Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1644
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 մարտի 2022 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի,

գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2016 թվականի մայիսի 28-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին:

Սահմանադրական օրենքի՝ «Պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները» վերտառությամբ 90-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:

Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը փոփոխությունների և/կամ լրացումների չի ենթարկվել:

Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Սահմանադրական օրենքը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Ըստ դիմողի՝ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով թեև սահմանված է, որ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններ ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ անձանց ազատությունից զրկելը կարող է իրականացվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, սակայն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի գործարկման բացակայությունը խնդիրներ է առաջացնում արդար դատաքննության, անձնական ազատության, որոշակիության և սահմանադրական այլ իրավունքների իրացման և սկզբունքների պահպանման տեսանկյունից:

Դիմողը նշում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ինչպես նախորդող, այնպես էլ հաջորդող ժամանակահատվածում հարուցվել են մի շարք քրեական գործեր, նախաձեռնվել են քրեական հետապնդումներ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ որպես պատգամավորության թեկնածու մասնակցող անձանց նկատմամբ:

Դիմողի գնահատմամբ՝ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 5-րդ մասը կիրառվում է խիստ ձևական մոտեցումներով, որից օգտվում է քրեական հետապնդման մարմինը և կատարում է մարդու սահմանադրական իրավունքները խախտող գործողություններ։ Վերոգրյալի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու համար միևնույն է չկա որևէ ընթացակարգ, անձի համար սահմանված չեն համապատասխան իրավունքներ ու այդ իրավունքներն ապահովելու անհրաժեշտ մեխանիզմներ: Դիմողի եզրահանգմամբ՝ գործող կառուցակարգերի պարագայում օրենքով նախատեսված երաշխիքը կրում է ձևական բնույթ, իսկ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնության հարցի քննարկման գործընթացը քրեական հետապնդման մարմնի օգտին նախապես կանխորոշված ելքով մեխանիկական աշխատանք է՝ առանց որևէ բովանդակային քննարկման:

Վիճարկվող նորմը, դիմողի կարծիքով, առաջին հերթին խնդիրներ է առաջացնում Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ՝ դիմողը փաստում է, որ կառուցակարգերի բացակայությունը խնդիրներ է առաջացնում ոչ միայն անձանց համար՝ իրենց նկատմամբ կիրառման ենթակա նորմերի կանխատեսելիության առումով, այլև համապատասխան կարգավորումները կիրառող մարմնի համար, և որ ամենակարևորն է՝ վերջինս, անկասկած, կարող է հանգեցնել մարդու մի շարք հիմնարար իրավունքների իրացման անհնարինության և խախտումների: Դիմողն այս համատեքստում արձանագրում է նաև խնդրո առարկա նորմի որոշակիության խնդիր և նկատելով, որ դրանում «(...)իրավունքներն ապահովող երաշխիքների բացակայությունը հանգեցնում է մարդու համար անորոշության իր պաշտպանության հնարավորությունների հարցում, իսկ քրեական հետապնդման մարմինների համար քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու համաձայնություն տալու որոշման վարույթի արդյունքների կանխորոշվածության: Գործնականում էլ դա դարձել է ի վնաս անձի և հօգուտ քրեական հետապնդման մարմնի կանխորոշվածության»:

Դիմողը նկատում է, որ քրեական հետապնդման մեխանիզմը գործադրելու թույլտվություն տվող մարմնի, կոնկրետ դեպքում՝ ԿԸՀ-ի համար, այդ թույլտվությունը տալու ընթացակարգին վերաբերող կարգավորումները պետք է լինեն հստակ, ճշգրիտ ու արդյունավետ՝ ապահովելով կոնկրետ մարդու իրավունքների լիարժեք երաշխավորումը։ Այս առնչությամբ դիմողն արձանագրում է. «Ազատությունից զրկելու հետ կապված էլ թեև պետական մարմինը, կոնկրետ դեպքում՝ ԿԸՀ-ն տալիս է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նման համաձայնություն, և այն հետագայում որոշվում է դատական կարգով, այնուամենայնիվ հստակ ընթացակարգի բացակայությունը և նորմի անորոշությունը հանգեցնում են անձնական ազատության իրավունքի հետ կապված խնդիրների, չեն ապահովում բավարար նվազագույն երաշխիքներ, որպեսզի մյուս սահմանադրական իրավունքների պահպանմամբ հաղթահարվի երաշխիքային նշանակության կանոնը»:

Դիմողը նշում է նաև, որ քրեական հետապնդում հարուցելու կամ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու կառուցակարգերի բացակայության պայմաններում անձը որևէ հնարավորություն չունի կողմնորոշվելու, թե «(...) իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում իրավական ի՞նչ նորմեր են կիրառվելու, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ երաշխիքների գործադրմամբ»: Այս համատեքստում դիմողը նաև նկատում է, որ գոյություն չունի որևէ ատյան, որտեղ անձը կարող է ներկայացնել իր իրավունքների խախտումների մասին պնդումները, հասնել դրանց արդյունավետ քննարկման ու այդ կերպ պաշտպանվել քրեական հետապնդման մարմինների՝ իր իրավունքներին միջամտող արարքներից:

Ըստ դիմողի` արդար դատաքննության իրավունքը պետք է կիրառելի լինի ԿԸՀ-ի՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի նկատմամբ, քանի որ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություններով քրեական դատավարություն իրականացնող մարմինների համար բացվում է անձի իրավունքների և շահերի նկատմամբ քրեաիրավական միջամտությունների ճանապարհ:

Բացի դրանից, արձանագրելով, որ ԿԸՀ-ում իրականացվող ընթացակարգի շրջանակներում է, որ պետությունն առաջին անգամ անձին տեղեկացնում է նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մտադրության մասին դիմողը նկատում է, որ այդ իրավիճակում առկա է փաստացի քրեական հետապնդում (մեղադրանք), ուստի գտնում է, որ այս պայմաններում անձը պետք է ունենա ԿԸՀ-ում անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում մեղադրանքից պաշտպանվելու իրավունք:

Դիմողը նշում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքներում, սակայն, անձինք, որոնց վերաբերյալ ներկայացվել է միջնորդություն կամ նրանց պաշտպանները «(...)ԿԸՀ վարույթի և քննարկվող հարցի մասին տեղեկանում են տեղում, երբ լսում են միջնորդությունը կամ ժամանակ են խնդրում ծանոթանալու համար գործի նյութերին, կամ քննարկվող հարցի վերաբերյալ մոտավոր պատկերացում են կազմած լինում մամուլի կամ սոցիալական ցանցերի հրապարակումներից», ինչը, դիմողի գնահատմամբ, սկզբունքորեն անթույլատրելի վիճակ է, որով զրոյացվում են արդար դատաքննության հիմնարար բաղադրիչները՝ արձանագրելով, որ՝ «(...)հենց այս փուլում պետք էր դրանք հատկապես ապահովել, քանի որ խոսքը գնում է մարդու կողմից իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու մտադրության ու հիմքերի մասին տեղեկացվելուն»:

Դիմողը, վերլուծելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, մասնավորապես՝ Եվրոպական միության Հիմնարար իրավունքների մասին խարտիան, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2007 թվականի հունիսի 20-ի «Լավ վարչարարության մասին» թիվ Rec(2007)7 հանձնարարականը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1977 թվականի սեպտեմբերի 28-ի «Վարչական մարմինների ակտերի առնչությամբ անհատի պաշտպանության վերաբերյալ» թիվ 77 (31) բանաձևը և այլն, ինչպես նաև Սահմանադրության 50-րդ հոդվածը, ՍԴՈ-1529 որոշմամբ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր՝ անձի լսված լինելու իրավունքի վերաբերությամբ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը, եզրահանգում է. «(...) քրեական վարույթի շրջանակում մարդու իրավունքների նկատմամբ պետության միջամտության թույլտվությանը կամ իրավունքների սահմանափակումներին առնչվող լսումներն ինքնանպատակ չեն, դրանց նպատակը կողմերի դիրքորոշումներն ու առարկությունները լսելն է և միայն դրանից հետո լսումների ընթացքում հնչեցված դիտարկումների հաշվառմամբ՝ որոշման կայացումը»:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ դիմողը խնդրում է որոշել Օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը «(...) այնքանով, որքանով սահմանված չեն մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունն ստանալու պատշաճ կառուցակարգեր և ընթացակարգային նորմեր, ինչը հանգեցնում է մարդու սահմանադրական իրավունքների խախտման»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վերլուծելով Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը, Սահմանադրության 27-րդ հոդվածը, նկատում է, որ Սահմանադրության նշված հոդվածը երաշխավորում է անձի անձնական ազատության իրավունքը, իսկ Սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթը վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ վերջինիս ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն: Պատասխանողը նկատում է, որ անգամ ԿԸՀ-ի կողմից պատգամավորի թեկնածուին ազատությունից զրկելու համաձայնություն տալը «(...) ինքնին անմիջականորեն չի հանգեցնում վերջինիս անձնական ազատության սահմանափակմանը (...)», ուստիև պատասխանողը եզրակացնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարց Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասելու համատեքստում չի կարող քննարկվել:

Բացի դրանից, պատասխանողը, վերլուծելով ԿԸՀ-ի՝ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում կայացված որոշումները, արձանագրում է.

«ա) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկելուց առաջ այդ մասին տեղեկացրել է պատգամավորի թեկնածուին, պատգամավորի թեկնածուն և նրա շահերը ներկայացնող փաստաբանները մասնակցել են նիստին, միջնորդել են տրամադրել ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար, ինչը բավարարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, նիստն ընդմիջվել է և տրվել է բավարար ժամանակ (143-Ա, 144-Ա, 141-Ա, 142-Ա, 190-Ա, 191-Ա, 192-Ա որոշումներ),

բ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկելուց առաջ այդ մասին տեղեկացրել է պատգամավորի թեկնածուին, պատգամավորի թեկնածուն հրաժարվել է մասնակցել նիստին, նիստին ներկայացել են վերջինիս փաստաբանները, միջնորդել են տրամադրել ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար, ինչը բավարարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, նիստն ընդմիջվել է և տրվել բավարար ժամանակ (164-Ա, 165-Ա, 170-Ա, 171-Ա),

գ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկելուց առաջ այդ մասին տեղեկացրել է պատգամավորի թեկնածուին, նիստին մասնակցել է պատգամավորի թեկնածուի փաստաբանը (166-Ա, 167-Ա),

դ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկելուց առաջ այդ մասին տեղեկացրել է պատգամավորի թեկնածուին, նիստին հրաժարվել է մասնակցել թե՛ պատգամավորի թեկնածուն, թե՛ վերջինիս փաստաբանը (162-Ա, 163-Ա),

ե) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկելուց առաջ այդ մասին տեղեկացրել է պատգամավորի թեկնածուին, չնայած ծանուցված լինելուն՝ պատգամավորի թեկնածուն չի ներկայացել նիստին (186-Ա, 187-Ա)»:

Կատարված արձանագրման հիման վրա՝ պատասխանողը եզրահանգում է, որ թեև պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգում առկա է օրենսդրական բաց, սակայն դա չի խոչընդոտում անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությանը։

Վերոգրյալի հաշվառմամբ՝ պատասխանողը գտնում է, որ իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը, ուստի Սահմանադրական դատարանին խնդրում է որոշում ընդունել՝ Սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հանգամանքները

Ելնելով դիմումում ներկայացված հարցի և այն հիմնավորող փաստարկների իրավական բովանդակությունից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է պատգամավորի գրանցված թեկնածուին, ինչպես նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հետ կապված հարցադրումներ, որոնք առնչվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հետ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար»։

Ուստի սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

ա) արդյո՞ք պատգամավորի թեկնածուի՝ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձեռնմխելիությունը կարող է հանդես գալ որպես անձի սահմանադրական պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացման միջոց, և ի՞նչ երաշխիքներով պետք է ապահովվի այդ գործընթացի ընդհանուր օբյեկտիվությունը,

բ) արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությամբ ապահովելը կարող է խնդրահարույց լինել այլ անձանց հիմնական իրավունքների և հանրային-իրավական այլ շահերի պաշտպանության ապահովման տեսանկյունից, և եթե այո, ապա այդ դեպքում անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի շրջանակներում ի՞նչ կերպ է հնարավոր ապահովել բախվող տարբեր շահերի հավասարակշիռ պաշտպանությունը,

գ) արդյո՞ք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում լուծվող հարցերը կարող են նույնանալ քրեական վարույթի հանրային մասնակիցների, նաև դատարանի կողմից լուծվող հարցերի հետ:

Ուստի նշված հարցադրումները հիմք ընդունելով և ելնելով գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ընդհանուր սկզբունքից՝ Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթները, այդ թվում՝ ձևավորված իրավակիրառական պրակտիկան, քննության է առնում Սահմանադրության 48-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրական օրենքի վիճարկվող իրավակարգավորումներով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձն օժտվել է անձեռնմխելիությամբ, այն է՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

Օրենսդրի կողմից պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձանց նման անձեռնմխելիությամբ օժտելը նախևառաջ նպատակ ունի այդ անձանց բնականոն և արդյունավետ գործունեությունը երաշխավորելու, ինչպես նաև այդ անձանց պաշտպանելու նրանց իրավունքներին ու պարտականություններին ոչ իրավաչափ միջամտություններից և անհիմն հետապնդումներից:

Միևնույն ժամանակ, վիճարկվող իրավակարգավորումների բովանդակությունից հետևում է, որ՝

ա) անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է,

բ) այդ անձանց համար անձեռնմխելիությունն ունի հաղթահարման միասնական ընթացակարգ, այն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության առկայությամբ կարող է հարուցվել քրեական հետապնդում:

Միաժամանակ, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուին Սահմանադրական օրենքով անձեռնմխելիությամբ վերապահելն անհրաժեշտ է դիտարկել սահմանադրական կարգավորումների համատեքստում:

Այսպես՝ Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Ընդ որում՝ ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի ուժով Հայաստանի Հանրապետությունն ունի (բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի) իր քաղաքացիների որոշ սահմանադրաիրավական պայմանների առկայության պարագայում ընտրելու և ընտրվելու իրավունքն ապահովելու պարտականություն:

Միաժամանակ, Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Նույն հոդվածի 2-րդ մասի ուժով՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու իրավունքով օժտված է քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Սահմանադրության հիշատակված հոդվածի 4-րդ մասով սահմանվում է նաև, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Սահմանադրական այս կարգավորումների համատեքստում անդրադառնալով պասիվ ընտրական իրավունքի նյութական և ընթացակարգային (վարութային) ասպեկտներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է. եթե նյութական ասպեկտը ներառում է որպես թեկնածու գրանցման և ընտրական գործընթացներին արդյունավետ կերպով մասնակցելու հնարավորությունների հավասարությունը, օրինակ, ընտրարշավի անկաշկանդ իրականացումը, խոսքի և արտահայտվելու ազատության երաշխավորումը, ապա երկրորդը՝ ընթացակարգային ասպեկտը, ապահովում է ընտրական նյութական իրավունքների սահմանափակման հարցերի վերաբերյալ իրավասու մարմինների կողմից որոշում կայացնելու գործընթացի իրավաչափությունն ու օբյեկտիվությունը՝ հաշվի առնելով պահպանվե՞լ են արդյոք թեկնածուի իրավունքները:

Ընդ որում՝ վերոնշյալ գործընթացի օբյեկտիվությունը մի կողմից՝ ապահովվում է ինստիտուցիոնալ առումով՝ որոշում կայացնող համապատասխան մարմնի, մասնավորապես, կոնկրետ դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քաղաքական իշխանությունից անկախությունն ապահովելով (թերևս նաև հենց այս լույսի ներքո պետք է դիտարկել Սահմանադրությամբ երաշխավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը (Սահմանադրության 194-րդ հոդված)), ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին քաղաքական այլ ազդեցություններից զերծ պահելու հրամայականի կենսագործմամբ (այս առնչությամբ պատահական չէ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի այն պահանջը, ըստ որի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն):

Բացի դրանից, Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ պահպանվեն ընթացակարգային որոշակի երաշխիքներ, որոնցով ապահովվում է ընտրվելու նյութական իրավունքի սահմանափակման հարցի քննարկման գործընթացին ընտրվելու իրավունքի կրողի կողմից՝ իր ընտրական նյութական իրավունքների արդյունավետ պաշտպանության իրացումը:

Մասնավորապես, ընտրական գործընթացի տվյալ սուբյեկտի կողմից նման վարույթներում իր ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, որ օրենսդրական զարգացումներն ընթանան այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի՝

ա) տվյալ գործընթացին անձի մասնակցությունը. այս առումով, անձի մասնակցության ապահովման համար անհրաժեշտ է անձին տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նման վարույթի հարուցման մասին,

բ) ընձեռվի ընտրվելու իրավունքի սահմանափակումը հիմնավորող նյութերին ծանոթանալու հնարավորություն՝ հաշվի առնելով նաև օրենքով պահպանվող գաղտնիք պարունակելու դեպքում նյութերին ծանոթանալու օբյեկտիվ սահմանափակման հնարավորությունը: Նյութերին ծանոթանալու իրավունքի ապահովման առումով անհրաժեշտ է, որ նշված անձինք ունենան որոշակի ողջամիտ ժամկետներ՝ իրենց խնդրո առարկա իրավունքը արդյունավետ իրացնելու համար,

գ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը. այդ կերպ հնարավոր կլինի զուգակցել մասնավոր և հանրային շահերի արդյունավետ պաշտպանությունը, մի կողմից՝ ապահովելով անձի մասնավոր շահը՝ նրան տալով իր ընտրական իրավունքների պաշտպանության լիարժեք հնարավորություն, մյուս կողմից՝ հանրային շահը, անձին լսելով՝ ապահովել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված գործընթացի շրջանակներում անձի ընտրվելու իրավունքի սահմանափակման հիմք հանդիսացող փաստական հանգամանքները պատշաճ կերպով բացահայտելու և բազմակողմանի գնահատելու հնարավորությունը, դրանով իսկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշված հարցի վերաբերյալ օբյեկտիվ, հիմնավոր որոշման կայացումը:

4.2. Սահմանադրական օրենքի «Պատգամավորի թեկնածուի կարգավիճակը» վերտառությամբ 15-րդ գլխի 90-րդ հոդվածով սահմանվում են պատգամավորի թեկնածուի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները, այդ թվում նաև՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը (Օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մաս), որով վերջինիս տրամադրվում է պաշտպանություն քրեական հետապնդման հարուցումից և ազատությունից զրկելու դեպքերի համար:

Այդ հիմնավորմամբ պայմանավորված՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական օրենքի վիճարկվող դրույթներով նախատեսված՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը հանդիսանում է Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված անձի ընտրվելու (պասիվ ընտրական իրավունքի) իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք՝ ապահովելով պատգամավորի թեկնածուի գործունեության կապակցությամբ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդման հարուցումից, ինչպես նաև ազատությունից զրկվելու հնարավորության բացառումը՝ անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարելու (դրանից զրկելու) հնարավորություն վերապահելով քաղաքական իշխանությունից և քրեական հետապնդման մարմիններից անկախ մարմնին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Ազգային ժողովի (ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը, լինելով ընտրողի սահմանադրական կարգավիճակի տարր, միաժամանակ և հանդիսանում է հանրային-իրավական ինստիտուտ, այն է՝ ազատ ընտրությունների տարր (Սահմանադրության 2-րդ հոդված), դրանում մարմնավորվում է ինչպես պետության գործերի կառավարմանը անմիջական մասնակցություն ունենալու կոնկրետ քաղաքացու մասնավոր շահը, այնպես էլ հանրային շահը, որն իրացվում է ընտրությունների արդյունքների հիման վրա հանրային իշխանության ինքնուրույն և անկախ մարմինների ձևավորմամբ, որոնք կոչված են իրենց գործունեությամբ երաշխավորելու մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետությունում՝ իրականացնելով պետության և հանրության գործերի արդյունավետ և պատասխանատու կառավարում:

Հիշյալ արձանագրումից Սահմանադրական դատարանը փաստում է, որ ընտրվելու իրավունքի արդյունավետ իրացման երաշխիքները և, մասնավորապես, կոնկրետ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը, ունեն նաև հանրային-իրավական նշանակություն. դրանք ուղղված են ոչ միայն անձի մասնավոր շահի, այլ նաև հանրային շահի պաշտպանության ապահովմանը:

4.3. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության՝ որպես պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող օրենքով սահմանված միջոցի՝ այլ անձանց հիմնական իրավունքների և հանրային-իրավական այլ շահերի խնդրահարույց լինելու հարցադրմանը, արձանագրում է.

առաջին, այդպիսի անձեռնմխելիությունն իր բնույթով բացառիկ է, որը օրենսդրական ներկա կարգավորման պայմաններում կարող է հանգեցնել հանրային այլ շահի (հանցագործությունների կանխման ու բացահայտման) և հանցանքից տուժողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներ) վտանգմանը: Մասնավորապես, օրենսդիրը չի որոշակիացրել այն հանցագործությունների շրջանակը, որոնցով պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, ուստիև նման կարգավորման պայմաններում անձեռնմխելիությունը տարածվում է, ըստ էության, բոլոր հանցագործությունների համար քրեական հետապնդման հարուցման դեպքերի վրա՝ անկախ դրանց ծանրությունից և առանց հանցագործությունների շրջանակի որևէ սահմանափակման:

Երկրորդ, օրենսդրությամբ նախատեսված չէ հստակ որոշակիացված և օբյեկտիվ որևէ չափանիշ և հիմք, որի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Երրորդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն չտալու մասին որոշման կայացման դեպքում այդ որոշումը, հաշվի առնելով օրենսդրության մեջ այդպիսի որոշման իրավական հետևանքների ժամանակային սահմանափակման բացակայության, ինչպես նաև այդպիսի որոշման կայացման դեպքում դրա հետևանքները հաղթահարելու և քրեական հետապնդման հարուցման և վարույթի հետագա ընթացքն ապահովելու հստակ կառուցակարգեր նախատեսված չլինելու հանգամանքը, պատգամավորի թեկնածուի՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունը չհաղթահարելու պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նման համաձայնություն չտալու որոշման դեպքում քրեական հետապնդումը (վարույթը) փաստացի կարող է ընդհանրապես անհնարին դառնալ:

Չորրորդ, հաշվի առնելով կուսակցությունների թվի սահմանափակման բացակայությունը՝ տեսականորեն նույնիսկ Սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին մասում ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու ընդգրկված լինելու սահմանափակումն իր հերթին չի խոչընդոտում, որ առաջանա այնպիսի իրավիճակ, երբ որոշակի անձանց ահռելի խումբ, առաջադրվելով իբրև պատգամավորի թեկնածու, ձեռք բերի օրենսդրորեն այդչափ լայն սահմանված պատգամավորի թեկնածուներին շնորհված անձեռնմխելիություն:

Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրական այդպիսի կարգավորումների առկայության պայմաններում պատգամավորների թեկնածուների անձեռնմխելիությամբ մեծանում են մի կողմից՝ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության չարաշահման, մյուս կողմից՝ հանցանքից տուժողների իրավունքների ու օրինական շահերի խախտման ռիսկերը՝ վտանգելով հանցանքից տուժողների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներ), ինչպես նաև արգելակելով (անհնարին դարձնելով) հանցագործությունների կանխումն ու բացահայտումը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անձեռնմխելիության բազմազանությունը ու, մասնավորապես, նաև պատգամավորների թեկնածուներին վերապահված անձեռնմխելիությունը ժամանակին դարձել են մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մտահոգությունների առարկա:

Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կազմում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (Group of States against corruption (GRECO)), մտահոգություն հայտնելով Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաթիվ անձանց խմբերին վերապահված անձեռնմխելիությունների վերաբերյալ, իր զեկույցներից մեկում Հայաստանի Հանրապետությանն առաջարկել էր քննարկել անձանց որոշակի խմբերի, այդ թվում նաև՝ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը վերացնելու հարցերը1: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Վենետիկի հանձնաժողով) CDL-AD(2008)024 կարծիքում նկատել է, որ՝ «(…) որոշ առավելություններ կամ անձեռնմխելիություններ, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում երբեմն ժամանակավոր, երբեմն էլ երկար կամ անսահմանափակ ժամանակով, կարող են մարդկանց քննությունից և արդարադատությունից խուսափելու հնարավորություն տալ» (կետեր 35, 38), միաժամանակ արձանագրելով, որ «(…) այդ անձեռնմխելիության որոշ տեսակներ, այդ թվում նաև՝ պատգամավորի թեկնածուներին տրվող անձեռնմխելիությունը, արդարացված չեն ու կարող են հանգեցնել չարաշահումների» (կետ 38)2:

4.4. Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորումը խիստ նեղ մեկնաբանություն և կիրառություն պետք է ստանա. այդպիսով հնարավոր կլինի, խուսափելով Սահմանադրական օրենքով պատգամավորի թեկնածուին վերապահված անձեռնմխելիության չարաշահումներից և կանխելով դրանց՝ անձի անձնական արտոնության վերաճումը, անձեռնմխելիությունը ծառայեցնել իր նպատակային նշանակությանը, միաժամանակ նաև ապահովել այլ անձանց, մասնավորապես՝ հանցագործություններից տուժած անձանց հիմնական իրավունքների ու օրինական շահերի, հանցագործությունների կանխման ու բացահայտման հանրային շահի պաշտպանությունը:

Մասնավորապես, պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չկրկնօրինակելով քրեական վարույթի հանրային մասնակիցների, նաև դատարանների գործառույթները, այդպիսով իսկ ապահովելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կենսագործումը (Սահմանադրության 4-րդ հոդված), մի կողմից՝ չքննարկելով հարցեր, որոնք կվտանգեն անձի անմեղության կանխավարկածը (Սահմանադրության 66-րդ հոդված), մյուս կողմից՝ պետք է քրեական հետապնդման հարուցմամբ և/կամ ազատազրկմամբ (կալանավորմամբ) պատգամավորի թեկնածուի պասիվ ընտրական նյութական իրավունքի փաստացիորեն սահմանափակումից առաջ, պահպանելով պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի օբյեկտիվությունը (պասիվ ընտրական իրավունքի ընթացակարգային ասպեկտ) և ապահովելով սույն որոշման մեջ նշված ընթացակարգային երաշխիքները, պատասխանի հարցին, թե պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և/կամ նրան ազատությունից զրկումը (կալանավորումը) ունի՞ արդյոք քաղաքական դրդապատճառներ, և արդյո՞ք դրանցով հետապնդվում կամ կարող է հետապնդվել անձի պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանը խոչընդոտելու նպատակ:

Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մի դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ որպես Ազգային ժողովի ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ մարմին, պետք է պատգամավորի թեկնածուին չզրկի անձեռնմխելիությունից՝ ապահովելով վերջինիս Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված՝ պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իսկ մեկ այլ դեպքում, հակառակը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և/կամ ազատությունից զրկելը (կալանավորումը) թույլատրելու մասին՝ այդպիսով ապահովելով մասնավոր և հանրային այլ շահերի պաշտպանության հնարավորությունը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև ընդգծել, որ նման պայմաններում անձի պասիվ ընտրական նյութական իրավունքները քրեական հետապնդման հարուցմամբ և, հատկապես նրան ազատությունից զրկելով (կալանավորելով), թեև փաստացիորեն կարող են որոշակիորեն սահմանափակվել, սակայն, անձը դրանով չի զրկվում իր ընտրվելու իրավունքից ընդհանրապես, հետևաբար՝ մասնավոր և հանրային այլ շահերի ապահովման նկատառումներից ելնելով՝ պասիվ ընտրական իրավունքի հնարավոր փաստացի սահմանափակումները չեն կարող դիտարկվել իբրև այդ իրավունքի բուն էությունը խաթարող:

Վերը բացահայտվածի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լուծվող հարցերի բնույթից էլ ինքնին բխում է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում տեղ չեն գտնում և չեն կարող տեղ գտնել քրեական մեղադրանքի, (հետևաբար նաև) պաշտպանության գործառույթները:

 4.5. Սույն գործով սահմանադրաիրավական վեճի լուծման նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված մի շարք վերաբերելի իրավակարգավորումներին և դրանց առնչությամբ ձևավորված իրավակիրառական պրակտիկային:

Սահմանադրական օրենքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու վարույթների հետ կապված որևէ կանոնակարգում նախատեսված չլինելով պայմանավորված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի քննարկումը «իրականացրել է վարչական վարույթի վերաբերյալ Ընտրական օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդհանուր կանոնակարգումներով»: Ընդ որում՝ գործում առկա նյութերի, այդ թվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում կայացված 2020 թվականի թիվ 143-Ա, 144-Ա, 141-Ա, 142-Ա, 190-Ա, 191-Ա, 192-Ա և այլ որոշումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ՝

ա) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցը քննարկելուց առաջ այդ մասին տեղեկացրել է պատգամավորի թեկնածուին,

բ) պատգամավորի թեկնածուն և նրա շահերը ներկայացնող փաստաբանները մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, միջնորդել են տրամադրել ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար, ինչը բավարարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, նիստն ընդմիջվել է, և տրվել է ժամանակ,

գ) պատգամավորի թեկնածուն և նրա շահերը ներկայացնող փաստաբանները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում միջնորդել են տրամադրել ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար, ինչը բավարարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, նիստն ընդմիջվել է և տրվել է ժամանակ և այլն:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ գործում առկա նյութերի շրջանակում 2021 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանին հասցեագրված 01-1185 թվակիր գրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաստել է այն մասին, որ՝ «(...) Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննարկման օրվա և ժամի մասին հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկություն տեղադրելու միջոցով, ինչպես նաև հեռախոսազանգի միջոցով ծանուցվել են ինչպես միջնորդություն ներկայացրած իրավասու անձինք, այնպես էլ պատգամավորի թեկնածուն կամ նրա ներկայացուցիչը (փաստաբանը): Վարչական վարույթի մասնակիցներին, ցանկության դեպքում, հնարավորություն է ընձեռվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին՝ այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Եթե վարչական վարույթի մասնակիցները ցանկություն են հայտնել ծանոթանալու վարչական վարույթի նյութերին արդեն իսկ սկսված նիստի ընթացքում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է նման միջնորդությունը և բոլոր վարույթներով այն բավարարել է՝ ընդմիջելով նիստը և հնարավորություն տալով ծանոթանալու վարչական վարույթի նյութերին, կատարելու դրանից քաղվածքներ և պատճենահանելու դրանք»:

Սահմանադրական դատարանը, միաժամանակ գնահատելով իրավակիրառական պրակտիկան, արձանագրում է, որ ընդհանուր առմամբ, այն զարգացել է սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին համահունչ տրամաբանությամբ, այն է՝ պատգամավորի թեկնածուներն ունեցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգին մասնակցելու հնարավորություն, նրանց տրվել է նյութերին ծանոթանալու իրավունք և նշված ընթացակարգի շրջանակներում ապահովվել է լսվելու իրավունքը։

Բացի դրանից, անգամ անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում, պատգամավորի թեկնածուները չեն զրկվել պասիվ ընտրական իրավունքից, հետևաբար՝ քրեական հետապնդման հարուցմամբ և/կամ պատգամավորի թեկնածուների ազատությունից զրկմամբ (կալանավորմամբ) պատգամավորի թեկնածուների պասիվ ընտրական իրավունքի հնարավոր փաստացի սահմանափակումները չեն կարող համարվել իբրև ընտրական իրավունքի բուն էությունը խաթարող:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը Սահմանադրական դատարանի հետևյալ մեկնաբանությամբ, որ՝

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ՝

ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը,

բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը,

գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

______________________________

1 Տե՛ս Evaluation Report on Armenia, adopted by GRECO at its 27th Plenary Meeting (Strasbourg, 6-10 March 2006; Greco Eval I-II Rep (2005) 2E), կետ 56 (https://rm.coe.int/16806c2abf):

2 Տե՛ս https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2008)024-e:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

22 մարտի 2022 թվականի

ՍԴՈ-1644

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ՍԴՈ-1644 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի մարտի 22-ի ՍԴՈ-1644 որոշմամբ (հրապարակվել է 2022 թվականի մարտի 25-ին) որոշել է.

«1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը Սահմանադրական դատարանի հետևյալ մեկնաբանությամբ, որ՝

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ՝

ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը,

բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը,

գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն (…)»:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 22-ի ՍԴՈ-1644 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գտնում եմ, որ նախքան քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացի շրջանակում համապատասխան անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը վերաբերող հարցերը քննարկելը Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթի սահմանադրականությունը պետք է գնահատեր այն տեսանկյունից, թե ովքեր են օգտվում այդ դրույթով նախատեսված երաշխիքից։

Սույն գործով վիճարկվող դրույթով սահմանված անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի վերաբերյալ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1644 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկվող իրավակարգավորման համաձայն՝ անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է (որոշման 10-րդ էջ)։

Գտնում եմ, որ վերոգրյալ դատողությունը չի բխում սույն գործով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասից հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:

Փաստորեն, օրենսդիրը վիճարկվող դրույթով նախատեսված երաշխիքը տարածել է «պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի» վրա։ Ընդ որում, քննարկվող դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ անձը ձերբակալվել կամ կալանավորվել է մինչև թեկնածու գրանցվելը։ Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե, ըստ գործող իրավակարգավորումների, որ անձինք են համապատասխանում վերը նշված բնորոշմանը և օգտվում վիճարկվող դրույթով ամրագրված երաշխիքից։

Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցման պահից:

Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը (…)»:

Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին (…)։

Փաստորեն, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը տարանջատում է պատգամավորի թեկնածուի և ընտրված, սակայն դեռևս իր լիազորությունները չստանձնած պատգամավորի կարգավիճակները։ Ընդ որում, անձը դադարում է պատգամավորի թեկնածու լինել Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտման, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` Սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահից։ Ըստ այդմ, այն ժամանակ, երբ անձը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվում է որպես Ազգային ժողովի պատգամավոր, արդեն չի ունենում պատգամավորի թեկնածուի կարգավիճակ։

Միաժամանակ հարկ է նշել, որ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկիզբը, որի հետ էլ կապված է ընտրված պատգամավորների լիազորությունների ստանձնումը, սահմանված է Սահմանադրության 90-րդ հոդվածով։ Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: Միաժամանակ նույն հոդվածը սահմանում է նաև նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկիզբն այն դեպքում, երբ մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նորընտիր Ազգային ժողով չի կազմավորվում, ինչպես նաև այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի ընտրությունն անցկացվել է Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում։

Տվյալ դեպքում օրենսդիրը սահմանել է, որ վիճարկվող դրույթով նախատեսված երաշխիքից օգտվում է «պատգամավորի թեկնածուն՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը», մինչդեռ, ինչպես նշվեց, այդ երկու կարգավիճակները միմյանց հետ համատեղելի չեն, բացառում են միմյանց, և անձինք դրանք ձեռք են բերում ընտրական գործընթացի տարբեր ժամանակահատվածներում։ Այսինքն՝ անձը չի կարող միաժամանակ լինել թե՛ պատգամավորի թեկնածու, թե՛ ընտրված, սակայն դեռևս իր լիազորությունները չստանձնած պատգամավոր։

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ պարզ չէ, թե տվյալ դեպքում վիճարկվող դրույթով ամրագրված անձեռնմխելիությունն օրենսդիրն իրականում որ անձանց վրա է տարածել՝ պատգամավորի թեկնածուների, թե ընտրված, սակայն դեռևս իրենց լիազորությունները չստանձնած պատգամավորների (մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը) վրա։

Ավելին, այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, իսկ Սահմանադրական դատարանի կողմից նշված բովանդակությունը չի բխում այդ դրույթից, առավել ակնառու է դառնում միևնույն երաշխիքը նախատեսող նախկին իրավակարգավորման հետ համեմատության դեպքում։

Այսպես՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (ընդունվել է 2011 թվականի մայիսի 26-ին, ուժի մեջ է մտել 2011 թվականի հունիսի 26-ին, ուժը կորցրել է 2016 թվականի հունիսի 1-ին) 121-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն, ընտրված պատգամավորը մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:

Փաստորեն, ի տարբերություն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ նախկինում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանելիս օրենսդիրն այնպիսի ձևակերպում (շարադրանք և կետադրական նշաններ) էր օգտագործել, որն ակնհայտ էր դարձնում քննարկվող երաշխիքն առավել լայն շրջանակի անձանց (պատգամավորի թեկնածուի և ընտրված պատգամավորի (մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը)) վրա տարածելու վերաբերյալ օրենսդրի կամքը։ Մինչդեռ գործող կարգավորումներում օրենսդրի կողմից այլ ձևակերպում («ստորակետ» կետադրական նշանի բացակայություն և «բութ» կետադրական նշանի առկայություն) օգտագործված լինելու հանգամանքը թույլ է տալիս կատարել այն ողջամիտ ենթադրությունը, որ օրենսդիրը նպատակ է ունեցել սահմանել անձանց այլ շրջանակ, այլապես սույն գործով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասում կօգտագործեր միևնույն ձևակերպումը՝ միևնույն շարադրանքով և կետադրական նշաններով։

Վերոգրյալի մասին է վկայում նաև վիճարկվող դրույթի համեմատությունը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի միևնույն՝ 90-րդ հոդվածի մեկ այլ՝ 2-րդ մասի հետ։ Մասնավորապես՝ նշված դրույթի համաձայն՝ «պատգամավորի թեկնածու գրանցված անձը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունենալու ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորը ենթակա չէ կանչվելու վարժական հավաքի կամ զինվորական վարժանքի կամ զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության»:

Նշված դեպքում ևս, ի տարբերություն սույն գործով վիճարկվող իրավակարգավորման, օրենսդիրն օգտագործել է այնպիսի ձևակերպումներ (շարադրանք և կետադրական նշաններ), որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, որ այդ նորմը վերաբերում է թե՛ պատգամավորի թեկնածու գրանցված անձին՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունենալու ժամանակահատվածում, թե՛ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորին։

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ սույն գործով վիճարկվող՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասից հնարավոր չէ պարզել այն անձանց շրջանակը, որոնք օգտվում են դրանով նախատեսված անձեռնմխելիությունից, ինչը վիճարկվող դրույթը խնդրահարույց է դարձնում իրավական որոշակիության պահպանման տեսանկյունից։

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում արդեն իսկ անդրադարձել է քննարկվող սկզբունքին` նշելով, մասնավորապես, հետևյալը.

- «(...) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (...) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (18.04.2006թ. ՍԴՈ-630),

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ. ՍԴՈ-753),

- «(…) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (02.12.2014թ. ՍԴՈ-1176),

- «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (09.06.2015թ. ՍԴՈ-1213)։

Սույն դեպքում, ինչպես նշվեց, սույն գործով վիճարկվող դրույթում օգտագործվող՝ «պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ» ձևակերպումը (հաշվի առնելով դրա շարադրանքը և օգտագործված կետադրական նշանը) հնարավորություն չի տալիս պարզել, թե ովքեր են օգտվում այդ դրույթով նախատեսված անձեռնմխելիությունից՝ պատգամավորի թեկնածուն, ընտրված պատգամավորը (մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը), թե՞ երկու անձինք էլ։ Հետևաբար չհամաձայնելով Սահմանադրական դատարանի այն դատողությանը, որ վիճարկվող իրավակարգավորման համաձայն՝ «անձեռնմխելիությունը ինչպես Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի, այնպես էլ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար միասնական է», գտնում եմ, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

 

2. Սահմանադրական դատարանը, փաստելով, որ թե՛ պատգամավորի թեկնածուն, թե՛ ընտրված պատգամավորը (մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելը) օգտվում են անձեռնմխելիությունից, նշել է, որ «(…) ընտրվելու իրավունքի արդյունավետ իրացման երաշխիքները և, մասնավորապես, կոնկրետ դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունը, ունեն նաև հանրային-իրավական նշանակություն. դրանք ուղղված են ոչ միայն անձի մասնավոր շահի, այլ նաև հանրային շահի պաշտպանության ապահովմանը» (որոշման 15-րդ էջ):

Համաձայն չլինելով վիճարկվող դրույթի բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1644 որոշման մեջ կատարված դատողությանը, այդուհանդերձ, հարկ եմ համարում անդրադառնալ նաև պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության ինստիտուտին՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշման մեջ դրան կատարված անդրադարձը, ինչպես նաև բացահայտել վիճարկվող դրույթի հնարավոր1 սահմանադրաիրավական բովանդակությունը։

Այսպես՝ անձեռնմխելիությունը ենթադրում է անձի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելու արգելք կամ դրանց կատարման առավել բարդ ընթացակարգ և պայմաններ։ Այսինքն՝ անձեռնմխելիության դեպքում որոշակի անձանց տրամադրվում է հատուկ իրավական պաշտպանություն, որից չեն օգտվում մնացած անձինք։ Նշվածը կարող է խնդրահարույց լինել առաջին հերթին օրենքի առջև բոլորի հավասարությունը (Սահմանադրության 28-րդ հոդված) ապահովելու տեսանկյունից, ուստի որևէ անձի անձեռնմխելիություն տրամադրելը պետք է բխի գերակա հանրային շահից, այն պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և համապատասխանի համաչափության սկզբունքի պահանջներին։

Տվյալ դեպքում ըստ Սահմանադրական դատարանի՝ օրենսդիրը վիճարկվող դրույթով անձեռնմխելիություն է տրամադրում նաև պատգամավորի թեկնածուներին։ Սահմանադրական դատարանն այդ երաշխիքի կապակցությամբ ընդամենը նշում է, որ այն ընտրվելու իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է և ունի ինչպես մասնավոր-իրավական, այնպես էլ հանրային-իրավական նշանակություն։

Մինչդեռ իմ գնահատմամբ անձեռնմխելիության տրամադրումը չի կարող հիմնավորվել միայն նման վերացական դատողություններով։ Հակառակ դեպքում, հնարավոր կլիներ պնդել, որ անձեռնմխելիությամբ պետք է օժտված լինեն ավելի լայն շրջանակի անձինք, քանի որ բազմաթիվ դեպքերում անձեռնմխելիությունը հնարավոր է կապել Սահմանադրության որևէ դրույթով ամրագրված գործառույթի (իրավունքի) իրականացման հետ և պնդել, որ անձեռնմխելիությունը դրա արդյունավետ իրացման երաշխիք է։ Այդ տրամաբանությամբ հնարավոր կլիներ պնդել, որ, օրինակ, կուսակցությունների անդամները ևս պետք է օժտված լինեն անձեռնմխելիությամբ՝ հաշվի առնելով, որ քաղաքական գործընթացներում ներգրավված անձանց վերաբերյալ հանրության դիրքորոշումը ձևավորվում է ոչ միայն ընտրությունների ընթացքում, այլև դրանց նախորդող ժամանակահատվածներում, հետևաբար անձեռնմխելիությունը չպետք է կապված լինի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու հետ։ Նման դատողությունները բացառելու համար անհրաժեշտ է, որ անձին անձեռնմխելիություն տրամադրվի միայն այն դեպքում, երբ անձն իր գործառույթները չի կարող պատշաճ կերպով իրականացնել անձեռնմխելիության բացակայության դեպքում։ Ընդ որում, դրա վերաբերյալ հիմնավորումները չպետք է հիմնվեն սոսկ վերացական, մակերեսային դատողությունների վրա։

Վերոգրյալի համատեքստում գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1644 որոշումը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող անձանց անձեռնմխելիություն տրամադրելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ չի պարունակում։

Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունն ուղղված է նաև հանրային շահի պաշտպանության ապահովմանը։ Մինչդեռ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիության տրամադրումը չի բխում հանրային շահից հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ, պատգամավորի թեկնածուն հանրային որևէ պաշտոն չի զբաղեցնում, այլ միայն հավակնում է այդպիսի պաշտոն զբաղեցնելուն։ Բացի այդ, պատգամավորների թեկնածուների թվի սահմանափակում առկա չէ, ինչը նշանակում է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիություն տրամադրված լինելու պարագայում դրանից կարող են օգտվել անհայտ թվով անձինք (այն անձինք, որոնք գրանցված կլինեն որպես պատգավորի թեկնածու)։ Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածը որևէ կերպ չի սահմանափակում այն արարքների ցանկը, որոնց համար տրամադրվում է պաշտպանություն (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու կանոնից միակ բացառությունն այն է, երբ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո)։ Այսինքն՝ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիություն տրամադրված լինելու պարագայում նրա նկատմամբ որևէ արարքի համար քրեական հետապնդում չի կարող հարուցվել, և նա չի կարող ձերբակալվել կամ կալանավորվել՝ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Ընդ որում, նշված որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։

Նման պայմաններում չի բացառվում նաև, որ բազմաթիվ անձինք պատգամավորի կարգավիճակն օգտագործեն որպես քրեական հետապնդումից, ձերբակալումից և կալանավորումից պաշտպանվելու միջոց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելով՝ անձը չի ստանձնում որոշակի գործառույթներ և պատասխանատվություն ենթադրող հանրային պաշտոն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ հանրային շահից չի կարող բխել որևէ պաշտոն չզբաղեցնող, այլ միայն պատգամավորի պաշտոնին հավակնող, անհայտ թվով անձանց անձեռնմխելիության տրամադրումը հատկապես այն դեպքում, երբ այդ անձեռնմխելիությունը վերաբերում է ցանկացած արարքի համար քրեական հետապնդում հարուցելուն, թեկնածուին ձերբակալելուն և կալանավորելուն, իսկ դրա հաղթահարումը հնարավոր է միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձայների որակյալ մեծամասնությամբ։

Հարկ եմ համարում նաև նշել, որ այն հանգամանքը, որ նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելիությունից օգտվում էին անհարկի լայն շրջանակի անձինք, այդ թվում՝ պատգամավորի թեկնածուները, ընդգծել են նաև միջազգային կառույցները (օրինակ՝ Եվրոպայի խորհրդի կազմում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը2, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով)3), ինչն արձանագրել է նաև Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1644 որոշմամբ։ Մասնավորապես՝ նշված դիրքորոշումն արտահայտվել է այն իրավակարգավորումների գործողության ժամանակահատվածում, երբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ուղղակիորեն սահմանում էր, որ պատգամավորի թեկնածուներն օժտված են անձեռնմխելիությամբ։

Վերոգրյալի համատեքստում գտնում եմ, որ եթե Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթը համարում էր բավարար հստակությամբ ձևակերպված, ապա պետք է ձեռնամուխ լիներ նշված դրույթի (անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի մասով) սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը՝ այն բխեցնելով սահմանադրի կամքից և հաշվի առնելով սահմանադրական կարգավորումները, ինչը Սահմանադրական դատարանը չի կատարել։

Այսպես՝ սահմանադիրը, անդրադառնալով օրենսդիր մարմնի գործունեությանը, ամրագրել է միայն պատգամավորի՝ որպես անմիջականորեն ժողովրդի կողմից ձևավորվող, ներկայացուցչական մարմնի անդամի անձեռնմխելիությունը (Սահմանադրության 96-րդ հոդված)։

Գտնում եմ, որ սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու պարագայում անհրաժեշտ կլիներ փաստել, որ դրանով նախատեսված անձեռնմխելիությունը վերաբերում է միայն այն անձանց, որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ տրամադրել է պատգամավորական մանդատ՝ նրանց գրանցելով որպես ընտրված պատգամավոր, սակայն նրանք դեռևս չեն ստանձնել պատգամավորի լիազորությունները։ Իմ գնահատմամբ՝ վիճարկվող դրույթի միայն այս մեկնաբանությունը չի հակադրվի սահմանադրի կամքին՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ եղանակով որոշակի պաշտպանություն է տրամադրվում ժողովրդի կողմից արդեն իսկ ընտրված պատգամավորին, ընդ որում, կարճ ժամանակահատվածի համար, այն է՝ մինչև լիազորությունների ստանձնումը, որից հետո պատգամավորի անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորումներն ուղղակիորեն նախատեսված են Սահմանադրության 96-րդ հոդվածով։

Ի հակադրումն պատգամավորների, այդ պաշտոնին հավակնող թեկնածուներին անձեռնմխելիության տրամադրումը որևէ կերպ չի բխում սահմանադրի կամքից, քանի որ վերջիններս որևէ պաշտոն չեն զբաղեցնում, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում պատգամավորի լիազորություններ չեն ստանձնելու։ Դեռ ավելին, նրանց կողմից պատգամավորի պաշտոնի ստանձնումը պայմանավորված է լինելու ընտրության արդյունքներով (հիմնված է ենթադրությունների վրա)՝ ի տարբերություն ընտրված, սակայն դեռևս իրենց լիազորությունները չստանձնած պատգամավորների, որոնց պարագայում ժողովրդի կողմից ընտրված լինելն արդեն իսկ իրողություն է։

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ սահմանադրական զարգացումները ևս վկայում են անձեռնմխելիության սահմանափակման միտումի մասին։ Օրինակ՝ եթե նախկինում դատավորներն օժտված էին թե՛ անձնական, և թե՛ գործառութային անձեռնմխելիությամբ (2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 97-րդ հոդված), ապա ներկայումս նրանք ունեն միայն գործառութային անձեռնմխելիություն (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 164-րդ հոդված)։

Կարծում եմ, որ այն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն՝ բարձր կարգավիճակով և պատասխանատվությամբ օժտված դատավորներին անձեռնմխելիություն է տրամադրվում միայն իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կատարված արարքների դեպքում, չի կարող հանրային պաշտոն չզբաղեցնող անձը՝ պատգավորի թեկնածուն, օժտվել ավելի լայն անձեռնմխելիությամբ։

 

3. Ամփոփելով սույն հատուկ կարծիքում ներկայացված դիրքորոշումները՝ կարծում եմ, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որ հնարավոր լինի պարզել, թե ում վրա է տարածվում այդ դրույթով նախատեսված երաշխիքը։ Ավելին, նշված դրույթում օգտագործվող ձևակերպումը (հաշվի առնելով շարադրանքը և օգտագործված կետադրական նշանները)՝ «պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ», բացառում է նշված կարգավիճակների համաժամանակյա գոյությունը։

Այդուհանդերձ, եթե Սահմանադրական դատարանը գտնում էր, որ այդ դրույթը ձևակերպված է բավարար հստակությամբ, ապա պետք է բացահայտեր դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ անձեռնմխելիությամբ օժտված անձանց շրջանակի մասով։ Այդ դեպքում անհրաժեշտ էր փաստել, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձեռնմխելիությունը վերաբերում է միայն ընտրված, սակայն դեռևս իրենց լիազորությունները չստանձնած պատգամավորներին, իսկ պատգամավորի թեկնածուներն այդ երաշխիքից չեն օգտվում։

 

___________________________

1 «Հնարավոր» բառի օգտագործումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, իմ գնահատմամբ, քննարկվող դրույթը որոշակի չէ։

2 Տե՛ս Group of States against Corruption (GRECO), Evaluation Report on Armenia, Greco Eval I-II Rep (2005) 2E (adopted by GRECO at its 27th Plenary Meeting (6-10 March 2006)), կետ 56 (https://rm.coe.int/16806c2abf).

3 Տե՛ս European Commission for Democracy through Law (Venice Commission), Opinion on the Issue of the Immunity of Persons Involved in the Electoral Process in Armenia, CDL-AD(2008)024 (adopted by the Venice Commission at its 76th plenary session (17-18 October 2008)), կետեր 35 և 38

(https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDLAD(2008)024-e).

 

ԴԱՏԱՎՈՐ՝

 Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

28 մարտի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1644 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում ենք հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 22-ի «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1644 որոշման (այսուհետ՝ ՍԴՈ-1644 որոշում) վերաբերյալ:

1. Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1619 որոշման (այսուհետ նաև՝ ՍԴՈ-1619 որոշում) վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքում1 նշել ենք, որ Սահմանադրական դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշմամբ հաշվի առնելով, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի2 և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի3 հիման վրա քննության ընդունված գործերը վերաբերում են նույն հարցին, որոշել է, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, այդ գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։ Սակայն գրեթե մեկ ամիս անց 2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ գործերը միավորելու մասին ՍԴԱՈ-218 աշխատակարգային որոշումն ուժը կորցրած է ճանաչվել։ Ի թիվս այլնի, ՍԴՈ-1619 որոշման վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքում նշել ենք նաև, որ ՍԴԱՈ-242 աշխատակարգային որոշմամբ միավորված գործերի փաստացի առանձնացմամբ խաթարվել է դատարանի նույն նիստում նույն հարցին վերաբերող գործերի միավորված, բազմակողմանի, լրիվ, արդյունավետ քննության ապահովումը, ինչպես նաև գտել ենք, որ տվյալ գործով սահմանադրական վեճի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների միջև գոյություն ունի համակարգային փոխկապակցվածություն։

ՍԴՈ-1644 որոշման մեջ ամրագրված Սահմանադրական դատարանի մոտեցումների և եզրահանգումների լույսի ներքո նշում ենք, որ ՍԴՈ-1619 որոշման վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքում նշված մտահոգությունները չեն փարատվել:

2. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու կամ մերժելու, գործի վարույթը կարճելու, քննության ընդունված գործով պարզման ենթակա հանգամանքների շրջանակները որոշելու և ըստ այդմ՝ որոշում կայացնելու առումներով Սահմանադրական դատարանի վերջին շրջանի պրակտիկան միասնական չէ: Դա ակներև է նաև ինչպես ՍԴՈ-1619 և ՍԴՈ-1644 որոշումների, այնպես էլ այդ որոշումների կայացմանը նախորդած Սահմանադրական դատարանի նույն գործերով մի շարք աշխատակարգային որոշումների կապակցությամբ դրսևորած մոտեցումների և արտահայտված դիրքորոշումների պարագայում: Այսպես.

մի դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիմա վրա Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ գործը քննության է ընդունել ընդհանուր՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար (այսինքն՝ ոչ թե միայն դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության կոնկրետ հոդվածների համապատասխանության հարցը որոշելու համար)4, սակայն հետագայում նույն՝ արդեն իսկ քննության ընդունված գործի վարույթը մասամբ կարճել է դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության կոնկրետ հոդվածներին համապատասխանության մասով5: Մեկ այլ դեպքում՝ Մարդու իրավունքի պաշտպանի դիմումի հիմա վրա «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ գործը Սահմանադրական դատարանը, քննության ընդունելով ընդհանուր՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար6, հետագայում ՍԴՈ-1644 որոշմամբ այդ գործով վիճարկվող դրույթը քննության է առել Սահմանադրության 48 և 75-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից այն դեպքում, երբ դիմողը վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը բարձրացրել է Սահմանադրության 27, 63, 67, 75, 79 և 81-րդ հոդվածների տեսանկյունից: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը ոչ թե իր իսկ ձևավորած պրակտիկայի շրջանակներում գործի վարույթը մասամբ կարճել է՝ դիմողի կողմից վկայակոչված և իր կողմից քննության առարկա չդարձրած Սահմանադրության կոնկրետ հոդվածներին համապատասխանության մասով (Սահմանադրության 27, 63, 67, 79 և 81-րդ հոդվածների մասերով), այլ գործով վիճարկվող դրույթը քննության է առել դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության միայն 75-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից, ինչպես նաև իր նախաձեռնությամբ՝ Սահմանադրության 48-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1644 որոշմամբ որևէ ձևով չի անդրադարձել, թե ինչո՞ւ վիճարկվող դրույթը քննության չի առել դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 27, 63, 67, 79 և 81-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Ավելին՝ Սահմանադրական դատարանը, չանդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի ամբողջ իրավակարգավորմանը, ՍԴՈ-1644 որոշման եզրափակիչ մասում այն ամբողջությամբ է ճանաչել Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող:

Մեր դիրքորոշումն է. դիմումի հիման վրա գործը քննության է ընդունվում ընդհանուր՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար (դա է նաև Սահմանադրական դատարանի տարիներ ի վեր ձևավորած պրակտիկան): Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում գործի վարույթը ենթակա է կարճման ոչ թե Սահմանադրության կոնկրետ հոդվածներին համապատասխանության մասով, այլ վիճարկվող դրույթի մասով:

Մի դեպքում՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումն է, որ ինչպես Սահմանադրության մեջ, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում շեշտադրված է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարանում բարձրացվող հարցերը բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների համատեքստում դիտարկելու պահանջը, որի պահպանվածության հարցը պետք է ստուգվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումի շրջանակներում7, մյուս դեպքում՝ ՍԴՈ-1644 որոշմամբ Սահմանադրական դատարանը գործով վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցը չի դիտարկել բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դրույթների համատեքստում, այլ նաև՝ Սահմանադրության այլ գլուխներում ամրագրված դրույթների, մասնավորապես, Սահմանադրության 1-ին գլխում ամրագրված 2, 4 և 7-րդ հոդվածների, Սահմանադրության 11-րդ գլխում ամրագրված 194 և 195-րդ հոդվածների համատեքստում:

Մեր դիրքորոշումն է. չնայած սահմանադրական այն նորմին, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է Սահմանադրական դատարան դիմել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով, միաժամանակ սահմանադրական նորմ, պատվիրան է այն, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ապահովելու համար Սահմանադրության գերակայությունը: Ուստի, Սահմանադրական դատարանը բարձրացրած սահմանադրականության հարցով որոշում պետք է կայացնի ոչ միայն Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին, այլ Սահմանադրության բոլոր դրույթներին համապատասխանությունը պարզելով8:

Մի դեպքում՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիմա վրա քննության ընդունված գործի վարույթը մասամբ կարճվել է նաև այն հիմնավորմամբ, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի, դրանում առկա եզրույթների բովանդակության բացահայտումը, օգտագործված առանձին արտահայտությունների մեկնաբանություններն ուղղակիորեն դուրս են Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից9, մեկ այլ դեպքում՝ ՍԴՈ-1644 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ կայացվել է որոշում՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ։

Մեր դիրքորոշումն է. վիճարկվող դրույթի, այդ թվում՝ դրանում ամրագրված բառերի, եզրույթների, արտահայտությունների, ձևակերպումների, բառակապակցությունների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթում է, և Սահմանադրական դատարանը ոչ քիչ թվով գործերով կատարել է այն՝ կայացնելով համապատասխան որոշումներ10։

3. Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները՝ ՍԴՈ-1644 որոշումը հիմնավոր, հետևաբար, ընդունելի չենք համարում։

Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականության բացահայտմանն ուղղված հարցադրումները, դրանց շրջանակներում արտահայտված դիրքորոշումները և եզրահանգումները ցույց են տալիս, որ չի ապահովվել գործի բազմակողմանի և լրիվ քննությունը, այլ կերպ՝ բարձրացված սահմանադրական վեճը չի լուծվել ամբողջ ծավալով, վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցին անդրադարձ կատարվել է հատվածական: Բացի դրանից, ՍԴՈ-1644 որոշման մեջ առկա են երկիմաստ, վերացական, ոչ ամբողջական դատողություններ, ներքին հակասություններ, չի ապահովվել տրամաբանական միասնականություն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջև, որպիսիք կարող են հանգեցնել վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից դուրս՝ տարաբնույթ, խնդրահարույց ընկալման ու կիրառման։ Մասնավորապես.

Սահմանադրական դատարանը նշել է, որ Ազգային ժողովի պատգամավորի գրանցված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ պահպանվեն ընթացակարգային որոշակի երաշխիքներ, այնուհետև արձանագրել է, որ այդ առումով օրենսդրական զարգացումները պետք է ընթանան այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը, ընձեռվի ընտրվելու իրավունքի սահմանափակումը հիմնավորող նյութերին ծանոթանալու հնարավորություն, ապահովվի անձի լսված լինելու իրավունքը։

Սահմանադրական դատարանի վերոհիշյալ դիրքորոշումներն առաջացնում են տարընկալում։ Նախ՝ ՍԴՈ-1644 որոշման մեջ առկա չէ վերաբերելի օրենսդրական վերլուծություն: Պարզ չէ, թե Սահմանադրական դատարանի դիրքորոշումների հիմքում ինչ իրավավերլուծություն է ընկած։ Սահմանադրական դատարանն ընթացակարգային երաշխիքների առումով հստակ դիրքորոշում չի արտահայտել Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից։

Եթե Սահմանադրական դատարանն ընթացակարգային երաշխիքներին անդրադարձել է այն համատեքստում, որ օրենսդրական մակարդակում դրանք բացակայում են, առկա է օրենսդրական բաց, օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու իրավական երաշխիքներ, ինչը սահմանադրականության առումով չի կարող խնդրահարույց չլինել, ապա առաջանում է ներքին հակասություն ՍԴՈ-1644 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջև, քանի որ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթը ճանաչել է ոչ թե Սահմանադրությանը հակասող և անվավեր, այլ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող: Եթե որպես նպատակադրում սոսկ թվարկվել են ընթացակարգային երաշխիքները, որոնց բացակայությունը գործող օրենսդրության մեջ, ըստ էության, Սահմանադրական դատարանը սահմանադրականության առումով խնդրահարույց չի համարել, միաժամանակ գնահատելով ձևավորված իրավակիրառական պրակտիկան, արձանագրել է, որ ընդհանուր առմամբ այն զարգացել է ՍԴՈ-1644 որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին համահունչ տրամաբանությամբ, ապա այս պարագայում ևս առաջանում է ներքին հակասություն ՍԴՈ-1644 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջև, քանի որ Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթը ճանաչել է ոչ թե Սահմանադրությանը համապատասխանող, այլ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող: Այլ կերպ՝ եթե առնվազն գործող իրավակիրառական պրակտիկայում առկա չէ սահմանադրականության տեսանկյունից որևէ խնդրահարույց մեկնաբանում, կիրառում, ապա ինչո՞ւ է վիճարկվող դրույթը ճանաչվում Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող, ո՞րն է նման որոշում կայացնելու հիմնավորումը և անհրաժեշտությունը։

Բացի դրանից, ընթացակարգային երաշխիքների, դրանց շրջանակի հետ կապված Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ձևակերպումները չափազանց ընդհանրական, վերացական են, հակասում են նաև դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին, ինչը կարող է նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացնել խնդիրներ:

Մասնավորապես, ՍԴՈ-1644 որոշման մեջ լսված լինելու իրավունքը՝ որպես ընթացակարգային երաշխիք, ոչ միայն չի դիտարկվել Սահմանադրության 50-րդ հոդվածի տեսանկյունից և ըստ այդմ՝ անդրադարձ չի կատարվել դրա սահմանադրաիրավական բովանդակությանը, այլև որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանը, տարանջատելով լսված լինելու իրավունքն առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու իրավունքից, դրանով իսկ, ըստ էության, հակասել է նաև նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին11:

Սահմանադրական դատարանն առհասարակ չի անդրադարձել անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու հետ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշումների՝ դատական վերահսկողության առարկա լինելու, այդ վերահսկողության ծավալի և կարգի հարցերին, որոնք բարձրացվել են նաև սույն գործով դիմողի կողմից:

Անդրադառնալով պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիության՝ որպես պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացումն ապահովող օրենքով սահմանված միջոցի՝ այլ անձանց հիմնական իրավունքների և հանրային-իրավական այլ շահերի խնդրահարույց լինելու հարցադրմանը՝ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ օրենսդիրը չի որոշակիացրել այն հանցագործությունների շրջանակը, որոնցով պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, և եզրահանգել է, որ նման կարգավորման պայմաններում անձեռնմխելիությունը տարածվում է, ըստ էության, բոլոր հանցագործությունների համար քրեական հետապնդման հարուցման դեպքերի վրա՝ անկախ դրանց ծանրությունից և առանց հանցագործությունների շրջանակի որևէ սահմանափակման:

Այս առումով, սակայն, Սահմանադրական դատարանը չի հստակեցրել, թե համաչափության սկզբունքի համատեքստում ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների շրջանակը որոշակիացնելու անհրաժեշտությունը։ Չի անդրադարձել նաև այդ համատեքստում անձեռնմխելիության շրջանցման համար հնարավոր սողանցքների առաջացման հարցերին, որոնք կարող են պարարտ հող հանդիսանալ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների համար։

Սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ հստակ որոշակիացված և օբյեկտիվ որևէ չափանիշ և հիմք, որի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշում կայացնի պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Գտնում ենք, որ զուտ փաստի արձանագրումը, առանց դրա սահմանադրականության գնահատման և եզրահանգման, նոր խնդիրներ է առաջացնում։ Հարկ է նկատել նաև, որ Սահմանադրական դատարանը նշված խնդիրն առհասարակ չի դիտարկել իր կողմից բարձրացված՝ պատգամավորի թեկնածուին տրված անձեռնմխելիության երաշխիքների պատշաճ իրացման համատեքստում, ինչը, մեր կարծիքով, էական նշանակություն ունի թեկնածուի պասիվ ընտրական իրավունքի ազատ իրացման տեսանկյունից։

Բացի վերը նշվածից, Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն չտալու մասին որոշման կայացման դեպքում այդ որոշումը, հաշվի առնելով օրենսդրության մեջ այդպիսի որոշման իրավական հետևանքների ժամանակային սահմանափակման բացակայության, ինչպես նաև այդպիսի որոշման կայացման դեպքում դրա հետևանքները հաղթահարելու և քրեական հետապնդման հարուցման և վարույթի հետագա ընթացքն ապահովելու հստակ կառուցակարգեր նախատեսված չլինելու հանգամանքը, պատգամավորի թեկնածուի՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունը չհաղթահարելու պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նման համաձայնություն չտալու որոշման դեպքում քրեական հետապնդումը (վարույթը) փաստացի կարող է ընդհանրապես անհնարին դառնալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերը նշված որոշման իրավական հետևանքների ժամանակային սահմանափակման բացակայության վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիտարկման առումով հարկ է նշել՝ ակնհայտ է՝ օրենսդրական ձևակերպումների և կարգավորման նպատակների համատեքստում պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից բխող երաշխիքներն ունեն ժամանակային սահմանափակում՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը դադարելու պարագայում դադարում է նաև այդ կարգավիճակի բաղադրիչ հանդիսացող անձեռնմխելիությունը։ Ավելին, եթե ըստ Սահմանադրական դատարանի՝ անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն չտալու օրենսդրական կարգավորումները չունեն ժամանակային սահմանափակում, ապա նման իրավակարգավորումը պետք է ճանաչվեր սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց, քանի որ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը դադարելուց հետո, այդ կարգավիճակով պայմանավորված՝ անձեռնմխելիություն ունենալը որևէ լեգիտիմ նպատակ չի կարող հետապնդել։

Պետք է նշել, որ Սահմանադրական դատարանն իր վերոհիշյալ դիրքորոշումներով, ըստ էության, արձանագրել է համապատասխան կառուցակարգերի օրենսդրությամբ նախատեսված չլինելը, ի դեպ, այնպիսի գնահատումներով, որոնք չեն կարող չդիտարկվել սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց, սակայն չի կատարել համապատասխան եզրահանգում։ Այս պարագայում ևս առաջանում է ներքին հակասություն ՍԴՈ-1644 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի միջև։

Սահմանադրական դատարանը մի կողմից ՍԴՈ-1644 որոշմամբ, ի թիվս այլնի, նախանշել է հանցագործությունների շրջանակը որոշակիացնելու անհրաժեշտության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշման իրավական հետևանքների ժամանակային սահմանափակման բացակայության հետ կապված խնդիրներ, մյուս կողմից, որպես այդ խնդիրների լուծում դիտարկել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորման խիստ նեղ մեկնաբանությունը, կիրառությունը և ըստ այդմ՝ նախանշել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակը։

Սահմանադրական դատարանը, սակայն, չի հիմնավորել և չի անդրադարձել վերոհիշյալ խնդիրների և դրանց լուծումների միջև պատճառահետևանքային կապին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների շրջանակը նախանշել է առանց համակարգային վերլուծության և այդ համատեքստում չի բացահայտել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերը:

Ընդհանրական և վերացական ձևակերպումներով Սահմանադրական դատարանը նշել է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չկրկնօրինակելով քրեական վարույթի հանրային մասնակիցների, նաև դատարանների գործառույթները, այդպիսով իսկ ապահովելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կենսագործումը, մի կողմից՝ չքննարկելով հարցեր, որոնք կվտանգեն անձի անմեղության կանխավարկածը, մյուս կողմից՝ պետք է քրեական հետապնդման հարուցմամբ և/կամ ազատազրկմամբ (կալանավորմամբ) պատգամավորի թեկնածուի պասիվ ընտրական նյութական իրավունքի փաստացիորեն սահմանափակումից առաջ, պահպանելով պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի օբյեկտիվությունը (պասիվ ընտրական իրավունքի ընթացակարգային ասպեկտ) և ապահովելով ՍԴՈ-1644 որոշման մեջ նշված ընթացակարգային երաշխիքները, պատասխանի հարցին, թե պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և/կամ նրան ազատությունից զրկումը (կալանավորումը) ունի՞ արդյոք քաղաքական դրդապատճառներ, և արդյո՞ք դրանցով հետապնդվում կամ կարող է հետապնդվել անձի պասիվ ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանը խոչընդոտելու նպատակ:

Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լուծվող հարցերի բնույթից էլ ինքնին բխում է, որ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում տեղ չեն գտնում և չեն կարող տեղ գտնել քրեական մեղադրանքի, (հետևաբար նաև) պաշտպանության գործառույթները:

Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ պարագայում չպետք է խախտի անձի անմեղության կանխավարկածը: Ինչ վերաբերում է դատարանի գործառույթները չկրկնօրինակելուն, ապա բովանդակային առումով որևէ պարագայում դա չի կարող տեղի ունենալ, մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորի թեկնածուին ազատությունից զրկելու համար տալիս է համաձայնություն, իսկ դատարանն ազատությունից զրկելու հարցի վերաբերյալ կայացնում է բովանդակային որոշում։ Եթե Սահմանադրական դատարանի բարձրացրած հարցը վերաբերվում է ընթացակարգային այնպիսի լիազորությունների «կրկնօրինակմանը», որոնցից է՝ գործի նյութերին ծանոթանալը, այդ թվում՝ մեղադրանքին, մեղադրանքը հիմնավորող նյութերին, ապա առանց դա անելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնություն տալու լիազորությունը մեծ ռիսկայնություն ունի վերածվելու կամայականության, քանզի կստացվի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «փակ աչքերով» որոշում է կայացնում։

Ինչպես վերը նշել ենք, Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1644 որոշմամբ չի անդրադարձել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի այն իրավակարգավորման սահմանադրականության հարցին, համաձայն որի՝ «Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա», չնայած այն հանգամանքին, որ սույն գործը քննության է ընդունվել ամբողջությամբ12: Միաժամանակ, ՍԴՈ-1644 որոշման եզրափակիչ մասում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասն ամբողջությամբ ճանաչվել է Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող:

Սահմանադրական դատարանը, մասնավորապես, չի անդրադարձել այն հարցի սահմանադրականությանը, թե արդյո՞ք անազատության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու պահից կարող է պահվել անազատության մեջ այլ կերպ, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ13: Ի դեպ, անդրադառնալով պատգամավորին առնչվող համանման հարցին՝ Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշման եզրափակիչ մասում արտահայտել է հստակ դիրքորոշում:

Գտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի վերոհիշյալ դրույթը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է ՍԴՈ-1619 որոշման վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքով արտահայտած վերաբերելի դիրքորոշումների համատեքստում:

Ամփոփելով վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ Սահմանադրության գերակայությունն ապահովվում է, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս լեգիտիմ կազմով գործող Սահմանադրական դատարանը, լինելով անկախ և ենթարկվելով միայն Սահմանադրությանը, ընդունում է այնպիսի որոշումներ և եզրակացություններ, որոնցում առնվազն բացառվում է սահմանադրական արժեքների, սկզբունքների, նորմերի, ինստիտուտների նենգափոխումը և իմաստազրկումը, ապահովվում է Սահմանադրության միասնականությունը, ինքնաբավությունը և կայունությունը։ Սահմանադրական դատարանի որոշումներով և եզրակացություններով պետք է ամբողջ ծավալով լուծվեն քննության առարկա սահմանադրական վեճերը, այլ ոչ հատվածական և աղճատված՝ հարուցելով նոր կամ խորացնելով առկա խնդիրները։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է կայացվեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում, որոշումների և եզրակացությունների կառուցվածքային ամբողջականությունը և տրամաբանական միասնականությունը խաթարված չլինեն, զերծ լինեն ներքին հակասություններից, երկիմաստ, սխալ ու խեղաթյուրող դիրքորոշումներից։ Պակաս կարևոր չէ, որ այդ որոշումները և եզրակացությունները չլինեն անհարկի ծանրաբեռնված, այդ թվում՝ պարզունակ դատողություններով, ոչ վերաբերելի, ընդհանրական վերլուծություններով և դիրքորոշումների վկայակոչումներով 14։

 

_________________________________________________________

1 Տե՛ս http://www.concourt.am/pdf/uploads/6200ce4c9aa15_sdv-1619-hk1.pdf

2 2021 թվականի սեպտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված հիշյալ դիմումով Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը խնդրել էր որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 5-րդ մասի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցերը։

3 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված հիշյալ դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը ևս խնդրել էր որոշել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցը։

4 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴԱՈ-194 աշխատակարգային որոշումը:

5 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշումը:

6 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-217 աշխատակարգային որոշումը։

7 Տե՛ս, օրինակ՝ Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշումը:

8 Հիշյալ դիրքորոշումն արտահայտել ենք նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-1639 որոշման վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքում http://www.concourt.am/pdf/uploads/623da8899c557_sdv-1639-hk.pdf

9 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշումը։

10 Հիշյալ դիրքորոշումն արտահայտել ենք նաև Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշման վերաբերյալ ներկայացրած մեր հատուկ կարծիքում։

11 Տե՛ս, օրինակ՝ Սահմանադրական դատարանի 2020 թվականի մայիսի 12-ի ՍԴՈ-1529 որոշումը:

12 Այս համատեքստում ևս ընդգծում ենք, որ Սահմանադրական դատարանը պետք է լուծի սահմանադրական վեճն ամբողջ ծավալով՝ սահմանադրականության հարցի բոլոր ասպեկտների հաշվառմամբ, կաշկանդված չլինելով դիմողի (դիմողների) բարձրացրած հարցադրումներով, ներկայացրած փաստերով և փաստարկներով, ենթադրյալ հակասահմանադրականության առումով վկայակոչած Սահմանադրության կոնկրետ հոդվածներով՝ քանզի վերջնարդյունքը սահմանադրական արդարադատության իրականացմամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է։

13 Հարկ է նշել, որ համանման հարց բարձրացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումով, որի հիման վրա քննության ընդունված գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի մասով, Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴԱՈ-251 աշխատակարգային որոշմամբ կարճվել էր:

14 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 15-ի ՍԴՈ-1639 որոշման վերաբերյալ մեր հատուկ կարծիքը:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ

 

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ

 

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

1 ապրիլի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 ապրիլի 2022 թվական:

 

Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 22-ի ՍԴՈ-1644 որոշման վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Մ. Գրիգորյանի հատուկ կարծիքը

 

1. 2022 թվականի մարտի 22-ին Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1644 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ՝

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության և լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ՝

ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը,

բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը,

գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն:

2. Սահմանադրական դատարանի մեծամասնության հետ իմ տարաձայնության առանցքում դիրքորոշումների այն սկզբունքային հակասությունն է, համաձայն որի՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի անձեռնմխելիությունը (որով նրան տրամադրվում է պաշտպանություն քրեական հետապնդումից և ազատությունից զրկելու դեպքերի համար) չի ներառվում Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված պասիվ ընտրական իրավունքի բաղադրության մեջ։ Անձեռնմխելիության այս տեսակը, իմ կարծիքով, ոչ թե անձի անհատական հիմնական իրավունքի բաղադրիչ է, այլ Ազգային ժողովի պատգամավորի ընտրության ընթացքում Ազգային ժողովի՝ օրենսդիր իշխանության մարմնի ձևավորման հարցում գործադիր և դատական իշխանությունների հնարավոր կամայական միջամտությունների դեմ պաշտպանության երաշխիք։ Հետևաբար՝ այն կարող է դիտարկվել բացառապես որպես հանրային իշխանության մարմինների և հաստատությունների ձևավորման և գործունեության կազմակերպմանն ուղղված կարգավորում, այլ ոչ մարդու որևէ, առավել ևս, հիմնական իրավունքի բաղադրիչ։

3. Անձեռնմխելիության այս տեսակը և դրա շրջանակը ներառված չեն նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության որևէ միջազգային կամ տարածաշրջանային ակտով նախատեսված անհատական իրավունքի ծավալում։ Հետևաբար, Սահմանադրության 48-րդ հոդվածի կիրառության անհրաժեշտությունը սույն դիմումով բարձրացված խնդրի նկատմամբ չունի հիմք նաև Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ 81-րդ հոդվածով նախատեսված շրջանակում մեկնաբանության դիտանկյունից։

4. Ավելին, եվրոպական ընտրական ժառանգության ավանդույթը նույնպես խիստ զգուշավոր մոտեցում ունի օրենսդիր մարմնի անդամի թեկնածուին անձեռնմխելիությամբ օժտելու Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դրվագային պրակտիկայի նկատմամբ, ինչն իրավացիորեն նկատվել և գնահատվել է Սահմանադրական դատարանի մեծամասնության կողմից (տե՛ս Որոշման 4.3 կետը)։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի կողմից նկատվել էր Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Group of States against corruption (GRECO)) արտահայտած առաջարկությունն այն մասին, որ առհասարակ քննարկման առարկա պետք է դարձվեր անձանց որոշակի խմբերի, այդ թվում նաև՝ պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիությունը վերացնելու հարցը1: Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը նկատել է, որ՝ «… որոշ առավելություններ կամ անձեռնմխելիություններ, որոնք առկա են Հայաստանի Հանրապետությունում երբեմն ժամանակավոր, երբեմն էլ երկար կամ անսահմանափակ ժամանակով, կարող են մարդկանց քննությունից և արդարադատությունից խուսափելու հնարավորություն տալ»2, միաժամանակ արձանագրելով, որ «… այդ անձեռնմխելիության որոշ տեսակներ, այդ թվում նաև՝ պատգամավորի թեկնածուներին տրվող անձեռնմխելիությունը, արդարացված չեն ու կարող են հանգեցնել չարաշահումների»3:

5. Արձանագրելով մեծամասնության դիրքորոշման հետ իմ ունեցած հակասությունը՝ սույն սահմանադրական վեճի բովանդակային այլ ասպեկտների քննարկման անհրաժեշտությունը վերանում է, քանի որ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի պատգամավորի անձեռնմխելիությունը Սահմանադրության 48-րդ հոդվածով պաշտպանված չլինելու նյութական սահմանադրաիրավական եզրահանգումը բացառում է սույն գործով ըստ էության քննության անցկացումը, քանի որ դիմումը ներկայացված է Սահմանադրական դատարան դիմելու իրավասությամբ օժտված մի սուբյեկտի կողմից, որն ունի ենթադրյալ սահմանադրական վեճը Սահմանադրական դատարան ներկայացնելու սահմանադրական սահմանափակում, որի բերումով սույն գործը ենթակա էր կարճման ratione personae հիմքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, քանի որ «դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»:

6. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով:

7. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին։

8. Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով հստակորեն սահմանագծված է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորության շրջանակը, այն է՝ բացառապես Սահմանադրության 2-րդ գլխում («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները») ամրագրված իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթներին հակասող իրավական ակտերի վիճարկման պայմանը, որի պահպանվածության հարցը պետք է ստուգվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված դիմումի շրջանակներում: 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-58 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել էր, որ բոլոր այն դեպքերում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող հարցերն աղերս չեն ունենում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնարար իրավունքի կամ ազատության խախտման հետ, ապա նշված դիմումները չեն բավարարում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված պահանջները, ուստի՝ չեն բխում Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասության սահմանների վերաբերյալ հստակ ամրագրած կարգավորումներից և ենթակա են մերժման:

9. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սույն գործով ներկայացրած դիմումը 2021 թվականի հոկտեմբերի 26-ին քննության ընդունվելուց հետո Սահմանադրական դատարանի կողմից կատարված մանրամասն քննության արդյունքներով ակնհայտ է, որ չի բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջները, որոնք նախանշում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու իրավասության սահմանները, և որոնցից դուրս սահմանադրականության խնդիրներ բարձրացնելու իրավասությամբ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ:

10. Հետևաբար՝ սույն գործով վարույթը չէր կարող զարգանալ ըստ էության որոշման հանգելու ուղղությամբ, այլ ենթակա էր կարճման Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա։

Ծանոթագրություն. Սույն հատուկ կարծիքի 1-ին կետում կատարվել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1644 որոշման կայացման ամսաթվի ուղղում։

 

___________________

1 Տե՛ս Evaluation Report on Armenia, adopted by GRECO at its 27th Plenary Meeting (Strasbourg, 6-10 March 2006; Greco Eval I-II Rep (2005) 2E), կետ 56 (https://rm.coe.int/16806c2abf):

2 Տե՛ս «Ընտրական գործընթացներում ներգրավված անձանց անձեռնմխելիության մասին» Վենետիկի հանձնաժողովի թիվ 492/2008 (CDL-AD(2008)024) կարծիք, կետեր 35 և 38, հրապարակվել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին, հասանելի է՝ հետևյալ հղումով. https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2008)024-e:

3 Նույնը, կետ 38.

 

Սահմանադրական դատարանի դատավոր

Վ. Մ. Գրիգորյան

 

1 ապրիլի, 2022 թվական

(Ծանոթագրությամբ խմբագրված տեսքով՝ 4 ապրիլի, 2022 թվական)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 ապրիլի 2022 թվական: