Գլխավոր տեղեկություն
Համար
N 169-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2022-07.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 19.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 169-Լ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

3. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 169-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն խնդիրներից է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովությունը։

2. Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, որի ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար։

3. Ներկա փուլում առաջարկվում է իրականացնել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)։

 

II. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

4. Ծրագրի իմաստով շահառուն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց), որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։ Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի՝ առնվազն մեկ անդամի վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու հետ։

5. Ծրագրի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները։ Սույն կետով սահմանված ընտանիքի անդամները ծրագրի շրջանակներում կարող են հանդիսանալ ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր շահառու ընտանիքների անդամներ։ Սակայն ընտանիքի միևնույն անդամը կարող է հանդիսանալ միայն մեկ շահառու ընտանիքի անդամ։

6. Աջակցությունը տրամադրվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.

2) Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։

7. Ընտանիքը (ընտանիքի անդամը), որպես շահառու, ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։

8. Շահառուն իրավունք ունի օգտվել ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից) օգտվելու հանգամանքից։

9. Շահառուն իրավունք չունի օգտվել ծրագրից, եթե հանդիսանում է Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 705-Ն որոշումից բխող միջոցառումների շահառու։

10. Երևան քաղաքում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ունեցել են Երևան քաղաքի հաշվառում։

11. ՀՀ մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելը հաշվառված են եղել Հայաստանի Հանրապետությունում։

12. Սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերով սահմանված դեպքերից բացի, մնացած բոլոր դեպքերում աջակցությունը տրամադրվում է բացառապես Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով։

13. Ծրագրի շրջանակներում դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։

14. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար։

15. Ծրագրի հիմնական պայմաններն են՝

1) կատարվող կանխավճարի նվազագույն չափը (բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին) կազմում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն՝

ա. 10 տոկոսը, եթե աջակցությունը տրամադրվում է Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար,

բ. 5 տոկոսը, եթե աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար,

գ. 1 տոկոսը, եթե աջակցությունը տրամադրվում է Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար.

2) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.

3) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.

4) ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր անդամների (բացառությամբ երեխաների և այն համավարկառուների, որոնք չեն հանդիսանում ընտանիքի անդամ) անունով.

5) շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի.

6) հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

7) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց (բացառությամբ ընտանիքի անդամների) անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

8) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գրավ դրված բնակելի անշարժ գույքն այլ գրավի առարկա դարձնելու (հաջորդող գրավ) դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ (բացառությամբ տվյալ հիփոթեքային վարկի շրջանակներում ձեռք բերված բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով հաջորդող գրավի ձևակերպման դեպքերի), այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

9) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում սույն հավելվածի 4-րդ կետում նշված ընտանիքի անդամ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

10) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (եթե ժամանակացույցով նախատեսված ամսական վճարները գերազանցում են սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված սահմանաչափերը) 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

11) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի դեպքում, վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն չներկայացնելու դեպքում, դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը.

12) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով.

13) ծրագրի մեկնարկի օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը կամ հողատարածքը չի հանդիսացել շահառու ընտանիքի որևէ անդամի սեփականությունը, այդ թվում՝ չի պատկանել բաժնային սեփականությամբ։

16. Աջակցության չափը կազմում է՝

1) Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 97 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%, հանրագումարային մինչև 3.648 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 54 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 131 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10%, հանրագումարային մինչև 5.850 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 84 հազ. դրամ.

3) Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազ. դրամ։

 

III. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

17. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։

18. Նախարարությունը վեցամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ։

 

IV. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

19. Ծրագրի հիմնական ռիսկերն են՝

1) ծրագրի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն՝ պայմանավորված ծրագրի բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ).

2) ծրագրի ցածր պահանջարկ (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն ծրագրի հիմնական պայմաններում).

3) ֆորս մաժորային իրավիճակներ (երկրաշարժ, հրդեհ և այլն)։

20. Ծրագրի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

21. Ծրագրի շրջանակներում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված 3,230 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 3.4 մլրդ դրամ։

22. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ֆինանսական միջոցների ավելացման (պակասեցման) հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում բնակվող ընտանիքներին՝ իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար։

24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 3,230 շահառուի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ