Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 1998.01/31(2)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Քրեական գործ ՎԲ-329/06

Նախագահող դատավոր՝  Պ. Օհանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ

Մ. Խաչատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար

Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

22 դեկտեմբերի 2006 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Արայիկ Հմայակի Սիմոնյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի փետրվարի 15-ի դատավճռով Արայիկ Սիմոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման 6 /վեց/ տարի ժամկետով։

Ա.Սիմոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի ապրիլի 19-ին առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ` Ա.Սիմոնյանի նկատմամբ կիրառելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, այն է` հարկադիր բուժում «խրոնիկ ալկոհոլիզմից», որը պետք է իրականացվի նրա պատժի կրման ընթացքում։

2006 թվականի հուլիսի 27-ին Ա.Սիմոնյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` հարկադիր բուժման համար։

2006 թվականի սեպտեմբերի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովի կազմած թիվ 44 մասնագիտական ակտի համաձայն` դատապարտյալն ընդունել է հակաալկոհոլային բուժման լրիվ կուրս, և նրա բուժումն ավարտված է։

Հիմք ընդունելով հանձնաժողովի ակտը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2006 թվականի սեպտեմբերի 13-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Ա.Սիմոնյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին։

2006 թվականի սեպտեմբերի 27-ի դատական նիստում քննելով Ա.Սիմոնյանի հարկադիր բուժումը դադարեցնելու մասին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է այն։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 20.11.06 թվականին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 23.11.06 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

2. Գործի փաստական հանգամանքները.

Արայիկ Սիմոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով դատապարտվել է այն բանի համար, որ 2005 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի թիվ 14 տանը, որը պատկանել է նրա ընտանիքին, ծեծի է ենթարկել նախ իր 12-ամյա որդուն` Համիկ Սիմոնյանին, ապա նաև վերջինիս օգնության հասած իր մորը` Նարգիզ Թամազյանին, ու դույլով ջուր է լցրել նրա գլխին։ Նույն թվականի ապրիլին դարձյալ իրենց տանը վիճաբանել է մոր հետ ու երկաթյա ձողով դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է նրան, հետո ծեծի է ենթարկել իր անչափահաս զավակներին` Տաթևիկին և Համիկին։

2005 թվականի սեպտեմբերի 15-ին տանը, առանց որևէ պատճառի, ծեծել է իր 15-ամյա դստերը` Հասմիկին ու մորը` Ն.Թամազյանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասվածքներ։ Ընդ որում վերոհիշյալ բոլոր արարքները կատարելու ժամանակ Ա.Սիմոնյանը գտնվել է ոգելից խմիչք օգտագործած վիճակում։

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ բողոք բերած անձի` առաջին ատյանի դատարանը Ա.Սիմոնյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին միջնորդագիրը 27.09.06 թվականի դատական նիստում քննելիս դատախազին մասնակից չի դարձրել, այսինքն` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ և 432-րդ հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց` դատական որոշումների հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատախազի մասնակցությամբ։

Բողոք բերած անձը, պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նյութերով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար, խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Օրինականությունն իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Այդ սկզբունքն իր իրավական ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածում, որտեղ նշված է, որ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող մյուս անձինք պարտավոր են պահպանել ՀՀ Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն հետաքննության և դատաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատարանի որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, իսկ ըստ 54-րդ հոդվածի 4-րդ մասի` դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումների ի կատար ածելու հետ կապված հարցերը քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի` դատական որոշման կատարման հետ կապված հարցերը դատական նիստում քննության ենթարկելիս սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, անտեսելով օրենքի վերոհիշյալ պահանջները, 2006 թվականի սեպտեմբերի 27-ին քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդությունը` Ա.Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 19.04.06 թվականի դատավճռով նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու մասին, դատական նիստին դատախազին մասնակից չի դարձրել, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 398-րդ հոդվածի համաձայն` նշված խախտումը հիմք է առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նյութերը նոր դատական քննության վերադարձնելու համար։

Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի միատեսակ կիրառման համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-407-րդ, 415-419-րդ, 421-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վճռաբեկ բողոքը բավարարել։

Արայիկ Հմայակի Սիմոնյանի նկատմամբ նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը բեկանել և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ս. Օհանյան