Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2006
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 3-1775(ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 3-1775(ՎԴ)
2006 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան
Դատավորներ՝

Վ. Ավանեսյան

Դ. Խաչատրյան

 

Քաղաքացիական գործ թիվ 06-2051

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

 

Ս. Սարգսյանի

Է. Հայրիյանի

 

2006 թվականի հոկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Աշոտ Միրզոյանի լիազոր ներկայացուցիչ Ալլա Մելքումյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև՝ դատարան) 2006 թվականի հունիսի 30-ի թիվ 06-2051 վճռի դեմ՝ ըստ Աշոտ Միրզոյանի հայցի ընդդեմ «Արմենտել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել պատասխանող Ընկերության 2005 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 253-Կ և 2005 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 303-Կ հրամանները, և իրեն վերականգնել իր նախկին աշխատանքում կամ համարժեք այլ աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի գումարը։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 18-ի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 30-ի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Աշոտ Միրզոյանի ներկայացուցիչ Ալլա Մելքումյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 53-րդ հոդվածները, և դրա հետևանքով սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճիռ կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ քաղաքացիական դատավարությունը անցկացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա, և գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Իսկ պատասխանողը չի կարողացել ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև չի կարողացել հերքել (առարկել) այն փաստարկը, որ Ընկերությունում առկա է եղել հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք։ Դատարանը հիմնվել է պատասխանողի ներկայացուցչի բացատրությունների վրա այն դեպքում, երբ տվյալ անձը վերաքննիչ դատարան, որպես պատասխանողի ներկայացուցիչ ընդհանրապես չի ներկայացել։

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծելիս իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին չի առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, ինչը, վերոհիշյալ նորմի համաձայն, պարտավոր էր անել։

2) Դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 115-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի պահանջները, որոնք պետք է կիրառեր։

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանողը աշխատանքից ազատման հրաման արձակելիս երկու ամիս առաջ չի ծանուցել հայցվորին, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում հայցվորին չի տրամադրել ազատ ժամանակ` նոր աշխատանք փնտրելու համար, որը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, չի կարող ծանուցման ողջ ժամանակահատվածի տասը տոկոսից պակաս լինել։

Պատասխանողը աշխատանքից ազատման հրաման է արձակել հայտարարված գործադուլի ժամանակ, ինչը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով արգելվում է։

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 30-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) հայցվոր Աշոտ Միրզոյանի և պատասխանող Ընկերության միջև 01.08.2003 թվականի օգոստոսի 1-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր` անորոշ ժամկետով։

2) Ընկերության գլխավոր տնօրենը 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 253-Կ և 2005 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 303-Կ հրամաններով հայցվորին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն ազատել է աշխատանքից։

3) 2005 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 253-Կ հրամանի մասին աշխատողը ծանուցվել է նույն օրը։

4) 2005 թվականի նոյեմբերի 7-ին հայցվորը մասնակցել է գործադուլի։

5) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` 18.11.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով գործադուլը ճանաչվել է անօրինական։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավաuարության հիման վրա։ Մրցակցության սկզբունքի տարրեր են սահմանված նույն օրենսգրքի 48-րդ հոդվածում, համաձայն որի` գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Որպես ապացուցման պարտականության կատարման և դատարանի կողմից դրանց գնահատման չափանիշ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների թույլատրելիությունը, ըստ որի` գործի հանգամանքները, որոնք oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաuտատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաuտատվել այլ ապացույցներով։

Սույն քաղաքացիական գործում բացակայում է համապատասխան ապացույցը (օրինակ՝ կազմակերպության աշխատողների քանակը և պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերը) այն մասին, որ պատասխանող Ընկերությունում առկա չէ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք։

Հայցվորին աշխատանքից ազատելու վերաբերյալ տրված ծանուցման մեջ Աշոտ Միրզոյանի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու վերաբերյալ փաստը դատարանը ապացուցված է համարել միայն պատասխանող Ընկերության ներկայացուցչի` դատարանում տրված բացատրությունով։ Դատաքննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը պնդել է Ընկերությունում համապատասխան աշխատանքի բացակայությունը, սակայն այդ փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել։

Վերոգրյալը հաստատում է, որ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները։

Բողոքի փաստարկը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման մասին հիմնավոր է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու վերաբերյալ փաստը չի ապացուցվել։

Ինչ վերաբերվում է բողոքի այն փաստարկին, որ դատարանը հիմնվել է պատասխանողի ներկայացուցչի բացատրությունների վրա այն դեպքում, երբ տվյալ անձը վերաքննիչ դատարան որպես պատասխանողի ներկայացուցիչ ընդհանրապես չի ներկայացել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության 4-րդ ենթակետի համաձայն` ապացույցներ են նաև գործին մասնակցող անձանց բացատրությունները։ Նման բացատրություն է հանդիսանում պատասխանողի ներկայացուցիչ Կ.Մանուկովի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով և գործում եղած, ինչպես նաև լրացուցիչ ներկայացված ապացույցներով կրկնակի քննում է գործը։ Իսկ նույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի վճռում նշվում է գործի հանգամանքները և ապացույցները։ Հետևաբար, դատարանը վճիռ կայացնելիս պարտավոր էր վճռում նշել գործի հանգամանքները և ապացույցները, այդ թվում` առաջին ատյանի դատարանում ներկայացված հայցադիմումի պատասխանը։

2) բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը։ Ընկերության գլխավոր տնօրենի 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N253-Կ հրամանում նախատեսվում է պատասխանողին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարել նրա միջին ժամային աշխատավարձը 57 օրվա համար։

Տվյալ դեպքում տուժանքի գումարի վճարումը ազատում է պատասխանողին տվյալ նորմի խախտման հետ կապված հետագա որևիցե պատասխանատվությունից։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասը, որը վերաբերվում է նոր աշխատանք փնտրելու համար աշխատողին ազատ ժամանակ տրամադրելու գործատուի պարտականությանը, սույն վեճի լուծման համար չի կարող էական նշանակություն ունենալ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր աշխատանք փնտրելու համար աշխատողին ազատ ժամանակ տրամադրելու պարտականության չկատարումը գործատուի համար առաջացնում է նախապես չծանուցելու ամբողջ ժամանակահատվածի համար տուժանք վճարելու պարտավորություն և չի կարող ինքնին հիմք հանդիսանալ աշխատողին աշխատանքում վերականգնելու համար։

Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտման փաստարկին, ապա պետք է նշել, որ աշխատանքից ազատման հրամանների կայացման ժամանակահատվածում` 2005 թվականի հոկտեմբերի 20-ին և 2005 թվականի նոյեմբերի 4-ին հայտարարված գործադուլ չի եղել։ Գործադուլը հայտարարվել է 2005 թվականի նոյեմբերի 7-ին։

Բացի այդ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի` 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի օրինական ուժի մեջ մտած վճռով այդ գործադուլը անօրինական է ճանաչվել և իրավական հետևանքներ չի կարող առաջացնել սույն գործի լուծման տեսանկյունից։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Աշոտ Միրզոյանի ներկայացուցիչ Ալլա Մելքումյանի վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հունիսի 30-ի թիվ 06-2051 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ

 

Ս. Սարգսյան

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան