ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40716/02/19 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40716/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի նոյեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աբրահամ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Աբրահամ Մանուկյանի ընդդեմ Մարտին Սարգսյանի, երրորդ անձ «Բելվարմո Թրեյդ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` հարկադիր վերակազմակերպման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աբրահամ Մանուկյանը պահանջել է դատական կարգով վերակազմակերպել Ընկերությունը՝ առանձնացման ճանապարհով, նշանակել արտաքին կառավարիչ և պարտավորեցնել Մարտին Սարգսյանին որևէ կերպ չխոչընդոտել վերակազմակերպման շրջանակներում կառավարչի գործողություններին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.05.2021 թվականի որոշմամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը՝ վերադարձվել:
Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի որոշմամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աբրահամ Մանուկյանը (ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը և 371-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է Աբրահամ Մանուկյանի դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության իրավունքները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարվել էր պետական վճարումների էլեկտրոնային համակարգով (www.e-payments.am) և առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել էր պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, որն ինքնին առանց կնիքի փաստաթուղթ է և պատճենելու դեպքում որևէ տարբերություն չի լինելու ներկայացված «բնօրինակի» հետ: Բացի այդ, այն, որ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել էր պետական տուրքը վճարված լինելու վերաբերյալ ապացույցը, հաստատվում է նաև այն հանգամանքով, որ դատարանը տվյալ ապացույցի
տվյալները (վճարման ամսաթիվ, 20 նիշանոց ծածկագիր, գումարի չափ և այլն) հրապարակել է www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում: Այսինքն՝ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու ապացույցն առկա է քաղաքացիական գործում, հետևաբար կրկին նույն փաստաթուղթը ներկայացնելու ձևական պահանջը, այն էլ այն պարագայում, երբ դա բնօրինակ փաստաթուղթ չէ (տպված է կայքից), անհարկի ծանրաբեռնում է դատավարության մասնակցին:
Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել էր Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի կողմից, վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը ներկայացուցչին ուղարկելու փոխարեն ուղարկել է Աբրահամ Մանուկյանին, ով, սակայն, փաստացի չի ստացել դրանք: Նման պայմաններում Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի մոտ համոզմունք է ձևավորվել առ այն, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը մնացել են քաղաքացիական գործում և դրանք կրկին ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գործին կցելով դրանց պատճենները։ Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնելու վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու վերաքննիչ դատարան:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտի դերին և բովանդակությանը, մասնավորապես արձանագրել է հետևյալը. «(…) վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի՝ դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի՝ վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն՝ վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը (…)»:
Այսպիսով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չտրամադրելը հանդիսանում է անհրաժեշտ և պիտանի միջոց այն պարագայում, երբ դատարանի կողմից մատնանշված բոլոր խախտումները սահմանված ժամկետում չեն վերացվում բողոքաբերի կողմից:
ՀՀ վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը:
Այսպես. նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Ի հավելումն վերը նշվածին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը՝ խախտումները վերացնելու համար որոշակի ժամկետի տրամադրմամբ վերադարձնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ դատական ակտը բողոքարկած անձին վերացնելու մատնանշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնել դատարան: Ընդ որում, օրենսդիրը, վերաքննիչ վարույթում սահմանելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաքննիչ դատարանի լիազորությունը, միաժամանակ նախատեսել է պարտականություն` բողոք բերած անձին ուղարկելու վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից բողոք բերած անձին պետք է ուղարկվեն միայն վերը նշված փաստաթղթերի բնօրինակները` գործին կցելով դրանց պատճենները: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է վերաքննիչ վարույթի առանձնահատկությամբ: Վերաքննության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից է՝ վերաքննիչ վարույթի հարուցման փուլը, ինչն իր մեջ ներառում է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուն ուղղված դատավարական գործողությունների ամբողջությունը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում վերաքննության վարույթն այդպես էլ չի հարուցվում, ինչն իր հերթին պահանջում է վերաքննիչ բողոքարկման իրավունքից օգտված անձին վերադարձնելու այն բոլոր փաստաթղթերի բնօրինակները, որոնք անհրաժեշտ են նրան հետագայում՝ օրենքով սահմանված ժամկետում և կարգով իր բողոքարկման իրավունքը կրկին իրացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել վերը նշված օրենսդրական պահանջը, դատական ակտը բողոքարկած անձը չի կարող կրել դրանից բխող բացասական հետևանքները (տե՛ս, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ընդդեմ Սարգիս Նաջարյանի և Սևակ Տոնոյանի թիվ ԱՐԴ/2077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.12.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերաքննիչ բողոք բերած անձի վրա պարտականություն է դրել վերաքննիչ բողոքին, ի թիվս այլնի, կցել նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերողն օրենքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից կամ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն և բողոքին կցված է կամ բողոքում ներառված է դրա վերաբերյալ միջնորդությունը:
Անդրադառնալով պետական տուրքը վճարելու փաստը հավաստող փաստաթուղթը վերաքննիչ բողոքին կցելու անհրաժեշտությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման համար անձը ևս պարտավոր է վճարել օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք` վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման համար՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով (տե´ս, Սևակ Արզարունին ընդդեմ Նարեգ և Սարո Հարթունյանների թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով պետական տուրքի վճարման վերաբերյալ ապացույց չներկայացնելու հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 16.02.2021 թվականի վճռի դեմ հայցվոր Աբրահամ Մանուկյանի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել 15.04.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 3-19):
Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր, որի համաձայն՝ վերաքննիչ բողոք բերած անձի ներկայացուցչի կողմից կատարվել է պետական տուրքի վճարում՝ 10.000 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 17):
Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշմամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին չի կցել վերաքննիչ բողոքի օրինակը Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 24-25):
Վերաքննիչ դատարանի 17.05.2021 թվականի թիվ Ե-ԴԴ-7-9054 գրությամբ Աբրահամ Մանուկյանին է ուղարկվել Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի «Վճռի բողոքարկման ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը՝ կից փաստաթղթերով՝ բաղկացած 19 թերթից, որը, սակայն, 31.05.2021 թվականին վերադարձվել է Վերաքննիչ դատարան «չպահանջված» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 27-51):
Վերաքննիչ դատարանի 17.05.2021 թվականի թիվ Ե-ԴԴ-7-9057 գրությամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանին է ուղարկվել Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի «Վճռի բողոքարկման ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, որը վերջինս ստացել է 25.05.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 55-56):
Աբրահամ Մանուկյանի ներկայացուցիչը 26.05.2021 թվականին փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կցելով բողոքի օրինակը Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույցը և այդպիսով վերացնելով Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշմամբ մատնանշած միակ թերությունը (հատոր 2-րդ, գ.թ. 60-75):
Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի որոշմամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույց» (հատոր 2-րդ, գ.թ. 77):
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարած լինելու փաստն այն անհրաժեշտ նախադրյալներից մեկն է, որն անհրաժեշտ է վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, այն քննելու և համապատասխան որոշում կայացնելու համար: Ուստի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում վերաքննիչ դատարանի համար էական է այն հարցի պարզումը, թե արդյոք վերաքննիչ բողոք բերած անձն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է վերաքննիչ բողոքի ներկայացման համար սահմանված պետական տուրքի գումարը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձի կողմից պետական տուրքը վճարվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով:
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ N 496-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած կազմակերպությունների միջոցով:
Նույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ վճարների վճարման անդորրագրի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարումը հավաստող որևէ փաստաթղթի ներկայացման պահանջ, ապա այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից համարվում է կատարված, եթե ներկայացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից սահմանված՝ վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կցելու պահանջը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացվում է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ի սկզբանե ներկայացված վերաքննիչ բողոքին կցված է եղել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, որը պարունակել է 20 նիշանոց ծածկագիր: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշվածը բավարար էր Վերաքննիչ դատարանի համար հանգելու այն հետևության, որ վերաքննիչ բողոք բերած անձը կատարել է օրենսդրի պահանջը և վերաքննիչ բողոքի ներկայացման համար վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրք: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում խոսք չի կարող լինել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցի բնօրինակը ներկայացնելու անհրաժեշտության մասին, քանի որ ինչպես հետևում է վերոհիշյալ իրավադրույթներից, պետական վճարումների էլեկտրոնային համակարգով պետական տուրքի վճարում կատարելու դեպքում բավարար է նույնիսկ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի ներկայացումը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել նաև, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում նաև՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, ուղարկել է սույն գործով հայցվոր Աբրահամ Մանուկյանին, ով, սակայն, փաստացի չի ստացել Վերաքննիչ դատարանի կողմից ուղարկված ծրարը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա՝ 07.05.2019 թվականին Աբրահամ Մանուկյանի կողմից Դավիթ Մանթաշյանին տրված լիազորագրով (հատոր 1-ին, գ.թ. 47) վերջինս լիազորվել է Աբրահամ Մանուկյանի անունից ստանալ դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր, ինչի պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը Աբրահամ Մանուկյանին ուղարկելու փոխարեն ուղարկել նրա ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանին, ինչն էլ հնարավորություն կտար վերջինիս վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս բողոքին կցել նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:
Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կցված չլինելու պայմաններում էլ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր այդ հիմքով վերադարձնելու վերաքննիչ բողոքն այն դեպքում, երբ պետական տուրքը վճարվել էր պետական վճարումների էլեկտրոնային համակարգով, ինչի պարագայում անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի ներկայացումն արդեն իսկ բավարար է պետական տուրք վճարելու պարտականությունը կատարված համարելու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերադարձնելով կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ սահմանափակումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, քանի որ չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքն անհիմն վերադարձնելու հետևանքով Աբրահամ Մանուկյանը զրկվել է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ գործնականում չի ապահովվել բողոքարկման ընթացակարգի միջոցով ենթադրյալ դատական սխալի բացահայտումը և ուղղումը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Է. Սեդրակյան |
Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
18.11.2021 թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/40716/02/19 քաղաքացիական գործով 18.11.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 18.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Աբրահամ Մանուկյանի (ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Աբրահամ Մանուկյանի ընդդեմ Մարտին Սարգսյանի, երրորդ անձ «Բելվարմո Թրեյդ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` հարկադիր վերակազմակերպման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է՝ վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 16.02.2021 թվականի վճռի դեմ հայցվոր Աբրահամ Մանուկյանի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել 15.04.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 3-19):
Վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր, որի համաձայն՝ վերաքննիչ բողոք բերած անձի ներկայացուցչի կողմից կատարվել է պետական տուրքի վճարում՝ 10.000 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 17):
Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշմամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին չի կցել վերաքննիչ բողոքի օրինակը Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 24-25):
Վերաքննիչ դատարանի 17.05.2021 թվականի թիվ Ե-ԴԴ-7-9054 գրությամբ Աբրահամ Մանուկյանին է ուղարկվել Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի «Վճռի բողոքարկման ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ինչպես նաև վերաքննիչ բողոքը՝ կից փաստաթղթերով՝ բաղկացած 19 թերթից, որը, սակայն, 31.05.2021 թվականին վերադարձվել է Վերաքննիչ դատարան «չպահանջված» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 27-51):
Վերաքննիչ դատարանի 17.05.2021 թվականի թիվ Ե-ԴԴ-7-9057 գրությամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանին է ուղարկվել Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի «Վճռի բողոքարկման ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, որը վերջինս ստացել է 25.05.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 55-56):
Աբրահամ Մանուկյանի ներկայացուցիչը 26.05.2021 թվականին փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ կցելով բողոքի օրինակը Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույցը և այդպիսով վերացնելով Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշմամբ մատնանշված միակ թերությունը (հատոր 2-րդ, գ.թ. 60-75):
Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի որոշմամբ Աբրահամ Մանուկյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու վերաբերյալ ապացույց» (հատոր 2-րդ, գ.թ. 77):
Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 09.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու մասին իր եզրահանգումը հիմնավորել է նրանով, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձի կողմից պետական տուրքը վճարվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով: Ըստ այդմ, վկայակոչելով «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ N 496-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանված՝ վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կցելու պահանջը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացվում է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Վճռաբեկ դատարանը փաստել է, որ սույն գործով ի սկզբանե ներկայացված վերաքննիչ բողոքին կցված է եղել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, որը պարունակել է 20 նիշանոց ծածկագիր: Վճռաբեկ դատարանը նշվածը բավարար է համարել, որ Վերաքննիչ դատարանը հանգեր այն հետևության, որ վերաքննիչ բողոք բերած անձը կատարել է օրենսդրի պահանջը և վերաքննիչ բողոքի ներկայացման համար վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրք: Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ տվյալ դեպքում խոսք չի կարող լինել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցի բնօրինակը ներկայացնելու անհրաժեշտության մասին, քանի որ ինչպես հետևում է վերոհիշյալ իրավադրույթներից, պետական վճարումների էլեկտրոնային համակարգով պետական տուրքի վճարում կատարելու դեպքում բավարար է նույնիսկ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի ներկայացումը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործում առկա՝ 07.05.2019 թվականին Աբրահամ Մանուկյանի կողմից Դավիթ Մանթաշյանին տրված լիազորագրով (հատոր 1-ին, գ.թ. 47) վերջինս լիազորվել է Աբրահամ Մանուկյանի անունից ստանալ դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր, ինչի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը Աբրահամ Մանուկյանին ուղարկելու փոխարեն ուղարկել նրա ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանին, ինչն էլ հնարավորություն կտար վերջինիս վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս բողոքին կցել նաև Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը:
Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը գտել է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կցված չլինելու պայմաններում էլ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր այդ հիմքով վերադարձնելու վերաքննիչ բողոքն այն դեպքում, երբ պետական տուրքը վճարվել էր պետական վճարումների էլեկտրոնային համակարգով, ինչի պարագայում անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի ներկայացումն արդեն իսկ բավարար է պետական տուրք վճարելու պարտականությունը կատարված համարելու համար:
Գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները բավարար չեն Վերաքննիչ դատարանին դատավարական նորմերի խախտումներ վերագրելու և ըստ այդմ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար հետևյալ հիմնավորումներով.
Նախևառաջ հարկ եմ համարում արձանագրել, որ սույն գործով վճռաբեկ բողոք բերող անձի ներկայացրած հիմնական փաստարկը վերաբերում է նրան, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման հետ միաժամանակ բողոք բերած անձին վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ուղարկելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, քանի որ բողոք բերող անձին ուղարկվել է միայն Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշումը, որպիսի պայմաններում բողոքին կցված փաստաթղթերը, այդ թվում պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը, մնացել են դատարանի մոտ, հետևաբար կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին այն կրկին կցելու անհրաժեշտությունը անհարկի ծանրաբեռնել է բողոք բերող անձին: Ընդ որում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու միակ պատճառը եղել է վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ «Բելվարմո Թրեյդ» ՍՊ ընկերությանն ուղարկելու ապացույցը բողոքին կցված չլինելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 11.05.2021 թվականի որոշման մեջ որպես խախտում արձանագրվել է հետևյալը. «(․․․) բողոքին կցված չէ բողոքը գործին մասնակցող անձ`«Բելվարմո Թրեյդ» ՍՊ ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույց»: Որևէ այլ խախտում, այդ թվում պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցի ոչ թույլատրելի լինելու մասին նշում Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշումը չի պարունակում, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը բողոք բերող անձի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ պետական տուրքը վճարելու մասին ապացույցը բողոքին կցելու պահանջը համարել է կատարված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, բողոքին կցվում է պետական տուրքը վճարելու մասին ապացույցը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Գտնում եմ, որ այն դեպքում, երբ սույն գործով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշման մեջ որպես խախտում չի նշվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցի ոչ թույլատրելի լինելու մասին, Վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը չէր կարող վերադարձնել և սահմանափակեր բողոք բերող անձի վերադաս դատական ատյանի մատչելիության իրավունքն այն հիմքով, որ կրկին ներկայացված բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը: Մասնավորապես՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշումը նշում չի պարունակում այն մասին, որ բողոք բերած անձի կողմից ներկայացված պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը չի համարվում պետական տուրքը վճարելու մասին ապացույց, ուստի այն բողոք բերող անձին վերադարձված չլինելու և գործում առկա լինելու պարագայում, բողոք բերող անձի վրա չէր կարող դրվել այն վերստին ներկայացնելու պարտականություն:
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ բողոք բերող անձի կողմից ներկայացված պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագրի գնահատմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ 496-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը, արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանված՝ վերաքննիչ բողոքին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կցելու պահանջը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացվում է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Իմ անհամաձայնությունն եմ հայտնում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ 496-Ն որոշումը սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի լինելու Վճռաբեկ դատարանի դիրքորոշման մասով հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ 496-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ վճարների վճարման անդորրագրի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարումը հավաստող որևէ փաստաթղթի ներկայացման պահանջ, ապա այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից համարվում է կատարված, եթե ներկայացվել է պետական վճարումների էլեկտրոնային.համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:
Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝ նույն որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները (գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը) անձը կարող է նշել անկախ դիմումի կամ հայտի ձևում դրանց նախատեսման պահանջի կամ հնարավորության առկայության: Այդ դեպքում տեղեկությունները լրացվում են ազատ շարադրմամբ, հայտի կամ դիմումի համար սահմանված ձևի` հայտատուի կամ դիմումատուի նախընտրած մասում: Եթե անձը սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկությունները դիմումում կամ հայտում չի նշում, ապա դիմումը կամ հայտն ստացած կամ ընդունած մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումատուին կամ հայտատուին հայտնել առկա թերության մասին և առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նշված տեղեկությունները: Հայտատուի կամ դիմումատուի կողմից վարչական մարմնի այս պահանջը չկատարելը հանգեցում է դիմումի կամ հայտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մերժման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չներկայացնելու հիմքով:
Նույն որոշման 4-րդ կետի համաձայն՝ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների համապատասխան աշխատողները սույն որոշմամբ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրն ստանալու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգում են տվյալ անդորրագրով իրականացված վճարման փաստի առկայությունը, վճարված գումարի չափի համապատասխանությունը տվյալ ծառայության կամ գործողության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայության համար գանձվող ծառայության վճարի դրույքաչափին կամ վարչական տուգանքի չափին և էլեկտրոնային համակարգի միջոցով մարում են այն:
Նույն որոշման 5-րդ կետի համաձայն՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգը կարող են օգտագործել`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան աշխատողը կամ բաժինը, որն իրականացնելու է համակարգի կառավարչի գործառույթները՝ ունենալով համակարգում փոփոխություններ կատարելու (նոր ծառայություններ կամ գործառույթներ ավելացնելու, մուտքի անուն և գաղտնաբառ տրամադրելու հնարավորություն և այլն), համակարգով կատարված վճարումներն ստուգելու, հաշվետվություններ ստանալու հնարավորություն.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանը, որն ունենալու է հնարավորություն համակարգի միջոցով իրականացված վճարումներն ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորություն.
3) նույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմինների համապատասխան աշխատողները, որոնք ունենալու են հնարավորություն միայն իրենց մարմին համակարգի միջոցով կատարված վճարման փաստի առկայությունը, վճարված գումարի չափի համապատասխանությունը տվյալ ծառայության կամ գործողության համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայության համար գանձվող ծառայության վճարի դրույքաչափին կամ վարչական տուգանքի չափին ստուգելու և էլեկտրոնային համակարգի միջոցով այն մարելու հնարավորություն.
4) նույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմինների հաշվապահական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք ունենալու են միայն իրենց մարմին համակարգի միջոցով կատարված վճարումներն ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորություն.
5) ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունենալու են համակարգի միջոցով համապատասխան վճարումներ կատարելու հնարավորություն:
Նույն որոշման 7-րդ կետի համաձայն՝ առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքային համայնքների ղեկավարներին, օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների և մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին իրենց կողմից գանձվող պետական տուրքերի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարման համար կիրառել նույն կարգը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական վճարումների էլեկտրոնային համակարգը «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ 496-Ն որոշման ուժով կարող են օգտագործել միայն՝
1. ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան աշխատողը կամ բաժինը, որն իրականացնելու է համակարգի կառավարչի գործառույթները՝ ունենալով համակարգում փոփոխություններ կատարելու (նոր ծառայություններ կամ գործառույթներ ավելացնելու, մուտքի անուն և գաղտնաբառ տրամադրելու հնարավորություն և այլն), համակարգով կատարված վճարումներն ստուգելու, հաշվետվություններ ստանալու հնարավորություն.
2. ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանը, որն ունենալու է հնարավորություն համակարգի միջոցով իրականացված վճարումներն ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորություն․
3. հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների համապատասխան աշխատողները, որոնք ունենալու են հնարավորություն միայն իրենց մարմին համակարգի միջոցով կատարված վճարման փաստի առկայությունը, վճարված գումարի չափի համապատասխանությունը տվյալ ծառայության կամ գործողության համար․
4. հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների հաշվապահական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք ունենալու են միայն իրենց մարմին համակարգի միջոցով կատարված վճարումներն ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորություն.
5. ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունենալու են համակարգի միջոցով համապատասխան վճարումներ կատարելու հնարավորություն:
6. Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքային համայնքները և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, որոնք իրենց կողմից գանձվող պետական տուրքերի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարման համար կարող են կիրառել նույն կարգը:
Ակնհայտ է, որ «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ 496-Ն որոշման մեջ դատարանները նշված չեն և վերջիններիս տրված չէ համակարգով կատարված վճարումներն ստուգելու, հաշվետվություններ ստանալու հնարավորություն, ուստի Վճռաբեկ դատարանի որոշմամբ դատարանների նկատմամբ ևս այն կիրառելի համարելու պարագայում դատարանները զրկված են լինելու հայցադիմումին, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին կից 20 նիշանոց ծածկագիր ներկայացված լինելու դեպքում համակարգով կատարված վճարումները ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորությունից:
Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման մասին» ՀՀ կառավարության 19.04.2012 թվականի թիվ 496-Ն որոշումը դատարանների նկատմամբ կիրառելի չէ, ուստի դրա հիման վրա կատարված եզրահանգումները ևս սույն գործով կիրառելի չեն կարող լինել:
Այսպիսով, գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը ենթակա է վերացման այն հիմնավորմամբ, որ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» Վերաքննիչ դատարանի 11.05.2021 թվականի որոշման մեջ պետական տուրքի վճարման մասով որևէ խախտում արձանագրված չլինելու և պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը գործում առկա լինելու պայմաններում բողոք բերող անձին չէր կարող վերագրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում և հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:
Դատավոր |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: