Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՀՅՔՐԴ2/0144/01/09

Գործ թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09

Նախագահող դատավոր՝  Ժ. Հովսեփյան

Դատավորներ՝

 Ռ. Ազարյան

 Հ. Տեր-Ադամյան

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

               

նախագահությամբ`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Կ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

 

մասնակցությամբ պաշտպան՝

Ա. ՀԱԿՈԲՅԱՆԻ

     

2009 թվականի դեկտեմբերի 18-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սուրեն Կարոյի Նալբանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի օգոստոսի 5-ին հարուցվել է թիվ 19120008 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

2008 թվականի օգոստոսի 7-ին Սուրեն Նալբանդյանը ձերբակալվել է։

2008 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ Ս.Նալբանդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով։

2008 թվականի նոյեմբերի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան։

2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` 2009 թվականի փետրվարի 27-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Սուրեն Նալբանդյանի ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով փոխանցվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` ըստ ընդդատության։

2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 26-ի դատավճռով Սուրեն Նալբանդյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 /երկու/ տարի ժամկետով։

3. Մեղադրող Մ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 26-ի դատավճիռը։

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանը։

2009 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»)։

Պաշտպան Ա.Հակոբյանը 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան։

 

Գործի փաստական հանգամանքները և Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Նախաքննության ընթացքում Ս.Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «2008 թվականի հուլիսի 25-ին` ժամը 16։00-ի սահմաններում, Սուրեն Նալբանդյանը նախորդ օրվա, իր ընկեր Օնիկ Օդաչյանին և նրա ընկերուհուն հաշտեցնելու, խոսակցության ընթացքի մասին տեղեկանալու նպատակով, ալկոհոլ օգտագործած վիճակում, գնացել է իրենց ընդհանուր ծանոթ Անահիտ Ռոմյանի՝ Վանաձոր քաղաքի Չուխաջյան թիվ 30/41 հասցեի բնակարան։

Այնտեղ, տեսնելով տանը միայնակ գտնվող անչափահաս, տասնչորս տարին չլրացած, 1996 թվականին ծնված Մարիամ Ռոմյանին և տեղեկանալով, որ նրա մայր Անահիտ Ռոմյանը գնացել է անտառ և տևական ժամանակ չի վերադառնալու, ջուր խմելու պատրվակով մտել է հիշյալ բնակարան, ապա իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու շարժառիթով, բռնելով Մարիամ Ռոմյանի ձեռքերը, վերջինիս գցել է մահճակալին, պառկել նրա վրա, համբուրել դեմքը և մարմնի տարբեր մասերը՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել Մարիամ Ռոմյանի նկատմամբ, որի ընթացքում վերջինիս կողմից իր ձեռքը կծելուց և օգնություն կանչելուց հետո միայն հեռացել է»։

6. 2008 թվականի նոյեմբերի 5-ին հաստատված մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում, ի լրումն սույն որոշման 5-րդ կետում նշված փաստական հանգամանքների, նշվել է նաև հետևյալը. «Մարիամ Ռոմյանի կողմից Սուրեն Նալբանդյանի ձեռքը կծելուց հետո նրան հաջողվել է փախչել հյուրասենյակին կից նիշա, սակայն Սուրեն Նալբանդյանը, ցանկանալով շարունակել սեքսուալ բնույթի գործողությունները, գնացել է Մարիամ Ռոմյանի հետևից նիշա, նրան կրկին գցել է նիշայում գտնվող մահճակալին, իջեցրել իր անդրավարտիքի «ցեպը», հանել առնանդամը, ապա Մարիամ Ռոմյանին նստեցրել է իր վրա և փորձել հանել նրա անդրավարտիքը։ Մարիամ Ռոմյանի կողմից Սուրեն Նալբանդյանի դեմքը ճանկռելուց և դիմադրություն ցույց տալուց հետո, հաջողվել է փախչել միջանցք, բացել բնակարանի մուտքի դուռը, որից վախենալով՝ Սուրեն Նալբանդյանը հեռացել է բնակարանից»։ Սակայն մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում, ինչպես և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված փաստական հանգամանքները չեն ներառվել։

7. Նախաքննության և դատաքննության ընթացքում Ս.Նալբանդյանը պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվել է սույն որոշման 6-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների շուրջ (տե՛ս քրեական գործ հատոր 1-ին, էջեր 47-49, Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրությունը և ձայնագրառումը)։

8. 2009 թվականի հունիսի 22-ին՝ Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում, մեղադրող Մ.Խաչատրյանը որոշումներ է կայացրել Ս.Նալբանդյանին առաջադրված մեղադրանքի ծավալին լրացում կատարելու և Ս.Նալբանդյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնց համաձայն՝ նոր մեղադրանքի ծավալի մեջ ներառվել է Ս.Նալբանդյանին վերագրվող` սույն որոշման 6-րդ կետում շարադրված երկրորդ դրվագը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով։

Մեղադրողը, նկատի ունենալով, որ նշված հանգամանքը նախաքննության մարմնի կողմից չի նշվել մեղադրանքի ծավալում, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով՝ այդ որոշումները միջնորդությամբ ներկայացրել է դատարան։

Նույն դատական նիստում հիշյալ որոշումների պատճենները տրամադրվել են պաշտպանության կողմին, և դրանց ծանոթանալու նպատակով դատական նիստը հետաձգվել է։

9. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռի նկարագրական մասում` գործի դատավարական նախապատմության մեջ, ընդգրկել է ծավալն ընդլայնված նոր մեղադրանքը` միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով Ս.Նալբանդյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով։

10. Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ս.Նալբանդյանին մեղսագրված արարքի որակման առումով բերված մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը, մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ բացակայել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով նախատեսված պայմանները՝ ամբաստանյալին երկրորդ դրվագով մեղսագրվող արարքը հայտնի է եղել դեռևս նախաքննության ընթացքում և ի հայտ չի եկել դատաքննության ընթացքում, և ամբաստանյալ Ս.Նալբանդյանին մեղսագրված արարքը նկարագրել է միայն առաջին դրվագի սահմաններում` նշելով, որ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, գործի դատաքննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը։

Անդրադառնալով Ս.Նալբանդյանի արարքի որակման հարցին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ս.Նալբանդյանի արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական որակում։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով դատական ակտի կայացումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետևանքներ։

12. Բողոքում նշվել է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Նալբանդյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասից ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սխալ է վերաորակել, իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի կողմից տրված քրեաիրավական որակմանը, քանի որ մինչդատական վարույթում ձեռք բերված և դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս.Նալբանդյանի գործողությունները ոչ թե ուղղված են եղել անչափահաս Մ.Ռոմյանի սեռական բնազդը գրգռելուն, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելուն կամ այլ անառակաբարո նպատակներին, այլ եղել են տուժողի կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ, որի դիտավորությունն ուղղված է եղել սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալուն։

13. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը մեղադրողի կողմից Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով սահմանված կարգով 2009 թվականի հունիսի 22-ին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու մասին որոշում կայացնելը և Ս.Նալբանդյանին վերագրվող երկրորդ դրվագով նոր մեղադրանք առաջադրելը համարել է մեղադրանքի սահմաններից դուրս, անօրինական և անհիմն այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն անդրադարձել է նոր մեղադրանքին և գործի դատավարական նախապատմության մեջ ընդգրկել այն։ Նշված դրվագը ներառված է եղել նաև քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում, դատաքննության ընթացքում հետազոտվել և դատավճռով հաստատված հանգամանք է համարվել։

Համաձայն բողոքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասը հնարավորություն է տալիս դատարանում մեղադրանքը փոխել առանց լրացուցիչ քննչական գործողությունների կատարման՝ դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա։ Մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխությունը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրանքը փոխելու որոշում կայացնելու համար, եթե այդ հանգամանքների փոփոխությունը առաջացնում է հանցակազմի հատկանիշների փոփոխություն։ Դատական քննության ընթացքում փաստական հանգամանքների փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրանքը փոփոխելու մասին որոշում կայացնելու համար, եթե փաստական հանգամանքների փոփոխումը կապված է նաև միևնույն հանցագործության այլ փուլերի կամ դրվագների հետ։ Նշված հոդվածում «այլ հանցանք» հասկացությունը անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն քրեական օրենսգրքի հոդվածի կամ հոդվածի մասերի փոփոխություն, այլ ցանկացած փոփոխություն, որը հանգեցնում է հանցակազմի դիսպոզիցիայի բովանդակության փոփոխության։

14. Ըստ բողոք բերած անձի` անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ դատաքննության ընթացքում նոր մեղադրանք առաջադրելով` խախտվել է ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, քանի որ ինչպես մինչդատական քննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Ս.Նալբանդյանն իր պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվել է գործի հանգամանքների շուրջ, որում ներառված է եղել նաև իրեն մեղսագրվող երկրորդ դրվագը։

15. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 26-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանել և Ս.Նալբանդյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

16. Նախքան վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին անդրադառնալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիրքորոշում հայտնել սույն որոշման 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում բարձրացված հարցերի միջև առկա կապի վերաբերյալ։ Այսպես, բողոքում բարձրացված առաջին հարցը վերաբերում է ամբաստանյալ Ս.Նալբանդյանի արարքի քրեաիրավական որակման ընթացքում Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը)։ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ և երրորդ հարցերը համապատասխանաբար վերաբերում են նրանց, թե արդյո՞ք մեղադրողն իրավասու էր Ս.Նալբանդյանին առաջադրված մեղադրանքը դատարանում փոփոխել՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, և դատաքննության ընթացքում նոր մեղադրանքի առաջադրմամբ խախտվե՞լ է արդյոք Ս.Նալբանդյանի պաշտպանության իրավունքը (տե՛ս սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերը), այսինքն` փաստարկվում է դատավարական իրավունքի խախտման առկայությունը։

Բողոքաբերի կողմից վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի խախտումները փոխկապակցված են. նյութական իրավունքի ենթադրյալ խախտումը կարող է հետևանք լինել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության ժամանակ թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը։

 

I. Դատարանում մեղադրանքը փոխելը

 

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմաններն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասն արդյո՞ք պետք է մեկնաբանվի նույն հոդվածի 1-ին մասի համատեքստում։

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»։

Արթուր Սերոբյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը և թե՛ վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից։ Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»։ Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։ Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով, և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է։

Մինչդեռ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»։ Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող վերացական լինել։

Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում։ Մասնավորապես, Արտիկոյի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ։ Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (Artico v. Italy, 13.05.1980թ., կետ 33)։

Այսպիսով, դատարանը գտնում է, որ կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (…)» (տե՛ս Արթուր Սերոբյանի վերաբերյալ 2007 մարտի 30-ի ՎԲ-46/07 որոշումը)։

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է« որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման« քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ« որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում« և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու« ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն։ Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը»։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար։ (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը« այդ թվում նաև` խստացման առումով« եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են« որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք« քան այն« որը նրան մեղսագրվում է»։

20. Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփոխում քննչական գործողությունների կատարմամբ, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և փոփոխում առանց քննչական գործողություններ կատարելու, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ընդ որում, «ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ« որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում» պայմանը, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին մասում, ամրագրված կամ վկայակոչված չէ 3091-րդ հոդվածի 3-րդ մասում։ Ուստի օրենսդրի կամքն այն է, որ առանց քննչական գործողություններ կատարելու մեղադրանքի փոփոխությունը (3091-րդ հոդվածի 3-րդ մասի ռեժիմ) կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ դրա համար հիմք հանդիսացած հանգամանքները մինչդատական վարույթում հայտի են եղել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված երկու իրավական ռեժիմների համար ընդհանուր է այն, որ երկու դեպքում էլ պաշտպանության իրավունքի երաշխիքների ապահովումը պարտադիր է։

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմներով մեղադրանքը փոփոխելու համար հիմք է մեղադրանքի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխությունը, որի հետևանքով փոխվում է արարքի իրավաբանական որակումը կամ երբ նման փոփոխման դեպքում արարքի որակումը թեև մնում է նույնը, սակայն փոխվում է հանցակազմի հատկանիշների բովանդակությունը, օրինակ` փոփոխվում է միևնույն հանցակազմի դիսպոզիցիայում նկարագրված այլընտրանքային արարքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ միևնույն իրավաբանական որակման շրջանակներում մեղադրանքի մեջ ավելացվում կամ մեղադրանքի ծավալից հանվում են առանձին դրվագներ։ Նման դեպքերում, եթե հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր չէ դատաքննության ընթացքում նոր դրվագի վերաբերյալ կատարել քննություն, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, պետք է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նպատակով միջնորդի հետաձգել գործի դատական քննությունը։ Մինչդեռ այն դեպքում, երբ հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր է դատաքննության շրջանակում նոր դրվագի վերաբերյալ քննություն կատարել, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով, պետք է որոշում կայացնի առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին։

22. Հիմք ընդունելով սույն որոշման 18-21-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմաններն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասը չի մեկնաբանվում նույն հոդվածի 1-ին մասի համատեքստում։

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մեղադրական եզրակացությունը բաղկացած է նկարագրական-պատճառաբանական մասերից»։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նկարագրական-պատճառաբանական մասում քննիչը շարադրում է հանցագործության հանգամանքները, մեղադրյալին, ինչպես նաև տուժողին բնութագրող հանգամանքները, մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն նրա բերվող փաստարկները և այդ փաստարկների ստուգման արդյունքում հավաքված ապացույցները։ (…)»։

Հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի մասին տեղեկությունները և առաջադրված մեղադրանքի ձևակերպումը՝ նշելով տվյալ հանցագործությունը նախատեսող քրեական օրենքի նորմերը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…) դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները։ (…)»։

24. Վերոշարադրյալ դրույթների վերլուծությունից երևում է, որ մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նաև հիմնավորվում են քննիչի ենթադրությունները՝ մեղադրյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին։ Մեղադրական եզրակացության կարևորության մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները։ Մեղադրական եզրակացության նշանակությունն արտահայտվում է նաև նրանում, որ այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակներում։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան։ Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը, որը մեղադրողին իրավունք է տալիս փոխել մեղադրանքը, ընդհանրապես չի սահմանում, թե նշված մասի հիմքով մեղադրանքը փոխելու դեպքում մեղադրողի կողմից ինչ դատավարական որոշում պետք է կայացվի։

25. Հիմնվելով նախորդ կետում առկա դատողությունների վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով սահմանված իրավական ռեժիմներով դատարանում մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից պետք է կայացվի ինչպես մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու մասին որոշում, այնպես էլ կազմվի նոր մեղադրական եզրակացություն։

26. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, որոշում է կայացրել Ս.Նալբանդյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին և այդ որոշումները միջնորդությամբ ներկայացրել է դատարան։ Վերոնշյալ որոշումներով նոր մեղադրանքի ծավալի մեջ ներառվել է Ս.Նալբանդյանին վերագրվող` սույն որոշման 6-րդ կետում նշված երկրորդ դրվագը, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով։

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում ընդգրկել է ծավալն ընդլայնված նոր մեղադրանքը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)։

Հիմք ընդունելով սույն որոշման 20-21-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողը գործել է դատարանում մեղադրանքի փոփոխման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական ռեժիմի շրջանակներում։

Այս պայմաններում առաջին ատյանի դատարանն իր կողմից կայացված դատավճռում իրավամբ ընդգրկել է Ս.Նալբանդյանին վերագրվող հանցագործության երկրորդ դրվագը, այն է՝ Մ.Ռոմյանին հետևելը, բնակարանի նիշա գնալը, նրան մահճակալին պառկեցնելը, իր առնանդամը հանելն ու տուժողի անդրավարտիքը հանելու փորձ կատարելը։ Ուստի, հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա հետևությունն այն մասին, որ բացակայել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանները՝ ամբաստանյալին երկրորդ դրվագով մեղսագրվող արարքը հայտնի է եղել դեռևս նախաքննության ընթացքում և ի հայտ չի եկել դատաքննության ընթացքում (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)։

27. Հիմք ընդունելով վերոշարադրյալ հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով մեղադրողն իրավասու էր Ս.Նալբանդյանին առաջադրված մեղադրանքը դատարանում փոփոխել՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով։

 

II. Մեղադրյալի պաշտպանության իրավունքի խախտումը

 

28. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է. դատաքննության ընթացքում նոր մեղադրանքի առաջադրմամբ խախտվե՞լ է արդյոք Ս.Նալբանդյանի պաշտպանության իրավունքը։

29. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն oրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք»։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին և նրա պաշտպանին` անկախ միջնորդությունից»։

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործով իրականացված նախաքննության և դատաքննության ընթացքում Ս.Նալբանդյանն իր պաշտպանի մասնակցությամբ բազմիցս հարցաքննվել է 2008 թվականի նոյեմբերի 5-ին հաստատված մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում նշված՝ Ս.Նալբանդյանին մեղսագրված արարքի երկրորդ դրվագի վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանում գործի դատաքննության ընթացքում, մեղադրողի կողմից ներկայացված` Ս.Նալբանդյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների պատճենները, որտեղ ներառվել է Ս.Նալբանդյանին վերագրվող` սույն որոշման 6-րդ կետում նշված երկրորդ դրվագը, Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված պահանջը, տրամադրել է պաշտպանական կողմին` նոր մեղադրանքին ծանոթանալու համար սահմանելով անհրաժեշտ և ողջամիտ ժամկետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը)։

30. Ուստի հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի դատաքննության ընթացքում նոր մեղադրանքի առաջադրմամբ չի խախտվել Ս.Նալբանդյանի պաշտպանության իրավունքը, քանի որ մեղադրանքը փոփոխելու մասին մեղադրողի որոշումների պատճենները հանձնվել են պաշտպանության կողմին, դրանց ծանոթանալու և պաշտպանությունն իրականացնելու համար տրվել է անհրաժեշտ հնարավորություն, բացի այդ, գործի քննության ամբողջ ընթացքում Ս.Նալբանդյանն իր պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվել է գործի հանգամանքների շուրջ, որում ներառված է եղել նաև նրան մեղսագրվող երկրորդ դրվագը։

31. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, ինչի արդյունքում թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում։ Այդ խախտումն իր բնույթով էական է և կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (…) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։ Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

32. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված` նյութական իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկները. դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո։

33. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Սուրեն Կարոյի Նալբանդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունիսի 26-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ 

Ե. Դանիելյան

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան