Գլխավոր տեղեկություն
Համար
N 583-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 29.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

          

28 ապրիլի 2022 թվականի N 583-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Խ-223-01.04.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-223-01.04.2022-ՊԻ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

          

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3971-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչպես նաև նույն փաթեթով՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

1) գործող քրեական օրենսգրքի 3971-ին հոդվածը վերախմբագրել, մասնավորապես` ըստ էության պահպանելով առկա կարգավորումները՝ հոդվածի դիսպոզիցիայում «Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով» ձևակերպումը փոխարինել «Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով» ձևակերպմամբ.

2) գործող քրեական օրենսգրքի 3971-ին հոդվածը լրացնել հետևյալ ձևակերպմամբ 2-րդ և 3-րդ մասերով՝

«2. Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:»:

Առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը վերաշարադրել՝ ըստ էության լրացնելով հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով. «2. Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը՝

պատժվում է տուգանքով՝ քառասնապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:»:

Բացի բովանդակային փոփոխություններից, առաջարկվում է որոշակի փոփոխությունների ենթարկել նաև սանկցիաները:

Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը:

ՀՀ քրեական գործող օրենսգրքի համապատասխան կարգավորումների վերլուծության ներքո նախևառաջ պետք է հստակ փաստել, որ օրենսդիրը, հաշվի առնելով քննարկվող հանցակազմի կարևորությունը և վտանգավորությունը, արդեն իսկ նախատեսել է քրեական պատասխանատվություն, մասնավորապես՝ գործող քրեական օրենսգրքի 3971-ին հոդվածը սահմանում է. «Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով (....)»:

ՀՀ քրեական նոր օրենսգրքի 136-րդ հոդվածն իր հերթին պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, արդարացնելու, դրանք քարոզելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով:

Ինչպես տեսնում ենք, գործող և նոր քրեական օրենսգրքերով արդեն իսկ սահմանված են ազգային, ռասայական, էթնիկ կամ կրոնական ատելության հիմքով ցեղասպանությունը և մարդկայնության դեմ ուղղված այլ հանցագործությունները հերքելու, արդարացնելու և դրանք քարոզելու՝ որպես ազգային, ռասայական, էթնիկ կամ կրոնական ատելության կամ անհանդուրժողականության դրսևորման դեմ պայքարի բավարար կառուցակարգեր։ Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված կարգավորումների ուժով Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը և արդարացումն արդեն իսկ քրեականացված են:

Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ գործող քրեական օրենսգրքի 3971-ին հոդվածով նախատեսված հանցակազմի դիսպոզիցիան, ի տարբերություն 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի դիսպոզիցիայի, ավելի նեղ է: Վերջին դեպքում օրենսդիրը, հաշվի առնելով քննարկվող արարքի հանրային բարձր վտանգավորությունը, պատասխանատվություն է նախատեսել այդ արարքների համար՝ անկախ կատարման եղանակից: Այլ կերպ, եթե գործող օրենսգրքում, որպես արարքը կատարելու եղանակ է նախատեսված համակարգչային համակարգի գործադրումը, ապա նոր քրեական օրենսգրքում այդպիսի եղանակն ընդգծված չէ հասարակ հանցակազմում և նախատեսված է որպես որակյալ հատկանիշ:

Վերոգրյալի համատեքստում պետք է նկատի ունենալ նաև այն, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է դեռևս 1988 թվականի նոյեմբերի 22-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, որը հաստատել է «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Ելնելով ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության բնույթից՝ գտնում ենք, որ ցանկացած ցեղասպանություն ինքնին հանցագործություն է և պետք է քրեականացվի (և քրեականացված է) ու արժանանա իրավական գնահատման միևնույն հարթության վրա՝ առանց մասնավորեցման և աստիճանակարգման:

Հիմքում ունենալով վերոգրյալը և այն, որ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որն ավելի համապարփակ և միջազգային պարտավորություններին համապատասխան կարգավորումներ է նախատեսում խնդրո առարկայի առնչությամբ, ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից՝ դրանով իսկ ՀՀ քրեական գործող օրենսգրքում փոփոխությունների կատարումը ժամանակային առումով դարձնելով աննպատակահարմար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծերով առաջարկվող փոփոխությունների կատարումից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան