Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-139-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.813
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 13-ին

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 15-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը լրանում է մինչև տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը):»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի վեցերորդ մասում «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):»:

 

Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` 2006 թվականին և դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:

Մինչև 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:

2001 թվականից մինչև 2005 թվականը ներառյալ, ինչպես նաև 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:

2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձևավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման և փոխադրման կարգը սահմանում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:

2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երկրորդ (2006-2007 ուսումնական տարում առաջին դասարան ընդունված 6,5 և բարձր տարիքի սովորողներ), երրորդ և երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:

2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-139-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան