Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2022
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0434/02/20

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0434/02/20

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լաուրա Մայիլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Լաուրա Մայիլյանի ընդդեմ Սամվել Մատինյանի` Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի 10-1/1 հասցեի հողամասը դրա վրա դրված տաղավարից և կանգառից ազատելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լաուրա Մայիլյանը պահանջել է պարտավորեցնել Սամվել Մատինյանին ազատել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 10-1/1 հասցեի հողամասը և դրա վրա դրված տաղավարը ու կանգառը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 19.08.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև վարչական դատավարության կարգով քննվող գործով վերջնական որոշում կայացնելը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան) 07.10.2020 թվականի որոշմամբ Լաուրա Մայիլյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2020 թվականի որոշմամբ Լաուրա Մայիլյանի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լաուրա Մայիլյանը (ներկայացուցիչ Արթուր Սուքիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 368-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարանի 07.10.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելով հանդերձ, թույլ է տվել նոր` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի խախտում։ Մասնավորապես՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանողին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց:

Ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված փոստային անդորրագրերին, ապա դրանցով հավաստվում է միայն 29.08.2020 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը պատասխանողին ուղարկված լինելու փաստը, և դա վերաբերելի չէ 21.10.2020 թվականին կրկին ներկայացված բողոքին, մինչդեռ կրկին ներկայացվելիս՝ վերաքննիչ բողոքը վերստին պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց՝ անկախ բողոքի բովանդակությունը փոփոխված լինելուց կամ չլինելուց, քանի որ այդ կերպ կարող է միայն ապահովվել նրանց՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի պատշաճ իրականացումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ 07.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է միայն լիազորագրի բացակայության պատճառով, հետևաբար կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությունը փոփոխության չի ենթարկվել, ուստի բողոքի օրինակը կողմին ուղարկելը կրելու էր ձևական բնույթ, իսկ չուղարկելը դատավարության մյուս մասնակցի իրավունքները որևէ կերպ չի խախտել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վերաքննիչ բողոքը կրկին պետք է ուղարկվեր, անկախ բողոքի բովանդակությունը փոփոխված լինելուց կամ չլինելուց, քանի որ այդ կերպ կարող է միայն ապահովվել նրանց՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի պատշաճ իրականացումը, ապա այդ եզրահանգումը ևս անհիմն է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

 Բացի այդ պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը որևէ կերպ պայմանավորված չէ բողոքը ստանալու պահի հետ, այլ հաշվարկվում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու պահից, իսկ վերաքննիչ բողոքի պատճենը Սամվել Մատինյանն առաջին անգամ ստացել է, հետևաբար արդեն հնարավորություն ունեցել է օգտվելու վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի, 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

Այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում բողոքի բովանդակությանը, արդյո՞ք խախտումը շտկելուց հետո նոր բողոք ներկայացնելիս վերջինս պարտավոր է բողոքի պատճենը կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը): 

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը): 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (…), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…): Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես՝ ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:

Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) [Կրկին] ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն [իրավահարաբերության ծագման պահին գործող] օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 07.10.2020 թվականի որոշմամբ արձանագրել է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքին չի կցել բողոքը ստորագրած անձի (Արթուր Սուքիասյանի)՝ Լաուրա Մայիլյանի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող որևէ ապացույց: Արդյունքում` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ սահմանելով 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հավելված գ.թ 32):

Լաուրա Մայիլյանը, 19.10.2020 թվականին ստանալով Վերաքննիչ դատարանի 07.10.2020 թվականի որոշումը, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի պահպանմամբ` 21.10.2020 թվականին, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` վերացնելով թույլ տրված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ներկայացուցիչ Արթուր Սուքիասյանի լիազորագիրը (հավելված գ.թ. 45):

Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 30.10.2020 թվականի որոշմամբ վերադարձնելով Լաուրա Մայիլյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ բողոք բերած անձը, Վերաքննիչ դատարանի 07.10.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելով հանդերձ, թույլ է տվել նոր խախտում։ Մասնավորապես, ըստ Վերաքննիչ դատարանի՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանողին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց։ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ կրկին ներկայացված բողոքին կցված փոստային անդորրագրերով հավաստվում է միայն 29.08.2020 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը նույն օրը պատասխանողին ուղարկված լինելու փաստը, և դրանք վերաբերելի չեն 21.10.2020 թվականին կրկին ներկայացված բողոքին (հավելված գ.թ 47): 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Լաուրա Մայիլյան կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` Վերաքննիչ դատարանի 07.10.2020 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին: Մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին չի կցել բողոքը ստորագրած ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթը (լիազորագիրը):

Վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ժամկետում վերացրել է վերը նշված խախտումը և կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք. կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կցել է բողոքի պատճենը պատասխանող Սամվել Մատինյանին 29.08.2020 թվականին ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագիրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքները նույնաբովանդակ են: Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ սկզբնական բողոքի կապակցությամբ արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը և հետագայում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից այն վերացվել է: 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` օրենսդիրը սահմանելով վերաքննիչ բողոք բերած անձի պարտականությունը՝ բողոքին կցել բողոքը գործին մասնակցող անձին, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովելու գործին մասնակցող անձի մրցակցության սկզբունքի իրականացումը և երաշխավորելու բողոքը՝ գործին մասնակցող անձին հասանելի դարձնելու և դրա բովանդակությանը ծանոթանալու դատավարական իրավունքի լիարժեք իրականացումը: 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնաբովանդակ բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լաուրա Մայիլյանն ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմին ուղարկելու պարտականությունը: Հետևաբար պատասխանող կողմին այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է Լաուրա Մայիլյանին: 

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է վերադարձրել Լաուրա Մայիլյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: 
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 30.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան