Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-101
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.11.2004-01.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/8
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«14» փետրվարի 1994թ. Հ.Ն.-1005-1

 

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Գ լ ու խ  1. Հարկման օբյեկտը եՎ վճարողները

 

Հոդված 1. Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողները:

Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:

Հոդված 2. Գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը:

Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է հանդիսանում հողի կադաստրային գնահատման արժեքը:

 

Գ լ ու խ  2. Հողի հարկի դրույքաչափերը ԵՎ հաշվարկման կարգը

 

 Հոդված 3. Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:

Հոդված 4. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

Հոդված 5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով`

ա) արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով`

- բնակավայրերի ներսում` 1 տոկոս.

- բնակավայրերից դուրս` 0,5 տոկոս.

 բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով.

 գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:

Հոդված 6. Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են` շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:

Հոդված 7. Գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Նրանք ազատվում են շահութահարկից (եկամտահարկից), բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 10 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից (եկամտահարկից): Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում:

(7-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11, 27.09.04 ՀՕ-115-Ն)

Հոդված 8. Հողի հարկը հաշվարկվում է սկսած հողակտորի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեռքբերման հաջորդ ամսից:

Հոդված 9. Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնություն ունեցող սուբյեկտը հարկի վճարումից ազատվում է այն ամսից, երբ ծագել է արտոնության իրավունքը:

Հաշվետու տարվա ընթացքում հողի հարկի վճարման գծով արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսից:

 

Գ լ ու խ  3. Հողի հարկի արտոնությունները

 

Հոդված 10. Հողի հարկից ազատվում են`

ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.

բ) հողային ռեֆորմի և սեփականաշնորհման ընթացքում ձևավորված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները` հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում.

գ) հողի այն սեփականատերերը, մշտական և ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր` այդ ժամկետի ընթացքում.

դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ և այլն).

ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) և դպրոցներին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.

զ) նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)` դրանց տարածքը 0,1 հեկտար և ավելի լինելու դեպքում:

է) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի:

(10-րդ հոդվածը լրաց. 05.04.00 ՀՕ-50) 

Հոդված 11. Հողի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են`

ա) գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման ձեռնարկությունները, կայանները և հենակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եկամտահարկի վճարումից ազատված քաղաքացիները` սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի համար:

 

Գ լ ու խ  4. Հողի հարկի հաշվարկման ԵՎ վճարման կարգը

 

 Հոդված 12. Հողի հարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում հողի սեփականության, մշտական կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:

Հոդված 13. Ձեռնարկությունները (բացառությամբ գյուղատնտեսական), հիմնարկները, կազմակերպությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը, հարկային պետական տեսչության մարմիններին են ներկայացնում հաշվարկներ` հարկման ենթակա յուրաքանչյուր հողամասի համար:

Նոր հատկացված հողամասի հարկման վերաբերյալ հաշվարկները ներկայացվում են հողօգտագործման իրավունքի ձեռքբերման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 14. Քաղաքացիները և գյուղացիական տնտեսությունները հողի հարկը հաշվարկում են ինքնուրույն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից հաշվարկված և մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը իրենց հանձնված վճարման ծանուցագրերը:

Հոդված 15. Վճարողների հաշվառումը և հողի հարկի հաշվարկումը կատարվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ:

Հարկային պետական տեսչության մարմիններն իրականացնում են վճարողների հաշվառում, վերահսկողություն են սահմանում հարկի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման նկատմամբ:

Հոդված 16. Հաշվարկված հարկի գումարները քաղաքացիներն ու գյուղացիական տնտեսությունները պետական բյուջե են վճարում հավասար մասերով, ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը, իսկ ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` եռամսյակը մեկ անգամ, մինչև հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:

Հոդված 17. Հողի հարկի վճարումը պետական բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ լ ու խ  5. Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար վճարողները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. (հոդվածն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-44-Ն)

Հոդված 20. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների, գյուղատնտեսության և արդարադատության նախարարությունների հետ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

27 ապրիլի 1994 թ.

ՀՕ-101

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան