Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2022-31.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

22 ապրիլի 2022 թվականի N 560-Ն

         

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեական վարույթում և վարույթից դուրս պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1474-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքներն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 560-Ն որոշման

       

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

   

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

    

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

1. Սույն հավելվածով կարգավորվում են քրեական վարույթին ներգրավված անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի (այսուհետ` պաշտպանվող անձ) նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ պաշտպանության միջոցների (այսուհետ` պաշտպանության միջոցներ) կիրառման ընթացակարգերը, պայմանները, պաշտպանության միջոցների կիրառմանը ներգրավվող մարմինների շրջանակը և հատուկ պաշտպանության միջոցների կիրառման հետ կապված այլ հարաբերություններ: Սույն հավելվածի գործողությունը տարածվում է նաև օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցներ իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

2. Սույն հավելվածի դրույթներն իրականացվում են օրինականության, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանելու, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, անկողմնակալության, անաչառության սկզբունքների հիման վրա և իրագործվում են՝ ապահովելով պաշտպանվող անձի անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը:

3. Պաշտպանության միջոցների կիրառման համար կարող են օգտագործվել բացահայտ և գաղտնի մեթոդներ ու միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Պաշտպանության միջոցների կիրառումը երաշխավորվում է պետության կողմից: Պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ոստիկանությանն այդ նպատակով հատկացվող միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

        

2. ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

            

5. Պաշտպանության միջոց կիրառվում է այն դեպքում, երբ պաշտպանվող անձի կյանքին, առողջությանը, իրավաչափ շահերին ողջամտորեն կարող է սպառնալ իրական վտանգ՝ պայմանավորված անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի քրեական վարույթին ներգրավված լինելու հանգամանքով, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն նախատեսված այլ դեպքերում՝ անձի կարգավիճակով պայմանավորված:

6. Պաշտպանությունն իրականացվում է անձի գրավոր դիմումի հիման վրա կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ:

7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառումը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը` իրավասու ստորաբաժանումների միջոցով (այսուհետ` պաշտպանություն իրականացնող մարմին):

8. Պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին, որի կատարումն անհապաղ հանձնարարում է պաշտպանություն իրականացնող մարմնին: Պաշտպանության միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնվում անձի առողջական վիճակը՝ անձի առողջությանը հասցվող հնարավոր վտանգը բացառելու կամ այն նվազագույնի հասցնելու նպատակով:

9. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պաշտպանության միջոցներ կիրառելու մասին որոշում կայացնելիս անձի համաձայնությունը պարտադիր չէ, եթե քրեական վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ վերջինս պաշտպանության կարիք ունի: Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված պաշտպանության միջոցը կիրառելիս պաշտպանվող անձի նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները և հաղորդակցության այլ ձևերը վերահսկվում են օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

10. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված պաշտպանության միջոցներ կիրառելու մասին որոշմանը կցվում է պաշտպանության միջոց կիրառելու վերաբերյալ անձի գրավոր համաձայնությունը:

11. Պաշտպանության միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին:

12. Պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշումն ստանալու պահից պաշտպանություն իրականացնող մարմինը որոշման մեջ առկա տեղեկությունների ու հանգամանքների հիման վրա 24-ժամվա ընթացքում որոշում է կայացնում պաշտպանության միջոցների իրականացման կազմակերպական և մարտավարական հարցերի վերաբերյալ, որոնք ամրագրվում են պաշտպանության պլանում:

13. Պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից պաշտպանության պլանը կազմելուց հետո 24-ժամվա ընթացքում պաշտպանվող անձին է հանձնվում հրահանգավորման թերթիկ, որում ամրագրվում են ընտրված պաշտպանության միջոցի իրականացման պայմանները, դրա կիրառման դեպքում պաշտպանությունն իրականացնող մարմնի և պաշտպանվող անձի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պաշտպանվող անձի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու մասին նախազգուշացումը:

14. Հրահանգավորման թերթիկն ստորագրվում է պաշտպանությունն իրականացնող մարմնի ներկայացուցչի և պաշտպանվող անձի կողմից` երկու օրինակից, որից մեկը հանձնվում է պաշտպանվող անձին, իսկ մյուսը` պահվում պաշտպանություն իրականացնող մարմնում:

15. Պաշտպանության իրականացման ամբողջ ընթացքում պաշտպանվող անձի տեղաշարժը համաձայնեցվում է պաշտպանություն իրականացնող մարմնի հետ, եթե տեղաշարժն անհրաժեշտ է օրենքով նախատեսված պարտականությունների կամ գործողությունների կատարումն ապահովելու համար:

16. Բոլոր այն դեպքերում, երբ պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավվում են այլ մարմիններ, կազմակերպություններ, անձինք, պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու նպատակով, պաշտպանություն իրականացնող մարմինը նշված մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ներկայացուցիչներին, պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավված այլ անձանց ուղարկում է գրավոր նախազգուշացում (համաձայն ձևի)` պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները չհրապարակելու պարտականության և հրապարակելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

17. Այն դեպքերում, երբ պաշտպանության միջոցների իրականացման նպատակով անհրաժեշտ է ծառայության մատուցում, ապա կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր` պաշտպանություն իրականացնող մարմնի և քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նախատեսված ծառայություն մատուցողի միջև:

18. Օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածով նախատեսված պաշտպանությունն իրականացվում է անձի` պաշտպանություն իրականացնող մարմնին հասցեագրված դիմումի հիման վրա` սույն հավելվածի 12-17-րդ կետերով սահմանված ընդհանուր պահանջներին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

     

3. ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻՑ ԴՈՒՐՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

           

19. Օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից կարող են կիրառվել սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված պաշտպանության միջոցները՝ սույն հավելվածով սահմանված ընթացակարգով:

20. Պաշտպանվող անձի բնակարանը և գույքը պահպանելն իրականացվում է դրա վնասման, ոչնչացման կամ բնակարան ապօրինի մուտք գործելու վտանգի դեպքում` բնակարանի և գույքի, բնակարանում գտնվող անձի նկատմամբ հնարավոր հակաիրավական ոտնձգությունները հայտնաբերելու, կանխելու և խափանելու նպատակով:

21. Պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողություն սահմանելու հատուկ պաշտպանության միջոցի կիրառման նպատակով կարող են փոխվել պաշտպանվող անձի կողմից օգտագործվող հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները:

22. Պաշտպանվող անձի բնակարանը կարող է սարքավորվել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով:

23. Ազդանշանային տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվում է պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից:

24. Հակահրդեհային համակարգերով կահավորումն իրականացվում է համապատասխան կազմակերպությունների կողմից՝ սույն հավելվածի 17-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

25. Պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելու պաշտպանության միջոցի իրականացման շրջանակներում պաշտպանվող անձի ինքնապաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով նրան կարող են տրամադրվել անհատական պաշտպանության հատուկ միջոցներ (զրահաբաճկոն, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչով, աերոզոլային սարքերով, էլեկտրահարող սարքերով, կայծային պարպիչներով, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 միլիմետր տրամաչափով օդաճնշիչ զենքով), ինչպես նաև ահազանգման, շարժական ռադիոկապի, բջջային հեռախոսակապի կամ պաշտպանություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

26. Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանվող անձին բացատրում և ուսուցանում է անհատական պաշտպանության հատուկ միջոցների հետ վարվելու, դրանք օգտագործելու և պահպանելու կարգը, ինչպես նաև իրականացնում է հսկողություն նշված միջոցների հետ վարվելու կանոնները պահպանելու նկատմամբ:

27. Անհատական պաշտպանության հատուկ միջոցները պաշտպանություն իրականացնող մարմնի սեփականությունն են, և պաշտպանվող անձը դրանք ամբողջությամբ վերադարձնում է՝ պաշտպանության տվյալ միջոցի իրականացումը դադարեցվելուց հետո: Անհատական պաշտպանության հատուկ միջոցները պաշտպանվող անձին տրամադրելիս և վերադարձնելիս կազմվում է համապատասխան արձանագրություն, որում պարտադիր նշվում են տրամադրվող միջոցի տեսակը, քանակը, տրամադրման և վերադարձման օրը, ամիսը, տարեթիվը: Արձանագրությունն ստորագրվում է պաշտպանվող անձի և պաշտպանություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից:

28. Պաշտպանություն իրականացնող մարմինը որպես անվտանգ վայր կարող է օգտագործել այդ նպատակի համար ծառայող պետական կամ ոչ պետական կացարանները, աջակցության կենտրոնները, պաշտպանություն իրականացնող մարմնի ծառայողական շինությունները, ինչպես նաև այդ նպատակով վարձակալված բնակելի տարածությունները: Ոչ պետական կացարանները, աջակցության կենտրոններն օգտագործվում են դրանց գործադիր մարմինների համաձայնությամբ: Պաշտպանության ենթակա անձի բնակության վայրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և ապահովված լինի բնակվելու համար անհրաժեշտ գույքով, ինչպես նաև մարդու կենսական շահերն ու կարիքներն ապահովելու համար անհրաժեշտ այլ պայմաններով:

29. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կարող է կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ:

30. Փոխարինման ենթակա ինքնությունը հաստատող փաստաթղթերի ցանկը որոշվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` կախված պաշտպանվող անձին սպառնացող վտանգի աստիճանից և իրադրությունից՝ հաշվի առնելով պաշտպանվող անձի առաջարկությունները:

31. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի` անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, ժամանակավոր ապաստանի վկայականի, կացության քարտի, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի և այլ փաստաթղթերի փոխարինումն իրականացվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից` պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից որոշված ժամկետներում: Պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ուղարկվող հանձնարարականին կցվում է պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման պատճենը:

32. Ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինման դեպքում պաշտպանվող անձը փոխանցում է իր ինքնությունը հաստատող փաստաթղթերը պաշտպանություն իրականացնող մարմնին, որն ապահովում է փոխարինված փաստաթղթերի հաշվառումն ու պահպանությունը տվյալ պաշտպանության միջոցի իրականացման ամբողջ ժամանակահատվածում:

33. Պաշտպանության միջոցների կիրառումը դադարեցնելու դեպքում ինքնությունը հաստատող փոխարինված փաստաթղթերը 5 աշխատանքային օրվա ընթացքում հետ են վերցվում, ոչնչացվում, վերացվում են փաստաթղթերի տրամադրման բոլոր հիմքերը, այդ թվում` անձնական տվյալների էլեկտրոնային պահոցներում:

34. Սույն հավելվածի 33-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է ակտ, որը պահվում է պաշտպանություն իրականացնող մարմնում:

35. Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինման դեպքում անձի իրավունքների իրացումն ապահովելու նպատակով՝ վարույթ իրականացնող մարմնի գրության հիման վրա համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինները և կազմակերպություններն ապահովում են անձի տվյալների փոփոխությունը համապատասխան էլեկտրոնային պահոցներում տվյալ պաշտպանության միջոցի իրականացման ամբողջ ժամանակահատվածում: Սույն կետում նշված գրությանը կցվում են պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշման և պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող նոր փաստաթղթերի պատճենները:

36. Պաշտպանության միջոցի իրականացումը դադարեցնելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնից տեղեկություն ստանալու դեպքում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններն ու կազմակերպությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում են փոխարինված տվյալների վերականգնումը՝ ոչնչացնելով տվյալների փոխարինման բոլոր հիմքերը, այդ թվում` անձնական տվյալների էլեկտրոնային պահոցներում:

37. Պաշտպանվող անձի արտաքինը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում կարող է կատարվել պաշտպանվող անձի արտաքինը փոխելու համար անհրաժեշտ վիրահատություն կամ այլ միջամտություն` տվյալ պաշտպանության միջոցի արդյունավետությունն ապահովող սահմաններում: Պաշտպանության միջոցի իրականացումը դադարեցնելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման առկայության դեպքում պաշտպանվող անձն իրավունք ունի պահանջելու իր նախկին տեսքի վերականգնում պետական միջոցների հաշվին սույն հավելվածի 17-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված ժամկետում։

38. Պաշտպանությունն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի կողմից պարտականությունների խախտման յուրաքանչյուր դեպքում անհապաղ բանավոր կարգով, իսկ հաջորդող աշխատանքային օրը նաև գրավոր իրազեկում է քրեական վարույթն իրականացնող մարմնին:

39. Պաշտպանության միջոցների կիրառումը դադարեցնելու` օրենսգրքով սահմանված հիմքերի հայտնաբերման դեպքում պաշտպանությունն իրականացնող մարմինն անմիջապես միջնորդություն է ներկայացնում քրեական վարույթն իրականացնող մարմնին` պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:

     

Ձև

 

ԳՐԱՎՈՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

 

ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 0000000

                   

________________________

(կազմելու վայրը)

_______ _______________________20 թ.

 

Ես`

______________________________________________________________________________________

(կազմակերպության ներկայացուցչի, պաշտոնատար անձի, պաշտպանության միջոցի

      

______________________________________________________________________________________,

իրականացմանը ներգրավված անձի Ա.Ա.Հ., պաշտոնը, կոչումը (դասային աստիճանը)

          

______________________________________________________________________________________

(պաշտպանության միջոց իրականացնող մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ., պաշտոնը,

                

____________________________________________________________________________________ -ի

      

կողմից

              

կոչումը (դասային աստիճանը)

 

նախազգուշացված եմ պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված` առանց իրավասու մարմնի կամ անձի թույլտվության՝ հրապարակման ոչ ենթակա՝ մինչդատական կամ դատական վարույթի տվյալ հրապարակելու համար նախատեսված պատասխանատվության մասին:

     
Նախազգուշացվող անձ

_____________________________

(ստորագրությունը)

Պաշտպանություն իրականացնող

մարմնի պաշտոնատար անձ

_____________________________

(ստորագրությունը)

                                 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

                       

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2022, N 2082-Ն 31.12.2022, N 560-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան