ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-56/07 |
ՎԲ-56/07 | ||
ՔԳՀ N-104/06 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
դատավորներ` |
Դ. Ավետիսյանի | |
Հ. ասատրյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի | |
|
քարտուղար` մասնակցությամբ բողոք բերող անձ` |
Ք. Մ արտիրոսյանիԷ. Կիրակոսյանի |
2007 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էմմա Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 22-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Էմմա Կիրակոսյանի հայտարարության հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում, նյութերի նախապատրաստման արդյունքում 2006 թվականի հունիսի 23-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 37 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված որոշման դեմ Էմմա Կիրակոսյանը 14.07.2006թ. բողոք է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի օգոստոսի 04-ի որոշմամբ բողոքը մերժել է։
Առաջին ատյանի դատարանի որոշումը Է.Կիրակոսյանը բողոքարկել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը 2006 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության, նկատի ունենալով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի պահանջի համաձայն հետաքննության աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դեմ բողոքներ կարող են ներկայացվել դատարան, ինչը և արվել է բողոքաբերի կողմից, և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը բողոքի հիման վրա կայացրած որոշումների հետագա բողոքարկում չի նախատեսում։
Է.Կիրակոսյանը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ 28.08.2006թ. վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 13.10.2006թ. որոշմամբ վերադարձվել է։ Է.Կիրակոսյանը 22.02.2007թ. կրկին դիմել է Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ բողոքը 2007 թվականի մարտի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2. Գործի փաստական հանգամանքները.
Էմմա Կիրակոսյանը հայտարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժին այն մասին, որ 27.04.2006թ. ժամը 16.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կովկասյան փողոցի 78 տան բակում իր հարևաններ Օնիկ և Դուստրիկ Գրիգորյանները հարվածներ են հասցրել իր դեմքի և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնցով հաստատվել է, որ Է.Կիրակոսյանը ստացել է վերին շրթունքի արյունազեղում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում։
Էմմա Կիրակոսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնավորվել է Օնիկ Գրիգորյանի կողմից Է.Կիրակոսյանին դիտավորությամբ հարվածներ հասցնելու հանգամանքը, սակայն նկատի ունենալով, որ վերջինիս գործողություններով էական վնաս չի պատճառվել, ելնելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 37 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 37 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից, 23.06.2006թ. որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքի, առաջին ատյանի դատարանի որոշման դեմ 15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է առանց քննության՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը վերաքննիչ բողոքարկում չի նախատեսում հիմնավորմամբ, որով թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ։
Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար, նաև ստորադաս դատարանների կողմից սույն գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները կարող են առաջացնել ծանր հետևանքներ, Էմմա Կիրակոսյանը խնդրում է բեկանել և ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 22.08.2006թ. որոշումը և գործը վերադարձնել վերաքննիչ դատարան ՝ այլ կազմով քննության։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
Դիմող Էմմա Կիրակոսյանը, բողոքարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, հիմնվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի վրա։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածը չի ամրագրում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։
Այնուհանդերձ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախնական քննություն իրականացնող մարմնի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածով, այլ նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածով, 384 հոդվածով և այլն։
Մասնավորապես, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։
Ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 384 հոդվածի` «Սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»։ Իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6 հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։
Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը շարունակելը կամ գործը լուծելը ըստ էության։
Ներկայացված նյութերից երևում է, որ Է.Կիրակոսյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին էլ. այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։
Բացի այդ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ « Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն»։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածը Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը քննելու հնարավորությունը չի բացառում։
Հետևաբար Է.Կիրակոսյանը իրավունք ուներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ նրա վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորության, Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու իրավաչափության հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92 հոդվածով, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Էմմա Կիրակոսյանի բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան ըստ էության քննելու համար։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. Սահակյան |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան |
Հ. ասատրյան | |
Մ. Սիմոնյան | |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|