Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21995/02/18

2021 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/21995/02/18

Նախագահող դատավոր՝

  Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի  Ընկերության ընդդեմ Հունան Ղազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

             

1Գործի դատավարական նախապատմությունը.

 

 Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հունան Ղազարյանից բռնագանձել 95.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաև 1.900 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 28.500 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

      

 2Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով Ընկերությունը ներկայացնելով հայցադիմում և վերաքննիչ բողոք, հստակ տարանջատել է գտնվելու վայրի և ծանուցման հասցեները, մինչդեռ դատարանը ծանուցումն ուղարկել է կողմի հասցեով, այլ ոչ թե կողմի նշած ծանուցման հասցեով և այն ժամանակը, որն անհրաժեշտ է եղել կողմին իր համար անսպասելի վայրում ստացված ծանուցումը ներկայացուցչին փոխանցելու համար, այնքան քիչ է եղել, որ ներկայացուցիչը դատական նիստին մասնակցելու հնարավորություն չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատական նիստը նշանակվել է 18.03.2019 թվականին, իսկ ծանուցումն Ընկերության հասցեով ստացվել է 14.03.2019 թվականին՝ հինգշաբթի օրը, այսինքն՝ հայցվորն ունեցել է մեկ աշխատանքային օր՝ 15.03.2019 թվականը, որին հաջորդել են ոչ աշխատանքային օրեր: Մինչդեռ օրենսդիրը 09.04.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրով սահմանել է նոր կարգավորում այն է՝ դատարանների վրա է դրել իմպերատիվ պարտականություն ծանուցելու կողմերին այն հաշվարկով, որ դատավարության մասնակիցներն ունենան առնվազն 3 աշխատանքային օր մինչև կայանալիք դատական նիստը:

Այսպիսով դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում հայցվորը զրկվել է դատական նիստին պատշաճ ներկայություն ապահովելու իրավունքից: Տվյալ դեպքում ստորադաս դատարանը պարտավոր էր դատական նիստը հետաձգել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի ապահովվել ծանուցումը դատական նիստից առնվազն երեք օր առաջ ստանալու օրենսդրի պահանջը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է. «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/21995/02/18 քաղաքացիական գործով 20.03.2019թ. որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության ամբողջ ծավալով»:

     

3Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերությունը Դատարանի 25.01.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում որպես ծանուցման հասցե նշել է. «ք. Երևան, Արգիշտի 11/3 շ., 207 տ.» (գ.թ. 55-58):

2) Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, գործի քննությունը նշանակվել է 18.03.2019 թվականին: Դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերությանն ուղարկվել է 07.03.2019 թվականին՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53 տարածք 47, 48, 50 հասցեով (գ.թ. 64-65, 67):

3) Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և 18.03.2019 թվականին դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերության հասցեում  ստացվել է 14.03.2019 թվականին (օրը՝ հինգշաբթի)  (գ.թ. 68):

4) Ընկերության վճռաբեկ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին վերաբերող բողոքի հիմք:

      

  4Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով դատական ծանուցման վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները: 

   ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն. 

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի  97-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը): 

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը): 

ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացրած որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին, արձանագրել է, որ դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված պահանջները հավասարապես վերաբերում են նաև վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, կրում է բողոք բերած անձին և գործին մասնակցող մյուս անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե′ս, «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ ծանուցումն իրականացնելու այնպես, որ դրա հասցեատերն առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք է: Նշված կանոնն ամրագրելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու այնպիսի կառուցակարգ, որը դատավարության մասնակիցներին հնարավորություն կտա մինչև դատական նիստը առավելագույնս պատրաստվել իրենց իրավունքների պաշտպանությանը: Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի  1-ին մասի իրավակարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարաններում գործին մասնակցող անձանց ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հասցեատերը դատական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված լինի կայացվելիք դատական նիստի մասին: Հակառակ պարագայում, եթե ծանուցման ժամկետը պակաս է երեք աշխատանքային օրից, անձը չի կարող համարվել պատշաճ ծանուցված:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը Դատարանի 25.01.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում որպես ծանուցման հասցե նշել է ք. Երևան Արգիշտի 11/3 շենք տուն 207 հասցեն:

Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, գործի քննությունը նշանակվել է 18.03.2019 թվականին: Դատական նիստ նշանակելու մասին որոշումն Ընկերությանն ուղարկվել է 07.03.2019 թվականին՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53 տարածք 47, 48, 50 հասցեով:

Ընկերության հասցեով (ք. Երևան Արգիշտի 11/3 շենք տուն 207 հասցե) Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացվել է 14.03.2019 թվականին:

Ընկերության վճռաբեկ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին վերաբերող բողոքի հիմք:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի դատավարական գործողությունները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը, քանի որ նախ՝ ծանուցում չի կատարվել իրավաբանական անձի ծանուցման հասցեում, ինչպես նաև բողոք բերած անձը առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված չի եղել կայացվելիք դատական նիստի մասին: Ուստի գործի վերաքննության փուլում գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցումն ապահովված չլինելու պայմաններում գործի քննությունը չէր կարող իրականացվել տվյալ նիստում, հետևաբար առկա է եղել դատական նիստը հետաձգելու հիմք, իսկ այդ պարագայում դատական նիստ անցկացնելը խախտել է բողոք բերած անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջների խախտման պայմաններում, վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջների խախտումը թույլ է տրվել Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի սույն գործի նոր քննությունը պետք է իրականացվի վերաքննիչ դատարանում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

    

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան