէ

6)

Տեսանկարահանված նյութերի պահպանում առնվազն 120 օր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

Կիրառելի չէ

7)

Տեղադրվող սարքավորման տեխնիկական բնութագրիչների համապատասխանեցում տեղադրման վայրին՝ միջպատային և (կամ) դրսում տեղադրված ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարքի կատարման անընդհատության ապահովում (օրինակ՝ սարքավորման աշխատանքային ջերմաստիճանային տիրույթը -30 ˚ …+50C˚ պայմաններում աշխատունակություն)

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

Կիրառելի չէ

8)

Ինկասացիոն աշխատանքների իրականացման անվտանգության ապահովում

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

կիրառելի չէ

9)

Երեկոյան և գիշերային ժամերին
ՖԳԻԱՍ-ից օգտվողների համար սարքի տեղադրման վայրի էլեկտրական լուսավորության և լավ դիտարկելիության ապահովում

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

կիրառելի չէ

3.

Հուսալիությունը

 

1)

ՖԳԻԱՍ-ում անխափան էլեկտրասնուցման հնարավորության ապահովում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով
(օրինակ՝ UPS-ների առկայություն, միացում այլընտրանքային սնուցման աղբյուրին և այլն)

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

2)

Անվճարունակ, կեղծ և հնամաշ թղթադրամների բացահայտման, չընդունման և հաճախորդին չտրամադրման, ինչպես նաև դրանցով կատարված գործարքների կասեցման, հնարավորության ապահովում

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

պարտադիր

3)

ՖԳԻԱՍ-ի ինքնաշխատ կամ անընդմեջ ռեժիմներում աշխատող տեսադիտարկման (մոնիտորինգի) համակարգի կենտրոնացված կառավարման ապահովում՝ գլխամասային գրասենյակից կամ մասնաճյուղից

Ոչ պարտադիր

Ոչ պարտադիր

պարտադիր

պարտադիր

կիրառելի չէ

4)

ՖԳԻԱՍ-ի դիմային տեսախցիկով
տեսաձայնագրության ապահովում՝ առնվազն հետևյալ նվազագույն պահանջներին համապատասխան.
1. Տեսաձայնագրության
հորիզոնական գծայնություն՝ 400 (անալոգային) կամ 480 (թվային) տեսախցիկների պարագայում,
2. Մատրիցա՝ 1/3”
3. Օբյեկտիվ` 3.1 մ

Ոչ պարտադիր

Ոչ պարտադիր

պարտադիր

Ոչ պարտադիր

կիրառելի չէ

 Հավելված 3 
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 209-Ն որոշման Հավելվածի

Ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գործառնությունների մասով կիրառվող սահմանափակումները

 

 

Գործառնության տեսակը

Կիրառվող սահմանափակումները

Ֆինանսական կազմակերպության նկատմամբ պահանջներ

1.

Փոխանակում

1)

ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ արտարժույթի փոխանակում Հայաստանի Հանրապետության դրամի (կանխիկով)

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող բանկը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

2)

ՖԳԻԱՍ-ի միջոցով Հայաստանի Հանրապետության դրամի փոխանակում կանխիկ արտարժույթի

արգելված է՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությամբ որդեգրված սկզբունքների համաձայն

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

2.

Բանկային հաշվից կանխիկ դրամի տրամադրում, այդ թվում՝ վճարային քարտի կիրառմամբ

1)

ՖԳԻԱՍ միջոցով հաշվից Հայաստանի Հանրապետության դրամի տրամադրում

Քարտային հաշիվներից՝ ոչ ավելի, քան 500000 Հայաստանի Հանրապետության դրամ յուրաքանչյուր գործարքի համար, իսկ բանկային ավտոմատացված մեքենայի դեպքում ընթացիկ հաշիվներից կանխիկացման առավելագույն գումարը և քանակը սահմանում է սարքավորումը շահագործող բանկը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Կանխիկացման ծավալի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

2)

ՖԳԻԱՍ միջոցով հաշվից կանխիկ արտարժույթի տրամադրում

արգելված է՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությամբ որդեգրված սկզբունքների համաձայն

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

3.

Բանկային հաշվի համալրում կանխիկ դրամական միջոցներով

1)

ՖԳԻԱՍ-ի միջոցով բանկային հաշվի համալրում Հայաստանի Հանրապետության դրամով

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող ֆինանսական կազմակերպությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Ընդունվող կանխիկի ծավալի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

ա. բանկային գործունեության լիցենզիայի առկայություն, կամ
բ. վճարահաշվարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի առկայություն

2)

ՖԳԻԱՍ-ի միջոցով բանկային հաշվի համալրում արտարժույթով

արգելված է՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությամբ որդեգրված սկզբունքների համաձայն

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

4.

Կանխիկ դրամական միջոցներով ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց վճարումների ընդունում

1)

ՖԳԻԱՍ-ի միջոցով Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամով

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող ֆինանսական կազմակերպությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մեկ գործարքի առավելագույն գումարի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

ա. բանկային գործունեության լիցենզիայի առկայություն, կամ
բ. վճարահաշվարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի առկայություն

2)

ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ արտարժույթով

արգելված է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

5.

Վճարային գործիքների կիրառմամբ ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց վճարումների կատարում

1)

ՖԳԻԱՍ-ի միջոցով Հայաստանի Հանրապետության դրամով (անկանխիկ)

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող ֆինանսական կազմակերպությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մեկ գործարքի առավելագույն գումարի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

2)

ՖԳԻԱՍ-ի միջոցով արտարժույթով (անկանխիկ)

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող ֆինանսական կազմակերպությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մեկ գործարքի առավելագույն գումարի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

6.

Բանկային հաշվից փոխանցում

1)

ՖԳԻԱՍ-ի միջոցով Հայաստանի Հանրապետության դրամով (անկանխիկ)

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող բանկը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մեկ գործարքի առավելագույն գումարի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

2)

ՖԳԻԱՍ-ի միջոցով արտարժույթով (անկանխիկ)

մեկ գործարքի առավելագույն գումարը սահմանում է սարքավորումը շահագործող բանկը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
Մեկ գործարքի առավելագույն գումարի մասով կարող են կիրառվել լրացուցիչ սահմանափակումներ սարքավորումը շահագործող կամ քարտը թողարկող բանկի կողմից, ինչպես նաև քարտային համակարգի կանոններով կամ բանկային հաշվի սպասարկման պայմանագրով:

բանկային գործունեության լիցենզիայի առկայություն

(կարգը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն, 22.03.22 թիվ 49-Ն)