Գլխավոր տեղեկություն
Համար
N 537-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2022-11.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2022 թվականի N 537-Ն

 

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17․2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել hեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 180-երորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 22-ի N 537-Ն որոշման

 

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգի իմաստով հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետեր (այսուհետ՝ առևտրի կետեր) են դիտարկվում հեղուկ վառելիքի՝ ներառյալ համատեղված, մանրածախ առևտրի կետերը՝ բացառությամբ միայն հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով զբաղվող առևտրի կետերի։

2. Սույն կարգով կարգավորվում են առևտրի կետերում ստուգաչափված տարաներին (այսուհետ՝ չափանոթ) ներկայացվող հիմնական պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը։

3. Առևտրի կետերը պետք է ապահովված լինեն սույն կարգի պահանջներին համապատասխանող չափանոթներով։

4. Չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում են չափանոթի 5 դմ3 (այսուհետ՝ 5 լ) անվանական տարողության չափով կամ դրա բազմապատիկի չափով։

5. Առևտրի կետերում չափանոթները նախատեսված են վաճառվող տարբեր տեսակների հեղուկ վառելիքի քանակն սպառողին ցույց տալու և սպառողների հավելյալ վստահության ձևավորման համար։

 

II. ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Չափանոթները հանդիսանում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ։

7. Սույն կարգով նախատեսված պահանջների կիրառման համար առևտրի կետերը պետք է ապահովված լինեն 20°С ջերմաստիճանի պայմաններում հեղուկ վառելիքի տարբեր տեսակների համար 5 լ անվանական տարողություն ունեցող առնվազն մեկ չափանոթով:

8. Չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել ± 0,5%-ը:

9. Վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը։

10. Չափանոթները պետք է պատրաստված լինեն նավթամթերքի ազդեցության նկատմամբ չեզոք, չժանգոտվող մետաղից կամ համաձուլվածքներից (այդ թվում՝ ածխածնային պողպատից) և դրանց կառուցվածքը պետք է բացառի երկարատև շահագործման դեպքում ձևափոխման հնարավորությունը՝ ապահովելով կոշտության, ամրության և տարողության հաստատունությունը, նախատեսի շահագործման ժամանակ լվացումը, փակիչ ծորակի (առկայության դեպքում) հուսալի աշխատանքը, հավաքակցված կցամասերի հերմետիկությունը:

11. Չափանոթները հավաքակցված են կոշտ շրջանակի վրա, որը թույլ է տալիս փոխադրումը և պաշտպանում է չափանոթի բաղկացուցիչ կցամասերը մեխանիկական վնասվածքներից, ինչպես նաև ապահովում է չափանոթի չափիչ բկանցքի (այսուհետ՝ բկանցք) առանցքի ուղղահայաց տեղակայումը։

12. Չափանոթները պետք է ունենան բկանցքի ուղղահայաց առանցք։

13. Չափանոթները պետք է ունենան 5 լ անվանական տարողության նշումով թափանցիկ բկանցք կամ անվանական տարողության նշագծով թափանցիկ դիտապատուհանով բկանցք կամ տարողության նշագծերով՝ թափանցիկ դիտապատուհաններով և սանդղակով բկանցք կամ բկանցքի առանցքին զուգահեռ՝ իրար կողքի գտնվող մակարդակաչափ խողովակով և սանդղակով ոչ թափանցիկ բկանցք։

14. Թափանցիկ դիտապատուհանի լայնությունը պետք է լինի առնվազն 15 մմ:

15. Չափանոթները կարող են սարքավորված լինել վառելիքի արտանետումը բացառող փրփրամարիչներով, ջերմաչափերով (ջերմաստիճանի տվիչներով) և հարթաչափերով:

16. Չափանոթի բկանցքի թափանցիկ մասի սանդղակը պետք է գտնվի դիտապատուհանի կամ մակարդակաչափ խողովակի վրա: Սանդղակը պետք է զետեղված լինի այնպես, որ դրա դիրքը հնարավոր չլինի փոփոխել առանց կապարակնիքի խախտման:

17. Չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդաչափ խողովակը պետք է պատրաստված լինեն թափանցիկ և անգույն ապակուց և չունենան հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ:

18. Սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն բկանցքի առանցքին ուղղահայաց:

19. Աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը պետք է լինեն կայուն և հստակ տեսանելի, ընթեռնելի՝ ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը:

20. Սանդղակի վրա պետք է լինեն 20°С ջերմաստիճանի պայմաններում չափանոթի 5 լ անվանական տարողության, սանդղակի սկզբնական և վերջնական արժեքների թվային նշագծեր: Սանդղակի սկզբնական և վերջնական նշագծերը պետք է համապատասխանեն 20°С ջերմաստիճանի պայմաններում չափանոթի առավելագույն թույլատրելի բացարձակ սխալանքի արժեքին:

21. Չափանոթի բկանցքի աստիճանավորված մասը պետք է լինի անվանական տարողության նշագծից վերև և ներքև՝ տարողության 1%-ից ոչ պակաս:

22. Չափանոթների սանդղակի նշագծերի լայնությունը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ ավելի:

23. Չափանոթների կոնաձև պատերի թեքության անկյուններն ուղղահայաց առանցքի նկատմամբ պետք է լինեն 45°- 80°:

24. Չափանոթի կառուցվածքը պետք է ապահովի սանդղակային թիթեղի տեղաշարժը, չափիչ բկանցքի փոխարինումը և ծորակի առկայության դեպքում՝ տեղաշարժը բացառող դրոշմների կամ կապարակնիքների հարմարավետ զետեղումը:

25. Չափանոթի իրանին ամրացված ցուցանակի վրա պետք է զետեղված լինի հետևյալ տեղեկատվությունը՝

1) չափանոթ արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը․

2) արտադրող կազմակերպության համարակալման համակարգով չափանոթի հերթական համարը.

3) չափանոթի թողարկման տարեթիվը․

4) 20°С ջերմաստիճանի պայմաններում անվանական տարողությունը՝ լիտր (դմ3):

 

III․ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՉԱՓԱՆՈԹՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26․ Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում չափանոթի տեղադրման հարթակը/վայրը պետք է լինի հարթ, հորիզոնական, պաշտպանված քամուց, տեղումներից, արևային ճառագայթներից։

27․ Չափանոթների մեջ վառելիք լցնելիս կամ վառելիքով լեցուն չափանոթները դատարկելիս դրանք պետք է տեղակայվեն լիցքավորողի և այլ անձանց նկատմամբ քամու ընթացքի ուղղությամբ։

28․ Յուրաքանչյուր օգտագործումից հետո չափանոթների արտաքին մակերեսը պետք է չորացվի նավթամթերքի նկատմամբ չեզոք նյութից կտորով, որն այնուհետև պետք է դրվի կափարիչով մետաղյա տարայի մեջ:

29․ Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետ շահագործող անձը պետք է ապահովի ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջներին հետևելիությունը (անձնակազմի անվտանգության տեխնիկայի հատուկ պատրաստվածություն և հրահանգավորում՝ ոլորտում գործող օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման և հետևելիության ապահովման տեսանկյունից)։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 ապրիլի 2022 թվական: