ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Քրեական գործ ՎԲ-328/06 | ||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ |
Մ. Խաչատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | ||
|
|
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ | ||
|
|
Ս. Օհանյանի |
|
քարտուղար |
Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ |
|
մասնակցությամբ դատախազ |
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ |
22 դեկտեմբերի 2006 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Յուրի Սուրենի Մկրտչյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 10-ի դատավճռով Յուրի Մկրտչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին և 271-րդ հոդվածի 1-ին մասերով, նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով և 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ այդ պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված, սակայն ոչ ամբողջությամբ կրած պատժի մի մասը և, ի վերջո, սահմանվել է ազատազրկում` 2 /երկու/ տարի 8 /ութ/ ամիս ժամկետով և տուգանք` 100.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով։ Միաժամանակ նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում թմրամոլությունից, որը պետք է իրականացվի պատժի կրման ընթացքում։
2006 թվականի հունիսի 30-ին Յու.Մկրտչյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` հարկադիր բուժման համար։
2006 թվականի սեպտեմբերի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովի կազմած մասնագիտական թիվ 43 ակտի համաձայն` դատապարտյալն ընդունել է հակաթմրամոլային բուժման լրիվ կուրս, և նրա բուժումն ավարտված է։
Հիմք ընդունելով հանձնաժողովի ակտը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2006 թվականի սեպտեմբերի 13-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Յու.Մկրտչյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին։
2006 թվականի սեպտեմբերի 27-ի դատական նիստում քննելով Յու.Մկրտչյանի հարկադիր բուժումը դադարեցնելու մասին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է այն։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 20.11.06 թվականին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 23.11.06 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2. Գործի փաստական հանգամանքները.
Դատապարտյալ Յուրի Մկրտչյանը, նախկինում լինելով 3 անգամ դատապարտված, այդ թվում` նաև գողության համար, պատիժը դեռևս լրիվ չկրած, կատարել է նոր հանցագործություն, այն է` 2006 թվականի մարտի 2-ին փորձել է «Վանաձոր» երկաթգծի կայարանի 10-րդ բեռնատար գծի տարածքից գողանալ 10 հատ 5.500 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մետաղյա տակդիրներ, սակայն բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Բացի այդ, 2005 թվականի հոկտեմբերի վերջին Վանաձորի հին գերեզմանատան տարածքից քաղել է կանեփի տերևներ, որոնցից ապօրինաբար պատրաստել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասն առանց բժշկի նշանակման օգտագործել է, իսկ մի մասն էլ` 3,5 գրամը, պահել է իր մոտ։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոք բերած անձի` առաջին ատյանի դատարանը Յու.Մկրտչյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին միջնորդագիրը 27.09.06 թվականի դատական նիստում քննելիս դատախազին մասնակից չի դարձրել, այսինքն` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ և 432-րդ հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց` դատական որոշումների հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատախազի մասնակցությամբ։
Բողոք բերած անձը, պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նյութերով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար, խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
Օրինականությունն իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Այդ սկզբունքն իր իրավական ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածում, որտեղ նշված է, որ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող մյուս անձինք պարտավոր են պահպանել ՀՀ Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն հետաքննության և դատաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատարանի որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, իսկ ըստ 54-րդ հոդվածի 4-րդ մասի` դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումների ի կատար ածելու հետ կապված հարցերը քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի` դատական որոշման կատարման հետ կապված հարցերը դատական նիստում քննության ենթարկելիս սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազի մասնակցությունը պարտադիր է։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, անտեսելով օրենքի վերոհիշյալ պահանջները, 2006 թվականի սեպտեմբերի 27-ին քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդությունը` Յու.Մկրտչյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի մայիսի 10-ի դատավճռով նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու մասին, դատական նիստին դատախազին մասնակից չի դարձրել, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 398-րդ հոդվածի համաձայն` նշված խախտումը հիմք է առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նյութերը նոր դատական քննության վերադարձնելու համար։
Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի միատեսակ կիրառման համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-407-րդ, 415-419-րդ, 421-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել։
Յուրի Սուրենի Մկրտչյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը բեկանել և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Դատավորներ` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ | |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | |
Մ. ՍԻՄՈՆՅԱՆ | |
Ս. Օհանյան |