Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2022
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.02.2022
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 19-Ա

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՄԱՄԲ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2022 թվականի փետրվարի 18-ի նիստում քննարկեց Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը:

Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրեց հետևյալը.

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով՝ 2022 թվականի փետրվարի 12-ին լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Հեռարձակող) նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը:

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ Հեռարձակողի կողմից 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողն ավելի քան 24 ժամ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակումը:

Հանձնաժողովը ղեկավարվելով Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ՝ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 17-Ա որոշումը՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:

2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն Հեռարձակողին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն սույն թվականի փետրվարի 13-ից:

Հեռարձակողը 2022 թվականի փետրվարի 16-ին Հանձնաժողով ներկայացված գրությամբ խնդրել է վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ» թիվ 17-Ա որոշումը և նշել, որ պատրաստ են որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, շարունակել լսողական հաղորդումների հեռարձակումը:

Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ Հեռարձակողի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվել է հինգ օր ժամկետով և կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է հինգ օր ժամկետով, հետևաբար, «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից՝ 2022 թվականի փետրվարի 18-ից և ինչպես նաև փաստում ենք, որ Հեռարձակողը իր լսողական հաղորդումների հեռարձակումը վերսկսել է սույն թվականի փետրվարի 18-ին ժամը 00:00-ին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հեռարձակողի 2022 թվականի փետրվարի 16-ի գրությունը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

 

1. Վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվանից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ՝

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

   

2022 թ. փետրվարի 18

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2022 թվական: