Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ  ԱՎԴ3/1690/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/1690/02/17 

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

       

2021 թվականի դեկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Մանուկյանի ընդդեմ Ամալյա Ղազարյանի, երրորդ անձ` Սուրեն Մկրտչյանի` բռնագանձում տարածելու համար ամուսնության ընթացքում ձեռք բերված որպես համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքերից պարտապանի բաժնեմասերն առանձնացնելու, բաժնեմասերը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի բաժինների վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

    

ՊԱՐԶԵՑ

    

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Մանուկյանը պահանջել է ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն հանդիսացող Վայոց Ձորի մարզի, Վայք համայնքի Ազատեկ գյուղի վարչական տարածքի 10-005-0131-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի Ալավերդյան փողոցի  թիվ 63 հասցեի բնակելի տնից և Կոտայքի մարզի Նուռնուս այգետարածքի թիվ 14 տեղամասի  07-051-0143-0052 կադաստրային ծածկագրով հողակտորից պարտապան Ամալյա Ղազարյանի բաժնեմասերն առանձնացնել` 5.350.000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամին համապատասխան` պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից պարտապան Ա. Ղազարյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 4400 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և փորձաքննությունների կատարման և գործի քննության հետ կապված այլ գործողությունների կատարման համար հայցվորի կողմից կատարված և կատարվելիք այլ ծախսերը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 29.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2019 թվականի որոշմամբ Սուրեն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. «ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ3/1690/02/17 քաղաքացիական գործով 29.03.2019 թվականին կայացված վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. Հայցը բավարարել մասնակի:  Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի հիմքով օրենքի ուժով Ամալյա Խոսրովի Ղազարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում գտնվող թիվ 10-010-0110-0015 կադաստրային ծածկագրով, 0,734քմ մակերեսով հողամասից (վկայական թիվ 2714480) առանձնացնել պատասխանող-պարտապան Ամալյա Ղազարյանին հասանելի 1/2-րդ մասը, համաձայն ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների 08.11.2018 թվականի թիվ 43221807 եզրակացությանը կից թիվ 1 հավելված-հատակագծի` դատարանի 08.12.2016 թվականի թիվ ԱՎԴ3/1211/02/16 օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով գումարի բռնագանձում տարածելու համար: Հայցը՝ մնացած մասով, մերժել: Անահիտ Մանուկյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Ամալյա Ղազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես չվճարված պետական տուրքի գումար: Ամալյա Ղազարյանից հօգուտ Անահիտ Մանուկյանի բռնագանձել 25.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Անահիտ Մանուկյանից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 150.750 ՀՀ դրամ՝ որպես կատարված փորձաքննության ծախսի գումար: Ամալյա Ղազարյանից հօգուտ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել 50.250 ՀՀ դրամ՝ որպես կատարված փորձաքննության ծախսի գումար»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մանուկյանը (ներկայացուցիչ Փափազ Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուրեն Մկրտչյանը (ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյան

        

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ, 199-րդ և 201-րդ հոդվածների պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վայք համայնքի Ալավերդյան 63-րդ հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ երրորդ անձ Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցումը, գրառումը կատարվել է 05.08.2003 թվականին և տրվել է թիվ 016771 վկայականը: 31121998 թվականին ՀՀ կառավարության թիվ 867 որոշմամբ սահմանվել է կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը:

Վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի թիվ ԵՄԴ/0747/02/14 նախադեպային որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 41-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ, 172-րդ, 173-րդ հոդվածները, 199-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, բողոք բերած անձը նշել է, որ Սուրեն Մկրտչյանը և Ամալյա Ղազարյանը գրանցված ամուսնական հարաբերությունների ընթացքում ձեռք են բերել բազմաթիվ՝ վերը թվարկված անշարժ գույքերը:

Վերաքննիչ դատարանը դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտմամբ գործի քննությունն ավարտել է գրավոր ընթացակարգով: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 11-րդ, 13-րդ հոդվածները, 14-րդ հոդվածի 13-րդ կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանում դատական մատչելիության սկզբունքի խախտումը կայացել է նրանում, որ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը գրավոր ընթացակարգով քննվել է առանց մրցակցային քննության, Դատարանի վճիռը բեկանվել և կայացվել է նոր որոշում՝ առանց կողմերին լսելու, կայացված նոր որոշմամբ սահմանափակվել է իրենց կողմից դատական պաշտպանությունից գործնականում օգտվելու իրավունքը, այսինքն՝ Վերաքննիչ  դատարանը, եթե սույն գործով եկել էր հետևության, որ Դատարանի վճիռը պատճառաբանված չէ կամ բազմակողմանի քննություն չի իրականացվել, պետք է գործն ուղարկեր նոր քննության, չսահմանափակելով իրենց դատական պաշտպանության իրավունքը:

          

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29032019 թվականին վճռին:

           

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման: Վերաքննիչ դատարանը «Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում նշել է այն բոլոր փաստերն ու հանգամանքները, որոնք նշված են եղել վերաքննիչ բողոքի պատասխանում և միաժամանակ ամբողջ ծավալի մեջ դիտարկել է գործով ներկայացված փաստերը, ինչպես նաև անդրադարձ է կատարել դրանցից բոլորին: Բողոքաբերը չի նշել որևէ հանգամանք, որն անտեսված է եղել Վերաքննիչ դատարանի կողմից և  էական ազդեցություն է ունեցել կայացված որոշման վրա, ինչպես նաև հանգեցրել է դատական սխալի կամ իր լսված լինելու իրավունքի խաթարման։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ բնակելի տունը հրդեհվել է, որից հետո վերակառուցվել է 1997 թվականին, որի դրությամբ արդեն Սուրեն Մկրտչյանը և Ամալյա Ղազարյանը գտնվել են ամուսնության մեջ և Դատարանը այդ հիմքով Ամալյա Ղազարյանին համարել է օրենքի ուժով համատեղ սեփականատեր, ապա այդ հանգամանքը չի հիմնավորվել օրենքի տրամաբանությունից բխող որևէ ապացույցով, ավելին՝ այդ հանգամանքի վերաբերյալ որևէ փաստարկ՝ հրդեհվելուց առաջ և դրանից հետո շինարարության ու վերանորոգման ծախսերի վերաբերյալ, չի ներկայացվել հայցվորի կողմից, դրան անդրադարձ չի կատարվել ոչ հայցադիմումով, ոչ դատական քննության ժամանակ։

Վերոգրյալի հիման վրա խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

          

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2016 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Անահիտ Մանուկյանի հայցը բավարարվել է, դատարանը վճռել է Ամալյա Ղազարյանից հօգուտ Անահիտ Մանուկյանի բռնագանձել 5.350.000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 14-18):

2) Վայքի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության  տարածքային բաժնի պետի` հայցվորի ներկայացուցչին հասցեագրված 24.10.2017 թվականի թիվ Ե-129 պատասխան գրության համաձայն՝ Ամալյա Ղազարյանի և Սուրեն Մկրտչյանի ամուսնությունն օրենքով սահմանված կարգով գրանցվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Վայքի տարածքային բաժնում 27.07.1970 թվականին, ակտ նո. 14: Նշված անձանց վերաբերյալ ամուսնության ակտում ամուսնալուծության նշումը բացակայում է (հատոր 1-ին, գ.թ. 8):

3) 08.08.1970 թվականի տան գույքային թերթի համաձայն՝ նախկին Ազիզբեկով քաղաքի Ալավերդյան 65-րդ հասցեում գտնվող տան կառուցման տարեթիվ է նշված 1958-66 թվականները, հարկերի թիվը` 1, սենյակների թիվը 2, բնակելի տարածությունը՝ 57քմ., ոչ բնակելի տարածությունը՝ 152,0 քմ., օգտագործելի մակերեսը` 209,0 քմ., ինվենտարիզացիայի տարեթիվը` 1970 թվական: Սեփականատեր է Սուրիկ Մկրտչյանը (հատոր 1-ին, գ.թ. 72-73): Ըստ 08.08.1970 թվականի ամփոփ գնահատման ակտի` Ազիզբեկովի շրջանի Շահումյան համար 65 տունը պատկանում է Սուրիկ Մկրտչյանին: Տնտեսության կառուցվածքի կամ շենքի վերականգնված ընդհանուր արժեքը` 315,37 ռուբլի, տնտեսության կառուցվածքի կամ շենքի ընդհանուր իրական արժեքը` 2609 ռուբլի (հատոր 1-ին, գ.թ. 74-75):

4) 06.02.1997 թվականի թիվ 3 արխիվային տեղեկանքի համաձայն՝ Վայքի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 06041959 թվականի նիստի որոշմամբ ավանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին տրվել է 0,07 հա հողամաս` բնակարան կառուցելու համար: Հիմք` Վայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 06041959 թվականի նիստի հմ. 4 արձանագրություն (հատոր 1-ին, գ.թ. 112):

5) ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետի` քաղաքացի Սուրեն Մկրտչյանին Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման շինարարության թույլտվության մասին 23.06.1997 թվականի թիվ 75 որոշման համաձայն՝ հաշվի առնելով, որ քաղաքացի Սուրեն Մկրտչյանի` Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տունը հրդեհվել է և ունի վերակառուցման պահանջ, որոշվել է թույլատրել Ս. Գ. Մկրտչյանին բնակելի տանը վերակառուցման շինարարություն, Ս. Մկրտչյանին հանձնարարվել է շինարարական աշխատանքները կատարել քաղաքաշինության բաժնի հետ ըստ համաձայնեցված նախագծի, որոշման կատարման կազմակերպումը դրվել է քաղաքաշինության բաժնի վրա, իսկ կատարման հսկողությունը դրվել է քաղաքապետարանի քարտուղարի վրա (հատոր 1-ին, գ.թ. 111):

6) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.08.2003 թվականի թիվ 016771 վկայականի համաձայն՝ Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 տան նկատմամբ հողհատկացման մասին 06.02.1997 թվականի թիվ 3 արխիվային տեղեկանքի և բնակելի տան վերակառուցման թույլտվության մասին Վայքի քաղաքապետի թիվ 75 որոշման հիմքերով` անշարժ գույքի պետական գրանցման միասնական 10-003-4-5 մատյանի 081 համարի տակ գրանցվել է Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքը: Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 382,0 քմ, (օժանդակ շինություններ նշված չէ) (հատոր 1-ին, գ.թ. 87):

7) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28.11.2011 թվականի թիվ 2823741 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզի Նուռնուս այգեգործական զանգված 14 տեղամաս, թիվ 19 հողամասի նկատմամբ Հայաստանի ազգային արխիվի 16.11.2011 թվականի թիվ Մ-4436 արխիվային քաղվածքի հիմքով, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-051-4-5-1 մատյանի 0093 համարի տակ գրանցվել է Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 85):

8) ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ»   ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի 16.11.2011 թվականի թիվ 4436 արխիվային քաղվածքի համաձայն՝ Աբովյանի շրջխորհրդի գործկոմի 02.02.1989 թվականի թիվ 3 որոշման և «Շուշան» այգեգործական ընկերության կողմից հաստատված 1989 թվականի ցուցակի` Սուրեն Մկրտչյանը հանդիսացել է «Շուշան» այգեգործական ընկերության անդամ: Նրան հատկացվել է Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 14 տեղամասի թիվ 19 հողակտորը (հողակտորի չափը նշված չէ) (հատոր 1-ին, գ.թ. 81):

9) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.04.2011 թվականի թիվ 2714480 վկայականի համաձայն՝ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում գտնվող 0,734 հա վարելահողի նկատմամբ անշարժ գույքի 01.04.2011 թվականի թիվ 239 պայմանագրի հիմքով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 10-005-4-4 մատյանի 064 համարի տակ գրանցվել է Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 2):

10) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի` գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ 09.10.2017 թվականի թիվ ԱՏ-05/10/2017-47-0010 տեղեկանքի համաձայն՝ ըստ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ էլեկտրոնային արխիվի տվյալների` ՀՀ տարածքում քաղաքացիներ Սուրեն Մկրտչյանի անվամբ Վայոց ձորի մարզի, Վայք համայնքի, Ազատեկ գյուղում գտնվող 10-005-0131-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի, Վայք քաղաքի, Ալավերդյան փողոցի թիվ 63 տան և Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի այգետարածքի թիվ 14 տեղամասի 19 հողակտորի (կադաստրային ծածկագիր` 07-051-0143-0052) նկատմամբ գրանցված է սեփականության իրավունքը, իսկ Ամալյա Ղազարյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 9):

11)  Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի 04.04.2018 թվականի թիվ 95 պատասխան գրության համաձայն՝ Վայք համայնքում Սուրեն Մկրտչյանին պատկանող բնակելի տունը և տնամերձ հողամասը վերահասցեավորումից հետո դարձել է Ալավերդյան փողոց թիվ 63 տուն (հատոր 1-ին, գ.թ. 78):

12) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների 08.11.2018 թվականի թիվ 43221807 եզրակացության համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տնից Ամալյա Ղազարյանին հասանելի 1/2-րդ բաժնեմասն առանձնացնելը տեխնիկապես հնարավոր չէ` պահպանելով բնակելի տան և հողամասի տարածքներն ըստ նպատակային օգտագործման նշանակության, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող նվազագույն պահանջները:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության թիվ 10-005-0131-0003 կադաստրային ծածկագրով հողամասից (սեփականության վկայական թիվ 2714480) պատասխանող Ամալյա Ղազարյանին հասանելի բաժնեմասի առանձնացման մեկ պայմանական տարբերակն առանց գույքին անհամաչափ վնաս պատճառելու, ըստ հատակագծային տեսքի, չափերի, հեռավորությունների, տեղակայման բերվել է սույն եզրակացությանը կից թիվ 1 հավելված-հատակագծի` «ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության թիվ 10-005-0131-0003 կադաստրային ծածկագրով հողամասի 1/2-րդ հարաբերությամբ բաժնեմասի առանձնացման տարբերակի սխեմատիկ հատակագիծ» բաժնում, որտեղ Ամալյա Ղազարյանին պատկանող 1/2-րդ բաժնեմասը գծանշված է:

 ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի 14 տեղամասի թիվ 19 հասցեում գտնվող հողամասից Ամալյա Ղազարյանին հասանելի 1/2-րդ բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել, քանի որ այն կբերի սահմանափակ օգտագործման, բացի այդ հողամասի առանձնացումը` ընդհանուր հողամասից հնարավոր չէ տեխնիկապես իրականացնել առանց դրանք սերվիտուտով չծանրաբեռնելու, նվազագույն մակերեսներ ընդհանուր օգտագործման թողնելու պայմաններից ելնելով, պահպանելով հողամասն ըստ նպատակային օգտագործման նշանակության, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության տվյալ բնագավառում գործող` ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում», ՀՀՇՆ 22-03-2017` «Արհեստական և բնական լուսավորում» և ՀՀՇՆ 21-01-2014` «Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգության» նորմերով սահմանված հակահրդեհային հեռավորությունները, ինսուլյացիոն և լուսավորության նորմերը և կենցաղային բացվածքները:

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմել է 15.600.000 ՀՀ դրամ:

 ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի 14 տեղամասի թիվ 19 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասի շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմել է 1.400.000 ՀՀ դրամ:

 ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում գտնվող 10-010-0110-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմել է 510.130 ՀՀ դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան ընդհանուր արժեքում Ամալյա Ղազարյանին հասանելի 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը կկազմի` 7.800.000 ՀՀ դրամ:

 ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի 14 տեղամասի թիվ 19 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասի ընդհանուր արժեքում Ամալյա Ղազարյանին հասանելի 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը` փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 700.000 ՀՀ դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում գտնվող թիվ 10-010-0110-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի ընդհանուր արժեքում Ամալյա Ղազարյանին հասանելի 1/2-րդ բաժնեմասի շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 255.065 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 7-36):

     

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ, 201-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

        

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ համատեղ ամուսնության ընթացքում ստեղծված գույքի նկատմամբ ծագած ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

            

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե´ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Վերը նշված հոդվածի իմաստով բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը (տե´ս, Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Սաղումյանի և այլոց թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2006 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհված գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին և արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի սեփականությունը (տե՜ս, ըստ հայցի Գարիկ Կուրդիյանի ընդդեմ Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես, Տիգրան Այվազյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու և ընդհանուր սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-506 (ՎԴ)):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ պայմանների մեկնաբանությանը:

ա) Ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ներդրումները կարող են դրսևորվել դրամական միջոցներ տրամադրելով, գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը հանգեցնող բնեղեն միջոցներ տրամադրելով, ինչպես նաև սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնող ամուսնու անձնական աշխատանքի միջոցով, որի արդյունքում առկա դրամական կամ այլ ռեսուրսների հետ միասին իրականացվել է հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն:

բ) Գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը կարող է դրսևորվել գույքի վրա կատարված որոշակի փոփոխություններով, որոնք ավելացնում են գույքի որակական (շահագործման, սպառողական և այլ) հատկանիշները և, հետևաբար, նաև գույքի արժեքը:

Օրենսդիրն ընդհանուր կերպով թվարկում է այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը: Դրանք դրսևորվում են հիմնական վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման ձևերով, որոնք, սակայն, սպառիչ չեն:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանի ապահովման համար անհրաժեշտ է որոշել գույքի շուկայական արժեքը մինչև ներդրումները կատարելը և դրանից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ գույքի արժեքի ավելացումը պետք է լինի նշանակալի, ինչը յուրաքանչյուր գործով գնահատման ենթակա հանգամանք է:

գ) Կատարված ներդրման և արժեքի նշանակալի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ երրորդ պայմանը վերը նշված երկու պայմանների տրամաբանական շարունակությունն է, ուստի միայն վերը նշված երկու պայմանների առկայությունից հետո դատարանը պետք է քննարկի պատճառահետևանքային կապի առկայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը և դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հիմնավորել, որ գույքի արժեքի նշանակալի ավելացումը պայմանավորված է ներդրումներով, որոնք հանգեցրել են գույքի շուկայական արժեքի բարձրացմանը: Հետևաբար, գույքի արժեքի ավելացման (թեկուզև նշանակալի) այլ գործոններն առանձին չեն կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ հոդվածի կիրառման համար (օրինակ` գույքի շուկայական արժեքի բարձրացումը` պայմանավորված տնտեսական գործոններով (գնաճ)) (տե՛ս Ռուզաննա Խաչիկյանն ընդդեմ Անդրե Ջելոյանի` համատեղ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՔԴ/1449/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի (…)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

           

Վճռաբեկ  դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Անահիտ Մանուկյանը պահանջել է Ամալյա Ղազարյանի և Սուրեն Մկրտչյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականություն հանդիսացող Վայոց Ձորի մարզի, Վայք համայնքի Ազատեկ գյուղի վարչական տարածքի 10-005-0131-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեի բնակելի տնից և Կոտայքի մարզի Նուռնուս այգետարածքի թիվ 14 տեղամասի 07-051-0143-0052 կադաստրային ծածկագրով հողակտորից պարտապան Ամալյա Ղազարյանի բաժնեմասերն առանձնացնել` 5.350.000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամին համապատասխան` պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի կողմից առարկելու և շուկայական գնով պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքերը հրապարակային սակարկություններով վաճառել` դրանից պարտապան Ա. Ղազարյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար:

Դատարանը հայցը բավարարել է՝ արձանագրելով, որ Ամալյա Ղազարյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի ուժով հանդիսանում է վիճելի գույքերի 1/2-րդ բաժնեմասի սեփականատեր, հետևաբար պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը մասնակի բեկանել և փոփոխել է, հայցը բավարարել է մասնակի՝ արձանագրելով, որ Վայք քաղաքի Ալավերդյան 65 հասցեում գտնվող տան կառուցման տարեթիվ է նշված 1958-66 թվականները, իսկ Սուրեն Մկրտչյանի և Ամալյա Ղազարյանի ամուսնությունը գրանցվել է 1970 թվականին: Այսինքն՝ տունը կառուցվել (ձեռք է բերվել) մինչև ամուսնությունը և հանդիսացել է միայն Սուրեն Մկրտչյանի սեփականությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի լուծման համար անհրաժեշտ է անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել հետևյալ հարցերը՝

ա) ՀՀ Արարատի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 տունը 1970 թվականին ի՞նչ արժեք ուներ,

բ) արդյո՞ք բնակարանի վերանորոգման հետևանքով դրա արժեքն ավելացել է նշանակալի չափով,

գ) առկա՞ է արդյոք կատարված վերանորոգման և արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ամալյա Ղազարյանի և Սուրեն Մկրտչյանի ամուսնությունը գրանցվել է 27.07.1970 թվականին: 08.08.1970 թվականի տան գույքային թերթի համաձայն՝ նախկին Ազիզբեկով քաղաքի Ալավերդյան 65-րդ հասցեում գտնվող տան կառուցման տարեթիվ է նշված 1958-66 թվականները, հարկերի թիվը` 1, սենյակների թիվը 2, բնակելի տարածությունը՝ 57քմ., ոչ բնակելի տարածությունը՝ 152,0 քմ., օգտագործելի մակերեսը` 209,0 քմ., ինվենտարիզացիայի տարեթիվը` 1970 թվական: Ըստ 08.08.1970 թվականի ամփոփ գնահատման ակտի` Ազիզբեկովի շրջանի Շահումյան համար 65 տունը պատկանում է Սուրիկ Մկրտչյանին: Տնտեսության կառուցվածքի կամ շենքի վերականգնված ընդհանուր արժեքը` 315,37 ռուբլի, տնտեսության կառուցվածքի կամ շենքի ընդհանուր իրական արժեքը` 2609 ռուբլի: 06.02.1997 թվականի թիվ 3 արխիվային տեղեկանքի համաձայն՝ Վայքի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 1959 թվականի ապրիլի 6-ի նիստի որոշմամբ ավանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին տրվել է 0,07 հա հողամաս` բնակարան կառուցելու համար: Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետի` քաղաքացի Սուրեն Մկրտչյանին Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցման շինարարության թույլտվության մասին 23.06.1997 թվականի թիվ 75 որոշման համաձայն՝ հաշվի առնելով, որ քաղաքացի Սուրեն Մկրտչյանի` Ալավերդյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տունը հրդեհվել է և ունի վերակառուցման պահանջ, որոշվել է թույլատրել Ս. Գ. Մկրտչյանին բնակելի տանը վերակառուցման շինարարություն, Ս. Մկրտչյանին հանձնարարվել է շինարարական աշխատանքները կատարել քաղաքաշինության բաժնի հետ ըստ համաձայնեցված նախագծի: Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.08.2003 թվականի թիվ 016771 վկայականի համաձայն՝ Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 տան նկատմամբ հողհատկացման մասին 06.02.1997 թվականի թիվ 3 արխիվային տեղեկանքի և բնակելի տան վերակառուցման թույլտվության մասին Վայքի քաղաքապետի թիվ 75 որոշման հիմքերով` անշարժ գույքի պետական գրանցման միասնական 10-003-4-5 մատյանի 081 համարի տակ գրանցվել է Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքը: Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 382,0 քմ, /օժանդակ շինություններ նշված չէ/: ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների 08.11.2018 թվականի թիվ 43221807 եզրակացության համաձայն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 բնակելի տան շուկայական արժեքը փորձաքննության կատարման ժամանակահատվածում է կազմել 15.600.000 ՀՀ դրամ:

Սույն գործի փաստական հանգամանքներից հետևում է, որ Անահիտ Մանուկյանը հայցի հիմքում դրել է Վայք քաղաքի Ալավերդյան 65-րդ հասցեում գտնվող տան նկատմամբ Ամալյա Ղազարյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ծագած լինելու և գույքը համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու հիմքով նշված գույքի 1/2-րդ բաժնեմասի սեփականատեր հանդիսանալու փաստերը, որի հիմքով էլ պահանջել է բռնագանձում տարածել պարտապանի վերոնշյալ գույքի բաժնեմասի նկատմամբ, որպես փաստական հիմքը հիմնավորող ապացույց վկայակոչել է 08.08.1970 թվականին տրված գույքաթերթը: Ամալյա Ղազարյանի և Սուրեն Մկրտչյանի ամուսնությունը գրանցվել է 27.07.1970 թվականին ու թեև Վայք քաղաքի Ալավերդյան 65-րդ հասցեում գտնվող տունը կառուցվել է 1958-66 թվականներին, սակայն այն Սուրիկ  Մկրտչյանի անվամբ գույքագրվել է 08.08.1970 թվականին, այսինքն՝ Ամալյա Ղազարյանի և Սուրեն Մկրտչյանի ամուսնությունից հետո:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքի ծագման, համապատասխանաբար և Ամալյա Ղազարյանի սեփականության իրավունք ունենալու փաստը, կապել է գույքի կառուցման հետ, մինչդեռ վիճելի գույքը գույքագրվել է Սուրեն Մկրտչյանի անվամբ, երբ նրա և Ամալյա Ղազարյանի ամուսնությունն արդեն իսկ գրանցված է եղել և հետագայում էլ գույքը հրդեհից հետո վերակառուցվել է արդեն ամուսինների համատեղ միջոցներով և սեփականության իրավունքի գրանցման վկայականում, որպես սեփականության ձեռքբերման հիմք նշվել է 06.02.1997 թվականի թիվ 3 արխիվային տեղեկանքի և բնակելի տան վերակառուցման թույլտվության մասին:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ գույքաթերթը, ինչպես նաև գործում առկա 06.02.1997 թվականի թիվ 3 արխիվային տեղեկանքի և բնակելի տան վերակառուցման թույլտվության մասին որոշման և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.08.2003 թվականի թիվ 016771 վկայականի, որպես էական ապացույցներ սխալ գնահատելու արդյունքում չի հաստատվել Ամալյա Ղազարյանի կողմից Վայք քաղաքի Ալավերդյան 65 տան 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու փաստը, այնինչ գործում առկա ապացույցները թույլ են տալիս նման եզրահանգման գալ:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Նուռնուս համայնքի այգետարածքում գտնվող հողամասի մասով հայցապահանջի հիմնավորվածությանը, գտել է, որ Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 14 տեղամասի թիվ 19 հողակտորը հատկացվել է Սուրեն Մկրտչյանին անհատույց հատկացման հիմքով, հետևաբար չի հանդիսանում համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գույքի մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր են, քանի որ վիճելի այգեգործական հողատարածքը համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռք բերված գույք հանդիսանալու փաստը չի հաստատվել:

Սույն  գործի փաստերից հետևում է, որ ըստ Աբովյանի շրջխորհրդի գործկոմի 02.02.1989 թվականի թիվ 3 որոշման և «Շուշան» այգեգործական ընկերության կողմից հաստատված 1989 թվականի ցուցակի` Սուրեն Մկրտչյանը հանդիսացել է «Շուշան» այգեգործական ընկերության անդամ: Նրան հատկացվել է Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 14 տեղամասի թիվ 19 հողակտորը։ Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 28.11.2011 թվականի թիվ 2823741 վկայականի համաձայն՝ Կոտայքի մարզի Նուռնուս այգեգործական զանգված 14 տեղամաս, թիվ 19 հողամասի նկատմամբ Հայաստանի ազգային արխիվի 16.11.2011 թվականի թիվ Մ-4436 արխիվային քաղվածքի հիմքով, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-051-4-5-1 մատյանի 0093 համարի տակ գրանցվել է Սուրեն Մկրտչյանի սեփականության իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի հողակտորը թեև ձեռք է բերվել Ամալյա Ղազարյանի և Սուրեն Մկրտչյանի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սակայն Սուրեն Մկրտչյանի կողմից` անհատույց սեփականաշնորհման հիմքով, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի ուժով ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը չէ, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Վերաքննիչ դատարանը:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները գործում առկա ապացույցները չեն ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման՝ հաշվի առնելով դրանց համակցությունը, փոխադարձ կապը և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, որի արդյունքում սույն գործով չի պարզվել թե ՀՀ Արարատի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 63 տունը 1970 թվականին ի՞նչ արժեք ուներ, արդյո՞ք բնակարանի վերանորոգման հետևանքով դրա արժեքն ավելացել է նշանակալի չափով, առկա՞ է արդյոք կատարված վերանորոգման և արժեքի նշանակալի չափով ավելացման միջև պատճառահետևանքային կապ, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն մասնակիորեն բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումների համատեքստում գործի հանգամանքները պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

            

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

         

Ո Ր Ո Շ Ե Ց

        

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20092019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

     

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան