Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ/0002/06/19

ԱՐԴ/0002/06/19

Նախագահող դատավոր՝  Մ. Հարությունյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

 Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 մասնակցությամբ պաշտպան՝

Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Արման Արարատի Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի փետրվարի 11-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 46154519 քրեական գործը:

1.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 11-ի որոշմամբ Արման Արարատի Մադաթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մարտի 12-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը երկարացվել է` երկու ամիս ժամկետով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հունիսի 4-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ծ.Մնացականյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջինս խնդրել է մերժել մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է. «Բավարարել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վ.Բազունցի միջնորդությունը:

Թիվ 46154519 քրեական գործով մեղադրյալ Արման Արարատի Մադաթյանին (…) կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 2 (երկու) ամիս ժամկետով` մինչև 2019թ. հուլիսի 12-ը:

(…)

Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` տասնօրյա ժամկետում (…)»2:

6. Մեղադրյալ Ա.Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երակարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշման օրինակը պաշտպան Ա.Ալիխանյանը ստացել է նույն օրը` 2019 թվականի մայիսի 8-ին3:

7. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի մայիսի 20-ին4, որը փոստային առաքման միջոցով Վերաքննիչ դատարան է ստացվել 2019 թվականի մայիսի 21-ին5:

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Տ]վյալ դեպքում պաշտպան Ալիխանյանի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները, այն է` բողոքը ներկայացվել է որոշումը հասանելի լինելուց տասներկու օր անց:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պաշտպան Ա.Ալիխանյանը ստացել է 2019 թվականի մայիսի 08-ին, և վերջինիս համար այդ դատական ակտի բողոքարկման ժամկետն ավարտվել է 2019 թվականի մայիսի 13-ին` ժամը 24:00-ին (…):

 Սույն դատական գործի նյութերից երևում է, որ պաշտպան Ա.Ալիխանյանը հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 2019 թվականի մայիսի 20-ին, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետի խախտմամբ: Այլ կերպ` վերաքննիչ բողոքը ժամկետանց է, ուստի այն պետք է թողնել առանց քննության:

(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում պաշտպան Ա.Ալիխանյանը, վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը բաց թողնելու փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, հետևաբար վերջինիս կողմից ներկայացված բողոքը պետք է թողնել առանց քննության` բողոքը ժամկետանց լինելու հիմքով(...)»6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Մասնավորապես, ստորադաս դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 18-րդ և 19-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 13-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ և 398-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումը վերոհիշյալի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում նշված վերաքննության կարգով բողոքարկման տասնօրյա ժամկետը թյուրիմացության մեջ է գցել իրեն, որի պատճառով բողոքարկման ժամկետը բաց է թողնվել ոչ պաշտպանության կողմի մեղքով: Վերաքննիչ դատարանը` 2019 թվականի հունիսի 4-ի որոշմամբ անդրադարձ չի կատարել վերը նշված փաստին և եկել սխալ եզրահանգման` բողոքը թողնելով առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Արման Մադաթյանի դատական պաշտպանության իրավունքը և դատարանի մեղքով բաց է թողնվել բողոքարկման ժամկետը, ուստի պաշտպանության կողմն ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է՝ «(…) [Ա]մբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի (…) որոշումը (…), որոշում կայացնել (…) վերաքննիչ բողոքը քննության առնելու մասին, և բողոքի քննարկումն ուղարկել (…) Վերաքննիչ քրեական դատարան (…), իսկ բողոքի ժամկետի քննարկման սկիզբը հաշվարկել սկզբնական ներկայացման օրը՝ 20.05.2019 թվականը»:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (...) դատաքննության իրավունք»։

Կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «(…) 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը (…):

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ բողոքը ներկայացվում է վերաքննիչ դատարան, իսկ դրա պատճենը` դատական ակտ կայացրած դատարան (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «(...) 3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

13. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը7,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն8,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա9,

- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի10:

14. ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման11: 

15. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում12՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը13։

16. ՀՀ վճռաբեկ դատարանը «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով վերահաստատելով և զարգացնելով Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է՝ «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման (…)»14:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է վերաքննության կարգով դատական ակտի բողոքարկման տասնօրյա ժամկետ15,

- Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշումը մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանը ստացել է նույն օրը` 2019 թվականի մայիսի 8-ին 16,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ մեղադրյալ Ա.Մադաթյան պաշտպան Ա.Ալիխանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի մայիսի 20-ին17, որը փոստային առաքման միջոցով Վերաքննիչ դատարանում է ստացվել 2019 մայիսի 21-ին18,

- Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունիսի 4-ի որոշմամբ պաշտպան Ա.Ալիխանյանի բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով, որ որոշման բողոքարկման ժամկետն ավարտվել է 2019 թվականի մայիսի 13-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2019 թվականի մայիսի 20-ին19:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև կալանքի ժամկետի երկարացման որոշումների համար օրենքը հստակ սահմանում է բողոքարկման հնգօրյա ժամկետ, սակայն Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման տասնօրյա ժամկետի վերաբերյալ կարող էր պաշտպանական կողմին հանգեցնել տարընկալման՝ բողոքարկման ժամկետի ավարտման վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադարձ չի կատարվել Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ժամկետին, ուստի և քննության չառնելով վերոնշյալը, անհամաչափորեն սահմանափակվել է մեղադրյալ Ա.Մադաթյանի` դատարանի մատչելիության իրավունքը:

19. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը 2019 թվականի մայիսի 8-ին ստացած լինելու պարագայում, ղեկավարվելով դատարանի կողմից արձանագրված՝ բողոքարկման տասնօրյա ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացրել է՝ 2019 թվականի մայիսի 20-ին, քանի որ որոշումը ստանալուն հաջորդող օրվանից՝ 2019 թվականի մայիսի 9-ից հաշվարկելու դեպքում այն վերջանում էր նույն թվականի մայիսի 19-ին, և նկատի ունենալով, որ ժամկետի լրանալը համընկնում էր ոչ աշխատանքային օրվա հետ, ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ը: Հետևաբար պաշտպանի կողմից պահպանվել է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված բողոքարկման տասնօրյա ժամկետը:

19.1. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում սխալ արձանագրված՝ վերաքննության կարգով բողոքարկման ժամկետի հարցին:

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար20:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի բողոքը պետք է բավարարել մասնակիորեն՝ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 4-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: 

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արման Արարատի Մադաթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 76:

3 Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 76:

4 Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 100:

5 Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 87:

6 Տե'ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 106:

7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

8 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

9 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

10 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

11 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

12 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշումը։

13 Տե'ս Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշման 16-րդ կետը:

14 Տե'ս Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործով թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը:

15 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

16 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

17 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

18 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

19 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

20 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: