Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1647
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
29.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 ապրիլի 2022 թ.

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԱԺՈ-01-Ա ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահ ընտրելու մասին ԱԺՈ-01-Ա որոշումը (այսուհետ՝ նաև Որոշում) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին:

Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի (այսուհետ՝ նաև ԱԺ) 2021 թվականի օգոստոսի 2-ին ընդունած ԱԺՈ-01-Ա որոշումը հակասում է Սահմանադրության 6, 49, 94, 96 և 104-րդ հոդվածներին:

Դիմողը գտնում է, որ ԱԺ նախագահի երեք թեկնածուներից երկուսի՝ իրենց կամքից անկախ բացակայության պայմաններում անցկացված ԱԺ նախագահի ընտրությունները չեն համապատասխանում Սահմանադրության 104-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներին: Սահմանադրության նշված հոդվածում «ընտրում է» եզրույթի օգտագործվելուց դիմողը եզրակացնում է, որ սահմանադիրն օգտագործել է «ընտրել» եզրույթը, որի սահմանադրաիրավական բովանդակությունն առնվազն փոխկապակցվում է որոշակիորեն Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական սկզբունքների հետ, քանի որ այլ սահմանադրաիրավական բովանդակություն «ընտրել» եզրույթի հետ չի կարող ողջամտորեն փոխկապակցվել և եզրահանգում է, որ ընտրական իրավունքի սկզբունքները տարածելի են նաև ԱԺ նախագահի ընտրությունների վրա, նշելով մասնավորապես, որ՝ «Նման պայմաններում պետք է պահպանվեն նվազագույն չափանիշներ այն է՝ ընդհանուր, հավասար, ազատ վավերապայմանները»: Ելնելով այն հանգամանքից, որ ԱԺ նախագահի երեք թեկնածուներից երկուսը ներկա չեն եղել ընտրություններին, և այդպիսով միայն մեկ թեկնածուն է ունեցել ելույթներ ունենալու, հարցերին պատասխանելու հնարավորություն, դիմողը եզրահանգում է, որ այդպիսով թեկնածուներից մեկն ունեցել է ակնհայտ անհավասար պայմաններ մյուս երկու թեկնածուների նկատմամբ, և փաստացի չեն պահպանվել նաև ընդհանուր մոտեցումները փաստացի տեղի ունեցած ընտրությունների մասով: Արդյունքում դիմողը եզրահանգում է, որ ԱԺ նախագահի ընտրություններն իրականացվել են «ընտրվելուն» ներկայացվող սահմանադրական պահանջների ակնհայտ խախտմամբ՝ առանց հավասարության սկզբունքի որևէ ձևով պահպանման:

Դիմողը, նշելով, որ որևէ առնչություն չունի այն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ-ում ներկայացվածությունը մեծամասնությունն է, և որ ցանկացած ընտրության պարագայում քաղաքական պատկանելիությունը որևէ իրավական նշանակություն, առավել ևս կաշկանդվածություն չի ներկայացնում, քանի որ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, նկատում է, որ Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի ելույթներ ունենալու հնարավորության և իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն հնարավոր էր, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ձայները կտրվեին երկու թեկնածուներից որևէ մեկին: Արդյունքում դիմողը գտնում է, որ կոնկրետ դեպքում պատգամավորները զրկված են եղել իրենց խղճով և համոզմունքներով առաջնորդվելու սահմանադրական երաշխիքներն իրացնելու հնարավորությունից:

Դիմողը նկատում է, որ ԱԺ նախագահի պաշտոնը և կարգավիճակը, դրա նկատմամբ հավակնությունը ենթադրում է նաև Սահմանադրության 49-րդ հոդվածի կարգավորման տիրույթ, ըստ այդմ՝ դիմողը գտնում է, որ ԱԺ նախագահի անցկացված ընտրությունները՝ թեկնածուներից երկուսի բացակայությամբ, խախտել են հավասարությունը՝ հանգեցնելով խտրականության: Արդյունքում դիմողը գտնում է, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի խախտման պայմաններում:

Դիմողը, վերլուծելով Սահմանադրության 96-րդ հոդվածը, արձանագրում է, որ ԱԺ նախագահի թեկնածուների չներկայանալը և հավասար մրցակցություն չպահպանելը պայմանավորված էին նաև Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության խախտմամբ: Ըստ այդմ՝ դիմողը, նկատելով, որ վիճարկվող որոշումը բոլոր դեպքերում ուղղակիորեն առնչվել է հենց սահմանադրական նշյալ երաշխիքին և դրա խախտման պայմաններում է ընդունվել՝ ի թիվս այլ հիմնավորումների՝ խախտելով նաև սահմանադրական նշված նորմը, եզրահանգում է, որ վիճարկվող որոշումը հակասում է Սահմանադրության 96-րդ հոդվածին:

Դիմողն անդրադառնում է նաև ԱԺ նախագահի ընտրություններին քվեաթերթիկում վրիպակի արդյունքում թեկնածուներից մեկի ազգանունը սխալ գրված լինելու պայմաններում ԱԺ նախագահի ընտրությունների քվեարկությունն ընդհատելու, այնուհետև վրիպակը շտկելուց հետո այն վերսկսելու հնարավորության հարցին՝ պնդելով, որ ընտրությունները չեն կարող պարզապես ընդհատվել և քվեաթերթիկ փոխվել, նորից քվեարկություն կազմակերպվել, որպիսի պայմաններում, ըստ դիմողի, խախտվել է Սահմանադրության 104-րդ հոդվածը:

Դիմողը նաև նկատում է, որ վերը նշված պայմաններում ԱԺ հաշվիչ հանձնախումբը չուներ ընտրությունների քվեարկությունն ընդհատելու և, հետո խնդիրը շտկելով, քվեարկությունը վերսկսելու լիազորություն, քանի որ առկա չէ, որևէ իրավական կառուցակարգ առ այն, որ հաշվիչ հանձնախումբը որոշի «նոր քվեարկություն», ըստ այդմ՝ դիմողը եզրակացրել է, որ վիճարկվող որոշումը հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը Սահմանադրության 104-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Կանոնակարգ) մի շարք դրույթների վերլուծության հիման վրա արձանագրում է, որ ԱԺ նախագահի ընտրությունն անցկացվել է Սահմանադրության և Կանոնակարգի պահանջներին համապատասխան:

Պատասխանողը, անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածուի բացակայությամբ ընտրություն անցկացնելու հարցին, նկատում է, որ ԱԺ նիստից թեկնածուի բացակայությունը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով՝ ինչպես օրենքով սահմանված կարգով դատարանի որոշմամբ կալանավորված լինելով, այնպես, օրինակ, ծանր հիվանդության, վիրահատության, երկրից բացակայության: Միևնույն ժամանակ պատասխանողն արձանագրում է, որ թեկնածուի բացակայությունը հիմք չէ ընտրություն չանցկացնելու համար:

Պատասխանողը, անդրադառնալով Սահմանադրության 104-րդ հոդվածում տեղ գտած «ընտրվել» եզրույթի՝ Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված ընտրական իրավունքի սկզբունքների հետ փոխկապակցվածության դիմողի դիտարկումներին, նկատում է, որ դրանք անհիմն են, քանի որ Սահմանադրության 7-րդ հոդվածը վերաբերում է ժողովրդի կողմից իր՝ անմիջական ժողովրդավարության իրավունքի իրացմանը, այն է՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրություններին, ինչպես նաև հանրաքվեների անցկացմանը, իսկ Սահմանադրության 104-րդ հոդվածը վերաբերում է Ազգային ժողովի մարմինների, մասնավորապես՝ ԱԺ նախագահի, ԱԺ նախագահի տեղակալների և ԱԺ խորհրդի ձևավորմանը:

Պատասխանողը գտնում է, որ դիմումով պատգամավորի անձեռնմխելիության հարցն արհեստականորեն է փոխկապակցվել վիճարկվող Որոշման հետ, քանի որ դիմողը Որոշումը վիճարկում է ԱԺ նախագահի թեկնածուներին հավասար հնարավորություն չընձեռելու տեսանկյունից, մինչդեռ պատգամավորի անձեռնմխելիությունն ունի ընդհանուր բնույթ և վերաբերում է բոլոր պատգամավորներին, այլ ոչ թե միայն նրանց, ովքեր առաջադրվում են ԱԺ նախագահի պաշտոնում: Ավելին, պատասխանողն արձանագրում է, որ նման մոտեցման պարագայում դիմողի կողմից կարող է նույն հիմնավորումներով վիճարկվել ութերորդ գումարման ԱԺ ընդունած ցանկացած որոշում կամ օրենք՝ այն արհեստականորեն փոխկապակցելով պատգամավորի անձեռնմխելիության հետ և նշելով, որ պատգամավորները, որոնց նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված է կալանավորումը որպես խափանման միջոց, զրկված են եղել հարցի քննարկմանը և քվեարկության մասնակցելու հնարավորությունից:

Ավելին, պատասխանողը, հիմք ընդունելով Կանոնակարգի 33-րդ հոդվածի 6-րդ մասը, նկատում է, որ Ազգային ժողովն առաջին նստաշրջանում չի կարող քննարկել այլ հարց, քան նախատեսված է Կանոնակարգով, այդ թվում՝ անձեռնմխելիության հետ կապված հարցերը:

Անդրադառնալով ընտրության նոր քվեարկություն կազմակերպելու հարցին՝ պատասխանողն արձանագրում է, որ այդ նոր քվեարկության կազմակերպումը կրել է տեխնիկական բնույթ, և որ քվեարկության գործընթացն ընդհատվել է թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղ գտած տառասխալի պատճառով: Ավելին, պատասխանողը գտնում է, որ հենց տեխնիկական վրիպակի հայտնաբերումից հետո քվեարկությունը չդադարեցնելը կարող էր հանգեցնել սահմանադրաիրավական խնդիրների: Պատասխանողը, անդրադառնալով վիճարկվող Որոշման՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի հետ հակասություն առաջացնելու հարցին, նկատում է, որ Սահմանադրությամբ ԱԺ նախագահի ընտրության ընթացակարգային կանոն նախատեսված չլինելու, օրենսդրի իրական կամքն անհնար դարձնող խախտումների բացակայության պայմաններում օրենսդրի կողմից ներկայացվող՝ ՀՀ ժողովրդի կամքն արտահայտվել է պատգամավորների մեծամասնության կողմից՝ ԱԺ նախագահ ընտրելով:

Բացի դրանից, պատասխանողը նկատում է, որ դիմողը Որոշման սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե Որոշման և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, ինչը Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար պարտադիր պայման է, այլ դիմողի կողմից ներկայացված պնդումները հիմնականում ուղղված են Որոշման և Կանոնակարգի միջև առկա ենթադրյալ հակասությանը, ինչը թույլ է տալիս պատասխանողին եզրահանգելու, որ դիմումում առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չեն:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ պատասխանողը խնդրում է վիճարկվող որոշումը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

 

3. Սահմանադրաիրավական վեճի շրջանակները

Սույն գործով վիճարկվող Որոշման սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք Ազգային ժողովի նախագահի ընտրությունն Ազգային ժողովի նախագահի թեկնածուներից մեկի (մի քանիսի) ֆիզիկական բացակայության պայմաններում անցկացնելը համահունչ է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասին և 104-րդ հոդվածի 1-ին մասին:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:

Սահմանադրությունը, ամրագրելով կուսակցությունների սահմանադրական գործառույթը՝ ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելը (Սահմանադրության 8-րդ հոդվածի 3-րդ մաս) և սահմանելով Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ընտրակարգ (Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մաս), ստեղծում է այն սահմանադրական հիմքը, որի հիման վրա Ազգային ժողովի՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի ընտրություններում ժողովուրդն իր ընտրությունը կատարի՝ հիմնվելով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) գաղափարախոսական կողմնորոշումների, ներկայացրած ծրագրային մոտեցումների, պետության զարգացման քաղաքական ուղենիշների վրա:

Ըստ այդմ՝ կոնկրետ կուսակցության (դաշինքի) օգտին քվեարկելիս ընտրողի նպատակն ու կամքն է կոնկրետ ուղղվածություն ունեցող քաղաքականության կենսագործումը` դրա իրագործումը հռչակած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից առաջարկված ցուցակում ներգրավված անձանց միջոցով: Հետևաբար՝ ընտրությունների արդյունքներով կանխորոշվում են խորհրդարանում այն քաղաքական ուժի (ուժերի) առկայությունն ու դրանց դասավորվածությունը, որի (որոնց) ծրագրային-գաղափարախոսական կողմնորոշումներին, մոտեցումներին և պատգամավորների թեկնածուներին ժողովուրդն իր քաղաքական նախապատվությունն է տվել:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի հունիսի 30-ի ՍԴՈ-810 որոշմամբ նշել է, որ ժողովուրդը, ընտրությունների միջոցով որոշելով, թե խորհրդարանը քաղաքական ուժերի ինչպիսի հարաբերակցությամբ պետք է աշխատի, դրանով իսկ օրենսդիր մարմնին պատվիրակում է իրականացնել օրենսդրական գործունեություն՝ իր իսկ նախընտրած քաղաքական կողմնորոշումներին համապատասխան։

Այս դիտանկյունից Սահմանադրական դատարանը փաստում է, որ ժողովրդի՝ ազատ ընտրությունների արդյունքում արտահայտած կամքին և քաղաքական նախապատվությանը համահունչ ձևավորված մեծամասնությունն առանցքային ազդեցություն է ունենում օրենսդիր իշխանության իրականացման և Ազգային ժողովի՝ Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացման հարցում՝ կրելով դրա համար նաև քաղաքական պատասխանատվություն:

Ասվածը հավասարապես վերաբերելի է նաև Ազգային ժողովի մարմինների և, մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի՝ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովողի և Ազգային ժողովը ներկայացնողի (Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մաս), ընտրության հարցում մեծամասնության ունեցած որոշիչ ազդեցությանը՝ որպես արդյունք հանգեցնելով Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում որոշիչ ազդեցության հնարավորությանը:

Սակայն դա ամենևին չի նշանակում և ենթադրում Ազգային ժողովի փոքրամասնության իրավունքների անտեսում ընդհանրապես, որը պետք է բացառվի՝ այդ թվում նաև Ազգային ժողովի գործունեության ընդհանուր սկզբունքներից ելնելով (հարցերի ազատ քննարկման, դրանց կոլեկտիվ լուծման, քաղաքական բազմակարծության և այլն): Մեծամասնությունը պետական իշխանություն իրականացնելիս որոշումների կայացման գործընթացում պետք է ելնի նաև որոշակիացված մնայուն (անփոփոխ) հանրային շահից (բարիքից), հարգի փոքրամասնության իրավունքները՝ հաշվի առնելով նաև նրա շահերը՝ մասնավորապես՝ չնվազեցնելով և չզրկելով ապագայում փոքրամասնությանը մեծամասնություն դառնալու իրավունքից, որպիսի պայմաններում մեծամասնության որոշումը կարող է դիտարկվել իբրև ժողովրդի կամքն արտացոլող:

Թեև Ազգային ժողովի մարմինների ձևավորման հարցում փոքրամասնության իրավունքները հստակորեն երաշխավորված են նաև Սահմանադրության մակարդակում (օրինակ՝ Սահմանադրության մեջ ուղիղ ամրագրվել է Ազգային ժողովի մարմիններից Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից ընտրությունը (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն չի բացառվում նաև, որ Ազգային ժողովի մեծամասնությունը, ելնելով հանրային բարձր շահից, օրինակ, բևեռացված հասարակության համերաշխության ապահովման, հասարակության պառակտվածության վերացման, հասարակական հանդուրժողականության ապահովման անհրաժեշտությունից, որոշի Ազգային ժողովի փոքրամասնության ներկայացուցչին ընտրել Ազգային ժողովի նախագահ, որպիսի պայմաններում մեծամասնության կայացրած այդպիսի որոշումը կունենա հստակ հասարակական-քաղաքական և ոչ թե պահի ազդեցությամբ ձևավորված հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ նաև այս նկատառումները հաշվի առնելով է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել խմբակցությունների՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունքը: Ընդ որում՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ Ազգային ժողովի նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս) և հաշվի առնելով, որ ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ («Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի 6-րդ մաս), ինչպես նաև Սահմանադրության 94-րդ հոդվածով երաշխավորված՝ պատգամավորի՝ ողջ ժողովրդին ներկայացնելու, իր խղճով և համոզմունքներով առաջնորդվելու և հրամայական մանդատով կաշկանդված չլինելու սկզբունքը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրություններին վերը նկարագրված հասարակական-քաղաքական նախադրյալների, շարժառիթների, հիմքերի առկայության գնահատումն իրականացնում է յուրաքանչյուր պատգամավոր՝ այն արտացոլելով իր քվեարկությամբ:

4.2. Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրության ընթացակարգային մանրամասները կանոնակարգող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135 և 136-րդ հոդվածներում տեղ գտած կարգավորումներից (մասնավորապես, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուները հանդես են գալիս ելույթներով, իսկ ելույթներից հետո կարող են թեկնածուին հարցեր տրվել) թեև ենթադրելի է ներկայացված թեկնածուների, Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացին, որպես կանոն, ֆիզիկական մասնակցությունը, սակայն միևնույն ժամանակ հիշատակված կարգավորումներից չի բխում և չի կարող բխեցվել, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը հնարավոր է միայն Ազգային ժողովի նախագահի բոլոր թեկնածուների ներկայության պայմաններում: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներով ընդհանուր առմամբ չի բացառվում Ազգային ժողովի նախագահի ընտրությունը՝ թեկնածուի բացակայության պայմաններում: Այլ կերպ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, սահմանելով Ազգային ժողովի նախագահի ընտրության ընթացակարգային մանրամասներ, առաջադրված թեկնածուի (թեկնածուների) ներկայությունն Ազգային ժողովի նախագահի ընտրությանը որպես պարտադիր պահանջ չի նախատեսում:

Ընդ որում՝ օրենսդրի այսպիսի մոտեցումն ունի հստակ տրամաբանություն և պայմանավորված է նորընտիր Ազգային ժողովի անխաթար գործունեությունն ապահովելու բարձր հանրային շահով: Մասնավորապես՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ի թիվս այլնի, լուծվում են Ազգային ժողովի մարմինների կազմավորման հարցերը («Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մաս, 7-րդ հոդվածի 1-ին մաս)՝ առանց որոնց ձևավորման կվտանգվեր նորընտիր Ազգային ժողովի կողմից իր գործառույթների և լիազորությունների իրականացումը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ֆիզիկական բացակայությունը (օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով) որպես Ազգային ժողովի նախագահի ընտրության պարտադիր ընթացակարգային պայման դիտարկելը կարող էր հանգեցնել Ազգային ժողովի նախագահի թեկնածուի բացակայության (օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով) պատճառով Ազգային ժողովի մարմինների ձևավորման գործընթացի արգելակմանը՝ որպես հետևանք հանգեցնելով ամբողջ Ազգային ժողովի գործունեության խաթարմանը: Այդ առնչությամբ պնդումը, թե պատգամավորի՝ իր կամքից անկախ բացակայության պայմաններում Ազգային ժողովի ընդունած ակտը (օրենք, որոշում և այլն) կարող էր և չընդունվել, եթե հիմք ընդունվեր, որ պատգամավորը, նիստերին մասնակցելով, ելույթներ ունենալով, էականորեն կարող էր ազդել համապատասխան որոշման ընդունման վրա, խիստ վերացական է և ոչ հիմնավոր: Ավելին, նշված մոտեցումը հնարավոր է վտանգի իրավական անվտանգությունն ընդհանրապես, քանզի դրա տրամաբանական շարունակությունը հանգեցնելու է թեկուզ մեկ պատգամավորի՝ իր կամքից անկախ (օրինակ՝ հիվանդության պատճառով նիստերին մասնակցելու անկարողությունը) ԱԺ նիստերին բացակայության պայմաններում Ազգային ժողովի ընդունած ցանկացած ակտի լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն՝ ըստ էության նույնպես հանգեցնելով Ազգային ժողովի գործունեության կազմալուծմանը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ հենց այդպիսի մոտեցման բացառման և որպես հետևանք՝ նաև Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նկատառումներից ելնելով է, որ սահմանադիրն ուղղակիորեն ամրագրել է Ազգային ժողովի նիստերի իրավազորության (Սահմանադրության 102-րդ հոդված) և Ազգային ժողովի կողմից օրենքներ, որոշումներ, հայտարարություններ և ուղերձներ ընդունելու (Սահմանադրության 103-րդ հոդված), մասնավորապես՝ Ազգային ժողովի նախագահ ընտրելու համար պատգամավորների ձայների անհրաժեշտ/նվազագույն շեմ (Սահմանադրության 104-րդ հոդված)՝ համապատասխան որոշման ընդունման (Ազգային ժողովի նախագահի ընտրության) համար որպես այդպիսին սահմանելով պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Նաև այս նկատառումներից ելնելով է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուների՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացին ֆիզիկական մասնակցությունը (ներկայությունը) և որպես արդյունք՝ նաև ելույթով հանդես գալը չի նախատեսվել որպես սահմանադրական պահանջ, որպիսի պայմաններում նշված դեպքում բացակայում է դիմողի կողմից վիճարկվող իրավական ակտի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը:

Այդ առումով, Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի ապրիլի 19-ի ՍԴՈ-1454 որոշմամբ, վերահաստատելով իր նախկին դիրքորոշումը, արձանագրել է. «... ներկայում, ի թիվս այլնի, որևէ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման կամ գործողության մեջ դնելու՝ միայն Սահմանադրությամբ նախատեսված կարգն է սահմանադրականության գնահատման մասշտաբը, ինչպես նաև Ազգային ժողովի (Սահմանադրությամբ սպառիչ ամրագրված) լիազորությունների թույլատրելի սահմանները: Ուստի ակնհայտ է նաև, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէ գնահատել սահմանադրական կամ սովորական օրենքների և իր ընդդատությանը վերապահված այլ իրավական ակտերի ցանկացած խախտումներ կամ դրանց համապատասխանությունը ոչ թե Սահմանադրությանը, այլ դրանց նկատմամբ գերակայող այլ իրավական ակտերին: (...) Հակառակ դեպքում՝ Սահմանադրական դատարանը կարող է ծանրաբեռնվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի ցանկացած խախտումով կամ, օրինակ՝ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով՝ այլ նորմատիվ իրավական ակտերի՝ իրենց հանդեպ գերակայող նորմատիվ իրավական ակտին համապատասխանությունը որոշելու վերաբերյալ վեճերով, որոնք դուրս են Սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթի շրջանակներից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի՝ իր կանոնակարգի համաձայն գործելու սահմանադրական պահանջի խախտումները կարող են Սահմանադրական դատարանում վեճի առարկա դառնալ միայն այդ խախտումների արդյունքում Սահմանադրության որևէ պահանջ խախտվելու դեպքերում»:

Սահմանադրական դատարանը 2015 թվականի հուլիսի 7-ի՝ իր ՍԴՈ-1224 որոշմամբ արձանագրել է. «... օրենքների ընդունման խորհրդարանական կամ ինչպես հանրային քննարկումներ կազմակերպելու պահանջի տեսանկյունից՝ արտախորհրդարանական ընթացակարգերի ցանկացած խախտում անթույլատրելի է օրենսդրական գործընթացի շրջանակներում, անհամատեղելի է օրենսդրական գործունեության կանոնների հետ, սակայն այդ խախտումներից ոչ բոլորն են, որ սահմանադրականության տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունեն: Վերջիններիս թվին են դասվում միայն այն կանոնների խախտումները, որոնք ուղղակիորեն հիմնված են Սահմանադրության պահանջների վրա, օրենքի ընդունման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար որոշիչ նշանակություն ունեն և/կամ այնքան էական են, որ առանց այդ կանոնների պահպանման անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը, հետևաբար` նաև օրենսդրի կողմից ներկայացվող ՀՀ ժողովրդի կամքը»:

Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող որոշումն ընդունելու՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ Ազգային ժողովի վիճարկվող որոշման ընդունման սահմանադրականության առումով:

4.3. Վերոնշյալի լույսի ներքո գնահատելով դիմողի պնդումները, թե Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 104-րդ հոդվածին այնքանով, որ չեն պահպանվել սահմանադրի կողմից երաշխավորված «ընտրելու» պահանջները, քանի որ Ազգային ժողովի նախագահի ընտրություններն անցկացվել են թեկնածուներից երկուսի՝ իրենց կամքից անկախ բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն:

Մասնավորապես, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ առաջադրել են տվյալ պահին փաստացի անազատության մեջ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներին:

Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի նիստի սղագրության (http:// parliament.am/transcript.php?AgendaID=4215&day=02&month=08&year=2021&lang=arm#02.08.2021) ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ չեն ներկայացվել այն հնարավոր հասարակական-քաղաքական հիմքերը, շարժառիթները, որոնցով Ազգային ժողովի մեծամասնությունը, առաջնորդվելով հանրային բարձր շահով, խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցչին պետք է ընտրեր Ազգային ժողովի նախագահ: Ավելին, սղագրությունից պարզ է դառնում, որ փաստացի անազատության մեջ գտնվող պատգամավորին Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու պատճառ է նշվում «պատգամավորի ապօրինի անազատության մեջ» գտնվելու հանգամանքը, և որ խմբակցության կողմից փաստացի անազատության մեջ գտնվող պատգամավորի առաջադրումը կատարվել է նաև տվյալ «պատգամավորի ազատության համար պայքարելու» նկատառումներից ելնելով:

Վերոգրյալն ինքնին վկայում է, որ փաստացի անազատության մեջ գտնվող պատգամավորների առաջադրումը որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ հաշվի առնելով տվյալ պահին քրեական հետապնդման մարմինների, վարույթն իրականացնող մարմինների՝ մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն ազատությունից զրկված անձի՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նրա ազատությունից զրկելը պահպանելու (շարունակելու) համար Ազգային ժողովի համաձայնությունն ստանալը բացառող մեկնաբանությունը, Ազգային ժողովի նախագահի երկու թեկնածուների դատարանի որոշմամբ կալանավորված լինելու փաստը, ինչպես Ազգային ժողովի մեծամասնության, այնպես էլ ընդհանրապես Ազգային ժողովի կողմից դատարանի որոշմամբ անազատության մեջ գտնվող թեկնածուների՝ Ազգային ժողովի համապատասխան նիստին մասնակցությունն ապահովելուն ուղղված գործիքակազմի բացակայությունը, Ազգային ժողովի նախագահի ընտրության հնարավորությունը թեկնածուների բացակայության պայմաններում, կատարվել է այդ անձանց՝ Ազգային ժողովի նախագահի ընտրություններին ֆիզիկական մասնակցության անհնարինության գիտակցումով:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ նշված պայմաններում փաստացի անազատության մեջ գտնվող պատգամավորներին որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ առաջադրելն Ազգային ժողովի խմբակցությունների քաղաքական որոշումն էր/որոշումներն էին՝ Ազգային ժողովի նախագահի ընտրություններին մասնակցել թեկնածուների իրավունքների փաստացի սահմանափակվածության պայմաններում՝ այդպիսով իսկ ընդունելով նման մոտեցմամբ իրենց առաջադրած թեկնածուների Ազգային ժողովի նախագահի ընտրություններում հնարավոր բացասական արդյունքներ գրանցելու (Ազգային ժողովի նախագահ չընտրվելու) ռիսկերը:

Այդպիսի պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում՝ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը քվեարկության արդյունքների ամփոփմամբ արձանագրել է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության (71 կողմ)՝ Ա. Սիմոնյանի օգտին քվեարկությունը, որի հիման վրա Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ալեն Սիմոնյանին Ազգային ժողովի նախագահ ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-01-Ա որոշումը:

4.4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի այն փաստարկը, համաձայն որի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածում տեղ գտած «ընտրել» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը փոխկապակցվում է Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքների հետ, և որ դրանք, ըստ էության, պետք է տարածվեն նաև Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վրա, հիմնավոր չէ: Մասնավորապես՝ Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները եզրագծում են հանրաքվեների, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների ընտրությունների ընտրական իրավահարաբերությունների սահմանադրաիրավական կարգավորման կառուցակարգերը և քննարկվող իրավահարաբերությանը վերաբերելի չեն:

Անդրադառնալով դիմողի այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը և կարգավիճակը, դրա նկատմամբ հավակնությունը ենթադրում է նաև Սահմանադրության 49-րդ հոդվածի կարգավորման տիրույթ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով պետական պաշտոնները դասակարգված են հետևյալ տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Նույն օրենքի 5-րդ հոդվածով թվարկված են պետական քաղաքական պաշտոնները, դրանք են՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների և նրանց տեղակալների պաշտոնները: Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, լինելով պատգամավոր, իրացրել է ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իր իրավունքը, իսկ Ազգային ժողովի մարմինների, մասնավորապես՝ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների պաշտոնները չեն տեղավորվում այդ տիրույթում, հետևաբար՝ դիմողի դիտարկումն այս մասով ևս հիմնավոր չէ:

4.5. Դիմողի այն փաստարկների առնչությամբ, որոնց համաձայն՝ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի խախտման պայմաններում, Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է նշված հարցերին՝ մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, և նույն օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելով: Նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է, որ պատգամավորը, բացի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված բացառիկ դեպքերից, չի կարող զրկվել ազատությունից, եթե Ազգային ժողովը տվյալ հարցով չի տվել իր համաձայնությունը. Ազգային ժողովից բացի որևէ այլ մարմին իրավասու չէ հաղթահարել պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող այդ պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանը, չնայած այն հանգամանքին, որ սույն որոշման 4.1-4.3. կետերի պատճառաբանություններով ինքնին հերքվում է դիմողի նաև այս փաստարկը, այդուհանդերձ, վերահաստատելով իր՝ 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 11-րդ մասի ուժով՝ Սահմանադրական դատարանի որոշումները, որպես կանոն, չունեն հետադարձ ուժ (բացառությամբ նույն հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով նախատեսված դեպքերի) և չեն տարածվում մինչ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների, տվյալ դեպքում՝ վիճարկվող որոշման ընդունման հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ՝ ազդելով ԱԺՈ-01-Ա որոշման իրավաչափության վրա:

4.6. Անդրադառնալով դիմումի շրջանակներում բարձրացված այն հարցին, թե արդյոք Ազգային ժողովի նախագահի ընտրություններին քվեաթերթիկում վրիպակի արդյունքում թեկնածուներից մեկի ազգանունը սխալ գրված լինելու պայմաններում Ազգային ժողովի նախագահի ընտրությունների քվեարկությունն ընդհատելու, այնուհետև վրիպակը շտկելուց հետո այն վերսկսելու հետևանքով խախտվում է Սահմանադրության 104-րդ հոդվածի պահանջը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև դիմողը նշում է, որ այդ պայմաններում խախտվել է Սահմանադրության 104-րդ հոդվածը, սակայն, իր գնահատմամբ, այդպիսի խախտումը հիմնավորում է միայն պնդումով, թե ընտրությունները չեն կարող պարզապես ընդհատվել և քվեաթերթիկ փոխվել, նորից քվեարկություն կազմակերպվել: Դիմողը, նշյալ պնդումից զատ, չի հիմնավորում, թե քվեաթերթիկում վրիպակի արդյունքում քվեարկության ընդհատումը և որոշ ժամանակ անց այն վերսկսելն ինչ կերպ են խախտում Սահմանադրության 104-րդ հոդվածը, ուստի՝ դիմողն այս մասով պատշաճ չի հիմնավորել վիճարկվող որոշման և Սահմանադրության 104-րդ հոդվածի խախտման միջև պատճառահետևանքային կապը:

Դիմողի կողմից վիճարկվող որոշման և Սահմանադրության 6-րդ հոդվածի ենթադրյալ հակասության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում այդ հակասությունն, ըստ էության, հիմնավորվում է նրանով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածով հաշվիչ հանձնախմբի՝ Ազգային ժողովի նիստում քվեարկության արդյունքները ներկայացնելուց հետո, դրա հիման վրա նախագահողն ընտրության դեպքում պետք է հայտարարեր թեկնածուի ընտրվելու կամ չընտրվելու մասին: Դիմողի դիրքորոշմամբ՝ վրիպակի առկայությամբ քվեաթերթիկների պայմաններում հաշվիչ հանձնախումբը չուներ քվեարկությունն ընդհատելու և այնուհետև, խնդիրը շտկելով, քվեարկությունը վերսկսելու լիազորություն. ըստ այդմ՝ հաշվիչ հանձնախմբի կատարած գործողությունները դուրս են նրա լիազորությունների շրջանակից:

Ակնհայտ է, որ դիմողի՝ ընդունված իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորումներն, ըստ էության, հանգում են հաշվիչ հանձնախմբի կատարած գործողությունների օրինականության հարց բարձրացնելուն, որի քննությունը, հաշվի առնելով վերոհիշյալ դիրքորոշումը, դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

29 ապրիլի 2022 թվականի

ՍԴՈ-1647

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԱԺՈ-01-Ա ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ՍԴՈ-1647 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1647 որոշմամբ (հրապարակվել է 2022 թվականի մայիսի 2-ին) որոշել է.

«1. ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը (…)»:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1647 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

Նախ, հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴԱՈ-183 աշխատակարգային որոշմամբ նշանակվել եմ սույն գործով զեկուցող դատավոր։ Այնուհետև, Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի աշխատակարգի 49-րդ և 50-րդ կետերի պահանջները, 2022 թվականի ապրիլի 5-ի ՍԴԱՈ-70 աշխատակարգային որոշմամբ որոշել է գործով զեկուցող՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանին փոխարինել և գործով նշանակել այլ զեկուցող։

Սույն գործով զեկուցող լինելու ժամանակահատվածում իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի հիմքով պահանջվել և Սահմանադրական դատարանում ստացվել են հետևյալ տեղեկությունները, որոնք, իմ գնահատմամբ էական նշանակություն ունեին սույն գործի լուծման համար, սակայն Սահմանադրական դատարանի կողմից դրանք հաշվի չեն առնվել.

1) Ազգային ժողովի նախագահի՝ 2021 թվականի օգոստոսի 2-ի ընտրությանն առաջադրվել է երեք թեկնածու. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ համապատասխանաբար Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Թեկնածուներից ելույթով հանդես է եկել Ալեն Սիմոնյանը, իսկ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն ինչպես ելույթով, այնպես էլ եզրափակիչ ելույթով հանդես չեն եկել, քանի որ Ազգային ժողովի համապատասխան նիստին չեն մասնակցել (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-96 գրության՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի՝ 13.11.2021թ. Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 1.13/5777-2021 գրությունը, ինչպես նաև Ազգային ժողովի 02.08.2021թ. նիստի սղագրությունը).

2) Հիմք ընդունելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերություններով ամրագրված կարգավորումները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ են ձեռք բերել Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի թիվ 57-Ա որոշմամբ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման պահից, որում որպես պատգամավորի թեկնածուներ ընդգրկված են եղել նաև Մխիթար Զաքարյանը (17-րդ համար) և Արթուր Սարգսյանը (28-րդ համար)։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները վերջիններիս` որպես պատգամավորի թեկնածուների վրա տարածվել են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ 2021 թվականի հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանի կողմից որոշում ընդունելը (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-97 գրության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 13.12.2021թ. թիվ 01-1215 գրությունը).

3) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի հուլիսի 11-ի թիվ 186-Ա և թիվ 187-Ա որոշումներով բավարարել է դատախազի միջնորդությունները՝ համաձայնություն տալով պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 191-Ա և թիվ 192-Ա որոշումներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-95 գրության՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 08.12.2021թ. Սահմանադրական դատարան մուտքագրված գրությունը, ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-97 գրության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 13.12.2021թ. թիվ 01-1215 գրությունը և դրան կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 16.12.2021թ. թիվ ՍԴԴ-101 գրության՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 21.12.2021թ. թիվ ԴԴ-31/Ե-25627 գրությանը կից ներկայացված նյութերը).

4) 2021 թվականի հուլիսի 12-ին որոշում է կայացվել Մխիթար Զաքարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ 2021 թվականի հուլիսի 15-ին որոշում է կայացվել Արթուր Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-95 գրության՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 08.12.2021թ. Սահմանադրական դատարան մուտքագրված գրությունը, ինչպես նաև ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 16.12.2021թ. թիվ ՍԴԴ-101 գրության՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 21.12.2021թ. թիվ ԴԴ-31/Ե-25627 գրությանը կից ներկայացված նյութերը).

5) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 13-ի և 2021 թվականի հուլիսի 17-ի որոշումներով համապատասխանաբար Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-95 գրության՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 08.12.2021թ. Սահմանադրական դատարան մուտքագրված գրությունը, ինչպես նաև ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 16.12.2021թ. թիվ ՍԴԴ-101 գրության՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 21.12.2021թ. թիվ ԴԴ-31/Ե-25627 գրությանը կից ներկայացված նյութերը).

6) Ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021 թվականի հուլիսի 22-ին կազմել է «Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին» թիվ 1 արձանագրությունը, որի 1-ին կետում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակի առաջին մասից ընտրված պատգամավորների թվում 16-րդ համարի ներքո նշված է Մխիթար Զաքարյանը, իսկ 25-րդ համարի ներքո՝ Արթուր Սարգսյանը։ Միաժամանակ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի կողմից ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու մասին դիմումներ չեն ներկայացվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չի ստացվել Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի վերաբերյալ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին արձանագրություն (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-97 գրության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 13.12.2021թ. թիվ 01-1215 գրությունը).

7) Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու և նրանց անազատության մեջ պահելու վերաբերյալ Ազգային ժողովի համաձայնություն առկա չէ (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-95 գրության՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 08.12.2021թ. Սահմանադրական դատարան մուտքագրված գրությունը, ինչպես նաև ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 16.12.2021թ. թիվ ՍԴԴ-101 գրության՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 21.12.2021թ. թիվ ԴԴ-31/Ե-25627 գրությանը կից ներկայացված նյութերը)։

Անդրադառնալով սույն գործի շրջանակում Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցերին՝ հարկ եմ համարում քննարկման առարկա դարձնել և իմ դիրքորոշումը ներկայացնել հետևյալ հարցադրումների վերաբերյալ.

1) արդյո՞ք Ազգային ժողովի նախագահի ընտրությունը թեկնածուի (թեկնածուների) բացակայության պայմաններում անցկացնելը համահունչ է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,

2) արդյո՞ք Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը համապատասխանում է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին այն դեպքում, երբ թեկնածուն (թեկնածուները) չի մասնակցել այդ ընտրության գործընթացին՝ առանց Ազգային ժողովի համաձայնության կալանքի տակ գտնվելու պատճառով։

 

1.1. Սահմանադրությամբ նախատեսված տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց ընտրությանն առնչվող սահմանադրական կարգավորումներից հետևում է, որ ընտրությունը գործընթաց է, որի շրջանակում քվեարկության միջոցով որոշվում է, թե ովքեր պետք է ստանձնեն որոշակի պաշտոններ։ Սահմանադրությամբ մի շարք պաշտոնատար անձանց ընտրությունը վերապահված է Ազգային ժողովի՝ որպես ժողովրդի կողմից անմիջականորեն ձևավորված ներկայացուցչական մարմնի իրավասությանը (օրինակ՝ Հանրապետության նախագահի (Սահմանադրության 125-րդ հոդված), Վարչապետի (Սահմանադրության 149-րդ հոդված), Սահմանադրական դատարանի դատավորների, Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների (Սահմանադրության 166-րդ հոդված) ընտրությունը)։ Միաժամանակ, բացի այլ պետական մարմինների կազմավորմանը և պաշտոնատար անձանց ընտրությանը մասնակցելուց, սահմանադիրն Ազգային ժողովին է լիազորել իրականացնել ընտրություն նաև իր որոշակի պաշտոններում։ Մասնավորապես՝ այդպիսի պաշտոնների թվին դասելով նաև Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ սահմանադիրն ամրագրել է, որ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ, որն ընտրվում և հետ է կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս):

Նշված դրույթի վերլուծությունից բխում է, որ սահմանադիրն ուղղակիորեն կարգավորել է Ազգային ժողովի նախագահի ընտրությանն առնչվող միայն կարևորագույն հարցերը1։ Մասնավորապես՝ Սահմանադրության վերը նշված դրույթից հետևում է, որ Ազգային ժողովի նախագահին ընտրում է Ազգային ժողովը, ընդ որում, այդ ընտրությունը պետք է կատարվի Ազգային ժողովի կազմից, իսկ նշված պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

Հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրությունն անմիջականորեն չի ամրագրում Ազգային ժողովի նախագահի ընտրության ընթացակարգին վերաբերող մանրամասն կարգավորումներ, սակայն միաժամանակ Ազգային ժողովին ներկայացնում է իր կանոնակարգին համապատասխան գործելու պահանջ (Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մաս)։ Ընդ որում, Ազգային ժողովի կանոնակարգի ընդունման առավել բարդ կարգը (ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մաս) վկայում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի աստիճանակարգությունում դրա տեղի և դերի մասին։

Այսպիսով, սահմանադրի ուղղակի պահանջն է Ազգային ժողովի կողմից իր կանոնակարգով ամրագրված դրույթների պահպանումը, որոնք էլ կանոնակարգում են, ի թիվս այլնի, Ազգային ժողովի նախագահի ընտրության ընթացակարգին առնչվող հարցերը։ Միաժամանակ գտնում եմ, որ նշված իրավական ակտով սահմանված՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացին վերաբերող կարգավորումների ոչ բոլոր խախտումներն են հանգեցնում այդ գործընթացի արդյունքում ընդունված իրավական ակտի հակասահմանադրականության։ Ընդ որում, Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությանը վերաբերող նորմերի այնպիսի խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ նշված հարցի վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա, արդեն իսկ հանգեցնում են այդ գործընթացի արդյունքում ընդունված իրավական ակտի՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասին և 104-րդ հոդվածի 1-ին մասին հակասության։

 

1.2. Անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ամրագրված՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացին վերաբերող կարգավորումներին՝ հարկ եմ համարում նշել հետևյալը.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով.

1) մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.

2) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.

3) թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.

4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

Նույն օրենքի 136-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև 30 րոպե.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե:

Փաստորեն, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցը քվեարկության դրվելուց առաջ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներին հնարավորություն է տրվում պատասխանել պատգամավորների հարցերին, հանդես գալ ելույթներով և եզրափակիչ ելույթներով։ Ընդ որում, Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացում առաջադրված թեկնածուների համար մասնակցային հավասար հնարավորություններ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի նախագահի՝ մեկից ավելի թեկնածուների առաջադրման դեպքում վերը նշված հնարավորությունը բոլոր թեկնածուների համար պետք է ապահովվի հավասարապես։

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ քննարկվող կարգավորումն անմիջականորեն առնչվում է Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում պատգամավորների կարծիքի ձևավորմանը։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու միջոցով նպաստում են պատգամավորների կողմից այն համոզմունքի ձևավորմանը, թե առաջադրված թեկնածուներից ով առավել արդյունավետորեն կարող է իրականացնել Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու՝ Ազգային ժողովի նախագահի սահմանադրական գործառույթները (Սահմանադրության 104-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս տեսանկյունից կարևորվում է նաև Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների համար հավասար հնարավորությունների ապահովումը, այդ թվում՝ պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու մասով, քանի որ միայն հավասար պայմաններ երաշխավորող միջավայրում անցկացված՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կարող է համահունչ լինել այդ գործընթացին վերաբերող սահմանադրական կարգավորումներին։

Այսպիսով, թեև Սահմանադրությունն ուղղակիորեն չի ամրագրում նաև Ազգային ժողովի նախագահի թեկնածուի կամ թեկնածուների՝ պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու հնարավորություն ապահովելու պահանջ, սակայն հաշվի առնելով Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, Ազգային ժողովի կանոնակարգն Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում նման հնարավորություն նախատեսված լինելու պայմաններում այն պետք է հավասարապես ապահովվի բոլոր թեկնածուների համար։

Միաժամանակ գործնականում չեն բացառվում այնպիսի իրավիճակները, երբ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն (թեկնածուները) պատգամավորների հարցերին չպատասխանի, հանդես չգա ելույթով կամ եզրափակիչ ելույթով՝ բացակայության կամ նիստին ներկա թեկնածուի կողմից այդ հնարավորությունից չօգտվելու հետևանքով։ Նշված հանգամանքն Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից ինքնին խնդրահարույց չի դարձնում, քանի որ Ազգային ժողովի նախագահի ընտրության շրջանակում առաջադրված թեկնածուի (թեկնածուների) ներկայությունն Ազգային ժողովի նախագահի ընտրության ընթացակարգային պարտադիր պահանջ չէ: Նման իրավիճակում սահմանադրական վերը նշված պահանջների պահպանված լինելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է քննարկել Ազգային ժողովի նախագահի կոնկրետ թեկնածուի (թեկնածուների)՝ պատգամավորների հարցերին չպատասխանելու, ելույթով կամ եզրափակիչ ելույթով հանդես չգալու պատճառները և հիմքերը։

Ըստ այդմ, եթե Ազգային ժողովի նախագահի թեկնածուն (թեկնածուները) պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքները չի (չեն) իրացրել նման հնարավորության ապահովված չլինելու հետևանքով, ապա դա կհանգեցնի ոչ միայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի դրույթների, այլև Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի խախտման, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ վերը նշված ընթացակարգային կանոնները սերտորեն կապված են Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում պատգամավորների կարծիքի ձևավորման հետ, ավելին, Ազգային ժողովի նախագահի՝ մեկից ավելի թեկնածուների առաջադրման պայմաններում թեկնածուների մի մասի համար վերը նշված իրավունքներն իրացնելու հնարավորություն չապահովելը հանգեցնում է անհավասար մրցակցային դաշտի ստեղծման։ Այսինքն՝ նշված խախտումն իր բնույթով այնպիսին է, որ կարող է էական ազդեցություն ունենալ Ազգային ժողովի նախագահի ընտրության վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա։

Ի հակադրումն վերոնշյալի, նման խախտում առկա չի լինի, եթե Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը կազմակերպվել է այնպես, որ Ազգային ժողովի նախագահի բոլոր թեկնածուներին տրվել է պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու հավասար հնարավորություն, սակայն վերջիններս (նրանց մի մասը) այդ իրավունքներից չեն օգտվել իրենց կամքով կամ դրանցից օգտվելը եղել է անհնար՝ օրենքով սահմանված հիմքով Ազգային ժողովի նիստից բացակայության հետևանքով։

Այսպիսով, գտնում եմ, որ Ազգային ժողովի նախագահի ընտրության շրջանակում առաջադրված թեկնածուի (թեկնածուների) բացակայության հետևանքով պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքները չիրացնելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել դրա պատճառները և հիմքերը։

 

1.3. Սահմանադրական դատարանը սույն գործով կայացված ՍԴՈ-1647 որոշմամբ արձանագրել է, որ «օրենսդրի կողմից Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ֆիզիկական բացակայությունը (օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով) որպես Ազգային ժողովի նախագահի ընտրության պարտադիր ընթացակարգային պայման դիտարկելը կարող էր հանգեցնել Ազգային ժողովի նախագահի թեկնածուի բացակայության (օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով) պատճառով Ազգային ժողովի մարմինների ձևավորման գործընթացի արգելակմանը՝ որպես հետևանք հանգեցնելով ամբողջ Ազգային ժողովի գործունեության խաթարմանը: Այդ առնչությամբ պնդումը, թե պատգամավորի՝ իր կամքից անկախ բացակայության պայմաններում Ազգային ժողովի ընդունած ակտը (օրենք, որոշում և այլն) կարող էր և չընդունվել, եթե հիմք ընդունվեր, որ պատգամավորը, նիստերին մասնակցելով, ելույթներ ունենալով, էականորեն կարող էր ազդել համապատասխան որոշման ընդունման վրա, խիստ վերացական է և ոչ հիմնավոր: Ավելին, նշված մոտեցումը հնարավոր է վտանգի իրավական անվտանգությունն ընդհանրապես, քանզի դրա տրամաբանական շարունակությունը հանգեցնելու է թեկուզ մեկ պատգամավորի՝ իր կամքից անկախ (օրինակ՝ հիվանդության պատճառով նիստերին մասնակցելու անկարողությունը) ԱԺ նիստերին բացակայության պայմաններում Ազգային ժողովի ընդունած ցանկացած ակտի լեգիտիմությունը կասկածի տակ դնելուն՝ ըստ էության նույնպես հանգեցնելով Ազգային ժողովի գործունեության կազմալուծմանը»:

Չհամաձայնելով Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշմանը՝ գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը հաշվի չի առել, որ իրականում խնդիրը ոչ թե համապատասխան նիստին Ազգային ժողովի նախագահի թեկնածուի փաստացի ներկայությունը կամ բացակայությունն է, այլ գործնականում դրան մասնակցելու հնարավորության ապահովումը։ Օրինակ՝ եթե Ազգային ժողովի նախագահի թեկնածուն համապատասխան նիստին մասնակցելու հնարավորություն չի ունենում սահմանադրական դրույթների խախտման պայմաններում ազատությունից զրկված լինելու հետևանքով, նման ընտրության արդյունքում ընդունված իրավական ակտը չի կարող համահունչ լինել սահմանադրական կարգավորումներին։ Այսինքն՝ անհրաժեշտ է տարբերություն դնել համապատասխան նիստին Ազգային ժողովի նախագահի թեկնածուի չմասնակցելու հիմքերի միջև։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը, չտարբերակելով համապատասխան նիստին Ազգային ժողովի նախագահի թեկնածուի չմասնակցելու հիմքերը և պատճառները, Ազգային ժողովի նախագահի ընտրության արդյունքում ընդունված որոշումը ինձ համար անհասկանալի տրամաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող՝ ըստ էության միայն նորընտիր Ազգային ժողովի անխաթար գործունեությունն ապահովելու պատճառաբանությամբ։ Ավելին, իմ գնահատմամբ, Սահմանադրական դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե Ազգային ժողովի նիստերին որևէ պատգամավորի բացակայության պայմաններում ընդունված ցանկացած ակտի ընդունմանը, այլ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի բացակայության պայմաններում իր իսկ ընտրության հարցի քննարկմանը և որոշման կայացմանը։ Նշված իրավիճակների անհամադրելիությունը հաշվի չառնելու հետևանքով Սահմանադրական դատարանը, շեղվելով կոնկրետ գործով ներկայացված իրավիճակի և հարցի տրամաբանությունից, իր որոշմամբ վկայակոչել է Ազգային ժողովի նիստերի իրավազորության, որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների նվազագույն շեմի վերաբերյալ կարգավորումներ, որոնք, իմ գնահատմամբ, որևէ կերպ չեն վկայում համապատասխան նիստին Ազգային ժողովի նախագահի թեկնածուի մասնակցելու հնարավորությունն ապահովելու պահանջի բացակայության մասին։

Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանադրական կարգավորումներին և դրանց լույսի ներքո օրենսդրական դրույթներին տրված մեկնաբանության առանցքում մեկ գաղափար է, համաձայն որի՝ անհրաժեշտ է ապահովել նորընտիր Ազգային ժողովի անխաթար գործունեությունը, ինչը Սահմանադրական դատարանի համար բավարար է սահմանադրական դրույթների խախտումներն անտեսելու համար։

 

2.1. Սույն հատուկ կարծիքում ներկայացված երկրորդ հարցադրման կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ տվյալ դեպքում Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի նիստից Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի բացակայությունը պայմանավորված է եղել նրանց՝ կալանավորված լինելու հանգամանքով (ինչի մասին են վկայում սույն հատուկ կարծիքում ներկայացված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի հիմքով (զեկուցող դատավոր Ե. Խունդկարյանի պահանջով) Սահմանադրական դատարանում ստացված տեղեկությունները)։ Ուստի սույն հատուկ կարծիքի շրջանակում անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ պատգամավորի կալանավորման հարցին՝ պատգամավորի անձեռնմխելիության համատեքստում։

1995 թվականի Սահմանադրության ընդունումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական մակարդակում երաշխավորվում է պատգամավորի անձեռնմխելիությունը, սակայն պատգամավորի կարգավիճակով պայմանավորված նրա «պաշտպանության» ոլորտը որոշակիորեն փոփոխվել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Այսպես՝ 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ պարբերությունն ամրագրում էր, որ պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց Ազգային ժողովի համաձայնության։ Նշված դրույթով քրեական վարույթի շրջանակում պատգամավորին որոշակի պաշտպանություն տրամադրվում էր կալանավորումից (և ոչ թե անձնական ազատության սահմանափակման բոլոր դրսևորումներից) և դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկվելուց, որոնց համար պահանջվում էր Ազգային ժողովի համաձայնությունը։

2005 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ ամրագրված՝ պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող դրույթի ձևակերպումը փոփոխվեց, և ամրագրվեց, որ պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության։ Միաժամանակ նշված հոդվածը լրացվեց 4-րդ մասով, որը սահմանեց, որ պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Փաստորեն, 2005 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունները քրեական վարույթի շրջանակում պատգամավորի անձեռնմխելիությունը կապում էին երեք տեսակի գործողության հետ՝ պատգամավորին պաշտպանություն տրամադրելով որպես մեղադրյալ ներգրավվելուց, կալանավորվելուց և ձերբակալվելուց (բացառությամբ Սահմանադրությամբ ուղղակիորեն նշված որոշակի դեպքերի)՝ նշված գործողությունների կատարումը պայմանավորելով Ազգային ժողովի համաձայնության առկայությամբ։

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում պատգամավորի անձեռնմխելիությունն ամրագրում ստացավ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը։

Սահմանադրական վերը նշված կարգավորումների համեմատական վերլուծությունից հետևում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով սահմանադիրն էապես ընդլայնել է պատգամավորի պաշտպանության ոլորտը։ Եթե 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ պատգամավորը քրեական վարույթի շրջանակում պաշտպանված էր որպես մեղադրյալ ներգրավվելուց, կալանավորվելուց և ձերբակալվելուց, ապա ներկայումս պատգամավորի անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև պատգամավորին ազատությունից զրկելու ցանկացած ձևի վրա՝ արգելելով այդ գործողությունների կատարումն առանց Ազգային ժողովի համաձայնության։

Սահմանադրության 96-րդ հոդվածով ամրագրված կարգավորումներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1619 որոշմամբ՝ արձանագրելով, որ «(…) չնայած հիշատակված հոդվածի «Պատգամավորի անձեռնմխելիությունը» վերտառությանը, դրանով սահմանվում են պատգամավորի սահմանադրական կարգավիճակը պայմանավորող և դրանից բխող երաշխիքներ՝ պատգամավորի ինդեմնիտետը (անպատասխանատվությունը (non-liability) (Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մաս) և պատգամավորի անձեռնմխելիությունը (inviolability) (Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ընդ որում` ինդեմնիտետը երաշխավորում է պատգամավորի՝ իր պատգամավորական գործունեության արդյունավետ իրականացումը՝ բացառելով պատգամավորի գործունեությունից բխող հայտնած կարծիքի կամ Ազգային ժողովում քվեարկության համար քրեական պատասխանատվությունն ընդհանրապես, հետևաբար նաև քրեական հետապնդումը: Սակայն պատգամավորի՝ իր գործունեության շրջանակներում, իր գործունեությունից բխող կարծիքի համար «արտաքին» պատասխանատվության բացառումն ամենևին չի ենթադրում պատասխանատվության բացառում ընդհանրապես, և հատկապես՝ չի բացառում «ներքին» պատասխանատվությունը՝ կարգապահական պատասխանատվությունը տարատեսակ սանկցիաների տեսքով:

Ինչ վերաբերում է պատգամավորի անձեռնմխելիությանը, ապա վերջինիս տրամադրվում է որոշակի պաշտպանություն իր գործառույթների հետ չկապված արարքների համար քրեական հետապնդման հարուցումից: Միաժամանակ, դրանով տրվում է պաշտպանություն՝ պատգամավորին ազատությունից զրկելու դեպքերի համար»:

Հարկ եմ համարում նշել, որ պատգամավորներին տրամադրվող վերը նշված երաշխիքներին անդրադարձել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Վենետիկի հանձնաժողով)։ Խորհրդարանականի «անպատասխանատվությունը», ըստ Եվրոպական դատարանի, կոչված է ապահովելու խորհրդարանականի՝ իր պարտականությունների իրականացման ընթացքում քվեարկության կամ կարծիք հայտնելու համար դատական կարգով «անպատասխանատվությունը» (Kart v. Turkey [GC], application no. 8917/05, 03/12/2009, § 44): Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ «անպատասխանատվությունը» սերտորեն կապված է պատգամավորական մանդատի հետ և պաշտպանում է պատգամավորներին իրենց պաշտոնական կարգավիճակով հանդես գալիս՝ քաղաքական հարցեր քննարկելիս և որոշումներ կայացնելիս2։

Ինչ վերաբերում է խորհրդարանականների անձեռնմխելիությանը, ապա ըստ Եվրոպական դատարանի՝ այս տեսակի իմունիտետը կոչված է պաշտպանելու խորհրդարանականներին իրենց պատգամավորական պարտականությունների հետ չկապված գործողությունների, այդ թվում՝ հանցագործությունների համար ձերբակալումից, կալանավորումից կամ քրեական հետապնդումից՝ առանց այն խորհրդարանի համաձայնության, որի անդամն են իրենք (Kart v. Turkey [GC], application no. 8917/05, 03/12/2009, § 44): Պատգամավորի իմունիտետի երկու տեսակներն էլ ծառայում են միևնույն նպատակին՝ ապահովելու խորհրդարանի անկախությունն իր առջև դրված խնդիրների կատարման ժամանակ (Kart v. Turkey [GC], application no. 8917/05, 03/12/2009, § 90): Խորհրդարանի անդամների դեմ վարույթի հարուցումը կարող է ազդել այն խորհրդարանի գործունեության վրա, որի անդամ են նրանք, և խաթարել խորհրդարանի աշխատանքը։ Հետևաբար իմունիտետի այս համակարգը կարող է համարվել իրավաչափ նպատակ հետապնդող (Kart v. Turkey [GC], application no. 8917/05, 03/12/2009, § 91): Եվրոպական դատարանն արդեն իսկ ընդունել է, որ պետությունների կողմից, ընդհանուր առմամբ, պատգամավորներին տարբեր աստիճանի իմունիտետ շնորհելու վաղեմի պրակտիկան հետապնդում է խորհրդարանում խոսքի ազատության պաշտպանության և օրենսդիր ու դատական իշխանության միջև իշխանությունների տարանջատման օրինական նպատակներ (De Jorio v. Italy, application no. 73936/01, 03/06/2004, § 49; Selahattin Demirtaş v. Turkey (no. 2) [GC], application no. 14305/17, 22/12/2020, §256): Անձեռնմխելիությունը (inviolability) օգնում է հասնել խորհրդարանի լիակատար անկախությանը՝ կանխելով քաղաքական դրդապատճառներով քրեական դատավարության ցանկացած հնարավորություն (fumus persecutionis) և դրանով իսկ պաշտպանելով ընդդիմությանը մեծամասնության ճնշումներից կամ չարաշահումներից (Karácsony and Others v. Hungary [GC], application nos. 42461/13 and 44357/13, 17/05/2016, § 138):

 

2.2. Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի նիստից Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը բացակայել են կալանավորված լինելու պատճառով, անհրաժեշտ եմ համարում պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի առկայության պայմաններում վերջիններիս կալանքի տակ պահելու համար Ազգային ժողովի համաձայնության անհրաժեշտության հարցի կապակցությամբ վկայակոչել Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1619 որոշումը՝ կարևորելով սահմանադրական նորմերի մեկնաբանման և կիրառման կայունության ապահովումը։ Ընդ որում, հաշվի առնելով Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի նիստից Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի բացակայության պատճառը՝ գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակում կաշկանդված էր իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1619 որոշմամբ բացառապես պատգամավորին կալանքի տակ պահելու մասով արտահայտած դիրքորոշումներով։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանի որոշումը բոլոր պետական մարմինների համար պարտադիր լինելու պայմաններում առաջին հերթին Սահմանադրական դատարանն իր վարքագծով պետք է անվերապահորեն հարգի իր իսկ որոշումները և կաշկանդվի դրանցում արտահայտված իր դիրքորոշումներով։

Այսպես՝ Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1619 որոշմամբ մասնավորապես անդրադարձ է կատարել այն իրավիճակներին, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո վերջինս ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ։ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ձևավորել է այն դիրքորոշումը, որ «(…) այն պարագայում, երբ նույնիսկ անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել քրեական հետապնդման հարուցումից հետո, և մինչ այդ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման շարունակության համար անհրաժեշտ չէ Ազգային ժողովի համաձայնությունը, ապա բոլորովին այլ է հարցի լուծումն արդեն անձի՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան ազատությունից զրկելու պարագայում. տվյալ դեպքում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում անձի` պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելն անհրաժեշտաբար պայմանավորում է, որ վերջինիս ազատությունից զրկելու (իսկ մինչ այդ կարգավիճակի ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու դեպքում՝ ազատությունից զրկելը շարունակելու, այն պահպանելու) համար անվերապահորեն պետք է Ազգային ժողովի համաձայնությունը, որի բացակայությունը բացառում է պատգամավորի կարգավիճակ ունեցող անձին ազատությունից զրկելու հնարավորությունը:

Ներկայացվածի հակառակ մոտեցման պարագայում կարող է վտանգվել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և Ազգային ժողովի անկախությունը, ինչն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով պատգամավորին տրված պաշտպանությանը՝ պատգամավորի կարգավիճակում գտնվող անձին ազատությունից զրկելը դարձնելով ոչ իրավաչափ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատգամավորը, բացի Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված բացառիկ դեպքերից, չի կարող զրկվել ազատությունից (իսկ մինչ կարգավիճակի ձեռքբերումը ազատությունից զրկված լինելու դեպքում՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո շարունակել ազատությունից զրկված մնալ), եթե Ազգային ժողովը տվյալ հարցով չի տվել իր համաձայնությունը. Ազգային ժողովից բացի որևէ այլ մարմին իրավասու չէ հաղթահարել պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող այդ պաշտպանությունը»:

Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը, կալանավորված լինելով նախքան Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման օրը, շարունակել են գտնվել անազատության մեջ՝ առանց Ազգային ժողովի համաձայնության։ Մինչդեռ, ինչպես նշվեց, Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1619 որոշմամբ արձանագրել է նման իրավիճակում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտությունը՝ ի կատարումն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասից բխող պահանջի։ Ավելին, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ուղղակիորեն վկայակոչել է նաև Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին վերաբերող քրեական գործերը՝ ընդգծելով, որ «(...) իրավակիրառական պրակտիկան (մասնավորապես՝ ՍԴ/0066/01/21, ՍԴ1/0060/01/21, ԵԴ/0886/01/21 քրեական գործերով) զարգացել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին հակառակ տրամաբանությամբ, ըստ որի` անձի՝ մինչ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը ազատությունից զրկված լինելու պարագայում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նրան հետագա ազատությունից զրկելը պահպանելու, ազատությունից զրկելը շարունակելու համար Ազգային ժողովի համաձայնություն ստանալը անհրաժեշտություն չի համարվել: Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից»։

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը չեն մասնակցել և պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթներով ու եզրափակիչ ելույթներով հանդես գալու հնարավորություն չեն ունեցել իրենց կամքից անկախ և առանց օրենքով սահմանված հիմքի առկայության՝ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված երաշխիքի խախտմամբ անազատության մեջ գտնվելու պատճառով։ Այսինքն՝ պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու հնարավորությունը փաստացիորեն չի ապահովվել Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի համար, ինչի հետևանքով վերջիններս զրկված են եղել վերը նշված իրավունքների իրացման միջոցով Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում պատգամավորների կարծիքի ձևավորման վրա ազդելու հնարավորությունից՝ ի խախտումն Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի, որի արդյունքում նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ և 136-րդ հոդվածների։ Ավելին, պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու հնարավորությունն ապահովվել է թեկնածուներից միայն մեկի՝ Ալեն Սիմոնյանի համար՝ ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ Ազգային ժողովի նախագահի երեք թեկնածուների համար։ Հաշվի առնելով, որ նշված խախտումն իր բնույթով էական է (անկախ Ազգային ժողովում խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության աստիճանի), գտնում եմ, որ նման պայմաններում անցկացված ընտրական գործընթացը չի համապատասխանում Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասին, 96-րդ հոդվածի 2-րդ մասին և 104-րդ հոդվածի 1-ին մասին։

 

2.3. Սահմանադրական դատարանը, սույն գործով կայացված ՍԴՈ-1647 որոշմամբ անդրադառնալով դիմողի այն փաստարկին, որի համաձայն՝ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության երաշխիքի խախտման պայմաններում, միայն նշել է, որ «որոշման 4.1-4.3. կետերի պատճառաբանություններով ինքնին հերքվում է դիմողի նաև այս փաստարկը», ապա նշել, որ իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշումը չունի հետադարձ ուժ և չի տարածվում մինչ Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների, տվյալ դեպքում՝ վիճարկվող որոշման ընդունման հետ կապված իրավահարաբերությունների նկատմամբ՝ ազդելով ԱԺՈ-01-Ա որոշման իրավաչափության վրա:

Վերոնշյալի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրական դատարանի այն դատողությունը, թե որոշմամբ ներկայացված պատճառաբանություններով հերքվում է Սահմանադրության 96-րդ հոդվածով ամրագրված դրույթի խախտման վերաբերյալ փաստարկը, բխում է Սահմանադրական դատարանի այն մոտեցումից, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուի բացակայությունը որևէ դեպքում (այսինքն՝ անկախ այդ բացակայության հիմքերից) չի կարող ազդել այդ գործընթացի շրջանակում կազմակերպված քվեարկության արդյունքում ընդունված որոշման սահմանադրականության վրա։ Սահմանադրական դատարանի այս դիրքորոշմանն իմ անհամաձայնությունն արդեն իսկ ներկայացվել է սույն հատուկ կարծիքում։ Ուստի ստորև հարկ եմ համարում միայն անդրադառնալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ արտահայտած դիրքորոշումների՝ սույն գործով կիրառելիության հարցին։

Նախ տվյալ դեպքում իմ գնահատմամբ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշման հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ խնդիր առկա չէ, քանի որ հետադարձ ուժի վերաբերյալ կանոններն առնչվում են ժամանակի մեջ Սահմանադրական դատարանի որոշման գործողությանը, այնինչ տվյալ դեպքում հարցը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական նորմը միևնույն ձևով մեկնաբանելուն։ Մասնավորապես՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելիս մեկնաբանել է, թե որն է սահմանադրի իրական կամքն այն պատգամավորի անձեռնմխելիության առկայության հարցի վերաբերյալ, որը ազատությունից զրկվել է նախքան պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը։ Իսկ սույն գործով պետք է պատասխան տրվեր այն հարցին, թե Ազգային ժողովի նախագահի ընտրությունը և դրա արդյունքում ընդունված որոշումն արդյոք համապատասխանում են սահմանադրաիրավական կարգավորումներին, թե՝ ոչ։

Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։

Արդյունքում, ստացվում է հետևյալ իրավիճակը. Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ ուղղակիորեն վկայակոչելով նաև Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին վերաբերող քրեական գործերը, նշել է, որ իրավակիրառական պրակտիկան չի բխում Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից, մինչդեռ նույն անձանց նկատմամբ հակասահմանադրական վարքագիծ դրսևորվելու արդյունքում Ազգային ժողովի նախագահի ընտրությանն իրական մասնակցություն ունենալու հնարավորությունից այդ անձանց (Ազգային ժողովի նախագահի թեկնածուների) զրկված լինելու պայմաններում ընտրության անցկացումը նույն Սահմանադրական դատարանը սույն գործով կայացրած որոշմամբ որակել է սահմանադրական, որպիսի դիրքորոշումն ինձ համար խիստ անընդունելի է։

Իմ գնահատմամբ որպեսզի Սահմանադրական դատարանի որոշումները կատարվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, առաջին հերթին Սահմանադրական դատարանն ինքը պետք է առաջնորդվի իր իսկ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներով և սահմանադրական նորմերը մեկնաբանի ու կիրառի կայուն և միատեսակ կերպով։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանը պատգամավորի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ սույն գործով պետք է արտահայտեր այն նույն իրավական դիրքորոշումը, որն արտահայտել էր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, ինչի արդյունքում պետք է արձանագրեր, որ վիճարկվող որոշումն ընդունվել է Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված պատգամավորի անձեռնմխելիության խախտման պայմաններում։ Մինչդեռ Սահմանադրական դատարանն ըստ էության շեղվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշման տրամաբանությունից՝ անտեսելով նաև այն հանգամանքը, որ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին վերաբերող քրեական գործերի շրջանակում դրսևորվող պրակտիկան իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշման պատճառաբանական մասում համարել էր Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների բովանդակությունից չբխող։

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ 2021 թվականի օգոստոսի 2-ին տեղի ունեցած՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացում փաստացիորեն չի ապահովվել Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ կալանքի տակ գտնվող՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի՝ պատգամավորների հարցերին պատասխանելու, ելույթով և եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքներն իրացնելու հնարավորությունը, բացի այդ, Ազգային ժողովի նախագահի թեկնածուների համար ապահովվել են անհավասար պայմաններ, ինչը հանգեցրել է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի խախտման։

 

3. Ինչ վերաբերում է սույն գործով ներկայացված դիմումի՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությունն ընդհատելուն և քվեարկությունը վերստին սկսելուն վերաբերող հիմքին, հարկ եմ համարում նշել, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահն Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի նիստի ընթացքում՝ մինչև քվեարկությունը սկսելը, ներկայացրել է քվեարկության կարգը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության համար նախատեսված քվեաթերթիկը, որում նշված են Ազգային ժողովի նախագահի թեկնածուների անունները՝ Զաքարյան Մխիթար, Սահակյան Արթուր, Սիմոնյան Ալեն։ Հայտարարվել է նաև, որ քվեարկությունն սկսվելու է 16։30-ին և տևելու է 45 րոպե՝ մինչև 17։15-ը։ Նույն օրը՝ ժամը 17:10-ին, Ազգային ժողովի նիստում հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտարարել է, որ քվեարկությունն ընդհատվել է, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ, ուստի կսկսվի նոր քվեարկություն (հիմք՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 01.12.2021թ. թիվ ՍԴԴ-96 գրության՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետի՝ 13.11.2021թ. Սահմանադրական դատարան մուտքագրված թիվ 1.13/5777-2021 գրությանը կից ներկայացված՝ Ազգային ժողովի 02.08.2021թ. նիստի սղագրությունը, Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի 02.08.2021թ. թիվ 2, թիվ 2 Ա, թիվ 4 արձանագրությունները, ինչպես նաև Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի թիվ 3 արձանագրությունը)։

Վերոգրյալի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴԱՈ-183 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել էր գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով (հիմք՝ նաև 2021 թվականի սեպտեմբերի 2-ի աշխատակարգային նիստի թիվ 28 արձանագրություն)։

Սահմանադրական դատարանը, քննության առնելով սույն գործով դիմող կողմի ներկայացուցչի՝ սույն գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը, 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշմամբ որոշել էր այն բավարարել և սույն գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով (հիմք՝ նաև 2022 թվականի հունվարի 18-ի աշխատակարգային նիստի թիվ 3 արձանագրություն)։

Այնուհետև, Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով սույն գործի դատաքննության բանավոր ընթացակարգից գրավոր ընթացակարգի անցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորի առաջարկությունը և հաշվի առնելով, որ նշված գործի դատաքննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերը վերացել են, 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ որոշել էր սույն գործով դատաքննության բանավոր ընթացակարգից անցնել գրավոր ընթացակարգի (հիմք՝ նաև 2022 թվականի մարտի 22-ի աշխատակարգային նիստի թիվ 12 արձանագրություն)։

Բացի այդ, Սահմանադրական դատարանը, քննության առնելով սույն գործով պատասխանող կողմի՝ սույն գործի դատաքննությունը երկու շաբաթ ժամկետով հետաձգելու վերաբերյալ 2022 թվականի հունվարի 19-ի միջնորդությունը, 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-15 աշխատակարգային որոշմամբ որոշել էր սույն գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը հետաձգել և նշանակել 2022 թվականի ապրիլի 5-ին (հիմք՝ նաև 2022 թվականի հունվարի 20-ի աշխատակարգային նիստի թիվ 4 արձանագրություն)։

Փաստորեն, Սահմանադրական դատարանի վերը թվարկված գործողությունների արդյունքում հնարավորություն չեմ ունեցել գործի դատաքննության բանավոր ընթացակարգի շրջանակում հարցեր տալ կողմերին, անհրաժեշտության դեպքում հանդես գալ դատական նիստին վկաներ (օրինակ՝ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահին և անդամներին) հրավիրելու և լսելու առաջարկությամբ (որպիսի անձանց հարցաքննությունն իմ կարծիքով անհրաժեշտ էր), ինչն ինձ հնարավորություն կտար դիրքորոշում ձևավորել և արտահայտել դիմումի՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությունն ընդհատելուն և քվեարկությունը վերստին սկսելուն վերաբերող հիմքին առնչվող հանգամանքների՝ քննարկվող գործընթացի ընդունված որոշման սահմանադրականության վրա ազդեցության վերաբերյալ։ Հետևաբար գործի դատաքննության բանավոր ընթացակարգից գրավոր ընթացակարգի անցնելու պայմաններում զրկված լինելով այդ հնարավորությունից՝ հնարավոր չեմ համարում որևէ դիրքորոշում արտահայտել դիմումի նշված հիմքի վերաբերյալ։

Այդուհանդերձ, հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքում ներկայացված պատճառաբանություններով, իմ գնահատմամբ, արդեն իսկ հիմնավորվում է 2021 թվականի օգոստոսի 2-ին տեղի ունեցած՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն այնպիսի էական խախտումներով անցկացնելը, որոնք հանգեցնում են Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի, 96-րդ հոդվածի 2-րդ մասի և 104-րդ հոդվածի 1-ին մասի խախտման։ Ուստի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացում քվեարկությունն ընդհատելուն և վերստին սկսելուն առնչվող հարցի քննարկումը չի կարող ազդել այդ գործընթացի արդյունքում ընդունված իրավական ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ վերջնական եզրահանգման վրա, քանի որ այդ իրավական ակտը սույն հատուկ կարծիքի 1.1-2.2 կետերում ներկայացված խախտումների առկայության հետևանքով, իմ գնահատմամբ, արդեն իսկ չի համապատասխանում Սահմանադրությանը։

 

4. Ամփոփելով սույն հատուկ կարծիքում ներկայացված դիրքորոշումները՝ կարծում եմ, որ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումն անհրաժեշտ էր ճանաչել Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասին, 96-րդ հոդվածի 2-րդ մասին և 104-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

 

________________________

1 Հարկ է նշել, որ Սահմանադրությունում տեղ են գտել նաև որոշակի ընդհանուր բնույթի կարգավորումներ, որոնք վերաբերում են ընդհանրապես Ազգային ժողովի գործունեությանը (օրինակ՝ Սահմանադրության 101-103-րդ հոդվածներ)։

2 Վենետիկի հանձնաժողովի «Խորհրդարանական իմունիտետի շրջանակը և դրանից զրկումը» վերտառությամբ զեկույց, CDL-AD(2014)011, 14/05/2014, § 12.

 

Դատավոր`

Ե. Խունդկարյան

 

6 մայիսի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան