Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.07.15/15(558) Հոդ.193
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 32-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ` ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված էլեկտրոնային քվեարկության իրավական, կիրառական և տեխնիկական չափանիշների վերաբերյալ բացատրական հուշագիրը, Եվրախորհրդի ժողովրդավարության և քաղաքական հարցերի գլխավոր վարչության` էլեկտրոնային քվեարկության հնարավորությամբ ընտրությունների ժամանակ թափանցիկության պահպանման ուղեցույցը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 24.03.22 N 18-Ն)

1. Սահմանել Ազգային ժողովի ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների` էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը և ժամկետները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։

(2-րդ կետը խմբ. 24.03.22 N 18-Ն)

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ` ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Էլեկտրոնային քվեարկության իրականացման հետ կապված հարաբերությունները: Էլեկտրոնային քվեարկությունն Ազգային ժողովի ընտրություններում ընտրական իրավունքն իրացնելու այլընտրանքային հնարավորություն է, որը զուգորդվում է քվեարկության ավանդական եղանակի հետ. քաղաքացին է որոշում քվեարկել նախապես` էլեկտրոնային եղանակով, թե քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոնում:

2. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականացվում է համացանցով (ինտերնետով)` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) համացանցային կայքում` էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9 և ոչ ուշ, քան 7 օր առաջ:

3. Էլեկտրոնային եղանակով քվեարկելով` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, որոնք քվեարկության օրը գտնվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Սույն կարգի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։

(3-րդ կետը խմբ. 24.03.22 N 18-Ն)

4. Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ` Երևանի ժամանակով 08.00-ից և ավարտվում քվեարկության օրվանից 7 օր առաջ` Երևանի ժամանակով 20.00-ին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը:

Դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, իսկ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ:

Սույն կետում նշված ցուցակներում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը), անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Նշված ցուցակները լիազոր մարմին ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:

(5-րդ կետը խմբ. 24.03.22 N 18-Ն)

6. Լիազոր մարմինը ցուցակները ստանալուց հետո ստուգում է ցուցակում ընդգրկված անձանց առկայությունն ընտրողների ռեգիստրում և քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը, որը ստանալուց հետո ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում այն տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը), Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վայրի հասցեն, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվող ցուցակում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը:

Լիազոր մարմնի կողմից քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ընտրողների ռեգիստրում և քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրվող ընտրողների ցուցակում սույն կետի առաջին պարբերությամբ նշված ընտրողների տվյալների դիմաց կատարվում է նշում` «էլ. քվեարկություն» բառերը, ինչը նշանակում է, որ տվյալ ընտրողն ընդգրկված է էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակում:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը ստանալուց ոչ ուշ, քան 10 օր հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրում է էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարներ (այսուհետ` ծրարներ)` ընտրողներին ուղարկելու համար:

Անհատական ծածկագիրն իրենից ներկայացնում է գեներացված եղանակով ստացված վեցանիշ թիվ, որը պատված է պաշտպանիչ շերտով: Անհատական ծածկագրերը պատրաստվում են էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվից յոթով ավելի: Յոթ անհատական ծածկագրերը կիրառվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` էլեկտրոնային քվեարկության համակարգի գաղտնաբառ բանալին ձևավորելու համար:

(7-րդ կետը փոփ. 24.03.22 N 18-Ն)

8. Մինչև ծրարները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը փոխանցելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրն ընդհանուր ծրարներից ընտրում է մեկ ծրար, առանց այն բացելու` ստորագրում ծրարի վրա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված յոթ ծրարները տեղադրվում են տուփում, որը փակվելուց հետո կնքվում է Հանձնաժողովի կնիքով և ստորագրվում Հանձնաժողովի անդամների կողմից: Տուփը պահվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

(8-րդ կետը փոփ. 24.03.22 N 18-Ն)

9. Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողներին փոխանցվելիք ծրարները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կնքված վիճակում: Ծրարում տեղադրվում է նաև էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգի և ժամկետների վերաբերյալ ուղեցույց:

(9-րդ կետը փոփ. 24.03.22 N 18-Ն)

10. Անհատական ծածկագրեր պատրաստող կազմակերպությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է ծածկագրերի ցանկի էլեկտրոնային տարբերակը` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կազմակերպելու համար:

11. Ծրարները պատահական սկզբունքով յուրաքանչյուր ընտրողին ուղարկվում են այնպիսի ժամկետներում, որպեսզի ապահովվի սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետում ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը:

12. Ազգային ժողովի ընտրության քվեաթերթիկի նմուշը հաստատելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույն նիստում հաստատում է նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բացվում է էլեկտրոնային քվեարկության համակարգի գաղտնաբառ բանալին ձևավորող անհատական ծածկագրերի տուփը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները վերցնում են իրենց ծրարները, ստուգում դրանց բացված չլինելու հանգամանքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց ազգանունների այբբենական հերթականությամբ, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ էլեկտրոնային քվեարկությունն ապահովող համակարգ են մուտքագրում իրենց անհատական ծածկագրերը: Հնարավոր սխալներից խուսափելու համար ծածկագիրը մուտքագրվում է երկու անգամ: Համակարգը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ծածկագրերի համակցության արդյունքում ստացված գաղտնաբառ բանալին, որից հետո միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջում տեղադրվում է քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը չի տիրապետում հանձնաժողովի մեկ այլ անդամի ծածկագրին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ծածկագրերը տեղադրվում են առանձին ծրարներում, փակվում, ստորագրվում և նորից տեղադրվում տուփի մեջ, որը փակվելուց հետո կնքվում է Հանձնաժողովի կնիքով և ստորագրվում Հանձնաժողովի անդամների կողմից: Տուփը պահվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

13. Էլեկտրոնային եղանակով քվեարկության ժամանակահատվածում ընտրողը մուտք է գործում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջը և գրանցվում:

 Գրանցումը կատարվում է հետևյալ կերպ. ընտրողը համապատասխան դաշտերում մուտքագրում է անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, որի արդյունքում համակարգը ցուցադրում է ընտրողի անունը, ազգանունը, որից հետո մուտքագրում է ծրարով իրեն փոխանցված անհատական ծածկագիրը: Ծածկագիրը մուտքագրելուց հետո, եթե այն ճիշտ է մուտքագրված, համակարգը առաջարկում է ընտրողին ներմուծել իր` որպես օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը: Ցանկության դեպքում ընտրողը կարող է նշել իր էլեկտրոնային փոստի հասցեն: Օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը մուտքագրելուց հետո ընտրողի համար ապահովվում է համակարգի հասանելիությունը:

Վերոնշյալ գործողություններից հետո ցուցադրվում է էլեկտրոնային քվեաթերթիկը, և ընտրողը քվեարկելու հնարավորություն է ստանում. ընտրողը քվեարկում է գաղտնի: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկել:

Ընտրողը կատարում է իր ընտրությունը` ձայնը տալով Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից միայն մեկին` նշում կատարելով ընտրություններին մասնակցող այն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանման դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Քվեարկությունը կատարելուց հետո համակարգը հաստատում է քվեարկության արդյունքը:

Մինչև էլեկտրոնային քվեարկության սահմանված ժամկետի ավարտը, ընտրողը, մուտք գործելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջ, մուտքագրելով իր` որպես օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը, անսահմանափակ հնարավորություն ունի փոխելու իր քվեն: Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաշվարկվում է էլեկտրոնային քվեարկությամբ տրված վերջին քվեն:

Ընտրությունը հաստատելուց հետո համակարգը ծանուցում է ընտրողին, որ իր ձայնը գրանցվել է և կհաշվարկվի քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում: Եթե ընտրողը գրանցման ժամանակ մուտքագրել է նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա ծանուցում է ուղարկվում նաև ընտրողի էլեկտրոնային փոստի հասցեով, որում նշվում է, որ ընտրողը հնարավորություն ունի, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում քվեարկության ավարտը, մուտք գործել էլեկտրոնային քվեարկության համակարգ, մուտքագրել իր անհատական գաղտնաբառը և հավաստիանալ, որ իր քվեն հաշվի է առնված: Այդ դեպքում քվեարկած քվեաթերթիկը չի ցուցադրվում:

Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ընտրողը, էլեկտրոնային փոստի հասցեի առկայության դեպքում, ստանում է ևս մեկ ծանուցում, որ իր քվեն հաշվարկվել է ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ:

14. Էլեկտրոնային քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հաջորդ օրը` ժամը 12:00-ն, էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է լիազոր մարմին:

Լիազոր մարմինը, համադրելով այն ընտրողների հիմնական ցուցակի հետ, էլեկտրոնային եղանակով քվեարկած ընտրողներին հանում է ընտրողների հիմնական ցուցակից:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմինը տրամադրում է իր տարածքային ստորաբաժանումներին: Այդ ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, քաղվածքներ չեն արվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:

15. Էլեկտրոնային քվեարկության ժամկետի մեկնարկից հետո կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք համարներում ընդգրկված թեկնածուների գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, ընտրական ցուցակից թեկնածուի անունը էլեկտրոնային քվեաթերթիկից հանվում է և էլեկտրոնային քվեաթերթիկն ընտրողի համար էկրանին ցուցադրելուց առաջ` համապատասխան տեղեկատվությամբ հաղորդագրություն է տեղադրվում:

Եթե ընտրողն էլեկտրոնային քվեարկության սահմանված ժամկետում քվեարկել է և հետագայում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչվել, ապա էլեկտրոնային քվեարկության համակարգի ավտոմատացված ծրագիրը համապատասխան հաղորդագրություն է ուղարկում ընտրողի էլեկտրոնային փոստի հասցեին (նման հասցեի առկայության դեպքում) և տեղեկացնում, որ եթե այն կուսակցությունը, կուսակցության դաշինքը, ում գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչվել, ընտրողի նախընտրած կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն է, ապա ցանկության դեպքում ընտրողը մինչև էլեկտրոնային քվեարկության սահմանված ժամկետի ավարտը կարող է փոխել իր քվեն. հակառակ դեպքում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ վերջինիս կողմից քվեարկված քվեաթերթիկը համարվելու է անվավեր:

16. Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփմանը կարող են հետևել դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, այցելուները, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչները:

17. Էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քվեարկության ավարտից հետո` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում բացում է անհատական ծածկագրերի տուփը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները վերցնում են իրենց ծրարները, ստուգում դրանց բացված չլինելու հանգամանքը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց ազգանունների այբբենական հերթականությամբ, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ էլեկտրոնային քվեարկությունն ապահովող համակարգ են մուտքագրում իրենց անհատական ծածկագրերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի բացակայության դեպքում, Հանձնաժողովի մյուս անդամները ստուգում են հանձնաժողովի բացակա անդամի ծրարի փակ լինելու հանգամանքը, ապա բոլորի ներկայությամբ բացվում է ծրարը և հանձնաժողովի անդամներից որևէ մեկը մուտք է անում համապատասխան ծածկագիրը:

Համակարգը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամների ծածկագրերի համակցության արդյունքում ստացված գաղտնաբառ բանալին և այն վավերացնելուց հետո կազմում էլեկտրոնային քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում հանձնաժողովի կնիքով, և արդյունքը մուտքագրվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ որպես արտերկրում քվեարկության արդյունք: Արձանագրությունը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, վստահված անձանց պահանջով նրանց տրվում է արձանագրության պատճենը:

18. Այն քվեաթերթիկները, որոնք չեն ներառի նշում որևէ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքի օգտին, համարվում են անվավեր: Դա հիմք չէ էլեկտրոնային եղանակով քվեարկողի համար ընդգրկվել ընտրողների հիմնական ցուցակում, քանի որ համակարգում բացակայում է կապը քվեաթերթիկի և էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակի միջև:

19. Էլեկտրոնային քվեարկության համակարգն օժտված է վերահաշվարկի հնարավորությամբ: Էլեկտրոնային քվեատուփում գտնվող քվեները պահպանվում են մինչև վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը:

 Էլեկտրոնային քվեարկության վերահաշվարկն իրականացվում է էլեկտրոնային քվեարկության արդյունքները երկրորդ անգամ հաշվարկելու միջոցով: Վերահաշվարկի գործընթացին մասնակցում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, կարող են ներկա լինել դիտորդներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, այցելուներ, վստահված անձինք, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչներ:

20. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը, եթե ներկա է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփմանը, իրավունք ունի բողոքարկելու էլեկտրոնային քվեարկության արդյունքները` Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում:

Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմումատուի անունը, ազգանունը, փոստային հասցեն: Դիմումին կարող են կցվել էլեկտրոնային քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ:

 Էլեկտրոնային քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Էլեկտրոնային քվեարկության վերահաշվարկն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:

21. Արտահերթ և նոր հերթական ընտրությունների ժամանակ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 27 օր առաջ:

Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 24 օր առաջ, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված համապատասխան նշումով ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ տրամադրվում են տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ծրարները տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ցուցակը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո:

(21-րդ կետը փոփ. 24.03.22 N 18-Ն)

22. Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն անցկացնելու դեպքերում էլեկտրոնային եղանակով քվեարկողները քվեարկությանը մասնակցում են իրենց կողմից նախկինում օգտագործած օգտվողի անունով և անհատական գաղտնաբառով:

23. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` էլեկտրոնային քվեարկության համապատասխան էջում, ընտրողների համար տեղադրվում է ծանուցում` էլեկտրոնային քվեարկության կարգի և ժամկետների մասին:

24. Էլեկտրոնային քվեարկության ողջ գործընթացը բաց, թափանցիկ և հրապարակային դարձնելու և հանրային վստահությունն ապահովելու նպատակով էլեկտրոնային քվեարկության ծրագրային կոդերը տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Էլեկտրոնային քվեարկության համակարգը ապահովում է էլեկտրոնային քվեատուփում գտնվող և հետագայում հաշվարկվող քվեների անանունությունը և ընտրողի ու իր քվեի միջև կապի վերակառուցման անհնարինությունը:

(հավելվածը խմբ., փոփ. 24.03.22 N 18-Ն)