ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0307/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0307/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի սեպտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Արմեն Ավետիսյանի և Սիմա Ղուկասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արմեն Ավետիսյանից և Սիմա Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 220.000 ՀՀ դրամ՝ որպես հետադարձ պահանջի գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2019 թվականի որոշմամբ Արմեն Ավետիսյանի և Սիմա Ղուկասյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են, Դատարանի 08.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վաղարշակ Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սիմա Ղուկասյանը (ներկայացուցիչ՝ Անի Հակոբյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը, 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 380-րդ և 381-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետը, սխալ է մեկնաբանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը հակասում է հետադարձ պահանջներով հայցային վաղեմության հարաբերություններն ուղղակիորեն կարգավորող հոդվածին և դրա կիրառելի լինելու դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ Ընկերությունը կարող է իր հետադարձ պահանջը ներկայացնել վնաս պատճառող անձի նկատմամբ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռևս չի կատարել իր հիմնական պարտավորությունը, այն է՝ ապահովագրական հատուցման իրականացումը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթներից բխում է, որ ապահովագրողի մոտ ապահովագրական հատուցման պարտավորության ծագումը կապված է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց օրենքով նախատեսված որոշակի հանգամանքների ի հայտ գալու կամ չգալու հետ, կամ, երբ նման հնարավորություն ունենալու փաստը իրավաբանորեն հստակեցվելու է ապահովագրական պատահարի տեղի ունենալուց հետո կամ երրորդ անձի՝ օրենքով գործողության (անգործության) կամ որոշման հիման վրա: Նման պայմաններում վաղեմության ժամկետի սկիզբը պատահարի կամ վնասի չափը հայտնի լինելու պահից հաշվելու դեպքում կստացվի, որ ապահովագրողն իր հիմնական պարտավորությունը՝ ապահովագրական հատուցումը, կատարելու պահին արդեն իսկ բաց է թողել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետն իր կամքից անկախ հանգամանքներում, իսկ նման դեպքում վաղեմության ժամկետ կիրառելն անթույլատրելի է: Ուստիև նման իրավիճակներից խուսափելու համար օրենսդիրը հետադարձ պարտավորությունների համար սահմանել է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը՝ որևէ կերպ չպայմանավորելով անձի իրավունքի խախտման մասին իմանալու հանգամանքով:
Ընկերությունն իր հիմնական պարտավորությունը, այն է՝ ապահովագրական հատուցման վճարումը կատարել է 18.02.2014 թվականին, հետևաբար՝ հետադարձ պահանջի իրավունքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվել է 19.02.2014 թվականից և կավարտվեր 19.02.2017 թվականին, իսկ սույն գործով իրավունքի պաշտպանության մասին հայցը դատարան է ներկայացվել փոստային ծառայության միջոցով 02.02.2017 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի ավարտից 17 օր առաջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մերժված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել ամբողջությամբ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Սույն քաղաքացիական գործի փաստերով արդեն իսկ հաստատված է այն հանգամանքը, որ ավտոտրանսպորտային պատահարի ժամանակ «MITSUBISHI PAJERO» մակնիշի 14 US 363 համարանիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Արմեն Ավետիսյանը, որը հիմնավորվել է նաև Ընկերության փորձագետի կողմից տրված եզրակացություններով։ Սիմա Ղուկասյանն անգամ տեղեկացված չի եղել ավտովթարի մասին և այդ մասին տեղեկացել է դատական գործընթացի ժամանակ։ Հետևաբար, անհիմն է Ընկերության պահանջը համապարտության կարգով Սիմա Ղուկասյանից գումար բռնագանձելու մասին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Սիմա Ղուկասյանի միջև 19.09.2013 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 761096 վկայագրով (այսուհետ՝ Վկայագիր) Ընկերության կողմից ապահովագրվել է Սիմա Ղուկասյանին պատկանող «MITSUBISHI PAJERO» մակնիշի 14 US 363 համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Ընկերության 28.12.2013 թվականի թիվ SG/C13-20328/1, 08.01.2014 թվականի թիվ SG/C13-20328/2 փորձագետի եզրակացությունների, ապրանքագիտական թիվ SG/A13-20328/1, թիվ SG/A13-20328/2, եզրակացությունների, Արմեն Ավետիսյանի և Հայկ Վարդանյանի կողմից 24.12.2013 թվականի տրված բացատրությունների համաձայն, նշված ավտոմեքենայի վարորդ Արմեն Ավետիսյանի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, ՃԵԿ-ի պահանջների խախտմամբ, 24.12.2013 թվականին ժամը 16։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Չարենցի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի 29 LՕ 699 համարանիշի, «MITSUBISHI PAJERO» մակնիշի 35 TU 280 համարանիշի ավտոմեքենաներին, պատճառելով 220.000 ՀՀ դրամ գույքային վնաս։ Նշված ավտոմեքենաների սեփականատերերի կողմից հայտային դիմումների հիման վրա հայցվորի կողմից Աշխեն Սևոյանին և Հայկ Վարդանյանին 14.02.2014 թվականի Ընկերության կողմից կազմված ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումներով, 18.02.2014 թվականի վճարման հանձնարարագրերով որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 220.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ. թ. 15-34):
2) Ըստ Ընկերության կողմից 31.01.2017 թվականին տրված թիվ 531 տեղեկանքի՝ Ընկերության RGSInsurance համակարգում առկա տեղեկատվության համաձայն թիվ SG 761096 վկայագրի գծով 24.12.2013 թվականին ժամը 16։20-ին տեղի ունեցած պատահարի վերաբերյալ Ընկերության կոնտակտ կենտրոնի հեռախոսահամարին ահազանգը ստացվել է ժամը 17։24։56-ին (հատոր 1-ին, գ. թ. 35):
3) Ընկերությունը պահանջել է Արմեն Ավետիսյանից և Սիմա Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 220.000 ՀՀ դրամ՝ որպես հետադարձ պահանջի գումար: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 06.02.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-36):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ո՞ր պահից է սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի ներկայացման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն uկuվում է այն oրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մաuին: Այդ կանոնից բացառությունները uահմանվում են նույն oրենuգրքով և այլ oրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:
Այսպիսով ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված վերոհիշյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս ընդգծում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար:
Անդրադառնալով հետադարձ պարտավորությունների դեպքում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հետադարձ պարտավորությունների հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդպիսի պարտավորություններն ունեն ածանցյալ բնույթ, քանի որ չեն կարող ծագել, քանի դեռ չի կատարվել հիմնական պարտավորությունը: Այլ կերպ ասած՝ հիմնական պարտավորությունը կատարված լինելու հանգամանքն այն անհրաժեշտ իրավաբանական փաստն է, որի առկայությունը պարտադիր է հետադարձ պարտավորության կատարում պահանջելու իրավունքի ծագման համար: Ուստի, վերոհիշյալ հանգամանքի հաշվառմամբ օրենսդիրը հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի առանձնահատուկ կարգ է սահմանել՝ ամրագրելով, որ հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապահովագրական հարաբերություններում ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի ծագման հիմքերին և այդ իրավունքի իրացման առանձնահատկություններին, արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից:
Վկայագրի` պատահարի մասին Ապահովագրողին ծանուցման ժամկետի և կարգի մասին 13-րդ կետի համաձայն` Ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել Ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ ապահովագրական պատահարը նույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն է, որի դեպքում ապահովագրական ընկերությունը (…) պարտավորվում է տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի՝
1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`
ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.
բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.
գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ նույն մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքի.
դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե՝
ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում.
բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.
գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք.
դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանն ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.
3) ինչպես նաև՝
ա. պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.
բ. ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.
գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով: Նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Նույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարում է ապահովագրական հատուցում: Ապահովագրական ընկերությունն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով հստակ և սպառիչ սահմանված են ինչպես ապահովադրի, այնպես էլ վնաս պատճառած անձի պատասխանատվության հիմքերը, ուստի ապահովագրական ընկերությունը վերջիններիս կարող է հետադարձ պահանջ ներկայացնել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով թվարկված դեպքերում:
Նույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված են նաև բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել է այնպիսի իրավիճակներում, որ անհնարին է դարձնում ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելը, կամ այնպիսի իրավիճակներ, երբ ապահովադիրն ինչ որ պատճառներով չի իրազեկվել և չէր կարող իրազեկված լինել ապահովագրական պատահարի մասին։ Տվյալ դեպքերի համար ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը օրենսդիրը վերապահել է ապահովադրին և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձին։
Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում փաստել, որ բացի այն հանգամանքից, որ ապահովագրական ընկերությունն իրավունք ունի հետադարձ պահանջ ներկայացնել միայն օրենքում սպառիչ թվարկված դեպքերում, միաժամանակ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայման է վերջինիս կողմից տուժողին ապահովագրական հատուցում վճարած լինելու հանգամանքը, հակառակ դեպքում՝ քանի դեռ ապահովագրական ընկերությունը չի հատուցել տուժողին պատճառված վնասը, ապա վերջինս չի կարող հետադարձ պահանջ ներկայացնել ապահովադրին կամ վնաս պատճառած անձին, քանի որ ապահովագրական ընկերության կողմից իր հիմնական պարտավորությունը կատարված չլինելու պայմաններում չի կարող ծագել հետադարձ պարտավորության կատարում պահանջելու իրավունքը:
Միաժամանակ անդրադառնալով «ապահովագրության պայմանագրից բխող պահանջներ» հասկացության էության բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ապահովագրության պայմանագրի բնույթը թույլ է տալիս եզրահանգել, որ ապահովագրության պայմանագրով ապահովադիրը կամ նրա մատնանշած անձը (շահառուն) ձեռք է բերում իրավունք ապահովագրողից պահանջելու որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում): Այսինքն՝ ապահովագրական պայմանագրից բխում է ապահովադրի ապահովագրական ընկերությունից ապահովագրական հատուցում պահանջելու իրավունքը, մինչդեռ, հաշվի առնելով ապահովագրության որոշ տեսակների պարտադիր բնույթը, ինչպիսին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրության ոլորտում որոշ հարաբերություններ ծագում են ապահովագրության պայմանագրից անկախ՝ օրենքի ուժով, ինչպիսին սուբրոգացիայի կամ այլ կերպ ասած՝ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրացման արդյունքում առաջացող իրավահարաբերություններն են:
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջը բխում է օրենքից և չի կարող համարվել ապահովագրական պայմանագրից բխող պահանջ, ուստի ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է ապահովագրական ընկերության կողմից իր հիմնական պարտավորության կատարման, այն է՝ տուժողին ապահովագրական հատուցում վճարելու պահից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Սիմա Ղուկասյանի միջև 19.09.2013 թվականին կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SG 761096 վկայագրով Ընկերության կողմից ապահովագրվել է Սիմա Ղուկասյանին պատկանող «MITSUBISHI PAJERO» մակնիշի 14US363 համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Համաձայն Ընկերության 28.12.2013 թվականի թիվ SG/C13-20328/1, 08.01.2014 թվականի թիվ SG/C13-20328/2 փորձագետի եզրակացությունների, ապրանքագիտական թիվ SG/A13-20328/1, թիվ SG/A13-20328/2, եզրակացությունների, Արմեն Ավետիսյանի, Հայկ Վարդանյանի կողմից 24.12.2013 թվականի տրված բացատրությունների՝ նշված ավտոմեքենայի, վարորդ Արմեն Ավետիսյանի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի, ՃԵԿ-ի պահանջների խախտմամբ, 24.12.2013 թվականին ժամը 16։20-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի 29LՕ699 համարանիշի, «MITSUBISHI PAJERO» մակնիշի 35 TU 280 համարանիշի ավտոմեքենաներին, պատճառելով 220.000 ՀՀ դրամ գույքային վնաս։ Նշված ավտոմեքենաների սեփականատերերի կողմից հայտային դիմումների հիման վրա հայցվորի կողմից Աշխեն Սևոյանին և Հայկ Վարդանյանին 14.02.2014 թվականի Ընկերության կողմից կազմված ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումներով, 18.02.2014 թվականի վճարման հանձնարարագրերով որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 220.000 ՀՀ դրամ։ Ընկերությունը պահանջել է Արմեն Ավետիսյանից և Սիմա Ղուկասյանից համապարտության կարգով բռնագանձել 220.000 ՀՀ դրամ՝ որպես հետադարձ պահանջի գումար: Հայցադիմումը դատարան է ներկայացվել 06.02.2017 թվականին։
Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ հայցային վաղեմության սահմանված ժամկետը երեք տարի է, որը սկսվում է ոչ թե վթարի օրվանից, ինչպես մատնանշում է պատասխանող կողմը, այլ Ընկերության կողմից հատուցումը վճարելու օրվանից։ Ընկերության կողմից 14.02.2014 թվականին կազմված ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ որոշումներով որոշվել է վճարել վնասված ավտոմեքենաների սեփականատերերի փոխհատուցում։ Ընկերությունը հայցադիմումը դատարան է ներկայացրել 06.02.2017 թվականին, այսինքն՝ մինչև հայցային վաղեմության ժամկետի ավարտը, ուստիև հայցային վաղեմությունը տվյալ դեպքում կիրառելի չէ։
Վերաքննիչ դատարանը բավարարելով Արմեն Ավետիսյանի և Սիմա Ղուկասյանի վերաքննիչ բողոքները՝ պատճառաբանել է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի երկու հոդվածները, որոնք իրավիճակի տարբեր կարգավորում են սահմանում, ամրագրված են նույն իրավական ակտում, հետևաբար, անհրաժեշտ է կիրառել երկրորդ կետում նշված կանոնը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածը ընդհանուր կանոն է սահմանում հետադարձ պարտավորությունների համար, իսկ արդեն նույն օրենսգրքի 1022-րդ հոդվածը հատուկ կարգավորում է նախատեսում հետադարձ պահանջների առանձին դեպքերի, այն է՝ ապահովագրական պատահար տեղի ունենալու և այդ հիմքով հետադարձ պահանջ ներկայացնելու դեպքերի համար։ Վերաքննիչ դատարանը, վերլուծելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, գտել է, որ եթե այս երկու նորմերը տարբեր կարգավորում են նախատեսում, ապա պետք է կիրառել հատուկ նորմը, որի համաձայն՝ հայցային վաղեմության եռամյա ժամկետը պետք է հաշվարկել ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահից։ Այսպիսով՝ պատահարը տեղի է ունեցել 24.12.2013 թվականին, ուստի Ընկերությունն իր իրավունքների պաշտպանության նպատակով հայց կարող էր ներկայացնել մինչև 25.12.2016 թվականը, մինչդեռ հայցը ներկայացվել է 06.02.2017 թվականին, հետևաբար, Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցային վաղեմության կիրառելու հիմքով հայցը ենթակա է մերժման։
Վերը նշված մեկնաբանությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում Ընկերությունը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի հիմքով հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերել վնաս պատճառած անձի՝ Արմեն Ավետիսյանի նկատմամբ՝ ապահովագրական պատահարի մասին ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելու հիմքով: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում բացակայում է ապացույցն այն մասին, որ առկա էին նույն օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված բացառությունները։ Տվյալ դեպքում սույն գործի փաստերով հաստատվում է, որ Արմեն Ավետիսյանն իր կողմից տրված բացատրության մեջ նշել է, որ պատահարը տեղի է ունեցել իր մեղքով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով, որի հետևանքով վնաս է պատճառվել միայն գույքերին, ինքը և տուժողները մարմնական վնասվածքներ չեն ստացել։ Ինչ վերաբերում է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ Ընկերության հետադարձ պահանջի իրավունքի ծագմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Սիմա Ղուկասյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի վերոնշյալ հիմքին։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ կետի փոխարեն կիրառման ենթակա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության եռամյա ժամկետի ընթացքը հիմնական պարտավորությունը կատարելու պահից հաշվարկելու հատուկ կանոնը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Ընկերությունը չէր կարող հետադարձ պահանջ ներկայացնել ապահովադրի նկատմամբ, քանի դեռ չէր կատարել իր հիմնական պարտավորությունը՝ տուժողին ապահովագրական հատուցում տրամադրելը:
Նման պայմաններում հաշվի առնելով, որ ապահովագրական պատահարի հետևանքով տուժած անձանց պատճառված վնասը` 220.000 ՀՀ դրամի չափով, Ընկերության կողմից հատուցվել է 18.02.2014 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 19.02.2014 թվականից և ավարտվել 19.02.2017 թվականին, հետևաբար, հայցադիմումը 06.02.2017 թվականին Դատարան ներկայացրած հայցվոր Ընկերությունը հայցային վաղեմության ժամկետը բաց չի թողել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հայցային վաղեմություն կիրառելու հիմքի վերաբերյալ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, իսկ այդ առաքելությունը կարող է իրագործվել միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը: Այնինչ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միայն հայցային վաղեմության կիրառման հիմքի առկայությանը և սխալ եզրահանգման գալով, չի անդրադարձել Սիմա Ղուկասյանի վերաքննիչ բողոքի մնացած հիմքերին և հիմնավորումներին՝ սահմանափակելով բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը՝ արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար՝ Սիմա Ղուկասյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի մնացած հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
|
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
|
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: