Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-97-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.710
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի) 64-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն բռնադատվածներին, ովքեր չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար չծանրաբեռնված հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:

Հողամասերը անհատույց տրամադրվում են պետության սեփականություն հանդիսացող հողամասերից, իսկ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում` համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերից:

Պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց համար պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված արտոնությունից օգտվում են նաև մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածի առաջին հերթի ժառանգները:».

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչև 2007 թվականի հունիսի 30-ը:».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-21-րդ կետեր.

«8. Մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (ներառյալ` սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքով ձեռք բերված հողամասերը, բացառությամբ սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական և ֆիզիկական անձանց սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են`

1) տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերը.

2) հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շենքեր և շինություններ, այդ թվում` կիսակառույց շենքեր, շինություններ՝ անկախ դրանց ավարտվածության աստիճանից:

Տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:

9. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի սեփականատիրոջ փոփոխության դեպքում անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվում հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

Սույն կետի կադաստրային արժեքը վճարելու պահանջը չի տարածվում պետությանը կամ համայնքին օտարվող հողամասերի վրա:

10. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի գործառնական նշանակությունը բնակելի տան կառուցման և սպասարկման համար (այդ թվում` բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար) փոխելու դեպքում հողամասի սեփականատերը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Սույն կետով նախատեսված դեպքերում հողամասի գործառնական նշանակությունը փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:

11. Մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված, սակայն 2005 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ դեռևս չկառուցապատված հողամասերի վարձակալները կամ օգտագործողները իրենց ցանկությամբ մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը հողամասերի նկատմամբ կարող են ձեռք բերել սեփականության իրավունք` հողամասի վճարման պահին գործող կադաստրային արժեքն ամբողջությամբ միանվագ վճարելու պայմանով, բացառությամբ սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի:

Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են սույն կետով նախատեսված հողամասերի կադաստրային արժեքի վճարի անդորրագիրը և հողամասի վարձակալի կամ օգտագործողի դիմումը:

Սեփականության իրավունք նրանք կարող են ձեռք բերել ինչպես ամբողջ հողամասի, այնպես էլ դրա մասի նկատմամբ, պայմանով, որ հողամասը նախօրոք սեփականատիրոջ սահմանած կարգով բաժանվի առանձին գույքային միավորների, իսկ դրանց նկատմամբ սեփականատիրոջ և համապատասխան օգտագործողի իրավունքները գրանցվեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն կետով սահմանված կարգով մեկ տարվա ընթացքում սեփականության իրավունք ձեռք չբերած, ինչպես նաև սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի օգտագործման իրավունք ունեցող անձինք պահպանում են հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրենց իրավունքը և շենքերի, շինությունների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը հողամասի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետներում: Պայմանագրով սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

12. Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք անհատույց ձեռք բերած անձինք իրենց ցանկությամբ կարող են միանվագ վճարել հողամասի վճարման պահին գործող կադաստրային արժեքն ամբողջությամբ` վճարի անդորրագիրը ներկայացնելով գրանցում իրականացնող պետական մարմին:

Սույն կետով սահմանված կարգով հողամասի կադաստրային արժեքի վճարումը այդ հողամասը հետագա ձեռք բերողներին ազատում է սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված կադաստրային արժեքի վճարումից` անկախ այդ արժեքի փոփոխությունից:

Սույն կետով սահմանված կարգով հողամասի կադաստրային արժեքի վճարումը այդ հողամասի գործառնական նշանակությունը փոխելու դեպքում հողամասի սեփականատիրոջը ազատում է սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված կադաստրային արժեքի վճարումից` անկախ այդ արժեքի փոփոխությունից:

13. Սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք անհատույց ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձինք ազատվում են դրանց` որպես անհատույց ստացված ակտիվի համար հաշվարկվող շահութահարկից և եկամտահարկից:

14. Կատարողական կամ սնանկության վարույթների շրջանակներում շենքերի կամ շինությունների օտարման նպատակով տրված հրապարակային սակարկությունների արդյունքում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը գործող օրենսդրության պահանջները, եթե հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողի կամ սնանկության գործով կառավարչի կողմից հրապարակվել է մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը, և հրապարակված մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը:

Սույն կետում նշված պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի նորմերը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը ընդունած պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության ուղղակի վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն կնքվող պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման և սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները:

Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած պետական գույքի մրցույթով վաճառքի ձևով օտարման կամ մասնավորեցման վերաբերյալ որոշումների համաձայն` մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը տրված մրցույթի հրապարակային ծանուցման արդյունքում տվյալ մրցույթում հաղթող ճանաչված անձանց հետ կնքվող պետական սեփականություն հանդիսացող շենքի կամ շինության օտարման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահին գործող օրենսդրության պահանջները, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման պահից օտարված շենքի կամ շինության կառուցման և սպասարկման հողամասերի վարձակալների կամ օգտագործողների նկատմամբ տարածվում են սույն հոդվածի 8-րդ կետի պահանջները:

16. Սույն հոդվածի 8-րդ կետի պահանջը տարածվում է նաև սահմանված կարգով չգրանցված, սակայն հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց վրա, որոնց օգտագործվող հողի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում օգտագործվող հողամասի նկատմամբ՝ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելուց հետո: Եթե սույն կետում նշված հողամասերը ենթակա չեն օտարման, ապա կիրառվում են սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթները:

17. Եթե կառուցված կամ կիսակառույց բազմաբնակարան կամ ստորաբաժանված այն շենքերի կառուցապատողները, որոնք մինչև 2005 թվականի դեկտեմբերի 24-ը ունեին կառուցապատման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ սեփականության իրավունք, բնակարանները կամ ստորաբաժանված շինության մասն օտարել են առանց համապատասխան հողամասի կամ ընդհանուր բաժնային սեփականության գույքի, ապա սույն օրենքի ուժով ձեռք բերված բնակարանների կամ շինության մասերի սեփականատերերին սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը:

18. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար հողամասը վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված է վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը` գնելու վարձակալված կամ օգտագործվող հողամասը, ապա`

ա) մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ սահմանված կարգով ձեռք բերած անձանց սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը՝ դեռևս չօտարված բնակարանների համար նախատեսված հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերի բաժինների հաշվառմամբ, սակայն դրանով չի վերանում հողամասի այդ մասի դիմաց վարձակալի կամ օգտագործողի վճարելու պարտավորությունը.

բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանները (այդ թվում` դեռևս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցապատողի սահմանած կարգով ձեռք բերելուց հետո:

19. Եթե բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար հողամասը վարձակալության կամ օգտագործման տրամադրելու մասին համապատասխան որոշմամբ կամ պայմանագրով նախատեսված չէ վարձակալի կամ օգտագործողի պարտավորությունը` գնելու վարձակալված կամ օգտագործվող հողամասը, ապա`

ա) մինչև 2006 թվականի նոյեմբերի 26-ը տվյալ բազմաբնակարան շենքի բնակարաններ սահմանված կարգով ձեռք բերած անձանց սեփականության իրավունքով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված տվյալ շենքի կամ շինության կառուցման և սպասարկման համար նախատեսված հողամասի, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերը՝ դեռևս չօտարված բնակարանների համար նախատեսված հողամասի և շենքի ընդհանուր բաժնային սեփականության համապատասխան մասերի բաժինների հաշվառմամբ.

բ) տվյալ շենքի չվաճառված բնակարանները (այդ թվում` դեռևս չկառուցված կամ կիսակառույց բնակարանները) կարող են օտարվել միայն բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցապատողի սահմանած կարգով ձեռք բերելուց հետո:

20. Սույն հոդվածի 17-19-րդ կետերում բազմաբնակարան շենքի կառուցման և սպասարկման համար վարձակալության կամ օգտագործման տրամադրված հողամասի համապատասխան բաժնեմասերը հաշվարկվում են` հիմք ընդունելով բազմաբնակարան շենքի նախագիծը:

21. Սույն հոդվածի 8-րդ կետի նորմը չի տարածվում մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցվող հողամասերի վրա:

Սույն հոդվածի 8-րդ կետի նորմը չի տարածվում նաև ցանցերի միջոցով մատակարարվող ջրային, ջեռուցման, էլեկտրական էներգիայի, գազի, ջրահեռացման, հեռահաղորդակցության համակարգերի կառուցման ու սպասարկման համար վարձակալության կամ անհատույց օգտագործման հատկացված հողամասերի վրա:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 20
Երևան
ՀՕ-97-Ն