Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1629
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 28.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.02.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 փետրվարի 2022 թ.

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Հիմնադրամների մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2003 թվականի հունվարի 31-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի փետրվարի 22-ին:

Օրենքի՝ «Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.

«7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար»:

Վիճարկվող հոդվածը լրացվել, խմբագրվել և փոփոխության է ենթարկվել 2007 թվականի փետրվարի 26-ի ՀՕ-109-Ն օրենքով:

Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Դիմող)՝ 2021 թվականի հուլիսի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով Օրենքը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը, ինչպես նաև դրանց կամ վիճարկվող օրինադրույթների հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը պնդում է, որ Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով հաշվի չի առնում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները և բուհերի ինքնակառավարման իրավունքը, հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, ինչպես նաև 78-րդ և 81-րդ հոդվածներին:

Դիմողը փաստում է, որ օրենսդիրը, վիճարկվող դրույթում ամրագրելով երեք անդամից կազմված և Արդարադատության նախարարի կողմից նշանակվող ժամանակավոր խորհրդի ստեղծման իրավական հնարավորություն, ինչպես նաև ժամանակավոր խորհրդի գործառույթների լայն շրջանակ, հաշվի չի առել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, ինչը հանգեցրել է խնդրո առարկա իրավունքի անհամաչափ սահմանափակման:

Դիմողի գնահատմամբ վիճարկվող դրույթն անտեսում է կրթության սահմանադրական իրավունքի պարտադիր բաղադրիչ բուհերի ինքնակառավարման իրավունքը և չի ապահովում դրա երաշխավորման համար անհրաժեշտ և բավարար չափանիշներ կամ կանոններ:

Երևանի պետական համալսարանի օրինակով Դիմողը պնդում է, որ Կառավարության կողմից Օրենքի վիճարկվող դրույթների գործադրման արդյունքում՝

1) ժամանակավոր խորհուրդը ձևավորված է Արդարադատության նախարարի հրամանով,

2) գոյություն չունեն խորհրդի կազմի ձևավորման չափանիշներ, խորհրդի անդամներին ներկայացվող պահանջներ,

3) ամրագրված չեն խորհրդի կազմի համամասնության ու ներկայացվածության պահանջները, գործունեության սկզբունքները,

4) խորհուրդը կարող է իրականացնել այն լիազորությունները, որոնք օրենքով վերապահված են հոգաբարձուների խորհրդին,

5) Արդարադատության նախարարի կողմից միանձնյա ձևավորվող խորհուրդն օժտված է նույն գործիքակազմով, ինչ հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ բուհերի կառավարման և հետագա գործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության հարցեր որոշելու տեսանկյունից:

Վերլուծելով Կառավարության՝ բուհական գործունեության ոլորտում իրականացվող նախաձեռնությունները՝ Դիմողն արձանագրում է, որ նման պայմաններում բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները Արդարադատության նախարարի կողմից ձևավորվող ժամանակավոր խորհրդին վերապահելը՝ առանց հաշվի առնելու կրթության ոլորտի հիմնադրամների գործունեության սահմանադրական երաշխիքներն ու առանձնահատկությունները, ակնհայտ է դարձնում Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքի պարտադիր բաղադրիչի՝ բուհական ինքնակառավարման իրավունքի նկատմամբ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի կամայական միջամտության բարձր աստիճանը:

Հետազոտության առարկա դարձնելով կրթության ոլորտի մի շարք միջազգային փաստաթղթեր, այդ թվում՝ «Magna Charta Universitatum»-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) «Բարձրագույն կրթության ոլորտում կառավարման և որակի ուղեցույցները»՝ Դիմողը գտնում է, որ բուհական ինքնակառավարումը, այդ թվում՝ ինքնավարությունը, առանցքային դերակատարություն ունի բուհական համակարգի պատշաճ կազմակերպման և արդյունքում՝ կրթության իրավունքի երաշխավորման համար: Ինքնավարության բովանդակությունը ներառում է նաև կառավարման ինքնուրույնությունը, ինչը, Դիմողի եզրահանգմամբ, թիրախավորվում է սույն դիմումով վիճարկվող կարգավորումներով:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Դիմողը խնդրում է.

«...Որոշել Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78-րդ և 81-րդ հոդվածներին»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), վերլուծելով Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը և ներկայացնելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1608 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, նշում է, որ գործող կարգավորումը վերաբերելի է միայն որոշակի կոնկրետ իրավիճակներին, երբ առկա է հիմնադրամի աշխատանքների բնականոն ընթացքի խաթարման վտանգ, ուստի միանգամայն արդարացված է նման իրավիճակներում ժամանակավոր խորհրդի ձևավորման իրավասությամբ արդարադատության նախարարին օժտելը:

Անդրադառնալով Դիմողի մտահոգությանն առ այն, որ ժամանակավոր խորհուրդն օժտված է նույն գործիքակազմով, ինչ հոգաբարձուների խորհուրդը, Պատասխանողը պնդում է, որ ժամանակավոր խորհուրդն ուղղակիորեն չի կարող մշտապես գործել, քանզի տվյալ մարմնի նպատակը հոգաբարձուների խորհրդի կազմի համալրումն է, իսկ այդ ժամանակահատվածում հիմնադրամի գործունեության անխափան ընթացքն ապահովելու նպատակով ժամանակավոր խորհուրդը պետք է իրականացնի նույն գործունեությունը, ինչ հոգաբարձուների խորհուրդը:

Պատասխանողի գնահատմամբ ժամանակավոր խորհրդի՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակումն ինքնին որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լիազոր մարմնից կախվածության հիմք և անկաշկանդ գործելու խոչընդոտ:

Պատասխանողը գտնում է, որ Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի նպատակն է բացառել հիմնադրամի բնականոն գործունեության խաթարման ցանկացած վտանգ՝ ձեռնարկելով իրավիճակից բխող կոնկրետ միջոցառումներ:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրում է սույն գործով վիճարկվող դրույթը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքներ

Սույն գործով սահմանադրաիրավական վեճը հանգում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ժամանակավոր խորհուրդների ձևավորման և իրավասության շրջանակի սահմանման իրավական կառուցակարգերի՝ կրթության իրավունքի պարտադիր բաղադրիչ հանդիսացող բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքին անհամապատասխանության հիմնախնդրին՝ պայմանավորված այն իրողությամբ, որ հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը ձևավորելիս և իրավասությունների շրջանակը սահմանելիս գործող իրավակարգավորումները հաշվի չեն առնում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, ինչը հանգեցնում է կրթության սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը սույն գործով քննության առարկա է համարում Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և դրա համապատասխանությունը Սահմանադրությանը գնահատում է Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 78-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա:

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

 արդյո՞ք Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ժամանակավոր խորհուրդների ձևավորման և իրավասության շրջանակի սահմանման հատուկ իրավակարգավորում, ոչ իրավաչափորեն սահմանափակում է կրթության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, ներառյալ՝ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը՝ խաթարելով Սահմանադրությամբ երաշխավորված համաչափության սկզբունքը,

● արդյո՞ք Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով վեցամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չնշանակվելու դեպքում ժամանակավոր խորհրդին պարտավորեցնում է հիմնադրամը լուծարելու համար դիմել դատարան, չի հանգեցնում բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի խախտման:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում նախևառաջ բացահայտել և գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ որպես կազմակերպությունների հիմնադրման և դրանց կառավարման ոլորտի նորմատիվ-իրավական կարգավորումների առանձնահատկությունները։

Բարձրագույն ուսումնական հաստատության ինքնակառավարման սահմանադրական իրավունքի կարևոր երաշխիքը կազմակերպաիրավական այն ձևն է, որով հիմնադրվում և պետականորեն գրանցվում է այն: Հայաստանի Հանրապետությունում միասնական իրավական կարգավորումների բացակայության հետևանքով բուհերն ունեն էականորեն տարբերվող կազմակերպաիրավական ձևեր: Մասնավոր բուհերի գերակշիռ մասը գրանցված է որպես առևտրային իրավաբանական անձ: Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2014 թվականն ունեին պետական ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ։ Դրանից հետո պետական բուհերի մի մասը վերակազմավորվեց հիմնադրամների կազմակերպաիրավական ձևի:

Բարձրագույն կրթության համակարգն աչքի է ընկնում ոչ միայն գործող բուհերի կազմակերպաիրավական ձևերի զանազանությամբ, այլև բուհերի կառավարման համակարգը կարգավորող օրենքների բազմազանությամբ: Պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող բուհերը հիմնադրվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 23.10.2001 թ. ընդունված օրենքի, իսկ հիմնադրամի կարգավիճակ և կազմակերպական իրավական ձև ունեցող բուհերը՝ «Հիմնադրամների մասին» օրենքի հիման վրա: Բարձրագույն ուսումնական մասնավոր հաստատությունները, որպես կանոն, ունեն առևտրային իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձև, ուստի նրանց հիմնադրման և ընթացիկ կառավարման հարաբերությունները կարգավորվում են համապատասխան առևտրային ձևի իրավաբանական անձին վերաբերող ընդհանուր (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք) և հատուկ օրենքներով:

Սույն գործի հանգամանքների համակցությունը, որոնց մի մասին անդրադարձել է նաև Դիմողը, կարելի է որակել որպես բուհական կառավարման ճգնաժամ, որը պայմանավորված է նաև ոլորտը կարգավորող օրենքների ստորակարգության անհստակությամբ։ Պետական բուհերի և՛ արտաքին, և՛ ներքին կառավարման ոլորտներում ստեղծված արտակարգ իրավիճակը պայմանավորված է և՛ Օրենքի, և՛ բարձրագույն կրթության ոլորտում գործող այլ օրենքների բացերով. մասնավորապես՝ Օրենքը չի սահմանում որպես պետական բուհ գրանցված հիմնադրամների նկատմամբ նույն օրենքի դրույթների կիրառման իրավական հիմքը և դրա կարգը, իսկ կրթական ոլորտի օրենքները չեն նախատեսում իրավակարգավորումներ այն դեպքերի համար, երբ բուհերի կառավարման մարմինները (հատկապես կոլեգիալ) տարբեր պատճառների ուժով փաստորեն անզոր են դառնում գործելու և իրականացնելու իրենց իրավասությունը՝ առաջացնելով բուհական կառավարման ընդհատում, գործառութային վակուում։

Վերը նկարագրվածը հաշվի առնելով՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ կրթությանը վերաբերող սահմանադրական կարգի հիմունքների և բուհերի ինքնակառավարման իրավունքի վերլուծությանը՝ սույն գործի համատեքստում։

4.2. «Կրթություն» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այն սահմանադրաիրավական կարգավորումների լույսի ներքո գործածվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ իմաստներով՝ կրթությունը՝ որպես համակարգ, և կրթությունը՝ որպես անհատի իրավաբանորեն ամրագրված հիմնական իրավունք: «Կրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը պետական կրթական չափորոշիչների, պետական հավատարմագրման չափանիշների, կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերի, ուսումնական հաստատությունների և կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է:

Կրթության ոլորտի իրավական կարգավորման կառուցակարգում հիմնարար նշանակություն ունի Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասը. «Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կրթական համակարգը երկրի զարգացման ու առաջընթացի, գիտելիքահենք հասարակության ձևավորման, տնտեսական կայունության, մրցունակ աշխատաշուկայի կարևորագույն գրավականն է։ Դրան համապատասխան՝ կրթությունը զարգացնելու՝ պետության պարտականությունը ամրագրվել է որպես սահմանադրական կարգի հիմունք։

Սահմանադրության 15-րդ հոդվածի ուժով՝ պետությունը, լինելով կրթության զարգացման ապահովման համար հանրային պատասխանատու, պարտավոր է կիրառել իր գործառութավորման բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:

Սահմանադրության և ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրակացնելու, որ պետությունն իր սահմանադրական պարտականությանը համապատասխան՝ կրթության համակարգում կատարում է հավաքական հանրային պատասխանատուի դեր, որը դրսևորվում է կրթական համակարգի տարր հանդիսացող կրթական պետական կազմակերպությունների հիմնադրմամբ, ոլորտի օրենսդրական կարգավորմամբ, պետական ընդհանուր կառավարմամբ, վերահսկողության իրականացմամբ, պետական կրթական կազմակերպությունների կառավարմանը մասնակցությամբ։

Պետության առաջնահերթություններից է կրթական ոլորտում այնպիսի միջավայր ապահովելը, որը հնարավորություն կընձեռի կրթական ուսումնական հաստատություններին իրականացնելու իրենց առաքելությունը և երաշխավորելու անհատների կրթության իրավունքը:

Ինչպես բոլոր կրթական կազմակերպություններում, այնպես էլ բուհական կառավարման ոլորտում ցանկացած ճգնաժամ, այդ թվում՝ գործառութային վակուում, խնդրահարույց է։ Կրթության իրավունքի կենսագործումը ներառում է կրթության և կրթական կազմակերպությունների որակյալ ապահովումը, կրթական համակարգի բնականոն գործառութավորումը, ներառյալ՝ պատշաճ կառավարումը, այդ իրավունքի կենսագործման ու պաշտպանության բավարար և անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը։

Սահմանադիրը, որպես կրթության իրավունքի անքակտելի բաղադրատարր, հռչակել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը (Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մաս): Սահմանադրական դատարանը 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատել է բուհերի սահմանադրական այդ իրավունքի մի քանի կարևոր տարրեր.

1) ինքնակառավարումը «... նշանակում է կազմակերպված սոցիալական ընդհանրության կամ հաստատության (կազմակերպության) անկախությունն ու ինքնուրույնությունը՝ սեփական գործերը կառավարելիս, իր կենսագործունեության հարցերը լուծելիս: Պետությունը սահմանում է ինքնակառավարվող սուբյեկտների գործունեության օրենսդրական հիմունքները և ուղղակի չի միջամտում դրանց ու դրանց ստեղծած մարմինների գործունեությանը, այլ օրենքով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վերահսկողություն»:

2) «Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, վերջիններիս օժտել է ոչ միայն ինքնակառավարմանը բնորոշ ընդհանուր տարրերով (որոնք, ինչպես նշվեց՝ բաղկացած են կազմակերպական-կառավարչական (ներառյալ կադրային) և ֆինանսական բաղադրիչներից, և ինքնակառավարվող սուբյեկտների անքակտելի հատկություններն են), այլ նաև լրացուցիչ, դրանց սոցիալական և մշակութային դերին բնորոշ բաղադրատարրերով՝ ակադեմիական (կրթության ոլորտ) և հետազոտությունների (գիտական ոլորտ) ազատությամբ»։

Սահմանադրական դատարանն իր վերը նշված որոշմամբ, վերլուծելով բուհերի ինքնակառավարման իրավունքի միջազգային իրավական չափորոշիչները (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականը (1997թ.), ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանությունը, Եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»-ը), արտահայտել է դիրքորոշում, որ «... բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար»։

Վերահաստատելով իր այս դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վերոհիշյալ միջազգային փաստաթղթերը, ամրագրելով ինստիտուցիոնալ ինքնավարության, ակադեմիական ազատության հասկացությունները և դրանց հասարակական նշանակությունը, միաժամանակ փաստում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման և ինքնավարության իրավունքները բացարձակ չեն։ Հիշատակված փաստաթղթերով ինքնակառավարումը դիտարկվում է այնպիսի չափորոշիչային հասկացություններով, ինչպիսիք են «ինքնակառավարման աստիճան», «նպատակային ինքնավարություն», «պետության անհարկի միջամտություն», «պետության պարտականությունը պաշտպանել բուհերին դրանց ինքնակառավարմանն սպառնացող վտանգներից» հասկացությունները։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանության 40-րդ կետի համաձայն՝ ինքնավարությունն ինքնակառավարման այն աստիճանն է, որն անհրաժեշտ է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից արդյունավետ որոշում կայացնելու համար` կապված նրանց ակադեմիական աշխատանքի, չափորոշիչների, կառավարման և դրանց հետ կապված գործունեության հետ:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ պետության կրթական գործառույթի լավագույնս իրականացնելու գործընթացում առանցքային դերակատարություն ունեն հատկապես կրթական կազմակերպությունները։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման սահմանադրական իրավունքը ենթադրում է ակադեմիական հանրային պատասխանատվություն` ստեղծել նպաստավոր պայմաններ կրթական գործընթացի մասնակիցների համար։

Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության ինքնավարությունն առանցքային դերակատարություն ունի բուհական համակարգի պատշաճ կազմակերպման և որպես հետևանք՝ կրթության իրավունքի երաշխավորման համար: Միաժամանակ, հիմք ընդունելով Սահմանադրության 74-րդ հոդվածը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բուհական ինքնակառավարումը, լինելով հաստատության կարողությունն ու իրավունքը՝ որոշելու իր գործողությունների ընթացքն առանց պետության անհարկի միջամտության, բացարձակ չէ և ենթադրում է բուհի գլխավոր առաքելության խաթարման վտանգի դեպքում պետության՝ օբյեկտիվ հիմքերով, հիմնավորված միջամտություն՝ համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքի և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության սահմանադրական սկզբունքներին համապատասխան:

4.3. Հիմնադրամի՝ որպես ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակի առանձնահատկություններով, ինչպես նաև գործունեության հնարավոր բազմաբնույթ ոլորտներով պայմանավորված՝ Օրենքը որդեգրել է ընդհանրական կարգավորման տեսլականը: Միևնույն ժամանակ՝ Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով»։ Բացի դրանից, Օրենքի 1-ին հոդվածի 2, 3, 4, 5 և 6-րդ մասերը մատնանշում են առանձին տեսակի հիմնադրամների առանձնահատկությունների կարգավորման աղբյուրները՝ հղում կատարելով համապատասխան օրենքներին և միաժամանակ սահմանելով, որ Օրենքի դրույթները տարածվում են այդ հիմնադրամների վրա, եթե հատուկ օրենքներով «այլ բան սահմանված չէ»։

Բուհերի կազմակերպման և գործունեության հարաբերությունների օրենսդրական կարգավորման աղբյուրների աստիճանակարգության հարցում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի և Օրենքի կարգավորիչ հարաբերակցությունը ընդհանուր և հատուկ օրենքների համակարգային կապվածություն է, որոնց միջև իրավաբանական կոլիզիայի հաղթահարման իրավական բանաձևը Օրենքի 1-ին հոդվածի 3, 4, 6 և 7-րդ մասերում ամրագրված հատուկ տեսակի հիմնադրամներին վերաբերող կոլիզիոն իրավադրույթներն են։ Հետևաբար՝ հիմնադրամի կարգավիճակով բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպման և գործունեության հարաբերությունների ոլորտում Օրենքը գործում է այնքանով, որքանով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով այլ բան սահմանված չէ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում առկա է օրենսդրության բաց, որպիսին հանգեցնում է բուհերի կառավարման ճգնաժամի, մինչդեռ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը չի նախատեսում տվյալ ճգնաժամը հաղթահարելու իրավական կառուցակարգեր։

Սահմանադրական դատարանի գնահատմամբ օրենքի բացը՝ որպես կոնկրետ նորմատիվ կարգադրագրի բացակայություն, տվյալ օրենքի իրավական կարգավորման ոլորտում գտնվող հասարակական հարաբերությունների նկատմամբ չպետք է հանգեցնի բուհական համակարգի և/կամ կոնկրետ բուհերի կառավարման անընդհատության խաթարմանը։ Հանրային շահերի բավարարման տեսանկյունից կառավարումը պետք է լինի շարունակական՝ ապահովելով բուհի գործառույթների իրականացման անընդհատությունը:

4.4. Սահմանադրական դատարանը, Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառումը գնահատելով բուհական կառավարման համակարգում ճգնաժամի հաղթահարման բացառիկ միջոց, անհրաժեշտ է համարում իրականացնել դրա բովանդակության վերլուծությունը բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքի համատեքստում։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառումը միջամտություն է բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, հետևաբար՝ այն պետք է բավարարի հիմնական իրավունքների սահմանափակման սահմանադրական սկզբունքները՝ համաչափություն, որոշակիություն, և չպետք է խախտի բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքի էությունը։

Սահմանադրական դատարանը, այս համատեքստում իրականացնելով Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի վերլուծությունը, եզրահանգում է, որ ժամանակավոր խորհուրդը, հանդիսանալով կառավարման տեսանկյունից «ճգնաժամային իրավիճակի» առաջ կանգնած՝ հիմնադրամի ղեկավար մարմին, ստանձնում է հիմնադրամի բարձրագույն մարմնի կարգավիճակ բացառապես հոգաբարձուների խորհրդի գործունեության շարունակվելու անհնարինության դեպքում՝ հիմնադրամի գործունեությունը չխաթարելու, կառավարման քաոսային վիճակը շտկելու նպատակով: Վիճարկվող դրույթի ուժով ժամանակավոր խորհուրդը բաղկացած է երեք անդամից, որոնց նշանակում է Արդարադատության նախարարը՝ երկամսյա ժամկետում:

Անդրադառնալով Դիմողի բարձրացրած այն հարցին, որ օրենսդիրը խնդրո առարկա Օրենքով չի սահմանել բուհական գործունեություն ծավալող հիմնադրամի կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների ժամանակավոր խորհրդի անդամներին ներկայացվող որևէ պահանջ կամ չափանիշ՝ Արդարադատության նախարարին վերապահելով բացառիկ իրավասություն միանձնյա ձևավորելու ժամանակավոր խորհրդի կազմը, Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 4.3-րդ կետում արտահայտված դիրքորոշումները, ևս մեկ անգամ փաստում է, որ Օրենքի շրջանակներում առանձին տեսակի գործունեություն ծավալող հիմնադրամների վերաբերյալ հատուկ կարգավորում չամրագրելը տրամաբանական է, քանզի Օրենքի կարգավորման առարկան ներառում է տարաբնույթ նպատակներ հետապնդող հիմնադրամների մասնակցությամբ հարաբերություններ:

Ասվածը, այնուամենայնիվ, ոչ միայն չի բացառում, այլ նաև սահմանադրաիրավական նորմերի ուժով (Սահմանադրության 38-րդ հոդված) պարտադրում է Արդարադատության նախարարին յուրաքանչյուր դեպքում ժամանակավոր խորհրդի անդամ նշանակելիս առաջնորդվել կոնկրետ հիմնադրամի ծավալած գործունեության ոլորտի առանձնահատկություններով՝ կրթության ոլորտը զերծ պահելով քաղաքական և ցանկացած այլ տեսակի գաղափարական ազդեցությունից՝ հիմք ընդունելով բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական ազատության սահմանադրաիրավական գաղափարահենք սկզբունքը: Այս առումով օրենսդրական կարգավորման զարգացումները պետք է միտված լինեն կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության շրջանակներում առանցքային նշանակություն ունեցող օրենքներում բուհական ինքնակառավարման իրավունքի երաշխավորման գործուն կառուցակարգերի ամրագրմանը:

Բացի դրանից, խնդրո առարկա օրենքի ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ օրենսդիրը ժամանակավոր խորհրդի վրա դրել է պարտավորություն՝ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ուղղված օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրմանը, որպիսի հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ հիշատակված մարմնի հիմնական առաքելությունը հիմնադրամի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է:

Առաջնորդվելով հիմնադրամի անխոչընդոտ գործունեությունն ապահովելու շահով՝ օրենսդիրը ժամանակավոր խորհրդին վերապահել է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված՝ օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ, ինչը միանգամայն իրավաչափ է, քանզի ստեղծված իրավիճակում ժամանակավոր խորհուրդը պետք է ունենա համապատասխան լծակներ՝ հիմնադրամի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Այս առումով Դիմողի մտահոգությունն առ այն, որ ժամանակավոր խորհուրդն օժտված է նույն գործիքակազմով, ինչ հոգաբարձուների խորհուրդը, առարկայազուրկ է:

Սահմանադրական դատարանը Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում վերլուծության արդյունքում արձանագրում է, որ Օրենքի վիճարկվող դրույթները, շեղվելով պետական բուհի ինքնակառավարման տարր հանդիսացող վարչական ինքնավարությունից, ընդհանուր առմամբ ամբողջովին կրում են ժամանակավոր միջոցառման բնույթ, ուղղված են բուհի կառավարման համակարգում ճգնաժամի հաղթահարմանը, ժամանակավոր խորհրդին չեն վերապահում կրթական օրենսդրության շրջանակներից դուրս ելնող արտակարգ լիազորություններ (բացառությամբ պետական բուհը լուծարելու հարցով դատարան դիմելու լիազորության), հետևաբար՝ դրանք՝ որպես հիմնական իրավունքի միջամտություն, իրենց բնույթով օրենքով սահմանված, իրավաչափ նպատակ հետապնդող և այդ նպատակին հասնելու համար համաչափության սկզբունքին համահունչ՝ անհրաժեշտ և բավարար միջոցներ են, չեն խաթարում բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքի էությունը, ապահովում են բուհական կառավարման մարմինների գործունեության անընդհատությունը որպիսի պայմաններում համահունչ են Սահմանադրության համապատասխան դրույթներին:

4.5. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն՝ եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերում կառավարման առաջացած ճգնաժամը դրանց լուծարման հիմք համարելը, այդ նպատակով դատարան դիմող սուբյեկտ՝ Արդարադատության նախարարի ձևավորած 3 անձից կազմված ժամանակավոր խորհուրդը համարելը՝ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասին, 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխանության իմաստով խնդրահարույց է, հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք։ Այդ իրավունքի հիմնական ոլորտներն են կազմակերպական, կադրային, ֆինանսական ինքնավարությունը, ինչպես նաև ակադեմիական ազատությունը (կրթության ոլորտ) և հետազոտությունների ազատությունը (գիտական ոլորտ), որտեղ պետությունը պետք է երաշխավորի բուհերի իրավունքն ու կարողությունը՝ ինքնուրույն, առանց պետության անհարկի միջամտության որոշելու իրենց գործունեության հիմնական հարցերը (իրավասությունը)։

Բուհական ինքնավարությունը բուհի սեփական նպատակները սահմանելու և սեփական գործերը կառավարելու իրավունքն է առանց պետության անհարկի միջամտության: Բուհական կառավարման համակարգում պետության ղեկավարումը, մասնակցությունը, հաշվետվողականությունը՝ մի կողմից, և ինստիտուցիոնալ ինքնավարությունը՝ մյուս կողմից, պետք է լինեն հավասարակշռված:

Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ հիմնադրամի լուծարմանը վերաբերող 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը պետական բուհերում կառավարման առաջացած ճգնաժամը համարում են դրանց լուծարման հիմք՝ լուծարման նախաձեռնող սուբյեկտ համարելով արդարադատության նախարարի նշանակած երեք անձից կազմված ժամանակավոր խորհրդին։ Ակնհայտ է, որ ընտրված սահմանափակման միջոցը սահմանադրական շահերի (նպատակների) ապահովման համար պիտանի և անհրաժեշտ չէ դրանց հասնելու համար, հետևաբար՝ լուծարման նման հիմքը և ընթացակարգը համարժեք չեն այն հանրային շահերին, որոնք բավարարվում են այդ միջոցի սահմանմամբ (կիրառմամբ):

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էությունն անխախտելի է: Սահմանադրական այս դրույթից ելնելով՝ Օրենքի վերը նշված իրավակարգավորումը պետական բուհերի սահմանադրական հիմնական իրավունքի էության խեղաթյուրում է, որովհետև այդ դեպքում ինքնակառավարման իրավունք ունեցող բուհի գոյությունը կախված է գործադիր իշխանության ճյուղային մարմնի կողմից ստեղծված ժամանակավոր խորհրդի հայեցողությունից։

Օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ իրավաբանական անձի լուծարումը հնարավոր է երկու հիմքով՝ կամավոր և հարկադիր: Հարկադիր լուծարման հիմքերից են սնանկությունը և, ամփոփ ասած՝ «օրենքի կոպիտ խախտումները», որոնք կազմակերպաիրավական տարբեր կարգավիճակ ունեցող իրավաբանական անձանց համար կարող են լինել տարբեր: Օրենքի վիճարկվող իրավակարգավորումները լուծարման հիմքում դրել են ձևական չափանիշ՝ ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չնշանակելը, ինչը համահունչ չէ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 78-րդ և 80-րդ հոդվածների պահանջներին։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման հարաբերությունները բավարար հստակությամբ կարգավորված են օրենսդրությամբ։ Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի՝ հիմնադրամների լուծարմանը վերաբերող դրույթները հիմնադրամի կարգավիճակով պետական բուհերի համար ոչ միայն չեն ապահովում Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 78-րդ և 80-րդ հոդվածների օրենսդրական երաշխավորումը, այլև օրենքում տեղ են գտել նորմեր, որոնք շեղվում են սահմանադրական կարգավորման տրամաբանությունից։ Մասնավորապես՝ հիմնադրամի լուծարման վերաբերյալ այդ հատուկ իրավադրույթներով առավել պարզեցված է տվյալ կարգավիճակով իրավաբանական անձանց լուծարման ընթացակարգը: Մինչդեռ կոնկրետ դեպքում խնդիրը վերաբերում է Սահմանադրությամբ ինքնակառավարման իրավունքով, ինչպես նաև ակադեմիական և հետազոտությունների ազատությամբ օժտված կառույցին:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ հիմնադրամի կարգավիճակով պետական բուհի կառավարման մարմիններից մեկի՝ հոգաբարձուների խորհրդի գործունեության ընթացքում ծագած «ճգնաժամի» դեպքում օրենքով այնպիսի բացասական հետևանքների նախատեսումը, ինչպիսին է բուհի լուծարումը կարող է ամրագրվել միայն բացառիկ դեպքերում, ի թիվս այլնի, նաև սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունները, 3-րդ պարբերության 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման համար դատարան դիմելու լիազորության մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

22 փետրվարի 2022 թվականի

ՍԴՈ-1629

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2022 թվական:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1629 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, 2022 թվականի փետրվարի 22-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1629 որոշմամբ որոշել է.

«1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունները, 3-րդ պարբերության 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման համար դատարան դիմելու լիազորության մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր։ (…)»։

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը՝ ներկայացնում եմ հատուկ կարծիք Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-1629 որոշման (այսուհետ` ՍԴՈ-1629 որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար»։

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) վիճարկվող դրույթների վերաբերյալ սահմանադրաիրավական խնդրի լուծման նպատակով, կարծում եմ, Սահմանադրական դատարանը գործի ելքի համար նախ պետք է պարզեր, թե Սահմանադրության 38-րդ և 78-րդ հոդվածների՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի արդյունավետ իրականացման և համաչափության սկզբունքի ապահովման համատեքստում՝ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի կազմի անդամների կեսից ավելին համալրված չլինելու հիմնավորմամբ պայմանավորված՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ժամանակավոր խորհրդի ձևավորմանն ու վերջինիս կողմից հիմնադրամը լուծարելու համար դատարան դիմելու իրավասությանն առնչվող Օրենքի առկա կարգավորումներն արդյո՞ք կարող են հանդիսանալ արդյունավետ միջոցներ հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը պատշաճ ապահովելու համար:

Հաշվի առնելով, քանի որ Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում հոգաբարձուների խորհրդի կազմի իրավազորությամբ պայմանավորված՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ժամանակավոր խորհուրդների ձևավորման և իրավասության շրջանակի սահմանման հատուկ իրավակարգավորումներ, կարծում եմ, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը տվյալ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս պետք է գնահատեր ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան:

Բացի նշվածից, գտնում եմ, որ նույն ՍԴՈ-1629 որոշման պատճառաբանական մասում անհրաժեշտ էր պարզել, թե հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի իրացման սահմանադրական պահանջի պահպանման պայմաններում առկա՞ է արդյոք բավարար օբյեկտիվ հիմք, կամ հետապնդվու՞մ է արդյոք իրավաչափ նպատակ՝ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության տեսանկյունից:

Այս առումով Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս պետք է հաշվի առներ իր նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների էական ու գործառնական նշանակությունը, հատկապես՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի ամբողջությունը կազմող տարրերի բացահայտման համատեքստում: Մասնավորապես՝ կարելի է նշել Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատված հետևյալ արձանագրումները.

ա) բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարում «... նշանակում է կազմակերպված սոցիալական ընդհանրության կամ հաստատության (կազմակերպության) անկախությունն ու ինքնուրույնությունը՝ սեփական գործերը կառավարելիս, իր կենսագործունեության հարցերը լուծելիս»,

բ) «Պետությունը սահմանում է ինքնակառավարվող սուբյեկտների գործունեության օրենսդրական հիմունքները և ուղղակի չի միջամտում դրանց ու դրանց ստեղծած մարմինների գործունեությանը, այլ օրենքով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վերահսկողություն»:

 

2. Հաշվի առնելով սահմանադրաիրավական խնդրի առաջադրման հիմքում դիմողի կողմից բերված հիմնավորումները, Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների պահպանման տեսանկյունից՝ վիճարկվող դրույթների իրավակիրառական պրակտիկայի գնահատման համար էական նշանակություն ունի այդ դրույթների կիրառման արդյունքում հիմնադրամի կարգավիճակ ունեցող Երևանի պետական համալսարանի օրինակով ձևավորված հետևյալ պրակտիկան.

1) հոգաբարձուների խորհրդի իրավազորության, գործունեության սկզբունքների, կազմի ձևավորման չափանիշների, համամասնության ու ներկայացվածության պահանջների, այդ թվում՝ այդ խորհրդի անդամներին ներկայացվող պահանջների բացակայության պարագայում ՀՀ արդարադատության նախարարն իր հայեցողությամբ որոշում է ձևավորել ժամանակավոր խորհուրդ,

2) ժամանակավոր խորհուրդն ամբողջությամբ իրականացնում է այն լիազորությունները, որոնք Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով վերապահված են հոգաբարձուների խորհրդին, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարմանն ու հետագա գործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության հարցեր որոշելու տեսանկյունից:

Այսինքն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի արդյունավետ իրականացման սահմանադրական պահանջի պահպանման համատեքստում՝ հաշվի չառնելով հիմնադրամի կարգավիճակ ունեցող այդ բուհերի գործունեության առանձնահատկություններն ու սահմանադրական երաշխիքները, այդ թվում՝ վերջիններիս գործունեության հանրային բնույթն ու սոցիալ-գործառնական նշանակությունը, Օրենքի վիճարկվող կարգավորումներին համապատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարը՝ իր հրամանի հիման վրա և բացարձակ հայեցողությամբ ձևավորում է ժամանակավոր խորհուրդ, որին վերապահվում են հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները:

Այստեղից, հիշյալ հիմնավորումներով պայմանավորված, գտնում եմ՝ ակներև է հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի իրավական կարգավիճակի, այդ թվում` նրա լիազորությունների իրականացման կարգի ու պայմանների, այդ խորհրդի կազմի անդամների կեսից ավելին չհամալրվելու արդյունքում ձևավորված ժամանակավոր խորհրդին առնչվող օրենսդրական կարգավորումների ամբողջությամբ խնդրահարույց լինելը՝ այդ բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման տեսանկյունից:

Եվ կատարված եզրահանգումը, որ՝ «հիմնադրամի կարգավիճակով բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպման և գործունեության հարաբերությունների ոլորտում Օրենքը գործում է այնքանով, որքանով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով այլ բան սահմանված չէ» (ՍԴՈ-1629 որոշում, կետ 4.3), կարծում եմ, չի կարող դիտարկվել հիմնադրամի կարգավիճակ ունեցող այդ բուհերի գործունեության առանձնահատկություններ սահմանող փաստարկ:

 

3. ՍԴՈ-1629 որոշման պատճառաբանական մասի 4.2-րդ կետում վերլուծելով «կրթություն» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության, բուհերի ինքնակառավարմանն առնչվող՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների և կրթության բնագավառի միջազգային իրավական ակտերով նախատեսված կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը հետևություն է արել, որ՝ «(…) հիմք ընդունելով Սահմանադրության 74-րդ հոդվածը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բուհական ինքնակառավարումը, լինելով հաստատության կարողությունն ու իրավունքը՝ որոշելու իր գործողությունների ընթացքն առանց պետության անհարկի միջամտության, բացարձակ չէ և ենթադրում է բուհի գլխավոր առաքելության խաթարման վտանգի դեպքում պետության՝ օբյեկտիվ հիմքերով, հիմնավորված միջամտություն՝ համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքի և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության սահմանադրական սկզբունքներին համապատասխան»:

Վերոնշյալից պարզ չէ կատարված վերլուծության և հետևության անմիջական կապը, այդ թվում՝ փոխկապակցված սահմանադրական նորմի շրջանակը: Ընդ որում, եթե հիշյալ վերլուծության արդյունքում կատարվում է արձանագրում, որ՝ «(…) բարձրագույն ուսումնական հաստատության ինքնավարությունն առանցքային դերակատարություն ունի բուհական համակարգի պատշաճ կազմակերպման և որպես հետևանք՝ կրթության իրավունքի երաշխավորման համար», ապա առնվազն պետք է բերվեին այն հիմնավորումները, թե դրանց հետ համակարգային առումով ի՞նչ փոխկապակցվածության շրջանակներում պետք է գտնվի Սահմանադրության՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ» վերտառությամբ 74-րդ հոդվածի կարգավորումը: Բացի դրանից, պարզ չէ հիշյալ վերլուծության և Սահմանադրության 74-րդ հոդվածի առնչությամբ կատարված հետևյալ եզրահանգումների միջև անմիջական կապը, ինչպիսիք են՝ «բուհական ինքնակառավարումը (...) բացարձակ չէ» կամ «…բուհական ինքնակառավարումը (...) ենթադրում է բուհի գլխավոր առաքելության խաթարման վտանգի դեպքում պետության՝ օբյեկտիվ հիմքերով, հիմնավորված միջամտություն՝ համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքի և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության սահմանադրական սկզբունքներին համապատասխան»:

 

4. ՍԴՈ-1629 որոշման 4.4-րդ կետում շարադրված է վերլուծություն՝ «բուհի ճգնաժամային իրավիճակ», «կառավարման քաոսային վիճակը շտկել», «պետական բուհի ինքնակառավարման տարր հանդիսացող վարչական ինքնավարություն» հասկացությունների վերաբերյալ՝ առանց բացահայտելու դրանց իրավական բովանդակությունն ու նշանակությունը: Սակայն որոշման հիշյալ կետի շարադրանքից այդպես էլ պարզ չի դառնում, թե իրավական առումով ի՞նչ են նշանակում այդ եզրույթները, և դրանք ի՞նչ նշանակություն ունեն բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման համատեքստում՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող այդ բուհերի գործունեության առանձնահատկությունների սահմանման ու սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից: Այդպիսի վերլուծությունն սկզբունքային նշանակություն կարող էր ունենալ միայն վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից:

Ամփոփելով, գտնում եմ, որ Օրենքի վիճարկվող դրույթները և այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենքի այլ կարգավորումները՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ խնդրահարույց են հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների մասով՝ պայմանավորված վերջիններիս գործունեության առանձնահատկություններով, հանրային բնույթով, սոցիալ-գործառնական նշանակությամբ և սահմանադրական երաշխիքների առկայությամբ:

Հետևաբար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի արդյունավետ իրականացման սահմանադրական պահանջի պահպանման և համաչափության սկզբունքի ապահովման համատեքստում, կարծում եմ, որ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին և 78-րդ հոդվածին:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՍԴՈ-1629 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, 2022 թվականի փետրվարի 22-ին դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, ՍԴՈ-1629 որոշմամբ (այսուհետ` նաև Որոշում) եզրահանգել է՝

«1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունները, 3-րդ պարբերության 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման համար դատարան դիմելու լիազորության մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

Կարևորելով և բարձր գնահատելով Սահմանադրական դատարանի կողմից արված վերլուծությունները և եզրահանգումները, այնուամենայնիվ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասը՝ ստորև ներկայացնում եմ հատուկ կարծիք հիշյալ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև Օրենք)՝ «Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը» վերտառությամբ 23-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին, 2-րդ պարբերությունների, 3-րդ պարբերության 1-ին կետի համաձայն՝

«7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

(…)»:

Որոշման պատճառաբանական մասում Սահմանադրական դատարանը նշում է. «Սահմանադիրը, որպես կրթության իրավունքի անքակտելի բաղադրատարր, հռչակել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը (Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մաս): Սահմանադրական դատարանը 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատել է բուհերի սահմանադրական այդ իրավունքի մի քանի կարևոր տարրեր.

1) ինքնակառավարումը «... նշանակում է կազմակերպված սոցիալական ընդհանրության կամ հաստատության (կազմակերպության) անկախությունն ու ինքնուրույնությունը՝ սեփական գործերը կառավարելիս, իր կենսագործունեության հարցերը լուծելիս: Պետությունը սահմանում է ինքնակառավարվող սուբյեկտների գործունեության օրենսդրական հիմունքները և ուղղակի չի միջամտում դրանց ու դրանց ստեղծած մարմինների գործունեությանը, այլ օրենքով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վերահսկողություն»:

2) «Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, վերջիններիս օժտել է ոչ միայն ինքնակառավարմանը բնորոշ ընդհանուր տարրերով (որոնք, ինչպես նշվեց՝ բաղկացած են կազմակերպական-կառավարչական (ներառյալ կադրային) և ֆինանսական բաղադրիչներից, և ինքնակառավարվող սուբյեկտների անքակտելի հատկություններն են), այլ նաև լրացուցիչ, դրանց սոցիալական և մշակութային դերին բնորոշ բաղադրատարրերով՝ ակադեմիական (կրթության ոլորտ) և հետազոտությունների (գիտական ոլորտ) ազատությամբ»։

«Միաժամանակ, հիմք ընդունելով Սահմանադրության 74-րդ հոդվածը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ բուհական ինքնակառավարումը, լինելով հաստատության կարողությունն ու իրավունքը՝ որոշելու իր գործողությունների ընթացքն առանց պետության անհարկի միջամտության, բացարձակ չէ և ենթադրում է բուհի գլխավոր առաքելության խաթարման վտանգի դեպքում պետության՝ օբյեկտիվ հիմքերով, հիմնավորված միջամտություն՝ համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքի և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության սահմանադրական սկզբունքներին համապատասխան»:

Վիճարկվող դրույթները վերոհիշյալ համատեքստում դիտարկելու արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է. «… ժամանակավոր խորհուրդը, հանդիսանալով կառավարման տեսանկյունից «ճգնաժամային իրավիճակի» առաջ կանգնած՝ հիմնադրամի ղեկավար մարմին, ստանձնում է հիմնադրամի բարձրագույն մարմնի կարգավիճակ բացառապես հոգաբարձուների խորհրդի գործունեության շարունակվելու անհնարինության դեպքում՝ հիմնադրամի գործունեությունը չխաթարելու, կառավարման քաոսային վիճակը շտկելու նպատակով»:

Հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրական դատարանի՝ ժամանակավոր խորհուրդը չի խաթարում բարձրագույն ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքը, հարկ է նշել հետևյալը.

նախ՝ ժամանակավոր խորհուրդը օժտվում է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններով: Ժամանակավոր խորհրդի ձևավորվելուց հետո հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին նշանակված լինելու դեպքում հիմնադրամը շարունակում է իր բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով, որ նշված ժամանակահատվածը կարող է տևել մինչև վեց ամիս, ժամանակավոր խորհրդի լիազորությունների լայն շրջանակի առկայության պայմաններում հիմնադրամի կարգավիճակ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատության՝ Սահմանադրության 38-րդ հոդվածով հռչակված ինքնակառավարման իրավունքի երաշխավորումը դառնում է խնդրահարույց:

Երկրորդ՝ Սահմանադրական դատարանը, ընդունելով, որ ժամանակավոր խորհրդի գործունեության արդյունքում տեղի է ունենում բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական իրավունքին միջամտություն, անհրաժեշտ է համարում, որ այդ միջամտությունը համապատասխանի համաչափության, որոշակիության, հիմնական իրավունքի և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիության սահմանադրական սկզբունքներին:

Վերահաստատելով իր՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումները իրավական համաչափության և որոշակիության սահմանադրական սկզբունքների համակարգային կապի վերաբերյալ՝ Սահմանադրական դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ «… օրենսդրական ձևակերպման անհստակությունը գնահատել է որպես կոնկրետ հիմնական իրավունքի սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար պատշաճ նախադրյալների բացակայություն»:

Հարկ է նշել, որ վիճարկվող դրույթները խնդրահարույց են որոշակիության, հետևաբար՝ նաև համաչափության տեսանկյունից: Մասնավորապես, Օրենքում բացակայում են բարձրագույն ուսումնական հաստատության ժամանակավոր խորհրդի անդամներին ներկայացվող չափանիշները:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի օգոստոսի 2-ի ՍԴՈ-1608 որոշմամբ անգամ բարձրագույն ուսումնական հաստատության հոգաբարձուների խորհրդի անդամների վերաբերյալ չափանիշների առկայությունը չի դիտարկել որպես ինքնուրույնության արդյունավետ երաշխիքներ այն պատճառով, «որ նշանակող մարմինն ունի նշանակած անդամներին պաշտոնից վաղաժամկետ ազատելու իրավասություն»: Այս առումով, վիճարկվող դրույթներով հստակ կարգավորված չէ՝ արդյոք արդարադատության նախարարն ունի ժամանակավոր խորհրդի անդամին վաղաժամկետ ազատելու իրավասություն:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ ժամանակավոր խորհուրդն իրականացնում է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ, սակայն հստակ կարգավորված չեն այն հարցերը, թե «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված՝ հոգաբարձուների խորհրդի կոնկրետ ո՞ր լիազորությունները կարող են իրականացնել բարձրագույն ուսումնական հաստատություններ հանդիսացող հիմնադրամների ժամանակավոր խորհուրդները: Մասնավորապես, ասվածը վերաբերում է հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման կայացմանը, հիմնադրամի կառուցվածքի փոփոխությանը, հաստիքացուցակի հաստատմանը և այլն:

 

Ելնելով վերոգրյալից՝ անհարժեշտություն է առաջանում մեկնաբանության միջոցով բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը՝ հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ առկա սահմանադրաիրավական պահանջները:

 

2. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետի և 4-րդ պարբերության համաձայն՝

 «Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

 (…)

2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար»:

Չնայած այն հանգամանքին, որ Որոշման եզրափակիչ մասում «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 2-րդ կետը և 4-րդ պարբերությունը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների լուծարման համար դատարան դիմելու լիազորության մասով, ճանաչվել են Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ հոդվածին հակասող և անվավեր, նույն որոշման պատճառաբանական մասում նշված է, որ «…հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերում կառավարման առաջացած ճգնաժամը դրանց լուծարման հիմք համարելը, այդ նպատակով դատարան դիմող սուբյեկտ՝ Արդարադատության նախարարի ձևավորած 3 անձից կազմված ժամանակավոր խորհուրդը համարելը՝ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասին, 38-րդ հոդվածի 3-րդ մասին, 78-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխանության իմաստով խնդրահարույց է»:

Այս առումով հարկ է նշել հետևյալը.

նախ՝ Սահմանադրության վերոնշված դրույթներում որևէ նշում չկա պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին: Մասնավորապես, Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը», իսկ 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»: Այսինքն՝ Սահմանադրության վերոնշյալ դրույթները չեն տարբերակում պետության կամ այլ սուբյեկտների, այդ թվում՝ համայնքների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությունները: Այդ իսկ պատճառով Որոշմամբ արտահայտվող եզրահանգումները, անկախ դրանց բովանդակությունից, հավասարապես պետք է վերաբերեն հիմնադրամի կարգավիճակ ունեցող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Երկրորդ՝ հիմնադրամը, հանդիսանալով ունիտար ոչ առևտրային կազմակերպություն, ունի մի շարք առանձնահատկություններ: Հիմնադրամի հիմնադիրները չեն ընդգրկվում հիմնադրամի կառավարման մարմինների շարքում (Օրենքի 21-րդ հոդված): Այդ իսկ պատճառով հիմնադրամի հիմնադիրներն իրավասու չեն լուծարել հիմնադրամը, և վերջինս լուծարվում է դատական կարգով:

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան՝ հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամի հիմնադրմանը օրենքով արգելված կամ սահմանափակված է: Ընդ որում՝ նույն հոդվածի 3-րդ մասում հատուկ շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Այս առումով հարկ է նշել, որ հիմնադիրների կազմը որևէ նշանակություն չունի հիմնադրամի կարգավիճակը որոշելու համար: Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում պետական մասնակցությամբ հիմնադրամներին առանձնացնելը չի բխում ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսդրության պահանջներից, այլ նաև խնդրահարույց է Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածների տեսանկյունից, այն է՝ հավասարության իրավունքի և խտրականության արգելքի տեսանկյունից, քանի որ անկախ նրանից՝ հիմնադիրը հանրային սուբյեկտ է, թե մասնավոր, հիմնադրամի կարգավիճակը միևնույնն է:

 

Ելնելով վերոգրյալից՝ գտնում եմ, որ Որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերի եզրահանգումները, ինչպես նաև դրանք հիմնավորող՝ պատճառաբանական մասի համապատասխան հատվածները սահմանադրաիրավական տեսանկյունից խնդրահարույց են:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԴԱՏԱՎՈՐ

Ա. ԹՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան