Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-5-Ո-Կ-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

3 փետրվարի 2022 թ.

ԲԴԽ-5-Ո-Կ-2

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

Ս Միքայելյանի,
Ա. Մխիթարյանի,
 
Ս. Չիչոյանի,
 

Վ. Քոչարյանի,

   
   

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Հ. Շահնազարյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովի անդամ

Հ. Հարությունյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ա. Մկրտչյանի,

 

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ N-Կ-17/2021 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով փաստաբաններ Ն.Ալոյանի, Դ.Գրիգորյանի, Տ.Վարդազարյանի, Ա.Մելիքյանի, Մ.Գյուլումյանի, Հ.Ենոքյանի և Ն.Գրիգորյանի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում):

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 08.11.2021 թվականի թիվ N-Կ-17/2021 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Հանձնաժողովի 27.12.2021 թվականի թիվ N-Կ-17/2021 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Երեխայի իրավունքների մասին» (20 նոյեմբերի 1989 թվական) կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասը, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ մինչև՝ 16.05.2021թ.) 48-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը, հայտնել է, որ վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ արտադատական կարգով (բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի) իրավաբանական փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր ստանալու հնարավորության բացակայության պայմաններում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է դատարանը:

Միաժամանակ, օրենսդիրը հայրության որոշման կամ ճանաչման հիմքերի շարքին է դասել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, իսկ Ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով՝ սահմանվել է բացառապես դատական կարգով հայրության ճանաչման փաստի հաստատման հնարավորություն:

Հետևաբար Հանձնաժողովը եզրակացրել է, որ այլ կարգով, քան դատական, հայրության ճանաչման փաստը չի կարող հաստատվել, այսինքն՝ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում հայրության փաստի հաստատման միջոցով դիմողը կամ հայցվորը կարող է պաշտպանել իր և երեխայի այդ փաստից բխող իրավունքները միայն դատական կարգով դիմում կամ հայց ներկայացնելու միջոցով:

Վարույթ հարուցած մարմինը, վերոգրյալ նորմերի լույսի ներքո ուսումնասիրելով սույն կարգապահական վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերը, Դատավորի բացատրությունները հաստատված է համարել հետևյալը.

- Դատարան ներկայացված դիմումով Վերոնիկա Մնացականյանը խնդրել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը (ծնված` 01.07.1992թ., ծննդյան վկայականի կրկնօրինակ թիվ ԱԱ 280878, մահացած` 07.11.2020թ., մահվան վկայական թիվ ԲԱ 318482) Մաքս Վրեժի Մնացականյանի (ծնված՝ 15.11.2020թ., ծննդյան վկայական թիվ ԲԱ 321750) հայրն է։

- Դատարանի 03.05.2021թ. վճռով դիմումը մերժվել է, քանի որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու համար պարտադիր նախապայման հանդիսացող արտադատական կարգը:

- Դատարանի 03.05.2021թ. վճռի դեմ Վերոնիկա Մնացականյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.09.2021 թվականին որոշել է Վերոնիկա Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 03.05.2021թ. կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ վերոնշյալ իրավանորմերի վերլուծության և ուսումնասիրված նյութերի համադրումից հետևում է, որ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայրության որոշման (ճանաչման) պետական գրանցման հիմքերը՝ բացի հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռից, ենթադրում են երեխայի հոր կողմից համապատասխան իրավասու մարմիններ ներկայացվող դիմում (հայտարարություն):

Միևնույն ժամանակ, հստակ է, որ քննարկվող դեպքում վերոգրյալն օբյեկտիվորեն հնարավոր չէր՝ 07.11.2020 թվականին երեխայի հոր մահանալու (զոհվելու) պայմաններում:

Հանձնաժողովն ընդգծել է, որ ըստ հաղորդման և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հայտնի դարձած տեղեկությունների՝ Դատավորը, կարճելով գործի վարույթը, ի թիվս այլնի, նշել է, որ «(…) սույն գործի փաստերի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու պահանջի մասին դիմումը դատարան ներկայացնելիս, ինչպես նաև գործի քննության ժամանակ՝ դատարանում, դիմողն ու վերջինիս ներկայացուցիչը սույն դիմումով պահանջվող փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերն այլ կարգով ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելն անհնարին լինելու կապակցությամբ դիմումում որևէ հանգամանք չեն նշել, ինչպես նաև դատարանում վերաբերելի ապացույցներ չեն ներկայացրել, հետևաբար չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու համար պարտադիր նախապայման հանդիսացող արտադատական կարգը, ինչը դիմումը մերժելու հիմք է հանդիսանում (…)»:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.09.2021 թվականի որոշմամբ, ի թիվս այլնի, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«… Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ Ընտանեկան օրենսգիրքը սահմանել է հայրությունը դատական կարգով որոշելու և հայրության ճանաչման փաստը հաստատելու այլ կառուցակարգեր։ Տվյալ դեպքում դիմողը, որպես դիմումի իրավական հիմք վկայակոչել է Ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։ Վերաքննիչ դատարանը վերոգրյալի լույսի ներքո փաստում է, որ հաստատման ենթակա իրավաբանական փաստի բնույթով պայմանավորված՝ Ընտանեկան օրենսգրքի ուժով հայրության ճանաչման փաստը հաստատելու բացառիկ իրավասությունը վերապահված է դատարաններին՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավաբանական փաստերի, «Նոտարիատի մասին» օրենքը խնդրո առարկա փաստի հաստատման հնարավորություն չի նախատեսում։ Այսինքն՝ Ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայրության ճանաչման փաստը հաստատելիս դիմողն այլ մարմնին դիմելու կամ արտադատական կարգով այդ փաստը հաստատելու հնարավորություն չունի։ Այլ կերպ ասած՝ առկա չէ արտադատական որևէ միջոց, որը դիմողը պետք է սպառի նախքան դատարան դիմելը։ Ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը հիմնավորված է և ենթակա է բավարարման, իսկ Դատարանի 03.05.2021թ. վճիռը՝ բեկանման ...»։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրվել են նյութական և դատավարական նորմերի՝ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներ, որոնք, Հանձնաժողովի գնահատմամբ, ակնհայտ խախտումներ են:

Հանձնաժողովն ապահովելու համար՝ վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքը՝ քննարկման առարկա է դարձրել նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ ձեռք բերված փաստական հանգամանքներում պարզելու համար, թե արդյոք առկա են Դատավորի օգտին վկայող այնպիսի փաստեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ հիշյալ մասի դիսպոզիցիայի պայմանները բավարարելու համար: Արդյունքում՝ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ վարույթի համար էական նման փաստերի գոյության պայմաններում հնարավոր չէ արձանագրել նշված մասի նորմի դիսպոզիցիայի պայմանների միաժամանակյա առկայությունը՝ հետևյալ պատճառաբանություններից ելնելով.

Հանձնաժողովը նշել է, որ վերևում շարադրված փաստական հանգամանքներից հետևում է, որ այստեղ խնդիրը միայն նորմատիվ իրավական ակտերի նորմերի կարգապահական բնույթի խախտումը չէ, և Հանձնաժողովը, ի թիվս այլնի, դատական իշխանությունը նման խախտմամբ վարկաբեկելու և հեղինակազրկելու կարևոր հանգամանքներ է դիտարկել հետևյալները.

 - Գործի բնույթն ու առանձնահատկությունը (Վրեժ Պողոսյանը զոհվել 2020թ․-ի նոյեմբերի 7-ին է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած հարձակումից ստացած կրակոցներից։ Դիմումը ներկայացրել է Մաքս Վրեժի Մնացականյանի (ծնված՝ 15․11․2020թ.-ին, ծննդյան վկայական թիվ ԲԱ 321750) մայրը՝ հաստատելու համար այն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, որ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը (ծնված` 01.07.1992թ.-ին, ծննդյան վկայականի կրկնօրինակ թիվ ԱԱ 280878, մահացած` 07․11․2020թ.-ին, մահվան վկայական թիվ ԲԱ 318482) Մաքս Վրեժի Մնացականյանի հայրն է)։

 - Գործի հանրային հնչեղությունը (հաղորդումը ներկայացրել են մի խումբ փաստաբաններ, որոնք, տարբեր հրապարակումներից ծանոթանալով գործի մանրամասներին, գործով չեն մասնակցել, սակայն ելնելով գործի կարևորությունից և խախտման բնույթից՝ դիմել են Հանձնաժողովին։ Բացի այդ, իր բացատրությունում Դատավորն ընդունել է, որ համացանցում այդ գործի հետ կապված հրապարակվել են բազմաթիվ տեղեկություններ):

 - Վերաքննիչ դատարանի կողմից վճիռը բեկանելուց և Հանձնաժողովի կողմից այդ խախտումը վերահաստատելուց հետո Դատավորի կողմից իր խախտումն առանց ծանրակշիռ փաստարկների չընդունելու և իր արարքն արդարացնելու վարքագիծը (նման վարքագծից հետևում է, որ Դատավորն ըստ էության հետագա նման իրավիճակներում դատավարական և նյութական իրավունքի նորմերը շարունակելու է կիրառել նույն կերպ):

 - Երեխայի լավագույն շահի խախտման փաստը: Այս խախտումը դրսևորվել է երեխայի՝ իր հորից սերված լինելու փաստի դատական կարգով հաստատման հասնելու հնարավորությունից (օրինական սպասելիքից) և ծնողի՝ որպես օրինական ներկայացուցիչ երեխայի իրավունքները պաշտպանելու հնարավորությունից տևական ժամանակով զրկված լինելու, ինչպես նաև վճռի բեկանմամբ նոր քննության պատճառով գործը ողջամիտ ժամկետում չքննվելու հետևանքներով:

 - Դատավորը կարող էր նույն դիրքորոշումն արտահայտել դեռևս վարույթ ընդունելու փուլում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի կիրառմամբ, սակայն դա չի արել, ինչն էլ հանգեցրել է գործի՝ տևական ժամանակահատվածում ինքնանպատակ քննության: Գործի քննության փուլում որևէ նոր հանգամանք պարզվել չէր կարող՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի ուժով այդ փաստի հաստատումը բացառապես դատարանի իրավազորության տիրույթում լինելու հիմքով, ուստի Դատավորի՝ իր բացատրության մեջ նշված պնդումը, որ վերջինս վարույթ ընդունելով հնարավորություն է տրվել դիմողին դիմումի քննության ժամանակ դատարան ներկայացնելու պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ, ինքնանպատակ է:

 - Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավունքներից կամ արտոնություններից օգտվելու հնարավորությունը տևական ժամանակահատվածում սահմանափակվելը:

 - Որևէ ողջամիտ փաստարկով թույլ տրված խախտումը բացառելու հնարավորության բացակայությունը:

Վարույթ հարուցած մարմինն, անդրադառնալով Դատավորի ներկայացրած բացատրությանը, հարկ է համարել նշել, որ բացատրությամբ ընդունելով խախտումը՝ Դատավորն այն արդարացրել է ներքոհիշյալ երկու հիմքով.

 1. Բացակայել է կարգապահական վարույթ հարուցելու առիթը, քանի որ հաղորդումը ներկայացրել են փաստաբաններ, որոնք կոնկրետ գործով չեն մասնակցել և չեն ունեցել ներկայացուցչի կարգավիճակ, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընդհանրապես վարույթ հարուցող մարմնի կողմից Վերաքննիչ դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը կարգապահական վարույթ հարուցելու առիթ հանդիսանալու մասին իրավանորմեր նախատեսված չեն:

2. Կարգապահական վարույթ հարուցելու պահին դեռևս առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած վճիռ:

3. Եթե մի պահ ընդունվի, որ արդարադատություն իրականացնելիս դիտավորությամբ և կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներ, միևնույն է, դիմողի որևէ իրավունք չի խախտվել, Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ, իր կայացրած եզրափակիչ դատական ակտը բողոքարկվել է վերադաս դատական ատյան և այն բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

4. Հանձնաժողովը խախտել է վարույթի գաղտնիության կարգը:

5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման անհնարինության փաստը հաստատելու համար բացառություն չի սահմանել, կարգավորումն իմպերատիվ է:

6. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված են այդ փաստը հաստատելու տարբեր կարգեր, այսինքն՝ առկա է այլ հնարավորություն:

7. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի խախտում թույլ չի տրվել, և եթե թույլ է տրվել, ապա Հանձնաժողովի անդամ դատավոր Հ. Շահնազարյանի կողմից թիվ ԵԴ19431/02/20 գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի հիմքով դիմողի կողմից վկայակոչվել էր, ևս թույլ է տրվել նման խախտում:

Անդրադառնալով առաջին փաստարկին՝ Հանձնաժողովն այն անհիմն է համարել, քանի որ այս հարցի պատասխանը տրված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ 1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը: Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը չի մասնավորեցրել «անձ» եզրույթը՝ հնարավորություն տալով այն մեկնաբանել լայն իմաստով, և որևէ կերպ օրենքով սահմանված չէ, որ այդ անձը պետք է լինի կոնկրետ տվյալ գործին մասնակից անձ կամ անձի ներկայացուցիչ, որպեսզի կարգապահական վարույթի հարուցման առիթը լինի լեգիտիմ:

Տվյալ դեպքում հաղորդումը ներկայացվել է փաստաբանների կողմից, որոնց ինքնությունը հայտնի է եղել, այսինքն՝ նույն հոդվածի 2-րդ մասի հաղորդումը չի եղել անանուն (միայն անանուն հաղորդումներն են քննարկման ոչ ենթակա), ուստի հաղորդում ներկայացրած անձինք լիովին տեղավորվում են օրենքով սահմանված «անձ/ինք/» եզրույթի բովանդակության մեջ:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի հանդիսացել կարգապահական վարույթի առիթ, ինչպես բացատրության մեջ պնդել է Դատավորը:

Անդրադառնալով երկրորդ փաստարկին՝ Հանձնաժողովն այն անհիմն է համարել հետևյալ պատճառաբանություններից ելնելով.

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հանձնաժողովը նշել է, որ նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթի հարուցման պահը որոշվում է կոնկրետ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փաստով, և օրենսդրի կողմից սահմանված այս կանոնը վերաբերում է կոնկրետ այն եզրափակիչ դատական ակտին, որտեղ Դատավորը թույլ է տվել կարգապահական խախտում: Ակնհայտ է, որ ստուգման օբյեկտ որպես այդպիսին չի կարող հանդիսանալ տվյալ գործով այլ դատավորի կամ դատավորների կողմից կայացված եզրափակիչ դատական ակտը: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ անկախ այն հանգամանքից, թե տվյալ գործով նոր քննության ընթացքում այլ դատավորի կողմից ինչպիսի դատական ակտ է կայացվելու, այդ հիմքով և կախված դրանից Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքը չի վերանում, և դա վերջինիս պատասխանատվության ենթարկելը բացառող հիմք չի կարող հանդիսանալ՝ հիմք ընդունելով նաև Դատավորի՝ իր կայացրած դատական ակտում իր իսկ թույլ տված խախտումների համար անձնական պատասխանատվություն կրելու սկզբունքը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նոր քննության ընթացքում Դատավորը կաշկանդված է լինելու կարգապահական վարույթով և կարող է կայացնել այլ դատական ակտ, ապա Հանձնաժողովն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ կանխորոշել է գործի նոր քննության ծավալն այն իրավական դիրքորոշումներով, որոնք արտացոլված են որոշման մեջ, հետևաբար անկախ Հանձնաժողովի որոշումից՝ արդեն իսկ գործում առկա են թույլ տրված խախտումների մասին հաստատված տեղեկություններ, և Հանձնաժողովի որոշմամբ միայն վերահաստատվել են այդ խախտումները՝ դրանք որակվելով որպես կարգապահական խախտումներ:

Անդրադառնալով երրորդ փաստարկին՝ Հանձնաժողովն այն անհիմն է համարել՝ հետևյալ պատճառաբանություններից ելնելով.

Հանձնաժողովն ընդունել է, որ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ հոդվածը նշել է, որ (օրենսդիրն օգտագործում է «ինքնին» բառը), և այս համատեքստում ընդունել է նաև, որ դատական սխալները կարող են ուղղվել դատական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունքում, սակայն դատական ակտի բողոքարկումն ինքնին չի բացառում Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումը, հակառակ մեկնաբանությունը պարզապես իմաստազրկում է կարգապահական վարույթի նշանակությունն ու նպատակը: Ընդ որում, որոշ դեպքերում վարույթ հարուցող մարմնի դիրքորոշումները կարող են վերահաստատվել հենց վերադասության կարգով դատական ակտերի բողոքարկման արդյունքում նույն խնդրի կապակցությամբ վերադաս ատյանի դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումներով:

Տվյալ դեպքում Հանձնաժողովը ոչ թե հենվել է բացառապես վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանելու փաստի վրա, այլ վարույթի համար էական հանգամանքների և փաստերի հաշվառմամբ, ինչպես նաև կիրառելի նորմերի սեփական ընկալմամբ մեկնաբանման արդյունքում համապատասխան իրավական վերլուծություններով և դիրքորոշումներով եկել է այն համոզման, որ Դատավորը թույլ է տվել կարգապահական այնպիսի խախտում, որը չունի նվազ նշանակություն և դրա հետևանքով դատական իշխանությունը հեղինակազրկվել է:

Ինչ վերաբերում է այն գնահատականին, որ անկախ բեկանման հանգամանքից, դիմողի որևէ իրավունք չի խախտվել, Հայաստանի Հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգ, իր կայացրած եզրափակիչ դատական ակտը բողոքարկվել է վերադաս դատական ատյան և այն բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության, ապա հետևանքների մասով Հանձնաժողովն իր դիրքորոշումն արդեն իսկ արտահայտել է արարքը նվազ նշանակություն չունեցող համարելու հարցի վերաբերյալ տրված իր գնահատականներում:

Անդրադառնալով չորրորդ փաստարկին՝ Հանձնաժողովն այն անհիմն է համարել, քանի որ Հանձնաժողովի գործառույթների պատշաճ իրականացումն ապահովվում է Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման միջոցով, և Դատավորի վկայակոչած՝ գաղտնիության սկզբունքի խախտման փաստը չի հիմնավորվել, քանի որ գործընթացը, ինչպես և մյուս դեպքերում, կազմակերպվել է գաղտնիության սկզբունքի խստիվ պահպանմամբ: Բացի այդ իր բացատրություններում Դատավորը նշել է հետևյալի մասին. «թիվ Կ-17/2021 կարգապահական վարույթի նյութերն իրեն հանձնող դատական դեպարտամենտի աշխատակցին հարցրել է, թե ինչու են դրանք իրեն հանձնվում բաց վիճակում, վերջինս հայտնել է այն մասին, որ իրեն այդ փաստաթղթերը հանձնվել են բաց վիճակում և քանի որ ինքն այդ փաստաթղթերն իրեն հանձնում է առձեռն, ուստի դրանք իրեն հանձնելու նպատակով բաց վիճակում էլ բերել է»: Նշվածով Դատավորը փաստում է, որ բացի իրենից որևէ այլ անձ չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հանձնվող նյութերի բովանդակությանը, իսկ աշխատակիցն ընդամենը կատարել է իր պարտականությունները:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովն արձանագրել է, որ գաղտնիության սկզբունքի խախտումն անգամ կարգապահական պատասխանատվությունից Դատավորին ազատելու հիմք չէ, նման հիմք օրենքով նախատեսված չէ, և դրա հետևանքը միջնորդության մերժում չի կարող լինել, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի համաձայն՝ բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝ 1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք. 2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

Անդրադառնալով հինգերորդ և վեցերորդ փաստարկներին՝ Հանձնաժողովը դրանք անհիմն է համարել և ի հիմնավորումն իր եզրահանգման՝ հարկ է համարել անդրադառնալ ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ երեխայի սերման փաստի հետ կապված նորմերի կիրառման առանձնահատկություններին: Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 3-րդ կետը, 36-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը , նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ գլխով ամրագրված է երեխաների սերման փաստի հաստատման հետևյալ դեպքերը` երեխայի սերման փաստի հաստատման (հոդված 35-րդ), հայրությունը դատական կարգով որոշելու (հոդված 36-րդ) և հայրության ճանաչման փաստի դատական հաստատման (հոդված 37-րդ) Երեխաների սերման փաստի հաստատման յուրաքանչյուր դեպքի համար օրենսդիրը սահմանել է պայմաններ, և հատկանշական է, որ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում օրենսդիրը նախատեսել է նաև երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան պարագայում երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը հաստատելու պայման դատական կարգով: Ընդ որում, ի տարբերություն նախորդ երկու դեպքի (ՀՀ ընտանեկան օրենսգրքի 35-րդ և 36-րդ հոդվածների), ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել բացառապես դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։ Այսինքն, եթե ՀՀ ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի հիմքով թերևս հնարավոր էր պահանջել ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ինչն էլ կարող էր բացառել դատական կարգով հայրության որոշման հնարավորությունը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի դեպքում դա պարզապես հնարավոր չէ՝ հոր մահվան փաստի, ըստ այդմ՝ նման համատեղ դիմումի կամ հոր դիմումի ներկայացման անհնարինության հանգամանքով պայմանավորված, այդ իսկ պատճառով օրենսդիրն այդ հոդվածով նախատեսել է երեխայի հայր ճանաչելու բացառապես դատական կարգով փաստի հաստատման ընթացակարգը:

Հետևաբար բացատրությամբ մեջբերված բոլոր փաստարկները, որոնք վերաբերում են արտադատական կարգով երեխայի սերման փաստի հաստատմանը, վերաբերելի կարող են լինել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 35-րդ և 36-րդ հոդվածների հիմքով ներկայացված դիմումների դեպքում, այնինչ Դատավորի կողմից քննվել է դիմում՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով հայրությունը դատական կարգով որոշելու վերաբերյալ, որտեղ հոր մահվան փաստն անվիճելի էր:

Հանձնաժողովն ընդունել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Դիմողը չի հիմնավորում, որ հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, դիմումը ենթակա է մերժման, սակայն, միևնույն ժամանակ, արձանագրել է, որ այս նորմը կարող է կիրառվել բոլոր այն դեպքերում, երբ օբյեկտիվ իրականության մեջ օրինականության սկզբունքի համատեքստում նման բան հնարավոր է, քանի որ նորմը չի կարող մեկնաբանվել օբյեկտիվ իրականությունից կտրված, ինքնանպատակ կերպով և միայն տառացի նշանակությունը հաշվի առնելով՝ ի խախտումն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված է իրավաբանական որևէ փաստի հաստատման միայն դատական կարգ, ապա այլ եզրահանգման, քան դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, գալ հնարավոր չէ:

Վերը նշված վերլուծությունները հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը գտել է նաև, որ Դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ մինչև՝ 16.05.2021թ.) 48-րդ հոդվածի «գ» կետի խախտումներ, քանի որ եթե Դատավորը կիրառեր այս նորմերը ճիշտ, ապա կհանգեր այն եզրահանգման, որ Դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, ըստ այդմ՝ չէր խախտի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի հստակ կարգավորումը:

Ինչ վերաբերում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի դրույթներին, ապա այս օրենքով նախատեսված չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով հայրությունը դատական կարգով որոշելու հնարավորություն՝ հիմք ընդունելով վերը նշված պատճառաբանությունները, ավելին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի կանոնը չի տարածվում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի նկատմամբ, ուստիև այս հիմքով արտադատական կարգով փաստը հաստատելու անհնարինության մասին պնդումն առարկայազուրկ է: Միևնույն ժամանակ այս հարցի կապակցությամբ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև Վերաքննիչ դատարանը՝ համարելով, որ այդ կերպ հնարավոր չէր հաստատել խնդրարկվող իրավաբանական փաստը:

Անդրադառնալով յոթերորդ փաստարկին՝ Հանձնաժողովն այն ևս անհիմն է համարել՝ հետևյալ պատճառաբանություններից ելնելով.

Հանձնաժողովն իր որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ, իսկ 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջը չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

Վերը նշված դատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ ի սկզբանե, եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ պետք է բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ, ապա դատարանը պարտավոր է վերադարձնել դիմումը՝ նման խախտումը շտկելու և դիմումը կրկին ներկայացնելու ակնկալիքով:

Հետևաբար, եթե դատավորը գտնում էր, որ դիմողն ու վերջինիս ներկայացուցիչը սույն դիմումով պահանջվող փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերն այլ կարգով ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելն անհնարին լինելու կապակցությամբ դիմումում որևէ հանգամանք չեն նշել, ինչպես նաև դատարանում վերաբերելի ապացույցներ չեն ներկայացրել (հիմք՝ վճռով դիմումը մերժելու պատճառաբանական մասը), ապա պետք է ի սկզբանե դիմումը վերադարձներ, ինչը չի կատարել, ուստի, Հանձնաժողովի համոզմամբ, դատավորը խախտել է նաև այս նորմը:

Քանի որ վերը թվարկված խախտումների որոշակիությունը հնարավոր կլինի ավելի մանրամասն կամ լրացուցիչ պարզել միայն դատավորի բացատրությունը դրանց կապակցությամբ լսելուց հետո, ապա Հանձնաժողովը գտնում է, որ առնվազն վարույթ հարուցելու փուլում առկա են բոլոր խախտումները միաժամանակ»:

Հանձնաժողովն գտել է, որ իր սույն որոշման բովանդակությունից պարզապես ակնհայտ է, որ քանի դեռ վարույթի այդ փուլում հնարավոր չէր լսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ և 240-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ Դատավորի դիրքորոշումը, հնարավոր չէր ի սկզբանե որոշակիորեն եզրակացնել, թե ինչու Դատավորն այդ դեպքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի կանոնը: Բանն այն է, որ դատավարական այս երկու հոդվածներն ունեն միևնույն բովանդակությունը, սակայն կիրառելի են դատավարության տարբեր փուլերում, մասնավորապես՝ եթե ի սկզբանե դիմումում չի հիմնավորվում իրավաբանական փաստն արտադատական կարգով հաստատելու հնարավորությունը, ապա դատարանը պետք է վերադարձնի դիմումը, իսկ եթե գործի քննությամբ է պարզվում, որ դա անհնարին է, ապա այդ դեպքում դիմումը ենթակա է մերժման: Եվ հենց դա էր պատճառը, որ Հանձնաժողովն իր որոշման մեջ օգտագործել էր «եթե դատավորը գտնում էր» և «վերը թվարկված խախտումների որոշակիությունը հնարավոր կլինի ավելի մանրամասն կամ լրացուցիչ պարզել միայն դատավորի բացատրությունը դրանց կապակցությամբ լսելուց հետո» արտահայտությունները՝ դրանով իսկ ցույց տալով, որ անհրաժեշտ է պարզել այս երկու հոդվածների կիրառելիության կապակցությամբ Դատավորի դիրքորոշումները, և եթե Դատավորը գտել էր, որ առկա է նման անհնարինություն, ապա Հանձնաժողովի համար առնվազն որոշակի չի եղել, թե ինչու այդ դեպքում Դատավորը չի կիրառել նշված օրենսգրքի 240-րդ հոդվածի կանոնը, ինչն էական էր նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համար էական հանգամանքներ պարզելու առումով:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում դիտարկելով Դատավորի բացատրությունները՝ Հանձնաժողովը եկել է այն հետևության, որ Դատավորն իր բացատրություններում խեղաթյուրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին Հանձնաժողովի որոշման այն մասը, որը վերաբերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի հնարավոր խախտմանն ու նման եզրահանգման հիմքում դրված պատճառաբանությունների բովանդակությանը՝ առանց օբյեկտիվ չափանիշի և միայն իր շահերի տեսանկյունից բարենպաստ հանգամանքի տպավորություն ստեղծելու նպատակով փոփոխելով այդ որոշման բուն էությունն ու բովանդակությունը, դրա նպատակն ու նշանակությունը: Եվ հենց այս համատեքստում է բացատրության մեջ մեջբերվել դատավոր Հ. Շահնազարյանի կողմից թիվ ԵԴ19431/02/20 գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Ինչ վերաբերում է դատավոր Հ. Շահնազարյանի կողմից թիվ ԵԴ19431/02/20 գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով արտահայտված իրավական դիրքորոշումներին և վերջինիս կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի հիմքով թույլ տրված խախտմանը, ապա յուրաքանչյուր ոք, առավել ևս՝ Դատավորը, պարտավոր է հարգել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և որևէ կերպ կասկածի տակ չդնել այդ ակտի օրինականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը: Այս համատեքստում Հանձնաժողովը համարում, որ թիվ ԵԴ19431/02/20 գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճիռը թույլ տրված կարգապահական խախտումը բացառող տեղեկություն չի պարունակում, ընդհակառակը՝ փաստում է, որ դատական պրակտիկայում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով քննված մեկ այլ դիմումի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի կանոնները չեն կիրառվել, ինչի կապակցությամբ դիմողի ներկայացուցիչը, օգտվելով իր՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից, այդ գործով կայացված եզրափակիչ դատական ակտը վկայակոչել է՝ որպես ի գիտություն:

Վերոգրյալ նորմերի լույսի ներքո գնահատելով նշված փաստերը՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ մինչև՝ 16.05.2021թ.) 48-րդ հոդվածի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի խախտման առերևույթ հատկանիշներ:

Հանձնաժաղովը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, և այս փաստը հաստատվում է նաև Դատավորի բացատրություններում ներկայացված իրավական դիրքորոշումներով, որտեղ վերջինս փորձում է հիմնավորել իր արարքի օրինականությունը, ուստի Հանձնաժողովի գնահատմամբ առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր:

 

3Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը պատասխան է ներկայացրել ինչպես վարույթ հարուցած մարմնին, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդին:

Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ Հանձնաժողովը 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին և միջնորդել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել:

Դատավորը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 8-րդ մասը, նշել է, որ որոշումը ստացել է ամանորյա տոներից հետո, ուստի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում, ներկայացնում է Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված N-Կ-17/2021 որոշմամբ հարուցված միջնորդության պատասխանը:

Դատավորը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասը նշել է, որ Հանձնաժողովն իր «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-17/2021 որոշումը կայացրել է 08.11.2021 թվականին: «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ N-Կ-17/2021 որոշումը կայացվել է 27.12.2021 թվականին, այսինքն՝ «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-17/2021 որոշումը կայացնելուց յոթ շաբաթ անց:

Դատավորը գտել է, որ 08.11.2021 թվականին հարուցված թիվ N-Կ-17/2021 կարգապահական վարույթի տևողությունը՝ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը, գերազանցել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի «Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը» վերտառությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վեց շաբաթյա ժամկետը:

Այնուհետև, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նշել է, որ Հանձնաժողովը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վեց շաբաթյա ժամկետը, Դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը, ուստի, գտել է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ենթակա է մերժման:

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, մերժել:

24.01.2022թ.-ին Դատավորի կողմից ներկայացվել է միջնորդություն Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, մերժել:

Դատավորի կողմից, որպես միջնորդության հիմքեր և հիմնավորումներ նշվել է հետևյալը. Բարձրագույն խորհուրդը քննության է առել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (հետայսու՝ Հանձնաժողով) 15.03.2021թ.-ի թիվ Կ-1/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Քննության արդյունքում 31.05.2021թ.-ին կայացվել է ԲԴԽ-29-Ո-Կ-10 որոշումը:

Այնուհետև Դատավորը մեջբերում կատարելով Բարձրագույն դատական խորհրդի 31.05.2021թ.-ին կայացված ԲԴԽ-29-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումից, նշել է, որ 31.05.2021թ.-ին կայացված ԲԴԽ-29-Ո-Կ-10 որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը, գնահատելով ստեղծված փաստացի իրավիճակը, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի՝ նիստի ընթացքում հանձնաժողովի կողմից, Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար, ժամկետի խախտման հիմքով վարույթի կարճման համաձայնությունը, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել:

Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Շահնազարյանի 28.12.2021թ.-ի թիվ ԴԴ-Գ-383/2 գրությամբ Դատավորին են ուղարկվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 27.12.2021թ.-ին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը և ինչպես, այդ գրության մեջ է նշված կարգապահական վարույթի բոլոր նյութերի 72 թերթից բաղկացած պատճենները, այն է՝ փաստաբաններ Ն.Ալոյանի, Դ.Գրիգորյանի, Տ.Վարդազարյանի, Ա.Մելիքյանի, Մ.Գյուլումյանի, Հ.Ենոքյանի և Ն.Գրիգորյանի, ՀՀ արդարադատության նախարարին և Հանձնաժողովին ուղարկված դիմումի պատճենները, Հանձնաժողովի կողմից 08.11.2021թ.-ին կայացված «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ N-Կ-17/2021 որոշման պատճենը, սույն որոշումը ՀՀ արդարադատության նախարարին և փաստաբաններ՝ Ն.Ալոյանին, Դ.Գրիգորյանին, Տ.Վարդազարյանին, Ա.Մելիքյանին, Մ.Գյուլումյանին, Հ.Ենոքյանին և Ն.Գրիգորյանին,ինչպես նաև Դատավորին որոշումը և ստացած նյութերի պատճեններն ուղարկելու մասին 09.11.2021թ.-ի թիվ ԴԴ-Գ-298, թիվ ԴԴ-Գ-298/2 և թիվ ԴԴ-Գ-298/1 գրությունների պատճենները և Դատավորի կողմից Հանձնաժողովի նախագահին ուղարկված գրավոր բացատրությունների պատճենը:

Դատավորը, միջնորդությամբ վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասը, 148-րդ հոդվածի 6-րդ մասը, նշել է, որ Հանձնաժողովը ՝ ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, 28.12.2021թ.-ի թիվ ԴԴ-Գ-383/2 գրությամբ Դատավորին ուղարկել է Հանձնաժողովի կողմից 08.11.2021թ.-ին կայացված «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-17/2021 որոշումը վարույթ հարուցող մյուս մարմնին ՝ ՀՀ Արդարադատության նախարարին, հաղորդում ներկայացրած անձանց և դատավորին ուղարկելու մասին գրությունների պատճենները:

Սակայն 28.12.2021թ.-ի թիվ ԴԴ-Գ-383/2 գրությամբ Դատավորին չի ուղարկվել Հանձնաժողովի կողմից 27.12.2021թ.-ին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը, Բարձրագույն դատական խորհրդին, վարույթ հարուցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղարկելու մասին գրությունների պատճենները, այնինչ թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը ՝ այն կայացնելու պահից, այն է՝ 27.12.2021 թվականից, եռօրյա ժամկետում՝ կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենների հետ միասին, Հանձնաժողովը պարտավոր էր ուղարկել Դատավորին, ինչը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով:

Դատավորը նշել է, որ առկա չեն հիմքեր, արձանագրելու, որ Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը Բարձրագույն դատական խորհրդին և վարույթ հարուցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին չի ուղարկվել, հետևաբար սույն որոշումը, Բարձրագույն դատական խորհրդին և վարույթ հարուցող մյուս մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղարկելու մասին գրություններն առկա են կարգապահական վարույթի նյութերում, սակայն դրանց պատճեններն կամ կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճեններն Դատավորին չեն ուղարկվել, ուստի Հանձնաժողովը խախտել է, Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը:

Դատավորը վկայակոչել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 148-րդ հոդվածի 6-րդ մասը:

Դատավորը, գտել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 31.05.2021թ.-ին կայացված ԲԴԽ-29-Ո-Կ-10 որոշման հիմնավորումների ուժով Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման:

24.01.2022թ.-ին դատական նիստի ընթացքում Դատավորի կողմից ներկայացվել են առարկություններ, որով վերջինս վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նշել է, որ Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված N-Կ-17/2021 որոշմամբ հարուցված միջնորդության ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դատավորը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը, 141-րդ հոդվածի 2-րդ մասը, 146-րդ հոդվածի 1-ին մասը, այնուհետև մեջբերում կատարելով Բարձրագույն դատական խորհուրդի կողմից քննված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, նշել է, որ Հանձնաժողովի 08.11.2021 թվականի թիվ N-Կ-17/2021 որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որոշմամբ մասնավորապես նշվել է այն մասին, որ. «2021 թվականի նոյեմբերի 08-ին քաղաք Երևանում, ուսումնասիրելով փաստաբաններ Ն. Ալոյանի, Դ. Գրիգորյանի, Տ. Վարդազարյանի, Ա. Մելիքյանի, Մ. Գյուլումյանի, Հ. Ենոքյանի և Ն. Գրիգորյանի հաղորդումը, պարզել է, որ 2021 թվականի մայիսի 11-ին Հանձնաժողով է ստացվել թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով փաստաբաններ Ն. Ալոյանի, Դ. Գրիգորյանի, Տ. Վարդազարյանի, Ա. Մելիքյանի, Մ. Գյուլումյանի, Հ. Ենոքյանի և Ն. Գրիգորյանի հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: (…) »: Այսինքն՝ Հանձնաժողովը Որոշումը կայացրել է և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել է հիմքում դնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական վարույթ հարուցելու առիթը, այն է՝ անձի, (…) հաղորդումը՝ սույն պարագայում անձանց՝ «թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով փաստաբաններ Ն. Ալոյանի, Դ. Գրիգորյանի, Տ. Վարդազարյանի, Ա. Մելիքյանի, Մ. Գյուլումյանի, Հ. Ենոքյանի և Ն. Գրիգորյանի հաղորդումը»: Այնինչ, Որոշման մեջ նշվածն իրականությանը չի համապատասխանում, Ն. Ալոյանը, Դ. Գրիգորյանը, Տ. Վարդազարյանը, Ա. Մելիքյանը, Մ. Գյուլումյանը, Հ. Ենոքյանն ու Ն. Գրիգորյանը՝ թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործն իմ վարույթում քննության ժամանակ, այդ գործով փաստաբաններ չեն հանդիսացել, վերջիններս հաղորդում ներկայացնելով Հանձնաժողովին՝ չեն էլ նշել այն մասին, որ հանդիսանում են այդ գործով փաստաբաններ, հաղորդմանը կից թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով Դիմողի ներկայացուցիչներ լինելու մասին լիազորագ/րեր/իր չեն էլ ներկայացրել, ինչը հաստատվում է Հանձնաժողովի կողմից Դատավորին ուղարկված կարգապահական վարույթի նյութերով:

Ընդ որում, հետագայում այն բանից հետո, երբ Դատավորի կողմից Հանձնաժողովին է ներկայացվել՝ ի թիվս այլ հանգամանքների, նաև սույն փաստի մատնանշմամբ բացատրություն, Հանձնաժողովն ընդունել է, որ հաղորդում ներկայացրած անձինք թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով Դիմողի ներկայացուցիչներ չեն եղել, ինչը հաստատվում է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությամբ, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդում՝ 21.01.2022թ.-ին կայացած նիստում, Հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը ներկայացնելով միջնորդությունը՝ հաղորդում ներկայացրած անձանց անվանակոչեց «մի շարք փաստաբաններ» բառակապակցությամբ, իսկ «մի շարք փաստաբաններ»-ի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու մասին իրավանորմեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով նախատեսված չեն:

Այնուհետև, Դատավորը վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, գտել է, որ Հանձնաժողովի կողմից իր նկատմամբ հարուցված Կարգապահական վարույթի նյութերում բացակայում են հաղորդում ներկայացրած անձանց թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով Դիմողի կողմից տրված լիազորագ/րեր/իրը, հաղորդում ներկայացրած անձինք, ըստ էության, հանդես են եկել Դիմողի անունից՝ չունենալով վերջինիս անունից հանդես գալու իրավունք:

Դատավորը նշել է, որ նման իրավիճակում թերևս սույն հաղորդումը կարելի է գնահատել որպես անանուն հաղորդում, իսկ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները» վերտառությամբ 146-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

Դատավորն ընդգծել է հետևյալ փաստերը այն մասին, որ թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում քննել է Վերոնիկա Գրիգորի Մնացականյանի փաստաբան ներկայացուցիչ՝ Կիմա Սարյանի կողմից ներկայացված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու պահանջի մասին դիմումը:

Թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով դիմող Վերոնիկա Գրիգորի Մնացականյանը և վերջինիս փաստաբան ներկայացուցիչ՝ Կիմա Սարյանը Հանձնաժողովին հաղորդում չեն ներկայացրել, հետևաբար բացակայում է կարգապահական վարույթ հարուցելու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական վարույթ հարուցելու առիթը, այն է՝ անձի, … հաղորդումը՝ սույն պարագայում դիմող՝ Վերոնիկա Գրիգորի Մնացականյանի կամ վերջինիս ներկայացուցիչ՝ Կիմա Սարյանի հաղորդումը և ինչ որ անձանց՝ «թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով փաստաբաններ Ն. Ալոյանի, Դ. Գրիգորյանի, Տ. Վարդազարյանի, Ա. Մելիքյանի, Մ. Գյուլումյանի, Հ. Ենոքյանի և Ն. Գրիգորյանի հաղորդումը» չէր կարող սույն կարգապահական վարույթը հարուցելու առիթ հանդիսանալ:

Ընդ որում, Թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացրել է 03.05.2021թ.-ին, որի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.09.2021թ.-ին կայացված որոշմամբ Վերոնիկա Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.05.2021թ.-ի թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:

Www.datalex.am դատական տեղեկատվական կայքում՝ այսօրվա դրությամբ, թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկությունները գրառված են 28.12.2021թ.-ի դրությամբ, ըստ այդ տեղեկությունների՝ 29.10.2021թ.-ին գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր՝ Ն. Հովսեփյանին, նախնական դատական նիստը նշանակվել է 30.12.2021թ.-ին, այն կայացել է, թե ոչ, կամ այլ տեղեկություններ գրառված չեն:

Դատավորը գտել է, որ սույն գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս նոր քննություն չի իրականացվել և եզրափակիչ դատական ակտ չի կայացվել, դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի դատական ակտ կկայացվի նոր քննության արդյունքում՝ հնարավոր է դիմումը բավարարվի կամ մերժվի, չի բացառվում և այն, որ դիմումը մերժվի նույն հիմքերով, ինչ հիմքերով, որ Դատավորն է մերժել:

Դատավորը գտել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործի նոր քննությունն իրականացնող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ն. Հովսեփյանը հնարավոր է զրկվի սույն քաղաքացիական գործը անկաշկանդ քննելու և դատական ակտ կայացնելու հնարավորությունից:

Դատավորը վկայակոչել է, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 2-րդ մասը, 142-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ մասը,10-րդ մասը:

Դատավորը նշել է, որ թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացրել է ներքին համոզմունքով, առաջնորդվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով, եզրափակիչ դատական ակտ կայացնելով՝ կասկածի տակ չի դրել իր՝ որպես դատավորի, համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և կայացրած եզրափակիչ դատական ակտն իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Այնուհետև, Դատավորը վկայակոչելով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը նշել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայել են, ուստիև կարգապահական վարույթ չպետք է հարուցվեր, քանի որ, Դատավորը, ընդգծելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 4-րդ մասը, 5-րդ մասի իրավական կարգավորումները գտել է, որ թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելիս, ինքը՝ որպես սույն քաղաքացիական գործով նախագահող դատավոր, դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ չի տվել:

Դատավորը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասը, 164-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 3-րդ մասը, 239-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածը, նշել է որ վերը նշված նորմատիվ իրավական ակտերում և մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավանորմերը մեկնաբանելով՝ ելնելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, հարկ է նշել, որ օրենսդիրը բացառություններ չի սահմանել և իմպերատիվ ձևով նշված է, որ ցանկացած իրավաբանական նշանակություն ունեցող փաստ դատարանը կարող է հաստատել միմիայն այն դեպքում, երբ դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Դատավորը նշել է, որ դատական ակտը կայացրել է առաջնորդվելով վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերով:

Դատավորը ավելորդ չի համարել հիշատակել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի իրավական կարգավորումները:

Դատավորը Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը քննելիս հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքներն այն մասին, որ.

ա/ Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ. «ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը նախագահությամբ՝ Հ. Շահնազարյանի, Հանձնաժողովի անդամներ՝ Ե. Դանիելյանի, Լ. Կատվալյանի, Մ. Համբարձումյանի, Ա. Հովհաննիսյանի, Ս. Սողոմոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ին քաղաք Երևանում, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը, (…) »:

Այսինքն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը քննության է առել և 27.12.2021 թվականին թիվ N-Կ-17/2021 Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը կայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ նախագահությամբ՝ Հ. Շահնազարյանի, Հանձնաժողովի անդամներ՝ Ե. Դանիելյանի, Լ. Կատվալյանի, Մ. Համբարձումյանի, Ա. Հովհաննիսյանի և Ս. Սողոմոնյանի, այնինչ Հանձնաժողովի կազմում Հանձնաժողովի անդամ Ս. Սողոմոնյան չկա:

Բոլորին հասանելի էլեկտրոնային կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ Հանձնաժողովի նախագահն է՝ Սերգեյ Մարաբյանը, Հանձնաժողովի անդամներն են՝ Ելիզավետա Դանիելյանը, Լիլիթ Կատվալյանը, Հովիկ Շահնազարյանը, Արման Հովհաննիսյանը, Մերի Համբարձումյանը, Դավիթ Հակոբյանն ու Հարություն Հարությունյանը:

Ստացվում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը քննության է առնվել և որոշում է կայացվել ինչպես Հանձնաժողովի անդամների, այնպես և Հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձի կողմից:

Դատավորը վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 148-րդ հոդվածի 1-ին մասը,նշել է, որ Հանձնաժողովը՝ որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում, որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին և սույն նորմատիվ իրավական ակտերով Հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձի կողմից Հանձնաժողովի անդամների հետ մեկտեղ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորության մասին իրավանորմեր նախատեսված չեն:

Դատավորը արձանագրել է նաև այն, որ եթե նույնիսկ Ս. Սողոմոնյան անունով Հանձնաժողովի անդամ կա, ապա միևնույն է վերջինս չնայած նրան, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը Հանձնաժողովի մյուս անդամների հետ քննության է առել, սակայն 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը չի ստորագրել:

Բացի այդ, Դատավորը նշել է, որ չնայած նրան, որ Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ չի արձանագրվել փաստն առ այն, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը քննության է առել և 27.12.2021 թվականին թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը կայացրել է Հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը, վերջինս սույն որոշումը ստորագրել է:

Դատավորը նշել է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը քննության չեն առել և 27.12.2021 թվականին թիվ N-Կ-17/2021 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը չեն կայացրել Հանձնաժողովի նախագահ՝ Սերգեյ Մարաբյանը և Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Հակոբյանը, ուստիև վերջիններս 27.12.2021 թվականին կայացված որոշումը չեն ստորագրել, իսկ թե ինչուՅ է Հարություն Հարությունյանն այն ստորագրել, Դատավորը չգիտի, սակայն Դատավորը գիտի, որ սույն որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ամրագրված իրավանորմերի խախտմամբ, քանի որ սույն նորմատիվ իրավական ակտում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը քննության չառած Հանձնաժողովի անդամի կողմից «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշումը ստորագրելու հնարավորության մասին իրավանորմեր նախատեսված չեն:

Հաջորդիվ Դատավորը նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննության է առել Հանձնաժողովի 25.01.2021 թվականի թիվ Կ-16/2020 «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ իրեն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննության արդյունքում 08.04.2021 թվականին կայացվել է ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումը: Դատավորը մեջբերում է կատարել 08.04.2021 թվականին կայացված ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից և նշել է, որ սույն որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ թեև ձևական առումով առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն նրան առերևույթ դատական իշխանությունը հեղինակազրկող վարքագծի կանոնի խախտում վերագրելը չի կարող կասկածի տակ դնել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը՝ հաշվի առնելով նաև սույն որոշմամբ ամրագրված իր հատկանիշները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ չի ունեցել կարգապահական տույժ։

Դատավորը նշել է, որ ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումը կայացնելուց հետո անցել է ինն ամսից մի փոքր ավել ժամանակ, ինչպես այն ժամանակ, այնպես և ներկայումս նույն անձնավորությունը կամ դատավորն է, չի փոխվել, ինչպես նաև կարգապահական տույժ չունի, պաշտոնավարում է 12-րդ տարի՝ 2010 թվականից սկսած, Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է սույն կարգապահական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի միջնորդությունը քննելիս հաշվի առնել նաև վկայակոչված որոշման հիմնավորումները:

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդին խնդրել է Հանձնաժողովի կողմից 27.12.2021 թվականին կայացված թիվ N-Կ-17/2021 Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» որոշմամբ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, մերժել:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Դատարան ներկայացված դիմումով Վերոնիկա Մնացականյանը խնդրել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը (ծնված` 01.07.1992թ., ծննդյան վկայականի կրկնօրինակ թիվ ԱԱ 280878, մահացած` 07.11.2020թ., մահվան վկայական թիվ ԲԱ 318482) Մաքս Վրեժի Մնացականյանի (ծնված՝ 15.11.2020թ., ծննդյան վկայական թիվ ԲԱ 321750) հայրն է։

2) Դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Ա․Մկրտչյանի) 11․12․2019 թվականի որոշմամբ Վերոնիկա Մնացականյանի դիմումը ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ ընդունել է վարույթ։

3) Դատարանի 03.05.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է, քանի որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու համար պարտադիր նախապայման հանդիսացող արտադատական կարգը:

4) Դատարանի 03.05.2021 թվականին կայացված վճռի դեմ Վերոնիկա Մնացականյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

5) Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.09.2021 թվականին որոշել է Վերոնիկա Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 03.05.2021 թվականին կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ներկայացած միջնորդության մեջ, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտման հիմքեր ներկայացված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասը, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ մինչև՝ 16.05.2021թ.) 48-րդ հոդվածը և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

2. արդյո՞ք Հանձնաժողովն իրավունք ուներ վարույթ հարուցելու մասին որոշում կայացնել փաստաբաններ Ն.Ալոյանի, Դ.Գրիգորյանի, Տ.Վարդազարյանի, Ա.Մելիքյանի, Մ.Գյուլումյանի, Հ.Ենոքյանի և Ն.Գրիգորյանի հաղորդման հիման վրա,

3. արդյո՞ք վարույթ հարուցող մարմնի կողմից խախտվել են Օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և Օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ մասով կարգապահական վարույթի ընթացքի համար սահմանված ժամկետները և կարգը,

4. արդյո՞ք թույլ տրված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումներն Օրենքի իմաստով ունեն նվազ կարևորություն:

Առաջին հարցադրման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ.

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

 Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումներում:

Անդրադառնալով անձի՝ դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատարան ներկայացված հայցը կամ դիմումն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ: Անձի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները և իրավակիրառ պրակտիկան պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Ի թիվս այլնի, ներպետական դատավարական օրենսդրությամբ նախատեսված են այն իրավական կառուցակարգերը, որոնք ապահովում են դատական պաշտպանության հիմնարար իրավունքի իրականացման երաշխիքները:

Նշվածի լույսի ներքո Խորհուրդն ընդգծում է, որ քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված վարույթների տեսակները՝ իրենց բնորոշ առանձնահատկություններով պայմանավորված՝ համապատասխան իրավական կարգավորումների հաշվառմամբ:

Քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից էական նշանակություն ունեն ինչպես ընդհանուր հայցային, հատուկ հայցային, այնպես էլ հատուկ վարույթները, որոնց դատավարական ընթացակարգերի վերաբերյալ օրենսդրական կանոնակարգումները՝ յուրաքանչյուր փուլին համապատասխան, սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:

Խորհուրդը սույն կարգապահական վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հատուկ վարույթի կարգով քննվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատավարական առանձնահատկություններին:

Այսպես, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քաղաքացիադատավարական օրենսդրությանը համապատասխան քննվում և լուծվում են հատուկ վարույթի կարգով: Ըստ էության հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթի կարգով կայացված վճիռը, որով հաստատվում է իրավաբանական փաստը, կամ անձի՝ որոշակի իրավական վիճակը, կամ նրա որևէ իրավունք, դիմողի համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ոչ դատական մարմիններում իր անձնական կամ գույքային իրավունքներն իրացնելու համար, ընդ որում, հարկ է նկատել, որ քանի դեռ դատարանն այդ վարույթի կարգով չի հաստատել քաղաքացիների և կազմակերպությունների անձնական կամ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը, կամ նրան պատկանող իրավունքը, նրանք չեն կարող իրականացնել դրանցից բխող, դրանց հետ անմիջականորեն կապված իրենց սուբյեկտիվ իրավունքները: Ըստ էության, մինչև իրավաբանական փաստի հաստատումը նյութական հարաբերությունները, քաղաքացու կամ կազմակերպության նյութական իրավունքները սոսկ ենթադրվում են, իսկ համապատասխան իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումից հետո դատարան դիմած անձը հնարավորություն է ստանում իրականացնելու համապատասխան սուբյեկտիվ իրավունքը:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վերաբերյալ դատավարական կանոնակարգումները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխում:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.

3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.

6) դժբախտ պատահարին.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.

9) անհաղթահարելի ուժի առկայությանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջը չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:

 Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վկայակոչված իրավական կարգավորումներից հետևում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի բնույթով պայմանավորված այն կարող է հաստատվել նաև արտադրական կարգով, և այս կարգը սպառելուց հետո է միայն անձը ձեռք բերում իրավունք՝ ստանալու դատական պաշտպանություն:

Նշվածի տրամաբանությունը բխում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասից, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Այսինքն, օրենսդիրը, մասնավորապես պետական մարմինների գործառութային կանոնակարգումների հաշվառմամբ կարևորել է յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների իրականացման ու պաշտպանության հարցում:

Օրենսդրությամբ հատուկ վարույթի շրջանակներում դատարաններին է վերապահված վերոգրյալի տրամաբանությունից բխող լիազորություն՝ չսկսելու դատական վարույթ, առանց արտադատական կարգի պահպանման:

Դատարանի համար սահմանված է ուղղակի պարտականություն՝ վերադարձնելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումը, եթե նշված փաստի հաստատման համար սահմանված է այլ հնարավորություն, մասնավորապես այլ պետական մարմնի միջոցով իրավունքի ճանաչում և առկա չէ դրա անհնարինության վերաբերյալ փաստ:

Սակայն կան նաև իրավաբանական փաստեր, որոնք օրենքին համապատասխան ենթակա են հաստատման միայն դատական կարգով, այն հաշվառմամբ, որ պետական մարմնի համապատասխան գործառույթի իրականացումը՝ անձի սուբյեկտիվ իրավունքի ճանաչման, հաստատման, փոփոխման և այլ հարցերում, պայմանավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ այն դեպքերում, երբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար սահմանված է բացառապես դատական կարգ, ապա դիմումատուն արտադատական կարգով փաստի հաստատման անհնարինությունը հիմնավորող ապացույցի ներկայացման պարտականություն կրել չի կարող: Եվ բոլոր այն դեպքերում, երբ անձը դիմում է դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով, իսկ դատարանը չի կիրառում դիմումը վերադարձնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իր լիազորությունը, ապա գործում է իրավաբանական փաստի՝ բացառապես դատական կարգով հաստատման ենթակա լինելու կանխավարկածը:

Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում սպառիչ չի թվարկել այն բոլոր իրավաբանական փաստերը, որոնք կարող են հաստատվել դատական կարգով, սակայն սահմանել է, որ դատարանը կարող քննել իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր, եթե դրանք նախատեսված են որևէ օրենքով:

Այսինքն, նշվածից հետևում է, որ դատական կարգով կարող են հաստատվել նաև այնպիսի իրավաբանական փաստեր, որոնք թեև թվարկված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասում, սակայն դրանց դատական կարգով հաստատման ենթակա լինելու վերաբերյալ կարգավորումները նախատեսված են օրենսդրությամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ գլխով, ի թիվս երեխայի սերման դատական կարգով հաստատման ենթակա փաստերի, նախատեսված է նաև հայրության ճանաչման փաստի հաստատման իրավական հնարավորությունը, որը կոչված է պաշտպանելու այն երեխայի իրավունքները, որի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձը մահացել է, սակայն կենդանության օրոք իրեն ճանաչել է երեխայի հայր:

Մասնավորապես, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները հիմնվում են երեխաների՝ օրենքով սահմանված կարգով հաստատված սերման փաստի վրա։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը վկայակոչված իրավական նորմերի վերլուծությանը, նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 9-րդ գլխով ամրագրված է երեխաների սերման փաստի հաստատման հետևյալ դեպքերը` երեխայի սերման փաստի հաստատման (հոդված 35-րդ), հայրությունը դատական կարգով որոշելու (հոդված 36-րդ) և հայրության ճանաչման փաստի դատական հաստատման (հոդված 37-րդ): Երեխաների սերման փաստի հաստատման յուրաքանչյուր դեպքի համար օրենսդիրը սահմանել է պայմաններ ինչպես միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում, այնպես էլ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի դեպքում: Հատկանշական է, որ ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում օրենսդիրը նախատեսել է նաև երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան պարագայում երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը հաստատելու պայման՝ դատական կարգով: (Տե'ս, ըստ հայցի Անուշ Գևորգյանի ընդդեմ Լուսիկ Պետրոսյանի` հայրության փաստի հաստատման պահանջի մասին, թիվ ԼԴ/0023/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ի թիվս այլնի, պետական գրանցման է ենթակա քաղաքացիական կացության հետևյալ ակտը` հայրությունը որոշելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ մինչև՝ 16.05.2021թ.) 48-րդ հոդվածի համաձայն՝ հայրության որոշման պետական գրանցման հիմքերն են՝

ա) երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը.

բ) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումը.

գ) հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 Խորհուրդն արձանագրում է, որ վկայակոչված իրավական կարգավորումներից ուղղակիորեն հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ՔԿԱԳ մարմնի կողմից հայրության որոշման պետական գրանցման համար երեք՝ մեկը մյուսին բացառող ինքնուրույն հիմքեր՝

 - երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը,

- երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումը,

- հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վերոգրյալից հետևում է, որ հայրության որոշման պետական գրանցում իրականացնող միակ պետական մարմինը հայրության ճանաչման փաստի հիմքով իրավասու է հայրության որոշման պետական գրանցում իրականացնել բացառապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

Վերոգրյալ իրավակարգավորումներից նաև բխում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ երեխայի մայրը, չունենալով օրինական ուժի մեջ մտած վճիռ, դիմի ՔԿԱԳ մարմին՝ հայրության ճանաչման փաստի հիմքով հայրության որոշման պետական գրանցում իրականացնելու խնդրանքով, ապա կստանա օրինաչափ մերժում: Եվ նման պայմաններում, դատարանների կողմից օրենքով նախատեսված հիմքի բացակայության վերաբերյալ կանխատեսելի մերժում ակնկալելը չի կարող արդարացվել որևէ ողջամիտ մեկնաբանությամբ:

Սույն կարգապահական վարույթի նյութերի համաձայն՝ Դատարան ներկայացված դիմումով Վերոնիկա Մնացականյանը խնդրել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Վրեժ Անդրանիկի Պողոսյանը (ծնված` 01.07.1992թ., ծննդյան վկայականի կրկնօրինակ թիվ ԱԱ 280878, մահացած` 07.11.2020թ., մահվան վկայական թիվ ԲԱ 318482) Մաքս Վրեժի Մնացականյանի (ծնված՝ 15.11.2020թ., ծննդյան վկայական թիվ ԲԱ 321750) հայրն է։ Դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Ա․Մկրտչյանի) 11․12․2019 թվականի որոշմամբ Վերոնիկա Մնացականյանի դիմումը՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ ընդունել է վարույթ։ Դատարանի 03.05.2021 թվականի վճռով դիմումը մերժվել է, քանի որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու համար պարտադիր նախապայման հանդիսացող արտադատական կարգը: Դատարանի 03.05.2021 թվականի վճռի դեմ Վերոնիկա Մնացականյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 03.09.2021 թվականին որոշել է Վերոնիկա Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 03.05.2021թ. կայացրած վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Սույն կարգապահական վարույթի նյութերը գնահատելով վերոգրյալ իրավական կարգավորումների և մեկնաբանությունների լույսի ներքո՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործը վարույթ ընդունելով արդեն իսկ հաստատել է օրենքի պահանջը, ըստ որի սույն իրավաբանական փաստը ենթակա է հաստատման բացառապես դատական կարգով:

Ուստի, ավելի քան հինգ ամիս քննություն իրականացնելուց հետո արտադատական կարգը պահպանված չլինելու հիմքով դիմումը մերժելով, Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ մինչև՝ 16.05.2021թ.) 48-րդ հոդվածի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում տևական ժամանակահատված թիվ ԵԴ/ 34064/02/20 քաղաքացիական գործով դիմումատուն զրկված է եղել ակնկալվող իրավաբանական փաստի հաստատման և դրա հիման վրա ծագող սուբյեկտիվ իրավունքների իրացման հնարավորությունից: Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն առաջացրել են Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր:

 Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը։ (…)։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

Վերոնշյալ իրավական նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ցանկացած անձի (որին հնարավոր է նույնականացնել) կողմից տրված հաղորդումը, անկախ այն հանգամանքից, արդյո՞ք դիմողն անձամբ կամ միջնորդավորված կրել է դատավորի կողմից թույլ տրված խախտման հետևանքները, թե՝ ոչ։

Հետևաբար, նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում Դատավորի պնդումն առ այն, որ փաստաբաններ Ն. Ալոյանը, Դ. Գրիգորյանը, Տ. Վարդազարյանը, Ա. Մելիքյանը, Մ. Գյուլումյանը, Հ. Ենոքյանը և Ն. Գրիգորյանը չեն հանդիսացել թիվ ԵԴ/34064/02/20 քաղաքացիական գործով ներկայացուցիչներ, ուստի վերջիններիս կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հանձնաժողովն իրավունք չուներ հարուցելու կարգապահական վարույթ:

 Երրորդ հարցադրման վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ Օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:

Սույն կարգապահական վարույթի նյութերից հետևում է, որ Հանձնաժողովը 08.11.2021 թվականի թիվ N-Կ-17/2021 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, իսկ 27.12.2021 թվականի թիվ N-Կ-17/2021 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցելու համար Օրենքով նախատեսված ժամկետները խախտված չեն, պահպանված է օրենսդրի կողմից սահմանված երկամսյա ժամկետ, որի ընթացքում էլ Հանձնաժողովը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

Ինչ վերաբերում է Դատավորի փաստարկներին առ այն, որ իրեն չեն տրամադրել կարգապահական վարույթի նյութերն ամբողջ ծավալով՝ մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդին և Արդարադատության նախարարին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը և կից փաստաթղթերն ուղարկելու վերաբերյալ ապացույցները, ապա Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ.

Օրենքի 148-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվում կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

Նույն օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորն իրավունք ունի` ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու և ստանալու դրանց պատճենները:

 Հիմք ընդունելով վերոշարադրյալը Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, վարույթ հարուցող մարմնի համար սահմանելով որոշման հետ մեկտեղ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճեններն ուղարկելու վերաբերյալ պահանջ, ըստ էության նպատակ է հետապնդել ապահովելու Դատավորի՝ իրեն վերագրվող կարգապահական խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իրավունքը և բոլոր այն դեպքերում, երբ դատավորը կարող է ունենալ ողջամիտ կասկածներ Բարձրագույն դատական խորհուրդ և/կամ վարույթ հարուցող մյուս մարմնին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումն ուղարկելու ընթացակարգի խախտման վերաբերյալ, զրկված չէ Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին ծանոթանալու, քաղվածքներ անելու և դրանց պատճեններն ստանալու իրավունքի իրականացումից: Ավելին, սույն կարգապահական վարույթում առկա ուղեկցական գրությունների բովանդակությունից հետևում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվել է Բարձրագույն դատական խորհուրդ, դատավորին և վարույթ հարուցող մյուս մարմին: Որոշման հետ միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդ և դատավորին են ուղարկվել կարգապահական վարույթի բոլոր նյութերի պատճենները:

Վերոգրյալի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորի փաստարկներն այս առնչությամբ համարում է անհիմն:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով Դատավորի՝ կարգապահական վարույթի գաղտնիությունը խախտված լինելու վերաբերյալ փաստարկին, հարկ է համարում նշել, որ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերտառությամբ 147-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով՝ «ծառայողական» դրոշմագրով կամ դրա անհնարինության դեպքում՝ հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով, որի դեպքում համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու պահից: Կարգապահական վարույթի նյութերը սույն օրենսգրքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է:

Դատավորը, Հանձնաժողովին ներկայացված բացատրություններում նշել է հետևյալի մասին. «Թիվ Կ-17/2021 կարգապահական վարույթի նյութերն իրեն հանձնող դատական դեպարտամենտի աշխատակցին հարցրել է, թե ինչու են դրանք իրեն հանձնվում բաց վիճակում, վերջինս հայտնել է այն մասին, որ իրեն այդ փաստաթղթերը հանձնվել են բաց վիճակում և քանի որ ինքն այդ փաստաթղթերն իրեն հանձնում է առձեռն, ուստի դրանք իրեն հանձնելու նպատակով բաց վիճակում էլ բերել է։»:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ Հանձնաժողովի գործառույթների պատշաճ իրականացումն ապահովվում է Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանման միջոցով, և Դատավորի վկայակոչած՝ գաղտնիության սկզբունքի խախտման փաստը չի հիմնավորվում, քանի որ իր կողմից ներկայացված բացատրությամբ Դատավորն արդեն իսկ ընդունում է, որ իրենից բացի որևէ այլ անձ չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հանձնվող նյութերի բովանդակությանը, հետևաբար Դատավորի փաստարկներն այս մասով ևս անհիմն են:

Ինչ վերաբերում է սույն որոշմամբ բարձրացված մյուս հարցադրումներին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ.

Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի պատճառաբանությունների և կարգապահական վարույթի առնչությամբ տրված բացատրության վերլուծությունից բխում է, որ օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս Դատավորը վարքագծի կանոնների խախտումները թույլ է տվել դիտավորությամբ, ինչը հիմք է հանդիսանում վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա:

Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:

Մինչդեռ սույն պարագայում, Դատավորի կողմից դիմումը վարույթ ընդունելուց հետո շուրջ հինգ ամիս դատավարության իրականացումը, իսկ վերջնարդյունքում դիմումի մերժումը՝ արտադատական կարգը չպահպանելու հիմքով, ըստ էության սահմանափակել է ինչպես անձի հիմնարար՝ դատական պաշտպանության իրավունքը, այնպես էլ դիմումատուն տևական ժամանակահատված զրկված է եղել ակնկալվող իրավաբանական փաստի հաստատման արդյունքում իր սուբյեկտիվ իրավունքի իրականացման հնարավորությունից, որպիսի հանգամանքները Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ բացառում են արարքը նվազ կարևոր որակելու իրավական և փաստական հնարավորությունը: Սա հատկապես արդիական է դառնում, երբ խոսքը գնում է երեխայի իրավունքների մասին։

Ինչ վերաբերում է Դատավորի փաստարկներին Հանձնաժողովի կազմի վերաբերյալ, ապա Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի հայտարարությունը, ինչպես նաև ներկայացված միջնորդությունը, գտնում է, որ թեև որոշման մեջ առկա է վրիպակ, սակայն այն իր բնույթով այնպիսինն է, որը հնարավորություն չի տալիս կասկածի տակ առնելու Հանձնաժողովի կազմի և նրանց կողմից կայացված որոշման օրինականությունը, հետևաբար Դատավորի փաստարկներն այս առնչությամբ ևս անհիմն են:

Օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական խախտում թույլ տալու պահին կարգապահական տույժ չի ունեցել: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը, դատավորի անձը:

Տվյալ պարագայում, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատական պաշտպանություն հայցող սուբյեկտները, դիմում կամ հայցադիմում ներկայացնելով դատարան, առաջնորդվում են Դատավորի՝ դատավարական ընթացակարգերին տիրապետելու կանխավարկածով, մինչդեռ հետագայում դատավարական ընթացակարգերի այնպիսի խախտումները, որոնք հանգեցնում են դատավարության մասնակցի/ների/ դատական պաշտպանության իրավունքի և այլ սուբյեկտիվ իրավունքների սահմանափակմանը, ըստ էության կասկածի տակ են առնում ինչպես դատավորի համապատասխանությունը իր պաշտոնին, այնպես էլ, որպես հետևանք, հեղինակազրկում են դատական իշխանությունը, նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Ամփոփելով վերոշարադրյալը Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս դիտավորությամբ թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են դատական իշխանության հեղինակազրկման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին հայտարարել խիստ նկատողություն:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

   

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

Մ. ՄԱԿՅԱՆ

   

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Դեմ

Ս․ Միքայելյան

Ա. Մխիթարյան
   

Ս. Չիչոյան

   

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան