Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 18.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 161-Լ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-136-17.01.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

      

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-136-17.01.2022-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ օրենքի նախագիծ), որի համաձայն առաջարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում դրամական փոխհատուցում հաշվարկել անկախ զինծառայողի կողմից բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքած լինելու հանգամանքից:

Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ օրենքի ներկա ձևակերպման արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ զինծառայողները տարբեր պայմաններից ելնելով՝ երբեմն իրենց կամքից անկախ հանգամանքներում, իրենց վարձակալած բնակարանի համար պայմանագիր չեն կնքում: Վարձով բնակվում են այլ վայրերում, ծանոթ մարդ են գտնում, նրա հետ պայմանագիր կնքում, հարկերն իրենց կողմից վճարում և այդ փաստաթղթերը ներկայացնում համապատասխան հանձնաժողով՝ ստանալով վարձավճարի փոխհատուցում: Փաստացի ստացվում է, որ բնակելի տարածություն վարձակալելու համար փոխհատուցում ստացած զինծառայողներն իրավական ակտերով սահմանված կարգը պահպանում են, ներկայացնում են նաև Կադաստրի կոմիտեից տեղեկանք՝ սեփականություն չունենալու մասին, բացառությամբ այն դրույթի, որ ապրում են ոչ թե պայմանագրի մեջ նշված հասցեում, այլ բնակարանում, որի սեփականատերը չի կնքել պայմանագիր:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Օրենքի 65-րդ հոդվածը կարգավորում է զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող հարցերը: Նշված կարգավորման համաձայն՝ զինծառայողներին ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալու դեպքում դրամական փոխհատուցում է նախատեսվում բնակելի տարածության վարձակալության դեպքում:

Հարկ է նշել, որ առկա կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ դրամական փոխհատուցումը տրամադրվում է բացառապես բնակելի տարածության վարձակալության համար և չի կարող ուղղվել այլ կարիքների բավարարմանը: Որպեսզի տրվելիք դրամական հատուցումն անպայմանորեն ծառայի իրական նպատակին և հնարավոր լինի վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ՝ օրենսդիրը նման հատուցումը կապել է բնակելի տարածության վարձակալության պայմանագրի առկայության հետ: Կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցման տրամադրումն է, այլ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների ապահովումը: Միաժամանակ՝ օրենքի նախագծի ընդունումը զինծառայողների բնակարանային ապահովության հարցում որևէ դրական առաջընթացի չի հանգեցնի, զինծառայողները ստացած ամսական դրամական փոխհատուցման հաշվին վարձակալելու են բնակարաններ առանց որևէ փաստաթղթի, ինչը նաև եկամուտների համընդհանուր հայտարարագրման տեսանկյունից խնդրահարույց է: Կառավարությունն անընդունելի է համարում առանց վարձակալության պայմանագրի դրամական հատուցում տրամադրելու գաղափարը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարձակալության պայմանագիրը հանդիսանում է նաև զինծառայողի՝ բնակելի տարածքով ապահոված լինելու երաշխիք:

Խնդրահարույց է նաև այն մոտեցումը, որ վարձակալության պայմանագիր կնքելուց հրաժարվող սեփականատերերի նման վարքագծի դեմ պայքարելու համար փորձ է արվում օրինականացնել նրանց վարքագիծը: Հրաժարվելով կնքել վարձակալության պայմանագիր և միաժամանակ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարանը վարձակալությամբ տալով՝ այդ սեփականատերերը խախտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունքի վերաբերելի դրույթները, դրանով էլ խուսափում հարկերի վճարումից՝ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետությունում առկա տնտեսական հարաբերությունների նորմալ ընթացքը:

Բացի այդ, պաշտպանության ոլորտի օրենսդրական՝ ներառյալ զինծառայողների վարձատրության համակարգի, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքների բարեփոխումների շրջանակներում պաշտպանության նախարարության կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվելու է ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված համապատասխան օրենսդրական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում, որոնց շրջանակներում համալիր լուծումներ են տրվելու նաև զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացին:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան