Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ/0152/01/19

Գործ թիվ ԱՐԴ/0152/01/19

Նախագահող դատավոր՝  Մ. Պապոյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ պաշտպան՝

Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ

     

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալներ Արման Արարատի Մադաթյանի և Արքա Սարիվանի Մադաթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում 2019 թվականի փետրվարի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 46154519 քրեական գործը և հետագա նախաքննության կատարման համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Նախաքննության մարմնի որոշումներով Արման Մադաթյանը և Արքա Մադաթյանը ներգրավվել են որպես մեղադրյալ. Արման Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արքա Մադաթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նույն քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Վահան Ստեփանի Իսահակյանը և Անդրանիկ Վոլոդյայի Հարությունյանը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 12-ի և 15-ի որոշումներով համապատասխանաբար մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

2019 թվականի հոկտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Արքա Մադաթյանի նկատմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպան Ց.Մարգարյանի միջնորդությունը։

Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

3. Արման Մադաթյանի պաշտպան Ա.Ալիխանյանի և Արքա Մադաթյանի պաշտպան Ց.Մարգարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել, մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացրել է և նրանց անհապաղ ազատ արձակել:

4. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Արման և Արքա Մադաթյանները` խնդրելով վճռաբեկ բողոքը մերժել` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Արման Մադաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ի]ր ընկերներ՝ Անդրանիկ Հարությունյանի, Վահան Իսահակյանի և Արքա Մադաթյանի հետ նախնական համաձայնությամբ, 2019 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, խմբի կազմում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեփակոցի ելքի հատվածում Վահան Իսահակյանի մորաքրոջ որդի Սահակ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, դեպի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք տեղափոխելու հանցավոր մտադրությամբ, Ս.Խաչատրյանի կողմից վարվող «Հյունդայի Սոլարիս» մակնիշի ավտոմեքենայով գաղտնի առևանգել է վերջինիս և հասնելով Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող չպարզված վայր՝ վերջինիս ազգական Գարուշ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ իրավունքը իրենցից մեկին հանձնելու պահանջով, նույն խմբի կազմում բռնություն է գործադրել Ս.Խաչատրյանի նկատմամբ, ապա շարունակելով իր հանցավոր նպատակին հասնելու մտադրությունը՝ Ս.Խաչատրյանին իր կամքին հակառակ, նույն տրանսպորտային միջոցով հասցնելով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 10 հասցե՝ նույն խմբի կազմով շարունակել է Գարուշ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան իրենցից մեկին հանձնելու գույքային պահանջ ներկայացնել Սահակ Խաչատրյանին»1:

6. Արքա Մադաթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Ի]ր ընկերներ՝ Անդրանիկ Հարությունյանի, Վահան Իսահակյանի և Արման Մադաթյանի հետ նախնական համաձայնությամբ 2019 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, խմբի կազմում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեփակոցի ելքի հատվածում Վահան Իսահակյանի մորաքրոջ որդի Սահակ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, դեպի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք տեղափոխելու հանցավոր մտադրությամբ, Ս.Խաչատրյանի կողմից վարվող «Հյունդայի Սոլարիս» մակնիշի ավտոմեքենայով գաղտնի առևանգել է վերջինիս և հասնելով Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող չպարզված վայր՝ վերջինիս ազգական Գարուշ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ իրավունքը իրենցից մեկին հանձնելու պահանջով, նույն խմբի կազմում բռնություն է գործադրել Ս.Խաչատրյանի նկատմամբ, ապա շարունակելով իր հանցավոր նպատակին հասնելու մտադրությունը՝ Ս.Խաչատրյանին՝ իր կամքին հակառակ, նույն տրանսպորտային միջոցով հասցնելով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 10 հասցե՝ նույն խմբի կազմով շարունակել է Գարուշ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան իրենցից մեկին հանձնելու գույքային պահանջը, որտեղ իր մոտ պահած, գործով չպարզված, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակվել է Ս.Խաչատրյանի վրա և ավազակությամբ հափշտակել՝ 750.000 ՀՀ դրամ արժողությամբ, 49 գրամ զանգվածով «Լոբի» գործվածքով ոսկյա շղթան և 1.125.000 ՀՀ դրամ արժողությամբ, 49 գրամ զանգվածով, «Հիսուս Քրիստոսի» պատկերով ոսկյա խաչը՝ Սահակ Խաչատրյանին պատճառելով ընդհանուր խոշոր չափի հասնող 1.875.000 ՀՀ դրամի գույքային և բարոյական վնաս, որոնք ընդգրկված չեն եղել խմբի անդամներ՝ Անդրանիկ Հարությունյանի, Վահան Իսահակյանի և Արման Մադաթյանի դիտավորության մեջ»2:

7. Առաջին ատյանի դատարանը, անփոփոխ թողնելով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը, փաստել է. «(…) [Ք]ննարկելով մեղադրյալներ Արման Արարատի Մադաթյանի և Արքա Սարիվանի Մադաթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը` Դատարանը նախ՝ արձանագրում է, որ մեղադրյալներին մեղսագրված արարքների կատարմանը նրանց առնչվելու վերաբերյալ կասկածը պահպանվել և շարունակում է մնալ հիմնավոր։

Ինչ վերաբերում է մեղադրյալներին կալանքի տակ պահելու հիմքերի հիմնավորվածությանը, ապա իրենց համակցության մեջ հաշվի առնելով մեղադրյալներին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, մեղսագրվող հանցագործությունների վտանգավորության աստիճանը, մասնավորապես՝ այն, որ նրանք մեղադրվում են մեծամասամբ ծանր հանցագործություններ կատարելու մեջ (...), որոնց համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ (...), Դատարանը փաստում է, որ բարձր է հավանականությունը, որ նրանք կարող են թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև կատարել նոր հանցավոր արարք, բացի այդ ճնշում գործադրել դատավարության մյուս մասնակիցների վրա: Վկայակոչված փաստարկները Դատարանի գնահատմամբ ծանրակշիռ են, բխում են գործի նյութերից և բավարար են` մեղադրյալների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոգրյալ գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ արժանահավատ հետևության հանգելու համար:

(...) Դատարանը գտնում է, որ քրեական գործում առկա նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալների` ազատության մեջ հայտնվելու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նոր հանցավոր արարք կատարելու հավանականությունը բարձր է։ Հետևաբար, Դատարանը հանգում է նրան, որ մեղադրյալներ Արման Արարատի Մադաթյանի և Արքա Սարիվանի Մադաթյանի նկատմամբ կալանավորման ձևով կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հիմքեր առկա չեն: Այլ կերպ՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնել անփոփոխ:

Դատարանն անդրադառնալով Արքա Մադաթյանի պաշտպան Ցոլակ Մարգարյանի կողմից արված միջնորդությանը՝ (...) գնահատելով սույն գործով առկա փաստական տվյալները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում քննարկված՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, գտնում է, որ սույն դեպքում դրանք բավարար են մեղադրյալին կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու համար: (...)»3։

8. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշման (...) հիմնավորումները դիտարկելով (...) [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի] և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, գտնում է, որ այդ հիմնավորումները չեն բխում դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի չեն Վերաքննիչ դատարանի համար:

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրյալի հավանական գործողությունների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներն ամենևին բավարար չեն մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի ազատության կանխավարկածը հաղթահարելու և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու համար, իսկ նման պայմաններում մեղադրյալներ Արման Մադաթյանին և Արքա Մադաթյանին ազատությունից զրկելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի իմաստով կդիտվի կամայականություն: Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նկատել, որ սույն գործով չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ խափանման մյուս միջոցները քրեական գործով վարույթի ընթացքում չեն կարող ապահովել մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի պատշաճ վարքագիծը:

(...) Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի անձը, մասնավորապես` այն, որ Արման Մադաթյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ունի մշտական բնակության վայր, «Ֆիդայիներ» միության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայապահպանության համար» պատվոգրով, հայրը` Արարատ Մադաթյանը, Արցախյան պատերազմի մասնակից է:

(...)

Ինչ վերաբերում է մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց ընտրելուն, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԱՐԴ/0152/01/19 (...) քրեական գործը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում, գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կարող է ըստ անհրաժեշտության նրանց նկատմամբ որևէ այլ խափանման միջոց ընտրել։ (...)»4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը, ինչն ազդել է գործի ելքի վրա՝ կայացվել է անօրինական և անհիմն դատական ակտ, որը հակասում է Վճռաբեկ դատարանի կողմից մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը վերլուծության չի ենթարկել Արման և Արքա Մադաթյանների անձը, նրանց մեղսագրվող հանցանքների տեսակը, դրանց ծանրությունն ու վտանգավորության աստիճանը, կոնկրետ հանցանքի կատարման պահին նրանց դրսևորած վարքագիծը, որպիսի հանգամանքները ևս էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցում: Մինչդեռ, հաշվի առնելով մեղադրյալներին մեղսագրվող հանցանքների բնույթը և նրանց անձը` առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ մնալով ազատության մեջ՝ նրանք կարող են անօրինական ազդեցություն ունենալ դատավարության մյուս մասնակիցների վրա:

9.1. Բողոք բերած անձն ընդգծել է նաև, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս հիմք է ընդունել Արման և Արքա Մադաթյանների անձը, մասնավորապես այն, որ Արման Մադաթյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, «Ֆիդայիններ» միության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայապահպանության համար» պատվոգրով, հայրը Արցախյան պատերազմի մասնակից է, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել, թե Արման Մադաթյանի հոր` Արցախյան պատերազմի մասնակից լինելն ինչ առնչություն կարող է ունենալ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցում և ինչքանով է տվյալ հանգամանքն ազդում նրա պատշաճ վարքագիծն ապահովելու ուղղությամբ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն առհասարակ չի անդրադարձել Արքա Մադաթյանի անձը բնութագրող տվյալներին՝ մասնավորապես գնահատականի չի արժանացրել այն, որ վերջինս ՌԴ-ում դատապարտվել է ազատազրկման մի շարք հանցագործությունների համար և պատիժը կրելուց ազատվել է 2018 թվականին, որպիսի հանգամանքը ևս վկայում է անձի բարձր հանրային վտանգավորության, ինչպես նաև գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին:

9.2. Բողոքաբերի կարծիքով, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ դատաքննությունը դեռևս չի սկսվել, որևէ ապացույց դատաքննությամբ չի հետազոտվել, մինչդեռ հաշվի առնելով ինչպես մեղադրյալներին մեղսագրվող հանցանքների բնույթը, այնպես էլ նրանց անձը` առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ մնալով ազատության մեջ` վերջիններս կարող են անօրինական ազդեցություն ունենալ դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումն ու Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Արման և Արքա Մադաթյանների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:

13. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով5:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»6:

14. Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին7:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Արման Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ (ա) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, շահադիտական դրդումներով մարդուն գաղտնի առևանգելու համար, (բ) առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար8,

- Արքա Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ (ա) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու համար, (բ) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ, շահադիտական դրդումներով մարդուն գաղտնի առևանգելու համար, (գ) առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար9,

- Առաջին ատյանի դատարանը, օրենքով սահմանված կարգով գործը վարույթ ընդունելուց հետո անդրադառնալով մեղադրյալներ Արման և Արքա Մադաթյանների խափանման միջոցի հարցին, 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառված կալանավորումը թողել է անփոփոխ` եզրահանգելով, որ բարձր է հավանականությունը, որ նրանք կարող են ճնշում գործադրել դատավարության մյուս մասնակիցների վրա, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կատարել նոր հանցավոր արարք` հաշվի առնելով, մասնավորապես, վերջիններիս մեղսագրվող հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը` այն, որ նրանք մեղադրվում են ծանր հանցանքներ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է ազատազրկման ձևով պատիժ: Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ վերոնշյալ փաստարկները բավարար են մեղադրյալների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ արժանահավատ հետևության գալու համար10,

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, և դրանք բավարար չեն մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի ազատության կանխավարկածը հաղթահարելու և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու համար: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի անձը, մասնավորապես այն, որ Արման Մադաթյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, «Ֆիդայիներ» միության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայապահպանության համար» պատվոգրով, հայրը` Արարատ Մադաթյանը, Արցախյան պատերազմի մասնակից է11:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Արման Մադաթյանի և Արքա Մադաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, խափանման միջոցը հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանը, հանդես գալով որպես գործով վարույթն իրականացնող մարմին, գնահատման է ենթարկել մեղադրյալների կողմից գործի քննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այն է` դատավարության մասնակիցների վրա ճնշում գործադրելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և նոր հանցավոր արարք կատարելու հնարավոր ռիսկերը: Այսպես` անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալների խափանման միջոցի հարցը լուծելիս սույն գործով դատաքննությունը դեռևս չէր սկսվել, որևէ ապացույց դատաքննությամբ չէր հետազոտվել, իսկ Արման և Արքա Մադաթյաններին մեղսագրվում են մի շարք հանցավոր արարքներ, որոնք ենթադրաբար կատարվել են խմբի կազմում (չորս անդամ), հետևաբար Առաջին ատյանի դատարանը, գնահատելով գործի հանգամանքները, բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ վերջիններս, մնալով ազատության մեջ, կարող էին անօրինական ազդեցություն ունենալ դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ:

Միևնույն ժամանակ, մեղադրյալներին մեղսագրվում են մի շարք ծանր հանցագործություններ, մասնավորապես` Արման Մադաթյանին` ծանրացուցիչ հանգամանքներում անձի առևանգում և շորթում ենթադրյալ հանցավոր արարքների կատարում, իսկ Արքա Մադաթյանին, բացի վերոնշյալներից, նաև ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության կատարում: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային դիրքորոշումներում բազմիցս նշել է, որ մեղսագրվող հանցավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր:

Ուստի, հիմք ընդունելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալների հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ ենթադրությունները հիմնավոր են և բխում են գործի փաստական տվյալների ամբողջությունից:

17. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ որոշում կայացնելիս հաշվի է առնում նաև մեղադրյալների անձը, ապա Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը շարադրել է միայն Արման Մադաթյանի անձը բնութագրող տվյալները, որոնք, սակայն, սույն որոշմամբ արձանագրված փաստական տվյալների պայմաններում չեն կարող բացառել ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինիս կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև Արման Մադաթյանի հոր` Արարատ Մադաթյանի՝ Արցախյան պատերազմի մասնակից լինելու հանգամանքը, որը խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն չէր կարող ունենալ:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատման չի ենթարկել Արքա Մադաթյանի անձը, մասնավորապես այն, որ վերջինս ունի չմարված դատվածություն` նախկինում նույնաբնույթ հանցավոր արարքներ կատարելու համար12, որպիսի հանգամանքը կարևոր նշանակություն ունի ազատության մեջ գտնվելու դեպքում նրա կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից:

18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և վերացնելով մեղադրյալների նկատմամբ անփոփոխ թողնված խափանման միջոց կալանավորումը, պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալներին մեղսագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերջիններիս անձը, որոնք գործի նյութերից բխող տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել մեղադրյալների` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին:

Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ գործի քննության ընթացքում մեղադրյալներ Արման և Արքա Մադաթյանների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը բարձր է, հիմնավոր է և բխում է գործի նյութերում առկա փաստական տվյալներից:

18.1. Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշումը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հանդես է եկել որպես վարույթն իրականացնող մարմին։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լիներ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենար պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը։ Մինչդեռ, տվյալ դեպքում որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը չի համապատասխանել վերոնշյալ չափանիշին։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արման և Արքա Մադաթյանների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

19. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արման և Արքա Մադաթյանների նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցը քննելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմանը13՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Մեղադրյալներ Արման Արարատի Մադաթյանի և Արքա Սարիվանի Մադաթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________________

1 Տե՛ս գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 94-97:

2 Տե՛ս գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 98-103:

3 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 24-28:

4 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 102-108:

5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի վերաբերյալ գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12 Տե՛ս գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 116-117:

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան


Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան