Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ

դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-72/07

ՎԲ-72/07

Գործ 397/06 թ.

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

 Ա. Դանիելյան

 Ժ. Հովսեփյան

 

    ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

               

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

Հ. ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար`

մասնակցությամբ

դատախազ`

Ք. Մարտիրոսյանի

Ա. Ավագյանի

     

2007 թվականի մայիսի 04-ին

ք. Երևանում

      

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Նաիրա Վախթանգի Գելաշվիլու վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 19-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռների դեմ,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

   

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 19-ի դատավճռով Նաիրա Վախթանգի Գելաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 ամիս 15 օր ժամկետով, գույքի բռնագրավմամբ։

Պատիժը նշանակվել է կրելու ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով 2006 թվականի փետրվարի 8-ից։

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Նոդար Կապիաշվիլին։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, պաշտպան Գ.Մարգարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով գործը, 2006 թվականի օգոստոսի 29-ի դատավճռով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ, պաշտպանի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման։

Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 9-րդ կետը և ամբաստանյալ Ն.Գելաշվիլուն ազատել առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված լրացուցիչ պատժից՝ գույքի բռնագրավումից։

Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 23-ի որոշմամբ դատապարտյալ Նաիրա Վախթանգի Գելաշվիլու վճռաբեկ բողոքը ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

    

2. Գործի փաստական հանգամանքները.

Նաիրա Գելաշվիլին դատապարտվել է հետևյալ արարքի համար.

Նա Թբիլիսի քաղաքի այլ բնակիչների հետ 2006 թվականի փետրվարի 5-ին Երևան քաղաքում գնել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր։ Հաջորդ օրը` փետրվարի 6-ին` առավոտյան, Թբիլիսի վերադառնալիս, երբ նրանք հասել են Բագրատաշենի մաքսային կետ, մաքսային ստուգման ժամանակ Նաիրա Գելաշվիլին չի հայտնել մաքսային տեսուչի բանավոր հարցմանը ու մաքսային հայտարարագրում չի նշել իր մոտ եղած ոսկյա զարդերի մասին ու մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել է Հայաստանից ապօրինի կերպով Վրաստան արտահանել 694.6 գրամ ընդհանուր քաշով 4.178.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարատեսակ ոսկյա զարդեր։ Սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից թաքցված ոսկյա զարդերը Ն.Գելաշվիլու մոտից հայտնաբերվել ու առգրավվել են։

    

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը խնդրել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 19-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռները բեկանել և գործն ուղարկել նոր նախաքննության` նկատի ունենալով, որ թույլ են տրվել դատավարական իրավունքի էական խախտումներ, ինչպես նաև այն, որ Վճռաբեկ դատարանի կողմից կայացվելիք ակտը կարող է էական նշանակություն ունենալ դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալի պաշտպանության իրավունքը կանոնակարգող օրենքների միատեսակ կիրառման համար։

Դատապարտյալն իր բողոքում նշել է, որ լինելով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ՝ վրացի, ընդհանրապես չի տիրապետում հայերեն լեզվին։ Նախաքննության ողջ ընթացքում իրեն հասկանալի լեզվով չի տրամադրվել ոչ մի դատավարական փաստաթուղթ, այդ թվում նաև կասկածյալի և մեղադրյալի իրավունքների ցանկը։ Բոլոր քննչական գործողությունները կատարվել են առանց գրավոր թարգմանությունների։ Քրեական գործը նախաքննության ծավալով բաղկացած է բացառապես հայերեն լեզվով կազմված նյութերից։ Միայն վրացերեն լեզվով մեղադրական եզրակացությունը ստանալուց հետո է իմացել, որ հայերեն լեզվով գրված ցուցմունքները աղավաղվել են մեղադրանքի օգտին։ Դատարանները այդ թարգմանությունները ճանաչել են ճիշտ՝ գնահատելով որպես արժանահավատ, և դրել են մեղադրական դատավճիռների հիմքում։ Հայերենից վրացերեն թարգմանելու համար հրավիրված թարգմանիչ Նոռա Վարդանյանը չի կատարել իր` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները` չտիրապետելով իրավաբանական տերմինաբանությանը, նա չի կատարել ոչ մի գրավոր թարգմանություն։ Գործում բացակայում է թարգմանչի կրթության և որակավորման մասին փաստաթուղթը։ Նույն պատճառով մեղադրական եզրակացության թարգմանությունը կատարվել է մեկ այլ անձի կողմից։ Բացի այդ, Նոռա Վարդանյանը հանդիսանում է ՀՀ ԱԱԾ տեխնիկական աշխատող։

Այսպիսով, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր հետևյալ իրավունքները.

- փաստաթղթերի հաստատված պատճենների ստացումը իրեն հասկանալի լեզվով (15-րդ հոդված),

- քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից իրեն փաստացի հնարավորություն տրամադրելը՝ ինքնուրույն, բոլոր չարգելված միջոցներով իրականացնելու իր պաշտպանությունը, անկախ գործին մասնակցող պաշտպանից (19-րդ հոդված),

- որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված` մեղադրյալի իրավունքների ցանկի հանձնումն իրեն հասկանալի լեզվով (203-րդ հոդված),

- ինքնուրույն, պաշտպանից առանձին գործի նյութերին ծանոթանալը (266-րդ հոդված)։

Խախտվել են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ա», «բ» և «զ» կետերով նախատեսված` առաջադրված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին մեղադրյալին անհապաղ և մանրամասն, իրեն հասկանալի լեզվով ծանուցելու, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավական ժամանակ և հնարավորություն տրամադրելու, թարգմանչի ծառայությունից օգտվելու իրավունքները։

Վերաքննիչ դատարանի նախաձեռնությամբ թարգման Ն.Վարդանյանը հարցաքննվել է որպես վկա, ինչով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ մասը, քանի որ տեղ գտած խախտումները չէին կարող լրացվել դատավարության մասնակիցների ցուցմունքներով։

Վերաքննիչ դատարանի դատավճռով մեղադրյալի դատավարական իրավունքների վերը նշված խախտումները հաստատվել են, սակայն դատարանը գտել է, որ դրանք չեն համարվում օրենքի էական խախտումներ։

       

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

4.1 Հայերեն լեզվին չտիրապետող անձանց իրավունքների իրականացման երաշխիքները.

ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը, որը հանդիսանում է քրեական դատավարության սկզբունքներից մեկը, ամրագրում է, որ քրեական դատավարությունը տարվում է հայերեն։ Դրա հետ մեկտեղ, այն իրավունք է վերապահում յուրաքանչյուրին, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, քրեական դատավարության ընթացքում հանդես գալ այն լեզվով, որին նա տիրապետում է։ Նշված հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց բոլոր իրավունքները։ Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են նույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են։

Այս դրույթները նպատակ են հետապնդում հայերեն լեզվին չտիրապետող անձանց համար երաշխավորելու այն նվազագույն ընթացակարգային (պրոցեդուրային) իրավունքները, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով։

Դատավարության այս սկզբունքը քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնում է քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց ոչ միայն պարզաբանել իրենց համար հասկանալի լեզվով հանդես գալու նրանց իրավունքը, այլև դրա իրականացումն ապահովել այնպես, որ չսահմանափակվեն և իրականում իրագործվեն ինչպես գործի քննության ցանկացած փուլում իրենց լեզվով հանդես գալու, այնպես էլ մյուս բոլոր այն իրավունքները, որոնք փոխկապակցված են այդ իրավունքի հետ և երաշխավորված են օրենքով։

Քրեադատավարական օրենքի սկզբունքների փոխկապակցվածությունն արտահայտվում է նաև նրանով, որ առանց հասկանալի լեզվով հանդես գալու ազատության իրացման հնարավորության անհնար է արդարադատության այնպիսի հիմնարար սկզբունքների իրականացումը, ինչպիսիք են պաշտպանության իրավունքի ապահովումը, գործի արդարացի քննությունը, օրինականությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, մրցակցությունը։

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք։

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում` նաև մեղադրանքի մասին։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձի պարզաբանել նրա իրավունքները և պարտականությունները, ապահովել օրենսգրքով սահմանված կարգով դրանց իրականացման հնարավորությունը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը։ Վերջիններս իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով։ Պաշտպանի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում կասկածյալի և մեղադրյալի իրավունքները։

Կասկածյալի և մեղադրյալի իրավունքներն ու պարտականությունները սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ և 65-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմինը վերջիններիս հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իրավունքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն` կասկածյալն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նաև ձերբակալվելուց հետո քննիչից անմիջապես ստանալ իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում, իսկ ձերբակալման արձանագրություն կազմելուց հետո` անմիջապես անվճար ստանալ դրա պատճենը։

Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ մեղադրյալը օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի իմանալ` ինչում է մեղադրվում, որի համար մեղադրանք առաջադրելուց, արգելանքի վերցվելուց կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելուց հետո քրեական հետապնդման մարմնից անմիջապես անվճար ստանալ որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշման պատճենը։ Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ մեղադրյալն իրավունք ունի արգելանքի վերցվելուց հետո քննիչից անմիջապես անվճար ստանալ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր իրավունքների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել նույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները` որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը նրա իրավունքների և պարտականությունների ցանկի հետ հանձնելով մեղադրյալին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասը մեղադրյալին և պաշտպանին իրավունք է վերապահում գործի նյութերին ծանոթանալ ինչպես միասին, այնպես էլ առանձին։

Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, Նաիրա Գելաշվիլին հանդիսանում է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ վրացի է և չի տիրապետում հայերեն լեզվին։ 2006 թվականի փետրվարի 6-ին ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ոսկյա իրեր արտահանելու փաստի առթիվ փետրվարի 8-ին հարուցված քրեական գործով Ն.Գելաշվիլին նույն օրը ձերբակալվել է, հարցաքննվել է որպես կասկածյալ, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։ Հաջորդ օրը` փետրվարի 9-ին, կատարվել է կասկածյալ Ն.Գելաշվիլու լրացուցիչ հարցաքննություն, իսկ փետրվարի 10-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով, և նա հարցաքննվել է որպես մեղադրյալ։ 2006 թվականի մարտի 22-ի որոշման հիման վրա Ն.Գելաշվիլուն առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով։ 2006 թվականի ապրիլի 3-ին Ն.Գելաշվիլին պաշտպանի հետ ծանոթացել է գործի նյութերին, և ապրիլի 7-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։

Քննիչի կողմից կազմված արձանագրություններից երևում է, որ 2006 թվականի փետրվարի 8-ին Նաիրա Գելաշվիլու հետ կատարած քննչական գործողություններին որպես թարգմանիչ մասնակցել է Ալեքսեյ Էրոյանցը, իսկ փետրվարի 9-ից մինչև նախաքննության ավարտը` Նոռա Վարդանյանը, որոնք իրականացրել են բանավոր թարգմանություն։

Ն.Գելաշվիլուն ձերբակալելիս, որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննելիս, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից Ն.Գելաշվիլուն չի բացատրվել օրենքով հանձնման ենթակա դատավարական փաստաթղթերը` կասկածյալի և մեղադրյալի իրավունքների մասին գրավոր ծանուցումը և պարզաբանումը, ձերբակալման արձանագրության պատճենը, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման պատճենը, իրեն հասկանալի լեզվով ստանալու իրավունքը։

Գործի նյութերից երևում է նաև, որ որպես թարգմանիչներ ներգրավված Ա.Էրոյանցի և Ն.Վարդանյանի կողմից գրավոր թարգմանություն չի իրականացվել, և կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակում գտնվող Նաիրա Գելաշվիլուն հանձնված բոլոր փաստաթղթերը կազմված են եղել հայերեն լեզվով։

Դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալի իրավունքների ապահովման կարևորագույն երաշխիքներից է նաև թարգմանչի միջոցով գործի նյութերին ծանոթանալու իրավունքի ապահովումը։

Մինչդեռ մեղադրյալին ծանոթանալու համար քրեական գործի նյութերը ներկայացնելու մասին կազմված արձանագրությունից երևում է, որ մեղադրյալ Նաիրա Գելաշվիլուն և նրա պաշտպան Նարինե Մկրտչյանին 2006 թվականի ապրիլի 3-ին ծանոթանալու համար ներկայացվել են քրեական գործի բոլոր նյութերը։ Ըստ այդ արձանագրության` մեղադրյալ Ն.Գելաշվիլին և նրա պաշտպան Ն.Մկրտչյանը նույն օրը միասին ժամը 10-ից մինչև 18-ը ծանոթացել են գործի բոլոր նյութերին (գ.թ.134)։ Այսինքն` թարգմանիչը գործի նյութերի ծանոթացման գործընթացին չի մասնակցել, այլ միայն թարգմանել է քննիչի կողմից արձանագրված այն փաստը, որ մեղադրյալն ու պաշտպանը միասին ծանոթացել են գործի նյութերին։ Թարգմանիչ Ն.Վարդանյանը վերաքննիչ դատարանում հարցաքննվելիս ևս հաստատել է, որ չի մասնակցել քրեական գործի նյութերի ծանոթացմանը (վերաքննիչ դատարանի դատական նիստի արձանագրություն)։

Փաստորեն, նախաքննություն իրականացնող մարմինը չի ապահովել դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալի իրավունքների իրականացման լրացուցիչ երաշխիքները և չի պահպանել այդ սկզբունքի իրականացման համար էական նշանակություն ունեցող իմպերատիվ պահանջը, այն է` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճենները չեն հանձնվել Նաիրա Գելաշվիլուն այն լեզվով, որին նա տիրապետում է։ Բացի այդ, գործի նյութերի ծանոթացմանը թարգմանիչ չի մասնակցել։

Իսկ մեղադրանքի առաջադրումը, որի պարտադիր տարր է նաև որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հանձնումը մեղադրյալին, և գործի նյութերի ծանոթացումը հանդիսանում են քրեական դատավարությունում առանցքային նշանակություն ունեցող այն դատավարական գործողությունները, որոնք հնարավորություն են տալիս պաշտպանական կողմին կառուցել իրենց մարտավարությունը և արդյունավետ կերպով իրականացնել իրենց պաշտպանությունը։

Եթե այդ ընթացակարգերը կատարվում են օրենքով երաշխավորված մեղադրյալի իրավունքների անտեսմամբ, ապա մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային (Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ի որոշում, կետ 4.2) ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն հասկանալի լեզվով անհապաղ և հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին։

Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի գործով վճռում Եվրոպական դատարանը մեղադրյալի` իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին տեղեկացվելու իրավունքի իրացման ձևի կապակցությամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Մեղադրական ակտն առանցքային դերակատարություն ունի քրեական դատավարությունում, քանի որ այն մեղադրյալին ներկայացնելու պահից սկսած տվյալ անձը պաշտոնապես ծանուցվում է իրեն առաջադրված մեղադրանքների փաստական և իրավական հիմքերի մասին։ Մեղադրյալը, որը չի տիրապետում դատավարության լեզվին, կարող է հայտնվել ոչ բարենպաստ վիճակում, եթե նրան չի տրամադրվում մեղադրական ակտի գրավոր թարգմանությունը» (Kamasinski v.Austria, 19.12.1989, 9783/82, կետ 79)։

Այն, որ առաջադրված մեղադրանքի մասին ծանուցումը պետք է արվի մեղադրյալի համար հասկանալի լեզվով, Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Բրոզիչեկն ընդդեմ Իտալիայի գործով վճռում։ Այս գործում դիմողը` ազգությամբ գերմանացի, ստանալով իրեն առաջադրված մեղադրանքի մասին ծանուցումը իտալերեն լեզվով, խնդրել էր, որպեսզի բոլոր փաստաթղթերը թարգմանվեն ՄԱԿ-ի որևէ լեզվով։ Սակայն նրա խնդրանքը թողնվել է առանց ուշադրության։ Դատարանը նշել է, որ Իտալիայի իշխանություններն այն դեպքում, երբ համոզված չէին, որ դիմողը բավարար չափով է տիրապետում իտալերեն լեզվին, պետք է ապահովվեին դիմողին առաջադրված մեղադրանքի մասին ծանուցման թարգմանությունը նրա մայրենի լեզվով, ինչը չէին արել (Brozisek v.Italy, 19.12.1989, 11152/84, կետ 41)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս գործով դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալ Ն.Գելաշվիլու իրավունքների խախտումները, որոնք արտահայտվել են օրենքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նա տիրապետում է, չտալով, գործի նյութերի ծանոթացմանը թարգմանչին մասնակից չդարձնելով, ինչպես նաև լրացուցիչ երաշխիքների ապահովմանն ուղղված իրավունքները չպարզաբանելով և չապահովվելով, զրկել են վերջինին արդյունավետ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից` սահմանափակելով մեղադրանքից պաշտպանվելու փաստացի հնարավորությունը և հանգեցրել են Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածների պահանջների խախտումների։

4.2 Թարգմանչին առաջադրվող պահանջները.

Դատավարության լեզվի սկզբունքի իրականացման համար խիստ կարևոր է ոչ միայն թարգմանչի մասնակցությունը գործի քննությանը, այլև այն պահանջների պահպանումը, որոնք օրենսդիրն առաջադրել է քրեական վարույթն իրականացնող մարմնին` անձին որպես թարգմանիչ ներգրավելու հարցում։

Այդ պահանջները նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով։ Մասնավորապես, թարգմանիչը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որը պետք է ազատորեն տիրապետի քրեական դատավարության լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը։ Թարգմանիչը պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի` իր որակավորումը հաստատող փաստաթղթերը, թարգմանել լրիվ, ճշտորեն և ժամանակին։

Թարգմանիչը դասվում է դատավարության մասնակիցների այն խմբին, որոնց համար պարտադիր չափորոշիչներ են ձեռնհասությունը և գործի ելքով շահագրգռված չլինելը։ Գործով որպես թարգման ներգրավված անձը պետք է համապատասխանի այս չափորոշիչներին, ուստի դրանց պարզումը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է։

Անձին որպես թարգմանիչ ներգրավվելու համար անհրաժեշտ է պարզել, որ նա տիրապետում է ինչպես համապատասխան լեզուներին, այնպես էլ թարգմանության առանձնահատկություններին, տերմինաբանությանը, ինչը հնարավոր կդարձնի իրականացնել ճիշտ և լրիվ թարգմանություն։ Որպես կանոն, թարգմանիչ պետք է ներգրավվի համապատասխան կրթություն և փորձ ունեցող անձը, որն իր մասնագիտական գործունեության ընթացքում թարգմանչական գործառույթներ է իրականացնում, և որի ձեռնհասությունը կասկած չի հարուցում։ Համապատասխան լեզուներին ազատորեն տիրապետելու և թարգմանչական գործունեություն իրականացնելու փորձ ունենալու փաստը պետք է հաստատվի որոշակի ապացույցով։ Այդ նպատակով է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը թարգմանչին պարտավորեցնում ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեն նրա որակավորումը` որպես թարգմանչի։ Որպես այդպիսին, օրինակ, կարող են լինել համապատասխան բարձրագույն կամ այլ ուսումնական հաստատություն ավարտելու մասին դիպլոմը, դասընթացներ անցնելու, որպես թարգմանիչ աշխատելու մասին վկայականը, տեղեկանքը կամ այլ փաստաթղթերը, որոնք կհաստատեն տվյալ անձի կողմից անհրաժեշտ լեզվին ազատորեն տիրապետելու փաստը։ Այդ փաստաթղթի միջոցով միայն քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է համոզվել անձի ձեռնհասության մեջ։

Բացի ձեռնհասությունից, էական նշանակություն ունի նաև թարգմանչի` գործով շահագրգռված չլինելու հանգամանքը։ Դրանով է պայմանավորված դատավարությանը մասնակցող անձանց գործառույթների` օրենսդրորեն ամրագրված անհամատեղելիությունը թարգմանչի գործառույթի հետ, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձինք ազատորեն տիրապետում են անհրաժեշտ լեզվին։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, ներկայացուցիչը, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, փորձագետը, վկան իրավունք չունեն թարգմանիչ լինելու։ Հոդվածի այդ պահանջն իմպերատիվ է և չի նախատեսում որևէ բացառություն։

Նշված երկու չափորոշիչներից թեկուզ մեկի բացակայության դեպքում թարգմանիչը չի կարող մասնակցել գործի քննությանը և ենթակա է բացարկման։

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` թարգմանիչը չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե` առկա է նույն օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը (դատավորին բացարկելը), օրենքով կամ դատարանի դատավճռով իրավունք չունի լինելու թարգմանիչ, դատավորի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ, գտնվում է կողմից ծառայողական կախվածության մեջ, կամ երբ հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը։

Գործի նյութերից երևում է, որ Նաիրա Գելաշվիլու ձերբակալման և որպես կասկածյալ հարցաքննելու ժամանակ որպես հայերենից վրացերեն լեզվի թարգմանիչ մասնակցել է Ալեքսեյ Էրոյանցը (գ.թ. 32, 34)։ Քննիչի 2006 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ որպես հայերեն-վրացերեն լեզուների թարգմանիչ է ներգրավվել Նոռա Նիկոլայի Վարդանյանը, որն այդ օրվանից սկսած մինչև նախաքննության ավարտը որպես թարգմանիչ մասնակցել է գործով վարույթին։ Ըստ նշված որոշման` Նաիրա Գելաշվիլին չի տիրապետում հայերեն լեզվին, ցանկություն է հայտնել իր հետ կապված գործողությունները կատարել վրացերեն լեզվով, ինչից ելնելով Նոռա Վարդանյանը, բնակվող` քաղաք Երևան, Երկաթուղայինների 4-րդ փողոց, 4-րդ տուն, ներգրավվել է որպես թարգմանիչ (գ.թ. 38)։ Այնուհետև կազմվել է արձանագրություն այն մասին, որ հայերեն-վրացերեն լեզուներով թարգմանություն կատարելու համար որպես թարգմանիչ հրավիրված Նոռա Նիկոլայի Վարդանյանը ներկայացվել է Նաիրա Գելաշվիլուն, որը հայտարարել է, որ Նոռա Վարդանյանի վրացերեն խոսակցականն իրեն հասկանալի է և ցանկանում է, որպեսզի իր հետ քննչական գործողություններ կատարելիս, վերջինս կատարի թարգմանություններ (գ.թ. 40)։ Ինչպես Ալեքսեյ Էրոյանցի, այնպես էլ Նոռա Վարդանյանի վերաբերյալ այլ տվյալներ նախաքննության մարմինը չի արձանագրել, վերջիններիս` հայերեն և վրացերեն լեզուներին տիրապետելու հանգամանքը հաստատող որևէ փաստաթուղթ, որը հնարավորություն կտար պարզել նրանց ձեռնհասությունը, գործին չի կցել։

Առաջին ատյանի դատարանում Նաիրա Գելաշվիլին հայտնել է, որ նախաքննությունն ավարտվելուց հետո ստացել է մեղադրական եզրակացության պատճենը և հուշաթերթիկը, կազմված վրացերեն լեզվով։ Մինչդեռ մեղադրական եզրակացության և հուշաթերթիկի` վրացերեն լեզվով կազմված օրինակները գործի նյութերում բացակայում են, պարզ չէ, թե ում կողմից են դրանք թարգմանվել։

Վերաքննիչ դատարանում հարցաքննված Նոռա Վարդանյանը հայտնել է, որ Թբիլիսի քաղաքում ավարտել է միջնակարգ դպրոցը, և դրանով է պայմանավորված վրացերեն լեզվի իր իմացությունը, չնայած որ այդ հանգամանքը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ավելին, պատասխանելով պաշտպանի հարցին, թե որքանով է նա տիրապետում իրավաբանական տերմինաբանությանը, մասնավորապես, կարող է արդյոք վրացերեն լեզվով թարգմանել «բացարկ», «արձանագրություն» և այլ իրավաբանական տերմիններ, վերջինս տվել է բացասական պատասխան։

Փաստորեն, նախաքննության մարմինը, Նոռա Վարդանյանից չպահանջելով և գործին չկցելով նրա` թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթեր, չպարզելով վերջինիս ձեռնհասությունը, նրան սույն գործով ներգրավել է որպես թարգմանիչ։ Թարգմանչի գործառույթներ իրականացրած Ալեքսեյ Էրոյանցի և մեղադրական եզրակացությունը վրացերեն լեզվով կազմած անձի` թարգմանչի որակավորումը հաստատող փաստաթղթերը նույնպես գործում բացակայում են։

Բացի այդ, Նոռա Վարդանյանը վերաքննիչ դատարանում հայտնել է, որ աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում` կատարելով օպերատորի աշխատանք։ Մինչդեռ Նոռա Վարդանյանին որպես թարգմանիչ ներգրավվելիս այս հանգամանքը քննիչի կողմից չի արձանագրվել, և դրա մասին կասկածյալ Նաիրա Գելաշվիլին չի տեղեկացվել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` թարգմանիչը բացարկման ենթակա անձ է, և որպեսզի լեզվին չտիրապետող Ն.Գելաշվիլին կարողանար օգտվել թարգմանչի դեմ բացարկ հայտնելու իր իրավունքն իրացնելու իրական հնարավորությունից, նախաքննության մարմինը պարտավոր էր որպես թարգմանիչ ներգրավված Ն.Վարդանյանի և մյուս անձանց վերաբերյալ պարզել անհրաժեշտ տեղեկությունները և դրանք հայտնել Նաիրա Գելաշվիլուն, ինչպես նաև վերջինիս պարզաբանել թարգմանչի դեմ բացարկ հայտնելու նրա իրավունքը, հիմքերը, ինչը չի արել։

Այսպիսով, սույն գործով նախաքննության մարմնի կողմից խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ և 96-րդ հոդվածների պահանջները։

4.3 Դատավարության լեզվի սկզբունքին առնչվող այլ խախտումներ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ն.Գելաշվիլու իրավունքների խախտումները հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքի խախտմանը, անտեսվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի այն պահանջը, որ «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` ... 2) ... դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների` սույն օրենսգրքով նախատեսված լրացուցիչ երաշխիքների էական խախտմամբ»։ Սրա հետևանքով խախտվել է նաև գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջը (գործի արդարացի քննության սկզբունքը), ինչն ազդել է գործով ճիշտ և օրինական որոշում կայացնելու վրա։

Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը, որ այլ լեզվով փատաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ։ Սույն գործում առկա են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կազմված են այլ լեզուներով, և դրանց հետ գործին չեն կցվել դրանց հայերեն թարգմանությունները (գ.թ. 8-10, 18-21, 25, 27, 50-52, 86-87, 95-96)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումների` դատավարության լեզվի սկզբունքի, մայրենի լեզվից և թարգմանչի ծառայություններից օգտվելու, մեղադրյալ Ն.Գելաշվիլու իրավունքների լրացուցիչ երաշխիքները չապահովելու, պաշտպանության իրավունքի և արձանագրված մյուս խախտումների առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս իրենց հերթին չեն պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխանաբար 311-րդ հոդվածի 1-ին կետի և 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավճիռը ենթակա է բեկանման` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով, եթե թույլ է տրվել քրեադատավարական օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի էական խախտում, որը չի կարող վերացվել դատական քննության ժամանակ։

Հետևաբար, Նաիրա Գելաշվիլու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 19-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 421-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

      

Ո Ր Ո Շ Ե Ց

      

Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նաիրա Վախթանգի Գելաշվիլու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 19-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 29-ի դատավճիռները բեկանել և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

             

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան