Գլխավոր տեղեկություն
Համար
N 382-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 25.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 382-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-175-25.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-175-25.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է վերանայել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 205-րդ հոդվածի (hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 3-րդ մասում ամրագրված խոշոր և առանձնապես խոշոր չափերը: Այսպես՝ առաջարկվում է`

ա. խոշոր չափ համարել տասնհինգհազարապատիկից հիսունհազարապատիկը չգերազանցող գումարը (չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկի փոխարեն),

բ. առանձնապես խոշոր չափ համարել հիսունհազարապատիկը գերազանցող գումարը (տասնհինգհազարապատիկի փոխարեն):

Վերոնշյալի կապակցությամբ՝ նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մատնանշվել է, որ բազմաթիվ են դեպքերը և տնտեսավարող սուբյեկտների օբյեկտիվ դժգոհություններն առ այն, որ հարկային մարմինները չարաշահում են քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը՝ անուղղակի ճնշում գործադրելով և հարկադրելով հարկատուներին վճարել իրենց կողմից չվճարված հարկերը: Մատնանշվել են վիճակագրական տվյալներ, իսկ որպես արդյունք նշվել է, որ Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը, ուստի այս փոփոխությամբ կնպաստենք այդ ուղղությամբ բարելավումներ իրականացնելու, քանի որ հոդվածն առավելապես առնչվում է փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին: Նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի հարկային մարմինների կողմից հարկ վճարողի վրա ճնշման գործադրման կամ/և ռեպրեսիվ միջոցների կիրառմամբ, այն է՝ քրեական գործի հարուցմամբ կամ դրա հարուցման սպառնալիքով հարկերի հավաքման պրակտիկան: Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաև գործարար և ներդրումային միջավայրի վրա:

Որպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված շեմի փոփոխության հիմնավորում նշվել են հետևյալ հանգամանքները՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում 2017-2021 թթ. ժամանակահատվածում քննված քրեական գործերի և պետական բյուջե վերականգնված պետությանը պատճառված վնասի վերաբերյալ վիճակագրական տվյալները,

2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) օժանդակելու կարևորությունը:

Նախ անհասկանալի է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ քննվող քրեական գործերի և պետությանը պատճառված վնասի պետական բյուջե վերականգված գումարի ծավալների վերաբերյալ տեղեկություններն առաջարկվող օրենսդրական փոփոխության հետ: Եթե հիմք է ընդունվում զուտ այն հանգամանքը, որ տարեցտարի դրանց թիվն աճել է, ապա այդ հանգամանքը ևս որևէ ազեցություն չունի առաջարկվող փոփոխության հետ, այլ այն կարող է ունենալ տարբեր պատճառներ, մասնավորապես, կատարված հանցագործությունների աճը, դրանց բացահայտմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը և այլն: Այսինքն, եթե զուտ վերը նշված տեղեկությունների հիմքով առաջարկվում է կատարել վերը նշված օրենսդրական փոփոխությունը և, եթե այն ընդունվի, ապա իրականում կլուծվի ոչ թե հանցագործությունների դեմ պայքարի խնդիրը, այլ միայն արհեստականորեն կկրճատվի հարուցված քրեական գործերի քանակը:

3. Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Նախագծի հիմնավորմամբ անդրադարձ է կատարվել նաև վարույթը կարճված քրեական գործերին: Այս մասով հարկ ենք համարում նշել, որ դրանց մի մասը կարճվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի հիման վրա, այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են արձանագրված խախտումները, պատրաստակամություն են հայտնել վերականգնել պետությանը պատճառված վնասը և համաձայնել են, որ քրեական գործով վարույթը կարճվի:

Նախագծի հիմնավորման մեջ շեշտվում է նաև «փոքր և միջին ձեռնարկատիրությանը օժանդակելու» կարևորությունը: Կիսելով հեղինակի կարծիքն առ այն, որ այն անհրաժեշտ է պետության բնականոն գործունեության համար, պետք է հաշվի առնել, որ նշված նպատակին կարելի է հասնել մի շարք այլ գործիքների միջոցով, որոնց ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ իրականացվել են քայլեր (օրինակ՝ միկրոբիզնեսն ազատվել է հարկերից), ինչպես նաև համապատասխան գործողություններ են ամրագրվել Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրում (այսուհետ՝ ծրագիր): Այսպես՝ Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:

Ինչ վերաբերում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, ապա հարկ է նշել, որ ծրագրում այս ուղղությունը զարգացնելու նպատակով նախատեսվել են մի շարք թիրախային միջոցառումներ: Մասնավորապես, Կառավարության ներդրումային քաղաքականության նպատակներից են ապահովել ներդրումների պաշտպանության անհրաժեշտ երաշխիքներ՝ միջազգային լավագույն պրակտիկաների ձևաչափով՝ կարևորելով ազատ ու հավասար մրցակցությունը, բիզնեսի համար կանխատեսելիությունը և առաջնային դիրքի պահպանման նպատակով դրա շարունակական բարելավումը։ Ներդրումային քաղաքականության առաջնահերթ թիրախը նորարարական, նոր գիտելիք ստեղծող ծրագրերի իրագործման համար առավել արագ և ճկուն գործընթացների, ինչպես նաև մրցունակության գործոնների առավելագույն հասանելիության ապահովումն է։

Ընդ որում, հարկ է նկատել, որ նշված օժանդակության միջոցները, թեև ունեն խթանիչ նպատակ, չեն կարող ձևավորել անպատժելիության մթնոլորտ:

4. Միաժամանակ նախագծով առաջարկվող կարգավորումը հարկ ենք համարում քննարկել պատժի արդարության և քննարկվող հանցագործության հանրային վտանգավորության հարցերի համատեքստում՝

Պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործությանը քրեաիրավական միջոցներով արձագանքելու պարտադիրությամբ, ինչպես նաև հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից:

Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու հանցակազմը կրիմինոլոգիական իմաստով շահադիտական շարժառիթով կատարվող առավել վտանգավոր հանցատեսակներից է, ամենատարածված և հանրային բարձր վտանգավորություն ունեցող հարկային հանցագործություններից է: Քննարկվող հանցակազմը կոչված է ապահովելու պետության ֆիսկալ գործառույթի բնականոն ընթացքը, որի խափանումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել ոչ միայն տնտեսության, այլև առհասարակ՝ երկրի անվտանգության ոլորտում: Հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարից խուսափելու ցանկացած դեպք անմիջականորեն ազդում է պետական բյուջեի բնականոն համալրման գործընթացների վրա: Ուստի, նախագծի ընդունման հիմնավորումը պետք է բավարարի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը։

Միաժամանակ, չենք կիսում նախագծի հիմնավորման մեջ նշված այն կարծիքը, որ հարկային մարմինը չարաշահում է քրեական գործ հարուցելու իր լիազորությունը: Հարկ ենք համարում նշել, որ հարկ վճարողների նկատմամբ քրեական վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերին համապատասխան, որի նկատմամբ սահմանված է նաև դատախազական հսկողություն:

Միաժամանակ, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության երկրներում բիզնես միջավայրի մոտարկմամբ պայմանավորված նոր հնարավորությունները, կարծում ենք, որ խնդրո առարկա հանցակազմի խոշոր չափի փոփոխությունն առնվազն 8 մլն Հայաստանի Հանրապետության դրամ գումարով, իսկ առանձնապես խոշոր չափինն առնվազն 20 մլն Հայաստանի Հանրապետության դրամ գումարով կարող է հիմնավորված համարվել:

Ուստի, առաջարկում ենք նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումը նախաձեռնել 2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում (այսուհետ՝ նոր օրենսգիրք) և ամբողջովին վերանայել ներկայացված օրենքի նախագծի հիմքում դրված հիմնավորումները։

Նոր օրենսգրքով, որն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից, «հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը» հանցակազմով նախատեսված՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերին առնչվող 4-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ: Նոր օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 15 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը: