Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-188
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.07.2006-01.01.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.18/33(268) Հոդ.462
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին

 

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արմենիան Քափըր Փրոգրամ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ», «Միկա-ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ», «Երևանի ՋԷԿ», «Գաջեգործ» և «Գաջ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Մաքուր երկաթ», «Ասկե-Գրուպ» և Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:

Համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները տվյալ (այսուհետ` առաջիկա) բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված նախապայմանների կատարման դեպքում: Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարների հանրագումարից` պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան համայնքներին կատարված մասհանումների չափով:

(1-ին հոդվածը լրաց. 14.12.01 ՀՕ-281, խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 2. Բնապահպանական վճարներից համայնքների վարչական բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար:

 

Հոդված 3. (մասը հանվել է 14.12.01 ՀՕ-281)

Ծրագրի նախագիծը մշակում և հրապարակում է համայնքի ղեկավարը:

Ընկերությունները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական այլ անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` 15 օրյա ժամկետում:

Ծրագիրը ներառում է`

ա) համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի պահպանման ու վերականգնման միջոցառումները.

բ) համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ.

գ) ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները:

Մինչև Ծրագրի հաստատումը նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Համաձայնություն չտալու դեպքում Ծրագրի ներկայացման օրվանից` 15-օրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին և համապատասխան մարզպետին` նշելով համաձայնություն չտալու հիմքերը:

Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:

Բնապահպանության և առողջապահության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարի կողմից ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանու կողմից հաստատված ծրագրի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված մասհանումների շրջանակներում հատկացումներ նախատեսելու հարցը քննարկման առարկա դարձնելու նպատակով նշված ծրագիրը առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

ա) համադրելով սույն հոդվածի համաձայն ստացված բոլոր ծրագրերը և հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն օրենքի 1-ին հոդվածի համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում.

բ) մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնում է վերջիններիս կողմից ներկայացված ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք հատկացումների չափի մասին:

Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.01 ՀՕ-281)

 

Հոդված 4. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական վճարներից կատարվող մասհանման չափով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունիսի 2001 թ.
ՀՕ-188

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան