ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-15, այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկադիր աճուրդների անցկացման վրա:»:
Հոդված 2.
Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Լոտի գնահատումը
1. Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:
Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:
3. Աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:
Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:
Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:
Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:
4. Կողմի առաջարկած մեկնարկային գնով աճուրդի կայացման դեպքում, ինչպես նաև եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով, ապա կատարողական վճարը վերադարձվում է այն վճարած կողմին:
Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, ապա կատարողական վճարը վերադարձման ենթակա չէ:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը, ոչ ուշ, քան առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:»:
Հոդված 4.
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:».
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում են պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին):
Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողը հրապարակում է մրցույթով ընտրված լրատվամիջոցով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև պարտադիր հրապարակման ենթակա գույքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մրցույթով ընտրված լրատվամիջոցով պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված և աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, իսկ Երևան քաղաքում իրականացվող աճուրդների դեպքում` նաև հարկադիր կատարման ծառայության Ինտերնետ կայքում ցանկը տեղադրելու միջոցով:».
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշմանը կից հրապարակային ծանուցումը կողմերն իրավունք ունեն իրենց միջոցներով` հարկադիր կատարման ծառայության անունից հրապարակելու ցանկացած այլ լրատվամիջոցով:»:
Հոդված 5.
«1. Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողը հայտարարում է չկայացած, եթե`
1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.
2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է ստորագրել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ սահմանված ժամկետում չի մուծել լոտի գնման գինը:»:
Հոդված 6.
«Հոդված 35. Երկրորդ և հետագա հարկադիր աճուրդները
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ:
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ:
Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չմուծելու կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում, իսկ հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:
3. Եթե աճուրդը համարվում է չկայացած սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված հիմքերով, ապա համապատասխան աճուրդի կայացումից հետո` 5 օրվա ընթացքում, պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) իրավունք ունեն սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին: Սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու դեպքում լոտի մեկնարկային գինը որոշվում է սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կանոններով:
4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն յոթ օր առաջ կատարվում է աճուրդի մասին հրապարակային ծանուցում:
5. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը (այդ թվում` գրավադրված գույքը) չվաճառվելու դեպքում դա առաջարկվում է պահանջատիրոջը` տվյալ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնով` անկախ գնի հավելման հանգամանքից: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններին պահանջի դիմաց առաջարկվում է ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր համաձայնությունը կարող է հայտնել հարկադիր կատարման ծառայությանը մինչև աճուրդի անցկացման նախորդ երրորդ օրվա ժամը 16.00-ն:
Եթե պահանջատերը հրաժարվում է լոտն ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:
7. Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա լոտը պահանջատերերին չի առաջարկվում:
8. Եթե պահանջատերը համաձայնվում է ստանալ գույքը (լոտը), ապա նրա և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին համապատասխան պայմանագիր: Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդի ծախսերը ծառայությանը վճարելուց հետո:
9. Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիրը կնքելը և լոտը հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
10. Չորրորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների):»:
Հոդված 7.
Սույն օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
(մասն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-134-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-134-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|