Գլխավոր տեղեկություն
Համար
N 591-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2022 թվականի N 591-Ն

 

ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 45-րդ հոդվածի 3.1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի․

2) Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամսական պատվովճարի չափը՝ 100,000 դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

ապրիլի 28-ի N 591-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամսական պատվովճարի (այսուհետ` պատվովճար) նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Ծնողական փառքի մեդալով պարգևատրված ծնողներին՝ սահմանված կարգով ծնողներից մեկի (այսուհետ՝ շահառու) կողմից ներկայացված դիմումի հիման վրա։

3. Պատվովճարը սահմանվում է ցմահ՝ մինչև կարգով սահմանված դեպքերում վճարման դադարեցման պահը։ Պատվովճարը նշանակում, վճարումն ապահովում և պատվովճարի գործը վարում (փաստաթղթերը հաշվառում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն):

4. Պատվովճարը նշանակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող շահառուին:

5. Պատվովճար նշանակելու համար շահառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը ծառայությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներից` ինքնաշխատ եղանակով: Անհրաժեշտության դեպքում՝ ծառայության կողմից կարող են իրականացվել հարցումներ համապատասխան մարմիններին՝ դիմումի և ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգման նպատակով։

 

2. ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

6. Պատվովճար նշանակելու համար շահառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը և Ծնողական փառքի մեդալ ստանալը հաստատող վկայականը, իր վերաբերյալ հավաստի տվյալներ հայտնելու և պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու հիմք հանդիսացող հանգամանքների առաջացման մասին ծառայությանը տեղեկացնելու հայտարարությունը) անձամբ ներկայացնում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

7. Շահառուի՝ Ծնողական փառքի մեդալից դատական կարգով զրկված լինելու փաստն արձանագրելու համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումը տարեկան պարբերականությամբ հարցում է ուղարկում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտից համապատասխան տեղեկատվությունն ստանալու համար և ինքնաշխատ եղանակով փոխանցում է ծառայությանը։ Շահառուի ամուսնալուծվելու վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ից ստացված տվյալներով (թարմացվում է շաբաթական կտրվածքով):

8. Ծառայության տարածքային կենտրոնի աշխատողը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները (այդ թվում՝ սույն կարգի 6-րդ կետում նշված և դիմումատուի կողմից ստորագրված հայտարարությունը) և էլեկտրոնային պատճենները մուտքագրում կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում (այսուհետ` շտեմարան).

3) հաշվառում է անձի դիմումը և տալիս դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացական, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:

9. Ծառայության համապատասխան ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և առկա տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել պատվովճար.

2) մերժել պատվովճարի նշանակումը:

10. Պատվովճար նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`

1) անձը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի․

2) անձը դատական կարգով զրկվել է Ծնողական փառքի մեդալից։

11. Պատվովճար նշանակող ստորաբաժանումը պատվովճար նշանակելու կամ մերժելու մասին որոշում կայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է դիմումատուին՝ փոստային առաքմամբ, ինչպես նաև, առկայության դեպքում, էլեկտրոնային փոստի հասցեին նշելով որոշման կայացման հիմքերը։

12. Պատվովճարը նշանակվում (անձը ձեռք է բերում պատվովճար ստանալու իրավունք) և վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

13. Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կցվում են սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ: Ընդ որում, պատվովճարի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգին համապատասխան՝

1) պատվովճար ստանալու իրավունք ունեցող ծնողի (այն ծնողի, ում նշանակվել է պատվովճարը) մահվան դեպքում, պատվովճարը նշանակվում և վճարվում է մյուս ծնողին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված դեպքում, պատվովճարը նշանակվում և վճարվում է ծնողի մահվան օրվան հաջորդող ամսվա մեկից, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ մահվան վկայականը, ներկայացվում են ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և դիմելու օրվան հաջորդող ամսվա մեկից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են վեցամսյա ժամկետից հետո։

 

3. ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

14. Շահառուի մահվան դեպքում չվճարված պատվովճարի գումարը և հետագա վճարումները վճարվում է մահացածի ամուսնուն, ում հետ համատեղ պարգևատրվել է Ծնողական փառքի մեդալով։

15. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով։

16. Անկանխիկ եղանակով պատվովճար ստանալու համար դիմումում նշվում են բանկի անվանումը և բանկային հաշվի համարը։ Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող շահառուի պատվովճարը նշանակում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող տարածքային բաժինը։

17. Պատվովճար վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցներից:

18. Չվճարված պատվովճարի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա պատվովճարի գումարի հետ։

19. Եթե պատվովճար վճարելը դադարեցվել է, ապա չվճարված պատվովճարի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը պատվովճար ստանալու իրավունք է ունեցել:

20. Շահառուի մահվան պատճառով չվճարված պատվովճարի գումարը վճարվում է շահառուի մահվան ամսվանից հաշված՝ նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա պատվովճար ստանալու իրավունք է ունեցել:

21. Ծնողական փառքի մեդալով պարգևատրված ծնողների ամուսնալուծության դեպքում պատվովճարը շարունակում է վճարվել հավասարապես՝ յուրաքանչյուր ծնողին առանձին։

22. Ամուսնալուծված և պատվովճար չստացող շահառու ծնողը պատվովճարի՝ սույն կարգի 21-րդ կետով նախատեսված իր մասնաբաժինն ստանալու համար սույն կարգի 2-րդ գլխով սահմանված կարգով ներկայացնում է դիմում՝ տրամադրելով նաև ամուսնալուծության վկայականը (տեղեկանքը)։

23. Սույն կարգի 22-րդ կետով ներկայացված դիմումին ընթացք է տրվում և նշանակվում է պատվովճար (մերժվում է դիմումը)՝ սույն կարգի 2-րդ գլխով սահմանված ընթացակարգով։

 

4. ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

24. Պատվովճար ստանալու իրավունքը դադարում է՝

1) շահառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

2) շահառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում.

3) Ծնողական փառքի մեդալից դատական կարգով զրկվելու դեպքում.

4) շահառուի` իր պատվովճար ստանալու իրավունքը դադարեցնելու մասին դիմումը ծառայության որևէ տարածքային կենտրոնում ներկայացնելու դեպքում.

5) պատվովճար ստանալու իրավունքը կորցնելու կամ պատվովճարի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.

6) շահառուի` դատական կարգով ծնողական իրավունքներից զրկվելու կամ սահմանափակվելու դեպքում, որի վերաբերյալ վճռի քաղվածքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ (տեղեկատվությունը ճշտվում է ինքնաշխատ եղանակով, թարմացվում է շաբաթական կտրվածքով).

7) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված՝ պատվովճար ստանալու իրավունքը դադարելու համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ճշտվում է ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ից և Հայաստանի Հանրապետության ԲՊՌ-ից ստացված տվյալներով (թարմացվում են շաբաթական կտրվածքով):

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված դեպքերում պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

26. Պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է`

1) շահառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին կամ Ծնողական փառքի մեդալից զրկելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` պատվովճարն ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) շահառուի ամուսնու (ում հետ համատեղ պարգևատրվել է Ծնողական փառքի մեդալով)՝ սույն կարգի համաձայն պատվովճար ստանալու մասին ներկայացված դիմումը բավարարվելու դեպքում՝ պատվովճարն ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:

27. Պատվովճար վճարելը դադարեցվում է` պատվովճար ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ դադարեցվելու օրվանից։

28. Պատվովճար վճարելը վերսկսվում է պատվովճար ստանալու իրավունքը վերականգնելու դեպքում՝ դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվություն ստացվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

29. Պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է, և պատվովճար վճարելը վերսկսվում է, եթե շահառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

30. Շահառուի պատվովճար ստանալու իրավունքը վերականգնվում է, և պատվովճար վճարելը վերսկսվում է, եթե առկա է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ ուղարկված ծնողական իրավունքների վերականգնման կամ սահմանափակման վերացման վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի քաղվածքը։

31. Պատվովճարից պահումներ կատարելու, ավելի վճարված պատվովճարի գումարը բռնագանձելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան