Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2006-04.02.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.28/34(489) Հոդ.742
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-23-Ն, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում «պաշտոնի նշանակելու» բառերը փոխարինել «պաշտոնում ընտրելու» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Մարդու իրավունքների պաշտպանը

 

Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Պաշտպանի ընտրությունը

 

1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով` Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից:

Պաշտոնը ստանձնելիս Պաշտպանը տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ:»:

3. Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:

4. Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Պաշտպանի որոշումները վարչական ակտ չեն հանդիսանում և բողոքարկման ենթակա չեն:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Պաշտպանի լիազորությունների դադարումը

 

1. Պաշտպանի լիազորությունների ժամկետը լրանում է նրա երդմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:

2. Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարում են միայն, եթե՝

1) Պաշտպանի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել.

2) նա հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն.

3) նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը.

4) Պաշտպանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

5) նա մահացել է։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

4. Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նա կարող է տեղեկություններ պահանջել դատարաններից` կապված սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների կիրառելիության ապահովման հետ:»:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները և այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, ինչպես նաև այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում։»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պաշտպանն իրավասու է՝ »:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3) օրենքով նախատեսված հիմքերով բողոքի քննարկումը դադարեցնելու մասին, եթե բողոքի քննարկման ընթացքում բացահայտվել են բողոքը չքննարկելու կամ քննարկումը դադարեցնելու վերաբերյալ հիմքեր.»:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Պաշտպանի անձեռնմխելիությունը

 

Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պաշտպանին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց Ազգային ժողովի համաձայնության: Պաշտպանին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:»:

 

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները։

 

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 24. Պաշտպանի գործունեության ֆինանսավորումը

 

1. Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի նրանց բնականոն գործունեությունը:

2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով:

3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում` պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:

Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:

5. Պաշտպանն ինքնուրույն է տնօրինում իր ֆինանսական միջոցները:

6. Ֆինանսական և բյուջետային հաշվետվությունները Պաշտպանը ներկայացնում է համապատասխանաբար սույն օրենքի 17-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգերին համապատասխան:»:

 

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում «փորձագետների խորհուրդ» բառերը փոխարինել «փորձագիտական խորհուրդներ» բառերով:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 24
Երևան
ՀՕ-112-Ն

 

 Մեկնաբանություն  ## - համաձայն Արդարադատության նախարարության թիվ 22 պաշտոնական տեղեկատվության սույն օրենքն ուժի մեջ է մտնում 08.07.2006 թ.