ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19761/02/20 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19761/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի հոկտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ռոյալսիս Էնջինիրինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի` 10.06.2020 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2020/99 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի 10.06.2020 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2020/99 որոշումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 30.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2021 թվականի որոշմամբ Դատարանի 30.12.2020 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է (դատավոր Կ. Չիլինգարյանը շարադրել է հատուկ կարծիք):
Վերաքննիչ դատարանի 21.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Հասմիկ Ենգոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային պրակտիկայով ամրագրվել է այն մոտեցումը, համաձայն որի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում բողոք բերող անձի վրա չի կարող դրվել բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե բողոքը բովանդակային փոփոխության չի ենթարկվել և այն նախկինում արդեն իսկ ուղարկված է եղել վերջիններիս:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ բողոքարկվող որոշման մեջ տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/1373/02/19 քաղաքացիական գործով 01.07.2020 թվականի որոշմամբ տվյալ իրավանորմերին տրված մեկնաբանությանը, հետևաբար Վերաքննիչ դատարանը շեղվել է ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից՝ առանց հիմնավորելու նման շեղումը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը բովանդակային փոփոխության չի ենթարկվել և այն նախկինում արդեն իսկ ուղարկված է եղել գործին մասնակցող անձանց:
Վերաքննիչ դատարանի կողմից որևէ ձևական պահանջի խախտման հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն առանց բովանդակային փոփոխության կրկին ներկայացվելու դեպքում բողոքը գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու անհրաժեշտության բացակայության պայմաններում բողոքի ընդունումը մերժելը բողոքը գործին մասնակցող անձանց կրկին չուղարկելու պատճառաբանությամբ դատավարական իրավունքի նորմի խախտում է, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին և 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ/1373/02/19 քաղաքացիական գործով 01.06.2020 թվականի որոշմամբ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը։ Միաժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում վերաքննիչ բողոքի բովանդակությանը, արդյո՞ք խախտումը շտկելուց հետո նոր բողոք ներկայացնելիս վերջինս պարտավոր է բողոքի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Բելլետն ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25, Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը): Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Դումիտրու Ջեորջն ըննդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները:
Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են`(...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (...)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
Վերը նշված հոդվածները վերլուծելով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի՝ դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի՝ վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն՝ վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:
Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն՝ գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:
Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե՝ չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի՝ զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «….երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):
Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):
Հավելելով վերը նշվածին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկով արձանագրել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի՝ իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը՝ գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու՝ արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում բողոք բերող անձի վրա չի կարող դրվել բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե բողոքը բովանդակային փոփոխության չի ենթարկվել և այն նախկինում արդեն իսկ ուղարկված է եղել վերջիններիս: Հետևաբար, եթե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները բողոք բերող անձի կողմից վերացվել են ամբողջությամբ և ներկայացվել է նույնաբովանդակ բողոք, որի պատճենը նախկինում ուղարկված է եղել գործին մասնակցող անձանց, ապա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի կարող վերադարձնել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը՝ դրա պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, նույնաբովանդակ բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց չուղարկելու հետևանքով վերջիններիս իրավունքների խախտման մասին խոսք լինել չի կարող, քանի որ բողոքի բովանդակությունը նախկինում նրանց հասանելի լինելու պարագայում ապահովված է բողոքում ներկայացված պահանջներից արդյունավետորեն պաշտպանվելու գործին մասնակցող անձանց իրավունքի իրացման հնարավորությունը (տե՛ս, «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի թիվ ԼԴ/1373/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2020 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս որոշիչ նշանակություն է ունենում վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար արձանագրված խախտումների բացահայտումը, քանի որ վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը: Այսինքն, կարևորելով անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալների երաշխավորումը, օրենսդիրը սահմանել է օրենքի պահանջներին չհամապատասխանող վերաքննիչ բողոքը վերադարձնելու կանոն՝ հնարավորություն ընձեռելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված բոլոր թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:
Այսպիսով, վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքը կրկին ներկայացնելիս բողոք բերող անձը պարտավոր է ամբողջությամբ վերացնել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված խախտումները, հակառակ դեպքում վերջինս կզրկվի դատական պաշտպանության իրավունքի իրականացման հնարավորությունից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարանի 30.12.2020 թվականին թվագրված և 14.01.2021 թվականին հրապարակված վճռի դեմ Ընկերությունը 19.02.2021 թվականին առձեռն հանձնման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով 19.02.2021 թվականի փոստային անդորրագրերը, բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ ապացույցները, ինչպես նաև Ընկերության կողմից Հասմիկ Ենգոյանին 20.01.2021 թվականին տրված լիազորագիրն ու վերջինիս փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագրի պատճենը (գ.թ. 130-138):
Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը բողոքին կից չի ներկայացրել պետական տուրքը (10.000 ՀՀ դրամ) վճարելու մասին ապացույցը, բողոքին կից չի ներկայացվել նաև պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, բացի դրանից բողոքին կից ներկայացվել է Ընկերության կողմից բողոքը ստորագրած անձին` փաստաբան Հասմիկ Ենգոյանին տրված լիազորագրի պատշաճ չվավերացված պատճենը (գունավոր լուսապատճենը):
Ընկերությունը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով ինչպես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնպես էլ 19.02.2021 թվականի փոստային անդորրագրերը՝ բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ, ինչպես նաև Ընկերության կողմից Հասմիկ Ենգոյանին 20.01.2021 թվականին տրված լիազորագիրն ու վերջինիս փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագրի պատճենը (գ.թ. 149-160):
Վերաքննիչ դատարանի 21.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը թույլ է տվել նոր խախտում` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցել դրա օրինակը պատասխանողին ուղարկելու փաստը հաստատող որևէ ապացույց (ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին` առաքանի թիվ 3155, կոդը` «RR289897613AM», ապա դրանով հավաստվում է միայն 19.02.2021 թվականին սկզբնապես ներկայացված բողոքը պատասխանողին ուղարկված լինելու փաստը, և այն վերաբերելի չէ 09.04.2021 թվականին կրկին ներկայացված բողոքին), բացի այդ, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել այն ստորագրած անձի` Հասմիկ Ենգոյանի, Ընկերության անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց (ինչ վերաբերում է կրկին ներկայացված լիազորագրին, ապա այն սկզբնապես ներկայացված բողոքին կցված նույն լիազորագիրն է, որի առնչությամբ խախտում է արձանագրվել Վերաքննիչ դատարանի 17․03․2021 թվականի որոշմամբ):
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում արված եզրահանգման հիմնավորվածությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Ընկերության կողմից առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է պետական տուրքը վճարված չլինելու, պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու, ինչպես նաև ներկայացված լիազորագիրը չվավերացված գունավոր լուսապատճեն համարելու պատճառներով:
Ընկերությունը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վերացնելով պետական տուրքին վերաբերվող խախտումը, բողոքին կցել է լիազորագիրն ու արտոնագիրը, ինչպես նաև բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանին և Դատարանին ուղարկելու վերաբերյալ 19.02.2021 թվականի փոստային անդորրագրերը:
Այսպիսով, սույն գործում առկա՝ ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքների ուսումնասիրման արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք նույնաբովանդակ են: Այսինքն՝ բողոքաբերի կողմից բովանդակային առումով նոր բողոք չի ներկայացվել, ավելին, սկզբնական բողոքում արձանագրված խախտումները չեն վերաբերվել նաև բողոքի բովանդակությանը, հետևաբար կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը տվյալ պարագայում պատասխանողին չուղարկելը հիմք չէ բողոքի ընդունումը մերժելու համար։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել այն ստորագրած անձի` Հասմիկ Ենգոյանի՝ Ընկերության անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց, իսկ կրկին ներկայացված լիազորագիրը սկզբնապես ներկայացված բողոքին կցված նույն լիազորագիրն է, որի առնչությամբ խախտում է արձանագրվել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հիշյալ եզրահանգումը անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը որևէ ապացույցով չի հիմնավորել ներկայացված լիազորագրի` լուսապատճեն լինելու մասին իր հետևությունը, իսկ ներկայացված լիազորագրի գունավոր լուսապատճեն լինելու հանգամանքն առերևույթ ակնհայտ չէ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և վերաքննիչ ատյանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանն ըստ էության, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը նույն բովանդակությամբ կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը չպետք է մեկնաբանվի տառացի՝ զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: Այս հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմերին ուղարկելու իր պարտականությունը, հետևաբար նույն կողմերին այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջը ոչ միայն անհիմն է, այլ նաև անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին: Ավելին, բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն բովանդակությունն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել իրավաչափ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է մերժել Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրա` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: