Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-133-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.807
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-15-Ն, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«6. Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների:»:

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում՝

 

ա) 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-35.4-րդ հոդվածներով.

 

«Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը

 

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը՝ կատարողական թերթին համապատասխան:

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի տեղեկություններ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով:

4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:

5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

 

Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը

 

1. Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: 

Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:

5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:

6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը:

Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում:

7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:

8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:

 

Հոդված 35.3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և անվավեր ճանաչելը

 

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

2. Սույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները

 

1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:

2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:

3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:

4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:

Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարվելուց հետո:

7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների):

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով:

9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 30
Երևան
ՀՕ-133-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան