ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ք. Երևան 14 մարտի 2022 թ. |
ԲԴԽ-24-Ո-Կ-6 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԻՄԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
|
մասնակցությամբ՝ |
|
անդամներ |
Գ. Բեքմեզյանի, |
Դ. Խաչատուրյանի, | |
Մ. Մակյանի, | |
Լ. Մելիքջանյանի, | |
Ա. Մխիթարյանի, | |
Ս. Չիչոյանի, | |
Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարարի |
Գ. Մինասյանի, |
Արդարադատության նախարարի |
Հ․ Սանոյանի, |
Գ. Հարությունյանի, | |
|
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Ս. Իսկանդարյանի, |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչներ |
Գ. Թորոսյանի, |
Ի. Իսկանդարյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի, |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի փետրվարի 2-ի N 15-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Նարինե Խալաթյանի կողմից 22.12.2021 թվականին ներկայացված զեկուցագիրը:
Արդարադատության նախարարությունում 27.09.2021 թվականին ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 22.09.2021 թվականի N-Կ-15/2021 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Սիմա Իսկանդարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Քրիստիննե Գրիգորյանի 23.12․2021 թվականի N 97-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 23.12.2021 թվականի որոշմամբ կարգապահական վարույթը կասեցվել է:
Արդարադատության նախարարությունում 30.12.2021 թվականին ստացվել է Հանձնաժողովի 22.11.2021 թվականի N-Կ-15/2021 որոշումը՝ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ:
Արդարադատության նախարարի 30.12.2021 թվականի թիվ 102-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերսկսվել է:
Արդարադատության նախարարի 02.02.2022 թվականի N 15-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 66-րդ, 67-րդ հոդվածների, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ դատավորն ինչպես արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս, այնպես էլ՝ իր լիազորությունների իրականացմանը չառնչվող ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում, պարտավոր է դրսևորել իր բարձր կարգավիճակին և դատավորի պաշտոնի արժանապատվությանը համապատասխանող անբասիր վարքագիծ, ինչը պայմանավորված է վերջինիս՝ Սահմանադրությամբ վերապահված արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ:
Դատավորը պարտավոր է անձնական օրինակով արմատավորել դատավորի վարքագծի բարձր չափանիշներ և զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ դրսևորելուց, քանի որ յուրաքանչյուր դատավոր ներկայացնում է տվյալ պետության արդարադատությունը, և նրա վարքագծից է կախված ոչ միայն սեփական, այլև ողջ դատական իշխանության և արդարադատության վերաբերյալ ձևավորված՝ հասարակության վերաբերմունքը:
Ասվածը բխում է նաև Օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները պահպանելու վերջնական նպատակն է, ի թիվս այլնի, նպաստել դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ որևէ արարք դատական իշխանությունը վարկաբեկող համարելու համար անհրաժեշտ է դիտարկել՝ արդյոք այն օբյեկտիվ, ողջամիտ դիտորդի աչքերում նվազեցնում է դատավորի կամ դատական իշխանության նկատմամբ ունեցած հարգանքը: Ընդ որում, օբյեկտիվ, ողջամիտ դիտորդի ընկալմամբ դատավորի կարգավիճակին համապատասխանող վարքագիծ դրսևորելու պահանջը կիրառելի է ինչպես հանրային կյանքում՝ արդարադատություն կամ որպես դատարան այլ լիազորություններ իրականացնելիս, այնպես էլ՝ դատավորի մասնավոր կյանքում:
Նշվածը հիմնավորվում է այն պնդմամբ, որ եթե դատավորը հրապարակայնորեն պետք է քննի և գնահատական տա այնպիսի արարքների, որպիսիք ինքը թույլ է տալիս մասնավոր կյանքում, ապա դա հանրային տեսանկյունից կընկալվի որպես կեղծավորություն:
Ուստի թե՛ հանրային, թե՛ մասնավոր կյանքում դատավորը պետք է առաջնորդվի այն նկատառմամբ՝ ինչպես կընկալվի իր վարքագիծն անաչառ, ողջամիտ դիտորդի աչքերում: Այսինքն՝ ոչ պատշաճ տպավորություն ստեղծելուց խուսափելու նպատակով հանրության հնարավոր ընկալումները կանխորոշելու համար դատավորը պետք է ցանկացած պարագայում նաև սուբյեկտիվորեն գնահատի սեփական վարքագիծը:
Ավելին, Բանգալորյան սկզբունքների 4.1-ին և 4.2-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Այսինքն՝ վարքագծի պատշաճությունը գնահատելիս հստակ տարանջատվում են դատավորի կարգավիճակը և դատավորի պաշտոն չզբաղեցնող, շարքային քաղաքացու կարգավիճակը, որի դեպքում դատավորին ներկայացվող պահանջներն անհամեմատ խիստ են: Հետևաբար, վերոնշյալը գիտակցելով՝ դատավորի կողմից իր կարգավիճակին չհամապատասխանող վարքագիծ ցուցաբերելու պարագայում չեն կարող ներկայացվել այնպիսի արդարացումներ, որպիսիք ընդունելի կլինեին դատավորի պաշտոն չզբաղեցնող, շարքային քաղաքացու պարագայում:
Դատավորը վարքագծի կանոնների պահպանման համատեքստում պարտավոր է զուսպ և հավասարակշռված վարքագիծ ցուցաբերել ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչների նկատմամբ՝ վերջիններիս հետ նրանց լիազորությունների իրականացման կապակցությամբ առնչվելիս:
Դատավորի կողմից հավասարակշռված և բարեկիրթ վարքագիծ դրսևորելը ենթադրում է, որ դատավորը չպետք է գործի պահի թելադրանքով կամ իր հույզերի ազդեցության ներքո (զայրացած, անհամբեր)՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ: Դատավորը պետք է լինի քաղաքավարի, համբերատար և հարգալից իր հետ առնչվող բոլոր անձանց նկատմամբ: Ինչպես վերը նշվեց, Դատավորը պետք է հասարակության կողմից ընկալվի որպես բարեկիրթ, հավասարակշռված և արդարամիտ նաև իր մասնավոր կյանքում:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ դատավորը պարտավոր է հարգի իրավունքը և որևէ պարագայում չպետք է դրսևորի ոչ իրավաչափ վարքագիծ: Դատավորի կողմից օրինախախտման սեփական օրինակն արդեն բավարար է օրենքի նկատմամբ անարգանք ցուցաբերելու անթույլատրելիության վերաբերյալ հանրության ընկալումները խեղաթյուրելու համար:
Դատավորը, իրականացնելով իրավապահպան գործունեություն, որևէ պարագայում չի կարող անձնական արհամարհանք դրսևորել կամ վիրավորել նույնպիսի գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց (քննարկվող դեպքում ոստիկանների) նկատմամբ:
Վերոնշյալ վերլուծությունից բխում է, որ Դատավորի կողմից, իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ ոստիկաններին վիրավորելը, վերջիններիս օրինական պահանջներին քամահրանքով վերաբերվելը ոչ միայն վարկաբեկում է Դատավորին, այլև՝ ողջ դատական իշխանությունը:
Քննարկվող դեպքի առնչությամբ առկա նյութերի, մասնավորապես տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ վթարից հետո Դատավորը հրաժարվել է կատարել պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների պահանջները: Մասնավորապես, ոստիկանների կողմից Դատավորին բերման ենթարկելու փորձ կատարելիս վերջինս դիմադրություն է ցույց տվել՝ ասելով «ուրեմն կմնամ ստեղ», «այ սենց կմնամ ստեղ»: Ոստիկանի՝ ոստիկանական ավտոմեքենան նստելու պահանջին ի պատասխան, Դատավորը պահանջել է չցավեցնել իրեն՝ ասելով «չեմ քայլում և չեմ նստում»: Ոստիկանների կողմից իրենց օրինական պահանջներին ենթարկվելու հորդորներին Դատավորը պատասխանել է քամահրանքով՝ դրսևորելով արհամարհական վերաբերմունք վերջիններիս նկատմամբ: Նույնաբովանդակ հորդորներին և այն հարցին, թե ինչո՞ւ է Դատավորը վիրավորում վերջինիս՝ ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է՝ «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»:
Վարույթ հարուցող մարմինը պնդել է, որ Դատավորը, իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ ոստիկաններին վիրավորելիս՝ «ոչխար» արտահայտությունն օգտագործելով, ինչպես նաև ոստիկանների օրինական պահանջներին ենթարկվելու հորդորներին քամահրանքով պատասխանելիս, պարտավոր էր, անկախ բոլոր հանգամանքներից, գնահատել, թե օբյեկտիվ, ողջամիտ դիտորդի տեսանկյունից իր վարքագիծն ինչ տպավորություն է թողնելու: Դատավորը պարտավոր էր խուսափել իր կարգավիճակին և պաշտոնի արժանապատվությանը չհամապատասխանող նկարագրված վարքագիծը դրսևորելուց՝ այդպիսով խուսափելով նաև դատական իշխանությունը վարկաբեկելուց:
Վերոգրյալից բացի, անհրաժեշտ է ընդգծել նաև այն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ կապված վերջինիս հրապարակայնորեն վիրավորելու համար: Նշված նորմից հետևում է, որ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու կապակցությամբ ոստիկանին վիրավորելը, որպես այդպիսին, համարվում է վարչական իրավախախտում (զանցանք)՝ վարչական պատասխանատվություն առաջացնելով տասնվեց տարին լրացած անձանց նկատմամբ: Այսինքն՝ ցանկացած անձի կողմից ոստիկանին վիրավորելն ինքնին խախտում է օրինականությունը և իրավակարգը, իսկ Դատավորի կողմից նման արարք կատարելը (նույնիսկ ենթադրյալ), սուբյեկտի բարձր կարգավիճակով պայմանավորված, արդեն իսկ բավարար է օբյեկտիվ, ողջամիտ դիտորդի ընկալմամբ ոչ միայն դատավորին, այլև ողջ դատական իշխանությունը վարկաբեկելու, ինչպես նաև օրենքի նկատմամբ անարգանք ցուցաբերելու անթույլատրելիության վերաբերյալ հանրության ընկալումները խեղաթյուրելու համար:
Ուստի Դատավորը, իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ ոստիկաններին վիրավորելով, ինչպես նաև ոստիկանների օրինական պահանջներին ենթարկվելու հորդորներին քամահրանքով պատասխանելով, թույլ է տվել Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները պահպանելու պահանջի, Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վերաբերյալ վարքագծի կանոնի խախտում:
Արդարադատության նախարարը, անդրադառնալով մեղքի ձևին, վարույթի փաստական հանգամանքների և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, գտել է, որ Դատավորի կողմից վարքագծի կանոնի խախտումը կատարվել է դիտավորությամբ, քանի որ Դատավորը գիտակցել է, որ իրենց պաշտոնեական լիազորությունների իրականացման կապակցությամբ ոստիկաններին վիրավորելը, ինչպես նաև ոստիկանների օրինական պահանջներին ենթարկվելու հորդորներին քամահրանքով պատասխանելն ակնհայտորեն չի համապատասխանում դատավորի կարգավիճակին և նրա պաշտոնի արժանապատվությանը, հետևաբար գիտակցել է և ըստ էության, նախատեսել է (առնվազն չի կանխել) դատական իշխանությունը վարկաբեկող տպավորության առաջացումը:
Ավելին, ոստիկանի օրինական պահանջներին ենթարկվելու հորդորներին և այն հարցին, թե ինչո՞ւ է Դատավորը վիրավորում վերջինիս՝ ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է՝ «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»:
Այսինքն՝ Դատավորը ոչ միայն չի հերքել ոստիկանին վիրավորելու հանգամանքը, այլև, ըստ էության, կրկին հաստատել է իր ասածը՝ թույլ տալով նույն արտահայտությունը:
Ինչ վերաբերում է բացատրությամբ Դատավորի կողմից ներկայացված փաստարկին առ այն, որ կարգապահական վարույթի հարուցումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ դրանք հերքվում են հետևյալ հիմնավորումներով.
Օրենքի 147-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինները (Արդարադատության նախարար, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով) իրենց նշված լիազորությունն իրականացնում են ինքնուրույն՝ անկախ նույն լիազորությունն ունեցող այլ մարմնի կողմից այն իրականացված լինելու հանգամանքից: Այսինքն՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության իրականացումն որևէ կերպ պայմանավորված չէ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից նույն հիմքով նույն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման հանգամանքով: Օրենսգրքում նշված կարգավորումները նախատեսելու նպատակն է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմիններին՝ նշված լիազորության իրականացման հարցում որոշակի ինքնուրույնության ապահովումը, որը վերջիններիս թույլ կտա միմյանցից անկախ գնահատել կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայությունը, հարուցել կարգապահական վարույթ և դրա շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ բացառելով միայն տարբեր վարույթ հարուցող մարմինների կողմից նույն արարքի համար նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին կրկնակի դիմելու հնարավորությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարգապահական վարույթը կարճել այն հիմնավորումներով, որ վարույթ հարուցելու մասին որոշման մեջ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը և վարույթի հարուցումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:
Դատավորը հայտնել է, որ օրենքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, որ եթե որևէ հարցի վերաբերյալ կայացվել է վերջնական որոշում, ապա այն, ինչ որոշվել է, չպետք է կասկածի տակ դրվի: Սակայն սույն գործով ըստ էության իրականացվում է արդեն իսկ մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, ուստի դրանով իսկ խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը:
Իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է, որպեսզի ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական որոշման վերանայում՝ ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր որոշման կայացման նպատակով: Այսինքն, հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Դատավորը գտել է, որ Հանձնաժողովի 22.11.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ լուծվել են Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Քրիստիննե Գրիգորյանի 23.12.2021 թվականի կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ 97-Ա որոշմամբ բարձրացված հարցերը և սույն վարույթով փորձ է կատարվում իրականացնելու արդեն իսկ լուծում ստացած հարցի կրկնակի քննություն և/կամ դրա վերանայում, ինչն անթույլատրելի է:
Բարձրագույն դատական խորհրդում կայացած նիստում Դատավորի ներկայացուցիչը հայտնել է, որ այն հիմնական հարցը, թե արդյո՞ք Դատավորը վիրավորել է ոստիկանին, թե՝ ոչ կրում է վարչաիրավական բնույթ և բացահայտման է ենթակա վարչական դատավարության կարգով:
Անդրադառնալով սույն գործով ոստիկանության ծառայողներին հնարավոր վիրավորելու հանգամանքին՝ Դատավորի ներկայացուցիչը նշել է, որ առկա տեսաձայնագրության դիտման արդյունքում չի ձևավորվում միանշանակ համոզմունք առ այն, որ իր վստահորդն ունեցել է դիտավորություն կամ թույլ է տվել կոպիտ անփութությամբ այնպիսի արարք, որով վիրավորել է ոստիկանության ծառայողին, քանի որ այդ գործողությունները պայմանավորվել են տվյալ իրավիճակում տեղի ունեցող հանգամանքներով, այդ թվում՝ ոստիկանների գործողություններով. Դատավորի նկատմամբ այդ պահին կիրառված միջոցները, այդ թվում ձեռնաշղթայի առկայությունը, հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ վերջինս ունեցել է ֆիզիկական ցավ, ինչը երևում է տեսանյութից: Տվյալ իրավիճակում Դատավորը ոստիկանների՝ իր գնահատմամբ ոչ օրինական գործողությունների նկատմամբ իր դժգոհությունն արտահայտելու համար, պահի թելադրանքով, ոստիկանի արտաբերած բառն է օգտագործել՝ գործածելով այն ձեռնաշղթաների պատճառով ունեցած ցավի և ստեղծված իրավիճակում վախի ու սթրեսի մթնոլորտում, և դա արել է ոչ թե ոստիկանին վիրավորելու նպատակով, այլ իբրև պատասխան ոստիկանների կողմից պատճառված ցավի:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորի ներկայացուցիչը նշել է, որ առկա չի եղել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ:
Դատավորի ներկայացուցիչները Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած կարգապահական վարույթը կասեցնելու մասին միջնորդություններով հայտնել են իրենց անհամաձայնությունն այն մասին, որ Արդարադատության նախարարի կողմից Դատավորի նկատմամբ վարույթ հարուցելն իրավաչափ չէ ինչպես օրինակության, իրավական որոշակիության սկզբունքներից ելնելով, այնպես էլ փաստական հիմքերով:
Միաժամանակ Դատավորի ներկայացուցիչները, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ Ոստիկանության պետի 23.09.2020 թվականի թիվ 36-Լ հրամանով հաստատված՝ Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագրքի 28-րդ կետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, միջնորդել են անթույլատրելի ճանաչել Կարգապահական վարույթին կից ներկայացված 08.09.2021 թվականին Դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը՝ այն հիմնավորմամբ, որ սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի ուժով, կրելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի ապացուցման պարտականությունը, որպես միջնորդությունը հիմնավորող միակ ապացույց ներկայացրել է տեսաձայնագրությունը: Կարգապահական վարույթի քննության ընթացքում վարույթ հարուցած մարմնին ուղղված այն հարցադրմանը, թե վարույթ հարուցած մարմինը պարզել է արդյոք, թե ով է իրականացրել տեսաձայնագրությունը, տեսաձայնագրառումն իրականացվել է ծառայողական, թե անձնական տեխնիկայի միջոցով, այն արդյոք ամբողջական է, թե հնարավոր է առկա լինի միջամտություն, նշված հարցերին վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչները պատասխանել են, որ նշված հանգամանքները չեն պարզվել: Ընդհանուր առմամբ տեսաձայնագրությունները, որպես ապացույցի ներկայացման համար էական նշանակություն ունեն դրանք կատարողի տվյալները, այսինքն երբ, ում կողմից և ինչպես է ձեռք բերվել այդ ապացույցը, ձայնագրությունները ներկայացնող դատավարության մասնակիցը պետք է ներկայացնի տվյալներ, թե ում կողմից է կատարվել ձայնագրումը: Վերը նշված պահանջներն էական նշանակություն ունեն ձայնագրությանը՝ որպես ապացույցի տեսակին դատավարական և նյութական օրենսդրությամբ ներկայացվող թույլատրելիության և վերաբերելիության պահանջներին բավարարելու հարցը քննարկելու համար: Նշված հանգամանքն էական նշանակություն ունի անձնական կյանքը հարգելու, անձի սահմանադրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Հետևաբար նշված կանոնների պահպանումն էական նշանակություն ունի նաև դատավարական իրավահարաբերություններում անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների պաշտպանության և այդ իրավունքների լույսի ներքո ապացույցների թույլատրելիության գնահատման համար: Նման պայմաններում պետք է եզրակացնել, որ տեսաձայնագրությունների՝ որպես ապացույցի գնահատման համար դրա աղբյուրի ստացման եղանակի հանգամանքը կարևոր նշանակություն ունի և առանց այդ անձի համաձայնության և իմացության նրան տեսաձայնագրելը վերջինիս անձնական կյանքը հարգելու սահմանադրական իրավունքի խախտում է, եթե օրենքն իրավաչափ նպատակից ելնելով չի նախատեսել նման հնարավորություն:
Սույն պարագայում տեսաձայնագրությունն իրականացվել է առանց Սիմա Իսկանդարյանի իմացության, բացահայտված չէ այն իրականացնող անձը, տեխնիկական միջոցը, որով կատարվել է տեսանկարահանումը, այն ամբողջական լինելու կամ չլինելու հանգամանքը, այն ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, հետևաբար ստացման տեսանկյունից օրենքի խախտմամբ ձեռք բերվելու պայմաններում այն անթույլատրելի է և չի կարող դրվել սույն գործով կայացվող որոշման հիմքում: Նշված իրեղեն ապացույցի արժանահավատությունն ստուգված չէ, պարզված չեն վերը նշված հանգամանքները:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1) «Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Նարինե Խալաթյանի 22.12.2021 թվականի զեկուցագրի (այսուհետ՝ Զեկուցագիր) հիման վրա Արդարադատության նախարարին հայտնի է դարձել, որ Դատավորի կողմից թույլ են տրվել առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքներ: Զեկուցագրում, մասնավորապես, նշված է հետևյալը.
Նախարարությունում 27.09.2021 թվականին ստացվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 22.09.2021 թվականի N-Կ-15/2021 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը:
Նշված որոշման ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.
09.09.2021 թվականին Հանձնաժողով է ստացվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հանձնաժողովին հասցեագրված Դատավորի զեկուցագիրը՝ 08.09.2021 թվականին իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Նշված զեկուցագրով Դատավորը հայտնել է, որ 08.09.2021 թվականին, ժամը 21:00-ի սահմաններում միմյանց են բախվել Դատավորին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան և մեկ այլ ավտոմեքենա՝ դեպքի վերաբերյալ ներկայացնելով որոշ մանրամասներ:
2) Վարույթ հարուցող մարմինը, հարուցված կարգապահական վարույթի պատշաճ ընթացքն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ Դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի հանգամանքներին առնչվող նյութեր և տեղեկություններ ստանալու նպատակով:
3) Ոստիկանության պետի 14.01.2022 թվականի թիվ 91/630 գրությամբ ստացվել են նշված դեպքի հանգամանքներին առնչվող համապատասխան նյութեր:
4) Ստացված նյութերում առկա տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ վթարից հետո Դատավորը հրաժարվել է ենթարկվել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների պահանջներին: Մասնավորապես ոստիկանների կողմից Դատավորին բերման ենթարկելու փորձ կատարելիս վերջինս դիմադրություն է ցույց տվել՝ ասելով «ուրեմն կմնամ ստեղ», «այ սենց կմնամ ստեղ»:
5) Ոստիկանի՝ ոստիկանական ավտոմեքենան նստելու պահանջին ի պատասխան Դատավորը պահանջել է չցավեցնել իրեն՝ ասելով «չեմ քայլում և չեմ նստում»:
6) Ոստիկանների կողմից իրենց օրինական պահանջներին ենթարկվելու հորդորներին Դատավորը պատասխանել է քամահրանքով՝ դրսևորելով արհամարհական վերաբերմունք վերջիններիս նկատմամբ:
7) Նույնաբովանդակ հորդորներին և այն հարցադրմանը, թե ինչու է Դատավորը վիրավորում վերջինիս՝ ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է՝ «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»:
8) Այնուհետև, ոստիկաններից մեկի՝ «հավքի բեր» արտահայտությունից հետո Դատավորին նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան:
9) Կարգապահական վարույթին կից ներկայացվել է Զեկուցագրում նշված 08.09.2021 թվականին Դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների բացատրությունները, Դատավորի և նրա ներկայացուցիչների պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1. Արդյո՞ք 08.09.2021 թվականին Դատավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում Դատավորը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով Դատավորի վարքագծի կանոնի խախտում:
2. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի ենթադրյալ խախտումն Օրենքի իմաստով կատարվել է դիտավորությամբ։
3. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումն Oրենքի իմաստով կարող է գնահատվել որպես էական կարգապահական խախտում:
Տվյալ պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը նախ արձանագրում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի լիարժեք դատական պաշտպանությունն առաջին հերթին պայմանավորված է դատական իշխանության՝ որպես արդարադատության իրականացման ինստիտուցիոնալ-գործառութային համակարգի գործունեության արդյունավետությամբ:
Դատական իշխանության առջև դրված խնդիրների ուղղակիորեն իրականացումը բխում է դատավորի՝ որպես դատական իշխանության անմիջական և միակ կրողի կողմից իրականացվող գործունությամբ, ինչպես նաև վերջինիս կողմից պատշաճ վարքագծի դրսևորմամբ:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։
Վկայակոչված միջազգային փաստաթղթերում, ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:
Այսպես, Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:
Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունում դատավորների առանձնահատուկ դերով պայմանավորված՝ օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել է դատավորի վարքագծի կանոնների երկու խումբ՝ դատավորի վարքագծի ընդհանուր կանոններ և դատավորի վարքագծի կանոններ ի պաշտոնե գործելիս:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով համապատասխանաբար սահմանված է, որ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավորի զսպվածության, չափավորության և համարժեքության գնահատականը պետք է պայմանավորված լինի օրինաչափ նպատակներով, դատական իշխանությունը չհեղինակազրկող հետևանքներով և հակազդման ընտրված միջոցները պետք է տեղավորվեն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու թույլատրելիության սահմաններում:
Սույն վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ դատավորի կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորությանը:
Բանգալորյան սկզբունքների 4.1-ին և 4.2-րդ կետերի համաձայն, որոնք վերաբերում են 4-րդ սկզբունքի էության բացահայտմանը, համապատասխանաբար սահմանում են, որ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:
Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը: Ընդ որում, դատավորները ոչ միայն գիտակցաբար ընդունում են համապատասխան սահմանափակումները, այլև դրանք հանդիսանում են դատավորի վարքագծի հիմքում ընկած առանցքային տարրեր:
Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ հանրության կողմից դատական որոշումների նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն պայմանավորված է դատական իշխանության և դատավորի՝ որպես այդ իշխանության կրողի, նկատմամբ վստահության մակարդակով: Եթե պետությունն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը համարում է պարտադիր դրա հասցեատերերի համար և ապահովում է դրա հարկադիր կատարումը, ապա մյուս կողմից դատական ակտն արձակողը պետք է գործադրի այնպիսի ջանքեր, որպեսզի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նկատմամբ հնարավորինս ձևավորվի դրա օրինականության հանրային անվերապահ ընկալում։ Նշվածով պայմանավորված հասարակության անդամները դատավորներից օրինաչափորեն կարող են ակնկալել որոշակի, օրինակելիության առավել բարձր չափանիշներին համապատասխանող վարքագծի դրսևորում՝ ինչպես մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում, այնպես էլ դրա շրջանակներից դուրս: Ավելին, հասարակության անդամներն իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը կարող են վստահել միայն այնպիսի դատավորների, որոնք ունեն ինչպես բարձր մասնագիտական պատրաստվածություն, այնպես էլ խստորեն պահպանում են օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոնները:
Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը մեկ անգամ ևս արձանագրում է, որ դատավորի կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի հատկապես հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ըստ այդմ, ընդհանրապես դատավորի դրսևորած վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման ձևավորման վրա, ինչպես նաև էական գործոն է հանդիսանում դատական իշխանության հեղինակության ամրապնդման հարցում:
Դատավորի վարքագծի կանոններից, ինչպես նաև դրանց վերաբերյալ առկա մեկնաբանություններից հետևում է, որ վերջինս պարտավոր է լինել քաղաքավարի, համբերատար և հարգալից այն բոլոր անձանց նկատմամբ, ում հետ նա կարող է առնչություն ունենալ։ Դատավորը պետք է լինի բարեկիրթ, հավասարակշռված և արդարամիտ նաև իր առօրյա կյանքում։ Հակառակ վարքագծի դրսևորման դեպքում կարող է սասանվել դատավորի արդարամիտ լինելու հասարակական ընկալումը:
Վերոգրյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կարևորվում է նաև այն հանգամանքը, որ իրավաչափորեն կարող է ձևավորվել հիմնավոր տպավորություն առ այն, որ եթե դատավորը դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ առհասարակ, ապա նույնպիսի վերաբերմունք կարող է դրսևորել նաև մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ:
Ըստ էության, դատավորները պետք է խուսափեն ինչպես անպատշաճ վարքագիծ դրսևորելուց, այնպես էլ այնպիսի գործողություններ իրականացնելուց, որոնք կարող են նման տպավորություն թողնել:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:
ՀՀ Ոստիկանության պետի 23.09.2020թ.-ի թիվ 36-Լ ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին հրամանի հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը:
Նույն հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայության գործունեության իրավական հիմքն են «Ոստիկանության մասին» ու «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության կանոնադրությունը և այլ իրավական ակտեր:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ ոստիկանության ծառայողը գործադիր իշխանության ներկայացուցիչ է և գտնվում է օրենքի ու պետության պաշտպանության ներքո:
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ու երթևեկության կարգավորման համար լիազորված այլ անձանց օրինական պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:
Վերը նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ ոստիկաններն օրենքով նախատեսված այն սուբյեկտներն են, որոնք ունենալով իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու իրավական գործիքակազմ՝ ապահովում են հասարակական կարգի պահպանությունը, ուստի ոստիկանության ծառայողների համազգեստ կրողների նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տածի հարգանք, իբրև հարգանք՝ սեփական պետության կարգուկանոնի հանդեպ, ինչը դրսևորվում է նրանում, որ բոլոր քաղաքացիները և պաշտոնատար անձինք պարտավոր են անվերապահ կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջները։ Հասարակական կարգի պահպանության հարցում հասարակության յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունը կայանում է նաև նրանում, որ ոստիկանի կողմից պահանջի ներկայացման պահին նրանց համար պետք է գործի պահանջի օրինական լինելու կանխավարկածը։ Այսինքն՝ քաղաքացիները և պաշտոնատար անձինք իրավունք չունեն կասկածի տակ առնելու ոստիկանի պահանջների իրավաչափությունը, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել օրենսդրական ընթացակարգերի գործադրման արդյունքում։ Ոստիկանի պահանջի օրինականության հարցում կասկածներ ունենալու դեպքում անձը զրկված չէ հետագայում օրենքով սահմանված կարգով իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու և որևէ բացասական հետևանք վերացնելու հնարավորությունից:
Հարկ է նկատել, որ եթե քաղաքացիները պարտավոր են ենթարկվելու ոստիկանների պահանջներին, ապա դատավորների դեպքում անընդունելի է ոստիկանության ծառայողների պահանջների չկատարումը:
Տվյալ պարագայում գործի նյութերում առկա տեսագրության ուսումնասիրությունից պարզվել է, որ վթարից հետո Դատավորը հրաժարվել է ենթարկվել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների պահանջներին: Մասնավորապես ոստիկանների կողմից Դատավորին բերման ենթարկելու փորձ կատարելիս վերջինս դիմադրություն է ցույց տվել՝ ասելով «ուրեմն կմնամ ստեղ», «այ սենց կմնամ ստեղ»: Ոստիկանի՝ ոստիկանական ավտոմեքենան նստելու պահանջին ի պատասխան Դատավորն ընդդիմացել է , պահանջել չցավեցնել իրեն՝ ասելով «չեմ քայլում և չեմ նստում»: Միաժամանակ ոստիկանի այն հարցադրմանը, թե ինչու է Դատավորը վիրավորում վերջինիս՝ ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է՝ «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»: Այնուհետև, ոստիկաններից մեկի՝ «հավքի բեր» արտահայտությունից հետո Դատավորին նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը քննարկվող միջադեպի ընթացքում չի ենթարկվել ոստիկանության ծառայողի պահանջներին՝ կասկածի տակ դնելով դրանց օրինականությունն այն պայմաններում, երբ ոստիկանի կողմից հասարակական կարգի պահպանությանն ուղղված պահանջի նկատմամբ գործում է դրա օրինական լինելու կանխավարկածը: Միաժամանակ Դատավորի նման վարքագիծը զուգորդվել է ոստիկանի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ անելով, ինչպիսի վարքագիծը հասարակության կողմից չի կարող ընկալվել որպես իրավիճակի օբյեկտիվ գնահատականի արտահայտում, առավել ևս դատավորի բարձր կարգավիճակին հարիր վարքագիծ:
Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ գրեթե անհնար է նախապես կազմել բոլոր այն գործողությունների լիարժեք ցանկը, որոնք արգելված են դատավորին, այնուամենայնիվ, դատավորն իր իրավունքների իրականացման ճանապարհին պետք է զսպվածություն ցուցաբերի և մշտապես դրսևորի իր բարձր կոչմանը համապատասխան վարքագիծ՝ նպաստելով հասարակության կողմից դատական համակարգի նկատմամբ ակնկալվող վստահության և հարգանքի ձևավորմանը:
Ավելին, դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, հեղինակության բավարար օգտագործումը, ինչպես նաև պարտավոր են կանխատեսել իրենց վարքագծից ծագող հետևանքները:
Մինչդեռ քննարկելով Դատավորի կողմից թույլ տրված արտահայտություններն ու վարքագիծը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված բոլոր փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ և դրսևորվել է վարքագիծ, որոնք անհամատեղելի են դատավորի կարգավիճակի հետ. իր արտահայտություններով Դատավորն անպարկեշտ վարքագիծ է դրսևորել գործադիր իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողների նկատմամբ, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, դուրս է եկել քաղաքավարության նորմերի շրջանակից, խախտել է բարեկրթության կանոնները՝ ցածրացնելով Դատավորի բարձր կարգավիճակը։
Անդրադառնալով ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ Դատավորի ներկայացուցչի միջնորդությանը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցների օգտագործումն արգելվում է: Դրանք ապացուցողական ուժ չունեն և չեն կարող դրվել դատական ակտի հիմքում:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ապացույցի թույլատրելիությունն ապացույցի պիտանի լինելն է աղբյուրների, տեղեկությունների ստացման մեթոդների և հնարքների օրինականության տեսակետից:
Ըստ էության ապացույցների թույլատրելիության կանոնների էությունը նրանում է, որ որպես ապացույց կարող են օգտագործվել այն տվյալները, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին:
Հաջորդիվ օրենսդիրը սահմանել է նաև ապացույցի անթույլատրելիության հաջորդ կանոնը, որի էությունը հանգում է հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործման արգելքին:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգը պահպանելիս ոստիկանությունն իրավունք ունի` (…) հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու և տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների կանխարգելման անհրաժեշտությունը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: (…):
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձևով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրականացնելու տեսանկարահանում։ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն դատական վարույթների, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս վարույթում ապացույցներն ընդամենը տեղեկություններ են պարունակում որոշակի արարքի կատարման, բնույթի, ծավալի և այլնի վերաբերյալ, հետևաբար, եթե ապացույցի բովանդակությունն ինքնին կասկածի տակ չի առնվում շահագրգիռ անձի կողմից, ապա, ըստ էության, երկրորդական են դառնում դրա ձեռքբերման հատկանիշները։ Այսինքն, եթե նույնիսկ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, ապա միևնույն է, կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող վարքագիծ թույլ տրված լինելու փաստը շարունակում է գոյություն ունենալ, քանի որ Դատավորը չի վիճարկում տեսագրության բովանդակության իսկությունը, կասկածի տակ չի առնում իր մասնակցությունը տեսագրությամբ ամփոփված միջադեպին: Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից բարձրացված հարցերը չեն կարող էական համարվել սույն վարույթի շրջանակներում ապացույցն անթույլատրելի ճանաչելու համար:
Ավելին, սույն դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում այն փաստը, որ Դատավորն ինքն է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդի նիստում ապացույցների հետազոտման ընդունված կարգից շեղմամբ հետազոտել տեսագրությունը՝ հիմնավորելու համար Դատավորին վերագրվող վարքագիծը իրավիճակից թելադրվող, միջադեպի մյուս մասնակիցների վարքագծով պայմանավորված լինելու և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակելու հանգամանքները, և երբևէ չի հերքել տեսագրված վարքագիծն իր կողմից դրսևորված լինելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը թույլ է տվել Օրենքի 67-րդ հոդվածով սահմանված պահանջի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտում, ինչը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորը վարքագծի կանոնի խախտումը կատարել է դիտավորությամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ Դատավորը գիտակցված կերպով, չցուցաբերելով իր կարգավիճակին համապատասխան զսպվածություն, հեղինակազրկել է դատական իշխանությունը, մասնավորապես իր գործողությունների համակցությամբ չի ենթարկվել իր պաշտոնական լիազորությունները կատարելիս ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանի նկատմամբ իրեն ոչ վայել արտահայտություններ է թույլ տվել:
Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյո˚ք դատավորի դրսևորած վարքագիծը բավարար հիմքեր է պարունակում վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:
Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։
Քննարկվող դեպքում Դատավորը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ինչն Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում է էական կարգապահական խախտման։
Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. Ջհանգիրյան | |
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
|
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Մ. ՄԱԿՅԱՆ | ||
|
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | |
Հատուկ կարծիք (որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ) |
Ս. ՉԻՉՈՅԱՆ | |
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2022 թվական:
ք. Երևան |
31 մարտի 2022 թ. |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 14.03.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-24-Ո-Կ-6 ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նան՝ Խորհուրդ) քննության է առել Արդարադատության նախարարի (այսուհետ նան՝ Նախարար)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին (այսուհետ նան՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:
2022 թվականի մարտի 14-ին կայացվել է թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշումը (այսուհետ՝ Որոշում), ըստ որի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ էական կարգապահական խախտման հիմքով Դատավորի լիազորությունները դադարեցվել են:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:
Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի Որոշման եզրափակիչ մասի հետ, ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով՝ ներկայացնում եմ Հատուկ կարծիք:
Որոշման եզրափակիչ մասի հետ կապված մեկնաբանություններ
Գտնում եմ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համաչափ չէ կատարված խախտմանը՝ Դատավորի նկատմամբ պետք է հայտարարվեր խիստ նկատողություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:
Վերը վկայակոչված հոդվածում թվարկված սկզբունքներից համաչափության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:
Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշմամբ արձանագրել է` «(...) Համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:
Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը՝ ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից»:
Վկայակոչված իրավական կարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը:
Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը նախ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա՝ կարգապահական տույժի ընտրության հարցը:
Վկայակոչված իրավական կարգավորումից հետևում է, որ դատավորի գործողություններում կարգապահական խախտման հիմքի առկայության դեպքում Խորհուրդը պետք է ընտրի Օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերից որևէ մեկը:
Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը, հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Վերոնշվածից ակնհայտ է, որ կարգապահական տույժի համապատասխան տեսակն ընտրելիս Խորհուրդը չի կարող իր լիազորություններն իրականացնել կամայականորեն: Խորհրդի կայացրած որոշումները պետք է հիմնված լինեն որոշակի հանգամանքների վրա, այն է՝
1) խախտման բնույթը,
2) հետևանքը,
3) դատավորի անձը
4) այլ հանգամանքներ:
Տվյալ պարագայում, Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվել է Օրենսգրքով սահմանված կարգապահական տույժերից առավել խիստը: Համաձայն լինելով Որոշման պատճառաբանական մասում արտահայտված Խորհրդի դիրքորոշման հետ՝ գտնում եմ, որ Դատավորի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համաչափ չէ վերջինիս կողմից թույլ տրված խախտմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն`
1. Դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն`
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
2. Կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Այսինքն, դատավորը ևս ունի պաշտպանության իրավունք և դատավորի վրա ևս տարածվում են անմեղության կանխավարկածի չափորոշիչները, և եթե կարգապահական վարույթի ընթացքում ձեռք չեն բերվում այնպիսի փաստեր, որոնք անժխտելիորեն վկայում են դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտմամբ որևէ արարք կատարելու փաստը, ապա չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին: Հօգուտ դատավորի է մեկնաբանվում ոչ միայն անձի մեղավորության հարցի, այլև նրա համար ցանկացած բարենպաստ հանգամանքի կապակցությամբ կասկածը: Դատավորին կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ վերագրված խախտումներին վերաբերող ցանկացած հանգամանքի առկայության կամ բացակայության կապակցությամբ կասկածները ենթակա են մեկնաբանության այն հաշվով, որ առկա կամ բացակա դիտվեն, եթե բարենպաստ են նրա համար:
Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը չի կարող հիմնված լինել վիճարկման առարկա հանդիսացող փաստերի վրա, և Խորհրդի դիրքորոշումը չի կարող հենվել հավանական եզրակացությունների ու դատողությունների վրա, առավել ևս՝ գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների վրա, միևնույն ժամանակ՝ կարգապահական վարույթի ընթացքում պետք է առկա լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը անվիճարկելիորեն բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը:
Այսպես, դիտելով ոստիկանության նյութերում առկա տեսագրությունը, ինձ մոտ չի ձևավորվել միանշանակ համոզմունք, որ Դատավորն ունեցել է դիտավորություն:
Նախ, հարկ է նշել, որ ներկայացված տեսագրությունն ամբողջական չէ, ուստի հնարավոր չէ պատկերացում կազմել տեսաձայնագրված դրվագին նախորդող իրադարձությունների մասին:
Տվյալ պարագայում գործի նյութերում առկա տեսաձայնագրության ուսումնասիրությունից երևում է, որ վթարից հետո Դատավորը հրաժարվել է ենթարկվել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների պահանջներին: Մասնավորապես, ոստիկանների կողմից Դատավորին բերման ենթարկելու փորձ կատարելիս վերջինս դիմադրություն է ցույց տվել՝ ասելով «ուրեմն կմնամ ստեղ», «այ սենց կմնամ ստեղ»: Ոստիկանի՝ ոստիկանական ավտոմեքենան նստելու պահանջին ի պատասխան Դատավորն ընդդիմացել է, պահանջել չցավեցնել իրեն՝ ասելով «չեմ քայլում և չեմ նստում»: Միաժամանակ, ոստիկանի այն հարցադրմանը, թե ինչու է Դատավորը վիրավորում վերջինիս՝ ասելով «ոչխար», Դատավորը պատասխանել է՝ «ոչխար ես, որովհետև կին ա ու ցավացնում ես»: Այնուհետև, ոստիկաններից մեկի՝ «հավքի բեր» արտահայտությունից հետո Դատավորին նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան:
Գտնում եմ, որ Դատավորի գործողությունները պայմանավորվել են տվյալ իրավիճակում տեղի ունեցած հանգամանքներով, այդ թվում` ոստիկանների գործողություններով, քանի որ Դատավորի նկատմամբ այդ պահին կիրառված միջոցները, այդ թվում՝ ձեռնաշղթայի առկայությունը, հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ վերջինս ունեցել է ֆիզիկական ցավ, ինչը երևում է տեսանյութի սկզբից: Դատավորը պահանջում է չցավեցնել և ըստ էության բիրտ միջոցներ չկիրառել, քանի որ դրա անհրաժեշտությունն ու հիմքերն առկա չեն, իսկ ոստիկանը ֆիզիկական ուժի գործադրմամբ Դատավորին նստեցնում է ոստիկանության ավտոմեքենան: Տվյալ իրավիճակում Դատավորն ոստիկանների, իր գնահատմամբ, ոչ օրինական գործողությունների դեմ իր դժգոհությունն արտահայտելու համար պահի թելադրանքով վիրավորական բառ է օգտագործել՝ «ոչխար»՝ գործելով ձեռնաշղթաների պատճառով ունեցած ցավի և ստեղծված իրավիճակում ձևավորված վախի ու սթրեսի մթնոլորտում, ինչը, բնավ, արդարացված չէ, սակայն հիմնավորում է, որ վիրավորական բառն օգտագործվել է ոչ ոստիկանին վիրավորելու նպատակով, այլ` իբրև պատասխան ոստիկանների կողմից պատճառած ցավի:
Ընդ որում՝ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ տեսաձայնագրությունը, կատարված լինելով այն պահից, երբ դատավորը ձեռնաշղթաներով է, թույլ չի տալիս ստույգ գնահատել այդ իրավիճակին հանգեցրած հանգամանքները: Հետևաբար, նշված վերլուծությունները կատարվում են միայն իրավիճակի տեսաձայնագրված հատվածի գնահատմամբ՝ զերծ մնալով որոշակի, նույնիսկ հավանական ենթադրություններից:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ չներկայանալով որպես դատավոր՝ Դատավորը միջադեպին մասնակից կամ միջադեպին ականատես եղած քաղաքացիների մոտ նվազագույնի է հասցրել դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման բացասական կարծիքի ձևավորումը, ըստ այդմ` դատական իշխանությունը վարկաբեկելու օբյեկտիվ չափանիշն առկա չի եղել, քանի որ անկողմնակալ դիտորդի մոտ չէր կարող ձևավորվել այնպիսի տպավորություն, որ դատավորներն ունեն արտոնություններ և կարող են օգտվել այդ արտոնություններից՝ չլինելով հավասար մյուսների և օրենքի առջև: Ընդհակառակը, Դատավորի նկատմամբ կիրառվել են բոլոր հնարավոր միջոցները՝ առանց որևէ կերպ վերջինիս անձը հաշվի առնելու, և մինչև վերջինիս ոստիկանության բաժին ներկայացնելը՝ Դատավորն իր կարգավիճակի մասին ոչինչ չէր նշել:
Բացի այդ, էական է նաև այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանությունը 09.11.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Սիմա Իսկանդարյանի (թիվ ՎԴ/12304/05/21)՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այսինքն, ոստիկանության ծառայողներին վիրավորելու փաստը, որն ըստ էության դրվել է Դատավորին կարգապահական վարույթ հարուցելու հիմքում, ենթակա է քննության դատարանին:
Նշվածները դիտարկելով, որպես համաչափության սկզբունքի տարր հանդիսացող տարբերակման չափանիշներ, այնուամենայնիվ ես ևս գտնում եմ, որ Դատավորը, որպես հասարակության սևեռուն ուշադրության սուբյեկտ, պետք է զսպվածություն ցուցաբերի և մշտապես դրսևորի իր բարձր կոչմանը համապատասխան վարքագիծ, պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, նպաստել հասարակության կողմից դատական համակարգի նկատմամբ ակնկալվող վստահության և հարգանքի ձևավորմանը, ինչպես նաև պարտավոր է կանխատեսել իր վարքագծից ծագող հետևանքները: Ավելին, դատավորը պետք է նաև խուսափի ինչպես անպատշաճ վարքագիծ դրսևորելուց, այնպես էլ այնպիսի գործողություններ իրականացնելուց, որոնք կարող են անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն թողնել:
Միաժամանակ, Խորհուրդը կարգապահական տույժի տեսակը որոշելիս հաշվի չի առել Դատավորի կողմից նախկինում կարգապահական տույժեր չունենալը, ինչը իրավիճակի համարժեք վերլուծության համար ևս կարևոր է:
Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ Դատավորի նկատմամբ պետք է կիրառվեր խախտմանը համաչափ ավելի մեղմ պատասխանատվության միջոց, այն է՝ խիստ նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր է հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ անդամ |
Ս. Չիչոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: