ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2022 թվականի N 616-Լ
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-230-07.04.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-23007.04.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալը.
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում: Առաջարկվող կարգավորումից ստացվում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել ոչ միայն նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, այլ նաև նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է հետևյալ կերպ.
««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմիններն իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:
Օրենքի բացը լրացնելու և առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:»:
Սույն նախագծի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն՝ լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը նախատեսել է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մեկ եղանակ՝ նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը: Ուստի «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ նախատեսված այն օրենսդրական հնարավորությունը, որի համաձայն՝ լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով, վերաբերում է միայն լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի կողմից՝ լրագրողի հավատարմագրումը դադարեցվելու դիմում ներկայացնելու այլ հիմքեր սահմանելուն։
Այս առումով առաջարկում ենք դիտարկել լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը դադարեցնելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը:
Հիշյալ առաջարկությունը բխում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|