Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 11.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 291-Լ

 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-162-10.02.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-162-10.02.2022-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

       

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 դրամից դարձնելով 80 000 դրամ և ըստ այդմ սահմանել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:

Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը հայտնում է, որ.

1. ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս կապակցությամբ յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում՝ նախատեսվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր:

2. Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ դրանում բացակայում են տնտեսական հիմնարարների տեսանկյունից վերլուծությունները, ինչպես նաև բացահայտված չեն նվազագույն ամսական աշխատավարձի աճի կարճաժամկետ և երկարաժամկետ մակրոտնտեսական ազդեցությունները և ռիսկերը։ Մասնավորապես, ներկայացված չէ առաջարկվող փոփոխության ազդեցությունը զբաղվածության, ստվերային տնտեսության, աշխատանքի արտադրողականության և ներուժային ՀՆԱ-ի վրա:

Օրինակ, նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի ու զբաղվածության մակարդակի նվազման, ձևավորել գնաճային ճնշումներ և հարկաբյուջետային ռիսկեր: Այս համատեքստում նկատի ունենք, որ նվազագույն աշխատավարձի այսչափ բարձրացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները անվանական աշխատավարձերը չբարձրացնելու նպատակով կամ կնվազեցնեն աշխատողների աշխատաժամանակը, կամ որ ավելի խնդրահարույց է՝ կազատեն աշխատանքից, սակայն, որոշ դեպքերում շարունակելով աշխատանքային հարաբերությունները պահպանել ոչ ֆորմալ ձևով։ Այս իրավիճակը կհանգեցնի նաև բյուջետային մուտքերի նվազման, ինչն էլ ինքնին, ինչպես գիտենք, հանգեցնելու է պետական ծախսերի, այդ թվում՝ սոցիալական ոլորտում իրականացվող, նվազման և սոցիալական լարվածության մեծացման։

3. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը չի փոփոխվել, և ներկայում այն կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 74 տոկոսը։ Բազային աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի չափերի՝ Օրենքով սահմանված հարաբերակցությունը չխախտելու նպատակով 2020 թվականից Օրենքի 5-րդ հոդվածում կատարվում են ժամանակավոր լրացումներ՝ նախատեսելով բազային աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի այլ հարաբերակցություն։ Միաժամանակ, համապատասխան օրենքների անցումային դրույթներով պետական մի խումբ ծառայողների համար սահմանվում են նվազագույն աշխատավարձին հավասար հիմնական աշխատավարձ ստանալու վերաբերյալ երաշխիքներ։

Սակայն նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումը անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես, նվազագույն ամսական աշխատավարձը 80.000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9 տոկոսով, որպեսզի ապահովվի Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բազային աշխատավարձ/նվազագույն աշխատավարձ 80 տոկոս հարաբերակցությունը: Հակառակ դեպքում, պետական ծառայողների, ինչպես նաև հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող մի խումբ աշխատողներ նվազագույն աշխատավարձի չափից ցածր աշխատավարձ կստանան, իսկ միայն այդ խմբի ծառայողների հիմնական աշխատավարձի բարձրացման դեպքում Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովման սկզբունքը կխախտվի ավելի մեծ շրջանակի պետական ծառայողների տեսանկյունից:

Պետական մարմիններում աշխատավարձի բարձրացման վերը նշված խնդրին զուգահեռ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույնաբովանդակ խնդիր է առաջանում նաև պետական այն հիմնարկներում (ՊՈԱԿ), որտեղ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ազդեցություն է ունեցել միայն նվազագույնից ցածր աշխատավարձ ստացողների վրա. այս սեգմենտում ևս պաշտոնների հիերարխիկ բուրգի ստորին հատվածում աշխատավարձի գործակիցները խտացվել են, որը դարձյալ բերել է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, բարդությունից կախված աշխատավարձի տարբերակման սկզբունքի խախտման:

4. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ Վերանայված սոցիալական խարտիայի նախադեպային վերլուծությունների ամփոփագրում նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցության ցանկալի նպատակը սահմանված է անվանական աշխատավարձի 60%, ընդունելի նպատակը՝ 50% և նվազագույն մակարդակը՝ 40%: 2021 թվականի հունվարդեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204,048 դրամ, որի 40%-ը կազմում է 82,000 դրամ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ 2021 թվականին նվազագույն և միջին ամսական անվանական աշխատավարձերի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում կազմել է շուրջ 46% (93,000/204,000), ինչը գերազանցում է վերոնշյալ 40% ցուցանիշը: Ընդ որում՝ պետք է նշել, որ այն համադրելի է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) անդամ երկրների շրջանում նշված ցուցանիշի միջին մակարդակի հետ և նույնիսկ գերազանցում է որոշ ՏՀԶԿ անդամ երկրների համապատասխան ցուցանիշի մակարդակները1։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը համաչափ բաշխված չէ իր միջին մակարդակի շուրջը։ Այսպես, վարձու աշխատողների շուրջ 50%-ը ստանում է մինչև 110,000 դրամ աշխատավարձ, ինչով պայմանավորված` մեդիան աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից։ Ուստի կարծում ենք, որ նախ նպատակահարմար է գնահատել նվազագույն ամսական աշխատավարձի և աշխատավարձի մեդիանի տնտեսապես հիմնավորված հարաբերակցության չափը Հայաստանի Հանրապետությունում։ Հակառակ դեպքում առաջարկվող քաղաքականությունը կարող է խեղաթյուրել մակրոտնտեսական համամասնությունները (հավասարակշռությունը աշխատանքի շուկայում)՝ բացասաբար ազդելով աշխատանքի շուկայի ցուցանիշների վրա՝ զսպելով տնտեսական աճը, ինչպես նաև առաջացնելով գնաճային ճնշումներ։ Այստեղ ևս նշենք, որ 2021 թվականի նվազագույն ամսական աշխատավարձի և աշխատավարձի մեդիանի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում բարձր է և կազմում է շուրջ 87%2՝ էապես գերազանցելով ՏՀԶԿ երկրների միջինում շուրջ 53% ցուցանիշը։

Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում բարձր է ստվերային զբաղվածության մակարդակը (2020 թվականի ընդհանուր զբաղվածության շուրջ 36%), հետևաբար տնտեսական հնարավորությունների շրջանակից դուրս նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը կարող է հանգեցնել ֆորմալ զբաղվածության կրճատմանը։

5. Կարող է թվալ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամտային հարկից մուտքերը կավելանան, սակայն այդպիսի պնդումը միանշանակ չէ, քանի որ այս փոփոխությունը միաժամանակ կարող է հանգեցնել նաև ոչ ֆորմալ զբաղվածության կամ գործազրկության մակարդակի բարձրացմանը։ Որպես ասվածի հիմնավորում՝ նշենք այն հանգամանքը, որ ավելի քան 300,000 աշխատող ներկայումս ստանում է 110,000-ը չգերազանցող հաշվարկային աշխատավարձ, ուստի բարձր է այն ռիսկը, որ մասնավոր հատվածում ցածր վճարվող աշխատատեղերի զգալի մասը կկրճատվի, ինչն էլ իր հերթին կբերի պետական բյուջեի եկամտային հարկի նվազման: Հնարավոր է նաև, որ այդ նվազումը իր մեծությամբ համարժեք լինի այն ավելացմանը, որը կարձանագրվի նվազագույնի բարձրացման արդյունքում ավելի շատ աշխատավարձ ստացողների (պահպանված աշխատատեղերի) գծով:

6. Միաժամանակ հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից կպահանջվի առնվազն վեցամսյա ժամանակահատված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում սոցիալական վճարների ծրագրային ապահովման աշխատանքները կատարելու համար:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով: Ուստի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ:

_________________

1 OECD database, https://stats.oecd.org/Index.aspx?DataSetCode=MIN2AVE

2 Չհարկված նվազագույն աշխատավարձը կազմում է շուրջ 93 հազար դրամ, իսկ մեդիան աշխատավարձը գնահատվել է ՀՀ ՊԵԿ տվյալների հիման վրա և կազմում է շուրջ 108 հազար դրամ: