Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

       

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2778/05/16 

2021 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/2778/05/16 

Նախագահող դատավոր՝

 Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

 Կ. Մաթևոսյան

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Ն. Տավարացյան

         

2021 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արարատ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Արարատ Բարսեղյանի` 2.108.375 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին,

    

ՊԱՐԶԵՑ

     

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Արարատ Բարսեղյանից բռնագանձել 2.108.375 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 10.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 12.07.2019 թվականի որոշմամբ Արարատ Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արարատ Բարսեղյանը  (ներկայացուցիչ Անի Երիջանյան) ։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 1-ին մասը,   76-րդ հոդվածի 2-5-րդ մասերը, 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 103-րդ հոդվածի  2-րդ մասը, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքները:

Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել և համապատասխան իրավական գնահատական չի տվել այն փաստին, որ քաղաք Երևան, Մոլդովական 17, բնակարան թիվ 6 հասցեով ուղարկված ծանուցումները պատասխանողի կողմից ստացված չլինելու պայմաններում Դատարանը ծանուցումը տեղադրել է ինտերնետային ծանուցման պաշտոնական կայքում, սակայն թերի՝ Մոլդովական 17 (առանց բնակարան 6 նշման) հասցեով, ինչի հետևանքով պատասխանողը չի ծանուցվել և օրենքի ուժով չի հանդիսացել պատշաճ ծանուցված դատավարության կողմ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինտերնետային կայքում տեղադրված և պատասխանողի հաշվառման հասցեները չեն համընկնում, բացի այդ,  քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով հաշվառված է ևս մեկ այլ անձ՝ բողոքաբերի նույն անուն ազգանվամբ, այսինքն ծանուցումը շփոթություն է ստեղծում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատաքննությունն ավարտելու և վճռի կայացման փուլ անցնելու համար անհրաժեշտ կողմերի ծանուցումն ապահովված լինելու հիմք հանդիսացող ինտերնետային կայքում տեղադրված հասցեի թերի լինելու պայմաններում Դատարանը չէր կարող վճիռ կայացնել, իսկ կայացված վճիռն իրավաչափ չէ և ենթակա է բեկանման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կոմիտեն 19.05.2016 թվականի փոստային առաքմամբ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է Արարատ Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 2.108.375 ՀՀ դրամ` որպես Արարատ Բարսեղյանի հասցե` նշելով քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեն մինչդեռ հայցադիմումին կից Կոմիտեի կողմից ներկայացվել է գումարի բռնագանձման համար հիմք հանդիսացող 19.10.2019 թվականի թիվ 1238 որոշումը Արարատ Բարսեղյանի կողմից ստանալը հավաստող անդորրագիրը, որում որպես վերջինիս հասցե նշված է Մոլդովական 17/6 (հատոր 1-ին գ.թ. 2-13).

2. 01.07.2016 թվականին ժամը 12:35-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 և Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17/6 հասցեներով Արարատ Բարսեղյանին ուղարկված 27.05.2016 և 16.06.2016 թվականի ծանուցագրերը վերադարձվել են «Այլ» նշումով  (հատոր 1-ին գ.թ. 19-21).

3. 01.07.2016 թվականի նշանակված դատական նիստը հետաձգվել է` պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով (հատոր 1-ին գ.թ. 26-29).

 4. 04.10.2016 թվականին ժամը 11:20-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով Արարատ Բարսեղյանին ուղարկված 01.07.2016 թվականի ծանուցագիրը վերադարձվել է «թերի հասցե» նշումով, նշված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում` որպես  Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17, 04.10.2016 թվականի դատական նիստի ծանուցագիրը Արարատ Բարսեղյանին փոխանցելու համար ուղարկվել է նաև Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, որպես Արարատ Բարսեղյանի ծանուցման հասցե նշելով Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17  (հատոր  1-ին գ.թ. 32-37).

5. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 02.08.2016 թվականի գրությամբ Դատարանին հայտնվել է, որ ծանուցագիրը Արարատ Բարսեղյանին չի հանձնվել, քանի որ վերջինս չի բնակվում Երևան քաղաքի Մոլդովական 17 շենքի թիվ 6 բնակարան հասցեում (հատոր 1-ին գ.թ. 59).

6. 14.02.2017 թվականին ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով Արարատ Բարսեղյանին ուղարկված 09.11.2016 թվականի ծանուցագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով, նշված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում` որպես  Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17  (հատոր  1-ին գ.թ. 65-68).

7. 20.04.2017 թվականին ժամը 12:35-ին նշանակված դատաքննության վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով Արարատ Բարսեղյանին ուղարկված 09.11.2016 թվականի ծանուցագիրը վերադարձվել է «այլ» նշումով, նշված դատաքննության վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում` որպես  Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17  (հատոր  1-ին գ.թ. 71-73, 76).

8. 20.04.2017 թվականին դատաքննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 10.05.2017 թվականին (հատոր 1-ին գ.թ. 77-79).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով դատական նիստի ժամանակի մասին պատշաճ ծանուցելու վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նմանատիպ գործերով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ  է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրը բովանդակում է`

1) դատարանի (նստավայրի) անվանումը և հասցեն.

2) դատարան կանչվող անձի անունը (անվանումը).

3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.

4) նշում` ներկայանալու ժամանակի մասին.

5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ծանուցագրերն ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում` նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, նույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայրը նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով, իսկ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաև նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։

 «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային և անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`  հրապարակային ծանուցում՝ տեղեկատվություն պարունակող հայտարարություն, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ՝ կայք): 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է (տե՛ս, Կոմիտեն ընդդեմ Հայկ Մուրադյանի թիվ ՎԴ/1473/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ  դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար:

Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված է դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու մի շարք եղանակներ, որոնք ապահովելու պայմաններում միայն դատավարության մասնակիցը կարող է համարվել պատշաճ ծանուցված, այն է` անձի կողմից նշված հասցեով ծանուցագրերն ուղարկելու, նման հասցե նշած չլինելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով ուղարկելու, բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայրը նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով ուղարկելու, պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով ուղարկելու, բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաև նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու եղանակներ, նշված դեպքերում ծանուցագիրը միևնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` (http://www.azdarar.am/):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով հրապարակային ծանուցումը տեղեկատվություն պարունակող հայտարարություն է, որի նպատակն է ծանուցագրի հասցեատիրոջը իրազեկել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ուստի նշված ծանուցագրում  պետք է հստակ նշվեն դատարանի (նստավայրի) անվանումը և հասցեն, դատարան կանչվող անձի անունը (անվանումը), նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում` ներկայանալու ժամանակի մասին, նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, ինչպես նաև ծանուցագրի հասցեատիրոջ կողմից նշված հասցեն կամ նման հասցե նշած չլինելու դեպքում` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեն, բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայրը նշված չլինելու, ինչպես նաև դատավարության մասնակցի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում վերջինիս որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն կամ նրա բնակության վերջին հայտնի վայրի հասցեն, այսինքն նշված ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր լինի ապացուցել դատավարության համապատասխան մասնակցի` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը:

Սույն գործով Կոմիտեն 19.05.2016 թվականի փոստային առաքմամբ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է Արարատ Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 2.108.375 ՀՀ դրամ:

Դատարանը 10.05.2017 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարել է: Նշված վճռի դեմ Արարատ Բարսեղյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմքով, որ գործում բացակայում է իրեն պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույցը:

Վերաքննիչ դատարանը 12.07.2019 թվականի որոշմամբ մերժել է Արարատ Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի 10.05.2017 թվականի վճիռը թողել անփոփոխ` պատճառաբանելով, որ Դատարանի կողմից Արարատ Բարսեղյանին ուղղված ծանուցագրերն ուղարկվել են քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական 17 շենք, բնակարան 6 հասցեով, որտեղ դրանք ստացված չլինելու պայմաններում վերադարձվել են ուղարկողին, վերաքննիչ բողոքում ևս բողոքաբերի կողմից մատնանշվել է նույն` քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական 17 շենք, բնակարան 6 հասցեն, որպես իր բնակության հասցե, հետևապես առարկայազուրկ է բողոքաբերի այն պնդումը թե ծանուցումը պատշաճ չի կարող դիտվել։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 19.05.2016 թվականի փոստային առաքմամբ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում որպես Արարատ Բարսեղյանի  հասցե` նշել է քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական 17, մինչդեռ հայցադիմումին կից Կոմիտեի կողմից ներկայացվել է գումարի բռնագանձման համար հիմք հանդիսացող թիվ 19.10.2019 թվականի թիվ 1238 որոշումը Արարատ Բարսեղյանի կողմից ստանալը հավաստող անդորրագիրը, որում որպես վերջինիս հասցե նշված է Մոլդովական 17/6: 01.07.2016 թվականին ժամը 12:35-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 և Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17/6 հասցեներով Արարատ Բարսեղյանին ուղարկված 27.05.2016 և 16.06.2016 թվականի ծանուցագրերը վերադարձվել են «Այլ» նշումով, 04.10.2016 թվականին ժամը 11:20-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով Արարատ Բարսեղյանին ուղարկված 01.07.2016 թվականի ծանուցագիրը վերադարձվել է «թերի հասցե» նշումով, նշված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում` որպես  Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17, 04.10.2016 թվականի դատական նիստի ծանուցագիրը Արարատ Բարսեղյանին փոխանցելու համար ուղարկվել է նաև Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, որպես Արարատ Բարսեղյանի ծանուցման հասցե նշելով Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 02.08.2016 թվականի գրությամբ Դատարանին հայտնվել է, որ ծանուցագիրը Արարատ Բարսեղյանին չի հանձնվել, քանի որ վերջինս չի բնակվում Երևան քաղաքի Մոլդովական 17 շենքի թիվ 6 բնակարան հասցեում, 14.02.2017 թվականին ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով Արարատ Բարսեղյանին ուղարկված 09.11.2016 թվականի ծանուցագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով, նշված դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում` որպես  Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17, 20.04.2017 թվականին ժամը 12:35-ին նշանակված դատաքննության վերաբերյալ Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17 հասցեով Արարատ Բարսեղյանին ուղարկված 09.11.2016 թվականի ծանուցագիրը վերադարձվել է «այլ» նշումով, նշված դատաքննության վերաբերյալ ծանուցագիրը տեղադրվել է նաև www.azdarar.am կայքում` որպես  Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17:

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ եզրահանգելով, որ ծանուցումը ոչ պատշաճ լինելու վերաբերյալ բողոքաբերի պնդումն առարկայազուրկ է` հաշվի չի առել, որ Դատարանը Արարատ Բարսեղյանին համարել է ՀՀ ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքի միջոցով պատշաճ ձևով ծանուցված և դատական նիստերն անց է կացրել պատասխանողի բացակայությամբ, մինչդեռ սույն վարչական գործում առկա չէ դատական նիստերի մասին Արարատ Բարսեղյանի պատշաճ տեղեկացված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց: 

Ինչ վերաբերվում է սույն վարչական գործում առկա Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքով հրապարակային ծանուցումներին, ապա դրանք չենք կարող համարվել Արարատ Բարսեղյանի` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը հաստատող ապացույցներ` նկատի ունենալով, որ դրանցում որպես Արարատ Բարսեղյանի հասցե նշվել է Երևան քաղաք, Նոր Նորք, Մոլդովական 17, մինչդեռ ըստ գործի նյութերի` Արարատ Բարսեղյանի բնակության վերջին հայտնի վայրի հասցեն է եղել Երևան քաղաքի Մոլդովական 17 շենքի թիվ 6 բնակարան:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ  վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված՝ դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են  ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործի քննության ընթացքում կողմերին քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորությունների ընձեռման անհրաժեշտության սկզբունքի հետ:

Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն։ Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

     

ՈՐՈՇԵՑ

     

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019  թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

    

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Ն. Տավարացյան

                        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: