Գլխավոր տեղեկություն
Համար
N 532-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2022 թվականի N 532-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 619-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի «ե» կետի կիրարկումն ապահովելու նպատակով» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները՝» բառերով.

3) որոշման 1-ին կետում «աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները» բառերը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները» բառերով.

4) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԱԾ ԱՅԼ ՎՆԱՍԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»․

5) որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ կետերով՝

«2.1. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն՝ աշխատանքի բովանդակության, ծավալի և կատարման պայմանների պահանջներին համապատասխան գործունեություն իրականացնելու կարողություն.

2.2. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 1-ին աստիճանի սահմանափակում՝ տվյալ աշխատավայրում իր կողմից կատարվող աշխատանքն իրականացնելու անհնարինություն, աշխատանքային գործունեության իրականացում մինչև վնասվածք կամ հիվանդություն ձեռք բերելն աշխատավայրում նախատեսված աշխատանքային պայմաններում՝ որակավորման իջեցմամբ կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ.

2.3. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 2-րդ աստիճանի սահմանափակում՝ աշխատանքային գործունեության իրականացում հատուկ ստեղծված պայմաններում՝ օժանդակ միջոցների օգտագործմամբ կամ հատուկ սարքավորված աշխատատեղերում՝ այլ անձանց օգնությամբ.

2.4. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն․

2.5․ Առողջությանը հասցված վնաս` օրգանիզմի ֆունկցիաների խանգարում կամ մարմնի կառուցվածքի խախտում, որոնք առաջացել են աշխատանքի ընթացքում արտաքին միջավայրի տարբեր ազդակների ազդեցության հետևանքով։»․

6) որոշման հավելվածի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում՝ ելնելով հիվանդությամբ կամ վնասվածքով պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման կամ մարմնի կառուցվածքի խախտման հետևանքով առաջացած աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանից։ Մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելիս հաշվի է առնվում տուժողի օրգանիզմի ֆունկցիաների խանգարումների կամ մարմնի կառուցվածքի խախտման աստիճանը, որոնք հանգեցնում են աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման կամ անհնարինության:»,

բ․ 5-րդ կետում «Բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման» բառերով,

գ. 5-րդ կետի «գ» ենթակետում «կենսագործունեության սահմանափակման տեսակներ ու աստիճաններ» բառերը փոխարինել «անձի գործունեության և մասնակցության սահմանափակման աստիճաններ» բառերով,

դ. 6-րդ կետի «բ», «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, իսկ «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի խանգարման աստիճանը (թեթև, միջին, ծանր, խոր).»,

ե. 7-րդ կետի 1-ին նախադասությունը հանել,

զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Երբ աշխատանքի վայրում աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքի, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով առաջացել է օրգանիզմի ֆունկցիաների կամ կառուցվածքի խոր աստիճանի խանգարում (խախտում), որը հանգեցրել է տուժողի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողության, անհնարինության կամ հակացուցվածության նույնիսկ հատուկ ստեղծված արտադրական կամ այլ պայմաններում՝ հանգեցնելով մասնագիտական աշխատունակության ու մասնագիտական գործունեության լրիվ կորստի, սահմանվում է մասնագիտական աշխատունակության 100 տոկոս կորուստ:»,

է. 14-րդ կետում «օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարումների» բառերը փոխարինել «օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի ծանր աստիճանի խանգարման (խախտման)» բառերով,

ը. 15-րդ կետում «օրգանիզմի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումների» բառերը փոխարինել «օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման (խախտման)» բառերով, իսկ «չափավոր խանգարման» բառերը՝ «կամ մարմնի կառուցվածքի միջին աստիճանի խանգարման (խախտման)» բառերով,

թ. 16-րդ կետում «օրգանիզմի ֆունկցիաների աննշան արտահայտված խանգարումների» բառերը փոխարինել «օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի թեթև աստիճանի խանգարման (խախտման)» բառերով,

ժ. 17-րդ կետում «փորձաքննվելիս» բառը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատում անցնելիս» բառերով,

ժա. 8-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերում «խեղում» բառը փոխարինել «վնասվածք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

ժբ․ 19-րդ կետը «խանգարման» բառից հետո լրացնել «կամ մարմնի կառուցվածքի խախտման» բառերով,

ժգ. 10-րդ և 22-րդ կետերում «անհատական վերականգնողական ծրագրի» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ծառայությունների անհատական ծրագիր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

             

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան