Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-320
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2002-10.05.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.21/29(264) Հոդ.344
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 Ընդունված է 2002 թվականի ապրիլի 3-ին

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Գ Լ ՈՒ Խ  1.

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ

 

1. Իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ):

Իրավական ակտը կարող է ունենալ ժամանակավոր կամ մշտական բնույթ, կարող է նախատեսված լինել մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար:

2. Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ):

3. Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը:

Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ:

Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաև նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը, նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում:

4. Իրավական նորմն օրենքով սահմանված դեպքերում և սույն օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած վարքագծի կանոնն է, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և պարտադիր է անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար:

5. Անհատական ակտ է սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների (այսուհետ` անձ) համար:

Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

6. Ներքին ակտ է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ներքին իրավական ակտ ընդունող մարմին)` նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրենց իրավասության շրջանակում ընդունած այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր`

1) գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ կամ,

2) օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից կամ,

3) դա ընդունող իրավաբանական անձանց հիմնադիրներ (մասնակիցներ, անդամներ, փայատերեր և այլն) են:

Ներքին իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են սույն մասով չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր, իրավաբանական ուժ չունեն:

(2-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-425-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 3.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Իրավական ակտը կարող է (են) ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ Սահմանադրությամբ կամ օրենքով դրա համար լիազորված կամ դրա իրավասությունն ունեցող Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պետական կամ համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները կամ հիմնարկները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

2. Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:

3. Իրավական ակտը պետք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին:

4. Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է լինի հրապարակային:

5. Նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:

6. Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հայաստանի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները (այսուհետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն, օրենսդրություն կամ օրենսդրական ակտեր).

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշումները և հրահանգները, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները, նախարարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների հրամանները, մարզպետների, Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները (այսուհետ` գերատեսչական ակտեր).

3) համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի որոշումները, ինչպես նաև տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր).

4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների վավերացրած կամ հաստատած պայմանագրերը, ինչպես նաև այն միջազգային պայմանագրերը, որոնք ուժի մեջ են մտել ստորագրման պահից (այսուհետ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր).

5) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի որոշումները, վճիռները կամ դատավճիռները (այսուհետ` դատական ակտեր), ինչպես նաև դատարանների աշխատակազմերի ղեկավարների ընդունած անհատական հրամանները և կարգադրությունները.

6) սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում չնշված պետական այլ մարմինների ընդունած անհատական կամ ներքին հրամանները, կարգադրությունները, որոշումները, միջնորդագրերը, կարգագրերը և անհատական ու ներքին այլ իրավական ակտերը (այսուհետ` պետական այլ մարմինների իրավական ակտեր).

7) պետական մարմնի կարգավիճակ չունեցող պետական կամ համայնքային հիմնարկների հրամանները կամ կարգադրությունները (այսուհետ` պետական կամ համայնքային հիմնարկների իրավական ակտեր).

8) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի ընդունած հրամանները կամ կարգադրությունները (այսուհետ` իրավաբանական անձանց իրավական ակտեր):

 

ՀՈԴՎԱԾ 5.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն օրենքի 26-րդ, 28-րդ, 31-րդ, 32-րդ և 35-րդ հոդվածների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով մշակվող կամ ներկայացվող օրենքների կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա:

3. Սույն օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում:

4. Սույն օրենքի գործողությունը դատական ակտերի վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում:

5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև պետական այլ մարմինների ընդունած անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, կամ այդ իրավական ակտերի էությունից այլ բան չի բխում:

6. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց ընդունած անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ կամ այդ իրավական ակտերի էությունից այլ բան չի բխում:

7. Ներքին իրավական ակտերի նկատմամբ կիրառվում են անհատական իրավական ակտերի համար սույն օրենքով նախատեսված կանոնները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Սույն օրենքով նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված կանոններն իրավաստեղծ մարմինները կարող են կիրառել անհատական կամ ներքին իրավական ակտերի նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ կամ տվյալ իրավական ակտի էությունից այլ բան չի բխում:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`

1) Ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության նախարարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները (այսուհետ` նախարար), ինչպես նաև մարզպետները, Երևանի քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը.

3) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում.

4) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով:

2. Պետական այլ մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ և ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեի միջոցով օրենքներ ընդունելու կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջադրած օրենքների նախագծերի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների մշակման, քննարկման կամ ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ կարգադրությամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներով:

6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

7. Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումների մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` նաև հանձնաժողովների որոշումներով:

8. Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանների, մարզպետների, Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

9. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

10. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստման, դրանց շուրջ բանակցություններ վարելու, դրանց նախաստորագրման, ստորագրման, վավերացման, հաստատման, դրանց միանալու, դրանք գրանցելու, ժամանակավորապես կիրառելու, դրանց գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

12. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի և վճռաբեկ դատարանի որոշումների, վճիռների և դատավճիռների ընդունման կարգը սահմանվում է օրենքով:

13. Այլ պետական մարմինների իրավական ակտերի մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ այդ մարմինների կանոնադրությամբ նախատեսված կարգով:

14. Պետական կամ համայնքային հիմնարկների իրավական ակտերի մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այդ մարմինների հիմնադիրների կողմից կամ այդ մարմինների կանոնադրությամբ նախատեսված կարգով:

15. Իրավաբանական անձանց իրավական ակտերի մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ այդ իրավաբանական անձանց կանոնադրությամբ նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 8.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքն է:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական այլ ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիման վրա կամ ի կատարումն դրա և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող ճանաչված իրավական այլ ակտերն իրավաբանական ուժ չունեն:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեով:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները նորմատիվ իրավական ակտեր են:

 

ՀՈԴՎԱԾ 9.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

 

1. Օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերություններն ու ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` հանրաքվեի միջոցով կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

2. Օրենքները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, գործող օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:

3. Օրենքով կարող է կարգավորվել ցանկացած հարաբերություն:

4. Միմիայն օրենքով պետք է սահմանվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված հարցերը, այդ թվում`

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.

3) ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.

4) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

5) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

7) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.

8) կուսակցությունների ու այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

9) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.

10) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգային դրույթները, ռազմական դրության հայտարարման կարգը.

11) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, դատախազության ու փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.

12) տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

5. Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է:

6. Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի օրենսդրական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարող է կառավարությանը լիազորել ընդունելու օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած ժամկետում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին:

Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներով չեն կարող Հայաստանի Հանրապետության կառավարության կամ պետական այլ մարմինների համար սահմանվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ օրենքների պահանջներից չբխող նոր իրավունքներ, կամ չեն կարող փոփոխվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով` պետական մարմինների համար սահմանված իրավունքները, պարտականությունները կամ պատասխանատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ օրենքի ուժ ունեցող որոշումներ:

 

ՀՈԴՎԱԾ 11.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ընդունում է միայն նորմատիվ, անհատական կամ աշխատակարգային որոշումներ:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահն ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշումներ է ընդունում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ և ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական հրամանագրեր և կարգադրություններ:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

Հայաստանի Հանրապետության վարչապետը նորմատիվ որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով ուղղակի իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի և Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշումներ է ընդունում միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, օրենքով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության նախարարների հետ ընդունում է համատեղ որոշումներ:

Համատեղ ընդունված որոշումների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին ներկայացվող պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած միջազգային պայմանագրերին:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահն օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան:

(16-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-425-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումներ է ընդունում միայն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ:

 

ՀՈԴՎԱԾ 18.

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Կարգավորող հանձնաժողովներն ընդունում են որոշումներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հրահանգներ (այսուհետ` որոշումներ) միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Կարգավորող հանձնաժողովների որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրերին:

3. Կարգավորող հանձնաժողովները կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. Կարգավորող հանձնաժողովների նախագահները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդունում են միայն անհատական հրամաններ:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ, ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ և ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարներն ընդունում են հրամաններ, իսկ մարզպետները և Երևանի քաղաքապետը` որոշումներ և կարգադրություններ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Հայաստանի Հանրապետության նախարարները` նորմատիվ հրամաններ, իսկ մարզպետները, Երևանի քաղաքապետը` նորմատիվ որոշումներ ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին օրենքներով և իրավական այլ ակտերով չեն կարող տրվել սույն հոդվածի վեցերորդ մասում նշված լիազորությունները: Նման լիազորություններ վերապահող նորմերն անվավեր են:

2. Օրենքներով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարները, մարզպետները և Երևանի քաղաքապետը կարող են ընդունել համատեղ հրամաններ կամ որոշումներ:

Համատեղ ընդունվող հրամանների և որոշումների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են համատեղ ընդունվող ակտի ընդունման համար պատասխանատու կամ իրավական ակտն ընդունողների ցանկում առաջինը նշված իրավաստեղծ մարմնի` իրավական ակտին ներկայացվող պահանջները:

Օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում նախարարի հրամանը, ինչպես նաև մարզպետի կամ Երևանի քաղաքապետի որոշումը կարող են համաձայնեցվել պետական կառավարման այլ մարմինների հետ:

3. Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները, ինչպես նաև մարզպետների և Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, մարզպետների և Երևանի քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն նաև Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին:

4. Հայաստանի Հանրապետության նախարարները կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական հրամաններ:

5. Մարզպետներն ու Երևանի քաղաքապետը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ և անհատական կարգադրություններ:

6. Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններով, մարզպետների, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով չեն կարող սահմանվել իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր:

Սույն մասի պահանջների խախտմամբ ընդունված իրավական ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

 

 ՀՈԴՎԱԾ 20.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ և ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը որոշումներ ընդունում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը նորմատիվ որոշումներն ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին, կարգավորող հանձնաժողովների որոշումներին, Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

3. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են ընդունվել հանրաքվեով:

 

ՀՈԴՎԱԾ 21.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպության և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:

2. Միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Հայաստանի Հանրապետության օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին ու սկզբունքներին:

3. Համընդհանուր ճանաչում գտած են համարվում միջազգային իրավունքի այն նորմերն ու սկզբունքները, որոնք իրավաբանորեն հավասար ուժ ունեն բոլոր պետությունների, ներառյալ` Հայաստանի Հանրապետության համար:

4. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վավերացրած կամ ստորագրած կամ հաստատած միջազգային պայմանագրերն ունեն դրանք վավերացնող կամ ստորագրող կամ հաստատող մարմնի իրավական ակտի իրավաբանական ուժ: Եթե Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վավերացրած կամ ստորագրած կամ հաստատած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են դրանց ընդունած այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են այդ մարմինների վավերացրած կամ ստորագրած կամ հաստատած միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 22.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ և ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՎՃԻՌՆԵՐԸ և ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը և վճռաբեկ դատարանը որոշումներ, վճիռներ և դատավճիռներ (այսուհետ` ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտեր) են ընդունում միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, գերատեսչական իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրածների, ներքին և անհատական իրավական ակտերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտերին:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

1. Պետական այլ մարմինները, պետական ու համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք ընդունում են միայն անհատական կամ ներքին իրավական ակտեր` իրավական ակտերով կամ իրենց կանոնադրություններով սահմանված լիազորությունների շրջանակում:

2. Պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և իրավաբանական անձանց իրավական ակտերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, գերատեսչական ակտերին, տեղական ինքնակառավարման ակտերին, դատական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

 

ՀՈԴՎԱԾ 24.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա:

2. Իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը:

4. Տարբեր մարմինների ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի միջև հակասություն առաջանալու դեպքում գործում է այն մարմնի ընդունած իրավական ակտը, որին նման իրավական ակտ ընդունելու լիազորությունը տրված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով:

5. Նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի: Նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները:

6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած և հանրաքվեով ընդունված օրենքների միջև հակասության դեպքում գործում են հանրաքվեով ընդունված օրենքի նորմերը:

7. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

8. Արգելվում է իրավական ակտում նախատեսել հավասար իրավական ուժ ունեցող այլ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ: Նման նորմերն իրավական ուժ չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` կառավարության գործունեության ծրագրի օրենսդրական ապահովման նպատակով Ազգային ժողովը կարող է կառավարությանը լիազորել ընդունելու օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած ժամկետում և չեն կարող հակասել օրենքներին:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կարգավորող հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության նախարարների, մարզպետների, Երևանի քաղաքապետի, համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից իրենց իրավաստեղծ լիազորության փոխանցումն այլ մարմինների արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 26.

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը (այսուհետ` իրավաստեղծ աշխատանքներ) նախապատրաստվում են ընթացիկ ծրագրերի համաձայն, որոնք, որպես կանոն, կազմվում են 1-2 տարի ժամկետով:

2. Իրավաստեղծ աշխատանքների երկարաժամկետ ծրագրերը, որպես կանոն, կազմվում են 3 և ավելի տարի ժամկետով:

3. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերում նշվում են նորմատիվ իրավական ակտերի նախնական անվանումներն ու տեսակները, ինչպես նաև դրանց մշակման համար պատասխանատու մարմինները և այդ ակտերի մշակման ժամկետները:

4. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերի հաստատումը չի բացառում դրանցում չնշված նորմատիվ իրավական ակտերի մշակումը և ընդունումը:

5. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերը հաստատում են դրանք ընդունող մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նաև օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվելիք Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի նախապատրաստման ծրագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 27.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

 

1. Իրավական ակտի նախագիծը մշակող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային հիմնարկը կամ իրավաբանական անձը (այսուհետ` նախագիծը մշակող մարմին), այդ մարմնի աշխատակիցների ու մասնագետների թվից կարող է ստեղծել նախագծի մշակման հանձնաժողով: Նախագծի մշակման աշխատանքները կատարելու համար կարող են ներգրավվել նաև գիտական կազմակերպությունների, շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

2. Ծավալով կամ կարևորությամբ նշանակալից օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը կարող է պատրաստել դրա հայեցակարգը: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում են նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը:

3. Իրավաստեղծ մարմինը կարող է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակումը հանձնարարել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

4. Իրավաստեղծ մարմինն իրավասու է այլընտրանքային նախագծերի նախապատրաստումը հանձնարարել մի քանի հիմնարկի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց: Իրավաստեղծ մարմինն իրավասու է հայտարարել լավագույն նախագծի մրցույթ:

5. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմինների ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Իրավաբանական և ֆիզիկական անձանց մշակած օրենքների ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, ներկայացվում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց կամ մարմինների:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակողներն իրավունք ունեն մասնակցել նախագծերի քննարկումներին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի հեղինակները կարող են մասնակցել համապատասխան նախագծերի քննարկմանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

6. Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի վերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

 

ՀՈԴՎԱԾ 28.

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս դրան կցում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, այն իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանք, նախագծի հեղինակների (մշակողների) անունները կամ դրա նախապատրաստման աշխատանքներին մասնակցած մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, ում հետ նախագիծը համաձայնեցվել է:

Պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծին կից ներկայացվում է նաև նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացվելիս նախագծին կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք դարձած ֆինանսատնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, այլ փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացվող նախագծի հիմնավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

 

ՀՈԴՎԱԾ 29.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա:

3. Իրավական այլ ակտերի նախագծերը կարող են հրապարակվել ակտը մշակողների կամ իրավական ակտն ընդունող մարմնի որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 30.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Իրավաստեղծ մարմինների աշխատակիցների ու մասնագետների կողմից իրավական ակտի մշակման համար կարող են նախատեսվել համապատասխան բյուջետային ֆինանսական միջոցներ:

2. Բյուջետային միջոցների հաշվին իրավաբանական կամ ֆիզիկական այլ անձինք իրավական ակտերի նախագծերի մշակումն իրականացնում են «Պետական գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4.


ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 31.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ և ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Իրավաստեղծ մարմին ներկայացված իրավական ակտի նախագծի որակի գնահատման նպատակով իրավաստեղծ մարմնի որոշմամբ կարող է իրականացվել անկախ պաշտոնական (իրավաբանական, ֆինանսական, գիտատեխնիկական, բնապահպանական, լեզվաոճական և այլ) փորձաքննություն:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանեցնելու, ինչպես նաև այդ ակտերի մշակման ժամանակ սույն օրենքի պահանջների և օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանում ապահովելու նպատակով պարտադիր պետական իրավական փորձաքննության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետական փորձաքննության են ներկայացվում սույն օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը փորձաքննության ուղարկելիս կցում են դրանց վերաբերյալ տրված բոլոր փորձագիտական եզրակացությունները:

4. Գերատեսչական նորմատիվ ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրապարակման համար նախարարություն ուղարկված օրենսդրական ակտերի պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

6. Նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվետու չէ որևէ մարմնի:

7. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, մինչև դրանք իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվելը, կարող են ենթարկվել լեզվաոճական փորձաքննության:

8. Իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության իրականացումը չի արգելում այլ պետական մարմիններին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց եզրակացություններ տալ (այդ թվում` նաև փորձագիտական) այդ նախագիծն իրավական ակտերին համապատասխանելու, ինչպես նաև այդ ակտերի մշակման ժամանակ սույն օրենքի պահանջները և օրենսդրական տեխնիկայի կանոնները պահպանելու վերաբերյալ:

9. Նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նորմատիվ իրավական ակտերի պետական գրանցումն իրականացվում է պետական գրանցման գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Պետական գրանցման գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Սույն հոդվածի առաջինից ութերորդ մասերի գործողությունը չի տարածվում ռազմական դրության ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում օրենքով սահմանված կարգով իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդունած հրամանագրերի ու կարգադրությունների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 32.

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առաջարկած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների նախագծերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի վերջնական տարբերակների մասին փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող են ուղարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության:

Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի` քննարկման ներկայացվող վերջնական տարբերակները փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը տալիս է պետական փորձագիտական եզրակացություն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված և Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին տալիս է պետական փորձագիտական եզրակացություն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած և Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների վերաբերյալ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը առանց պետական փորձագիտական եզրակացության չեն կարող ներկայացվել համապատասխան իրավաստեղծ մարմնի կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի առաջին մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված իրավական ակտերի նախագծերի պետական փորձագիտական եզրակացությունը տրվում է իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն իրավական ակտի պետական փորձագիտական եզրակացության ժամկետը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է երկարաձգել մինչև 10 օրով, որի մասին մեկ օրվա ընթացքում հայտնվում է նախագիծը ներկայացնողներին:

Սույն հոդվածի առաջին մասի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի պետական փորձագիտական եզրակացությունը տրվում է իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:

Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացություն չի տալիս, ապա նորմատիվ իրավական ակտի նախագիծը քննարկվում է առանց պետական փորձագիտական եզրակացության:

 

ՀՈԴՎԱԾ 33.

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո:

2. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը` երեք օրինակից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

Պետական գրանցում ստացած իրավական ակտերի մեկ օրինակն ուղարկվում է ակտն ընդունած մարմին, երկրորդ օրինակը` պաշտոնական հրապարակման, իսկ երրորդը հաշվառման և համակարգման համար պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում: Պետական գրանցում ստացած իրավական ակտի օրինակն այդ իրավական ակտն ընդունած մարմին է ուղարկվում իրավական ակտի պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի պետական փորձագիտական եզրակացությունը տրվում, և իրավական ակտը գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն իրավական ակտի պետական փորձագիտական եզրակացության ժամկետը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է երկարաձգել մինչև 15 օրով, այդ մասին մեկ օրվա ընթացքում հայտնվում է իրավական ակտը ներկայացնողներին:

Եթե սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չի գրանցում իրավական ակտը կամ չի մերժում դրա պետական գրանցումը, ապա իրավական ակտն ընդունած մարմինն իրավունք ունի սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում այդ իրավական ակտն ուղարկել պաշտոնական հրապարակման: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է այդ իրավական ակտը նախարարությունում նորից մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում գրանցել և ուղարկել պաշտոնական հրապարակման:

4. Սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերի գրանցումը մերժվում է, եթե դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին կամ օրենսդրական տեխնիկայի պահանջներին, ինչպես նաև, եթե այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել սույն օրենքի պահանջները: Իրավական ակտի պետական գրանցման մերժման որոշման հետ միասին իրավական ակտն ընդունող մարմին է ուղարկվում իրավական ակտի փորձագիտական եզրակացությունը:

Այն իրավական ակտը, որի պետական գրանցումը մերժվել է, նորից պետական գրանցման կարող է ներկայացվել սույն օրենքով սահմանված կարգով` իրավական ակտի գրանցումը մերժելու համար հիմք դարձած պատճառները վերացվելուց հետո:

Պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին, որն իրավունք ունի իր որոշմամբ գրանցել և հրապարակման ուղարկել պետական գրանցումը մերժված իրավական ակտը:

5. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացված փորձաքննությունից պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին կամ օրենսդրական տեխնիկայի պահանջներին, ինչպես նաև, եթե այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել սույն օրենքի պահանջները, ապա տվյալ ակտի պետական գրանցումը կասեցվում է, և այդ մասին գրավոր հայտնվում է համապատասխան իրավական ակտն ընդունած մարմին` կցելով փորձագիտական եզրակացությունը: Իրավական ակտն ընդունած մարմինն իրավական ակտի պետական գրանցումը կասեցնելու մասին որոշումն ստանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում իրավունք ունի կասեցումը չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին կայացնել համապատասխան որոշում և այդ որոշման հետ միասին պետական գրանցումը կասեցված իրավական ակտն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք գրանցելու և հրապարակելու:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է կասեցումը չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին որոշումը նախարարությունում մուտքագրելու օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում գրանցել գրանցումը կասեցված և կասեցումը չընդունելու կամ դա մասնակի չընդունելու մասին իրավական ակտերը և դրանք ուղարկել հրապարակման:

Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է, որ հրապարակման ուղարկված իրավական ակտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ ակտերն անվավեր ճանաչելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 34.

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը, դրանք ընդունելուց հետո` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, պետական իրավական փորձաքննության համար ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ ակտերը համարվում են անվավեր:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է:

4. Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 3 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդ իրավական ակտն ընդունած մարմին` առաջարկելով այդ ակտն անվավեր ճանաչել կամ համապատասխանաբար փոփոխել: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ ակտերն անվավեր ճանաչելու համար:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը և պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

 

ՀՈԴՎԱԾ 35.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությունն իրականացնելիս փորձաքննությունն իրականացնող մարմինները կամ անձինք իրավասու են իրավական ակտը մշակողներից, գործադիր իշխանության մարմիններից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից ստանալ տվյալ նախագծի պատրաստման հետ կապված` փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությանը մասնակցած անձինք կարող են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով մասնակցել համապատասխան նախագծի քննարկմանը:

3. Իրավաստեղծ այլ մարմիններում քննարկման ներկայացված նորմատիվ իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությանը մասնակցող մարմիններն ու անձինք իրավունք ունեն համապատասխան նախագծի քննարկման ժամանակ մասնակցել այդ մարմնի կողմից անցկացվող նախագծի քննարկումներին, ներկայացնել պետական փորձագիտական եզրակացությունը և պատասխանել հարցերին:

4. Իրավական ակտերի քննարկումների մասին դրանց պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությունն իրականացրած մարմիններին կամ անձանց հայտնվում է ոչ ուշ, քան քննարկումից հինգ օր առաջ:

 

 Գ Լ ՈՒ Խ  5.

 

 ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 36.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԼԵԶՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով:

Իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ:

2. Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած և բազմիմաստ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաստով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքստերի, ինչպես նաև օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը: Իրավական ակտում բազմիմաստ բառ օգտագործվելու դեպքում պետք է սահմանվի, թե բառը որ իմաստով է օգտագործվում:

3. Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:

4. Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով:

5. Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է:

6. Իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

7. Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունն իրականացնում է իրավական ակտն ընդունող մարմինը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

Անհատական կամ ներքին իրավական ակտի` նոտարական կարգով վավերացված թարգմանությունը նույնպես համարվում է պաշտոնական թարգմանություն:

Պաշտոնական թարգմանությամբ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաև թարգմանությունը կատարած մարմնի անվանումը:

Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է իրավական ակտի տեքստը ստորագրելու իրավասություն ունեցող անձը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

 

ՀՈԴՎԱԾ 37.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ:

Իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել կամ առանձին գլուխների, կամ հոդվածների, կամ կետերի ձևով:

2. Իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանում չեն զետեղվում նորմատիվ դրույթներ: Նախաբանը չի բաժանվում հոդվածների (կետերի):

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նախաբանում պետք է նշվի, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:

Անհատական կամ ներքին իրավական ակտի նախաբանում կամ բովանդակության մեջ պետք է նշվի, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:

3. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել`

1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու և գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.

2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.

3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը.

4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաստման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները:

4. Իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր:

5. Իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը` կանոններ, կանոնադրություններ, կարգեր, հրահանգներ, պարզաբանումներ, պայմաններ, գնացուցակներ, ցուցակներ, ցանկեր, կազմեր, աղյուսակներ, գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ և այլն, ձևակերպվում են հավելվածների ձևով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին:

6. Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

7. Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք:

 

ՀՈԴՎԱԾ 38.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐԸ

 

1. Օրենքի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` այդ հանձնաժողովների կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Իրավական այլ ակտերի ընդունման օր է համարվում դրանց տեքստերն իրավասու պաշտոնատար անձանց կողմից ստորագրվելու օրը:

Հանրաքվեներով ընդունված իրավական ակտերի ընդունման օրը որոշվում է հանրաքվեների մասին օրենքներով և սույն օրենքով նախատեսված կարգով:

2. Իրավական ակտի հերթական համարը սահմանում է իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. Իրավական ակտում դա ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ), «Ա» (անհատական) և «Լ» (ներքին, լոկալ) տառերով: Սույն նշումները կատարվում են իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո:

Համապատասխան նշում չունեցող իրավական ակտերը համարվում են անհատական իրավական ակտեր: Դրանց նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

Անհատական իրավական ակտի նշումով ընդունված իրավական ակտերի` նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 39.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության անվանումը հիշատակելիս, արտահայտելիս, այլ իրավական ակտում նշելիս, հղումներ կատարելիս (այսուհետ` հիշատակելիս) դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր) և «փոփոխություններ» բառը:

2. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը և «օրենք» բառը:

Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը:

3. Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը, օրենսգրքի անվանումը և «օրենսգիրք» բառը:

Օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենսգրքի անվանումը և «օրենսգիրք» բառը:

4. Իրավական այլ ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը, իրավական ակտի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը և տեսակը:

Իրավական այլ ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը, իրավական ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը և տեսակը:

 

ՀՈԴՎԱԾ 40.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ

 

1. Նորմատիվ և ներքին իրավական ակտերը պետք է ունենան վերնագրեր:

Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միևնույն վերնագիրը:

Ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ կրկնի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի վերնագիրը:

Անհատական կամ ներքին իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ համընկնի նորմատիվ իրավական ակտի վերնագրին:

3. Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: Իրավական ակտի վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

4. Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի կրճատ անվանումը:

 

ՀՈԴՎԱԾ 41.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններում և Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները կարող են բաժանվել «մասեր» կոչվող համարակալված կամ չհամարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են պարունակել կետեր կամ պարբերություններ:

3. Իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել ենթակետերի և պարբերությունների: Կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

4. Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Անհրաժեշտության դեպքում գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Բաժիններն ու գլուխներն ունեն վերնագրեր և համարակալվում են: Բաժինների և գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

5. Հոդվածները և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Ենթակետերը կարող են համարակալվել արաբական թվանշաններով կամ հայերենի այբուբենի փոքրատառերով:

Բաժինները և գլուխները համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով:

6. Հոդվածների համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:

Իրավական այլ ակտերի կետերի համարները տեքստից բաժանվում են միջակետով:

7. Իրավական ակտի գլուխների և բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:

Իրավական ակտի գլուխների կամ բաժինների կամ հոդվածների վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

8. Սույն օրենքով իրավական ակտին վերաբերող դրույթները կիրառվում են նաև դրանց մասերի վրա, եթե այդ դրույթներից ուղղակիորեն այլ բան չի բխում:

 

ՀՈԴՎԱԾ 42.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

2. Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է:

3. Նույն իրավական ակտում միևնույն հասկացության կամ տերմինի բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքում կիրառվում է հասկացության կամ տերմինի այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:

 

ՀՈԴՎԱԾ 43.

ՀՂՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Իրավական ակտի հոդվածներում, կետերում իրավական այլ ակտի հոդվածներին, կետերին, ինչպես նաև իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին հղումները կիրառվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը կամ խուսափել կրկնություններից:

Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտում տրվում է իրավական ակտի լրիվ անվանումը: Մյուս դեպքերում իրավական այլ ակտին հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:

2. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին: Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը փոփոխություններից կամ լրացումներից բացի պարունակում է այլ նորմեր` այդ նորմերի մասով:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների մասերին հղում կատարելիս նշվում են ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի համարը:

Իրավական այլ ակտի մասերին հղում կատարելիս նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի համարը:

4. Եթե իրավական ակտը ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի կամ դրա մասի է ընդունվում, ապա ընդունվող իրավական ակտի նախաբանում հղում է կատարվում այդ իրավական ակտին` նշելով դրա կրճատ անվանումը և դրա համապատասխան մասը:

Գերատեսչական նորմատիվ ակտերում և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերում պետք է հղում պարունակվի, թե դա Հայաստանի Հանրապետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում: Համապատասխան հղում չունեցող կամ սխալ հղումով գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

5. Եթե ընդունվող իրավական ակտով նախատեսվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն իրավական այլ ակտով, ապա ընդունվող իրավական ակտում պետք է կոնկրետ նշվեն դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը և հարաբերությունը կարգավորող իրավական ակտի տեսակը: Եթե այդ հարաբերությունը պետք է կարգավորվի օրենքով, ապա նշվում են «օրենքով» կամ «օրենքներով» բառերը: Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:

Եթե իրավական ակտով նախատեսվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ ուղղակիորեն կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով, ապա այս դեպքում է միայն նշվում իրավական ակտերի տեսակների այն խմբի անվանումը (օրենսդրական ակտեր, գերատեսչական ակտեր, տեղական ինքնակառավարման ակտեր, միջազգային պայմանագրեր և այլն), որոնցով կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն չկարգավորված հարաբերությունները:

6. Արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին:

7. Նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ և ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ: Մասնավորապես միևնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 44.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՔՍՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

1. Իրավական ակտի պաշտոնական տեքստն ստորագրում են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և կարգադրությունը.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում` նաև դրանք իրագործող նախարարները` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը.

զ) համայնքի ղեկավարը` տեղական ինքնակառավարման իրավական ակտերը.

է) ակտն ընդունող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը` գերատեսչական իրավական ակտը.

ը) ակտն ընդունելու կամ ստորագրելու լիազորություն ունեցող մարմնի, հիմնարկի կամ իրավաբանական անձի պաշտոնատար անձը` այլ իրավական ակտերը:

2. Ստորագրությունը դրվում է իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և ընդունման վայրը: Ընդունման կամ ստորագրման պահից ուժի մեջ մտնող իրավական ակտերի վերջում պետք է նշվի ընդունման ժամը:

 

ՀՈԴՎԱԾ 45.

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները:

2. Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

3. Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն:

4. Ուժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի համարների փոփոխություն չի կատարվում:

5. Գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի կամ կետի փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս կամ կետ չի կարող ընդունվել:

6. Իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի կամ կետի գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս հոդվածների, մասերի կամ կետերի համարները համապատասխանաբար չեն փոփոխվում:

7. Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի կամ կետերի միջև համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս կամ կետ կարող է լրացվել միայն լրացուցիչ (պրիմ) համարով: Այս դեպքում ևս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի կամ կետերի համարի փոփոխություն չի կատարվում:

8. Փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

9. Եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

10. Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն «և» կամ «ու» շաղկապները:

Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, և այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

11. Արգելվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսվածների:

Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ:

12. Նորմատիվ իրավական ակտում բացատրություններ կամ ծանոթագրություններ չեն տրվում: Բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների տեսքով:

13. Իրավական ակտում կիրառվող ամսաթվերում տարեթիվը և ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով:

Իրավական ակտերում հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների չափերը, տույժերի, տուգանքների չափերը, պատժաչափերը սահմանվում են բառերով:

14. Օրենսդրական տեխնիկայի տեխնիկական կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

 Գ Լ ՈՒ Խ  6.

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 46.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:

2. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:

Նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան սույն օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն):

 

ՀՈԴՎԱԾ 47.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում և ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 48.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներն ստորագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքներն ստորագրում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` հինգ օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 49.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Պատերազմ հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են անհապաղ, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

3. Համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Պատերազմ հայտարարելու մասին, համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը վավերացնելու կամ չեղյալ համարելու մասին որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ այլ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովի որոշումները (այդ թվում` անհատական որոշումները) ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 50.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից` «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն անվավեր ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները պետք է հրապարակվեն այն կարգով, որով հրապարակվել են անվավեր ճանաչված ակտերը:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները հրատարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը` դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 51.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ և ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահի` հրապարակման չուղարկված անհատական հրամանագրերը և կարգադրությունները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի` հրապարակման ենթակա հրամանագրերը և կարգադրությունները հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության Նախագահը` դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 52.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դրանք վավերացվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարության` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության` հրապարակման ենթակա որոշումները հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դրանք վավերացվելու, իսկ օրենքի ուժ ունեցող որոշումները` ստորագրվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 53.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի անհատական որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից և ուժի մեջ են մտնում դրանք ընդունվելուց, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա որոշումները` վավերացվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի` հրապարակման ենթակա որոշումները հրապարակման է ուղարկում Հայաստանի Հանրապետության վարչապետը դրանք ընդունվելու օրվան հաջորդող երեք օրվա, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա որոշումները` վավերացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության վարչապետի` պաշտոնական կարգով չհրապարակված անհատական որոշումները կարող են հրապարակել իրավական ակտեր հրապարակելու լիազորություններ ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

 

ՀՈԴՎԱԾ 54.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ժամկետներում և կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 55.

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

3. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում պետական գրանցող մարմինը` գրանցման օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

Գերատեսչական անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունողները:

 

ՀՈԴՎԱԾ 56.

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

4. Հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու սույն օրենքով սահմանված կարգով:

5. Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է համայնքի ղեկավարը, դրանք պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

6. Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և տվյալ համայնքներում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և համապատասխան մարզպետին` նշելով այդ ակտերի հրապարակման օրը և ձևը: Եթե նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակվել են «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում», ապա այդ մարմիններին է ուղարկվում նաև տեղեկագրի երկու օրինակը:

7. Երևան քաղաքի թաղային համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերն ու տվյալ համայնքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

8. Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել համայնքների ղեկավարները:

 

ՀՈԴՎԱԾ 57.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը պետք է հրապարակվի նույն կարգով, որով հրապարակվել է անվավեր ճանաչված իրավական ակտը:

2. Օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող, ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված` ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը հրատարակման է ուղարկում ակտերն ընդունած դատարանը` դրանց ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

4. Դատարանների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 58.

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Ռազմական դրության ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավիճակից թելադրվող` օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերի համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրերն ու կարգադրությունները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պայմաններում ընդունված այն իրավական ակտերը, որոնք սահմանափակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները, փոփոխում դրանց իրականացման կարգը, սահմանում կամ խստացնում են իրավական պատասխանատվությունը, սահմանում նոր պարտականություններ կամ սահմանում ու փոփոխում պարտականությունների կատարման կարգ, կարող են ուժի մեջ մտնել միայն այդ ակտերով սահմանված կարգով հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և չհրապարակված կամ դրա մասին չտեղեկացված նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

 

ՀՈԴՎԱԾ 59.

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

1. Հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ ստորագրման կամ վավերացման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերը` դրանց ստորագրմանը կամ վավերացմանը կամ գրանցմանը հաջորդող օրվանից:

2. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում` իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, իրավական ակտն ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» կամ «ՀԳ» կամ «ՀԿ» տառերը:

 

ՀՈԴՎԱԾ 60.

ԱՆՀԱՏԱԿԱՆ և ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե նշված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարություններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն մասում նախատեսված մարմինների ընդունած և պատասխանատվություն սահմանող անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. Ներքին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ ներքին իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 61.

ԱՆՀԱՏԱԿԱՆ և ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները` դրանք Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում են այն մարմիններ, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

2. Անհատական իրավական այլ ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում են այն մարմիններին, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

 

ՀՈԴՎԱԾ 62.

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ, ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերը` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում, պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

3. Սույն հոդվածով նախատեսված օրենքների և իրավական այլ ակտերի պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման (լույսընծայման) օրը:

4. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի` իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

5. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի օր, իսկ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին: Եթե տեղեկագրերի հրատարակման օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա տեղեկագրերը հրատարակվում են դրան հաջորդող աշխատանքային օրը: Անհրաժեշտության դեպքում կարող են հրատարակվել տեղեկագրի արտահերթ համարներ:

6. Եթե նորմատիվ իրավական ակտը չի հրապարակվել այնտեղ նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ապա իրավական ակտն ուժի մեջ մտնելու օր է համարվում դրա հրապարակմանը հաջորդող օրը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Եթե նորմատիվ իրավական ակտի շապիկի առաջին էջում զետեղված պաշտոնական հրապարակման օրվա նշումը չի համապատասխանում սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով նախատեսված տեղեկագրերի փաստացի հրատարակման օրվան, ապա իրավական ակտի պաշտոնական հրապարակման օր է համարվում տեղեկագրերի փաստացի հրատարակման օրը, որի մասին տեղեկագրերը հրատարակող մարմինը` այդ տեղեկագրի հրատարակման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, պարտավոր է տեղեկագրի հաջորդ համարում տալ պաշտոնական հաղորդագրություն:

8. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

9. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» ենթակա են ազատ իրացման և բաժանորդագրության:

 

ՀՈԴՎԱԾ 63.

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Գյուղական և քաղաքային համայնքի ավագանու և ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակում է համարվում համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը հրապարակվելու կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:

2. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է` ելնելով համայնքի բնակչության թվից` հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ օրինակ տպաքանակով:

Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` երեք հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ:

3. Երևանի թաղային համայնքների նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրում»` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:

«Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիրը» հրատարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» և «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագրի» հրապարակման կամ հրատարակման կարգի կամ ժամկետների որոշման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջինից չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերի կանոնները:

5. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» լույս է տեսնում ըստ անհրաժեշտության, կարող է անհատույց տարածվել կամ ազատ իրացվել:

6. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիրը» լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ:

Տեղեկագիրը ենթակա է ազատ իրացման և բաժանորդագրության:

7. Յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրատարակում է քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուներ: Այդ ժողովածուների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 64.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենքները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Այդ հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

 

ՀՈԴՎԱԾ 65.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Երևանի քաղաքապետի որոշումները և կարգադրությունները.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները և կարգադրությունները:

«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. Նախարարների հրամանները հրապարակվում են համապատասխան նախարարությունների, ապա` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական համապատասխան մարմինների անվանումների այբբենական հերթականությամբ:

3. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

4. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

 

ՀՈԴՎԱԾ 66.

«ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» և «ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ» ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

2. «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.

1) առաջին բաժնում հրապարակվում են Աջափնյակ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Ավան համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Արաբկիր համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Դավիթաշեն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Էրեբունի համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Կենտրոն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Նոր Նորք համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Նորք-Մարաշ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Նուբարաշեն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Շենգավիթ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները.

12) տասներկուերորդ բաժնում հրապարակվում են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները:

«Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

3. Սույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

 

ՀՈԴՎԱԾ 67.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ և ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Իրավական ակտերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի վրա, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման կամ բազմացման, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածման միջոցով:

2. Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման:

Օրենսդրական, գերատեսչական, դատական, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական վերահրատարակման իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ օրենքով նախատեսված այլ անձինք:

Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտեր չհամարվող այլ իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունող մարմինները կամ այլ անձինք, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող իրավական ակտերի կամ նման գաղտնիք պարունակող իրավական ակտերի մասերի:

3. Օրենսդրական, գերատեսչական, դատական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումներ իրականացնողներն իրավունք ունեն ինքնուրույն մշակել դրանք, ինչպես նաև իրականացնել իրավական ակտերի ոչ պաշտոնական ինկորպորացիա` չփոխելով իրավական ակտի իմաստը:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման մենաշնորհ տալն արգելվում է:

4. Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը կամ ոչ պաշտոնական հրատարակումը կարող է իրականացվել միայն իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կամ իրավաստեղծ մարմիններից կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պաշտոնապես ստացված իրավական ակտերի հիման վրա` նշելով հրապարակման կամ ստացման աղբյուրը:

5. Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը դրանում կատարվել են փոփոխություններ կամ լրացումներ, ապա դրանք պետք է հրատարակվեն իրավական ակտերի հետ միասին, կամ այդ իրավական ակտերը պետք է հրատարակվեն դրանցում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները ներառված (այսուհետ` ինկորպորացիա)` նշելով, թե որ օրվա դրությամբ կատարված փոփոխություններով կամ լրացումներով հանդերձ է դա հրատարակվում:

Օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմում է պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու, որն անվճար տրամադրվում է միայն պետական մարմիններին: Սույն մասով նշված ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Նորմատիվ իրավական այն ակտը, որում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ կամ լրացումներ, համապատասխան ակտն ընդունած իրավաստեղծ կամ նորմատիվ ակտը հրատարակող մարմինը կարող է պաշտոնապես վերահրատարակել սույն օրենքով նախատեսված համապատասխան տեղեկագրերում:

8. Օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտերը համարվում են անվավեր, և դրանց իրացումը, բազմացումը կամ տարածումն արգելվում է:

 

 Գ Լ ՈՒ Խ  7.

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 68.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Անձինք ազատ են կատարել այն, ինչ արգելված չէ օրենքով կամ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում օրենսդրական այլ ակտերով, եթե դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքները, ազատությունները, պատիվն ու բարի համբավը:

2. Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով: Պարտականությունների կատարման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:

Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով:

3. Անձը պարտավոր չէ կատարել սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները:

Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:

4. Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

5. Իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասում նախատեսված դեպքերի, գործում են ուղղակիորեն և ենթակա են կատարման` անկախ այն հանգամանքից, թե դրանց հիման վրա կամ ի կատարումն դրանց ընդունվել են իրավական այլ ակտեր, թե ոչ:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտերը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաև դրանց ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Սույն նորմը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց չի ազատում իրավական ակտերի մասին հասարակությանն իրազեկելու կամ տեղյակ պահելու` իրավական ակտերով նախատեսված իրենց պարտականությունների կատարումից:

7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել անձանց նրանց իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև վերացնել անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, եթե այդ իրավունքների իրականացումը կամ պարտականությունների կատարումը չի հակասում պետական և հասարակական անվտանգության շահերին, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, կամ դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքներն ու ազատությունները, պատիվը և բարի համբավը:

 

ՀՈԴՎԱԾ 69.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ

 

Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող և փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, կամ նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերը կիրառող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են այդ մասին իրազեկել շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 Գ Լ ՈՒ Խ  8.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 70.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում, եթե անհրաժեշտ է փոփոխել առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները:

2. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

Սույն մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով և առաջացնում են իրավաբանական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետևանքներ:

3. Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով:

5. Իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով:

Օրենսգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են օրենքով:

Համատեղ ընդունված իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած իրավական ակտով:

Իրավական այն ակտերում, որոնց ընդունման համար օրենքով կամ օրենսդրական այլ ակտով պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն իրավական ակտի ընդունման համար համաձայնություն տված իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի համաձայնությամբ:

6. Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին):

Եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 71.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

1. Իրավական ակտի գործողությունը դադարում է`

1) իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) իրավական ակտը վերացվելու դեպքում.

3) իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

4) իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում.

5) իրավական ակտի գործողությունը կասեցվելու դեպքում:

2. Եթե դադարեցվելու է իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների որոշակի մասի գործողությունը, որը հնարավոր չէ առանձնացնել իրավական ակտերի մասերի ձևով, ապա իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որի մասով դադարեցվում է իրավական ակտի գործողությունը:

3. Իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Իրավական ակտի գործողության դադարեցման դեպքում անհատական իրավական ակտերի գործողությունը կարող է դադարեցվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով նախատեսված կարգով և պայմաններով:

Իրավական ակտի գործողությունը դադարած ճանաչելու` սույն մասով սահմանված հիմքերն իրավաստեղծ մարմնին, բացի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, չեն ազատում համապատասխան իրավական ակտերի` սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով գործողությունը դադարեցված ճանաչելու պարտականությունից:

4. Իրավական ակտի գործողության դադարեցման մասին իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

Գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը կարող է վերականգնվել միայն համապատասխան իրավական ակտով` գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնման մասին ուղղակի դրույթի առկայության դեպքում:

5. Իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով:

Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է օրենքով:

Համատեղ ընդունված իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների, ինչպես նաև համապատասխան լիազորություններով օժտված դրանց վերադաս մարմնի որոշմամբ:

Եթե իրավական ակտի ընդունման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, ապա առանց դրա կամ դրա իրավահաջորդի համաձայնության այդ իրավական ակտի գործողությունը չի կարող դադարեցվել:

6. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, եթե օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 72.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե`

ա) դադարել է իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը,

բ) իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ իրավական ակտով,

գ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ, որին հակասում են այդ իրավական ակտի դրույթները,

դ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ իրավական ակտը,

ե) ժամկետային իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրացել է.

2) իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում` միայն նորմատիվ իրավական ակտերի մասով, եթե իրավաստեղծ մարմնի լուծարման որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Եթե իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի պահանջներին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, պարտավոր է իր ընդունած իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, եթե այդ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Այս դեպքում հակասող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

3. Իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում դրա նորմատիվ իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում իրավական ակտն ընդունող մարմնի լուծարման պահից, եթե իրավաստեղծ մարմնի գործունեության դադարեցման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 73.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ

 

1. Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:

Սույն դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասելու կամ հակասող ճանաչվելու պատճառով:

2. Իրավական ակտը վերացված է ճանաչվում իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի որոշմամբ:

3. Իրավական ակտը վերացնելու մասին իրավական ակտով պետք է լուծվեն իրավական ակտին հետադարձ ուժ տալու կարգը և պայմանները:

4. Իրավական ակտը վերացված ճանաչվելու դեպքում չեն իրականացվում սույն օրենքի 74-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված միջոցառումները:

 

ՀՈԴՎԱԾ 74.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Իրավական ակտն անվավեր է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին.

2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում.

3) ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում.

4) ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրավական ակտն իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու դեպքում.

5) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չներկայացվելու դեպքում.

6) պատասխանատվություն նախատեսող անհատական իրավական ակտի պահանջը սահմանված վաղեմության ժամկետում չկատարվելու դեպքում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից: Մյուս դեպքերում իրավական ակտն անվավեր է ճանաչվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող կամ սույն օրենքով նախատեսված այլ իրավական ակտին հակասելու պահից:

Սույն հոդվածի առաջին մասի 2-6-րդ կետերով նախատեսված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:

3. Իրավական ակտն իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի կամ դրա վերադաս մարմնի որոշմամբ կարող է անվավեր ճանաչվել, եթե օրենքով այդ ակտն անվավեր ճանաչելու համար պարտադիր դատական կարգ նախատեսված չէ:

4. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտով կարող են լուծվել`

1) իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը.

2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.

3) անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

5. Իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված ակտով իրենց տրված իրավունքներից, արտոնություններից, ազատություններից օգտվելու հետևանքով պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել, եթե նրանք չգիտեին կամ պարտավոր չէին իմանալ, որ տրված իրավունքները, արտոնություններն ու ազատությունները սահմանող իրավական ակտերն անվավեր էին:

 

ՀՈԴՎԱԾ 75.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

Իրավական ակտի նորմատիվ դրույթները չեն կարող չեղյալ ճանաչվել:

2. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից:

 

ՀՈԴՎԱԾ 76.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ իրավական ակտի գործողությունը կարող է կասեցվել:

2. Իրավական ակտի գործողության կասեցման մասին իրավական ակտով պետք է սահմանվեն`

1) իրավական ակտի գործողության կասեցման պատճառը կամ նպատակը, ինչպես նաև ժամկետը.

2) մինչև իրավական ակտի գործողության կասեցումը և դրա գործողության վերականգնումից հետո ծագած հարաբերությունների կարգավորման կարգը և պայմանները:

Նշված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի:

 

ՀՈԴՎԱԾ 77.

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ

 

1. Նոր իրավական ակտի ընդունման կապակցությամբ փոփոխման կամ լրացման, ինչպես նաև գործողության դադարեցման ենթակա են այն բոլոր իրավական ակտերը կամ դրանց մասերը, որոնք կամ հակասում են նոր ակտում պարունակվող դրույթներին, կամ ընդգրկված են այնտեղ:

2. Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ գործողությունը դադարեցնել մինչև այդ ընդունված իրավական ակտերում կամ դրանց որոշ մասերում, ապա դրանք ինքնուրույն իրավական ակտերի մասերի տեսքով շարադրվում են իրավական ակտի նախագծի եզրափակիչ մասում:

3. Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել մեծ թվով ակտերում, կամ դադարեցնել մեծ թվով ակտերի գործողությունը, ապա դրանց ցանկերը ձևակերպվում են առանձին, նույն տեսակի իրավական ակտի տեսքով: Նման ցանկերի նախագծերը պատրաստում են հիմնական ակտի նախագիծը մշակողները և ներկայացնում են դրա հետ միասին: Փոփոխությունների կամ լրացումների ցանկերը կազմվում են գործողությունը դադարեցնող ցանկերից առանձին` ժամանակագրական կարգով:

4. Իրավական ակտի ընդունումից հետո դրա ընդունման կապակցությամբ փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա իրավական ակտերի ցանկերի նախագծերի պատրաստումը թույլատրվում է միայն, եթե դրանց պատրաստումը պահանջում է երկար ժամանակ: Այս դեպքում ընդունվող իրավական ակտում պետք է տրվի համապատասխան ցանկերի նախագծերի մշակման հանձնարարական կամ առաջարկություն` նշելով, թե որ մարմինն ինչ ժամկետում պետք է մշակի դրանք:

 

 Գ Լ ՈՒ Խ  9.

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 78.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

1. Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

3. Իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե սույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 79.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետն անսահմանափակ է, եթե տվյալ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին իրավական ակտում ուղղակի ժամկետ նախատեսված չէ:

2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ ակտի կամ դրա առանձին մասերի համար: Այս դեպքում պետք է նշվի ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը: Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:

 

ՀՈԴՎԱԾ 80.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, գերատեսչական ակտերի, բացառությամբ մարզպետների և Երևանի քաղաքապետի նորմատիվ որոշումների, գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետների նորմատիվ որոշումների գործողությունը տարածվում է միայն տվյալ մարզի, իսկ Երևանի քաղաքապետի նորմատիվ որոշումների գործողությունը` միայն Երևան քաղաքի վարչական տարածքի վրա:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է համապատասխան համայնքի տարածքի վրա:

4. Անհատական իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

5. Ներքին իրավական ակտի գործողությունը տարածվում է միայն ներքին իրավական ակտով ուղղակի նախատեսված անձանց վրա:

 

ՀՈԴՎԱԾ 81.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության` ի դեմս դրա մարմինների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության համայնքների` ի դեմս դրանց մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջազգային իրավունքի նորմերի համաձայն, Հայաստանի Հանրապետության օրենքներն ու նորմատիվ իրավական այլ ակտերը կարող են չկիրառվել օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և որոշ այլ ներկայացուցչությունների աշխատակիցների նկատմամբ:

 

 Գ Լ ՈՒ Խ  10.

 

 ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 82.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1. Իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

2. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

3. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

5. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և հավասար է տասնհինգ օրվա:

6. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:

 

ՀՈԴՎԱԾ 83.

ԺԱՄԿԵՏԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ԱՎԱՐՏՎԵԼԸ

 

Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

ՀՈԴՎԱԾ 84.

ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

2. Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

 

ՀՈԴՎԱԾ 85.

ԺԱՄԿԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՅԼ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Եթե օրենքով կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ օրենքով կամ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված ժամկետների հաշվարկման կարգը:

 

 Գ Լ ՈՒ Խ  11.

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 86.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ

 

1. Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

2. Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:

3. Իրավական ակտի կամ իրավական ակտի բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը չի կարող օգտագործվել իրավական ակտի կամ համապատասխանաբար նրա բաժնի, գլխի կամ հոդվածի մեկնաբանման համար:

 

ՀՈԴՎԱԾ 87.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

 

1. Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:

2. Իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած իրավական ակտը կիրառող գործադիր իշխանության մարմինը` ընդ որում, մեկ բնագավառի վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.

գ) կարգավորող հանձնաժողովները` իրենց կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.

ե) համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու և իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:

Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով:

Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձանց ստորագրությամբ:

3. Պաշտոնական պարզաբանում ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր դիմումում պետք է նշի սույն հոդվածի առաջին մասով սահմանված հակասությունների, տարաբնույթ ընկալումներ կամ այլ հարցերով պարզաբանում ստանալու անհրաժեշտության մասին` նշելով առաջադրված հարցերի իրավական հիմքերը: Նա կարող է ներկայացնել հարցերի պարզաբանման միայն մեկ տարբերակ:

Սույն մասի առաջին պարբերության պահանջներից չբխող դիմումները համարվում են խորհրդատվություն ստանալու նպատակ հետապնդող, դրանց վերաբերյալ տրվում են միայն օրենքով նախատեսված պատասխաններ:

4. Պաշտոնական պարզաբանումները տրվում են դիմումն ստանալուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում: Նշված ժամկետում պաշտոնական պարզաբանումը չստանալու դեպքում դիմող անձն իրավասու է իրավական ակտի պահանջներն իրականացնելիս առաջնորդվել իր ներկայացրած պարզաբանման տարբերակով: Սակայն այդ պարզաբանումը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը, պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ և դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Եթե դիմողն առաջնորդվել է օրենքի պահանջների պահպանմամբ տրված պարզաբանումով, ապա այդ պարզաբանման և իրավասու մարմնի հետագայում տված պարզաբանման կամ եզրակացության միջև հակասություն առաջանալու դեպքում դիմող անձն ազատվում է ոչ ճիշտ պարզաբանման հետևանքով թույլ տրված սխալների համար նախատեսված պատասխանատվությունից:

Պաշտոնական պարզաբանումները կարող են հրապարակվել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

5. Դատարանների նախագահների խորհուրդը դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա տալիս է օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ: Դատարանների նախագահների խորհրդի օրենքների կիրառման պարզաբանումները ենթակա են հրապարակման:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված պաշտոնական պարզաբանումները պարտադիր բնույթ չունեն, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվել պաշտոնական պարզաբանումներով:

7. Իրավական ակտի ոչ պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ պարզաբանման ենթակա հարաբերությունների կարգավորման բնագավառում աշխատող պաշտոնատար անձինք, փաստաբանները, իրավաբանական ծառայություններ իրականացնող անձինք, համապատասխան բնագավառի այլ մասնագետներ: Սույն մասով նախատեսված պարզաբանումները կրում են խորհրդատվական բնույթ:

8. Հրապարակայնորեն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումներ տվող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր տված ակնհայտ սխալ պարզաբանման հետևանքով պատճառված վնասի համար:

 

ՀՈԴՎԱԾ 88.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՆԱԼՈԳԻԱՅՈՎ (ՀԱՄԱՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

 

1. Եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):

2. Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները և դրանց կիրառման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:

 

 Գ Լ ՈՒ Խ  12.

 

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 89.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Իրավական ակտ ընդունող մարմինները պարտավոր են պահել իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման մատյան:

Իրավական ակտերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մատյանը բաց է բոլոր մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար: Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ ընդունված նորմատիվ իրավական ակտերին, բացառությամբ պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք պարունակողներից:

3. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մատյանից գրավոր տեղեկությունները կարող են տրվել առձեռն կամ փոստով: Իրավական ակտերի հաշվառման մատյանից տեղեկություններ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

 

ՀՈԴՎԱԾ 90.

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներն ընդունվելու, ստորագրվելու կամ վավերացվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում պետական հաշվառման և համակարգման նպատակով թղթի վրա և էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային փոստով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

Գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառումը և համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դրանց պետական գրանցման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը հաշվառվում և համակարգվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում դրանց պետական գրանցումից հետո:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման ներկայացված իրավական ակտերի օրինակները համարվում են տվյալ իրավական ակտի պաշտոնական (իսկական) օրինակներ:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական պահառուն է:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստացված իրավական ակտերի պաշտոնական (իսկական) օրինակները հաշվառվում, համակարգվում և պահպանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված իրավական ակտերի պաշտոնական (իսկական) օրինակները պահվում են անժամկետ: Դրանց հիման վրա կազմվում են իրավական ակտերի համակարգված պաշտոնական ժողովածուներ:

 

ՀՈԴՎԱԾ 91.

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

1. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների խախտում հայտնաբերած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել իրավական ակտն ընդունող, հրապարակող կամ հրատարակող մարմին կամ դրա վերադաս մարմին (եթե դա ունի վերադաս մարմին) կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան` պահանջելով օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար և այդ մասին տալ համապատասխան տեղեկատվություն:

2. Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները` օրենքով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պարտավոր է հսկողություն իրականացնել սույն օրենքի պահանջների խախտմամբ հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտերը հայտնաբերելու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պարտավոր է սույն օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել սույն կետի առաջին պարբերությունում նշված իրավական ակտերն անվավեր, ուժը կորցրած կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու համար:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն իրավասու է գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման իրավական ակտ, ինչպես նաև ներքին իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմիններում, բացառությամբ իրավաբանական անձանց, ծանոթանալ իրավական ակտերի հաշվառման մատյանին և պահանջել դրանց ընդունած իրավական ակտերի պատճենները:

Սույն կետում նշված մարմիններն իրենց իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին պետք է ներկայացնեն այդ մասին գրավոր պահանջն ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

5. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերի հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը 15 օրվա ընթացքում`

1) հրապարակում է տեղեկատվություն` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտի մասին.

2) դիմում է սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած կամ կիրառող մարմին կամ համապատասխան լիազորություններով օժտված դրա վերադասին` առաջարկելով վերացնել օրենքի խախտումները.

3) դիմում է համապատասխան իրավասու մարմիններ` սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած, հրապարակած կամ կիրառող պաշտոնատար անձանց` օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար.

4) սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող, սակայն ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտի մասին հրապարակում է համապատասխան տեղեկագրերում:

6. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել դատարան` օրենքի խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով:

 

ՀՈԴՎԱԾ 92.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած կամ գործողությունը դադարեցված իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:

2. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը կիրառելը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին, ազատություններին, արտոնություններին վերաբերող իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակելը կամ դրանք չտրամադրելը կամ դրանց տրամադրմանը խոչընդոտելը, սահմանված կարգով ուժի մեջ մտած և գործող իրավական ակտի կատարմանը խոչընդոտելը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից համապատասխան միջոցներ չիրականացնելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն:

3. Սույն օրենքի այլ պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

 Գ Լ ՈՒ Խ  13.

 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 93.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

1. Ուժը կորցրած ճանաչել 1996 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» և 2000 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկում համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընդունած ու գործող նորմատիվ որոշումների պատճենները: Նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չուղարկված նորմատիվ իրավական ակտերը ճանաչվում են ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 94.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքի 17-20-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի և այլ օրենքների միջև ծագած հակասությունները լուծվում են սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներին հակասող այլ իրավական ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրենց ուժը պահպանում են մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի, ինչպես նաև սույն օրենքի գերակայության վերաբերյալ հարցերը կարգավորվում են սույն օրենքով նախատեսված սկզբունքներով, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միևնույն մարմնի ընդունած և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Այս նորմը տարածվում է նաև սույն օրենքի վրա:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի համաձայն նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավունք չունեցող մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց իրավահաջորդի գործունեությունը դադարեցված պետական մարմինների և այլ մարմինների նորմատիվ իրավական ակտերը ճանաչվում են ուժը կորցրած:

6. Սույն օրենքի 68-րդ հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերի, 78-88-րդ, 91-րդ հոդվածների պահանջները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի նկատմամբ:

7. 1997 թվականի հունվարի 1-ից հետո «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրապարակման ենթակա, սակայն չհրապարակված իրավական ակտերն իրավական ուժ չունեն:

8. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտի գործողության դադարեցման կամ փոփոխման իրավական հետևանքները տարածվում են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի փոփոխման կամ գործողության դադարեցման դեպքերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 ապրիլի 2002 թ.
ՀՕ-320

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան