Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0315/01/17

Նախագահող դատավոր՝

 Մ. Հարությունյան

Դատավորներ՝

 Լ. Աբգարյան

 Ա. Դանիելյան

        

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     

8 ապրիլի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 83181816 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել նույն մարմնի քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Արսեն Վարդգեսի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2017 թվականի հուլիսի 26-ին նախաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Ա.Ավետիսյանին և «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև բանկային հաշվեհամարների վրա 683.723.073 ՀՀ դրամի չափով կալանք դնելու մասին:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Ա.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2017 թվականի նոյեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 26-ի դատավճռով Ա.Ավետիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել` հանցադեպի բացակայության հիմքով: Նույն որոշմամբ Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Մեղադրող Դ.Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի կողմից Արսեն Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա հանդիսանալով օդային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն իրականացրած, ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՎՍՀ թիվ 3-րդ բաժնում (նախկին Կենտրոնի ՀՏ) հաշվառված և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գևորգ Քոչար փողոցի թիվ 21 հասցեում գործունեություն ծավալած «Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենն ու ղեկավարելով այդ կազմակերպության գործունեությունը, համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» 2009 թվականի մարտի 12-ին ընդունված թիվ 268-Ն որոշման և դրան կից Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու մասին կարգի, որպես «Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն պարտավորված լինելով գանձել ՀՀ-ից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները ու դրանք վճարել պետական բյուջե, 2014 թվականի ընթացքում իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 681.923.052 դրամ գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է այն՝ սեփական հայեցողությամբ տնօրինելով ամբողջ գումարը»1։

6. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հուլիսի 26-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Առաջադրված մեղադրանքով խեղաթյուրվել է մի շատ կարևոր փաստ, այն է՝ այս դեպքում ոչ թե պետությունն է այս դեպքով ինչ որ գույք վստահել Ա.Ավետիսյանին, այլ ավիաընկերության գործունեության արդյունքում է հենց առաջացել այդ արժեքը, ակտիվը՝ գույքը, որը հանդիսանում է օդի տուրքի գումար՝ ենթակա վճարման պետությանը:

Ամբաստանյալ Արսեն Ավետիսյանի վստահությանը հանձնված գույքն իր կամ մեկ այլ անձի սեփականությունը չի դարձրել, այդ գույքը դուրս չի բերել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից և չի ընդգրկել իր սեփական գույքային ֆոնդի մեջ և վերջապես շահադիտական դրդումներով այն չի յուրացրել, ինչպես իր, այնպես էլ մեկ այլ անձի օգտին: Ավելին՝ հայտնվելով ֆորսմաժորային իրավիճակում ամբաստանյալ Արսեն Ավետիսյանը բանկում գրավադրել է իր և իր ընտանիքի անդամներին պատկանող անշարժ և շարժական գույքը և ողջ գումարը ուղղել ընկերությունը պահպանելուն, իսկ ինչու ոչ նաև նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու համար: Ավելին յուրացման հանցակազմի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է միմիայն ուղղակի դիտավորությամբ: Վերոգրյալի լույսի ներքո՝ Դատարանը արձանագրում է, որ քրեական գործի քննությամբ ավելի քան հիմնավորված է, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ում գեթ մեկ լումա չի ելքագրվել ընկերության դրամարկղից կամ հաշվարկային հաշվից՝ առանց նպատակային նշանակության և վերջինս հիմնավորող փաստաթղթերի:

Մեղադրանքի հիմքում ընկած է առաջին հերթին հենց պետության իսկ կողմից ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունների չկատարումը համաձայն 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1248-Ա կառավարության որոշման: Դա է վկայում ամբաստանյալ Արսեն Ավետիսյանի կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց հղած բազմաթիվ դիմումները կապված առաջացած խնդրի հետ և դրա արդյունքում էլ պետական լիազոր մարմնի կողմից «Էյր Արմենիա» ընկերության հետ կնքած պարտքի մարման ժամանակացույցը և դրա մի մասի կատարումը ընկերության կողմից:

(…)

Շարադրվածից հնարավոր է կատարել միայն մեկ հետևություն, որ այս գործով բացակայում է ՀՀ Վճռաբեկ դատարանի (…) նախադեպային որոշումներով սահմանված՝ ամբաստանյալ Արսեն Ավետիսյանի մեղքը հիմնավորող, հիմնավոր կասկածից վեր ապացույցների բավարար համակցությունը, մասնավորապես՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալ Արսեն Ավետիսյանին մեղսագրվող արարքի հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի մեջ մտնող և ապացուցման ենթակա հանգամանքներից ոչ մեկը, այն, որ.

- օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորություններն այդ գույքը դուրս է բերում սեփականատիրոջ գույքի ընդհանուր ֆոնդից և դարձնում իր գույքի մաս, փաստորեն հանցավորը նախապես այդ գույքն առանձնացնում է սեփականատիրոջ գույքային ֆոնդից և ընդգրկում իր գույքային ֆոնդի մեջ (…):

Այսպիսով, ստուգելով ամբաստանյալ Արսեն Ավետիսյանի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Արսեն Ավետիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում` հանցադեպի բացակայության հիմքով (...)»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությամբ հետազոտված ապացույցների հիման վրա գնահատելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ պարագայում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը՝ ի դեմս հանցակազմի օբյեկտիվ, հետևաբար նաև սուբյեկտիվ կողմի (…)։ Ուստի Վերաքննիչ դատարանը վերը նշված և ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու մասով իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին։

Տվյալ դեպքում առերևույթ առկա է համապատասխան կազմակերպության կողմից իր ստանձնած քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու մասով քաղաքացիաիրավական բնույթի վեճ և ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման (…)։

(…) Ինչ վերաբերվում է Առաջին ատյանի դատարանի այն հետևություններին, որոնք վերաբերվում են համապատասխան գույքը անձին հանձնված չլինելու և հանցադեպի բացակայության վերաբերյալ փաստարկներին, թեև դրանք էության մեջ անհիմն են, սակայն այն փաստի հաշվառմամբ, որ տվյալ դեպքում բացակայում է համապատասխան հանցակազմը, մասնավորապես հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմը, տվյալ դեպքում բավարար չեն արդարացման դատական ակտը բեկանելու համար։ Եվ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալը պետք է արդարացվի միայն հանցակազմի բացակայության հիմքով։

(…) Ամփոփելով (…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքարկված դատական ակտով ամբաստանյալին համապատասխան հոդվածով արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված են ու բավարար չափով պատճառաբանված, Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա: Ուստի բողոքարկված դատական ակտը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան, (…) այն պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որպիսի պարագայում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

Մասնավորապես, բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» 2009 թվականի մարտի 12-ի թիվ 268-Ն որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը, ինչպես նաև դրա վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Սևակ Լսկավյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Հայաստանի Հանրապետության և «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջև ծագած իրավահարաբերությունը կրում է ոչ թե մասնավոր՝ քաղաքացիաիրավական բնույթ, ինչպես նշվել է ստորադաս դատարանների դատական ակտերում, այլ հանրային՝ վարչաիրավական բնույթ, քանի որ հիշյալ իրավահարաբերությունը ծագել է պետության գործադիր-կարգադրիչ գործունեության բնագավառում, և Հայաստանի Հանրապետությունը տվյալ դեպքում հանդես է եկել ոչ թե հավասար հիմունքներով, այլ որպես իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, որը մյուս կողմի հետ իր հարաբերության բովանդակությունը որոշել է միակողմանի կամահայտնությամբ, ուստի Ա.Ավետիսյանի արարքին անհրաժեշտ էր իրավական գնահատական տալ՝ հաշվի առնելով ոչ թե քաղաքացիաիրավական, այլ վարչաիրավական հարաբերությունների առանձնահատկությունները:

8.1. Վերոնշյալի հիման վրա, անդրադառնալով յուրացման հանցակազմի օբյեկտիվ կողմին՝ բողոք բերած անձը հայտնել է, որ տվյալ դեպքում պետության կողմից իր բացառիկ՝ պետական տուրքի գանձման լիազորության պատվիրակման արդյունքում «‎հիմնական» գույքային ֆոնդից բացի ձևավորվել է նաև վերջինիս մասը կազմող, սակայն առանձնացված «‎միջանկյալ» գույքային ֆոնդ, որի նպատակը պետության գույքը, տվյալ դեպքում՝ պետական տուրքը, պետության «‎հիմնական» գույքային ֆոնդ ուղղելն է։ Մինչդեռ, Ա.Ավետիսյանը, իրավական ակտի ուժով պարտավորված լինելով պետության «‎միջանկյալ» գույքային ֆոնդում եղած գույքը՝ պետական տուրքը, սահմանված ժամկետում փոխանցել պետության «‎հիմնական» գույքային ֆոնդ, չի կատարել դա՝ այդպիսով առանձնացնելով այն պետության գույքային ֆոնդից, այնուհետև միացնելով այն կազմակերպության գույքային ֆոնդին՝ վերջինիս հետ միասին իր հայեցողությամբ որոշել է դրա փաստացի ճակատագիրը, այսինքն՝ տնօրինել է այն՝ ուղղելով «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ ծախսերը հոգալուն: Ընդ որում, հիշյալ գործողությունները կատարվել են կազմակերպությունը պահպանելու և նախկինում ներդրած մեծ գումարները չկորցնելու նպատակով, ինչն էլ վկայում է հիշյալ գործողությունները շահադիտական դրդումներով կատարելու մասին, քանի որ վերջինիս դիտավորությունն ուղղված է եղել կազմակերպության բնականոն ձեռնարկատիրական գործունեությունն ապահովելուն, իսկ ցանկացած ձեռնարկատիրական գործունեության նպատակը շահույթ ստանալն է:

8.2. Բացի այդ, բողոքի հեղինակն ընդգծել է նաև, որ Ա.Ավետիսյանի ֆորսմաժորային իրավիճակում հայտնվելը, պետության կողմից ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելը, ինչպես նաև պարտքի մարման ժամանակացույց կազմելը որևէ իրավական նշանակություն չեն կարող ունենալ ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների բացակայությունը հաստատելու հարցում, և կարող են վկայել ընդամենը «Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության վատթարացման և դրա պատճառների, ինչպես նաև հանցանքն ավարտելուց հետո հանցավորի բարեխիղճ վարքագծի մասին։

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում Ա.Ավետիսյանին արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` «1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ [պատժվում է համապատասխան պատժաչափով]:

(...)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով՝ [պատժվում է համապատասխան պատժաչափով]»։

12. Յուրացման հանցակազմի և դրա հատկանիշների մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սևակ Լսկավյանի գործով որոշմամբ՝ արձանագրելով հետևյալը. «(…) Յուրացումը սեփականության անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հանցագործություն է, որը դասվում է հափշտակությունների շարքին: Յուրացման օբյեկտիվ կողմն արտահայտվում է հանցավորի կողմից իր լիազորությունների գործադրմամբ վստահված գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելով: Այսինքն` յուրացման դեպքում հանցավորը գույքն առանձնացնում է դրա սեփականատիրոջ գույքային ֆոնդից և միացնում իր կամ մեկ ուրիշի գույքային ֆոնդին` օգտագործելով այն լիազորությունները, որոնք նրան վերապահված են եղել այդ գույքի նկատմամբ: Այդ հանգամանքն ունի առանձնահատուկ նշանակություն անձի արարքում յուրացման հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայության հարցը քննարկելիս: Այդ համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հափշտակության առարկան հանցավորի ունեցած լիազորությունների ուժով առնվազն պետք է հանձնված լինի հանցավորի տիրապետությանը: Ընդ որում, այդ լիազորությունները պետք է բխեն որոշակի փաստական տվյալներից և պայմանավորված լինեն հանցավորի պարտականություններով, հատուկ հանձնարարություններով կամ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի դրույթներով:

Սուբյեկտիվ կողմից հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում իրեն վստահված գույքը հափշտակելուն: Հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով: Այսինքն` հանցանք կատարող անձը գիտակցում է իր կողմից ուրիշի գույքը յուրացնելու` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսում և ցանկանում է իրեն վերապահված լիազորությունների գործադրմամբ նյութական արժեքները սեփականատիրոջ գույքային ֆոնդից միացնել իր գույքային ֆոնդին (…)»4։

13. Վերահաստատելով վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրացումը` որպես հափշտակության եղանակ, բնութագրվում է հափշտակության ընդհանուր հատկանիշներով, մասնավորապես` ուրիշի գույքն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով, եթե վերջինս գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել5:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ յուրացումը համարվում է ավարտված, երբ հանցավորը, օգտագործելով իր օրինական տիրապետման ներքո գտնվող ուրիշի գույքի նկատմամբ իրեն վերապահված լիազորությունները, այն դարձնում է իրենը, ներառում իր սեփականության ֆոնդի մեջ։ Այլ խոսքով՝ յուրացումն ավարտված է համարվում այն պահից, երբ հանցավորին վստահված գույքի օրինական տիրապետումը դառնում է ապօրինի, հանցավորն առանց դրա օրինական հիմքերի և սեփականատիրոջ համաձայնության այն ներառում է իր գույքային ֆոնդի մեջ՝ իրական հնարավորություն ունենալով ազատորեն և սեփական հայեցողությամբ տնօրինել կամ օգտագործել այն, որոշել դրա «ճակատագիրը»։ Ընդ որում՝ յուրացման հանցակազմի համար նշանակություն չունի, թե գույքն իր սեփականության ֆոնդի մեջ ներառելուց հետո անձն ինչպես և ինչ նպատակով է այն տնօրինելու կամ դրա հետ վարվելու. այդպիսիք կարող են էական նշանակություն ունենալ, օրինակ, արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու հանցավորի անձը գնահատման ենթարկելիս։ Ավելին՝ արարքի որակման համար պարտադիր չէ նաև, որ հանցավորը գույքն անձնապես տնօրինի։

14. Միևնույն ժամանակ, անդրադառնալով յուրացման հանցակազմը մասնավոր-իրավական պայմանագրով ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումից սահմանազատելու անհրաժեշտությանը` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցավորի կողմից իրեն վստահված գույքի հափշտակմամբ բնութագրվող յուրացման հանցակազմը չի կարող նույնացվել մասնավոր-իրավական պայմանագրով ստանձնած գույքային պարտավորությունների չկատարման հետ, երբ կնքված պայմանագրով սահմանված կարգին համապատասխան քաղաքացիական իրավունքի օբյեկտը պարտավորական իրավահարաբերության մի սուբյեկտի կողմից չի հանձնվում մյուսին։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գույքի սեփականատիրոջ իրավունքների ենթադրյալ խախտումների կապակցությամբ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում: Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու, քաղաքացիական իրավահարաբերության օբյեկտի շուրջ ձևավորված վեճը լուծելու համար6:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Ա.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես «Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, պարտավորված լինելով գանձել և պետական բյուջե վճարել Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձանց վաճառված ավիատոմսերից առաջացած պետական տուրքի գումարները, 2014 թվականի ընթացքում իրականացրել է ուղևորափոխադրումներ, գանձել 681.923.052 դրամի չափով պետական տուրքի գումար և պետության կողմից իր ղեկավարած կազմակերպությանը փաստացի վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 681.923.052 դրամ գումարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարելու փոխարեն յուրացման եղանակով հափշտակել է՝ սեփական հայեցողությամբ տնօրինելով այն7։

Առաջին ատյանի դատարանը, առաջադրված մեղադրանքում Ա.Ավետիսյանին արդարացնելով, արձանագրել է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալին մեղսագրվող հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի մեջ մտնող և ապացուցման ենթակա հանգամանքներից ոչ մեկը, այն, որ Ա.Ավետիսյանն օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները՝ նախապես այդ գույքն առանձնացրել է սեփականատիրոջ գույքային ֆոնդից և ընդգրկել իր գույքային ֆոնդի մեջ8:

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Ա.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված են ու բավարար չափով պատճառաբանված, Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդել կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ տվյալ դեպքում առերևույթ առկա է համապատասխան կազմակերպության կողմից իր ստանձնած քաղաքացիաիրավական պարտականությունները չկատարելու մասով քաղաքացիաիրավական բնույթի վեճ, և ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառման համար9:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ա.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքում արդարացնելով, պատշաճ վերլուծության և իրավական գնահատականի չեն արժանացրել սույն քրեական գործով հաստատված փաստական տվյալների ամբողջությունը:

Այսպես՝ սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով հանրային են, դրանք ծագել են ոչ թե կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ կնքված պայմանագրից կամ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված պարտավորական իրավահարաբերությունների ծագման այլ հիմքերից, այլ ՀՀ Կառավարության կողմից 2009 թվականի մարտի 12-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» թիվ 268-Ն որոշումից։ Այսպես՝ վերոնշյալ որոշմամբ պետությունն իր՝ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձման լիազորությունը Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողների կողմից օդային փոխադրումների իրականացման դեպքում պատվիրակել է Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողներին՝ վերջիններիս պարտավորեցնելով հաշվարկել և սահմանած կարգով ու ժամկետում պետական բյուջե փոխանցել պետական տուրքի գումարները։ Այսինքն՝ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իրավահարաբերության սուբյեկտ, ավիափոխադրողի հետ հանդես է եկել ոչ թե հավասար հիմունքներով, այլ որպես իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ, որն իրավական նորմի ուժով՝ միակողմանի կարգադրությամբ որոշել է մյուս կողմի հետ իր հարաբերության բովանդակությունը։

Վերոնշյալ հանգամանքը ցույց է տալիս, որ «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության՝ ի դեմս տնօրեն Ա.Ավետիսյանի և Հայաստանի Հանրապետության միջև ծագած իրավահարաբերությունն ունեցել է հետևյալ բովանդակությունը. Ա.Ավետիսյանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած ավիափոխադրող «‎Էյր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը, ենթաօրենսդրական ակտի ուժով պարտավորված է եղել գանձել և օրենքով սահմանած կարգով ու ժամկետում պետական բյուջե փոխանցել ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գումարները։ Այսինքն՝ Ա.Ավետիսյանին պատկանող ավիաընկերությունը տվյալ իրավահարաբերության շրջանակներում կատարել է բացառապես միջնորդական դեր, այն է՝ ի կատարումն պետության կողմից իրեն պատվիրակված լիազորության, ապահովել է ավիատոմսի վճարի բաղկացուցիչ մասը կազմող և իր կողմից գանձվող պետական տուրքի վճարը պետության ֆոնդ ուղղելու պարտականությունը։

Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով ստորադաս դատարանների այն դատողությանը, թե ամբաստանյալ Ա․Ավետիսյանի վստահությանը հանձնված գույքը դուրս չի բերվել սեփականատիրոջ գույքային ընդհանուր ֆոնդից և չի ընդգրկվել իր սեփական գույքային ֆոնդի մեջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրացման հանցակազմի օբյեկտիվ կողմի արտաքին հատկանիշների դրսևորման տեսանկյունից սույն գործով էական համարվել չի կարող այն փաստը, թե տվյալ գույքը դուրս է բերվել արդեն իսկ պետության գույքային ֆոնդում գտնվող միջոցներից, թե ենթաօրենսդրական ակտի ուժով պարտադիր կերպով հօգուտ պետության գանձման ենթակա պետական տուրքերից, որոնցից էլ գոյացած միջոցները փաստացի կազմում են պետությանը պատկանող ֆոնդին պարտադիր կերպով փոխանցման ենթակա գումարներ։ Այլ խոսքով՝ այն պայմաններում, երբ պետության կողմից ավիափոխադրողին պատվիրակված է եղել հավաքագրելու և պետությանը փոխանցելու վաճառված ավիատոմսերից գանձված պետական տուրքերը, դա նշանակել է, որ դրանց հանրույթն ի սկզբանե զատված է եղել կազմակերպության հասույթից, և թեև ուղղակիորեն չի ներառվել պետական ֆոնդի մեջ, սակայն ենթակա է եղել փոխանցման պետության ֆոնդին, իսկ մուտքագրված միջոցները չէին կարող տնօրինվել այլ կերպ, քան պետության ֆոնդ ուղղելու ձևով։

16.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, սույն որոշման 13-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից մատնանշված՝ Ա.Ավետիսյանի ֆինանսական բարդ իրադրության մեջ հայտնվելու, պետության կողմից ընկերության հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու, «Էյր Արմենիա» ընկերությունում առանց նպատակային նշանակության «գեթ մեկ լումա» չելքագրվելու, ինչպես նաև պետական լիազոր մարմնի կողմից «Էյր Արմենիա» ընկերության հետ պարտքի մարման ժամանակացույց կազմելու և դրա մի մասն ընկերության կողմից կատարելու հանգամանքներին, Վճռաբեկ դատարանը դրանց առնչությամբ իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի՝ սույն որոշման 8.2-րդ կետում հայտնած փաստարկներին և գտնում, որ դրանք որևէ իրավական նշանակություն չէին կարող ունենալ ամբաստանյալի արարքում յուրացման հանցակազմի հատկանիշների առկայությունը բացառելու համար:

17. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Ա.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, պատշաճ գնահատման չեն ենթարկել վերջինին պատկանող՝ «Էյր Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված իրավահարաբերությունների բնույթն ու այդ համատեքստում տվյալ կազմակերպությանը՝ ենթաօրենսդրական ակտի ուժով վստահված ու փաստացի պետության ֆոնդին ուղղման ենթակա միջոցների տնօրինման հանգամանքները՝ նյութաիրավական նորմի մեկնաբանման հարցում հանգելով սխալ եզրահանգման։

Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

18. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, մասնավորապես, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը, ինչն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Ա.Ավետիսյանի արարքի քրեաիրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան հետևության։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415․1-րդ, 418․1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Արսեն Վարդգեսի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 268-269:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 10, թերթեր 87-124:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 102-121:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սևակ Լսկավյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0303/01/16 որոշման 12.1-րդ կետը։

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Դավիթ Ղամբարյանի և մյուսների գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԿԴ/0087/01/12, Գրիգոր Ղլիջյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ5/0005/01/14 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սևակ Լսկավյանի գործով վերը հիշատակված որոշման 12-12.3-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան