Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-20-Ո-Կ-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

14 ապրիլի 2022 թ.

ԲԴԽ-20-Ո-Կ-4

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

անդամ


Ս. Չիչոյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի, 

Վ. Քոչարյանի,

   

Արդարադատության նախարարի
տեղակալ

Գ. Մինասյանի,
   

Արդարադատության նախարարի
ներկայացուցիչներ

Հ․ Սանոյանի,

Գ. Հարությունյանի,

 

 

Վարչական դատարանի դատավոր

Դ. Դանիելյանի,

   

Վարչական դատարանի դատավորի
ներկայացուցիչ

Ա. Ղամբարյանի,

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հունվարի 27-ի N 9-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Էդմոն Մարուքյանի կողմից 24.12.2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Վարչական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Դանիել Դանիելյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:

Նախարարի 07.01․2022 թվականի N 3-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 27.01.2022 թվականի N 9-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 11-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված իրավակարգավորմամբ օրենսդիրը նախատեսել է դատական նիստում դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման հնարավորություն, որը, պայմանավորված դատավարության տեսակով (վարչական, քաղաքացիական, քրեական), իր դրսևորումներն է ստացել համապատասխան դատավարություններում՝ մասնավորապես վարչական դատավարությունում այն համարվելով որպես դատական ակտի հրապարակման ընդհանուր կանոն:

Վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ հոդվածի 1-ին մասի, 46-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի, 114-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ի տարբերություն մյուս առաջին ատյանի դատարանների՝ Վարչական դատարանում օրենսդիրը որոշակի տեսակի վեճերով նախատեսել է գործերի կոլեգիալ քննության կարգ, որի դեպքում գործը քննող դատավորներից մեկը, ի սկզբանե, օրենքով սահմանված կարգով, նշանակվում և շարունակում է նախագահել դատական նիստը, քանի դեռ չի ծագել վերջինիս մասնակցությունը բացառող որևէ օրենսդրական հիմք (ինքնաբացարկ, գործուղում, լիազորությունների կասեցում, դադարում կամ դադարեցում և այլն):

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ վարչական դատավարության կարգով քննվող ընտրական որոշ վեճերով գործերը Վարչական դատարանը քննում է դատավորների կոլեգիալ՝ 5 հոգանոց կազմով, որի վրա տարածվում են վարչական դատավարության ընդհանուր կանոնները՝ բացառություններ նախատեսված չլինելու դեպքում: Կոլեգիալ կազմով քննվող հիշյալ գործերով կազմի դատավորներից մեկը նշանակվում է նախագահող դատավոր, ով կազմակերպում և ղեկավարում է դատական նիստերը: Ընտրական վեճերով քննվող դատական գործերով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակվում է դատական նիստում՝ վարչական դատավարությամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն: Ընտրական վեճերով քննվող դատական գործերով դատական ակտի հրապարակումը կատարվում է տվյալ դատական գործով դատական նիստերը ղեկավարած և կազմակերպած կոլեգիալ կազմի նախագահող դատավորի կողմից: Դատավորների կոլեգիալ կազմով քննվող գործով նախագահող դատավորն իրավասու չէ չկատարելու նախագահող դատավորի համար օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները, այդ թվում նաև՝ դատական նիստերը ղեկավարելու և կազմակերպելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականությունը, քանի դեռ չի առաջացել Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք, որի ուժով նախագահող դատավորին մակագրված դատական գործը կարող է փոխանցվել այլ դատավորի:

Քննարկվող դեպքում հաղորդման և լրացուցիչ ներկայացված նյութերի համաձայն՝ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործը քննվել է դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, ով կազմակերպել և ղեկավարել է դատական նիստը, կնքել և ստորագրել է սույն գործով կայացված վճիռը՝ որպես նախագահող դատավոր: Սակայն, 21.12.2021 թվականի (ըստ հաղորդմանը կից ներկայացված դատական նիստի արձանագրության) դատական նիստում տվյալ գործով վճիռը հրապարակվել է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ մեկ այլ դատավորի կողմից: Մինչդեռ ինչպես գործի դատաքննությունը, այնպես էլ տվյալ գործով վճռի հրապարակումը պետք է իրականացվեր նախագահող դատավորի կողմից, քանի դեռ վերջինս շարունակել է մասնակցել այդ գործի քննությանը և չի առաջացել Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

Նման պայմաններում Դատավորի կողմից կատարվել են դատավարական իրավունքի նորմերի, մասնավորապես Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջների խախտումներ, այսինքն՝ դատական ակտի եզրափակիչ մասը չի հրապարակվել նիստը նախագահողի կողմից այն դեպքում, երբ դատական ակտի հրապարակման օրը Դատավորը համարվել է տվյալ գործով նախագահող դատավոր: Արդյունքում, խախտվել է դատարանի գործունեության օրինականության սկզբունքը, դատարանի՝ կոլեգիալ կազմով քննության իրականացման կարգը:

Ինչ վերաբերում է հեռահար եղանակով դատական նիստին Դատավորի մասնակցությանը, ապա Վարչական դատավարության օրենսգրքով, առհասարակ, դատական նիստը հեռահար եղանակով անցկացնելու կամ դատավորի՝ դատական նիստին հեռահար եղանակով մասնակցելու ընթացակարգ նախատեսված չէ:

Վերը նշված իրավական վերլուծությունների շրջանակներում հիմնավորվում է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու փաստը:

Միաժամանակ գործի փաստերի և հաղորդմանը կից ներկայացված նյութերի համադրված ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է դիտավորությամբ, այսինքն՝ Դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Դատավորի կողմից թույլ տրված խախտումները դիտավորությամբ կատարած լինելը հիմնավորվում է այն փաստով, որ ըստ տվյալ գործով դատական նիստի արձանագրության՝ դատական ակտի հրապարակմանը Դատավորը մասնակցել է հեռահար եղանակով և դատական ակտը հրապարակվել է դատավորների կոլեգիալ կազմի մեկ այլ դատավորի կողմից, ինչը թույլ է տալիս հանգել այն հետևության, որ Դատավորը նախօրոք միջոցներ է ձեռնարկել դատական նիստին իր մասնակցությունը հեռահար եղանակով կազմակերպելու ուղղությամբ: Այսինքն, նման պայմաններում Դատավորը, գիտակցելով իր կողմից իրականացվող գործողության ոչ իրավաչափ բնույթը, կատարել է վերագրվող խախտումները:

Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներով հեղինակազրկվում է դատական իշխանությունն այնքանով, որ Դատավորի կողմից իրականացվում է այնպիսի գործողություն և ընթացակարգի կիրառում, ինչը որևէ կերպ նախատեսված չէ դատավարական օրենսդրությամբ՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության նվազեցման:

Ինչ վերաբերում է բացատրությամբ Դատավորի կողմից ներկայացված որոշ փաստարկներին, որոնք վերաբերում են վերջինիս վերագրվող՝ Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի խախտումները թույլ տրված չլինելուն՝ Նախարարը նշել է, որ դրանք հերքվում են սույն միջնորդությամբ ներկայացված հիմնավորումներով: Նշվածի կապակցությամբ հարկ է նշել, որ Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ և 114-րդ հոդվածներից ուղղակիորեն բխում է, որ դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակումը (տվյալ դեպքում նաև՝ ընտրական վեճի հետ կապված դատական ակտի) իրականացվում է դատական նիստում, իսկ դատավորների՝ կոլեգիալ կազմով քննվող դատական գործերով ի սկզբանե նշանակվում է դատական նիստի նախագահող, ով իրականացնում է Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված դատական նիստի կազմակերպման և ղեկավարման հետ կապված իրեն վերապահված պարտականությունները, ի թիվս այլնի, կատարելով գործի պատշաճ քննությանն ու լուծմանն ապահովելուն ուղղված այլ գործողություններ, որն իր մեջ ներառում է նաև նիստը նախագահողի կողմից դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման պարտականության կատարումը: Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ օրենսդիրը չի նշանավորել, թե կոլեգիալ դատական կազմում ընդգրկված դատավորներից հատկապես որ մեկը պետք է հրապարակի (բարձրաձայն ընթերցի) գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը, ապա մեջբերված իրավակարգավորումներից անվերապահորեն հետևում է, որ այն համարվում է դատական նիստը նախագահողի անօտարելի պարտականությունը:

Անդրադառնալով այն փաստարկին, որ Վարչական դատավարության օրենսգրքով որոշ տեսակի գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի հրապարակման համար օրենսդիրը դրանք դատական նիստում հրապարակելու պահանջ չի սահմանել, այլ դրա փոխարեն ընդամենն ամրագրել է գործն ըստ էության լուծող դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակելու պահանջ՝ հարկ է նշել, որ օրենսդիրը որոշակի տեսակի գործերով դատական ակտերի հրապարակման կարգ է նախատեսել այլ եղանակով ոչ թե որպես ընդհանուր կանոն, այլև՝ բացառություն ընդհանուր կանոնից, սակայն քննարկվող տեսակի գործերով եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենսդիրը նախատեսել է հրապարակման ընդհանուր կարգ՝ հաշվի առնելով նաև տվյալ տեսակի դատական գործերի կարևորությունը և հանրային նշանակությունը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման համար 21.12.2021 թվականին նշանակված դատական նիստը հեռահար եղանակով չի անցկացվել, ապա Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշմամբ մեջբերված այն պնդումը, ըստ որի՝ Վարչական դատավարության օրենսգրքով հեռահար եղանակով դատական նիստի անցկացման ընթացակարգ նախատեսված չէ, նպատակ է հետապնդել բացահայտելու, որ նման ընթացակարգ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, հետևաբար նաև նման եղանակով չի կարող ապահովվել Դատավորի մասնակցությունը դատական նիստին:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման՝ հետևյալ հիմնավորմամբ.

Դատավորը, վկայակոչելով Վարչական դատավարության օրենսգրքի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթներ, նշել է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է դատական նիստում և քննարկվող դեպքում այն իրենից ներկայացնում է կոլեգիալ դատական կազմով քննված գործի արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի բարձրաձայն ընթերցում: Վարչական դատավարության օրենսգիրքը չի պարունակում որևէ դրույթ այն մասին, որ կոլեգիալ դատական ակտի եզրափակիչ մասը դատական նիստում պետք է բարձրաձայն ընթերցի նույն գործի քննությունը նախագահած՝ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված դատավորը: Օրենսդիրը կարևորել է գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակումը դատական նիստում, իսկ թե կոլեգիալ դատական կազմում ընդգրկված դատավորներից հատկապես որ մեկը պետք է հրապարակի (բարձրաձայն ընթերցի) գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը, օրենսդիրը չի նշանավորել: Դատական ակտի հրապարակման հետ կապված օրենսդիրը կարևորել է մասնավորապես դրա ժամկետը և վայրը:

Ներկայացված բացատրությամբ Դատավորը նշել է նաև, որ որոշ տեսակի գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի հրապարակման համար օրենսդիրը դրանք դատական նիստում հրապարակելու պահանջ չի սահմանել, այլ դրա փոխարեն ընդամենն ամրագրել է գործն ըստ էության լուծող դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակելու պահանջ (Վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 4-րդ մաս, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մաս): Այսինքն՝ որոշ տեսակի գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի հրապարակման համար օրենսդիրը նույնիսկ դատական նիստ հրավիրելու անհրաժեշտությունն է բացառել՝ բավարար համարելով գործն ըստ էության լուծող դատական ակտի տեքստի տեղադրումը (հրապարակումը) դատական իշխանության պաշտոնական կայքում: Կոլեգիալ դատական կազմի կողմից կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը նախագահող դատավորի կողմից հրապարակվելու դրույթ նախատեսված չէ Վարչական դատավարության օրենսգրքով:

Դատավորը հայտնել է, որ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման համար 21.12.2021 թվականին նշանակված դատական նիստը հեռահար եղանակով չի անցկացվել, ինչպես իր որոշման մեջ պնդել է Նախարարը, այլ գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվել է Վարչական դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված տեղում՝ թիվ 1 դատական նիստերի դահլիճում, որին հնարավորություն են ունեցել ֆիզիկապես մասնակցել ինչպես դատավարության կողմերը, այնպես էլ այլ անձինք, որպիսի պարագայում, դատական նիստը չի կարող համարվել հեռահար եղանակով անցկացված:

Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով, վերահաստատելով վերն արտահայտած դիրքորոշումը, նշել է, որ Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 2-րդ մասի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 156-րդ հոդվածի 1-րդ մասի ու սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից հետևում է, որ իր կողմից դատավարական իրավունքի որևէ նորմ, այդ թվում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված, չի խախտվել, ուստի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են, որպիսի պարագայում Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:

Միաժամանակ Դատավորը հայտնել է, որ, եթե Բարձրագույն դատական խուրհուրդը, այնուամենայնիվ, գտնի, որ իր կողմից թույլ է տրվել Նախարարի միջնորդությամբ վերագրված Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դատավարական նորմերի խախտում, ապա այն Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի կարող համարվել կարգապահական խախտում, քանի որ իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: Ավելին, խնդրո առարկա արարքը կարող է ժողովրդավարական հասարակությունում բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը, քանի որ ինքը, ընտրական գործերով վեճերի քննության առանձնահատկությունների հաշվառմամբ, չի խուսափել արդարադատություն իրականացնելուց և ապահովել է օրենքով սահմանված սեղմ ժամկետներում հանրային կարևորություն ունեցող վեճի դատական կարգով լուծումը: Հետևաբար Նախարարի միջնորդությունը ենթակա է մերժման Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի և 156-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետի հիմքով:

Բարձրագույն դատական խորհրդում կայացած նիստի ընթացքում Դատավորի ներկայացուցիչ Արթուր Ղամբարյանը հայտնեց, որ Վարչական դատավարության օրենսգիրքը դատական ակտը հրապարակելու պարտականությունը նիստը նախագահողի վրա չի դրել. դա ամբողջ դատական կազմի պարտականությունն է, հետևաբար կարող է կատարվել ինչպես նիստը նախագահողի, այնպես էլ կազմում ընդգրկված մյուս դատավորների կողմից: Միաժամանակ դատական ակտը հրապարակելը կազմակերպական հարց է թե ինչպես կհրապարակվի այն կոնկրետ դեպքում: Նաև հայտնեց, որ Նախարարը Դատավորին վերագրել է հորինված անօտարելի մի պարտականություն, որը սույն գործի շրջանակներում օբյեկտիվորեն հնարավոր չէ կատարել: Իրավական աքսիոմայի ուժով անձին չի կարող վերագրվել պարտականություն, որի կատարումն անհնարին է:

Դատավորը Բարձրագույն դատական խորհրդում կայացած նիստի ընթացքում հայտնեց, որ դատական ակտի հրապարակումը դատական ակտի եզրափակիչ մասի ընթերցումն է, իսկ օրենսդիրն անմիջականորեն դատական նիստը նախագահողի վրա այդպիսի լիազորություն չի դրել: Միաժամանակ օրենսդիրը յուրաքանչյուր իրավիճակում չի նախատեսել, թե դատավորն ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորի: Այս դեպքում դատական կազմի կողմից է որոշվել ինչ կարգով հրապարակումն իրականացվի, ընդ որում, այդ որոշումը կայացվել է այն հաշվաշմամբ, որ հնարավորինս բարձր պահվի դատարանի նկատմամբ վստահությունը՝ նկատի ունենալով, որ սույն դեպքում հրարապարակվել է ընտրական վեճով վճիռ:

 

4.Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 15.12.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր ճանաչել Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումները, 05.11.2021 թվականի Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրության արդյունքները, դատաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա, որը կարող է տեղի ունենալ ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի միջոցով, կայացնել հետևյալ որոշումներից մեկը՝ ա) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, բ) ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին, գ) ընտրված ճանաչել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների:

2) Գործին տրվել է թիվ ՎԴ/13178/05/21 համարը և մակագրվել դատավորներ՝ Դանիել Դանիելյանին (նախագահող դատավոր), Ելենա Առաքելյանին, Միքայել Մելքումյանին, Ռաֆիկ Խանդանյանին և Ռուզաննա Ազրոյանին:

3) Դատարանի 16.12.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

4) 17.12.2021 թվականին նշանակվել է դատաքննություն, որի ընթացքում նաև հստակեցվել է հայցապահանջը: Նույն օրը գործի դատաքննությունը հայտարարվել է ավարտված և 21.12.2021 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

5) 21.12.2021 թվականին Վարչական դատարանի դատական նիստերի դահլիճում դատական ակտի հրապարակման պահին Դատավորը ֆիզիկապես ներկա չի եղել, նիստին մասնակցել է հեռահար եղանակով և դատական ակտի հրապարակումը կատարվել է կոլեգիալ կազմի մեկ այլ դատավորի կողմից՝ տվյալ գործով նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի փոխարեն:

6) Համաձայն «Վարդանանց» նորարական բժշկական կենտրոնի կողմից 18.12.2021 թվականին տրված կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով կատարված լաբորատոր հետազոտության արդյունքի մասին տեղեկանքի՝ Դանիել Դանիելյանի մոտ գրանցվել է թեստի դրական արդյունք:

 

5.Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների բացատրությունները, Դատավորի և նրա ներկայացուցչի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով Դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ,

2. արդյո՞ք Դատավորին վերագրված խախտումը առերևույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունների իրացման շրջանակը` բացառելու համար իշխանության չարաշահումը կամ իշխանազանցությունը: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական դատարանում գործերը քննում է դատավորը` միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, իսկ 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից մեկը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստը նախագահողը կազմակերպում և ղեկավարում է դատական նիստը` ապահովելով կարգը դատական նիստում, ստեղծում է պայմաններ ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման համար, կատարում է գործի պատշաճ քննությունն ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները (դրանցում ընդգրկված թեկնածուներին), թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը Վարչական դատարանն ըստ էության քննում և լուծում է կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

Կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում ղեկավարումն իրականացվում է մի խումբ լիազորված անձանց կողմից, ովքեր ունեն հավասար ձայնի իրավունք, իսկ որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։

Ամփոփելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ կոլեգիալության կարգով գործերի քննության մեջ էականը բազմակարծության ապահովումն է, սուբյեկտիվիզմի և կամայականության հաղթահարումը, ինչպես նաև հանրության օբյեկտիվ շահերի առավել արտահայտման միջոցներով տվյալ մարմնի առջև Սահմանադրությամբ և օրենքներով առաջադրված հանրային կարևորություն ունեցող գործառույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչը ենթադրում է, որ քվորումը պահպանված լինելու դեպքում կերաշխավորվի լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը։

Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով հստակ նախատեսված են դատական նիստը նախագահողի գործառույթները, մասնավորապես նույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատական նիստը նախագահողը կազմակերպում և ղեկավարում է դատական նիստը։ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին հոդվածի համաձայն՝ դատական վիճաբանություններից հետո դատական նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել։ Նման միջնորդությունների բացակայության դեպքում դատական նիստը նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը և հայտարարում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտը կազմում և ստորագրում է (են) գործը քննած դատավորը (կոլեգիալ կազմի դատավորները)։ Գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ: Իսկ 6-րդ մասի համաձայն՝ դատական նիստում հրապարակվում է գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ սույն օրենսգրքի 18-րդ գլխով նախատեսված գործերով կայացված դատական ակտերի։ Փաստորեն, դատական ակտի հրապարակման պարտականություն օրենսդիրը որևէ կերպ չի վերագրել միայն նիստը նախագահողին, ինչից ենթադրվում է, որ բոլոր դեպքերում, երբ կա օբյեկտիվ և բացառիկ անհնարինություն ֆիզիկապես մասնակցելու դատական ակտի հրապարակմանը (տվյալ դեպքում ապացուցված է, որ Դատավորը կորոնավիրուսային հիվանդության պատճառով չի կարողացել անձամբ մասնակցել դատական ակտի հրապարակմանը), ապա դատական ակտի հրապարակումը, այն է՝ խորհրդակցական սենյակում գործի ելքի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասի դատական նիստի ժամանակ բարձրաձայն ընթերցումը կարող է իրականացվել դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից, որպիսի լիազորության իրականացման վերաբերյալ առկա չէ օրենսդրությամբ ամրագրված սահմանափակում, ինչի պարագայում հրապարակումը ոչ նախագահողի կողմից իրականացնելը չի կարող համարվել դատավարական նորմի խախտում:

Ավելին, նույնիսկ եթե նախագահողի՝ դատական նիստի կազմակերպման և ղեկավարման գործառույթների տիրույթում տրամաբանական շարունակություն դիտարկվի դատական ակտի հրապարակումը նիստը նախագահողի կողմից և գնահատվի այն որպես ընթացակարգային կանոն, ապա տվյալ դեպքում ընթացակարգային կանոնի խախտումը կարող էր կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք համարվել միայն այն դեպքում, երբ դրա առնչվեր որևէ իրավունքի խախտման, մասնավորապես, որպես հետևանք, խախտվեր դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներպետական կամ միջազգային իրավական ակտերով երաշխավորված որևէ իրավունք, ինչը տեղի չի ունեցել:

Քննարկվող պարագայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից 15.12.2021 թվականին ներկայացված հայցադիմումը Դատարանի (նախագահող դատավոր՝ Դ.Դանիելյան, դատավորներ՝ Ռ. Ազրոյան, Ե.Առաքելյան, Ռ.Խանդանյան, Մ.Մելքումյան) 16.12.2021 թվականի թիվ ՎԴ/13178/05/21 որոշմամբ ընդունվել է վարույթ և նիստը նշանակվել է 17.12.2021 թվականին: Նշված օրը դատաքննությունը հայտարարվել է ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակվել 21.12.2021 թվականին:

21.12.2021 թվականին Վարչական դատարանի դատական նիստերի դահլիճում հրապարակվել է թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վճիռը, սակայն դատական ակտի հրապարակմանը Դատավորը ֆիզիկապես ներկա չի եղել: Դատական ակտի հրապարակմանը վերջինս մասնակցել է հեռահար եղանակով և դատական ակտի հրապարակումը կատարվել է կոլեգիալ կազմի մեկ այլ դատավորի կողմից՝ տվյալ գործով նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի փոխարեն:

Այսպես, Վարչական դատավարության օրենսգրքի «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 28-րդ գլխով սահմանված են ընտրական վեճերի լուծման կարգը և ժամկետները: Միաժամանակ այդ վեճերով քննվող դատական գործերով կայացվող եզրափակիչ դատական ակտերի հրապարակման համար առանձին կանոններ սահմանված չեն, որպիսի պայմաններում դատական ակտի հրապարակումն իրականացվում է դատական նիստում՝ վարչական դատավարությամբ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն:

Տվյալ դեպքում խորհրդակցական սենյակում գործի ելքի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասի դատական նիստի ժամանակ բարձրաձայն ընթերցումը կոլեգիալ դատական կազմում ընդգրկված դատավորներից որևէ մեկի կողմից, սույն գործի առանձնահատկությունից ելնելով, միտված է եղել ապահովել օրենքով սահմանված սեղմ ժամկետների պահպանմամբ հանրային կարևորություն ունեցող վեճի դատական կարգով լուծումը հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն: Այսինքն՝ Դատավորը, հարգելի պատճառով ֆիզիկապես ներկա չլինելով դատական ակտի հրապարկմանը, չի խուսափել արդարադատություն իրականացնելուց և, իրական երաշխիք ստեղծելով, հետամուտ է եղել դատավարության մասնակիցների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների պահպանմանը:

Ինչ վերաբերում է հեռահար եղանակով դատական նիստին Դատավորի մասնակցությանը, ապա Վարչական դատավարության օրենսգրքով թեև դրա վերաբերյալ որևէ ընթացակարգ նախատեսված չէ, այնուամենայնիվ վերը նշվածի լույսի ներքո հարկ է արձանագրել, որ Դատավորի՝ նման եղանակով դատական նիստին մասնակցությունը որևէ կերպ չի ազդել դատարանի օրինական կոլեգիալ կազմի կողմից խորհրդակցական սենյակում կայացված վերջնական դատական ակտի ելքի կայացման վրա:

Ելնելով վերոգրյալներից Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը թույլ չի տվել Վարչական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կանոնների խախտում, ավելին՝ ձեռնամուխ է եղել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացմանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք: Իսկ Օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Այսպիսով, վերոգրյալի համատեքստում, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել դատավարական նորմի խախտում, ինչը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Նախագահող՝

 

 

Բարձրագույն դատական

խորհրդի անդամ

 

Ս. Չիչոյան

Անդամներ՝

  Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

 

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

Մ. ՄԱԿՅԱՆ

 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ
Ա. Մխիթարյան

  Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2022 թվական: