Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-156-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2006-18.05.2007)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.867
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին

 

«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 16-րդ, 19-րդ և 20.2-րդ հոդվածների 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերը:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ, 19-րդ և 20.2-րդ հոդվածների 2-րդ կետերը «կարգապահությանը» բառից հետո լրացնել «, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ, 20-րդ հոդվածի երրորդ և 20.3-րդ հոդվածի երկրորդ մասերից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածի երրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 օր հետո: Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեսական դատարանի կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 21.

Վճռաբեկ դատարանի հասկացությունը, կազմը, տեղաբաշխումը

 

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:

2. Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

3. Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ վճռաբեկ դատարան:

4. Վճռաբեկ դատարանը կազմված է`

1) վճռաբեկ դատարանի նախագահից.

2) քաղաքացիական պալատից.

3) քրեական պալատից:

Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից և պալատի հինգ դատավորներից: Վճռաբեկ դատարանի պալատների կազմերը կայացնում են որոշում վճռաբեկ դատարանի անունից:

5. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է: Վճռաբեկ դատարանի նստավայրը Երևան քաղաքում է:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

Վճռաբեկ դատարանի նախագահը

1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:

3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.

2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը.

4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

5) հետևում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի նկատմամբ.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ` վճռաբեկ դատարանի նախագահը`

1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.

2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.

3) հետևում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.

4) նախագահում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.

5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.

6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «` կառավարության հաստատած նորմատիվներին համապատասխան» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերից առաջ լրացնել «Դատավորների ընդհանուր ժողովը և» բառերով:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 25.1.

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

1. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն երկու անգամ` վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում՝ դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, հրապարակում ուղերձներ.

2) ընտրում է արդարադատության խորհրդի անդամ դատավորներին.

3) հաստատում է իր կանոնակարգը:

4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 1/2-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկներով՝ գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:

5. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը նախագահում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կանոնակարգով սահմանված անձը:»:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի երրորդ մասը:

 

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր և ընդունում որոշումներ.».

2) առաջին մասի 6-րդ կետը «կանոնագիրքը» բառից հետո լրացնել «և «Դատական ծառայողի վարքագծի կանոնները» բառերով.

3) առաջին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) իր կազմից ձևավորում է էթիկայի և այլ հանձնաժողովներ.».

4) ուժը կորցրած ճանաչել առաջին մասի 9-րդ կետը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-156-Ն