Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

Դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3739/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3739/02/17

Նախագահող դատավոր՝  Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ն. Կարապետյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահան Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վահան Խաչատրյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վահան Խաչատրյանը պահանջել է որպես ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում Նախարարությունից բռնագանձել՝ 5.893.800 ՀՀ դրամ գումար՝ որպես Վահան Խաչատրյանի և «Կարդինալ Ա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով ստանալիք գումարի փոխհատուցում (բաց թողնված օգուտ), 1.500.000 ՀՀ դրամ գումար՝ որպես Վահան Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Հարությունյանի կողմից վճարված փաստաբանական ծառայության գումար, 300.000 ՀՀ դրամ գումար՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում Վահան Խաչատրյանի շահերը պաշտպանելու նպատակով վերջինիս կողմից վճարված փաստաբանական ծառայությունների գումար, 300.000 ՀՀ դրամ գումար՝ որպես 12.09.2017 թվականին Վահան Խաչատրյանի հետ կնքված իրավաբանական ծառայությունների պայմանագրով նախատեսված գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Մազմանյան) 08.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Տ. Նազարյան, Ն. Բարսեղյան, Ս.Թորոսյան) 07.03.2019 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2018 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է, և գործը` հայցը` 5.893.800 ՀՀ դրամ բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը բավարարելուն և դրան վերաբերող դատական ծախսերի (117.876 ՀՀ դրամ պետական տուրքի և 180.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության ծախսեր) մասերով, ուղարկվել է նույն դատարան` բեկանված մասով նոր քննության: Վճիռը չբեկանված մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 23.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Նախարարության, հօգուտ հայցվոր Վահան Խաչատրյանի բռնագանձվել է 5.893.800 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնաս և 180000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2020 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23.03.2020 թվականին կայացված վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործն ուղարկվել է նոր քննության (դատավոր Գ. Խանդանյանը ներկայացրել է հատուկ կարծիք որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի դեմ):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Խաչատրյանը (ներկայացուցիչ Արզուման Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Տավրոս Գևորգյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 162.1-րդ, 1063-րդ, 1064-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 59-րդ, 62-րդ, 66-րդ, 74-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ, 70-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ հայցվորի ներկայացուցչի կողմից գործի նոր քննության ընթացքում փաստաբանական հարցում է ուղարկվել ՌԴ Մոսկվա քաղաք, Ընկերությանը, որին ի պատասխան 28.08.2019 թվականին Ընկերության կնիքով և տնօրենի ստորագրությամբ ստացվել է պատասխան, համաձայն որի՝ «…20.11.2014թ.-ին «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲ ընկերության (Պատվիրատու) և այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Վահան Սուրենի Խաչատրյանի (Կատարող) միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր…»: Հայցվորը գտնվելով անազատության մեջ, չի կարողացել կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները Ընկերության հանդեպ։ Այսինքն՝ պետական մարմնի ոչ օրինաչափ գործողության (անգործության) արդյունքում հայցվոր Վահան Խաչատրյանն ապօրինի կերպով զրկվել է ազատությունից, ինչի արդյունքում կրել է 5.893.800 ՀՀ դրամ գումարի չափով վնաս (բաց թողնված օգուտ), քանի որ 11.03.2015 թվականից մինչև 08.08.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ գտնվելու և ապօրինի կերպով ազատազրկվելու պատճառով զրկվել է պայմանագրով սահմանված 5.893.800 ՀՀ դրամ գումարից:

Մինչդեռ՝ պատասխանողը, հնարավորություն ունենալով ապացուցելու նշված փաստի հակառակը, չի ներկայացրել որևէ ապացույց, ինչպես նաև չի հիմնավորել այն հանգամանքը, որ հնարավորություն չունի ինքնուրույն ձեռք բերելու հակառակը հավաստող ապացույցը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վահան Խաչատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Նախարարությունը «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 4-րդ, 5-րդ հոդվածների համաձայն միջնորդություն է ներկայացրել Դատարան պարզելու համար արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունում գործող Ընկերության և հայցվորի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքվել է, թե`ոչ, քանի որ վստահություն չի ունեցել նշված պայմանագրի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ պատասխանող կողմի համար անհրաժեշտ ապացույցների ներկայացումը դարձել է անհնարին, հետևաբար այդ դատավարական գործողություններն իրականացնելու հնարավորություն ընձեռելու կապակցությամբ առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2016 թվականի թիվ ԵԱԴԴ/0001/01/16 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Վահան Խաչատրյանն արդարացվել է և ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից։

Դատավճռով հաստատված է համարվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Է. Հովհաննիսյանի՝ 28.06.2012 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հայցվորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

ՀՀ ԿԱ ՊԵԿ քննության վարչության ավագ քննիչ Ա.Ուզունյանի 11.12.2012 թվականի որոշմամբ թիվ 83158312 քրեական գործով հայցվորը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով։

ՀՀ ԿԱ ՊԵԿ քննության վարչության ավագ քննիչ Ա. Ուզունյանի 11.12.2012 թվականի որոշմամբ թիվ 83158312 քրեական գործով հայցվորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Ուզունյանի 22.12.2015 թվականի որոշմամբ թիվ 83158312 քրեական գործով մեղադրյալ Վահան Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Նույն հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել՝ մեղադրանքի հիմքում դնելով 16.10.2015 թվականի դատահաշվապահական փորձաքննության թիվ 15-1843 եզրակացությամբ հաշվարկված 12.200.917 ՀՀ դրամ ապառքի գումարը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքների համար, որ հայցվորը, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում հաշվառված ընկերության միակ հիմնադիրն ու տնօրենը, 2009-2010 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում ամբողջությամբ չվճարելու հետևանքով, առաջացել է 25.208.264 ՀՀ դրամ գումարի հարկային պարտավորություններ, որից հարկի գումարը կազմել է 12.200.917 ՀՀ դրամ։

Վահան Խաչատրյանը 10.03.2015 թվականին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

11.03.2015 թվականից մինչև դատավճռի կայացման օրը՝ 08.08.2016 թվականը Վահան Խաչատրյանի նկատմամբ կիրառված է եղել կալանավորումը որպես խափանման միջոց և վերջինս շուրջ մեկ ու կես տարի գտնվել է անազատության մեջ (հատոր 1-ին, գ.թ. 11-46)։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 10.01.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/0001/01/16 որոշմամբ մերժվել է վերոնշյալ քրեական գործով պետական մեղադրողի բերած վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ է թողնվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2016 թվականի դատավճիռը (հատոր 1-ին, գ.թ. 48-61 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 05.05.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/0001/01/16 որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 62-64

3. «Կարդինալ Ա» ՓԲԸ-ն և հայցվորի միջև 20.11.2014 թվականին կնքվել է պայմանագիր, որը գործել է մինչև 30.11.2015 թվականը, համաձայն որի՝ Վահան Խաչատրյանը պարտավորվել է Ընկերությանը մատուցել որոշակի ծառայություններ, այն է՝ Ընկերության կողմից ՌԴ Մոսկվա քաղաքի Բաշիլոժսկայա փողոցի թիվ 1 հասցեում կատարվելիք շինարարական աշխատանքների համար նախագծել և համապատասխան ժամկետներում ընկերությանը տրամադրել կատարվելիք շինաշխատանքների նյութածախսի հաշվարկը, ինչպես նաև իրականացնել օգտագործված շինարարական նյութերի նկատմամբ հսկողություն։ Հայցվորի կողմից ծառայությունները պետք է կատարվեին երեք փուլով, որի դիմաց ընկերությունը պարտավորվել է հայցվորին վճարել 660.000 ՌԴ ռուբլի, որը պայմանագիր կնքելու օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի փոխարժեքով կազմել է 5893800 ՀՀ դրամ: (հատոր 2-րդ, գ.թ. 12-16)։

4. Սույն գործի քննության ընթացքում Նախարարությունը վիճարկել է հայցվորի և Ընկերության միջև ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրն իրականում կնքված լինելու հանգամանքը, նշելով, որ հայցվորի և Ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի իսկությունը ստուգելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարցում է կատարել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, որին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարություն է ուղարկվել ՌԴ արտաքին գործերի նախարարության թիվ 292 հայտագրի պատճենը և որի արդյունքում միջնորդություն է ներկայացրել համապատասխան կենտրոնական մարմնի միջոցով նշված պայմանագրի իսկության փաստը ստուգելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 104-106):

5. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պայմանագրի ռուսերենից հայերեն թարգմանությունը հաստատվել է նոտարի կողմից, ինչն էլ հաստատում է դրա իսկությունը:

6. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 07.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարելով նշել է, որ. «(…) Դատարանը, մերժելով ներկայացված միջնորդությունը, սահմանափակել է այդ հանգամանքի հաստատմանն ուղղված ապացույցներ ձեռք բերելու կողմի իրավունքը, ուստի այդ դատավարական գործողություններն իրականացնելու հնարավորություն ընձեռելու կապակցությամբ առաջանում է գործի նոր քննության անհրաժեշտություն (…)» (հատոր 3-րդ, գ.թ. 76-84):

7. Գործի նոր քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը փաստաբանական հարցում է ուղարկել Ընկերությանը ու ստացել է 28.08.2019 թվագրմամբ գրությունը՝ վավերացված Ընկերության կնիքով և տնօրեն Պ. Պետրոսյանի ստորագրությամբ, համաձայն որի՝ «20.11.2014 թվականին «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲ ընկերության /Պատվիրատու/ և այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Վահան Սուրենի Խաչատրյանի /Կատարող/ միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով Վահան Խաչատրյանը պարտավորվել էր «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲԸ մատուցել որոշ ծառայություններ, այն է՝ Ընկերության կողմից ՌԴ Մոսկվա քաղաքի Բաշիլովսկայա փողոցի թիվ 1 հասցեում կատարվելիք շինարարական աշխատանքների համար նախագծել և համապատասխան ժամկետներում Ընկերությանը տրամադրել կատարվելիք շինարարական աշխատանքների նյութածախսի հաշվարկը, պետք է իրականացներ օգտագործված համապատասխան աշխատանքների նյութածախսի հաշվարկը, ինչպես նաև պետք է իրականացներ օգտագործված համապատասխան շինարարական նյութերի նկատմամբ հսկողություն և այլն: Պայմանագիրը կնքվել է 1 (մեկ) տարի ժամկետով և գործելու էր մինչև 30.11.2015 թվականը: Պայմանագրով նախատեսված ծառայությունները բարեխիղճ, ժամանակին և որակով կատարելու դեպքում Ընկերությունը պարտավորվել էր Վահան Խաչատրյանին վճարել 660.000 ՌԴ ռուբլի:

 

Կատարողի (Վահան Խաչատրյանի) կողմից չեն կատարվել իր ստանձնած պարտավորությունները, հետևաբար՝ Ընկերության կողմից միակողմանի լուծվել է 02.11.2014 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, հետևաբար՝ Ընկերությունը չի վճարել Կատարողին՝ չմատուցված ծառայություների դիմաց» (հատոր 4-րդ, գ.թ. 116):

8. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 17.10.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Նախարարության ներկայացուցիչը վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները խնդրել է. «Վերը նշված իրավանորմերի ուժով համապատասխան մարմինների միջոցով ստուգել Ռուսաստանի Դաշնությունում գործող «Կապիտալ-Ա» ՓԲԸ-ի և Վահան Խաչատրյանի միջև կնքված «Ծառայությունների մատուցման պայմանագրի» իսկությունը» (հատոր 4-րդ, գ.թ. 29-32):

9. Նախարարության ներկայացուցիչը Դատարանի հարցադրմանը, թե պայմանագրի իսկությունը ստուգելու համար ինչ գործողություններ և ապացույցներ են անհրաժեշտ, տվել է անորոշ և իրարամերժ պատասխաններ: Վերոգրյալը համադրելով նույն դատական նիստում հայցվորի ներկայացուցչի կողմից փաստաբանական հարցման արդյունքում ստացված պատասխանի հետ Դատարանը մերժել է պատասխանողի ընդհանրական բնույթ կրող միջնորդությունը:

10. Վերաքննիչ դատարանը 21.10.2020 թվականի որոշմամբ կրկին բեկանել է Դատարանի վճիռը՝ արձանագրելով, որ « () պատասխանողը զրկվել է Դատարանում իր վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ինչի պայմաններում առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն»։

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործի նոր քննությունը վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելու հարցին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`միջնորդություններ անելու, ():

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույց, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործին մասնակցող անձը կարող է հայտարարել գործին մասնակցող այլ անձի ներկայացրած գրավոր ապացույցի ոչ իսկական լինելու մասին մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է մինչ այդ դրա անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է նաև, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձն իրավունք ունի հարուցելու միջնորդություն` ապացույց պահանջելու վերաբերյալ: Ընդ որում, միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, ինչպես նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը: Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը: Հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիների, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում օգտվում են իրենց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք իրավունք ունեն ազատ և անարգել դիմելու մյուս Պայմանավորվող կողմերի դատարաններ, դատախազություն, ներքին գործերի մարմիններ, անվտանգության մարմիններ և այլ հիմնարկներ, որոնց իրավասության մեջ են մտնում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետ` արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

Մինսկի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները սույն հոդվածի 1-ին կետում նշված գործերով իրավական օգնություն են ցույց տալիս նաև Պայմանավորվող կողմերի մյուս հիմնարկներին: Իրավական օգնությունը ցույց է տրվում հանձնարարությունների և սույն Կոնվենցիայով նախատեսված այլ դիմումների հիման վրա, որոնք հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներն ուղարկում են հայցող Պայմանավորվող կողմին:

Մինսկի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միմյանց հետ առնչվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հարաբերությունների այլ կարգ սահմանված չէ:

Մինսկի կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության մեջ պետք է նշվեն.

ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

գ) այն գործի անվանումն ու համարը, որով իրավական օգնություն է հայցվում,

դ) ֆիզիկական անձի մասին տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, բնակության վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը. իրավաբանական անձի վերաբերյալ` անվանումը, իրավաբանական հասցեն կամ գտնվելու վայրը, բանկային տվյալները և հարկային կոդերը.

ե) «դ» ենթակետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց ազգանունները, անունները, հայրանուններն ու հասցեները.

 

զ) հանձնարարությունն ստանալու կամ դրա կատարման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությունը.

է) հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները:

Նույն հոդվածի 2-3-րդ մասերի համաձայն՝ փաստաթուղթ հանձնելու մասին հանձնարարության մեջ պետք է նաև նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը: Հանձնարարությունը պետք է ստորագրվի այն անձի կողմից, որի վարույթում գտնվում է գործը, և ամրագրվի հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի զինանշանի պատկերն ունեցող կնիքով: Հանձնարարության մեջ նշվում են նաև հաղորդակցման հեռախոսները և կապի այլ միջոցները:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ պայմանավորվող պետությունների քաղաքացիները, պայմանավորվող կողմերի տարածքներում, օգտվում են նույն իրավական պաշտպանությունից և իրավունք ունեն դիմելու մյուս պետության դատարաններ, դատախազություն, ներքին գործերի մարմիններ, անվտանգության մարմիններ և այլ հիմնարկներ, որոնց իրավասության մեջ են մտնում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը, հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ պայմանավորվող կողմի քաղաքացիները: Այսինքն՝ կոնվենցիայի դրույթներին համապատասխան պետք է ցույց տրվի փոխադարձ իրավական օգնություն: Իրավական օգնությունը ցույց է տրվում հանձնարարությունների և կոնվենցիայով նախատեսված այլ դիմումների հիման վրա, որոնք հայցող պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներն ուղարկում են հայցող պայմանավորվող կողմին: Արդարադատության հիմնարկները միմյանց հետ առնչվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե այլ կարգ սահմանված չէ: Ընդ որում՝ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության մեջ պետք է նշվեն՝ հայցվող պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը, հայցող պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը, այն գործի անվանումն ու համարը, որով իրավական օգնություն է հայցվում, ֆիզիկական անձի մասին տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, բնակության վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը. իրավաբանական անձի վերաբերյալ` անվանումը, իրավաբանական հասցեն կամ գտնվելու վայրը, բանկային տվյալները և հարկային կոդերը, նրանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց ազգանունները, անունները, հայրանուններն ու հասցեները, հանձնարարությունն ստանալու կամ դրա կատարման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությունը, հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները և այլն :

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 11.12.2012 թվականին Վահան Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով: Նույն օրը Վահան Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 22.12.2015 թվականին Վահան Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է՝ նույն հոդվածով առաջադրելով մեղադրանք, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: 10.03.2015 թվականին Վահան Խաչատրյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Այնուհետև՝ 11.03.2015 թվականին Վահան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահան Խաչատրյանը անազատության մեջ է գտնվել 11.03.2015 թվականից մինչև 08.08.2016 թվականն ընկած ժամանակահատվածում, քանի որ 08.08.2016 թվականին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով հայցվորն արդարացվել է և ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից։

Վահան Խաչատրյանի և Ընկերության միջև 20.11.2014 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով հայցվորը պարտավորվել է Ընկերության կողմից ՌԴ Մոսկվա քաղաքի Բաշիլոժսկայա փողոցի թիվ 1 հասցեում կատարվելիք շինարարական աշխատանքների համար նախագծել և համապատասխան ժամկետներում ընկերությանը տրամադրել կատարվելիք շինաշխատանքների նյութածախսի հաշվարկը, ինչպես նաև պետք է իրականացներ օգտագործված շինարարական նյութերի նկատմամբ հսկողություն։ Հայցվորի կողմից ծառայությունները պետք է կատարվեին երեք փուլով, որի դիմաց ընկերությունը պարտավորվել էր հայցվորին վճարել 660.000 ՌԴ ռուբլի, որը պայմանագիր կնքելու օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի փոխարժեքով կազմել էր 5.893.800 ՀՀ դրամ։ Մինչդեռ՝ գտնվելով անազատության մեջ, հայցվորը չի կարողացել կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները Ընկերության հանդեպ։

Դիմելով դատարան` Վահան Խաչատրյանը պահանջել է որպես ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում Նախարարությունից բռնագանձել՝ 5.893.800 ՀՀ դրամ գումար՝ որպես Վահան Խաչատրյանի և «Կարդինալ Ա» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով ստանալիք գումարի փոխհատուցում (բաց թողնված օգուտ), 1.500.000 ՀՀ դրամ գումար:

Սույն գործի քննության ընթացքում Նախարարությունը վիճարկել է հայցվորի և Ընկերության միջև ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրն իրականում կնքված լինելու հանգամանքը, նշելով, որ հայցվորի և Ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի իսկությունը ստուգելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարցում է կատարել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, որին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարություն է ուղարկվել ՌԴ արտաքին գործերի նախարարության թիվ 292 հայտագրի պատճենը և որի արդյունքում միջնորդություն է ներկայացրել համապատասխան կենտրոնական մարմնի միջոցով նշված պայմանագրի իսկության փաստը ստուգելու վերաբերյալ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պայմանագրի ռուսերենից հայերեն թարգմանությունը հաստատվել է նոտարի կողմից, ինչն էլ հաստատում է դրա իսկությունը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08102018 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն և բեկանված մասով գործն ուղարկել նոր քննության`գործի նոր քննության ծավալ սահմանելով հայցվորի կողմից բաց թողնված օգուտի տեսքով վնասի պահանջի մասով ապացուցման ենթակա փաստերի (վիճելի փաստեր) շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև ճիշտ բաշխելու արդյունքում վնասի առկայության (5.893.800 ՀՀ դրամ բաց թողնված օգուտ) պարզումը:

 

Գործի նոր քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը փաստաբանական հարցում է ուղարկել Ընկերությանը ու ստացել է 28.08.2019 թվագրմամբ գրությունը՝ վավերացված Ընկերության կնիքով և տնօրեն Պ. Պետրոսյանի ստորագրությամբ, համաձայն որի՝ «20.11.2014 թվականին «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲ ընկերության (Պատվիրատու) և այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Վահան Սուրենի Խաչատրյանի (Կատարող) միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով Վահան Խաչատրյանը պարտավորվել էր «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲԸ մատուցել որոշ ծառայություններ, այն է՝ Ընկերության կողմից ՌԴ Մոսկվա քաղաքի Բաշիլովսկայա փողոցի թիվ 1 հասցեում կատարվելիք շինարարական աշխատանքների համար նախագծել և համապատասխան ժամկետներում Ընկերությանը տրամադրել կատարվելիք շինարարական աշխատանքների նյութածախսի հաշվարկը, պետք է իրականացներ օգտագործված համապատասխան աշխատանքների նյութածախսի հաշվարկը, ինչպես նաև պետք է իրականացներ օգտագործված համապատասխան շինարարական նյութերի նկատմամբ հսկողություն և այլն: Պայմանագիրը կնքվել է 1 (մեկ) տարի ժամկետով և գործելու էր մինչև 30.11.2015 թվականը: Պայմանագրով նախատեսված ծառայությունները բարեխիղճ, ժամանակին և որակով կատարելու դեպքում Ընկերությունը պարտավորվել էր Վահան Խաչատրյանին վճարել 660.000 ՌԴ ռուբլի:

Կատարողի (Վահան Խաչատրյանի) կողմից չեն կատարվել իր ստանձնած պարտավորությունները, հետևաբար՝ Ընկերության կողմից միակողմանի լուծվել է 02.11.2014 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, հետևաբար՝ Ընկերությունը չի վճարել Կատարողին՝ չմատուցված ծառայություների դիմաց»:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 17.10.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Նախարարության ներկայացուցիչը վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները խնդրել է. «Վերը նշված իրավանորմերի ուժով համապատասխան մարմինների միջոցով ստուգել Ռուսաստանի Դաշնությունում գործող «Կապիտալ-Ա» ՓԲԸ-ի և Վահան Խաչատրյանի միջև կնքված «Ծառայությունների մատուցման պայմանագրի» իսկությունը»: Միևնույն ժամանակ Նախարարության ներկայացուցիչը Դատարանի հարցադրմանը, թե պայմանագրի իսկությունը ստուգելու համար ինչ գործողություններ և ապացույցներ են անհրաժեշտ, տվել է անորոշ և իրարամերժ պատասխաններ:

Մի դեպքում նշելով, որ հայցվորը կարող էր աշխատանքները կատարել մինչև կալանքի տակ գտնվելը, կամ դրանից հետո, մյուս դեպքում էլ նշելով, որ հնարավոր է արդեն իսկ ստացած լինի պայմանագրով որոշված վարձատրության գումարը և այդ տեղեկությունները կարող են լինել Ռուսաստանի Դաշնության պետական եկամուտների կոմիտեում, այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ ապացույցներ և որ մարմիններից է պահանջվում և որ հանգամանքի հիմքով է դրանք ինքնուրույն ստանալն անհնարին (տե´ս, 17.10.2019 թվականի դատական նիստի արձանագրությունը):

Վերոգրյալը համադրելով նույն դատական նիստում հայցվորի ներկայացուցչի կողմից փաստաբանական հարցման արդյունքում ստացված պատասխանի հետ՝ Դատարանն իրավաչափորեն մերժել է պատասխանողի ընդհանրական բնույթ կրող միջնորդությունը:

Դատարանը գործի նոր քննությամբ հայցվորի ներկայացրած ապացույցը բավարար է համարել՝ արձանագրելու համար հայցվորի և Ընկերության միջև ծառայությունների մատուցման պայմանագրի կնքմամբ պայմանավորված պարտավորական հարաբերությունների փաստի հաստատված լինելը: Դատարանը նշել է, որ պատասխանողը, իրավունք ունենալով ապացուցելու նշված փաստի հակառակը, դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց, ինչպես նաև ապացույց այն մասին, որ հնարավորություն չունի ինքնուրույն ձեռք բերելու հակառակը հիմնավորող ապացույցը:

Վերաքննիչ դատարանը 21.10.2020 թվականի որոշմամբ կրկին բեկանել է Դատարանի վճիռը՝ արձանագրելով, որ «ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այդ ապացույցը ձեռք բերելու միակ հնարավորությունը եղել է Դատարան միջնորդության ներկայացումը և Դատարանի կողմից նման հարցում կատարելու խնդրանքով ՀՀ արդարադատության նախարարությանը դիմելը, ինչը ամրագրվել է նաև սույն գործով Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ։ Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանողը զրկվել է Դատարանում իր վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ինչի պայմաններում առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն»։

 

Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին և արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 07.03.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն փաստել է, որ Նախարարությանը պետք է հնարավորություն տալ իրացնել ապացույց ձեռք բերելու իր իրավունքը։ Գործի նոր քննության ընթացքում Դատարանը հետևելով Վերաքննիչ դատարանի սահմանած ծավալին կրկին քննարկել է Նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում ապացույցի իսկությունը պարզելու վերաբերյալ: Միջնորդության քննության ընթացքում միջնորդություն ներկայացնող անձը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչ պայմաններով և որ իրավասու մարմինների միջոցով պետք է իրականացվի Մինսկի կոնվենցիայով սահմանված իրավական փոխօգնությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև: Առավել ևս, որ պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացված պայմանագրի իսկությունը վիճարկել է միայն նշված պայմանագրի վերաբերյալ վստահություն չունենալու հիմքով, որևէ կերպ չհիմնավորելով պայմանագրի կնքված չլինելու հանգամանքը: Իսկ ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցչի պատճառաբանությանն այն մասին, որ բացառապես Ռուսաստանի Դաշնության հարկային մարմիններում գրանցված պայմանագիրը կարող է համարվել իսկական, ապա նշվածը միջնորդությունը բավարարելու հիմք հանդիսանալ չէր կարող, քանի որ սույն գործով հայցվոր Վահան Խաչատրյանի բաց թողնված օգուտի տեսքով վնասի հատուցումը որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել երրորդ անձի կողմից իր հարկային պարտավորությունները կատարված կամ չկատարված լինելու հանգամանքով:

Այսպիսով՝ Դատարանը, իրականացնելով վերադաս ատյանի սահմանած ծավալին հետևելու՝ ստորադաս դատարանի պարտականությունը, քննության է առել Նախարարության միջնորդությունը, գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելով, հայցվորի կողմից բաց թողնված օգուտի տեսքով վնասի պահանջի մասով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը պարզելով և ապացուցման պարտականությունը կողմերի միջև ճիշտ բաշխելու արդյունքում, ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ, այն անհիմն լինելու հիմքով՝ մերժել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին այն մասին, որ գործի նոր քննության ընթացքում Դատարանը չի հետևել Վերաքննիչ դատարանի սահմանած ծավալին և կրկնելով գործի նախորդ քննության ընթացքում առաջին ատյանի դատարանի թույլ տված սխալը՝ դարձյալ մերժել է Նախարարության միջնորդությունը՝ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում ապացույցի իսկությունը պարզելու վերաբերյալ, անհիմն են, քանի որ սույն գործով Նախարարության ներկայացուցիչը ապացույցների բաշխման փուլում, դատական նիստում, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները խնդրել է. «Վերը նշված իրավանորմերի ուժով համապատասխան մարմինների միջոցով ստուգել Ռուսաստանի Դաշնությունում գործող «Կապիտալ-Ա» ՓԲԸ-ի և Վահան Խաչատրյանի միջև կնքված «Ծառայությունների մատուցման պայմանագրի» իսկությունը»։ Նախարարության ներկայացուցիչը Դատարանի հարցադրմանը, թե պայմանագրի իսկությունը ստուգելու համար ինչ գործողություններ և ապացույցներ են անհրաժեշտ, տվել է անորոշ և իրարամերժ պատասխաններ: Վերոգրյալը համադրելով նույն դատական նիստում հայցվորի ներկայացուցչի կողմից փաստաբանական հարցման արդյունքում ստացված պատասխանի հետ՝ Դատարանը մերժել է պատասխանողի ընդհանրական բնույթ կրող միջնորդությունը։

Տվյալ դեպքում, հայցվորը, հայցի փաստական հիմքում դնելով պատասխանողի գործողությունների արդյունքում իրեն վնաս պատճառելու փաստը, հիմնվելով «Կարդինալ Ա» ՓԲԸ-ն հետ 20.11.2014 թվականին կնքված պայմանագրի նոտարական կարգով վավերացված թարգմանության վրա, Դատարանից պահանջել է վերջինիցս բռնագանձել պայմանագրով սահմանված գումարը, որպես բաց թողնված օգուտ: Հայցվորը, ըստ էության կրելով նշված փաստն ապացուցելու պարտականությունը, Դատարանին է ներկայացրել նաև Ընկերության տնօրեն Պ. Պետրոսյանի ստորագրությամբ և կնիքով հաստատված 28.08.2019 թվականի գրությունը:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Ընկերության և հայցվորի միջև 20.11.2014 թվականին կնքված և նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ Դատարանին ներկայացված պայմանագրի բնօրինակը, այնպես էլ Ընկերության տնօրեն Պ. Պետրոսյանի ստորագրությամբ և կնիքով հաստատված 28.08.2019 թվականի գրությունը սույն գործի շրջանակներում հանդիսանում են արժանահավատ ապացույցներ և գրավոր ապացույց համարվելով հանդերձ՝ դրա գնահատումը Դատարանի կողմից իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նշված հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած վերոգրյալ դիրքորոշումները: Այլ կերպ ասած՝ վերը նշված փաստաթղթերը Դատարանը գնահատել է գործում առկա այլ ապացույցների համատեքստում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից:

 

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի փաստարկներն անհիմն են, քանի որ հայցվորը, որպես Ընկերության և Վահան Խաչատրյանի միջև ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման առկայության ապացույց Դատարան է ներկայացրել կողմերի միջև 20.11.2014 թվականին կնքված պայմանագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, ինչը դատարանի կողմից համարվել է բավարար ապացույց պայմանագրային հարաբերությունների փաստը հաստատված համարելու համար: Ավելին՝ Ընկերության 28.08.2019 թվականի գրությամբ մեկ անգամ ևս հիմնավորվել է ինչպես կողմերի միջև ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքված լինելու փաստը, այնպես էլ մատուցվելիք ծառայությունների բնույթի, վճարվելիք գումարի, ծառայությունների մատուցման ժամանակահատվածների և, իհարկե, ծառայությունների չմատուցման արդյունքում այն լուծված լինելու հանգամանքները: Այսինքն՝ այս գրությամբ արդեն իսկ ապացուցվում է կողմերի միջև ծառայությունների մատուցման հարաբերությունների առկայության փաստը, որի վերաբերյալ պատասխանողի կողմից որևէ առարկություն չի ներկայացվել: Հետևաբար Դատարանը գործի նոր քննության փուլում հայցվորի ներկայացրած նշված ապացույցն իրավացիորեն բավարար է համարել՝ արձանագրելու համար հայցվորի և Ընկերության միջև ծառայությունների մատուցման Պայմանագրի կնքմամբ պայմանավորված պարտավորական հարաբերությունների փաստի հաստատված լինելը: Առավել ևս, որ պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացված պայմանագրի իսկությունը վիճարկել է միայն նշված պայմանագրի վերաբերյալ վստահություն չունենալու հիմքով, որևէ կերպ չհիմնավորելով պայմանագրի կնքված չլինելու հանգամանքը:

Հաշվի առնելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 21.10.2020 թվականի որոշման մեջ նշված` հարուցված միջնորդությունը մերժելու վերաբերյալ եզրահանգումները չեն բխում սույն գործի փաստերից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով Դատարանի վճիռը նույն հիմքով երկրորդ անգամ բեկանելու մասին որոշում, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ, 66-րդ հոդվածների խախտում, որի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, այն է՝ Դատարանին անհիմն կերպով վերագրվել է ապացույց պահանջելու կարգի վերաբերյալ դատավարական նորմի խախտում և իր հերթին չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա եզրահանգումներ կայացնելու իր պարտականությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով բողոք բերած անձ Վահան Խաչատրյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «է.1» կետի հիմքով ազատված է պետական տուրքի վճարումից:

ՀՀ կառավարությունը վճարել է 176.876 ՀՀ դրամ` վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարը:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ բեկանման ինչի արդյունքում Վահան Խաչատրյանի հայցը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը պետք է կրի պատասխանող կողմը հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարությունից պետական բյուջե պետք է բռնագանձել 176.814 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2020 թվականի վճռին:

2. ՀՀ կառավարությունից պետական բյուջե բռնագանձել 176.814 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/3739/02/17 քաղաքացիական գործով 10.12.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Վահան Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2020 թվականի որոշման դեմ՝ Վահան Խաչատրյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով քաղաքացուն պատճառված նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2020 թվականի վճռին»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Մ. Դրմեյանս, Ռ. Հակոբյանս և Գ. Հակոբյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 10.12.2021 թվականին թիվ ԵԿԴ/3739/02/17 քաղաքացիական գործով կայացված որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքը Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահան Խաչատրյանը պահանջել է որպես ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում Նախարարությունից բռնագանձել՝ 5.893.800 ՀՀ դրամ գումար՝ որպես Վահան Խաչատրյանի և «Կարդինալ-Ա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով ստանալիք գումարի փոխհատուցում (բաց թողնված օգուտ), 1.500.000 ՀՀ դրամ գումար՝ որպես Վահան Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Հարությունյանի կողմից վճարված փաստաբանական ծառայության գումար, 300.000 ՀՀ դրամ գումար՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում Վահան Խաչատրյանի շահերը պաշտպանելու նպատակով վերջինիս կողմից վճարված փաստաբանական ծառայությունների գումար, 300.000 ՀՀ դրամ գումար՝ որպես 12.09.2017 թվականին Վահան Խաչատրյանի հետ կնքված իրավաբանական ծառայությունների պայմանագրով նախատեսված գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Մազմանյան) 08.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ Տ. Նազարյան,  Ն. Բարսեղյան, Ս.Թորոսյան) 07.03.2019 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2018 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է, և գործը` 5.893.800 ՀՀ դրամ բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասը բավարարելուն և դրան վերաբերող դատական ծախսերի (117.876 ՀՀ դրամ պետական տուրքի և 180.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության ծախսեր) մասերով, ուղարկվել է նույն դատարան` բեկանված մասերով նոր քննության: Վճիռը չբեկանված մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 23.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Նախարարության, հօգուտ հայցվոր Վահան Խաչատրյանի բռնագանձվել է 5.893.800 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնաս և 180000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2020 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23.03.2020 թվականին կայացված վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործն ուղարկվել է նոր քննության (դատավոր Գ. Խանդանյանը ներկայացրել է հատուկ կարծիք որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Խաչատրյանը (ներկայացուցիչ Արզուման Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Տավրոս Գևորգյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 17-րդ, 162.1-րդ, 1063-րդ, 1064-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 59-րդ, 62-րդ, 66-րդ, 74-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ, 70-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ հայցվորի ներկայացուցչի կողմից գործի նոր քննության ընթացքում փաստաբանական հարցում է ուղարկվել ՌԴ Մոսկվա քաղաք, Ընկերությանը, որին ի պատասխան 28.08.2019 թվականին Ընկերության կնիքով և տնօրենի ստորագրությամբ ստացվել է պատասխան, համաձայն որի՝ «(…) 20.11.2014թ.-ին «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲ ընկերության (Պատվիրատու) և այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Վահան Սուրենի Խաչատրյանի (Կատարող) միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր (…)»: Հայցվորը գտնվելով անազատության մեջ, չի կարողացել կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները Ընկերության հանդեպ։ Այսինքն՝ պետական մարմնի ոչ օրինաչափ գործողության (անգործության) արդյունքում հայցվոր Վահան Խաչատրյանն ապօրինի կերպով զրկվել է ազատությունից, ինչի արդյունքում կրել է 5.893.800 ՀՀ դրամ գումարի չափով վնաս (բաց թողնված օգուտ), քանի որ 11.03.2015 թվականից մինչև 08.08.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ գտնվելու և ապօրինի կերպով ազատազրկվելու պատճառով զրկվել է պայմանագրով սահմանված 5.893.800 ՀՀ դրամ գումարից:

Մինչդեռ՝ պատասխանողը, հնարավորություն ունենալով ապացուցելու նշված փաստի հակառակը, չի ներկայացրել որևէ ապացույց, ինչպես նաև չի հիմնավորել այն հանգամանքը, որ հնարավորություն չունի ինքնուրույն ձեռք բերելու հակառակը հավաստող ապացույցը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վահան Խաչատրյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Նախարարությունը «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 4-րդ, 5-րդ հոդվածների համաձայն միջնորդություն է ներկայացրել Դատարան պարզելու համար արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունում գործող Ընկերության և հայցվորի միջև ծառայությունների մատուցման պայմանագիր կնքվել է, թե`ոչ, քանի որ վստահություն չի ունեցել նշված պայմանագրի վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ պատասխանող կողմի համար անհրաժեշտ ապացույցների ներկայացումը դարձել է անհնարին, հետևաբար այդ դատավարական գործողություններն իրականացնելու հնարավորություն ընձեռելու կապակցությամբ առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2016 թվականի թիվ ԵԱԴԴ/0001/01/16 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Վահան Խաչատրյանն արդարացվել է և ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից։

Դատավճռով հաստատված է համարվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Է. Հովհաննիսյանի 28.06.2012 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով հայցվորի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

ՀՀ ԿԱ ՊԵԿ քննության վարչության ավագ քննիչ Ա. Ուզունյանի 11.12.2012 թվականի որոշմամբ թիվ 83158312 քրեական գործով հայցվորը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով։

ՀՀ ԿԱ ՊԵԿ քննության վարչության ավագ քննիչ Ա. Ուզունյանի 11.12.2012 թվականի որոշմամբ թիվ 83158312 քրեական գործով հայցվորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Ուզունյանի 22.12.2015 թվականի որոշմամբ թիվ 83158312 քրեական գործով մեղադրյալ Վահան Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Նույն հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել՝ մեղադրանքի հիմքում դնելով 16.10.2015 թվականի դատահաշվապահական փորձաքննության թիվ 15-1843 եզրակացությամբ հաշվարկված 12.200.917 ՀՀ դրամ ապառքի գումարը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքների համար, որ հայցվորը, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում հաշվառված ընկերության միակ հիմնադիրն ու տնօրենը, 2009-2010 թվականներին իրականացրած ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում ամբողջությամբ չվճարելու հետևանքով, առաջացել է 25 208 264 ՀՀ դրամ գումարի հարկային պարտավորություններ, որից հարկի գումարը կազմել է 12 200 917 ՀՀ դրամ։

Վահան Խաչատրյանը 10.03.2015 թվականին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։

11.03.2015 թվականից մինչև դատավճռի կայացման օրը՝ 08.08.2016 թվականը Վահան Խաչատրյանի նկատմամբ կիրառված է եղել կալանավորումը որպես խափանման միջոց, և վերջինս շուրջ մեկ ու կես տարի գտնվել է անազատության մեջ (հատոր 1-ին, գ.թ. 11-46)։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 10.01.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/0001/01/16 որոշմամբ մերժվել է վերոնշյալ քրեական գործով պետական մեղադրողի բերած վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ է թողնվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.08.2016 թվականի դատավճիռը (հատոր 1-ին, գ.թ. 48-61)։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 05.05.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/0001/01/16 որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 62-64)։

3. «Կարդինալ-Ա» ՓԲԸ-ն և հայցվորի միջև 20.11.2014 թվականին կնքվել է պայմանագիր, որը գործել է մինչև 30.11.2015 թվականը, որի համաձայն՝ Վահան Խաչատրյանը պարտավորվել է Ընկերությանը մատուցել որոշակի ծառայություններ, այն է՝ Ընկերության կողմից ՌԴ Մոսկվա քաղաքի Բաշիլոժսկայա փողոցի թիվ 1 հասցեում կատարվելիք շինարարական աշխատանքների համար նախագծել և համապատասխան ժամկետներում ընկերությանը տրամադրել կատարվելիք շինաշխատանքների նյութածախսի հաշվարկը, ինչպես նաև իրականացնել օգտագործված շինարարական նյութերի նկատմամբ հսկողություն։ Հայցվորի կողմից ծառայությունները պետք է կատարվեին երեք փուլով, որի դիմաց ընկերությունը պարտավորվել է հայցվորին վճարել 660 000 ՌԴ ռուբլի, որը պայմանագիր կնքելու օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի փոխարժեքով կազմել է 5 893 800 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 12-16)։

4. Սույն գործի քննության ընթացքում Նախարարությունը վիճարկել է հայցվորի և Ընկերության միջև ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրն իրականում կնքված լինելու հանգամանքը` նշելով, որ հայցվորի և Ընկերության միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի իսկությունը ստուգելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարցում է կատարել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, որին ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարություն է ուղարկվել ՌԴ արտաքին գործերի նախարարության թիվ 292 հայտագրի պատճենը, և որի արդյունքում միջնորդություն է ներկայացրել համապատասխան կենտրոնական մարմնի միջոցով նշված պայմանագրի իսկության փաստը ստուգելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 104-106):

5. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պայմանագրի ռուսերենից հայերեն թարգմանությունը հաստատվել է նոտարի կողմից, ինչն էլ հաստատում է դրա իսկությունը:

6. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2018 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն և բեկանված մասով գործն ուղարկվել է նոր քննության`գործի նոր քննության ծավալ սահմանելով հայցվորի կողմից բաց թողնված օգուտի տեսքով վնասի պահանջի մասով ապացուցման ենթակա փաստերի (վիճելի փաստեր) շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև ճիշտ բաշխելու արդյունքում վնասի առկայության (5.893.800 ՀՀ դրամ բաց թողնված օգուտ) պարզումը, հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Դատարանը, մերժելով ներկայացված միջնորդությունը, սահմանափակել է այդ հանգամանքի հաստատմանն ուղղված ապացույցներ ձեռք բերելու կողմի իրավունքը, ուստի այդ դատավարական գործողություններն իրականացնելու հնարավորություն ընձեռելու կապակցությամբ առաջանում է գործի նոր քննության անհրաժեշտություն (…)» (հատոր 3-րդ, գ.թ. 76-84):

7. Գործի նոր քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը փաստաբանական հարցում է ուղարկել Ընկերությանը ու ստացել է 28.08.2019 թվագրմամբ գրությունը՝ վավերացված Ընկերության կնիքով և տնօրեն Պ. Պետրոսյանի ստորագրությամբ, որի համաձայն՝ «20.11.2014 թվականին «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲ ընկերության /Պատվիրատու/ և այդ ժամանակ ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Վահան Սուրենի Խաչատրյանի /Կատարող/ միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով Վահան Խաչատրյանը պարտավորվել էր «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲԸ մատուցել որոշ ծառայություններ, այն է՝ Ընկերության կողմից ՌԴ Մոսկվա քաղաքի Բաշիլովսկայա փողոցի թիվ 1 հասցեում կատարվելիք շինարարական աշխատանքների համար նախագծել և համապատասխան ժամկետներում Ընկերությանը տրամադրել կատարվելիք շինարարական աշխատանքների նյութածախսի հաշվարկը, պետք է իրականացներ օգտագործված համապատասխան աշխատանքների նյութածախսի հաշվարկը, ինչպես նաև պետք է իրականացներ օգտագործված համապատասխան շինարարական նյութերի նկատմամբ հսկողություն և այլն: Պայմանագիրը կնքվել է 1 (մեկ) տարի ժամկետով և գործելու էր մինչև 30.11.2015 թվականը: Պայմանագրով նախատեսված ծառայությունները բարեխիղճ, ժամանակին և որակով կատարելու դեպքում Ընկերությունը պարտավորվել էր Վահան Խաչատրյանին վճարել 660 000 ՌԴ ռուբլի:

Կատարողի (Վահան Խաչատրյանի) կողմից չեն կատարվել իր ստանձնած պարտավորությունները, հետևաբար Ընկերության կողմից միակողմանի լուծվել է 02.11.2014 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը, հետևաբար Ընկերությունը չի վճարել Կատարողին չմատուցված ծառայություների դիմաց» (հատոր 4-րդ, գ.թ. 116):

7. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 17.10.2019 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Նախարարության ներկայացուցիչը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները խնդրել է համապատասխան կենտրոնական մարմնի միջոցով ստուգել Ռուսաստանի Դաշնությունում գործող «ԿԱՐԴԻՆԱԼ-Ա» ՓԲԸ-ի և Վահան Խաչատրյանի միջև կնքված «Ծառայությունների մատուցման պայմանագրի» իսկությունը (հատոր 4-րդ, գ.թ. 29-32):

8. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պայմանագրի ռուսերենից հայերեն թարգմանությունը հաստատվել է նոտարի կողմից, ինչն էլ հաստատում է դրա իսկությունը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմս Նախարարության, հօգուտ հայցվոր Վահան Խաչատրյանի բռնագանձվել է 5.893.800 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնաս և 180000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

9. Վերաքննիչ դատարանը 21.10.2020 թվականի որոշմամբ կրկին բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ արձանագրելով. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը թեև ինքնուրույն միջոցներ է ձեռնարկել համապատասխան ապացույցի ձեռքբերման ուղղությամբ, սակայն դա վերջինիս չի հաջողվել՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նման ապացույց ձեռք բերելու իրավասություն ունենալու արդյունքում։ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այդ ապացույցը ձեռք բերելու միակ հնարավորությունը եղել է Դատարան միջնորդության ներկայացումը և Դատարանի կողմից նման հարցում կատարելու խնդրանքով ՀՀ արդարադատության նախարարությանը դիմելը, ինչը ամրագրվել է նաև սույն գործով Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ։ Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանողը զրկվել է Դատարանում իր վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ինչի պայմաններում առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն»։

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Վճռաբեկ դատարանը Որոշմամբ բավարարել է վճռաբեկ բողոքը և բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2020 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2020 թվականի վճռին հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով 07.03.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն փաստել է, որ Նախարարությանը պետք է հնարավորություն տալ իրացնելու ապացույց ձեռք բերելու իր իրավունքը: Գործի նոր քննության ընթացքում Դատարանը, հետևելով Վերաքննիչ դատարանի սահմանած ծավալին, կրկին քննարկել է Նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում ապացույցի իսկությունը պարզելու վերաբերյալ: Միջնորդության քննության ընթացքում միջնորդություն ներկայացնող անձը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչ պայմաններով և որ իրավասու մարմինների միջոցով պետք է իրականացվի Մինսկի կոնվենցիայով սահմանված իրավական փոխօգնությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, առավել ևս, որ պատասխանող կողմը հայցվորի կողմից ներկայացված պայմանագրի իսկությունը վիճարկել է միայն նշված պայմանագրի վերաբերյալ վստահություն չունենալու հիմքով՝ որևէ կերպ չհիմնավորելով պայմանագրի կնքված չլինելու հանգամանքը:

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ գործի նոր քննության ընթացքում Դատարանը չի հետևել Վերաքննիչ դատարանի սահմանած ծավալին և կրկնելով գործի նախորդ քննության ընթացքում առաջին ատյանի դատարանի թույլ տված սխալը՝ դարձյալ մերժել է Նախարարության միջնորդությունը՝ Մինսկի կոնվենցիայի շրջանակներում ապացույցի իսկությունը պարզելու վերաբերյալ, անհիմն են, քանի որ սույն գործով Նախարարության ներկայացուցիչը, ապացույցների բաշխման փուլում դատական նիստում վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածները, խնդրել է. «Վերը նշված իրավանորմերի ուժով համապատասխան մարմինների միջոցով ստուգել Ռուսաստանի Դաշնությունում գործող «Կարդինալ-Ա» ՓԲԸ-ի և Վահան Խաչատրյանի միջև կնքված «Ծառայությունների մատուցման պայմանագրի» իսկությունը»։ Նախարարության ներկայացուցիչը Դատարանի հարցադրմանը, թե պայմանագրի իսկությունը ստուգելու համար ինչ գործողություններ և ապացույցներ են անհրաժեշտ, տվել է անորոշ և իրարամերժ պատասխաններ: Վերոգրյալը համադրելով նույն դատական նիստում հայցվորի ներկայացուցչի կողմից փաստաբանական հարցման արդյունքում ստացված պատասխանի հետ՝ Դատարանը մերժել է պատասխանողի ընդհանրական բնույթ կրող միջնորդությունը։

(…) Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի փաստարկներն անհիմն են, քանի որ հայցվորը, որպես Ընկերության և Վահան Խաչատրյանի միջև ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման առկայության ապացույց Դատարան է ներկայացրել կողմերի միջև 20.11.2014 թվականին կնքված պայմանագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը, ինչը դատարանի կողմից համարվել է բավարար ապացույց պայմանագրային հարաբերությունների փաստը հաստատված համարելու համար»:

 

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրություն: Պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

 Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովելու դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:

Ըստ այդմ, գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի բեկանման և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին: Գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը պետք է նախևառաջ ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը՝ ելնելով իրավական որոշակիության սկզբունքից (տե՛ս նաև Հայկ Մովսիսյանն ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյանի թիվ ԵԿԴ/3288/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2020 թվականի որոշումը):

Սույն գործով բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը կրկին բեկանել է գործի նոր քննության արդյունքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը՝ արձանագրելով. «(…) ՀՀ ֆինանսների նախարարությունը թեև ինքնուրույն միջոցներ է ձեռնարկել համապատասխան ապացույցի ձեռքբերման ուղղությամբ, սակայն դա վերջինիս չի հաջողվել՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նման ապացույց ձեռք բերելու իրավասություն ունենալու արդյունքում։ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այդ ապացույցը ձեռք բերելու միակ հնարավորությունը եղել է Դատարան միջնորդության ներկայացումը և Դատարանի կողմից նման հարցում կատարելու խնդրանքով ՀՀ արդարադատության նախարարությանը դիմելը, ինչը ամրագրվել է նաև սույն գործով Վերաքննիչ դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ։ Ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանողը զրկվել է Դատարանում իր վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ինչի պայմաններում առաջացել է գործի նոր քննության անհրաժեշտություն»։

Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն փաստել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ սահմանվել է գործի նոր քննության ծավալ, որի շրջանակներում Վերաքննիչ դատարանն արձանագրել է Դատարանի կողմից դատավարական իրավունքի այնպիսի խախտում թույլ տրված լինելու փաստը, որի հետևանքով պատասխանողը զրկվել է Դատարանում իր վկայակոչած փաստը հիմնավորող ապացույց ներկայացնելու հնարավորությունից: Վերոգրյալից հետևում է, որ գործը նոր քննության ուղարկելը պայմանավորված է վերաքննության փուլում պատասխանողի դատավարական իրավունքը փաստացի վերականգնելու (միջնորդությունը բավարարելու միջոցով) անհնարինությամբ և թույլ տրված խախտումը առաջին ատյանի դատարանի կողմից վերացնելու անհրաժեշտությամբ: Ուստի, թեև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ գործի նոր քննության ծավալի սահմանումը դրսևորվել է «հայցվորի կողմից բաց թողնված օգուտի տեսքով վնասի փոխհատուցման պահանջի մասով ապացուցման ենթակա փաստերի (վիճելի փաստեր) շրջանակը որոշելու և ապացուցման պարտականությունը կողմերի միջև ճիշտ բաշխելու արդյունքում վնասի առկայությունը (5.893.800 ՀՀ դրամ բաց թողնված օգուտ) պարզելու» պահանջով, գործի նոր քննության սահմանված ծավալը պայմանավորված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, այդ թվում նաև միջնորդության քննության արդյունքում արձանագրված դատավարական խախտումը վերացնելու պահանջով։

 

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին, նշել է, որ այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից։ Դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը, որը հանդիսանում է արդար դատաքննության տարրերից մեկը պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ արտահայտելու իր դիրքորոշումը տվյալ գործի վերաբերյալ, այդ թվում ներկայացնելու ապացույցներ այնպես, որ կողմերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունենա (տե՛ս Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ 0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, որը ենթադրում է գործին մասնակցող անձանց հավասարության և մրցակցության իրավունքների ապահովում գործի քննության ողջ ընթացքում (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով 16.12.2008 թվականի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

Վերոգրյալի լույսի ներքո անհրաժեշտ է ընդգծել նաև ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության՝ որպես արդար դատաքննության իրականացման երաշխիքի կարևորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, փաստել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաuտերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս, օրինակ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

 ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ այդմ, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի առկայությունը կամ բացակայությունը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել ներկայացված հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը: Այսինքն՝ դատարանի ներքին համոզմունքը չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, հատկապես այն պարագայում, երբ կողմերից մեկը վիճարկում է այս կամ այն փաստի առկայությունը կամ բացակայությունը: Վերոնշյալ իրավունքների իրագործման երաշխիքները նախատեսված են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերով: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ապացույց ներկայացնելու կարգը սահմանող նորմերն այն գործուն դատավարական միջոցներն են, որոնք ապահովում են գործի բազմակողմանի քննության սկզբունքի իրագործումը դատավարության ընթացքում:

Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասով սահմանված է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է դատավարական երաշխիքներ այն դեպքերի համար, երբ գործին մասնակցող անձը հնարավորություն չունի ինքնուրույն ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցը: Այսպես` նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:

 Վկայակոչված իրավանորմից ակնհայտ է, որ դատարանը պետք է օժանդակի կողմին ձեռք բերել անհրաժեշտ ապացույցը, եթե վերջինս հնարավորություն չունի այն ինքնուրույն ձեռք բերելու գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից: Նշվածը նպատակ ունի լիարժեքորեն ապահովելու կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները, ինչպես նաև միայն այս պարագայում կարող է երաշխավորվել անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի (այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիների, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում օգտվում են իրենց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք իրավունք ունեն ազատ և անարգել դիմելու մյուս Պայմանավորվող կողմերի դատարաններ, դատախազություն, ներքին գործերի մարմիններ, անվտանգության մարմիններ և այլ հիմնարկներ, որոնց իրավասության մեջ են մտնում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետ` արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

Մինսկի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները սույն հոդվածի 1-ին կետում նշված գործերով իրավական օգնություն են ցույց տալիս նաև Պայմանավորվող կողմերի մյուս հիմնարկներին: Իրավական օգնությունը ցույց է տրվում հանձնարարությունների և սույն Կոնվենցիայով նախատեսված այլ դիմումների հիման վրա, որոնք հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներն ուղարկում են հայցող Պայմանավորվող կողմին:

Մինսկի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միմյանց հետ առնչվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հարաբերությունների այլ կարգ սահմանված չէ:

Մինսկի կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության մեջ պետք է նշվեն.

ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

գ) այն գործի անվանումն ու համարը, որով իրավական օգնություն է հայցվում,

դ) ֆիզիկական անձի մասին տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, բնակության վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը. իրավաբանական անձի վերաբերյալ` անվանումը, իրավաբանական հասցեն կամ գտնվելու վայրը, բանկային տվյալները և հարկային կոդերը.

ե) «դ» ենթակետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց ազգանունները, անունները, հայրանուններն ու հասցեները.

զ) հանձնարարությունն ստանալու կամ դրա կատարման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությունը.

է) հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները:

Արդարադատության նախարարի 19.03.2019 թվականի թիվ 103-Լ հրամանի թիվ 2 Հավելվածով հաստատված «Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության կանոնադրության» 11-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հանձնումների և դատական հանձնարարությունների բաժինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և դատարաններից նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ օտարերկրյա պետությունների կենտրոնական կամ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքների կազմակերպումը։

Նշված կարգավորումներից հետևում է, որ ի կատարումն Մինսկի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների՝ իրավական օգնության շրջանակներում դատական հանձնարարությունների իրականացումը վերապահված է ՀՀ արդարադատության նախարարությանը։

Սույն գործով Դատարանը, գործի նոր քննությունն իրականացնելիս կրկին մերժելով ապացույցը ձեռք բերելու միջնորդությունը, թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի խախտում՝ հաշվի չառնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելու պահանջը։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ թեև պատասխանող ՀՀ ֆինանսների նախարարությունը ինքնուրույն միջոցներ է ձեռնարկել համապատասխան ապացույցի ձեռքբերման ուղղությամբ, սակայն դա վերջինիս չի հաջողվել, քանի որ նման ապացույց ձեռք բերելու իրավասությունը վերապահված է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը։ Այսինքն՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այդ ապացույցը ձեռք բերելու միակ հնարավորությունը եղել է Դատարան միջնորդության ներկայացումը և Դատարանի կողմից նման հարցում կատարելու հանձնարարությամբ ՀՀ արդարադատության նախարարությանը դիմելը, ինչն ամրագրվել է նաև սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ։ Ավելին, Վճռաբեկ դատարանը Որոշմամբ ուղղակիորեն արձանագրել է, որ «սույն գործով 07.03.2019 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանն ուղղակիորեն փաստել է, որ Նախարարությանը պետք է հնարավորություն տալ իրացնելու ապացույց ձեռք բերելու իր իրավունքը»։ Սակայն, Վճռաբեկ դատարանը նման հնարավորության ընձեռումը նույնացրել է ապացույց պահանջելու միջնորդությունը քննության առնելու հետ, որպիսի դիրքորոշման իրավաչափությունը հերքվում է վերոնշյալ հիմնավորումներով։

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշմանը, որ «Միջնորդության քննության ընթացքում միջնորդություն ներկայացնող անձը որևէ կերպ չի հիմնավորել, թե ինչ պայմաններով և որ իրավասու մարմինների միջոցով պետք է իրականացվի Մինսկի կոնվենցիայով սահմանված իրավական փոխօգնությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև», ապա գտնում ենք, որ այն իրավաչափ համարվել չի կարող՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմը նման պարտականություն չի կրում, և դատարանը պետք է կիրառելի իրավական կարգավորումների հիման վրա որոշի իրավական փոխօգնության իրականացման պայմանները և կարգը («դատարանը գիտի օրենքը» (jura novit curia

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

Հատուկ կարծիքի 4-րդ կետում շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2020 թվականի որոշումը պետք է թողնվեր անփոփոխ:

 

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: