ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
15 մարտի 2022 թ. |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպանի,
գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի և 68-րդ հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ` նաև Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի հունվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
Օրենքի «Որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը» վերտառությամբ 62-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է.
«9. Եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում»:
Օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը փոփոխությունների և/կամ լրացումների չի ենթարկվել:
Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` նաև Դիմող)՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենքի համապատասխան դրույթները ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը նշում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին իր կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում՝ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով: Նշված գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է հետևյալ տեղեկատվությունը. «Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում քննության է առել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, և հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ նշված դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվել է նիստերի դահլիճում»:
Վկայակոչելով Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև ՄԻԵԴ) համապատասխան վճիռներով ներկայացրած դիրքորոշումները` Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարան դիմելն անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության առանցքային միջոց է։
Վիճարկվող կարգավորումը դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի լույսի ներքո՝ Դիմողը փաստում է. «(...) Սահմանադրական դատարանին դիմելով, Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված սուբյեկտներն ակնկալում են իրենց ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնում սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով: Սահմանադրական դատարան ներկայացված իրենց դիմումի քննության ընդունումն էլ ավելի է ամրապնդում այդ ակնկալիքը, քանի որ ենթադրելի է, որ Սահմանադրական դատարանն իրենց դիմումի քննության արդյունքում կայացնելու է գործն ըստ էության լուծող, որոշակի բովանդակություն ունեցող որոշում, որով վիճարկվող նորմը կա՛մ ճանաչվելու է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կա՛մ առնվազն ՍԴ պատճառաբանված որոշմամբ հիմնավորվելու է նորմի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը»:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում այն անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայման հիմք է, որով խախտվել են վերջինիս իրավունքները, մինչդեռ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունելը զրկում է անձին խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունից՝ ոտնահարելով արդար դատաքննության և դրա տարր հանդիսացող դատարանի մատչելիության ու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավունքները։ Ընդ որում՝ Դիմողը նկատում է, որ խնդրահարույց է ոչ միայն որոշման եզրափակիչ մասի, այլ նաև պատճառաբանական մասում շարադրման ենթակա դիրքորոշումների բացակայությունը, որոնք իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական նորմերի պաշտոնական մեկնաբանություններ։
Դիմողն առանձնակի արժևորում է Սահմանադրական դատարանի որոշումների ուղենիշային դերն ու իրավունքների խախտման բացառման համար կանխարգելիչ բնույթ ունենալը։ Վերջնական դատական ակտի կատարումն արդար դատաքննության իրավունքի և դրա բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի անբաժանելի մաս դիտարկելով, ինչպես նաև վկայակոչելով այս առնչությամբ ՄԻԵԴ համապատասխան դիրքորոշումները՝ Դիմողը կոնկրետ գործով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում կայացնելն այս հիմնավորման լույսի ներքո ևս դիտարկում է արդար դատաքննության իրավունքի տարր։
Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Դիմողը եզրահանգում է, որ Օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրության 61 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով Սահմանադրական դատարանում քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով դիմումը մերժված համարելը ոտնահարում է դատական պաշտպանության յուրաքանչյուրի իրավունքը:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ` նաև Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 61, 81 և 167-րդ հոդվածները, ինչպես նաև սահմանադրական արդարադատության իրավական բովանդակությունը բացահայտող Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումները, գտնում է, որ սահմանադրական արդարադատությունը մարդու իրավունքների պաշտպանության ամենաարդյունավետ միջոցն է, որի նպատակն անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության համակարգի գործունակության ապահովումն է։
Կոլեգիալությունը դիտարկելով իբրև Սահմանադրական դատարանում գործի քննության սկզբունք՝ Պատասխանողը վիճարկվող կարգավորման հիմնավորման հիմքում դնում է օրենքների սահմանադրականության կանխավարկածը՝ եզրահանգելով, որ այն դեպքում, երբ քննարկվող հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից ձայների մեծամասնությամբ չի ձևավորվում վիճարկվող նորմի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համոզմունք, ապա դիմումը պետք է համարվի մերժված։
Պատասխանողը գտնում է. «Օրենքի հակասահմանադրականության ապացուցման բեռը կրում է նա, ով բարձրացնում է դրույթի հակասահմանադրականության հարց՝ նշելով բացասական բոլոր հնարավոր հիմքերը:
(…)
Օրենքների սահմանադրականության կանխավարկածը հանգեցնում է կասկածի դեպքում օրենքը Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանելու պահանջին: Այսինքն՝ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության մոտ համոզմունք չի ձևավորվում վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ապա գործում է տվյալ դրույթի Սահմանադրությանը համապատասխանելու կանխավարկածը»:
Այս համատեքստում Պատասխանողը նկատում է նաև, որ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով դիմումը մերժված համարվելու պարագայում, փաստորեն, արձանագրվում է անձի սահմանադրական իրավունքների խախտման բացակայությունը։
Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը եզրակացնում է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում են Սահմանադրությանը:
3. Սահմանադրաիրավական վեճի շրջանակները
Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.
- արդյո՞ք վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման գործով Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու դեպքում դիմումը մերժված համարելու վերաբերյալ իրավակարգավորմամբ խաթարվում է Սահմանադրությամբ երաշխավորված` անձի դատական պաշտպանության իրավունքը:
4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
4.1. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257) անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրականության հիմնախնդիրներին` դրանք քննարկելով իբրև դատական պաշտպանության իրավունքի հիմնարար բաղադրատարրեր:
Սահմանադրական դատարանը, մասնավորապես, 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719, 2019 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1439 որոշումներում անդրադառնալով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրացմանը, նշել է, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական այն հիմնարար իրավունքներից են, որոնց իրացմամբ երաշխավորվում են սահմանադրական մի շարք այլ իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, ուստի՝ «(…) Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից»:
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական էությանը, 2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշմամբ ընդհանրացնելով և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ, փաստել է.
«- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (...)»:
4.2. Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Հիշյալ սահմանադրաիրավական նորմերն ուղղակիորեն սահմանում են, որ Սահմանադրական դատարանը` որպես իրավական համակարգում Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմին, իրականացնում է սահմանադրական արդարադատություն: Սահմանադրական արդարադատության միջոցով երաշխավորվում է Սահմանադրության գերակայությունը, ապահովվում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Սահմանադրական արդարադատության իրականացումն առհասարակ, և հատկապես՝ Սահմանադրությամբ հատկորոշված նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելը Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է: Ընդ որում` սահմանադրական արդարադատության արդյունքում կայացվող ակտերը հանրային նշանակության առումով ևս բացառիկ են, քանզի ուղղված են ոչ միայն կոնկրետ գործով անձի իրավունքների, այլ նաև ողջ հանրության շահերի պաշտպանությանն ու իրավունքի գերակայության և սահմանադրական իրավակարգի ապահովմանը:
Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և դրա առանձնահատկությունների բովանդակության վերաբերյալ 2006 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 որոշմամբ Սահմանադրական դատարանն ուղղակիորեն հատկորոշել է, որ` «(…) Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանին է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով իրավասություն վերապահված Սահմանադրության դրույթների վերաբերյալ վերջնական իրավական դիրքորոշում ներկայացնել` նորմատիվ ակտերի սահմանադրականությունը գնահատելիս: Այդ իրավական դիրքորոշումների բովանդակությունը սահմանադրական նորմի պաշտոնական մեկնաբանությունն է»:
«ՀՀ սահմանադրական դատարանն օժտված է սահմանադրաիրավական առանձնահատուկ կարգավիճակով, որը պայմանավորված է պետական իշխանության մարմինների համակարգում իր ունեցած տեղով, դերով և դրան համապատասխան լիազորություններով (ՀՀ Սահմանադրության 92 և 100-րդ հոդվածներ): Որպես դատական մարմին բացառապես սահմանադրական դատարանին է իրավասություն վերապահված իրականացնել սահմանադրական արդարադատություն (ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդված): Սահմանադրական դատարանը կոչված է ապահովելու ՀՀ Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը, որի արդյունքում ընդունում է որոշումներ (եզրակացություններ): Այդ ակտերը ՀՀ իրավական համակարգում ունեն իրենց առանձնահատուկ տեղն ու դերը՝ թե՜ բովանդակությամբ, իրավակարգավորիչ նշանակությամբ և թեԲ ունեցած իրավական հետևանքների առումներով: Դրանցով կարգավորվող հարաբերությունները վերաբերում են հասարակական կյանքի բոլոր բնագավառներին և իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտներին: Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման անհապաղ (կամ դատարանի կողմից նախանշված ժամկետներում) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և ենթակա չեն քննարկման (վիճարկման, քննության) պետական, տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի, կազմակերպության կամ անհատի կողմից» (2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշում):
Գործող սահմանադրաիրավական կարգավորումները երաշխավորում են անձի` Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը՝ սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքը դիտարկելով իբրև մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք:
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի առարկայական ոլորտում է գտնվում նաև վերջինիս կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը: Ընդ որում` դատական պաշտպանության իրավունքը երաշխավորվում է ոչ միայն դատարան դիմելու հնարավորություն ապահովելով, այլ նաև վեճին վերջնական լուծում տալու իրական հնարավորության գոյությամբ:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքն ընդգրկում է նաև նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում ստանալու իրավունքը:
4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության հարցը մի կողմից՝ գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ սահմանադրական կարգավորումների տիրույթում։
Սահմանադրական դատարանի կողմից օրենքների և Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում նշված այլ նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով դատավորների ձայների հավասարության պատճառով ըստ էության որոշում չընդունվելու հետևանքով դիմումը մերժված համարելու կարգավորման իրավաչափության պարզման համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, նախ, անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշումների ընդունման ընթացակարգին:
Այսպես` Սահմանադրության 170-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրել է, որ Սահմանադրական արդարադատության իրականացման արդյունքում ընդունվող ակտերն են որոշումներն ու եզրակացությունները: Սահմանադիրը նախատեսել է նաև Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող ակտերի համար անհրաժեշտ ձայների քանակը, մասնավորապես` հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հարցերով որոշումները, եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումները՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Օրենքի 37-րդ հոդվածով սահմանվում է Սահմանադրական դատարանի նիստի իրավազորությունը։ Համաձայն վկայակոչված հոդվածի 2-րդ մասի` նիստն իրավազոր է, եթե ապահովված է տվյալ գործով որոշում ընդունելու համար նույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված քվորումը: Օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:
Վերոնշյալ իրավակարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ սահմանադիրը, իբրև սահմանադրական արդարադատության եզրափակում համարել է որոշումների կամ եզրակացությունների ընդունումը` նախատեսելով նաև Սահմանադրական դատարանի դատավորների այն անհրաժեշտ քանակի ձայները, որոնց առկայությունն է միայն արտահայտում այդ մարմնի կամքը՝ քննության առարկա հարցի վերջնական լուծման վերաբերյալ: Հետևաբար` նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ վերջնական որոշում Սահմանադրական դատարանի կողմից կարող է ընդունվել բացառապես դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության առկայության դեպքում: Այսինքն` բացառությամբ որոշ դեպքերի, Սահմանադրական դատարանի նիստն իրավազոր է և, հետևապես, Դատարանը «կարողություն ունի» քննվող հարցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունել, ուստի և՝ որոշումը կարող է համարվել ընդունված, եթե Սահմանադրական դատարանի նիստին ներկա են և որոշման օգտին քվեարկել են առնվազն հինգ դատավոր:
4.4. Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումների և եզրակացությունների ընդունման համար Սահմանադրական դատարանի դատավորների անհրաժեշտ քանակի ձայների՝ Սահմանադրությամբ նախատեսված լինելն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է Սահմանադրական դատարանի` իբրև կոլեգիալ մարմնի անդամների ձայների այնպիսի անհրաժեշտ քանակի առկայության ապահովման նպատակ, որի գոյությունը պարտադիր է քննության առարկա հարցի վերաբերյալ տվյալ մարմնի կամքը պարտադիր ուժ ունեցող վերջնական դատական ակտի շրջանակներում արտացոլելու համար:
Հաշվի առնելով այն բացառիկ լիազորությունը, որով օժտված է Սահմանադրական դատարանը՝ համապատասխան որոշումներով Սահմանադրության մեկնաբանության լույսի ներքո ներազդելու, մասնավորապես, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կամարտահայտության արդյունքով ձևավորված որևէ նորմի բովանդակության բացահայտման և ընկալման վրա կամ այն առհասարակ իրավունքի համակարգից վերացնելու, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադիրը նախանշել է այն նվազագույն ձայների քանակը, որի պարագայում կապահովվի այդպիսի «միջամտության» լեգիտիմությունն ու հավասարակշռող նշանակությունը:
Սահմանադրական դատարանը՝ որպես կոլեգիալության սահմանադրա-իրավական սկզբունքի հիման վրա գործող մարմին, նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ գաղտնի քվեարկության արդյունքում հանրությանն է ներկայացնում իր այն որոշումը, որն ընդունվել է դատավորների ձայների մեծամասնության արդյունքում։ Ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու սահմանադրաիրավական պահանջն ուղղված է Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային իշխանության վստահության՝ ժողովրդավարական պետության համար ընդունելի բարձր աստիճանի ապահովմանը։
Սահմանադրական դատարանը համանման դիրքորոշում է հայտնել նաև 2017 թվականի նոյեմբերի 10-ի ՍԴՈ-1384 որոշմամբ, որի շրջանակներում անդրադառնալով հանրային իշխանության կոլեգիալ մարմնի գործունեության առանձնահատկություններին` արձանագրել է. «(…) վեճի առարկա իրավակարգավորումների առանձնահատկություններն առաջին հերթին պայմանավորված են ընդհանրապես հանրային իշխանության կոլեգիալ մարմնի և, մասնավորապես՝ համայնքի ավագանու իրավազորության որոշման հստակեցմամբ, ելնելով հատկապես այն մեկնակետից, որ «քվորումը» հանրային իշխանության կոլեգիալ (ներկայացուցչական) մարմնի կամաարտահայտման իրացման (այս կամ այն լիազորության իրականացման) առաջնահերթ (պարտադիր) իրավական պայմանն է:
Իրավագիտական առումով «կոլեգիալություն» եզրույթի բնորոշումը հիմնականում հանգում է հետևյալին. կոլեգիալությունը կառավարման սկզբունք է, որի պայմաններում ղեկավարումն իրականացվում է մի խումբ լիազորված անձանց կողմից։ Կոլեգիալության կարգով որոշումների կայացումը ենթադրում է կարծիքների նախնական քննարկում և կոլեկտիվ քննարկման արդյունքում պաշտոնական փաստաթղթի մշակում ու ընդունում։
Հանրային իշխանության իրականացումն ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ սկզբունքներով սահմանադրաիրավական պայման է, որն անմիջականորեն բխում է ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածի իրավակարգավորումից և պայմանավորված է կառավարման ժողովրդավարական սկզբունքների շարունակական իրացման անհրաժեշտությամբ: Կոլեգիալ կառավարման անհրաժեշտությունը, մասնավորապես, նպատակ ունի բազմակարծության ապահովման (2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդված), սուբյեկտիվիզմի և կամայականության հաղթահարման, ինչպես նաև հանրության օբյեկտիվ շահերի առավել արտահայտման միջոցներով երաշխավորել տվյալ մարմնի առջև Սահմանադրությամբ և օրենքներով առաջադրված հանրային կարևորություն ունեցող գործառույթների արդյունավետ իրականացումը։
Ելնելով այս կամ այն մարմնի իրավական կարգավիճակի (գործառույթների շրջանակի) առանձնահատկություններից՝ հանրային իշխանության բնագավառում կոլեգիալ և միանձնյա կառավարման տարանջատման չափանիշներից են հանրային իշխանության մարմինների կողմից ընդունվող պաշտոնական փաստաթղթերի (որոշումների) ընդունման պայմաններն ու կարգը: Կոլեգիալ մարմինների հանրային-իշխանական գործունեության կարգավորման հիմքում առաջնահերթ կարևորվում են որոշում (կամ պաշտոնական այլ փաստաթուղթ) ընդունելու իրավական անհրաժեշտությունը, իսկ որոշ դեպքերում՝ հրատապությունը, մյուս կողմից՝ օբյեկտիվ պատճառներով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում այդ մարմնի բնականոն գործունեությունն ապահովող նվազագույն պայմանների, այն է՝ կոլեգիալ մարմնի անհրաժեշտ նվազագույն թվով անդամների մասնակցությամբ որոշումների ընդունման երաշխավորումը։ Ընդ որում, դեպքերից որևէ մեկին նախապատվություն չի կարող տրվել։ Անհրաժեշտ է ողջամիտ հավասարակշռություն նշված դեպքերի միջև՝ այն հաշվով, որպեսզի չխաթարվի ժողովրդավարական պետության էությունը։
Սահմանադրական դատարանի գնահատմամբ այդպիսի հավասարակշռությունը ենթադրում է կոլեգիալ մարմնի նիստերին տվյալ մարմնի անդամների անհրաժեշտ այնպիսի թվաքանակի ներկայություն, որը ճանաչելի կդարձնի տվյալ մարմինը որպես այդպիսին, կերաշխավորի նրա կողմից լեգիտիմ որոշումներ կայացնելու կարողունակությունը։ Այսինքն՝ կոլեգիալ մարմնի նիստի իրավազորության առումով կոլեգիալ մարմնի նիստին տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի առնվազն պարզ մեծամասնության ներկայությամբ է պայմանավորվում ժողովրդավարական պետությունում կոլեգիալ մարմնի լեգիտիմ գործունեությունը»։
4.5. Տվյալ դեպքում թեպետ սահմանադրորեն երաշխավորված է Սահմանադրական դատարանի կողմից օրենքների և Սահմանադրությամբ նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության գնահատման վերաբերյալ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու իմպերատիվ պահանջը, քանզի ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելը ժողովրդավարության սկզբունքի բաղադրատարրն է, այնուամենայնիվ, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չեն բացառվում այնպիսի իրավիճակները, երբ նիստի իրավազորության պայմաններում քննարկվող հարցի վերաբերյալ դատավորների ձայները կարող են հավասար բաշխվել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների մասնակցությունն ապահովելու անհնարինության պայմաններում, ինչն էլ, փաստորեն, հանգեցնում է գործով ըստ էության վերջնական որոշում կայացնելու փաստացի անկարողության: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձայների հավասար բաշխվելը գործով վերջնական որոշում կայացնելու անհնարինության մասնակի դրսևորում է, և գործնականում չեն բացառվում իրավիճակներ, որոնք ևս կարող են հանգեցնել դատավորների ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու անհնարինության: Այսպես` նման իրավիճակի օրինակ է, երբ դատավորների ձայների մեծամասնությունը ձևավորվում է ոչ թե ընդհանուր (ինը), այլ նիստին ներկա դատավորների թվից (վեց դատավորի մասնակցության պայմաններում չորս դատավորի ձայների մեծամասնություն), որի պարագայում կոնկրետ գործով ըստ էության վերջնական որոշման կայացումը ևս անհնար կդառնա, քանի որ դրա համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն՝ առնվազն հինգ դատավոր։
4.6. Անդրադառնալով նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության վերաբերյալ հարցերով Սահմանադրական դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու անհնարինության ծագման պատճառներին` Սահմանադրական դատարանը նախ փաստում է, որ լինելով ինքնին բացառիկ երևույթ` այդպիսի անհնարինություն անգամ տեսականորեն չի կարող առաջանալ, եթե Դատարանը գործի քննությունն իրականացնում է ամբողջական կազմով:
Անհնարինությունը կարող է իրողություն դառնալ միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը գործի քննությունն իրականացնում է ոչ ամբողջական կազմով` միևնույն ժամանակ կաշկանդված լինելով գործի քննության համար սահմանված հստակ և բավականին սեղմ ժամկետներով:
Մասնավորապես` Հանրապետության նախագահի, Կառավարության, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի և Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով, ինչպես նաև` տեղական ինքնակառավարման մարմինների` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը երեք ամսով: Ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերով, դատարանների և գլխավոր դատախազի դիմումների հիման վրա նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո: Գործի քննության ժամկետը Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ կարող է երկարաձգվել առավելագույնը երեք ամսով:
Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության և որոշում կայացնելու համար օրենսդրորեն սահմանված նման սեղմ ժամկետների առկայությունը գործնականում հանգեցնում է իրավիճակների, երբ անհնար է դառնում գործերի դատաքննության համար դատական նիստերի օրակարգը ձևավորել այն տրամաբանությամբ, որ ապահովվի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների մասնակցությունը դատաքննությանը, որի պարագայում, ի թիվս այլնի, կբացառվի ձայների հավասարության հնարավորությունը:
4.7. Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ բարձրացված խնդրի հաղթահարման նպատակով օրենսդրությամբ ամրագրված են որոշակի կառուցակարգեր, որոնք հանգում են հետևյալին.
որպես այդպիսին հանդես է գալիս, նախ, Սահմանադրական դատարանի դատավորների կենտ թվաքանակը, որն ինքնին հնարավորություն է տալիս բացառել ձայների հավասար բաշխվելու հնարավորությունը: Բացի դրանից, Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերին պարտադիր մասնակցելու համար սահմանված է առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը էական կարգապահական խախտում դիտարկելը: Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հիմք է ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չլինելը կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի:
Ձայների հավասարության վիճակից խուսափելու միջոց է նաև Սահմանադրական դատարանի դատավորի կողմից քվեարկությանը մասնակցության պարտադիրությունն ու ձեռնպահ քվեարկելու արգելքը (Օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մաս): Նշված կարգավորումներն ինքնին ուղղված են Սահմանադրական դատարանում քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասար բաշխվելու դեպքերի հավանականությունը նվազեցնելուն, մինչդեռ նմանատիպ իրավիճակներից իսպառ խուսափելն անհնարին է:
4.8. Սահմանադրության «Իրավական նորմերի աստիճանակարգությունը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը հռչակում են.
«1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին»:
Սահմանադրության 5-րդ հոդվածը ճանաչում է Սահմանադրության գերակայությունն ու բարձրագույն իրավաբանական ուժ ունենալը՝ դրանով իսկ սահմանելով ողջ իրավակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հրամայականը:
Ավելին, Սահմանադրության «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածից և օրենսդիր մարմնի բարեխիղճ գործելու կանխավարկածից բխում է, որ վերջինս, կաշկանդված լինելով սահմանադրական պատվիրաններով, պետք է ընդունի Սահմանադրությանը չհակասող նորմեր, հետևաբար՝ օրինադրույթը պետք է համարվի Սահմանադրությանը համապատասխանող, քանի դեռ Սահմանադրական դատարանի կողմից չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող:
Սույն դեպքում Օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու պարագայում նախապես սահմանում է իրավիճակային լուծում, այն է՝ դիմումը մերժված համարելը: Սահմանադրական դատարանի դիտարկմամբ օրենսդրի այս մոտեցումը մի կողմից հիմնված է նորմերի սահմանադրականության կանխավարկածի վրա (մերժման մասով), մյուս կողմից՝ (ըստ էության որոշում չկայացնելու, չպատճառաբանելու մասով)` կոչված է երաշխավորելու անձի սահմանադրական արդարադատության իրավունքը:
Մասնավորապես` օրենքի սահմանադրականության կանխավարկածը հանգեցնում է կասկածի դեպքում օրենքը որպես Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանելու պահանջին: Այն դեպքում, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում չի ընդունվում, դիմումը համարվում է մերժված` դրանով իսկ հաստատելով, որ վիճարկվող նորմի հակասահմանադրական լինելը սահմանված կարգով հաստատված չէ, հետևաբար՝ այն շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի և՝ գործել ու համապարտադիր բնույթ կրել: Խնդրո առարկա հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունելու դեպքում դիմումը մերժված համարելը հիմնված է իրավական պետության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող նորմերի սահմանադրականության կանխավարկածի վրա և այն սահմանադրաիրավական պատվիրանի, համաձայն որի` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում կարող է ընդունվել դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Անդրադառնալով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից դատավորների ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կայացնելու անհնարինության դեպքում դիմումը մերժված համարելու պարագայում պատճառաբանված դատական ակտ չկայացնելու հիմնահարցին` Սահմանադրական դատարանը հայտնում է, որ նման կարգավորումն ինքնին ուղղված է անձի` սահմանադրական արդարադատության իրավունքի երաշխավորմանը: Այսպես` Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է Սահմանադրական դատարանի որոշման և եզրակացության վերջնական լինելն ու հրապարակման պահից ուժի մեջ մտնելը:
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական նորմերի սահմանադրականության որոշման գործերով ընդունվող որոշումների առանձնահատկություններին, արձանագրել է. «Սահմանադրական դատարանի որոշումն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իր լիազորությունների շրջանակներում ընդունված պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, սահմանափակումներ, իրավաբանական տեսակետից անվիճարկելի (վերանայման ոչ ենթակա), առանց նախապայմանների, անվերապահ և անհապաղ (եթե այլ ժամկետ չի սահմանվել) կատարման ենթակա նորմատիվ կանոններ, այսինքն՝ վարքագծի կանոններ: Դրանով է պայմանավորված սահմանադրական դատարանի որոշումների նորմատիվ բնույթը, ինչպես նաև այդ ակտերին անմիջականորեն հաջորդող իրավական առանձնահատուկ հետևանքները՝ կապված հակասահմանադրական ճանաչված իրավանորմի իրավաբանական ուժը կորցնելու, սահմանադրական նորմերի մեկնաբանման (իրավական դիրքորոշումների) շրջանակներում իրավանորմը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու, ինչպես նաև սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրներին լուծում ու փաստերին գնահատական տալու հետ (...)» (2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշում):
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի ու իր կողմից ընդունվող որոշումների իրավաբանական ուժի և բնույթի առանձնահատկությունները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձայների հավասարության իրավիճակում դիմումը մերժված համարելու պայմաններում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունների բացակայությունը, Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի գործող կարգավորումների պայմաններում, ինքնին ուղղված է սահմանադրական արդարադատության իրավունքի պաշտպանությանը, քանզի այն հնարավորություն է ընձեռում հետագայում տվյալ ակտի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելիս այդ գործով դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված ըստ էության որոշում ստանալ:
Հակառակ պարագայում, եթե ձայների հավասարության հետևանքով դիմումը մերժված համարելու դեպքում դրա վերաբերյալ վերջնական ակտի տեսքով իրավական պատճառաբանությունները վճռորոշ և համապարտադիր նշանակություն ունենային, կարգելակեին նույն հարցի վերաբերյալ որոշակի ժամանակային ընդմիջումից հետո այլ դիրքորոշման արտահայտումը դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնության կողմից ընդունված որոշման տեսքով: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը, նախկինում անդրադառնալով իր կողմից կայացված ակտերով արտահայտված դիրքորոշումների իրավաբանական ուժի և իրավական հետևանքների բնույթին, արձանագրել է. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)՝ ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկու-թյունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը» (2011 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-943 որոշում):
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ մասի ուժով Uահմանադրական դատարանը նույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված որոշումներն Օրենքով uահմանված կարգով ներկայացված համապատաuխան դիմումի հիման վրա կարող է վերանայել, եթե՝
1) փոփոխվել է Uահմանադրության՝ տվյալ գործով կիրառված դրույթը, կամ
2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված՝ Uահմանադրության դրույթի այնպիuի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, և տվյալ հարցն ունի uկզբունքային uահմանադրաիրավական նշանակություն։
Արդյունքում ստացվում է, որ չնայած ձայների հավասարության իրավիճակին, Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության պատճառաբանություններով վերջնական դատական ակտի կայացմամբ դիմումը մերժելը, որով նորմը կճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, կհանգեցնի համապատասխան իրավական հետևանքների, այդ թվում` վերջնական ակտով արտահայտված իրավական դիրքորոշումների անսահմանափակ ժամկետով գործողության և Սահմանադրական դատարանի` իր իսկ արտահայտած դիրքորոշումներով սահմանափակված լինելուն, որոնց փոփոխումը հնարավոր կլինի միայն որոշակի դեպքերում: Հետևաբար` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի վերջնական ակտերով արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու հետևանքները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու դեպքում դիմումը մերժված համարելն առանց համապատասխան իրավական դիրքորոշումների հրապարակման, հետապնդում է տվյալ նորմի սահմանադրականության վերաբերյալ հետագայում Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով որոշում ընդունելու հնարավորություն ապահովելու նպատակ, որպիսի որոշումն է միայն ունակ` ապահովելու իրավական պետության և կայունության համար առանցքային նշանակություն ունեցող կանխատեսելիությունը, ինչպես նաև սահմանադրական արդարադատության միջոցով անձի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ու Սահմանադրության գերակայությունը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրական կարգավորումները միտված են սահմանադրաիրավական վեճի քննության ընթացքում դատավորների ձայների հավասարության դեպքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակի լուծմանն այն հաշվառմամբ, որ առկա իրավական կառուցակարգերի պայմաններում երաշխավորվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտների՝ նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդպիսի պրակտիկա արդեն իսկ առկա է սույն գործով Դիմողի կողմից ներկայացված մեկ այլ դիմումի առնչությամբ: Այսպես` 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում քննության առնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը` Սահմանադրական դատարանը մերժել էր դիմումը, քանի որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չէր ընդունվել: Արդեն 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴԱՈ-215 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը քննության էր ընդունել նույն հարցի վերաբերյալ Դիմողի կողմից կրկին ներկայացված դիմումը:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ նորմի սահմանադրականության որոշման խնդրանքով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող որոշ սուբյեկտների համար (օրինակ` ֆիզիկական և իրավաբանական անձանց) Օրենքով հատկորոշված են հստակ ժամկետներ, հետևաբար` ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու պարագայում նույն հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելիս նշված խումբ սուբյեկտները սահմանափակվելու են հիշյալ ժամկետների իմպերատիվ պահանջով, որպիսի պարագայում սահմանադրական արդարադատության իրավունքը, այնուամենայնիվ, պետք է գերակայի՝ երաշխավորելով դրա անխոչընդոտ իրացումը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ խնդրի լուծումն առավելապես ենթադրում է օրենսդրական կանոնակարգումներ, որպիսի հարցն օրենսդիր մարմնի տիրույթում է և չի առնչվում սույն գործով խնդրո առարկա դրույթի սահմանադրականությանը:
Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական հավասարակշռություն ապահովելու նպատակով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու դեպքում դիմումը մերժված համարելու իրավակարգավորումը չի խաթարում Սահմանադրությամբ երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքը, քանի որ Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտները զրկված չեն նույն ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան կրկին դիմելու և դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված վերջնական ակտ ստանալու իրավունքից, ինչի հիմքում ընկած է նորմերի սահմանադրականության կանխավարկածն ու սահմանադրաիրավական պատվիրանն առ այն, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ որոշումները Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որպիսի կերպով ընդունված որոշումն է միայն արտահայտում քննարկվող հարցի առնչությամբ կոլեգիալ մարմնի իրական կամքն ու ապահովում Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության բարձր մակարդակը:
4.9. Սահմանադրական դատարանը, անդրադառնալով սահմանադրական դատարանների կողմից ձայների հավասարության հետևանքով որոշում կայացնելու խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը, արձանագրում է, որ նշված հարցի լուծման վերաբերյալ հստակ ձևավորված միասնական պրակտիկա առկա չէ: Այդուհանդերձ, ուսումնասիրված այն պետություններում, որտեղ առկա է համանման գործիքակազմ, ձայների հավասարության դեպքում գործում է վիճարկվող նորմատիվ ակտի կամ դրույթի` սահմանադրությանը համապատասխանության կանխավարկածը կամ նախագահի կամ փոխնախագահի կամ զեկուցող դատավորի ձայնը վճռորոշ լինելու վերաբերյալ կարգավորումը և այլն:1
Պետությունների մի մասի համապատասխան կարգավորումների ուսումնասիրությունը փաստորեն վկայում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ոչ միայն չկա ընդհանուր մոտեցում, այլ նաև ձայների հավասար բաշխումից խուսափելուն միտված միջոցները տարբեր են: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անգամ այն պետությունները, որտեղ դատավորների ձայների հավասար բաշխվածության պայմաններում ամրագրված է վերջնական որոշում կայացնելու համապատասխան մեխանիզմ, միևնույնն է, հնարավոր չէ իսպառ բացառել դատավորների ձայների հավասարության և համապատասխան որոշում կայացնելու անհնարինության իրավիճակները:
Անդրադառնալով քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության դեպքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակում տարբեր պետությունների օրենսդրությամբ ամրագրված կարգավորումներին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք, ըստ էության, մոդելային տարբերակներ են` ուղղված իրավիճակային լուծումներին, ընդ որում` դրանք կարող են տարբերվել միմյանցից, սակայն բոլոր դեպքերում վերջիններիս նպատակը իրավունքի հնարավոր խախտումից ձեռնպահ մնալն է: Հետևաբար՝ ձայների հավասարության իրավիճակում որևէ լուծման ընտրություն չի կարող ոչ իրավաչափ համարվել` ի տարբերություն այլ լուծման, եթե ընտրված լուծման և սահմանափակվող իրավունքի միջև ապահովվում է ողջամիտ հավասարակշռություն:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
__________________________________
1Մանրամասները հասանելի են հետևյալ հղումներով`
Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշնային Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մաս (https://www.gesetze-im-internet.de/bverfgg/BJNR002430951.html):
Դիմողը դիմումում (էջ 18) գերմանական փորձը ներկայացնելիս նկատել է, որ քննարկվող իրավիճակում ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնն է վճռորոշ` վկայակոչելով համապատասխան օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը, մինչդեռ այն վերաբերելի է այն հարցին, թե կոնկրետ վարույթը ո՞ր Սենատի իրավասությանն է ենթակա:
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի մասին» դաշնային սահմանադրական օրենքի 72-րդ հոդված (https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_4172/755b3265e01a62b2c4571ac4cc1a791d5255a530/),
Մոլդովայի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 27-րդ հոդված (www.constcourt.md/public/files/file/Baza%20legala/L317_XIII_1994_ru.pdf),
Լատվիայի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 30-րդ հոդված (https://www.satv.tiesa.gov.lv/en/2016/02/04/constitutional-court-law//),
Լիտվայի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 19-րդ հոդված (https://www.lrkt.lt/en/about-the-court/legal-information/the-law-on-the-constitutional-court/1475 /),
Իսպանիայի Թագավորությունում «Սահմանադրական դատարանի մասին» օրգանական օրենքի 90-րդ հոդված (https://www.tribunalconstitucional.es/es/tribunal/normativa/Normativa/LOTC-en.pdf/),
Պորտուգալիայի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մաս (https://www.tribunalconstitucional.pt/tc/en/tclaw.html/),
Հունգարիայի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մաս (https://hunconcourt.hu/act-on-the-cc/),
Բելառուսի Հանրապետության «Սահմանադրական դատավարության մասին» օրենքի 75-րդ հոդված (http://www.kc.gov.by/%D0%9F%D1%80%D0%B0%D0%B2%D0%BE%D0%B2%D1%8B%D0%B5_%D0%BE%D1%81%D0%BD%D0%BE%D0%B2%D1%8B_%D0%B4%D0%B5%D1%8F%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D0%B8):
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
15 մարտի 2022 թվականի ՍԴՈ-1639 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մարտի 2022 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1639 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը` ներկայացնում ենք հատուկ կարծիք՝ Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 15-ի «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1639 որոշման (այսուհետ՝ ՍԴՈ-1639 որոշում) վերաբերյալ:
Սահմանադրությունը հստակ սահմանել է սահմանադրական արդարադատության իրականացման նպատակը, այն է՝ Սահմանադրության գերակայության ապահովումը (Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև սահմանադրական արդարադատության իրականացման արդյունքը, այն է՝ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններ ընդունելը (Սահմանադրության 170-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ՝ եթե սահմանադրական արդարադատության իրականացման արդյունքում Սահմանադրական դատարանը չի ընդունում որոշումներ և եզրակացություններ, ըստ էության, մերժվում է սահմանադրական արդարադատությունը, ուստի և չի ապահովվում Սահմանադրության գերակայությունը։
Միաժամանակ, գտնում ենք, որ Սահմանադրության գերակայությունն ապահովվում է, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս լեգիտիմ կազմով գործող Սահմանադրական դատարանը, լինելով անկախ և ենթարկվելով միայն Սահմանադրությանը, ընդունում է այնպիսի որոշումներ և եզրակացություններ, որոնցում առնվազն բացառվում է սահմանադրական արժեքների, սկզբունքների, նորմերի, ինստիտուտների նենգափոխումը և իմաստազրկումը, ապահովվում է Սահմանադրության միասնականությունը, ինքնաբավությունը և կայունությունը։ Սահմանադրական դատարանի որոշումներով և եզրակացություններով պետք է ամբողջ ծավալով լուծվեն քննության առարկա սահմանադրական վեճերը, այլ ոչ հատվածական և աղճատված՝ հարուցելով նոր կամ խորացնելով առկա խնդիրները։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները պետք է կայացվեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում, որոշումների և եզրակացությունների կառուցվածքային ամբողջականությունը և տրամաբանական միասնականությունը խաթարված չլինեն, զերծ լինեն ներքին հակասություններից, երկիմաստ, սխալ ու խեղաթյուրող դիրքորոշումներից։ Պակաս կարևոր չէ, որ այդ որոշումները և եզրակացությունները չլինեն անհարկի ծանրաբեռնված, այդ թվում՝ պարզունակ դատողություններով, ոչ վերաբերելի, ընդհանրական վերլուծություններով և դիրքորոշումների վկայակոչումներով։
Սահմանադրությունն սպառիչ սահմանել է Սահմանադրական դատարանի լիազորությունները (Սահմանադրության 168-րդ հոդված), որոնց շրջանակում իրականացվում է սահմանադրական արդարադատություն, ինչպես նաև սահմանել է Սահմանադրական դատարանի գործունեության կարգի մի շարք դրույթներ։ Մասնավորապես, սահմանադրորեն ամրագրված է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու և կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցերով որոշումները, ինչպես նաև եզրակացություններն ընդունվում են Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մյուս որոշումներն ընդունվում են ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մաս):
Սահմանադրությունն ամրագրել է, որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով (Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մաս) և չի բացառել հիշյալ օրենքի դրույթների սահմանադրականության հարցի որոշումը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված գործունեության կարգի սահմանադրականության հարցերի քննության շրջանակներում վիճարկվող դրույթը կարող է սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց համարվել, եթե այն խաթարում և արգելափակում է Սահմանադրության գերակայության ապահովումը՝ վտանգելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանության համակարգը, ներառյալ՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ և՛ Սահմանադրական դատարանը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել են առանցքային իրավական դիրքորոշումներ, մասնավորապես.
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել դատական պաշտպանության սահմանադրական/կոնվենցիոն իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարանի մատչելիության սահմանադրական/կոնվենցիոն իրավունքի սահմանափակումը իրավաչափ չէ, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ։
Սահմանադրությամբ ամրագրվել է, որ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր (Սահմանադրության 75-րդ հոդված):
Ընդ որում, ինչպես հիշյալ, այնպես էլ սահմանադրական վերաբերելի այլ նորմերի համատեքստում վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանը պետք է գնահատի թե՛ այդ դրույթը և թե՛ ձևավորված իրավակիրառական պրակտիկան («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս)։ Վերջինիս գնահատման արդյունքում է ապահովվում նաև գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով սույն գործով Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու եզրահանգումները՝ ՍԴՈ-1639 որոշումը հիմնավոր, հետևաբար, ընդունելի չենք համարում։ Այսպես՝
1. ՍԴՈ-1639 որոշմամբ Սահմանադրական դատարանը գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս անհրաժեշտ է համարել անդրադառնալ միայն մեկ հարցադրման. «արդյո՞ք վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման գործով Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու դեպքում դիմումը մերժված համարելու վերաբերյալ իրավակարգավորմամբ խաթարվում է Սահմանադրությամբ երաշխավորված` անձի դատական պաշտպանության իրավունքը»:
Նախ՝ հարկ ենք համարում նշել՝ չնայած սահմանադրական այն նորմին, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է Սահմանադրական դատարան դիմել Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով, միաժամանակ սահմանադրական նորմ, պատվիրան է այն, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատությունն իրականացնում է ապահովելու համար Սահմանադրության գերակայությունը: Ուստի, Սահմանադրական դատարանը բարձրացված սահմանադրականության հարցով որոշում պետք է կայացնի ոչ միայն Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին, այլ Սահմանադրության բոլոր դրույթներին համապատասխանությունը պարզելով։
Սահմանադրական դատարանը նաև վերը նշվածի համատեքստում, բարձրացված սահմանադրականության հարցի շրջանակներում ՍԴՈ-1639 որոշման մեջ պետք է նաև անդրադառնար, հստակ ու ամբողջական դիրքորոշումներ արտահայտեր հետևյալ հարցադրումների վերաբերյալ.
- արդյո՞ք վիճարկվող դրույթի իրավակարգավորմամբ չի խաթարվում Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական առաքելություն իրականացնելու սահմանադրական նորմերի էությունը՝ հաշվի առնելով, որ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանն արդեն իսկ գործն ընդունել է քննության, իրականացնում է սահմանադրական արդարադատություն, սակայն դրա արդյունքում չի ընդունվում որոշում,
- արդյո՞ք վիճարկվող դրույթի իրավակարգավորումը հավասարազոր և/կամ համադրելի է նորմատիվ ակտերի իրավաչափությունը իրավական ֆիկցիայով որոշելու հետ, եթե՝ այո, ապա որո՞նք են դրա սահմանադրական հիմքերը,
- արդյո՞ք վիճարկվող դրույթի իրավակարգավորումը խնդրահարույց չէ անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքի, ի մասնավորի՝ անձի՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման տեսանկյունից,
- արդյո՞ք վիճարկվող դրույթի իրավակարգավորումը և դրա իրավակիրառական պրակտիկան խնդրահարույց չեն դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջի տեսանկյունից։
2. Փաստ է, որ սահմանադրական արդարադատության մարմինների, միջազգային կառույցների՝ սահմանադրական արդարադատության հետ կապված դիրքորոշումները, գիտական, տեսական դատողությունները և վերլուծությունները չեն գտնվում նախասկզբնական վիճակում։ Դրանք սահմանադրական արդարադատության առավել քան 100-ամյա իրողության ժամանակահատվածում ինչպես ձևավորվել են, այնպես էլ գտնվում են շարունակական զարգացման մեջ։
Սահմանադրական դատարանը սահմանադրական արժեքների, սկզբունքների, նորմերի, ինստիտուտների վերաբերյալ իր արտահայտած իրավական դիրքորոշումներն սկզբնական շրջանում կրկնել և վկայակոչել է առավելապես նաև դրանք արմատավորելու համար։ Սակայն հետագայում այդ դիրքորոշումները սոսկ կրկնելը և վկայակոչելը, առանց դրանք զարգացնելու կամ փոփոխելու, պարզապես ծանրաբեռնում են Սահմանադրական դատարանի որոշումները և անկախ դիտորդի մոտ կարող են ստեղծել տպավորություն, որ Սահմանադրական դատարանի որոշումներին հաղորդվում է ծավալ։ Ավելին, եթե այդ վկայակոչումներից հետո նույն որոշման մեջ Սահմանադրական դատարանն արտահայտում է չափազանց լայն մեկնաբանելի, ամբողջական լուծում չտվող, ինչպես նաև վկայակոչված դիրքորոշումներին հակառակ դատողություններ, դիրքորոշումներ, ապա չի կարող չարձանագրվել, որ որոշումն առնվազն իր տրամաբանական ամբողջականության առումով ունի խնդիրներ, առկա են ներքին հակասություններ։ Մասնավորապես.
ՍԴՈ-1639 որոշման 4.2-րդ կետում նշված է. «Ընդ որում՝ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորվում է ոչ միայն դատարան դիմելու հնարավորություն ապահովելով, այլ նաև վեճին վերջնական լուծում տալու իրական հնարավորության գոյությամբ»: Նախ՝ «իրական հնարավորության գոյություն» արտահայտությունն ինքնին չափազանց լայն մեկնաբանելի է։ Երկրորդ՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը պետք է երաշխավորվի ոչ թե սոսկ «վեճին վերջնական լուծում տալու իրական հնարավորության գոյությամբ», այլ «վեճին վերջնական լուծում տալու իրական հնարավորության գոյության ապահովմամբ», այսինքն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումն ստանալու իրավունքի ապահովմամբ։ Միաժամանակ, դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի երաշխավորման համար պետք է լինեն այդ իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգեր և ընթացակարգեր։
ՍԴՈ-1639 որոշման 4.2-րդ կետում նշված է նաև. «...Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքն ընդգրկում է նաև նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում ստանալու իրավունքը»։ Հարկ է նշել, որ հիշյալ դիրքորոշումը մասնակի շեշտադրում է պարունակում և առավել նպատակահարմար կլիներ, որ այն ձևակերպվեր ընդհանուր՝ Սահմանադրական դատարանի որոշում ստանալու իրավունքի առումով (այսինքն՝ ոչ միայն ըստ էության որոշման առումով)։ Բացի դրանից, ՍԴՈ-1639 որոշման մեջ Սահմանադրական դատարանի հիշյալ դիրքորոշումը ոչ միայն զարգացված չէ, այլև առնվազն հաջորդող դիրքորոշումների հետ ունի հակասություններ։
ՍԴՈ-1639 որոշման 4.3-րդ կետում նշված է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության հարցը մի կողմից՝ գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ սահմանադրական կարգավորումների տիրույթում»։ Հիշյալ մոտեցումն անընդունելի ենք համարում, քանի որ Սահմանադրական դատարանի գործունեության կարգի դրույթներն ածանցյալ են դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին և չեն կարող գտնվել նույն մակարդակում։ Այս մոտեցումն ընդգծում է ՍԴՈ-1639 որոշման մեջ նախորդիվ վկայակոչված՝ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումների հետ տրամաբանական միասնականության խզումը և հակասում է, մասնավորապես, դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական էությանը, դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ 2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին։
ՍԴՈ-1639 որոշման 4.4-րդ կետում նշված է. «Հաշվի առնելով այն բացառիկ լիազորությունը, որով օժտված է Սահմանադրական դատարանը՝ համապատասխան որոշումներով Սահմանադրության մեկնաբանության լույսի ներքո ներազդելու, մասնավորապես, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կամարտահայտության արդյունքով ձևավորված որևէ նորմի բովանդակության բացահայտման և ընկալման վրա...»։ Նախ՝ «ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի» արտահայտության մասով հարկ է նշել, որ Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»: Այսինքն՝ Սահմանադրությունը չի ամրագրել «բարձրագույն» եզրույթը, քանի որ Ազգային ժողովը ժողովրդի միակ ներկայացուցչական մարմինն է, ոչ թե բարձրագույն։ Եթե Սահմանադրական դատարանը ցանկացել է ընդգծել ներկայացուցչական մարմինների մեջ Ազգային ժողովի տեղը, ապա որպես ներկայացուցչական մարմին՝ համայնքի ավագանին չի ներկայացնում ողջ ժողովրդին, այլ միայն համայնքի բնակչությանը: Իսկ այլ ներկայացուցչական մարմին հայ ժողովուրդը չունի։ Ուստի, Սահմանադրական դատարանը պետք է առնվազն ձեռնպահ մնա և առանձին եզրույթներով սահմանադրական մարմիններին չհաղորդի սահմանադրական սահմանումներից դուրս բովանդակություն։ Այնուհետև՝ Սահմանադրական դատարանն իր որոշումներով ոչ թե ներազդում է որևէ նորմի բովանդակության բացահայտման և ընկալման վրա, ինչպես նշված է ՍԴՈ-1639 որոշման հիշատակված դիրքորոշման մեջ, այլ բացահայտում է այդ նորմի իրավական բովանդակությունը և համադրում վերաբերելի սահմանադրական նորմերի հետ` դրա սահմանադրականությունը պարզելու նպատակով։
ՍԴՈ-1639 որոշման 4.4-րդ կետում նշված է նաև. «Սահմանադրական դատարանը ... նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ գաղտնի քվեարկության արդյունքում հանրությանն է ներկայացնում իր այն որոշումը, որն ընդունվել է դատավորների ձայների մեծամասնության արդյունքում»։ Այս դատողությունը պարունակում է կոպիտ սխալ։ Ո՛չ «Սահմանադրական դատարան մասին» սահմանադրական օրենքը և ո՛չ Սահմանադրական դատարանի աշխատակարգը չեն նախատեսում նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշման ընդունում գաղտնի քվեարկության արդյունքում։ Ավելին, «Սահմանադրական դատարան մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ դատավորների անվանական հարցման միջոցով»: Նույն օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ «Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն», ինչը բնավ նույնական չէ գաղտնի քվեարկության հետ։ Սահմանադրական դատարանի աշխատակարգը գաղտնի քվեարկություն նախատեսել է միայն Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրություն կատարելու համար։ Հարկ ենք համարում նշել նաև, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չէ հրապարակախոսական ոճը, ի մասնավորի՝ ինչպես ՍԴՈ-1639 որոշման հիշատակված կետում նշված է. «Սահմանադրական դատարանը ... հանրությանն է ներկայացնում իր այն որոշումը...»։ Սահմանադրական դատարանի որոշումները հրապարակվում են։
ՍԴՈ-1639 որոշման 4.4-րդ կետում նշված է նաև. «Ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու սահմանադրաիրավական պահանջն ուղղված է Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային իշխանության վստահության ժողովրդավարական պետության համար ընդունելի բարձր աստիճանի ապահովմանը»։ Հիշյալ դատողությունն անհիմն և անընդունելի ենք համարում։ Այն ստեղծում է «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» արհեստականորեն ներմուծված գաղափարախոսությանը երկրորդելու, ինչպես նաև իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի իմաստազրկմանը հանգեցնելու տպավորություն: Սահմանադրական դատարանն ինքն է հանրային իշխանության մարմին, ընդսմին` անկախ մարմին է, որը հանրային իշխանության վստահության կարիք չունի և չի կարող ունենալ: Իսկ ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելը բնորոշ է ցանկացած կոլեգիալ մարմնի: Դա չի նշանակում, որ, օրինակ` սովորական դատարանների դատավորների կողմից միանձնյա որոշումների կայացումը «պակաս» ժողովրդավարական է, իսկ, օրինակ՝ Հանրապետության նախագահի կամ վարչապետի կողմից որոշումների միանձնյա կայացումը ժողովրդավարական չէ:
ՍԴՈ-1639 որոշման 4.4-րդ կետի վերոհիշյալ դիրքորոշմանը հաջորդում է հետևյալ ամրագրումը. «Սահմանադրական դատարանը համանման դիրքորոշում է հայտնել նաև 2017 թվականի նոյեմբերի 10-ի ՍԴՈ-1384 որոշմամբ, որի շրջանակներում անդրադառնալով հանրային իշխանության կոլեգիալ մարմնի գործունեության առանձնահատկություններին` արձանագրել է...»։ Նախ՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1639 որոշման մեջ մեջբերված՝ ՍԴՈ-1384 որոշմամբ չի արտահայտվել «Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային իշխանության վստահության» վերաբերյալ որևէ, այդ թվում՝ համանմանին մոտ, դիրքորոշում։ Իրականության հետ աղերսներ չունեցող նմանատիպ մոտեցումները կարող են խաթարել Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահությունը։ Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների սոսկ վկայակոչումը, ինչպես վերը նշել ենք, ծանրաբեռնում է Սահմանադրական դատարանի որոշումը՝ առավել ևս, եթե այն առնվազն չի զարգացվում, որի անհրաժեշտությունը, տվյալ դեպքում՝ ՍԴՈ-1384 որոշմամբ կոլեգիալության վերաբերյալ արտահայտած դիրքորոշման մասով, մեր կարծիքով, առկա էր։
ՍԴՈ-1639 որոշման 4.5-րդ կետում նշված է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ձայների հավասար բաշխվելը գործով վերջնական որոշում կայացնելու անհնարինության մասնակի դրսևորում է, և գործնականում չեն բացառվում իրավիճակներ, որոնք ևս կարող են հանգեցնել դատավորների ձայների մեծամասնությամբ որոշում կայացնելու անհնարինության։ Այսպես` նման իրավիճակի օրինակ է, երբ դատավորների ձայների մեծամասնությունը ձևավորվում է ոչ թե ընդհանուր (ինը), այլ նիստին ներկա դատավորների թվից (վեց դատավորի մասնակցության պայմաններում չորս դատավորի ձայների մեծամասնություն), որի պարագայում կոնկրետ գործով ըստ էության վերջնական որոշման կայացումը ևս անհնար կդառնա, քանի որ դրա համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն՝ առնվազն հինգ դատավոր»։ Հարկ է նշել, սակայն, որ, եթե Սահմանադրական դատարանը կատարում է փաստացի իրավիճակի արձանագրում՝ առանց դրա վերաբերյալ վերլուծության և կոնկրետ դիրքորոշում արտահայտելու, ապա այս դեպքում ևս որոշումն անհարկի ծանրաբեռնվում է։ Այս առումով պետք է նշենք նաև, որ ՍԴՈ-1639 որոշման 4.5-րդ կետում նշված դեպքերի համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի սահմանել, որ դիմումը համարվում է մերժված։
ՍԴՈ-1639 որոշման 4.6-րդ կետում նշված է. «Անհնարինությունը կարող է իրողություն դառնալ միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը գործի քննությունն իրականացնում է ոչ ամբողջական կազմով` միևնույն ժամանակ կաշկանդված լինելով գործի քննության համար սահմանված հստակ և բավականին սեղմ ժամկետներով»։ Նախ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով, մասնավորապես, վերացական սահմանադրական վերահսկողության հարցերով սահմանված է գործով որոշում ընդունելու առավելագույնը իննամսյա ժամկետ, որը, մեր կարծիքով, բնավ սեղմ չէ։ Մյուս կողմից՝ եթե անհնարինությունը պայմանավորվում է նաև նշված սեղմ ժամկետներով, ապա պետք է հենց սույն գործով անդրադարձ կատարվեր նաև այդ ժամկետները սահմանող դրույթների սահմանադրականության հարցին, ինչը չի կատարվել։
ՍԴՈ-1639 որոշման 4.6-րդ կետում նշված է նաև. «Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության և որոշում կայացնելու համար օրենսդրորեն սահմանված նման սեղմ ժամկետների առկայությունը գործնականում հանգեցնում է իրավիճակների, երբ անհնար է դառնում գործերի դատաքննության համար դատական նիստերի օրակարգը ձևավորել այն տրամաբանությամբ, որ ապահովվի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների մասնակցությունը դատաքննությանը, որի պարագայում, ի թիվս այլնի, կբացառվի ձայների հավասարության հնարավորությունը»։ Հարկ է նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով տարբեր վարույթների համար սահմանված են տարբեր ժամկետներ, և հիշյալ դատողությունը խիստ պայմանական է: Այն չի կարող վերաբերել, օրինակ, գործով որոշում ընդունելու առավելագույնը իննամսյա ժամկետին, որը սահմանված է վերացական սահմանադրական վերահսկողության վարույթի համար, այն լուրջ վերապահմամբ կարող է վերաբերել նաև գործով որոշում ընդունելու առավելագույնը վեցամսյա ժամկետ ունեցող վարույթներին, քանի որ Սահմանադրական դատարանը և Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման համար պատասխանատուն ունեն նաև այդ ժամկետների սահմաններում իրավական գործիքակազմ, որպեսզի կանխեն ձայների հավասարությամբ դիմումը մերժված համարվելու հավանականությունը։ Իսկ եթե դա բավարար չէր, ապա սույն գործով պետք է քննության առարկա լիներ նաև այդ գործիքակազմի սահմանադրականության հարցերի պարզումը, ինչը չի կատարվել։ Բացի դրանից, ՍԴՈ-1639 որոշման 4.6-րդ կետում նշված դատողության մեջ օգտագործված է «դատական նիստերի օրակարգը ձևավորել» ձևակերպումը, որը ոչ միայն սահմանված չէ ո՛չ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, ո՛չ Սահմանադրական դատարանի աշխատակարգի որևէ դրույթով, այլ նաև բովանդակային առումով բնութագրական չէ Սահմանադրական դատարանի գործունեությանը։ Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր գործով սահմանում է դատաքննությունն սկսելու ժամանակը, որի հիման վրա հրապարակվում է Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույցը, ինչպես դա նախատեսված է Սահմանադրական դատարանի աշխատակարգով։
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է. «Ավելին, Սահմանադրության «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ 6-րդ հոդվածից և օրենսդիր մարմնի բարեխիղճ գործելու կանխավարկածից բխում է, որ վերջինս, կաշկանդված լինելով սահմանադրական պատվիրաններով, պետք է ընդունի Սահմանադրությանը չհակասող նորմեր...»։ Տարակուսելի է, թե Սահմանադրության ո՞ր նորմից է ածանցվում այս մոտեցումը: Եթե խոսքն իրավաչափ գործելու պահանջի մասին է, ապա դա օրինականության հիմնարար սահմանադրական սկզբունքի պահանջ է, որը վերաբերում է հանրային իշխանության բոլոր մարմիններին, այլ ոչ միայն օրենսդրին: Բարեխիղճ գործելու կանոնն առավելապես պետք է ուղղված լինի այն դեպքերին, երբ հանրային իշխանության մարմինը գործում է իրավաչափորեն, սակայն չարաշահում է ձևական պահանջները կամ այլ կերպ գործում է օրենքի տառին համապատասխան, բայց ոգուն հակառակ: Բարեխղճությունն ու օրինականությունը տարբեր հարթություններում են: Ինչ վերաբերում է ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում հաջորդիվ որպես եզրահանգում նշած այն դատողությանը, որ «...օրինադրույթը պետք է համարվի Սահմանադրությանը համապատասխանող, քանի դեռ Սահմանադրական դատարանի կողմից չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող», ապա պետք է նշենք, որ «օրինադրույթի» (ենթադրաբար՝ իրավադրույթի) սահմանադրական լինելու կանխավարկածը պայմանավորված չէ միայն օրենսդրի կողմից օրինականության սկզբունքի սահմանադրական պատվիրանով կաշկանդված լինելու հանգամանքով։
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է նաև. «Սահմանադրական դատարանի դիտարկմամբ օրենսդրի այս մոտեցումը մի կողմից հիմնված է նորմերի սահմանադրականության կանխավարկածի վրա (մերժման մասով), մյուս կողմից՝ (ըստ էության որոշում չկայացնելու, չպատճառաբանելու մասով)` կոչված է երաշխավորելու անձի սահմանադրական արդարադատության իրավունքը»: Այս առումով նշենք, որ որոշման ֆիկտիվ կայացումը մի բան է, իսկ կայացված որոշման չպատճառաբանումը՝ լրիվ այլ բան։ Իրավական պետությունում անթույլատրելի է չպատճառաբանված, այսինքն՝ անհիմն դատական ակտերի կայացումը։
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է նաև. «...օրենքի սահմանադրականության կանխավարկածը հանգեցնում է կասկածի դեպքում օրենքը որպես Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանելու պահանջին»։ Սահմանադրական դատարանը, ըստ էության, այս պահանջը վերագրել է նաև ինքն իրեն, այն դեպքում, երբ ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորումներով դիմումի հիման վրա գործը քննության է ընդունում բարձրացված հարցի սահմանադրականությունը որոշելու համար: Սահմանադրականության կանխավարկածը չի կարող լինել սահմանադրական արդարադատության իրականացման արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում չընդունելու հիմնավորում՝ ելնելով, նախևառաջ, սահմանադրական պատվիրանի պահանջից՝ ապահովելու Սահմանադրության գերակայությունը:
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է նաև. «...դիմումը մերժված համարելը հիմնված է իրավական պետության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող նորմերի սահմանադրականության կանխավարկածի վրա...»։ Ի թիվս վերոնշյալի՝ առավել ևս առանց Սահմանադրության վերաբերելի նորմերի մեկնաբանության նման հետևությունը համարում ենք անհիմն։ Իրավական ակտերի իրավաչափության կանխավարկածը կապված է ոչ միայն որոշակիության հետ, այլ նաև օրինականության, ինչպես նաև ընդհանրապես իրավական պետության հիմնարար սկզբունքի հետ։
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է նաև. «Անդրադառնալով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից դատավորների ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կայացնելու անհնարինության դեպքում դիմումը մերժված համարելու պարագայում պատճառաբանված դատական ակտ չկայացնելու հիմնահարցին` Սահմանադրական դատարանը հայտնում է, որ նման կարգավորումն ինքնին ուղղված է անձի` սահմանադրական արդարադատության իրավունքի երաշխավորմանը: Այսպես` Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է Սահմանադրական դատարանի որոշման և եզրակացության վերջնական լինելն ու հրապարակման պահից ուժի մեջ մտնելը»: Պետք է արձանագրել, որ հիշյալ դատողությունը հիմնավոր չէ, և մտքերի միջև որևէ պատճառահետևանքային կապ չկա։
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է նաև. «...դիմումը մերժված համարելու պայմաններում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունների բացակայությունը, Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի գործող կարգավորումների պայմաններում, ինքնին ուղղված է սահմանադրական արդարադատության իրավունքի պաշտպանությանը, քանզի այն հնարավորություն է ընձեռում հետագայում տվյալ ակտի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելիս այդ գործով դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կայացված ըստ էության որոշում ստանալ»։ Անընդունելի մոտեցում է, որը հակասում է նաև դատական ակտերի պատճառաբանված լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին։ ՍԴՈ-1639 որոշման հիշյալ կետում արտահայտված պատճառաբանությունների բացակայության վերաբերյալ դիրքորոշումը կարող է, նախադեպային դառնալով, առաջացնել նաև իրավական անվտանգության խնդիր դատական համակարգում, որն ակնհայտորեն լինելու է հետքայլ անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման առումով։
ՍԴՈ-1639 որոշման 4.8-րդ կետում նշված է նաև. «...Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական հավասարակշռություն ապահովելու նպատակով ... դիմումը մերժված համարելու իրավակարգավորումը չի խաթարում Սահմանադրությամբ երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքը...նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ որոշումները Սահմանադրական դատարանի կողմից ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որպիսի կերպով ընդունված որոշումն է միայն արտահայտում քննարկվող հարցի առնչությամբ կոլեգիալ մարմնի իրական կամքն ու ապահովում Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության բարձր մակարդակը»։ Առնվազն անհասկանալի է, թե այս համատեքստում ի՞նչ է նշանակում «սահմանադրական հավասարակշռություն»։ Բացի դրանից, ինչպես հիշյալ, այնպես էլ ՍԴՈ-1639 որոշման այլ կետերում որևէ ձևով պատճառաբանված չէ, թե ինչո՞ւ ձայների 4/3 հարաբերակցության պարագայում որոշում չի ընդունվում, իսկ օրինակ՝ 3/3 հարաբերակցության դեպքում նաև դիմումը համարվում է մերժված։
ՍԴՈ-1639 որոշման 4.9-րդ կետում նշված է. «Անդրադառնալով քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության դեպքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակում տարբեր պետությունների օրենսդրությամբ ամրագրված կարգավորումներին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք, ըստ էության, մոդելային տարբերակներ են` ուղղված իրավիճակային լուծումներին, ընդ որում` դրանք կարող են տարբերվել միմյանցից, սակայն բոլոր դեպքերում վերջիններիս նպատակը իրավունքի հնարավոր խախտումից ձեռնպահ մնալն է»։ Նախ՝ մեր կարծիքով, միջազգային փորձի առումով պետք է օրենսդրական կարգավորումները համադրվեն տվյալ երկրների սահմանադրական լուծումների հետ, նոր միայն դրանք համադրվեն հայաստանյան սահմանադրական լուծումների հետ, որից հետո կատարվեն եզրահանգումներ: Մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի որոշումներին հարիր չէ այլ երկրների օրենսդրությամբ ամրագրված կարգավորումները մոդելային տարբերակներ դիտարկելը, առավել ևս, երբ որևէ անդրադարձ չի կատարվում, թե այդ օրենսդրական լուծումները հենց տվյալ երկրների սահմանադրական արդարադատության մարմինների կողմից սահմանադրականության առումով ինչպես են գնահատվել։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային փորձի ուսումնասիրությունների արդյունքում ՍԴՈ-1639 որոշման հիշյալ կետում նշված Սահմանադրական դատարանի այն եզրահանգմանը, որ «Հետևաբար՝ ձայների հավասարության իրավիճակում որևէ լուծման ընտրություն չի կարող ոչ իրավաչափ համարվել` ի տարբերություն այլ լուծման, եթե ընտրված լուծման և սահմանափակվող իրավունքի միջև ապահովվում է ողջամիտ հավասարակշռություն», ապա այն ոչ միայն խմբագրական շփոթի արդյունք է, այլև պարունակում է անորոշություն՝ «ի տարբերություն այլ լուծման» արտահայտության մասով: Անհասկանալի է՝ ի՞նչ լուծման մասին է խոսքը, որի հետ համադրման արդյունքում կատարվում է պնդումը։
3. Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1639 որոշման եզրափակիչ մասում ամրագրել է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը, այլ կերպ՝ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չի համարել, որ եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված: Այս եզրահանգումը, մեր կարծիքով, հակասում է ՍԴՈ-1639 որոշման պատճառաբանական մասում վկայակոչված, վերահաստատված և ամրագրված, մասնավորապես, այն իրավական դիրքորոշումներին, համաձայն որոնց՝
- Սահմանադրական դատարանը` որպես իրավական համակարգում Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմին, իրականացնում է սահմանադրական արդարադատություն, որի միջոցով ապահովվում է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
- սահմանադրական արդարադատության իրականացման արդյունքում ընդունվող ակտերն են որոշումներն ու եզրակացությունները,
- սահմանադրական արդարադատության մատչելիության իրավունքն ընդգրկում է նաև նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում ստանալու իրավունքը:
Մեր վերոհիշյալ հետևությունը բխում է նաև գործի քննության շրջանակը սահմանափակելու Սահմանադրական դատարանի մոտեցումից, ՍԴՈ-1639 որոշման մեջ առկա խնդրահարույց դատողություններից, պատճառաբանություններից, դիրքորոշումներից, որոնց մասին նաև նախորդիվ նշել ենք։
Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը․
ՍԴՈ-1639 որոշման մեջ Սահմանադրական դատարանը որոշում չընդունելու և դիմումը մերժված համարելու տարբերությունը չի վերլուծել։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերլուծությունն առնվազն ի ցույց կդներ, որ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու ժամանակ դիմումը մերժելու մասին որոշման տեսակ գոյություն չունի, որ ձայների հավասարության պարագայում իրավական ֆիկցիայի միջոցով այն համարվի մերժված։ Դիմումը մերժելու մասին որոշման տեսակ նախատեսված է միայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 79, 82, 83, 84 և 85-րդ հոդվածներով նախատեսված գործերով։
ՍԴՈ-1639 որոշման մեջ նշելով, որ օրենքի սահմանադրականության կանխավարկածը հանգեցնում է կասկածի դեպքում օրենքը որպես Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանելու պահանջին, և շարունակելով, որ այն դեպքում, երբ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության որոշում չի ընդունվում, դիմումը համարվում է մերժված` դրանով իսկ հաստատելով, որ վիճարկվող նորմի հակասահմանադրական լինելը սահմանված կարգով հաստատված չէ, Սահմանադրական դատարանը փաստացի վիճարկվող դրույթի իրավակարգավորումը հավասարազոր և/կամ համադրելի է համարել նորմատիվ ակտերի իրավաչափությունը իրավական ֆիկցիայով որոշելու հետ։ Միաժամանակ ՍԴՈ-1639 որոշմամբ Սահմանադրական դատարանը խնդրահարույց չի համարել ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու դեպքում դիմումը մերժված համարելն առանց համապատասխան իրավական դիրքորոշումների հրապարակման, ինչպես նաև խնդրահարույց չի համարել Սահմանադրական դատարանի պատճառաբանությունների բացակայությունը։ Եվ դա այն դեպքում, որ իրավական պետությունում անթույլատրելի է չպատճառաբանված, այսինքն՝ անհիմն որոշումներ կայացնելը1։
ՍԴՈ-1639 որոշման մեջ Սահմանադրական դատարանը հարկ է համարել նկատել, որ նորմի սահմանադրականության որոշման խնդրանքով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող որոշ սուբյեկտների համար (օրինակ` ֆիզիկական և իրավաբանական անձանց) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով հատկորոշված են հստակ ժամկետներ, հետևաբար` ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չընդունվելու պարագայում նույն հարցի առնչությամբ Սահմանադրական դատարան դիմելիս նշված խումբ սուբյեկտները սահմանափակվելու են հիշյալ ժամկետների իմպերատիվ պահանջով, որպիսի պարագայում սահմանադրական արդարադատության իրավունքը, այնուամենայնիվ, պետք է գերակայի՝ երաշխավորելով դրա անխոչընդոտ իրացումը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ խնդրի լուծումն առավելապես ենթադրում է օրենսդրական կանոնակարգումներ, որպիսի հարցն օրենսդիր մարմնի տիրույթում է և չի առնչվում սույն գործով խնդրո առարկա դրույթի սահմանադրականությանը:
Նման մոտեցումով Սահմանադրական դատարանը, մեղմ ասած, շրջանցել է վիճարկվող դրույթի իրավակարգավորման՝ անձի արդար դատաքննության սահմանադրական իրավունքի, ի մասնավորի՝ անձի՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման տեսանկյունից սահմանադրականության հարցը գնահատելը, ինչը, սակայն, պետք է լիներ սույն գործով եզրահանգման համար պարզման ենթակա առանցքային հարցերից մեկը։
Ավելին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը գործի քննության համար սահմանել է այնպիսի առավելագույն ժամկետներ, որոնք կանխավարկածի ուժով ողջամիտ են։ Եթե Սահմանադրական դատարանի մոտեցումն է, որ տվյալ սուբյեկտի նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելը խնդրի լուծում է, ապա առաջանում է գործը ողջամիտ ժամկետում քննելու խնդիրը, քանի որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներից երկու անգամ ավել ժամկետում գործի ըստ էության քննությունը, որևէ պարագայում չի կարող համարվել ողջամիտ ժամկետում գործի քննություն։
ՍԴՈ-1639 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրական կարգավորումները միտված են սահմանադրաիրավական վեճի քննության ընթացքում դատավորների ձայների հավասարության դեպքում Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելու անհնարինության իրավիճակի լուծմանն այն հաշվառմամբ, որ առկա իրավական կառուցակարգերի պայմաններում երաշխավորվում է Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտների՝ նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը:
Նախ՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է կրկին դիմելը համարվել երաշխիք։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանը վերոհիշյալ անվերապահ պնդումները չէր կատարի, եթե սահմանադրաիրավական կարգավորումների համալիր վերլուծության արդյունքները ներկայացներ ՍԴՈ-1639 որոշման մեջ։ Ի մասնավորի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»: Իսկ նույն օրենքի 5-րդ մասի համաձայն՝ «Անհատական դիմումներով գործի քննությունը...կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ...լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»:
Հարց է առաջանում՝ վերոհիշյալ իրավակարգավորումների պարագայում ինչպե՞ս է երաշխավորվելու (ենթադրաբար՝ ապահովվելու) անձի՝ նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը, երբ Սահմանադրական դատարանը ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունել, և դիմումը համարվել է մերժված, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը լրացել է։
Առաջանում է մեկ այլ հարց ևս․ ինչպե՞ս է երաշխավորվելու Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտների՝ նույն սահմանադրաիրավական վեճի կապակցությամբ կրկին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը, երբ Սահմանադրական դատարանի կողմից ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չընդունվելու և դիմումը մերժված համարվելուց հետո, օրինակ՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտը Սահմանադրությամբ նախատեսված նույն հիմքով և ժամկետում այլևս իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան (մասնավորապես, Հանրապետության նախագահի դեպքում, երբ վերջինս քսանմեկօրյա ժամկետում Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի սահմանադրականության հարցով, և դիմումը մերժված համարվելուց հետո վիճարկվող օրենքն արդեն ստորագրվել ու հրապարակվել է), ինչպես նաև, երբ Սահմանադրությամբ նախատեսված իրավասու սուբյեկտն այլևս չի համարվում Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ՝ պայմանավորված տվյալ սուբյեկտի լիազորությունների ավարտով, օրինակ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, համայնքի ղեկավարի դեպքում: Ի դեպ, Հանրապետության նախագահի և համայնքի ղեկավարի դիմումները մերժված համարվելու պրակտիկա Սահմանադրական դատարանում արձանագրվել է 2021 թվականին, որի մասին ստորև անդրադարձ կատարվում է։
Այս հարցերի պատասխանը Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումներով հստակ ամրագրված է՝ տվյալ դեպքերում դիմումների հիման վրա գործերի քննությունը մերժվում է։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը և Սահմանադրական դատարանի աշխատակարգը, մասնավորապես, սահմանում են դիմումի գրանցման, դիմումի նախնական ուսումնասիրման, գործը քննության ընդունելու, գործի քննությունը մերժելու, գործը դատաքննության նախապատրաստելու, գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու, գործի քննության ժամկետը երկարաձգելու, դատաքննությունը հետաձգելու, մինչև գործով զեկուցողի կողմից Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման կամ եզրակացության նախագիծը ներկայացնելը՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի մյուս դատավորների նախնական դիրքորոշումը պարզելու, Սահմանադրական դատարանի կողմից որոշում և եզրակացություն ընդունելու կարգը և ժամկետները։ Ի դեպ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է գործի քննության ժամկետը երկարաձգելու հստակ պահանջ՝ այն կատարվում է Uահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, որը պետք է լինի պատճառաբանված2։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է նաև, որ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովում է Սահմանադրական դատարանի նախագահը, որը գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը։
ՍԴՈ-1639 որոշմամբ Սահմանադրական դատարանը չի գնահատել սույն գործով վիճարկվող դրույթը վերոհիշյալ իրավակարգավորումների համատեքստում, ինչպես նաև վիճարկվող դրույթի իրավակիրառական պրակտիկան, մասնավորապես՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի՝ օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջի տեսանկյունից:
Սահմանադրական դատարանի իրավակիրառական պրակտիկայում 1996 թվականի մարտի 13-ից3 առ 2022 թվականի մարտի 15-ը ներառյալ ձայների հավասարության հետևանքով ընդամենը 4 գործերով4 են դիմումները համարվել մերժված: Ուշագրավ է, որ դրանցից 1 գործով դիմումը համարվել է մերժված 2014 թվականի հունիսի 17-ին, իսկ մյուս 3 գործերով դիմումները համարվել են մերժված 2021 թվականի սեպտեմբերի 8-ին, 2021 թվականի հոկտեմբերի 12-ին և 2021 թվականի նոյեմբերի 16-ին:
Փաստենք նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. 2018 թվականի մայիսի 4-ից5 առ 2020 թվականի հունիսի 26-ը ներառյալ՝ Սահմանադրական դատարանն ընդունել է թվով 135 ըստ էության որոշումներ, որոնց մեծ մասն ընդունվել է Սահմանադրական դատարանի 8 դատավորների կազմով (որոշներն ընդունվել են Սահմանադրական դատարանի 6-7 դատավորների կազմով)։ Հիշյալ ժամանակահատվածում չի արձանագրվել քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում ընդունված չլինելու դեպք, և, ըստ այդմ՝ որևէ դիմում չի համարվել մերժված։
Սույն գործով վիճարկվող դրույթի իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը, մասնավորապես, ցույց է տալիս.
1) Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 15-ի ՍԴԱՈ-2 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի դեկտեմբերի 9-ին:
Սահմանադրական դատարանի վերոհիշյալ ՍԴԱՈ-2 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունն սկսելու ժամկետ է սահմանվել 2021 թվականի ապրիլի 27-ը, որը գործով զեկուցողի միջնորդությունների հիման վրա հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի հուլիսի 6-ին, այնուհետև՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին6:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴԱՈ-190 աշխատակարգային որոշմամբ գործով զեկուցողը փոխարինվել է նոր զեկուցողով, գործով դռնփակ խորհրդակցությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ընդմիջվել է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 8-ը՝ ժամը 15.00-ն՝ ըստ էության նոր որոշման նախագիծը մշակելու համար: Այսինքն՝ ընդամենը մեկ օրով։
2021 թվականի սեպտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, որ նշված դիմումը համարվում է մերժված։
Այսինքն՝ նշված գործով ձայների հավասարության հետևանքով դիմումը համարվել է մերժված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված գործով որոշում ընդունելու առավելագույն իննամսյա ժամկետի ավարտից երկու օր առաջ,
2) Սահմանադրական դատարանը 2021 թվականի մայիսի 25-ի ՍԴԱՈ-106 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 6-ին:
Սահմանադրական դատարանի վերոհիշյալ ՍԴԱՈ-106 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունն սկսելու ժամկետ է սահմանվել 2021 թվականի հուլիսի 20-ը, որը գործով զեկուցողի միջնորդության հիման վրա հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի հուլիսի 29-ին7:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի ՍԴԱՈ-168 և ՍԴԱՈ-169 աշխատակարգային որոշումներով գործով զեկուցողը փոխարինվել է նոր զեկուցողով, գործի վարույթը վերսկսվել, գործի քննությունը երկարաձգվել, դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին:
2021 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, որ նշված դիմումը համարվում է մերժված։
Այսինքն՝ նշված գործով ձայների հավասարության հետևանքով դիմումը համարվել է մերժված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործով որոշում ընդունելու առավելագույն վեցամսյա ժամկետի ավարտից գրեթե մեկ ամիս առաջ,
3) Սահմանադրական դատարանը 2021 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի դիմումի հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի փետրվարի 19-ին:
Սահմանադրական դատարանի վերոհիշյալ ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունն սկսելու ժամկետ է սահմանվել 2021 թվականի հունիսի 22-ը, որը գործով զեկուցողի միջնորդության հիման վրա հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին8:
Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 27-ի ՍԴԱՈ-167 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի դիմումի հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հիշյալ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 7-ին:
Սահմանադրական դատարանը 2021 թվականի հուլիսի 27-ի ՍԴԱՈ-167 աշխատակարգային որոշմամբ նշված գործերը միավորել է և որոշել քննել նույն նիստում՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին:
Գործով զեկուցողի միջնորդության հիման վրա միավորված գործի դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 19-ին9:
Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴԱՈ-208 և ՍԴԱՈ-209 աշխատակարգային որոշումներով գործով զեկուցողը փոխարինվել է նոր զեկուցողով, գործի վարույթը վերսկսվել, գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին:
2021 թվականի նոյեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, որ նշված դիմումը համարվում է մերժված:
Այսինքն՝ նշված միավորված գործով ձայների հավասարության հետևանքով դիմումը համարվել է մերժված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործով որոշում ընդունելու առավելագույն իննամսյա ժամկետի ավարտից չորս օր առաջ:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի կանոնակարգումների ու վերոնշյալ պրակտիկայի գնահատումը Սահմանադրական դատարանին հնարավորություն կտար վերհանելու դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի իրացման իրական հնարավորության առկայության ապահովված կամ դրանց խնդրահարույց լինելու հարցերը։
Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանի կողմից նաև այդ դրույթի իրավակիրառական պրակտիկայի գնահատումը կընդգծեր, որ Սահմանադրական դատարանն անաչառ, անկողմնակալ վեր է հանել իր իսկ իրավակիրառական պրակտիկայի խնդիրները, փարատել է այն կասկածները, որ «խուսափում» է իր իրավասությանը վերաբերող՝ քննության ընդունված ենթադրյալ հակասահմանադրական հարցի կապակցությամբ դիրքորոշում արտահայտելուց (ինչպես դա նշել է նաև սույն գործով դիմողը): Դա կլիներ նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված առարկայական քայլ։
_________________________________
1 Օրինակ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավակարգավորումը և պրակտիկան այն է, որ ձայների հավասարության պարագայում համարվում է, որ Հիմնական օրենքի խախտում չի արձանագրվել, և Դաշնային սահմանադրական դատարանը հրապարակում է վիճարկվող դրույթի Հիմնական օրենքին համապատասխանության վերաբերյալ որոշում:
2 Մեր կարծիքով վերանայման ենթակա է Սահմանադրական դատարանի այն պրակտիկան, որ Սահմանադրական դատարանի համապատասխան աշխատակարգային որոշումներում որպես գործի քննության ժամկետը երկարաձգելու պատճառաբանություն, որպես կանոն, նշվում է ընդհանրական՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից» ձևակերպումը՝ առանց կոնկերտ նշելու պատճառաբանությունները։ Այս պրակտիկան անկախ դիտորդի մոտ կարող է ստեղծել նաև Սահմանադրական դատարանի ըստ էության որոշում կայացնելը սուբյեկտիվորեն երկարաձգելու տպավորություն, որը կարող է վտանգել նաև Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտի՝ այդ որոշումն ստանալու իրավունքը։
3 Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո նրա ընդունած առաջին՝ ՍԴՈ-1 որոշման ընդունման ամսաթիվն է։
4 Հիշյալը նշել ենք Սահմանադրական դատարանի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
5 «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (2018 թվականի ապրիլի 9-ից) Սահմանադրական դատարանի ընդունած առաջին ըստ էության որոշման (ՍԴՈ-1412) ամսաթիվն է։
6 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-73 և 2021 թվականի հուլիսի 2-ի ՍԴԱՈ-137 աշխատակարգային որոշումները:
7 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 20-ի ՍԴԱՈ-159 աշխատակարգային որոշումը:
8 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-116 աշխատակարգային որոշումը:
9 Տե՛ս Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴԱՈ-192 աշխատակարգային որոշումը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ |
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
25 մարտի 2022 թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|