Գլխավոր տեղեկություն
Համար
N 406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2022-17.03.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2022 թվականի N 406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 31-ի N 406-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե է վճարում`

1) բանկային փոխանցման միջոցով.

2) վճարային քարտերով՝ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http://www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով։

3. Բանկային փոխանցման իրականացման համար անհրաժեշտ վավերապայմանները տեղադրվում են Էլեկտրոնային ԱԱՀ համակարգում։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով փոխանցման և օտարերկրյա բանկերի միջոցով փոխանցման համար Էլեկտրոնային ԱԱՀ համակարգում տեղադրված վավերապայմանները տարբերակված են։

4. Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով սպասարկվելու և Հայաստանի Հանրապետության դրամով փոխանցում կատարվելու դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վճարված ԱԱՀ-ի գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված միասնական հաշվին (այսուհետ` միասնական հաշիվ):

5. Օտարերկրյա բանկի միջոցով այլ արժույթով փոխանցում իրականացնելու դեպքում փոխանցումն իրականացվում է միջնորդ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկի միջոցով։ Այս դեպքում Էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առկա վավերապայմաններում պետք է ներառված լինեն նաև տվյալ արժույթի փոխարկում իրականացնող Հայաստանի Հանրապետության առևտրային բանկին սպասարկող միջնորդ օտարերկրյա բանկի տվյալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշվեհամարը (հաշվեհամարները), որին ստացված միջոցների համար կատարվում է փոխարկում։

6. Օտարերկրյա բանկի միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար փոխարկում իրականացնող առևտրային բանկում բացված հաշվին։ Օտարերկրյա բանկի միջոցով վճարումներ կատարելու նպատակով Էլեկտրոնային ԱԱՀ համակարգում հարկային մարմինն ապահովում է բանկային փոխանցման կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության առկայությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:

7. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օտարերկրյա բանկի միջոցով ԱԱՀ-ի վճարում իրականացնելու դեպքում վճարման հանձնարարականի նպատակ դաշտում պետք է նշվեն վճարում իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), ինչպես նաև միասնական հաշվի համարը։ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկը, ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից վճարված գումարի ստացման դեպքում, ոչ ուշ, քան այդ գումարի ստացման օրվան հաջորդ գործառնական օրվա ավարտը, պարտավորվում է վճարված գումարը փոխանցել միասնական հաշվին՝ Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկած։

8. Ոչ ռեզիդենտ կազմակերպության վճարած ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված միասնական հաշվին կատարվում է հայկական դրամով, որոնք ուղղվում են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2023, N 337-Ն 17.03.2023, N 406-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան