Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-65
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.12.2000-17.06.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996 հոդ. 150, 30 հունիսի 1996
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«29» մայիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի (այսուհետև` Վերահսկիչ պալատ) կարգավիճակը, իրավասությունը, կազմակերպական կառուցվածքը, գործունեության սկզբունքները և ձևերը:

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 1.

Վերահսկիչ պալատը

 

Վերահսկիչ պալատը ֆինանսատնտեսական վերահսկողություն իրականացնող կազմակերպություն է, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից և հաշվետու է միայն նրան:

Վերահսկիչ պալատն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք և ձևաթուղթ:

(1-ին հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 2.

Վերահսկիչ պալատի խնդիրները

 

Վերահսկիչ պալատի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնել աուդիտի արդյունքները, դրանց մասին տեղեկացնել կառավարությանը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնել եզրակացություններ`

պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,

պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,

կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք ներկայացնել նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման ընթացքի մասին.

դ) Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին, խմբերին և պատգամավորներին ցույց տալ մեթոդական և մասնագիտական օգնություն.

ե) Ազգային ժողովին մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով տեղեկանք է ներկայացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի հետ կապված վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի վերաբերյալ:

(2-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-105)

 

Հոդված 3.

Վերահսկիչ պալատի գործունեության իրավական հիմքերը

 

Վերահսկիչ պալատի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իր կանոնադրությամբ:

Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ:

 

Հոդված 4.

Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքները

 

Վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքներն են` անկախությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը:

Օրենքով արգելված միջոցներով Վերահսկիչ պալատի աշխատակցի նկատմամբ ներգործության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի գործունեությունը խոչընդոտող ցանկացած դրսևորում առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 5.

Վերահսկիչ պալատի իրավասությունը

 

Վերահսկիչ պալատն իրավասու է վերահսկողություն իրականացնել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, մասնավորապես, եկամուտների և ծախսերի հոդվածների` պետական բյուջեի եկամուտների մուտքի, պետական բյուջեի միջոցների, պետական արտաբյուջետային ֆոնդերի օգտագործման, պետական մարմինների պահպանման ծախսերի, պետական բյուջեով նախատեսված և փաստացի կատարման միջև շեղումների նկատմամբ.

բ) պետական ծրագրերի և պետական պատվերների կատարման համար ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից) պետական սեփականության, ֆինանսական միջոցների տրամադրման նկատմամբ.

գ) պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններում բյուջետային հատկացումների օգտագործման նկատմամբ.

դ) այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման և մարման նկատմամբ.

ե) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման, սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարման, սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկման, բաշխման և մարման նկատմամբ.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության, մյուս բանկերի համապատասխան փաստաթղթերի նկատմամբ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 6.

Վերահսկողության իրականացման ձևերը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է ուսումնասիրությունների և օրենքով սահմանված այլ ձևերով:

Վերահսկողությունն ընդգրկում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և կազմակերպություններից իր իրավասության շրջանակներում և կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը, ստանալը, դրանց հետ ծանոթանալը և վերլուծելը.

բ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆինանսատնտեսական փաստաթղթերի հետ տեղում ծանոթանալը և իրավիճակն արձանագրելը:

Վերահսկողության արդյունքները և դրանցից բխող առաջարկություններն ամփոփվում են համապատասխան տեղեկանքներում, արձանագրություններում և եզրակացություններում:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 10.03.99 ՀՕ-290, փոփ. 24.10.00 ՀՕ-105)

 

Հոդված 7.

Վերահսկողության ենթակա մարմինների պաշտոնատար անձանց պարտականությունները և պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում Վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ, աջակցել Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց` իրենց պարտականությունները կատարելիս:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք Վերահսկիչ պալատին կեղծ կամ ուշացումով տեղեկություններ հաղորդելու, նրա պաշտոնատար անձանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Վերահսկողության արդյունքներին ծանոթանալուց հետո, դրանց առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները մեկամսյա ժամկետում Ազգային ժողով և Վերահսկիչ պալատ պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում` բացահայտված խախտումները վերացնելու, պետությանը հասցված վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես Ազգային ժողովի նախագահն այն ուղարկում է Ազգային ժողովի հանձնաժողովներին, խմբակցություններին և խմբերին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք բացահայտված իրավախախտումները վերացնելու, պետությանը պատճառած վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ ժամանակավրեպ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահը սահմանված կարգով նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 10.03.99 ՀՕ-290, 24.10.00 ՀՕ-105)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հոդված 8.

Վերահսկիչ պալատի մարմինները

 

 

Վերահսկիչ պալատի աշխատանքները կազմակերպում և նրա գործունեությունը ղեկավարում է Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

Վերահսկիչ պալատի առջև դրված խնդիրներն իրականացնելու նպատակով ստեղծվում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման և պլանավորման, վերահսկողության մեթոդական հարցերի քննարկման, վերահսկողության արդյունքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացվող տեղեկանքների, արձանագրությունների, եզրակացությունների և հաշվետվությունների հաստատման նպատակով ստեղծվում է Վերահսկիչ պալատի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, Վերահսկիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Վերահսկիչ պալատի նախագահ, նրա տեղակալ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նրանք չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, զբաղեցնել պետական այլ պաշտոններ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

(8-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 9.

Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և այլ աշխատակիցների նշանակման կարգը

 

Վերահսկիչ պալատի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ վեց տարի ժամկետով:

Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց պաշտոններում նշանակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրամանով` Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ:

Վերահսկիչ պալատի մյուս աշխատակիցներին նշանակում է Վերահսկիչ պալատի նախագահը:

(9-րդ հոդվածը լրաց., փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 10.

Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները

 

Վերահսկիչ պալատի նախագահը`

ա) ներկայացնում է Վերահսկիչ պալատը պետական և ոչ պետական մարմինների հետ հարաբերություններում.

բ) Ազգային ժողովի նախագահին առաջարկություններ է ներկայացնում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ նշանակելու և աշխատանքից ազատելու մասին.

գ) հրամաններ է արձակում Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.

դ) գումարում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը, նախագահում է այդ նիստերը, ստորագրում է Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, Վերահսկիչ պալատի կազմած տեղեկանքները և եզրակացությունները.

ե) Ազգային ժողովին ներկայացնում է Վերահսկիչ պալատի եզրակացությունները`

պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,

պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,

կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

զ) Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացնում`

Վերահսկիչ պալատի կանոնադրությունը.

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, դրանում կատարվող փոփոխությունները և լրացումները.

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը:

Վերահսկիչ պալատի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը կարող են մասնակցել հանձնաժողովներում և Ազգային ժողովում կազմակերպվող խորհրդակցություններին և նիստերին:

Վերահսկիչ պալատի մյուս աշխատակիցները այդ նիստերին և խորհրդակցություններին կարող են մասնակցել Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հրավերով:

(10-րդ հոդվածը լրաց. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 11.

Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների դադարեցումը

 

Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`

ա) Ազգային ժողովի որոշմամբ.

բ) Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դեպքում.

գ) Վերահսկիչ պալատի նախագահի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

դ) Վերահսկիչ պալատի նախագահի ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա.

ե) Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում:

Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին դիմումը տրվում է Ազգային ժողովի նախագահի անունով: Վերջինս Ազգային ժողովի առաջիկա նիստում պատգամավորներին տեղեկացնում է Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի մասին:

Եթե Ազգային ժողովում հրաժարականը հրապարակելուց 15 օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսում, Վերահսկիչ պալատի նախագահը կրկնում է հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

Վերահսկիչ պալատի նախագահի մահվան դեպքում, ինչպես նաև նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու մասին համապատասխան տեղեկանքի, ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ ճանաչվելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա կազմվում է Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը:

(11-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 12.

Վերահսկիչ պալատի խորհրդի իրավասությունը

 

Վերահսկիչ պալատի խորհուրդը`

ա) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում և հավանություն է տալիս Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվող հետևյալ փաստաթղթերին`

Վերահսկիչ պալատի կանոնադրության նախագծին.

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին, դրանում կատարվող փոփոխությունների և լրացումների նախագծերին.

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը.

բ) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում և հաստատում է Ազգային ժողով ներկայացվող հետևյալ եզրակացությունները`

պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,

պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,

կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.

գ) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում և հաստատում է`

Ազգային ժողովի պատգամավորներին տրամադրվող կիսամյակային տեղեկանքները` պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի կատարման ընթացքի մասին.

Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարման վերաբերյալ մեթոդական հրահանգները:

Վերահսկիչ պալատի խորհուրդն իրավասու է կատարված ուսումնասիրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովներից, խմբակցություններից և խմբերից ստացված հայտերի հիման վրա Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Ազգային ժողով:

Վերահսկիչ պալատի խորհուրդը կարող է քննարկել և որոշումներ ընդունել Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման, աշխատակիցների խրախուսման և կարգապահական տույժերի ենթարկման հարցերի վերաբերյալ:

Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը գումարվում են Վերահսկիչ պալատի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրում է Վերահսկիչ պալատի նախագահը:

Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:

Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը վարում է Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի անդամների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում Վերահսկիչ պալատի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի հրավերով` նաև կառավարության, նախարարությունների, պետական այլ մարմինների, ինչպես նաև և կազմակերպությունների ղեկավարները և այլ անձինք:

(12-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290, փոփ., լրաց. 24.10.00 ՀՕ-105)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 13.

Վերահսկիչ պալատի կանոնադրությունը

 

Վերահսկիչ պալատի կանոնադրությունը կանոնակարգում է Վերահսկիչ պալատի աշխատանքը, սահմանում է Վերահսկիչ պալատի կառուցվածքը, խորհրդի կազմը, նրա աշխատակիցների իրավունքները և պարտականությունները:

Վերահսկիչ պալատի կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

 

Հոդված 14.

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը

 

Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրն ընդգրկում է վերահսկողության բնույթը և ժամանակացույցը:

Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում Ազգային ժողովի հանձնաժողովների, խմբակցությունների և խմբերի, ինչպես նաև պատգամավորների առաջարկները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

(14-րդ հոդվածը խմբ., փոփ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)

 

Հոդված 15.

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը

 

Վերահսկիչ պալատի գործունեության արդյունքներն ամփոփվում են տարեկան հաշվետվության մեջ:

Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տարեկան հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին` բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

(15-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 16.

Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքները

 

Վերահսկիչ պալատը բյուջետային տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբում տեղեկանք է ներկայացնում Ազգային ժողովի պատգամավորներին` նախորդ կիսամյակում պետական բյուջեի կատարման ընթացքի, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի կատարման մասին:

Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման ընթացքի վերաբերյալ Վերահսկիչ պալատի կիսամյակային տեղեկանքում արտացոլվում է`

ա) փոխառության կամ վարկի օգտագործման մասին կիսամյակային տեղեկատվություն.

բ) տվյալ ժամանակահատվածի համար փոխառության կամ վարկի օգտագործման մասին տեղեկատվություն:

Կիսամյակային տեղեկանքները կազմվում են կառավարության եռամսյակային տեղեկատվության հիման վրա: Կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում Վերահսկիչ պալատ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի կատարման և դրանց ընթացքի հսկողության վերաբերյալ:

Կիսամյակային տեղեկանքները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

(16-րդ հոդվածը լրաց. 10.03.99 ՀՕ-290, 24.10.00 ՀՕ-105)

 

Հոդված 17.

Վերահսկիչ պալատի համագործակցությունը պետական մարմինների հետ

 

Վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատը կարող է համագործակցել վերահսկողական գործունեություն իրականացնող պետական այլ մարմինների հետ:

(17-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 18.

Վերահսկիչ պալատի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ

 

Վերահսկիչ պալատը համագործակցում է օտարերկրյա նմանատիպ մարմինների և կազմակերպությունների հետ, կարող է նրանց հետ կնքել համագործակցության մասին համաձայնագրեր, գործուղել իր աշխատակիցներին` միջազգային վերահսկողական մարմիններում աշխատելու համար:

Վերահսկիչ պալատը կարող է անդամագրվել նմանատիպ մարմիններ և կազմակերպություններ միավորող միջազգային կազմակերպություններին:

 

Հոդված 19.

Վերահսկիչ պալատի գործունեության ապահովումը

 

Վերահսկիչ պալատի գործունեության ֆինանսավորումը կատարվում է առանձին նախահաշվով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները Վերահսկիչ պալատին ցույց են տալիս կազմակերպական, տեխնիկական և այլ աջակցություն:

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 20.

Վերահսկողություն իրականացնելու հիմքերը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Վերահսկողություն իրականացնելու համար հիմք է Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի հիման վրա Վերահսկիչ պալատի նախագահի տված հրամանը, որտեղ նշվում են վերահսկողության, նպատակը, ժամկետը, այն իրականացնող պաշտոնատար անձը:

(20-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Հոդված 21.

Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի իրավունքները

(վերնագիրը խմբ. 10.03.99 ՀՕ-290)

 

Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակիցն իրավունք ունի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, պարզաբանումներ և այլ տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին: Անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով վերահսկողությանը կարող են ներգրավվել վերահսկվող մարմնի մասնագետները:

Վերահսկիչ պալատի աշխատողը պարտավոր չէ բացատրություններ տալ ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, բացի օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

(21-րդ հոդվածը խմբ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)

 

Հոդված 22.

Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները

(վերնագիրը խմբ. 10.03.99 ՀՕ-290)

 

Վերահսկիչ պալատի աշխատակիցը վերահսկողության ընթացքում պարտավոր է`

ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հրամանը.

բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը.

գ) պահպանել վերահսկվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը.

դ) հնարավորինս չխոչընդոտել վերահսկվող մարմնի բնականոն աշխատանքը.

ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին.

զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին:

Իր իրավասության սահմաններում գործունեություն իրականացնելու հետևանքով Վերահսկիչ պալատի կողմից կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

(22-րդ հոդվածը խմբ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)

 

Հոդված 23.

Վերահսկիչ պալատի աշխատակիցների պատասխանատվությունը

(վերնագիրը փոփ. 10.03.99 ՀՕ-290)

 

Վերահսկիչ պալատի աշխատակիցները պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի խնդիրների իրականացման համար:

Վերահսկիչ պալատի աշխատակիցները պարտավոր են բարեխղճորեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական շահը:

Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում Վերահսկիչ պալատի կողմից կատարվող վերահսկողության օբյեկտիվության, դրանց արդյունքների խեղաթյուրման, ինչպես նաև պետական, բանկային և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման համար:

Մինչև Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը, Վերահսկիչ պալատի աշխատակիցներին և պաշտոնատար այլ անձանց արգելվում է որևէ ձևով նախնական գնահատականների և եզրակացությունների հրապարակումը:

Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

(23-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290, լրաց. 24.10.00 ՀՕ-105)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24.

Անցումային դրույթներ

 

Վերահսկիչ պալատի առաջին նախագահը Վերահսկիչ պալատի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացնում մեկամսյա ժամկետում` առանց Վերահսկիչ պալատի խորհրդի հավանությունը ստանալու:

Վերահսկիչ պալատի գործունեության առաջին տարեկան ծրագիրը մշակվում և հաստատվում է 1997 թվականի բյուջետային տարվա համար:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 25.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքի հրապարակման պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առընթեր վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

25 հունիսի 1996 թ.

ՀՕ-65

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2006, ՀՕ-4-Ն 17.06.2007, ՀՕ-65
24.10.2000, ՀՕ-105 10.12.2000, ՀՕ-65
10.03.1999, ՀՕ-290 11.04.1999, ՀՕ-65
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան